ԹՈՄԱՍ ՎՈՒԼՖ ԵՎ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Վուլֆ-Մաթևոսյան զուգահեռի առիթը Վուլֆի «Երկրի ոստայնը» վիպակի վերընթերցումն է: Վուլֆի այս երկի և Մաթևոսյանի «Ծառերը» վիպակի առնչության միտքը ծնվում է անմիջապես: Կառուցվածքային որոշակի նմանությունը, երկու վիպակի հերոսուհիների մենախոսությունը, նրանց անցած կյանքի վերհուշը և ընդհանուր ոգին կարող են այն տպավորությունն ստեղծել, թե Մաթևոսյանն անվերապահորեն ազդվել է Վուլֆից այն պարզ պատճառով, որ հակառակը լինել չէր կարող: Այնուամենայնիվ, երևույթը բացատրություն է պահանջում, որովհետև ազդեցությունները ևս պատահական չեն լինում, ենթակա են որոշակի օրինաչափության: Ուրեմն` ի՞նչը կարող էր հրապուրել Մաթևոսյանին, և արդյո՞ք պետք է անվերապահորեն ընդունել ազդեցության փաստը, ծանո՞թ էր Մաթևոսյանը Վուլֆի ստեղծագործությանը, կա՞ն արդյոք գեղագիտական սկզբունքների ընդհանրություններ այս գրողների միջև:
Սկսենք այն բանից, որ Թոմաս Վուլֆի «Երկրի ոստայնը» վիպակի ռուսերեն թարգմանությունը ,, Иностранная литература,, ամսագրում լույս է տեսել 1971 թ, (որպես կանոն` ամսագիրը առաջին հրապարակումներ էր անում, ինչը ենթադրում է, որ քիչ հավանական է նախորդ այլ թարգմանության գոյությունը), Մաթևոսյանի «Ծառերը»` 1975-ին, այսինքն` իրականում Մաթևոսյանը կարող էր կրել Վուլֆի ազդեցությունը: «Երկրի ոստայնը» վիպակի հայերեն թարգմանությունը, որ կատարել է Ալվարդ Ջիվանյանը 1987-88 թթ., հաջորդել է «Ծառերին» և չէր կարող որևէ դեր կատարել ազդեցության հարցում: Ոչ մի կասկած այն բանում, որ «Ծառերը» գրելիս Վուլֆ երևույթը ծանոթ էր Մաթևոսյանին ոչ միայն իր ստեղծագործությամբ, այլև գրողական ճակատագրով: Այդ է հուշում Մաթևոսյանի հարցազրույցներից մեկից արված հետևյալ քաղվածքը. «Կար, ահա, Թոմաս Վուլֆը և կար Մաքսվել Պերկինսը: Վուլֆի ձեռագրերից վեպ է զատել, վիպակ ու պատմվածք է առանձնացրել: Վուլֆ լինենք և ակնկալենք մեր Պերկինսին»:1 Մաթևոսյանն այս միտքն արտահայտում է գրողի ստեղծագործությանը օտար աչքերով նայելու անհրաժեշտությունը շեշտելու համար:
Այսուհանդերձ, «Ծառերը» և «Երկրի ոստայնը» վիպակների նմանությունը սպառիչ պատասխան չի տալիս ազդեցության հարցին: Երկու վիպակներում էլ մայրերը զրուցում են որդիների հետ, կարելի է ենթադրել, որ երկխոսություն է տեղի ունենում, բայց եթե «Երկրի ոստայնը» վիպակում որդին, թեկուզ հազվադեպ, ընդհատում է մոր մենախոսությունը և իր հարցերով խթանում է գործողության զարգացմանը, ավելի ճիշտ` մոր խոսքը առաջ տանելուն, ապա «Ծառերը» վիպակում երկխոսությունները բացառապես մոր խոսքի, նրա մենախոսության մեջ են: Բայց էականն այն է, որ երկու դեպքում էլ մայրն է խոսում որդու հետ: Երկու վիպակներում էլ մայրերը հիշողություններին են տրվում, գործողությունները հետահայաց բնույթ ունեն, կատարվել են անցյալում: Երկու վիպակների մայրերն էլ իրենց փորձից արված հետևություններն իբրև խրատ հաղորդում են որդիներին: Թերևս այսքանով էլ ավարտվում են նմանությունները:
Բուն գաղափարական հարցադրումների իմաստով տարբեր են վիպակները: «Երկրի ոստայնը» վիպակի հերոսուհի Էլայզան հիշում է անցած կյանքի տարբեր դրվագներ, որոնք մի գաղափարի շուրջ չեն կենտրոնանում և ընդհանուր պատկերացում են տալիս ամերիկյան բարքերի մասին: «Ծառերը» վիպակի հերոսուհու ամբողջ մենախոսությունը կենտրոնացած է մի որոշակի գաղափարի` առնական ուժի, վրիժառու կամքի, կյանքի հանգամանքներին համապատասխան ճկուն վարքագիծ ունենալու շուրջ:
«Ծառերի» մայրը հստակ դիրքորոշում ունի կյանքի նկատմամբ, նա մերժում է չեզոք կեցվածքը, թուլությունը, խեղճությունը, անտարբերությունը: Նման հատկանիշներ ունեցող մարդկանց մասին ասում է. «Ծառերի պես կան, ոտի վրա փտում են: Աշխարհի ոչ չարն են հասկանում, ոչ բարին - ծառի, թփի, ինչ ասեմ, լծկանի, ի՞նչ ասեմ, խոտի պես կան, չարուբարու ցավը իրենցը չի, ում լուծն էլ լինի` լծկանն իրենք են, այո, ով հացվոր` իրենք հաց, ով լծող` իրենք լծկան, ով կացնավոր` իրենք ծառ»: Այս կրավորական կեցվածքին հերոսուհին հակադրում է Իշխանի «զրնգուն ու քինոտ արյունը», որ ի դժբախտություն իրեն` չի ժառանգել որդին:
Վուլֆի Էլայզան ավելի պակաս կիրք է դնում խոսքի մեջ, նրա ցանկություններն ավելի խաղաղ բնույթ ունեն. «Քեզ լավ նայիր, զավակս, լավ սնվիր… Ի՞նչ գործ ունեիր էստեղ` մեզնից հեռու, օտար մարդկանց մեջ… Ի՞նչ ունեիր էստեղ, տղա՛ս, հեռու, մենակ, տուն դարձիր, զավակս»2:
«Երկրի ոստայնը» և «Ծառերը» վիպակների միջև առկա նմանությունները կարող էին աներկբա դարձնել ազդեցության գաղափարը, եթե չլիներ մի խանգարող հանգամանք: Բանն այն է, որ «Ծառերը» ծագումնաբանորեն սերում է «Աշնան արև» վիպակից, նույնն են հերոսները` Իշխանը, Ավետիք պապն իր ընտանիքով, Մանուշակ հորաքույրն իրենց ընտանեկան պատմություններով, միայն Աղունի անունը չի հիշվում, որովհետև խոսողը նա է, նրան ոչ ոք չի դիմում: Գաղափարական և հերոսների առումով սկիզբ առնելով «Աշնան արևից»` միայն կառուցվածքի իմաստով է «Ծառերը» նմանվում «Երկրի ոստայնը» վիպակին: Ուրեմն` զուգահեռը պետք է թեքվի ուրիշ հարթություն: Այս պարագայում պետք է բացառել Վուլֆի ազդեցությունը, որովհետև «Աշնան արև» վիպակը լույս է տեսել 1966-ին, «Երկրի ոստայնը» ռուսերեն` 1971-ին: Ի լրումն սրա` մենք փաստեր չունենք, որ Մաթևոսյանը Վուլֆին կարդացել է անգլերեն: Ուրեմն` մեզ տրամաբանական է թվում զուգահեռները «Աշնան արևի» հետ:
