СТАНЬ VIP

ԶԱՎԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ԶԱՎԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Сообщение Harutin » 07 апр 2011, 23:39

ԶԱՎԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Zaven Avetisyan.jpg
Zaven Avetisyan.jpg (6.09 кб) Просмотров: 812
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ԶԱՎԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Сообщение Harutin » 07 апр 2011, 23:40

ԿԱՆԽԵԼ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՆԿՈՒՄԸ


-Ձեր խոսքը նորաստեղծ հանդեսի կապակցությամբ։
-Ողջունում և շնորհավորում եմ «Նարցիսի» ծնունդը։ Աստված տա, որ նա տարիք առնի, հասունանա, բնավորություն, հայացք ու ճաշակ մշակի, որպեսզի մեր այսօրվա գրողների, արվեստագետների ճշմարիտ խոսքը հասցնի ընթերցողների լայն շրջաններին։ Թ՛ող որ նորօրյա գրականության նկատմամբ ունեցած իներտ միջավայրում այն ձեռք բերի այնպիսի ձգողական ուժ, որ գրողները, մշակույթի ու գիտության գործիչները՝ ահել թե ջահել, ցանկանան տպագրվել հենց այս ամսագրում։ Ուզում եմ հավատալ, որ այդպես էլ կլինի։ Մոտիկից ճանաչում եմ այս նորաստեղծ ամսագրի խմբագրին՝ Վահան Վարդանյանին, որ ճշմարիտ մտավորական, հնի ու նորի հարաբերության մեջ ճիշտ կողմնորոշվող ճաշակավոր բանաստեղծ է։ Կուզեի նաև, որ Վահանը իր շուրջը հավաքի այնպիսի աշխատակիցների, ովքեր հասկանում են այս գործի կարևորությանը և ընդունակ են անմնացորդ նվիրվել դրա իրականացմանը։
-Մեզանում ինչո՞ւ է այդպես սուր դրված տեսական-գեղագիտական ծրագրի անհրաժեշտության հարցը։
-Միայն մեզանում և միայն այսօր չէ «այդպես սուր դրված տեսական-գեղագիտական ծրագրի հարցը»։ Դավիթ Անհաղթը դեռ երբ է ասել հա՛, թե. «Տեսությունն է, որ ուսուցանում է մեգ գոյերի մասին ճշմարտությանը»։ Ուրեմն, խոսքն այն մասին պիտի լինի, թե հանդեսը՝ ինքը «Նարցիսը», ի՞նչ նոր ծրագրերով ու խնդիրներով է լույս աշխարհ եկել, ի՞նչ նոր բան է ուզում ասել այսօրվա ընթերցողին, ճշտի ինչն ու ինչպեսը, չսահմանափակվի միայն պատվիրատուի ու զանգվածային ընթերցողների պահանջներով, այլև խիստ ընտրված տպագրելի նյութերով ընդլայնի և հարստացնի ընթերցողների՝ մշակութային ժամանակակից արժեքների ընկալման դաշտը։ Իսկ տեսությունն ու գեղագիտությունը, նաև փիլիսոփայությունը այնպես պիտի ներծծված լինեն գեղարվեստական տեքստի մեջ, որ չերևան, բայց խորքից նպաստեն գրական խոսքի մակարդակի բարձրացմանը, գեղեցիկի հայտնաբերմանը, կյանքի բարդ ու հակասական երևույթների մեջ կողմնորոշվելուն և ընդհանրացմանը։
- Հայացք անկախության շրջանի գրականությանը։