Արտաքուստ թվում է, որ Վուլֆ և Մաթևոսյան անուններն անհամատեղելի են ամեն ինչով: Վուլֆն ապրել է 20-րդ դարի առաջին կեսի Ամերիկայում, իր ստեղծագործական ուղին սկսել է Առաջին աշխարհամարտից հետո: Մաթևոսյանն ապրել է 20-րդ դարի երկրորդ կեսի Հայաստանում, իր գրական կյանքն սկսել Երկրորդ աշխարհամարտից շուրջ երկու տասնամյակ անց, և երկու գրողների երկրային կյանքն այս մոլորակի վրա համընկել է ընդամենը երեք տարի, որովհետև Մաթևոսյանը ծնվել է 1935-ին, իսկ Վուլֆն իր մահկանացուն կնքել է 1938-ին:
Վուլֆի ստեղծագործական կյանքը համընկավ պատերազմի հետևանքով ձևավորված «կորած սերնդի» հիասթափության, դեպրեսիայի ու որոնումների հետ, Մաթևոսյանի մուտքը գրականություն եղավ խրուշչովյան ձնհալի տարիներին, համեմատական ազատության շրջանում:
Պատմական ու հասարակական, քաղաքական իմաստով ոչ միայն տարբեր, այլև, կարելի է ասել, հակադիր ժամանակներում ու միջավայրում ապրած գրողների համար, այսուհանդերձ, գուցե նվազ կարևոր, բայց թերևս նաև ոչ անտեսման ենթակա մի ընդհանրություն կա: Երկու գրողներն էլ իրենց ստեղծագործական կյանքն սկսել են պատմության շրջադարձային փուլերին հաջորդող ժամանակաշրջանում: Գրականությունների պատմությունների ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ պատմության վճռորոշ դեպքերը կարևոր ազդեցություն են ունենում արվեստի և գրականության հետագա ընթացքի վրա: Ըստ այս օրինաչափության` թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ աշխարհամարտերից հետո բեկվեց մեզ հետաքրքրող գրականությունների զարգացման ընթացքը, և երկու գրողներն էլ իրենց գործունեությունն սկսեցին շրջադարձային փուլում:
Թե՛ Թ. Վուլֆի, թե՛ Հր Մաթևոսյանի գրականությունն ունի ինքնակենսագրական հիմք, պարզապես ինքնակենսագրականություն: Վուլֆի պարագայում դա ավելի ակնհայտ է: Մաքսվել Պերկինսը` Վուլֆի խմբագիրը, հիշում է, որ ինքը սարսափով նկատել է, որ գրողի առաջին վեպը նրա մանկության մասին է, իսկ վեպի բոլոր հերոսները նրա հարազատներն են: Խմբագրի անհանգստությանը Վուլֆը պատասխանում է. «Ինձ թվում է, միստր Պերկինս, դուք ինձ բոլորովին չեք հասկանում: Ես մտածում եմ, որ նրանք բոլորը հոյակապ մարդիկ են, նրանց մասին չի կարելի չգրել»:3 Այստեղ Վուլֆը չի առարկում ինքնակենսագրականության դեմ և իր վեպը համեմատում է «Դավիթ Կոպպերֆիլդ», «Պատերազմ և խաղաղություն» վեպերի հետ (խոսքը վերաբերում է «Նայիր տանը քո, հրեշտակ» վեպին): Սակայն մի այլ դեպքում նա հանդիմանում է քննադատներին` ինքնակենսագրության բնորոշման համար և այդ հատկանիշը համարում է իր թույլ տեղը ու փորձում է հրաժարվել դրանից: Առաջին գրքի մասին նա ասում է. «Այն այնպիսի գրքերից է, որ ընդունված է անվանել ինքնակենսագրական վեպ, թեև ես երբեք այդ բնորոշումը չեմ համարել հիմնական թեկուզ այն պարզ պատճառով, որ իմ կարծիքով ինքնակենսագրություն է պարունակում իր մեջ յուրաքանչյուր վեպ, ցանկացած գեղարվեստական ստեղծագործություն, ով էլ որ այն գրած լինի» (Նույն տեղում, էջ 106): Այս միտքը ստիպեց նրան, այնուամենայնիվ, հրաժարվել ինքնակենսագրությունից: Ի դեպ, քննադատները նրան մեղադրում էին, որ բացի իրենից նա ուրիշ բանի մասին չի կարող գրել: «Ժամանակի և գետի մասին» վեպում նախկին գործերում նա սեփական անձը մարմնավորող Յուջին Գանտի կերպարը փոխարինեց Ջորջ Ուեբեկի կերպարով, որն աստիճանաբար վերածվեց դարձյալ Յուջին Գանտի: Հետաքրքրական մի դիտարկում ևս. Պերկինսը նկատում է, որ հենց Վուլֆը ձգտում էր ստեղծել, այսպես կոչված, օբյեկտիվ գրականություն և հրաժարվել անձական կյանքի քնարական վերհուշից, նրա ստեղծագործությունը թուլանում էր: Պերկինսը նկատում է նաև, որ այն, ինչ Վուլֆը լսում էր, բայց անձնապես չէր ապրել, գրականության մեջ մարմնավորելիս անհամեմատ թույլ էր ստացվում:
Վերադառնալով Հրանտ Մաթևոսյանին` նկատենք, որ մաքուր ժանրային չափանիշներով նրա երկերը չի կարելի համարել ինքնակենսագրական, և թերևս դա էր հիմք տալիս նրան ասելու. «…իմ գործերն այնքան էլ իմ մասին չեն: Միշտ ջանացել եմ մարմնավորել ուրիշի միջոցով: Ինձանից որոշ բաներ, իհարկե, կան, բայց երբեք բնորդն ու նկարը իրար չեն կրկնել: Այդպես էլ իմ ծրագրերի մեջ ես չկամ, իմ ինքնանկարը չկա, չի կարող լինել» («Ես ես եմ», էջ 345): Մեզ թույլ ենք տալիս առնվազն վիճելի համարել գրողի այս պնդումը: Նախ` ինքնակենսագրությունը չպետք է հասկանալ կաղապարված մի ձևով, երբ գրողն ու հերոսը նույնանում են, և գրողը պատմում է առաջին դեմքով: Գուցե դա ամենատարածված, բայց ամենապարզ ձևն է: Կան հազար ու մի պայմանականություններ, որոնցից կարող է օգտվել ինքնակենսագրական երկի հեղինակը: Վուլֆը ևս իր վեպերում իրական անունով չի հանդես գալիս. մի դեպքում նա Յուջին Գանտ է, մի այլ դեպքում` Ջորջ Ուեբեկ, բայց դա չի խանգարում, որ նրա վեպերը համարվեն ինքնակենսագրական: Եվ որքան էլ Մաթևոսյանը հրաժարվի ինքնակենսագրականությունից, ընթերցողը «Սկիզբը» և «Կայարան» պատմվածքներում, «Կենդանին և մեռյալը» վիպակում ճանաչում է հեղինակի ինքնությունը, «Աշնան արև» վիպակում Աղունի ու Սիմոնի կերպարներում հայտնագործում է գրողի ծնողների հատկանիշները, որոնց մասին նա բազմիցս պատմել է, և որոնք ընթերցողին այդ պատմածներից ծանոթ լինելով` զուգահեռների բավարար հիմք են տալիս:
Միանգամայն այլ բան է, որ երկու գրողների դեպքում էլ գործ ունենք ոչ թե նեղ փաստագրության (ինչի մեջ մեղադրվելուց վախենում են գրողները), այլ գեղարվեստական լայն ընդհանրացումների հետ, երբ գրողները վավերական անհատին դնում են անձնական ու հասարակական բարդ կապերի մեջ, նրա միջոցով երևան հանում կյանքի թաքնված ճշմարտությունները, տեսանելի, առավել ևս` անտեսանելի կողմերը:
Վերը նշված հարցի հետ անմիջականորեն առնչվում է վավերական նախատիպերի հարցը: Վուլֆի հերոսներն իրական մարդիկ էին, որոնց նախատիպերը ճանաչելի էին իր հայրենակիցների համար: Վուլֆը խոստովանում է, որ երբ ինքը հրատարակեց իր առաջին գիրքը` «Նայի՛ր տանը քո, հրեշտակ» վեպը, ապա հայրենակիցները, ճանաչելով իրենց, ունեցան շատ ագրեսիվ վերաբերմունք: «Դա հարուցեց անհավանական գրգռվածություն,- հիշում է գրողը,- ինձ և իմ գիրքը ծածկեցին անեծքներով մասնավոր խոսակցություններում և հրապարակայնորեն, քարոզներում, բարձրագոչ ճառերում, տեղական մամուլում, ես ստանում էի ստորագրված և անանուն նամակներ`սպառնալիքներով, որ ինձ կթավալեն կուպրի և բմբուլների մեջ, Լինչի դատաստանի կենթարկեն կամ ինձ հետ հաշվեհարդար կտեսնեն ինչ-որ բռնի եղանակով»4: Անհրաժեշտ եղավ առնվազն յոթ տարի, որ գրողը կարողանա անվտանգ ծննդավայր գնալ: Իսկ հետո իրավիճակը փոխվում է: Երբ բավական ժամանակ անց նա գնում է ծննդավայր, հայրենակիցներն ավելի բարյացակամ են ընդունում. «Մենք ձեզ համար ուրախ ենք, դուք, ստացվում է, վերադարձել եք: …շատերը գրքի վրա սարսափելի զայրացել էին… ոչ ոք արդեն չի էլ հիշում, իսկ չարանում են միայն նրանք, որոնց մասին գրքում ոչինչ չկա, մտածում են` դիտմամբ է ինձ մոռացել»: Այս խոստովանությունն անում է «Դեպի տուն վերադարձ չկա» վեպի հերոս Ուեբեկը, որը, ինչպես արդեն ասել ենք, մարմնավորում է Վուլֆին:
Ոչ թերևս նման ուժգնությամբ, բայց Մաթևոսյանից ևս նեղացան համագյուղացիները: Հարցազրույց վարողի այն հարցին, թե ինչպես են հայրենակիցներն ընդունել իրենց մասին գրողի գրածները, Մաթևոսյանը պատասխանում է. «Էդ հարցը 25 տարի առաջ էիր տալու` պատասխանեի… Հա, էդ ինչպե՞ս եղավ, որ երեկվա իրենց մեջ ապրող մի տղա իրենց մեջ չոբան չի, մաճկալ չի, դարբին չի, այլ գնացել Երևան քաղաքում իր համար գիր է անում և դեռ իրենց էլ չի հավանում: … Էն ժամանակ «Մենք ենք, մեր սարերը» բավականին թշնամանքով էին ընդունել: «Ահնիձորն» էլ, որ իրենց մասին ու իրենց համար էր: Ֆիլմը տեսնելուց հետո վերաբերմունքը ջերմացավ»: Մյուս ստեղծագործությունները ևս նման ճակատագրի են արժանացել: Այն հարցին, թե իր գիրքը գյուղում կարդու՞մ են, Մաթևոսյանը պատասխանում է. «Կարդում են, նույնիսկ պատմում են մեկմեկու: Պատահում է` նեղանում են: «Տերը» վիպակից հետո երկար ժամանակ ինձնից նեղացած էին, իրենց ուղղված ակնարկ էին տեսել այնտեղ, ուր ես չէի էլ կասկածել, ուրիշները հիշել էին գաղտնի պատմությունները, որոնց մասին ես միայն կռահել էի ու ակնարկել վիպակում: Անվտանգ տեքստը հանկարծ լույս աշխարհ էր «հանել» գաղտնի փոքր ու մեծ մեղքեր, որոնց մասին մինչ այդ ոչ ոք չգիտեր» («Ես ես եմ», 288): Վավերական նախատիպերի արձագանքը հասնում է գրողին. «Ինչ որ գրել եմ` իմ աշխարհի, իմ ճանաչած մարդկանց մասին է, երբեմն անունները փոխում եմ (նեղանում են), մեկ-մեկ էլ չեմ փոխում, հիմա էլ ջոկ են նեղանում» (նույն տեղում, էջ 370):
Եվ այնուամենայնիվ, հարց է առաջանում, ինչու՞ գրողները ճանաչելի են թողնում նախատիպերին, չեն հեռանում վավերականությունից: Հիշենք Վուլֆի խոսքերը` ախր նրանք հոյակապ մարդիկ են, որոնց մասին չի կարելի չգրել: Մաթևոսյանի պատասխանը նման է, թերևս ոչ նույնը. «Ինձ համար յուրաքանչյուր իրական մարդ ավելի թանկ է, քան բոլոր տեսակի վերացարկումները, որովհետև վերացարկումներից են գոյանում գումարտակները, այսքան մարդ է զոհվել: Յուրաքանչյուր իրական մարդ դարերի աշխատանք է, հազար տարվա գոյացություն, ծմակուտցի ցանկացած մարդու մեջ շեքսպիրյան ողբերգություն կա, շիլլերյան ճախրանք, տոլստոյական մաքրություն, էլ ինչու՞ պիտի մարդ հորինեմ, կյանք հորինեմ: Ես իմ երկրի լուսանկարիչն եմ, վավերագրողն եմ, և ինձ լիովին բավարարում է եղած կյանքը» («Ես ես եմ», էջ 371):