-Հայաստանի անկախացումից հետո, նոր իրականության պայմաններում գրականությունը ազատագրվելով նախորդ շրջանի պաշտոնական գաղափարախոսության հայտնի պարտադրանքից, սկսեց աստիճանաբար փոխել իր աշխարհայացքը և դրանով պայմանավորված թեմատիկ հետաքրքրությանների ուղղությանը, ինչպես նան գեղարվեստական միջոցների համակարգը։ Նախորդ շրջանում, ինչպես գաղափարախոսությունը, այնպես էլ դրանից ածանցվող ստեղծագործական մեթոդը խոր ճգնաժամ էին ապրում։ Դրանց վերջնական փլուզումից հետո տարբեր ոճերի, ուղղությունների հարող մեր բանաստեղծներն ու արձակագիրները, ինչպես նաև դրամատուրգների նոր սերունդը, փորձ արեցին այլևս քննություն չբռնող հին մտածողաթյունը հանել ավտոմատիկ ռեժիմից։ Նրանք իրենց աշխարհաճանաչման փիլիսոփայական և գեղագիտական հավատամքի հիմքը սկսեցին որոնել ոչ թե աշխարհի տեսանելի մակերեսում, որ տրոհված ու չկայացած էր, այլ նրա սահմաններից դուրս՝ այլաշխարհային տարածքներում, հայտնաբերելու համար նայն այդ տեսանելի աշխարհի խորքային երևույթների պատճառահետևանքային կապերը։ Խոստովան եմ, որ գրականությունը՝ մասնավորապես պոեզիան, դժվարությամբ, բայց այնուամենայնիվ կարողացավ հաղթահարել նորի հաստատման երկունքի ցավերը։ Ձևավորված չէր նաև պոեզիայի ընկալման դաշտը։ Ի հայտ էր եկել զանգվածային, նաև հնին կառչած առաևձին մասնագետ ընթերցողների դիմադրությունը։ Խնդրի մտահոգությունն ընդհանուրինն էր, մինչդեռ գործնական իրականացումը բաժին էր ընկել ստեղծագործող օժտված անհատներին։ Հասարակական կյանքի քաոսից ածանցվող անորոշությունն ու ամենաթողաթյունը իր մետաֆորիկ արձագանքն է գտել Հենրիկ Էդոյանի այս տողերում. «Ծովակալը սպանված է, դրոշակները նետված են ջրի մեջ, /չկան նավորդներ, բոլորը ծովակալ են։/ Կապերը կտրված են, նավերը ճայերի պես ճախրում, /սլանում ամեն մեկը իր համար անղեկ, աննպատակ,/ կտրում ալիքները, փոթորիկներին գնում ընդառաջ /և սուզվում անդունդի մեջ, չթողած ոչ մի հետք /օվկիանոսի եռացող ջրերի վրա։/»:
Բնականաբար նույնն է նաև ժամանակակից արձակի և դրամատուրգիայի տեսադաշտը՝ փոշոտված, բայց դեռ չկայացած։ Մարդը, ուստիև գրական հերոսը անպաշտպան կանգնած է անորոշության առջև։ Նա բաղձալի իդեալին հասնելու համար իր ձեռքով քանդել է հինը և զրկվել նորը կառուցելու իրավունքից։ Տեղի է ունեցել հասարակական իդեալի արժեզրկում, փողը վեր է դասվել մարդկային արժանապատվությունից։ Գոյատևման այլ ելք չտեսնելով, բարոյական մարդը կառչել է կեցության փշրանքներից, օտարվել միջավայրից, փակվել ինքն իր մեջ։ Այս ամենը գրականության մեջ արտացոլելու հաջողությանը կարող է հասնել այն գրողը, ով ի վիճակի է կանխել արժեքների անկումը և ընդունակ գտնվել դրանք վերահաստատել և համախմբել փրկարար Հավատի շուրջը։ Այդպիսի արձակագիրներ մենք ունենք՝ Վահագն Գրիգորյան, Լևոն Խեչոյան, Գուրգեն Խանջյան, Վահրամ Մարտիրոսյան և ուրիշներ։ Մեր արձակագիրներին հաջողվել է ստեղծագործաբար յուրացնել արևմտյան արձակի նորագույն նվաճումները՝ Բորխեսի կյանքային ֆաբուլայի յուրահատուկ վերստեղծումը, Ջոյսի ներքին մենախոսությունը, Կաֆկայի հերոսի օտարացման, այլակերպման նշանները, բեքեթյան հերոսների աբսուրդային սպասումները և այս ամենի վերարտադրման գեղարվեստական միջոցները։ Հանձինս Արծրուն Պեպանյանի և Արմեն Մարտիրոսյանի ինքնատիպ տեսք է ստացել մեր նորագույն պատմավեպը։