Կա ստեղծագործական մի հատկանիշ ևս, որ մոտեցնում է Մաթևոսյանին Վուլֆի ստեղծագործությանը: Երկու գրողներն էլ ունեն ստեղծագործական մի անտրոհելի աշխարհ: Վուլֆի համար դա Տունն է մեծատառով, Մաթևոսյանի համար Ծմակուտը: Տունը Վուլֆի համար ոչ միայն և ոչ թե իր ծննդավայր Էշվիլ գյուղաքաղաքն է, այլ` ամբողջ Ամերիկան, որի տուն լինելու գաղափարն առավել սաստկանում է Ամերիկայից բացակայելու դեպքում: Զուգահեռը Մաթևոսյանի մոտ Ահնիձորից աբստրահված Ծմակուտի գեղարվեստական միջավայրն է, որի բնակիչները Մաթևոսյանի կամքով աստիճանաբար ավելանում են` երևան հանելով խնամիական, դրացիական ու բարեկամական նորանոր կապեր ու պարզապես մարդկային ավելի խոր ու բարդ հարաբերություններ: Մաթևոսյանը գրում է. «Ես ուզում եմ կրկնել իմ փորձը գրականության մեջ` հիմնել իմ գյուղը, և վստահ եմ, որ հաջողելու եմ: Երբ ես եկա` Ահնիձորը կար, Ծմակուտը չկար: Ծմակուտն իրական Ահնիձորի և իմ սիրո միությունն է: Ծմակուտը լինելիության մեջ է, քանի ես կամ` Ծմակուտը փոփոխվելու, մեծանալու, բազմամարդ է դառնալու: Ծմակուտը իմ սերն է, իմ վերաբերմունքը, իմ տագնապը մարդու համար: Ծմակուտը ես եմ» («Ես ես եմ», էջ 271):
Առանձնահատուկ է երկու գրողների ժառանգական կապը իրենց մայրերի հետ: Երկուսի մոտ էլ ակնհայտ է մայրական գեների ժառանգական փոխանցումը, կապվածությունը մոր հետ, մայրական հատկանիշների գնահատությունը: Ուշադրության արժանի է թե՛ Վուլֆի, թե՛ Մաթևոսյանի մայրերի երկակի ու հակասական վերաբերմունքը գրողական արվեստի նկատմամբ: «Աշնան արև» վիպակում Աղունը մեկ հպարտությամբ նշում է, որ իր Արմենակ որդին լավ արեց, որ «գրողական ջիղը զարգացրեց», որ նա Ժուռնալիստների միության անդամ է, իսկ այդ միությունը մեկն է Հայաստանում, մի ուրիշ դեպքում ափսոսանք է հայտնում, թե ինչու զավակը չգնաց անասնաբուժական, կգար գյուղում կարգին պաշտոն կստանար: Հետաքրքրական է, որ Վուլֆի մայրն էլ առանձնապես բարձր կարծիքի չէր որդու գործի մասին և իսկի դա գործ էլ չէր համարում: Միսիս Վուլֆը գտնում էր, որ եթե ուրիշները պիտի աշխատեն վերնաշապիկ գնելու համար, ապա Թոմի բախտը բերել է, նա վերնաշապիկով է ծնվել: Նրա համար շատ զարմանալի էր, որ Թոմն իրեն համարում է աշխատավոր և անգամ այդ աշխատանքը ֆիզիկական բնույթ ունի, մարդը գիշեր-ցերեկ տանջվում է, գրում ու ջնջում է: Ութսունին մոտ հասակում ևս լինելով աշխույժ ու գործունյա, որ քչերին է բնորոշ, Վուլֆի մայրը նաև շատ գործնական էր ու նպատակասլաց և նրան թվում էր, թե գրելը աճպարարության նման մի բան է, գրողները զոռ են տալիս երևակայությանը, և քանի դեռ դրա համար վճարում են, ուրեմն անհրաժեշտ է որքան հնարավոր է` շատ փող աշխատել: Խնդիրն այստեղ ամենևին էլ այն չէր, որ Վուլֆը համաձայն չէր (բնականաբար) մոր հետ, այլև ավելի շատ այն, որ նա, թեկուզ հումորով, թեկուզ չհամաձայնելով մոր հետ, այնուամենայնիվ, անհրաժեշտ էր համարում հրապարակել նրա կարծիքը, որը հեշտությամբ կարող էր շրջանցել:
Ավելի հետաքրքրականը Վուլֆի ընկերոջ` Ջոն Թերիի տպավորություններն են Վուլֆի մոր, ինչպես նաև մոր ու որդու հարաբերությունների, նրանց նմանությունների և տարբերությունների մասին: Մասնավորապես մոր մասին հուշագիրը նկատում է, որ նա այնքան ինքնավստահ էր, որ նրան որևէ բանում օգնել պարզապես անհնար էր: Թերին տիկին Վուլֆի մտածողությանը բնորոշ մի օրինակ է բերում: Տիկինը գտնում էր, որ փետրվար ամսին երեք նշանավոր ամերիկացիներ են ծնվել` 12-ին` Աբրահամ Լինկոլնը, 16-ին` ինքը` Ջուլիա Վուլֆը և 22-ին` Ջորջ Վաշինգտոնը: Ի տարբերություն որդու, որ առավելապես գնահատում էր հոգևոր արժեքները, մայրը գերադասում էր փողն ու իշխանությունը, ինքը ևս ձգտում էր հարստության և ջանք չէր խնայում դրա համար: Մայր ու որդի նման էին խոսքառատությամբ: Թոմաս Վուլֆի մասին գրող գրականագետներն ու հուշագիրները տարբեր առիթներով շեշտում էին, թե ինչքան շատ բառ էր օգտագործում գրողը (նա օրական գրում էր հինգ հազար բառ): Հեմինգուեյը, նկատի ունենալով Վուլֆի խոսքի անկասելի հեղեղը (և՛ բանավոր, որ զգացմունքայնության նշան էր, և՛ գրավոր, որ արդեն ստեղծագործական առանձնահատկություն էր), իր «Աֆրիկայի կանաչ բլուրները» երկում երգիծանքով գրում է. «Ես մտածում եմ, որ եթե Թոմաս Վուլֆին աքսորեին Սիբիր, այդ նրան գրող կդարձներ, դա այնպիսի ցնցում կլիներ նրա համար, ինչն անհրաժեշտ է, որպեսզի նա ազատվի բառերի անսահման հեղեղից և յուրացնի համամասնության զգացումը»5:
Խոսքառատությամբ աչքի էր ընկնում Վուլֆի մայրը: Հուշագիրը, որը Թոմասի հրավերով գնում է նրանց տուն` մոր այցելության առթիվ, գրում է, թե ինչպես մայրը հյուրին բավականաչափ ուսումնասիրելուց հետո, սեղանի շուրջ դառնում է ոչ միայն հյուրասեր, այլև շատախոս: «Միսիս Վուլֆի հիշողության փականները բացվեցին: Նա պատմում էր մեզ մեկը մյուսի ետևից անընդհատ նոր պատմություններ Էշվիլի և իր մասին: Ինչ-որ բան այդ ամենից ինձ հայտնի էր արդեն Թոմասի ստեղծագործություններից» (Նույն տեղում, էջ 361):
Թերևս ավելի ժլատ են տեղեկությունները Հրանտ Մաթևոսյանի և նրա մոր բնավորությունների նմանության կամ տարբերության մասին: Հավանաբար նոր պետք է գրվի այդ մասին: Բարեբախտաբար ամենաթանկագին տեղեկությունները, թեև շատ համառոտ, հաղորդում է ինքը` Մաթևոսյանը: Թղթակցի այն հարցին, թե Մաթևոսյանը ումի՞ց է ժառանգել գրողի իր տաղանդը, հո՞ր, թե՞ մոր կողմից, գրողը աներկբա պատասխանում է. «Մորս կողմից: Սովորական դեպքերն այնպե՛ս էր տեսնում, այնպե՛ս էր պատմում… Շատ սիրուն մի երկու պատկեր հիշում եմ: Ավետիք պապի մեծ ընտանիքը հավաքվում էր` հարսները և տալերը: Մենք` երեխեքով, ներկա էինք լինում և լսում գյուղի ամբողջ թատերացված կյանքը հարսների կատարմամբ: Ամբողջ գյուղի տնազն անում, ամբողջ գյուղը ներկայացնում էին: Շարժումներից բոլորը ճանաչվում էին: Եվ հենց այդտեղ ստեղծվում էր դրաման, կոմեդիան:… Լեզուն կանայք են ստեղծում: Հիշենք Պուշկինին. իր լեզուն իր դայակն է ստեղծել» («Ես ես եմ», էջ 516):