- Ստեղծագործական խնդիրներից հատկապես ո՞րն եք կարևորում հիմա։
-Վերը դա ես արդեն ասացի։ Կանխել հիմնավոր արժեքների անկումը և հոգևոր ուժերը համախմբել մեր փխրուն անկախության ու պետականության զորացման շուրջը։ Մեծ կարևորության եմ տալիս այս պայմաններում գրականությանը և գիտությանը սատար կանգնելուն։ Հիմա այն ժամանակները չեն, որ գրողին, գիտնականին մատով ցույց տան. նրանց ձեռք մեկնել է պետք։ Մերժելը, փնովելը տխուր արհեստ է։ Գրողի ու քննադատի մեջ կարևորում եմ նրանց բարոյական բարձր նկարագիրը և ինտելեկտուալ կարողությունները։
-Ինչպե՞ս եք տեսնում ժամանակակից հայ գրականությունը համաշխարհային գրականության համապատկերում։
-Ուղիները շատ են, դրանք գործնական հողի վրա դնելու պայմանները՝ քիչ։ Իհարկե, պետք է թարգմանել, բայց ո՞վ, ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով։ Հայաստանի գրողների միությունը իր համեստ հնարավորությունների սահմաններում նախաձեռնել է մեր ժամանակակից պոեզիայի և արձակի լավագույն նմուշները թարգմանել անգլերեն և հրատարակել։ Սա, իհարկե, լավ է, բայց դա միջոցառումային է, ուստի տևական կյանք դժվար թե ունենա։ Ամենառեալ ճանապարհ բացողը ինքը՝ բարձր մակարդակի ստեղծագործությունն է, որ օտարներին ստիպում է թարգմանել այն՝ հաշվի առնելով ոչ միայն նրա գեղարվեստական, այլև շուկայական արժեքը։
-Հայ գրականությունը համաշխարհային գրական ընթացքի մեջ ներգրավելու ի՞նչ ուղիներ եք տեսնում։
Ես այդ հարցին ինչ-որ չափով կարծես անդրադարձա հարցաշարի երրորդ կետի մեջ՝ շեշտը դնելով գրական կապերի ազդեցության և փոխազդեցության նպաստավոր արդյունքների վրա։
Այսպես թե այնպես, բոլոր կուլտուրական ժողովուրդների գրականությունը համաշխարհային գրականության համապատկերի մասն են կազմում։ Ուրիշ բան է, թե մեր գրականությունը այդ համապատկերում դիմանո՞ւմ է մրցակցության դաշտի դիմադրությանը։ Չէի ասի, թե մեր այսօրվա գրականությունը, նաև կերպարվեստը, երաժշտությունը ետ են մնում ուրիշներից: Ինչքան որ ես հետևում եմ այդ դաշտի համապատկերին, վիճակն ամենուրեք համարյա նույնն է. մեծ գագաթներ չկան, և դրանք միշտ չէ, որ լինում են։ Սկեպտիկների համար միշտ էլ «Էլոնց հարսը սիրուն է լինում»։ Սա չկամ տեսուների պատրանք է։
-Ինչպե՞ս եք տեսնում այս ասպարեզում հայ քննադատության տեղն ու դերը։