Ասվածի տարբեր առիթներով կրկնությունը հաստատում է ճշմարտությունը: Մաթևոսյանը պատմում է, որ իրենց տանը ոչ միայն գրի և գրականության, այլև բառի նկատմամբ իսկական պաշտամունք գոյություն ուներ, որ սկիզբ էր առնում մորից: Մայրը զգում էր, որ գրի և գրականության շնորհիվ կարելի է զավակներին դուրս բերել խավարից, հասցնել հաջողության, որի հնարավորությունը ժամանակին չի տրվել իրեն: «Նա նաև հիանալի պատմել գիտեր,- հիշում է Մաթևոսյանը,- ոչ միայն պատմում էր, այլև ամբողջ բեմականացումներ էր խաղում…Ես երբեմն բացահայտորեն զգում եմ իմ գրածներում մորս հնչերանգը, նույնիսկ նրա խոսքի ռիթմը, որից եթե շեղվում եմ, ուրեմն ինչ-որ բան այնպես չեմ գրել…» (նույն տեղում, էջ 288): Սրանով գրեթե ամեն ինչ ասված է:
Կարծում ենք, որ հենց մորը պատկերող գեղարվեստական ստեղծագործությունների համեմատական վերլուծությամբ էլ կարելի է ավելի առարկայական ու տեսանելի դարձնել այս գրողների կերպավորման ինչ-ինչ առանձնահատկությունների նմանությունը; Զուգադրությունը կարելի է կատարել Թոմաս Վուլֆի «Երկրի ոստայնը» փոքրիկ վիպակի և Մաթևոսյանի «Աշնան արև», մասամբ «Ծառերը» վիպակների միջև: Պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վերոնշյալ վիպակի վրա քչերն են ուշադրություն դարձնում, որովհետև Վուլֆի մասին գրողները առավելապես կենտրոնանում են նրան հռչակ բերած հիմնական գործերի («Նայի՛ր տանը քո, հրեշտակ», «Ժամանակի և գետի մասին», «Դեպի տուն վերադարձ չկա») վրա, մինչդեռ գոնե մեզ հետաքրքրող հարցի տեսանկյունից «Երկրի ոստայնը» վիպակը լուրջ արժեք ունի: Այդ գործը շատ բարձր է գնահատում Պերկինսը. «Նա ունի մի վիպակ` «Երկրի ոստայնը», ոչ հասարակ, իր տեսակի մեջ կատարյալ: Հիշում եմ, որ ինչ-որ ասացի նրան. «Այստեղ չի կարելի փոխել ոչ մի բառ»6: Դարձյալ ինքնակենսագրական բնույթի այդ վիպակը լրացնում է Վուլֆի ստեղծագործությունը, ամբողջացնում այն:
Թե՛ «Երկրի ոստայնը», թե՛ «Աշնան արև» վիպակներում մայրն ընկալվում է իբրև երկրի հիմք, հաստատուն մի մեծություն, որի վրա հենվում է կյանքը:
Երկու վիպակներում էլ մայրը գնում է որդու մոտ: Վուլֆի վիպակում արդեն գնացել է, Մաթևոսյանի վիպակում` պատրաստվում է գնալու: Երկու դեպքում էլ կանայք վախ ունեն քաղաքից: Էլայզան որդուն ասում է. «Գյուղ տեղը կյանքում չես կորչի, էնքան որ մի նշան ունենամ, հա, տղաս, ճիշտ եմ ասում… Դու էլ հենց էստե՞ղ պիտի ապրեիր: Ոնց էլ գտել ես»: «Աշնան արևի» կինովիպակ դարձրած տարբերակում, երբ Սիմոնն Աղունին գյուղ է տանում, ճանապարհին, կայարանում Աղունն առաջարկում է մնալ այդտեղ, աշխատել ու ապրել և հանկարծ հայտնաբերում է, որ Սիմոնը «չորացել մնացել էր, նա չէր սազում այդ քաղաքին և վախենում էր այդ քաղաքից»:
Երկու վիպակում էլ մայրերն աչքի են ընկնում ինքնավստահությամբ, սեփական իրավացիության համոզմունքով: Սերոյին հանդիմանելով` Աղունն ասում է. «Հասկացողն իհա՛րկե մենակ ես եմ: Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում` կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի»: Անգրագետ Աղունը վստահ է իր բնական խելքի համար և իր անգրագիտությունը ուրիշների գրագիտությունից բարձր է դասում. «Ե՞ս չգիտեմ: Ես բանաստեղծ եմ: Ես մի գյուղի չափ խոսք ու տրամաբանություն ունեմ, ես Վանքերի ցեղից եմ»: Սրան հետևում է վիպակի այն հատվածը, երբ Աղունը հայտարարում է, թե ինքը թութակ չէ, որ ուրիշի գրածն արտասանի:
«Երկրի ոստայնը» վիպակում ևս Էլայզան իր անգրագիտությունը բարձր է դասում ուսումնականների իմացածից: Ահա թե ինչ է ասում Էլայզան. «Որդի՛ս, իմ հիշածները քո գրքերի մեջ էլ չկան: Էդ ո՞վ պիտի գրեր: Բան չեմ ասում, փորձել են գրել, պատմել եղած-չեղած պատերազմներից ու կռիվներից, բայց, սուրբ Աստվածածին, իրենք ինչ գիտեն, թե ոնց է եղել, ախր չկային, որ տեսնեին: Գրում են, կարծես վաղուց է եղել, հեռու-հեռու աշխարհներում, բայց ի՞նչ իմանան, որ էդ ժամանակ քամի էր փչում, արևի փայլ կար, ծխի հոտը բռնել էր բակը…»: Հարևանցի նկատենք, որ այս հատվածը մոր ինքնավստահությունը հաստատելուց ավելի երևան է հանում նաև իրականությանը հավատարիմ մնալու Վուլֆի գեղագիտությունը, որը լրացնում է այս առումով արդեն ասվածը: Վերադառնանք Էլայզային: Իր հիշողությամբ հպարտ` նա ասում է որդուն. «Ես հինգ տարեկան աղջիկ էի էդ ժամանակ, ինչ եղել–չի եղել, հիշում եմ, դրանից առաջ եղածն էլ եմ հիշում, ու միտքս են բաներ, որ դու չես էլ լսել, տղաս, չնայած մեր միջի ուսումնականը դու ես»: Ի դեպ, «Դեպի տուն վերադարձ չկա» վեպում, իր խմբագրին հղած նամակում հեղինակին մարմնավորող Ջորջ Ուեբեկը խոստովանում է. «Ես խճճվել եմ հսկայական ոստայնի մեջ, ինչը ինձ ժառանգություն է հասել հիշողությունների անսպառ պաշարից, և այդ անսովոր հիշողության կարողությունը, որ գալիս է մայրական կողմի նախնիներից (ընդգծումը մերն է- Ժ.Ք.), միլիոնավոր կենդանի թելերով ինձ կապում է անցյալի հետ, ոչ միայն իմ, այլև իմ հարազատ եզերքի անցյալի հետ»7:
Հատկանշական է, որ երկու վիպակներում էլ մայրերը համոզված են, որ որդիների գրողական ընդունակությունները իրենցից, նվազագույն դեպքում` իրենց տոհմից է անցել: Էլայզան կասկած չունի, որ իր հորական պապի խելքը ժառանգել է որդին: «Ու որ շիտակ խոսենք, - ասում է նա, -իմ պապ Բիլ Փիթլանդը բոլորի կարծիքով էլ գլխով մարդ էր: Իմացած լինես, տղաս, որ քո շնորհքը պապիդ կողմից է գալիս: Նա որ կրթություն ունենար, շատ առաջ կգնար: Կյանքում մի տող չէր կարդացել, բայց ամեն ինչից խելքը հասնում էր»: Հր. Մաթևոսյանի «Աշնան արևին» ծանոթ ամեն ոք կարող է պնդել, որ այս խոսքերը բազում տարբերակներով ասում է Աղունը իր հայր Իշխանի խելքի մասին, բայց որդու գրողական շնորհքի ակունքները այդքան հեռու չի փնտրում: «Ախպորդ բոլոր գրածները իմ պատմածներն են, պոֆեսոր Սերո: Ախպերդ ասում է ինչ որ իմ պատմածն է` գովում են, ինչ որ ինքն է ավելացնում` չեն գովում»: Սա խոստովանում է նաև Հր. Մաթևոսյանը:
Մտածողության ու վարքագծի բազմաթիվ նմանություններ կարելի է ցույց տալ Էլայզայի ու Աղունի կերպարների միջև: Տարբեր են ազգային բնավորությունները, ավանդույթները, ընտանեկան կապերի ամրությունը, կնոջ և տղամարդու կարգավիճակն ընտանիքում և այլն: Բայց, ըստ երևույթին, այդ տարբերությունները կազմում են մարդկային գոյության երկրորդ շերտը, որն առաջանում է քաղաքակրթությունների զարգացման ճանապարհին և ժողովուրդներին հեռացնում իրենց կեցության նախնական վիճակից: Եվ որքան էլ տարբեր են հայի ու ամերիկացու ընտանեկան ավանդույթները, միևնույնն է, երկուսի (գուցե բոլորի) համար էլ ընտանեկան օջախի ստեղծողը կինն է, որ իր ընտանեկան բույնը հյուսում է ոչ այնքան և ոչ միայն սեփական ձեռքերով, այլև ամուսնու ձեռքերով, բայց իր հղացումով ու նպատակադրումով: «Երկրի ոստայնը» վիպակի հերոսուհին սեփական ունեցվածքն ու տունը իր անձնական ջանքերի արդյունք է համարում. «…որ հորդ կինը չդառնայի, իր օրում մի սեփական չոփ էլ չէր ունենա»: Այս հայտարարությանը վիպակում նախորդում ու հաջորդում են դրվագներ, երբ հերոսուհին հիշում է, թե ինչպես էր ինքը ամուսնուն սովորեցնում պարտք չտալ ուրիշներին, քանի որ նա ընտանիք ունի և պատասխանատվություն է կրում ընտանիքի համար, իսկ պարտքը կարող են ուշացնել կամ ընդհանրապես չվերադարձնել. «Էլ մարդու փող չտաս, ոչ էլ պարտքով տուր, ամուսնացած մարդ ես, ընտանիք, երեխեք ունես ու մենակ նրանց ես պարտական, ուրիշ ոչ ոքի»: Կինը բացում է ամուսնու աչքերը: Օջախի և ապրուստի ստեղծմանը նպաստում է կնոջ աշխատասիրությունը և ստեղծելու կարողությունը: Էլայզան աշխատասեր է, նա հողից բարիք է ստեղծում, նրա մասին մեկն ասում է. «Մեջդ հողի ուժ կա, քո պես կին հեչ չեմ տեսել:- Ու ճիշտ էր ասում, տղաս, ձեռքս չկպած` հողը բարով էր լցվում: Մի մատ երեխա էի, ծառ էի տնկում, պոմիդոր, տեսակ-տեսակ ծաղիկներ, մատներս հողն էի խրում, ու հասկս ծլում էր»: Հեղինակային միտքը կնոջ մասին դարձյալ արտահայտվում է մոր խոսքերի միջոցով. «Քո մայրը, տղաս, հողի ուժ ուներ մեջը: … Իմ քաշածին ոչ մի ուրիշ կնիկ չէր դիմանա, հորդ հայհոյանքն ու ծաղրն էլ վրայից»:
Թերևս ոչ բառացիորեն նույն արտահայտություններով ու հիշողությունների նույն ընթացքով, բայց նույն կերպ է պատմում Աղունն իր ճակատագրի մասին: Սիմոնն այդպես էլ մինչև վերջ չէր համարձակվի իր բազմանդամ ընտանիքից (որ խցկված էր մի սենյակում) զատվել (այսինքն` Էլայզայի խոսքերով` սեփական մի չոփ էլ չէր ունենա), եթե Աղունը չհամառեր. «Տուն ենք սարքում:- Ինչո՞վ ես սարքում:- Էս ձեռքերովս:- Գնա սարքիր,- Սիմոնը նրան հրեց ու դուրս եկավ` ինքը դարձյալ կտրեց նրա ճանապարհը. Տուն ենք սարքում: -Սիմոնը ծնկով մի կողմ հրեց նրան ու անցավ, նա դարձյալ վազեց ու ծնկեց նրա դեմ:- Տու՜ն ենք սարքում:- Չեմ սարքում:- Տո՜ւն ենք սարքու՜մ,- աղաղակեց ինքը: Սիմոնը բարձրացրեց ուրագը, և այդ ժամանակ ինքը ծղրտաց նրա երեսն ի վեր.- Էլ բավական է…»: Եվ ուրագի հաճախակի հարվածներին, ծեծուջարդին ու հայհոյանքներին զուգահեռ բարձրացել է Աղունի շեն օջախը: Տառապանքի գնով, բայց նպատակային, հետևողական: «Հողի տակ հանգիստ չունենա քո պապ Իշխանը, աշխարհքը լիքը տղա` գնա, Աղունիկ, Սիմոնից մարդ սարքիր, գոմից տուն սարքիր, Արմենակից Արմենակ սարքիր… Սարքիր, սարքիր, հետո էլ արդեն ոչ առողջություն կա, ոչ էլ խնդալու սիրտ: Ուրիշները պալատից պալատ գնան, ինձ համար աստված Ծմակուտն էր սահմանել ու Ծմակուտ` Սիմոնին»,- մորմոքով հիշում է Աղունը: Աղունին կարծես ձայնակցում է «Երկրի ոստայնը» վիպակի Էլայզան. «Աստված ջան, ինչեր եմ քաշել, ինչեր, հիմի էլ ողջ-առողջ կողքդ նստած զրույց եմ անում:- Իմ քաշածին ոչ մի ուրիշ կնիկ չէր դիմանա, հորդ հայհոյանքն ու ծաղրն էլ վրայից»: Այս երկու հերոսուհիները լրացնում են միմյանց, նրանք տարբեր են իրենց խառնվածքով ու ազգային հոգեբանությամբ, բայց իրենց կյանքի պատմությունն անելիս գրեթե կարող են շարունակել մեկը մյուսին:
Կարծում ենք` բերված օրինակները բավական են որոշակի եզրակացությունների հանգելու համար, թեև կան նմանությունները հաստատող այլ օրինակներ ևս: Եթե շրջանցենք ուղղակի կամ միջնորդավորված ազդեցությունը թեկուզ այն պարզ ու հասարակ պատճառով, որ ամենաթույլ գրողն անգամ կխուսափեր ակնառու նմանություններից` իրեն չմատնելու համար, և արդեն քննարկվել է ազդեցության հնարավորության հարցը, մնում է այս առնչությունների այլ պատճառներ որոնել: Դարաշրջանով և աշխարհագրական միջավայրով տարբեր երևույթների, տվյալ դեպքում` գրական փաստերի նմանությունը դեռևս 19-րդ դարում մարդաբանական դպրոցը ի դեմս Թեյլորի, բացատրում էր մարդկության զարգացման նույն պատմական փուլերով, բայց այստեղ այդ փաստարկը հազիվ թե օգնի, քանի որ խոսքը չի վերաբերում քաղաքակրթության զարգացման տարբեր աստիճաններին: Վուլֆի և Մաթևոսյանի դեպքում գործ ունենք քաղաքակրթական նույն դարաշրջանի երևույթների հետ, և երկու վիպակների գրական միջավայրի տարբերությունը ոչ թե քաղաքակրթական է, այլ սոցիալ- քաղաքական, հետևաբար` պատմական զարգացման իմաստով ընթացքի կրկնության խնդիր չկա:
Անշուշտ, կարևոր է նաև տիեզերքի միասնականության գաղափարը: Ամբողջ տիեզերքում, մեծ ու փոքր մասշտաբով գործում են նույն օրինաչափությունները` հաստատելով մարդու, մարդկության և առհասարակ երևույթների միասնականությունը:
Թերևս ավելի հավանականը մոր արքետիպի նույնականությունն է երկու գրողների համար: Պատճառները հասնում են մինչև աստվածաշնչյան լեգենդը, մինչև մայրիշխանության հետքերը: Ըստ Աստվածաշնչի` Եվան է ուտում արգելված պտուղը, ճանաչում գաղտնիքը և ճանաչել տալիս Ադամին: Ահա թե ինչու կնոջ միտքն ավելի բաց է աշխարհի դրության, կեցության օրենքների հանդեպ, նա ավելի աչքաբաց է և ամուսնուն կյանքի ծովում լողալ է սովորեցնում: Ուստի ամենևին էլ պատահական չէ, որ Էլայզան ամուսնուն հորդորում է պարտք չտալ ուրիշներին, իսկ Աղունը ետ է բերում այն փողերը, որ պարտք էին Սիմոնին, ու նա չէր կարողանում ետ ստանալ: Այսինքն` երկու կանայք էլ, ինչպես օջախի պահապան հրեշտակներ, ընտանիքի շուրջն են կենտրոնացնում ամուսինների վաստակը: Բնազդորեն, գենետիկ ճանապարհով, գիտակցությամբ թե անգիտակցորեն, նրանք նույն դերն են կատարում, ինչ բնությունը նախապես սահմանել է նրանց համար:
Մոր արքետիպի գաղափարը կարող է լայն հնարավորություններ տալ հոգեվերլուծաբանին` հետաքրքրական վերլուծությունների համար: Երկու վիպակի հիմքում էլ մոր ու որդու հարաբերություններն են կամ, ավելի ճիշտ, մայրերի հիշողությունները, որովհետև որդին կամ որդիները կրավորական, աննշմարելի դեր ունեն (Արմենակը բացակա է վիպակում, Սերոն շատ նպատակամետ վարքագիծ ունի, իսկ «Երկրի ոստայնը» վիպակում որդին հազվադեպ հարցերով ընթացք է տալիս մոր հիշողություններին): Այսինքն` վիպակների հիմքում մայրերի գործողությունները կամ հիշողություններն են:
Ամենևին էլ չպետք է մտածել, թե մայրերի պարծենկոտությունը, թե իրենք են իրենց որդիներին, ինչպես Աղունը կասեր, «գրողական ջիղ» փոխանցել, ժպիտ հարուցելու կամ զավեշտի համար է: Կ. Գ. Յունգը իր «Անգիտակցականի հոգեբանությունը» աշխատության մեջ «կոլեկտիվ անգիտակցության արքետիպը» գլխում գրում է, որ դեռևս մարդու էմբրիոնային վիճակում նրա վրա, բնականաբար, մոր օրգանիզմի միջոցով, իբրև մաքուր կենսաբանական, բնական երևույթ, ազդում է այնկողմնային` տրանսցենդենտալ ֆունկցիան, ձևավորում մարդու էության միջուկը: «Տրանսցենդենտալ ֆունկցիան գործում է ոչ աննպատակ, այլ տանում է դեպի մարդու էության միջուկը»8,- գրում է Յունգը: Այս գործառույթի էությունը, ինչպես գրում է գիտնականը, անհատականության ձևավորումն է բոլոր ասպեկտներով: Նույն աշխատության մի այլ «Анима и анимус» գլխում Յունգը մանրամասն անդրադառնում է կանացի սկզբի առկայությանը տղամարդու մեջ, որն արտահայտվում է հատկապես մոր հետ ունեցած կապի մեջ, ինչը շատ ժողովուրդների մոտ հատուկ ծեսերով կտրում են տղամարդու հասունության շրջանում: Հետո այդ կապը նոր դրսևորում է ստանում ամուսնությունից հետո կնոջից ունեցած կախվածության մեջ (քնքշության, սենտիմենտալիզմի, կնոջ մեջ մայրական գուրգուրանքի փնտրտուք և այլն): Ահա կանացի սկիզբը, որ առաջին հերթին արտահայտվում է մոր կերպարում, պրոեկտվում է ժառանգի անհատականության մեջ անգիտակցաբար: Թերևս հենց այստեղից էլ մոր մասին ըմբռնումները ետընթաց ճանապարհով հասնելով մինչև այնկողմնային, անգիտակցական աշխարհ` նույնանում են: Ու այսպես` մայրերը տարբեր են արտաքին աշխարհում` կենցաղում, սոցիումի պարտադրած կանոնների շրջանակներում, բայց խորքում, հոգեբանության խոր, անգիտակցական շերտերում (որ մենք հաճախ բնազդ ենք անվանում) նման են այնքան, ինչքան ասենք, կարելի է ասել Աղունի և Էլայզայի մասին:
Սակայն ամենից հետաքրքրականն այն է, որ Յունգի տեսությունը ոչ միայն շարունակություն, այլև հաստատում է գտնում մեր օրերում: 2010 թ. օգոստոսի 8-ին Էդինբուրգում կայացած գրքի միջազգային փառատոնի ժամանակ հայտնի գրող Սալման Ռուշդին հայտարարել է, որ գրականության մասին իր պատկերացումների վրա ազդել են մոր պատմությունները: Մորը նա համարում է համաշխարհային կարգի բամբասող, որը որդուն սովորեցրել է վերապատմել ուրիշի գաղտնիքները: Ռուսները այս հայտարարությունը նկատի ունենալով «сплетня» բառից (сплетать - կապել, հյուսել, միացնել) մակաբերում են գրական ստեղծագործության բնույթը: Ի՞նչը կարող է ավելի հետաքրքիր ու գայթակղիչ լինել, քան գաղտնի պատմությունները հարևանների, հարուստների և վերջապես նշանավոր անձանց մասին: Չէ՞ որ գրականությունն էլ հենց դրանցից է հյուսվում, մանավանդ ինքնակենսագրական վեպերը, որոնց հեղինակները բամբասում են իրենց և իրենց ընտանիքների մասին: Հրապարակման հեղինակը հիշեցնում է, որ Թոմաս Մանը Նոբելյան մրցանակ է ստացել հենց իր «Բուդդենբրոկներ» ինքնակենսագրական վեպի համար:
Եվս մի մասնավորեցում հարցի մեջ: Մայրերից, այսպես կոչված, «գրողական ջիղը» ժառանգաբար անցնում է հատկապես տղա զավակներին: 1999թ. «Иностранная литература» ամսագրի N 3-ում տեղեկություն է տպագրված ֆրանսիական «Лир» ամսագրի մասին, որտեղ շատ հետաքրքիր հրապարակում կա գրող որդիների ստեղծագործության մեջ նրանց մայրերի դերի մասին: Ըստ հոգեվերլուծաբան Ժ.Բ. Պոնտալիսի, բոլոր գրողները, այսպես թե այնպես, իրենց ստեղծագործություններում երկխոսություն են սկսում մայրերի հետ, վիճում են նրանց հետ, ցույց տալիս իրենց սերը կամ վրեժ են լուծում մանկական վիրավորանքների համար: Ստացվում է, որ մոր կերպարը որդիների ստեղծագործություններում կա՛մ բարի փերի է, կա՛մ ընտանեկան բռնակալ: Հրապարակման հեղինակը շատ հետաքրքրական փաստեր է բերում իրենց մայրերի նկատմամբ տղամարդ գրողների վերաբերմունքի մասին: Ասում են, որ 88-ամյա Անատոլ Ֆրանսի վերջին բառը, որ արտասանել է նա մահից առաջ, եղել է` «մամա», իսկ փոքրիկ Ստենդալն այնքան էր պաշտում մորը, որ նրա մահից հետո (երբ ինքը ութ տարեկան էր) խանդում էր հորը և ատում նրան: Հոգեվերլուծաբան Պոնտալիսը բազմաթիվ այսպիսի օրինակներ է բերում ֆրանսիական գրականությունից (Գ. Ֆլոբերի, Մարսել Պրուստի, Պ. Սարտրի, Լ. Արագոնի և այլոց կյանքից): Նա միայն մեկ եզակի օրինակ է հիշում հակառակ բովանդակությամբ. մադամ Սեվինյեն գրող է դարձել, որովհետև պաշտում էր աղջկան:
Մի վերջին նկատառում ևս: Վերադառնանք Յունգին: Հոգեվերլուծաբանը գտնում է, որ բոլոր պաշտամունքների մեջ ամենակարևորը նախնիների, առաջին հերթին` ծնողների պաշտամունքն է: Վուլֆի վիպակում Էլայզան հպարտությամբ խոսում է պապի մասին` «Նա որ կրթություն ունենար, շատ առաջ կգնար»: Աղունը, որ իր որբության դառնությունների համար մեղադրում էր իր հայր Իշխանին, մնացած դեպքերում փառաբանում է նրա ուժը, խելքը, անգամ չարությունը: Յունգը միաժամանակ նշում է, որ մարդու հասունացման, սերունդների շարունակականության և հատկապես տղամարդու կյանքում կնոջ երևան գալուն զուգահեռ նվազում է այդ պաշտամումքը: Նա խոսքը մասնավորեցնում է կնոջ մասին, քանի որ «Կինը իր` տղամարդուն այդքան ոչ նման հոգեբանությամբ ինֆորմացիայի աղբյուր է (և այդպես է եղել միշտ) տղամարդկանց անհասանելի իրերի մասին» (նշված գիրքը, էջ 189): Ըստ Յունգի` տղամարդու ինտուիցիային գերազանցող կնոջ ինտուիցիան ի վիճակի է տղամարդուն ուղի ցույց տալ, որը նա չէր կարող գտնել սեփական զգացողությամբ: Հիշենք, թե ինչպես է Աղունն անընդհատ խրատում Սիմոնին` փորձելով իր «հանրային ամուսնուն» հասարակական օգտակար գործունեությունից թեքել դեպի ընտանեկան խնդիրները: Ճիշտ նույն դիրքերում է, իհարկե ոչ Աղունի նման հեգնոտ-սրամիտ լեզվակռվով, Էլայզան, երբ իր ամուսին Գանտին անվերջ զգուշացնում է տարբեր մարդկանց խարդավանքներից:
Կին և մայր` այս դերերի իրագործմամբ Աղունն ու Էլայզան մոտենում են իրար, և մեր կարծիքով, պատճառը մոր և կնոջ արքետիպի հիմքն է: Բայց այդ երկու կերպարները եթե ունեն ինչ-ինչ նմանություններ, տարբեր են ոչ միայն էությամբ, այլև կերպավորման արվեստով: Թ. Վուլֆի «Երկրի ոստայնը» վիպակի գնահատականը տվել են ամերիկյան նշանավոր քննադատները: Նրա տեղը Ֆոլքների, Ստայնբեքի, Հեմինգուեյի կողքին է: Նրա վիպակում մոր խոսքի միջոցով հառնում է ամերիկյան կյանքի պատկերը, մարդկային ու ընտանեկան հարաբերությունների պատմությունը, մեծատառով Տան պատկերը, որ խորհրդանշում է ամբողջ Ամերիկան:
«Աշնան արև» վիպակում Աղունի հիշողությունների մեջ հառնում է ոչ միայն հայ կնոջ անցած տառապալից ուղու, այլև մի քանի տասնամյակների հայ գյուղի ու գյուղացու պատմությունը, որ անընդմեջ մաքառումի ճանապարհ է` գոյի իմաստի ու անիմաստության մասին մտորումներով: Դա հայ կյանքի պատմությունն է` հայ լեզվի հարստության բացահայտումով: Երկու տարբեր վիպակներ, որ իսկապես արդարացնում են զուգահեռ քննության անհրաժեշտությունը, երբ հեղինակները հավասար իրավունքով հանդես են գալիս նույն հարթության վրա:
1 . Հրանտ Մաթևոսյան, Ես ես եմ, 2005, էջ 355:Այս գրքից մյուս քաղվածքների էջերը կնշվեն տեղում:
2 Հինգ վիպակ, Երևան, 1991, «Ապոլոն» հրատարակչույուն, էջ 129: Վիպակից մյուս քաղվածքները կարվեն նույն հրատարակությունից:
3 Томас Вульф, Жажда творчества, Москва,1989,ст.373.
4 Томас Вульф, Домой возврата нет, Москва, Худ. Литература, 1982, ст.109.
5 Жажда творчества, ст.15.
6 Жажда творчества, ст.376.
7 . Томас Вульф, Домой возврата нет, Москва, худ.литература, 1982 г., ст.680.
8 Карл Густав Юнг, Психология бессознательного, Москва, ,,Реабилитация,,, 2004,ст.115.