-Քննադատությունը չափազանց կարևոր դերակատարություն ունի գրական գործընթացի մեջ. դա հայտնի է բոլորին։ Դրանով հանդերձ, այդ բոլորի մեջ գտնվում են մարդիկ՝ հիմնականում վիրավորված կամ քննադատության ուշադրությանը չարժանացած գրողներ, մերժում են վերջինիս նշանակությունը։ Այս իմաստով քննադատությունը նաև անշնորհակալ գործ է, և դա է պատճառը, որ գրականագետների մեծ մասը աշխատում է հեռու մնալ մշտապես հարվածի տակ գտնվող քննադատությունից։ Մեզանում այսօր լուրջ, պրոֆեսիոնալ քննադատներին մատների վրա կարելի է հաշվել, որոնք երկար տարիներ առանց ընդհատումների, իրենց գիտական, մանկավարժական գործունեությանը զուգահեռ զբաղվում են քննադատությամբ։ Այսօր հասունացել է հերթափոխի պահը։ Շատ կուզեի, որ մեր երիտասարդ քննադատների սերունդը գա փոխարինելու ավագներին և ազնիվ միտումներով ուղեկցի իրենց հասակակից գրողներին։
Գալով գրականագիտությանը, մասնավորապես ակադեմիական գրականագիտությանը, նաև մյուս հումանիտար գիտություններին, նշեմ, որ այստեղ վիճակը ցավալի է, և դա ոչ թե այն պատճառով, որ բարձր մակարդակի մասնագետներ չունենք, այլ որ նրանք հայտնվել են իշխանական «Չինովնիկին՝ ամեն ինչ, գիտնականին՝ ոչինչ» նշանաբանը հաջողությամբ իրագործող իրավասուների ճիրաններում։ Բայց այս մեր նոր պայմաններում անգամ հայ ճշմարիտ գիտնականի նշանաբանը ճիշտ հակառակն է, որ հիշեցնում է Մարտին Լյութերի խոստովանությունը, «եթե ինձ ասեն՝ վաղը աշխարհի վերջն է, ապա այսօր, հենց այսօր էլ շարունակելու եմ ծառ տնկել»։
Հայ գիտնականները ներկա պայմաններում իրենց ուժերի վերջին լարումով շարունակում են տնկել հայ գիտության, հայագիտության ծառը, մինչդեռ իրավասու մարմինները արմատից հատում են այն։ Այսպես եմ, ահա, ես տեսնում ոչ թե տեղն ու դերը, որ առանձնապես բացատրություն, հիմնավորում չի պահանջում, այլ վիճակն ու հեռանկարը։
-Իսկ ի՞նչ անուններ են հայ գրականությունից, որ միջազգային հնչեղություն ունեն կամ հետաքրքրություն։
Համեմատական պլանով դրանք քիչ չեն։ Նշեմ այդ անուններից միայն մի քանիսը, հին գրականության մեջ՝ Ագաթանգեղոս, Խորենացի, Նարեկացի, «Սասունցի Դավիթ» էպոսը, նոր շրջանից՝ Թումանյան, Իսահակյան, Սունդուկյան, Պարոնյան, Վարուժան, նորագույն շրջանից՝ Չարենց, Սևակ, Հրանա Մաթևոսյան։
-Ավանդականի ն նորի հարաբերությանը գրականության ժամանակակից ընթացքում։
-Ավանդականի և նորի փոխհարաբերության խնդիրը մեկնաբանելու առումով դյուրին չէ, մանավանդ որ այս երկու աշխարհների խորքային կապը՝ տարբեր դրսևորումներով, մշտապես ուղեկցել է ոչ միայն գրականությանը, այլև հասարակական կյանքի զարգացումների ողջ ընթացքին։ Երևույթը հասարակագիտության մեջ ուսումնասիրված է։ Գրականագիտության բնագավառում մեզանում ստեղծված միակ, բայց հիմնարար ուսումնասիրությունը Գրականության ինստիտուտի տեսության բաժնի մասնագետների կողմից ստեղծված «Ավանդույթները և գեղարվեստական զարգացումը» կոլեկտիվ մենագրությունն է։ Այս խնդիրը՝ հնից դեպի նորը, սոսկ գեղարվեստական հնարք չէ, այլ խորքային օրինաչափություն, որ ժամանակների թելադրանքով շարունակ վերակառուցվելով, շարժվում է առաջ։ Այստեղ մեծ կարևորություն է տրվում ստեղծագործող անհատի ինտելեկտուալ ակտիվությանը, որն ընդունակ է զգալու ոչ միայն շարժման անհրաժեշտությունը, այլև վերջինիս թելադրած գեղարվեստական համահունչ միջոցների ընտրությունը, որոնք արդյունք են երկու աշխարհների (հնի և նորի) անդառնալի համագործակցության, համադրության։ Այն ստեղծագործողները՝ գրող թե արվեստագետ, ովքեր անկարող են զգալ այդ շարժման անհրաժեշտությունը և շարունակում են մնալ հնի գիտակցության դաշտում, հայտնվում են ծիծաղելի վիճակի մեջ։ Բավական է հիշել Հակոբ Պարոնյանի երգիծական ընդմիջարկումները՝ ուղղված ուշացած ռոմանտիկների հետևորդներին։
Սրանք այն գրողներն էին, որոնք շարժման ընթացքի մեջ գտնվող գրականությանը նայում էին փակ աչքերով՝ հայտնվելով հնի զգացմունքային տպավորությունների զմայլող հանգրվանում։ Ուրեմն, ավանդույթը կարող է դառնալ կուռք, ծես, եթե դրան չհետևի ստեղծագործական զարգացումների շարունակություն։ Անցման շրջանում նորի զգացողություն ունեցող բանաստեղծները միշտ էլ հայտնվել են ուղղափառ ավանդականների քննադատության կրակի տակ։ Պարույր Սևակը ժամանակին ճիշտ է նկատել, որ գրական նոր սերունդը կանգնելու է կարծրացած ավանդույթների դիմադրության պատնեշի առջև։ «Նրանց կվշտացնեն, բանաստեղծ չեն համարի, նրանց բերանը կփակեն, նրանց գործերը կհամարեն չոր-խելոք։ Ինչ ուզում ես ասա, բայց ոչ բանաստեղծություն, «օրիգինալության մարմաջ» և այլն, բայց ճիշտը կլինեն նրանք։ Ես այսօրվանից էլ նրանց կողմն եմ կանգնած, ես նրանց հետ եմ: Ես օրհնում եմ նրանց ճանապարհը»։ Ավանդույթի սովորական կրկնությունն, ուրեմն, ոչ թե գրականության մայրն է, այլ՝ գրականության մահը։ Տաղանդավոր գրողները կարողանում են ճիշտ ժամանակին զգալ այս շարժման ընթացքի (պրոցեսուալ) բնավորությունը, ժամանակից շուտ առաջ չեն ընկնում, ոչ էլ գնացքից ուշանում են։ Չեն գնում արագ վերակառուցումների, էպիգոնության, որ մյուս ծայրահեղությունն է։ Գրողի տաղանդն առաջին հերթին երևում է շարժվող ժամանակի պահանջները իրականացնելու մեջ։ Անցման շրջանում «արագացված» նորարարությունն աչք է ծակում։ Անհրաժեշտ է լինում անցնել, այսպես կոչված «ադապտացիայի» շրջանը։ Ժամանակակից արձակում և պոեզիայում այս առումով ինձ համար հետաքրքիր օրինակ են հանդիսանում Արմեն Մարտիրոտանը, Լևոն Խեչոյանը, Դավիթ Հովհաննեսը, Արմեն Շեկոյանը, Հրաչյա Սարուխանը։
Քննության առնվող այս երևույթը, իբրև գրական մամուլի օրգան, տարածվում է նաև «Նարցիսի» վրա, ուստի կուզեի, որ այս հանդեսը մշտապես առաջ նայի՝ հիշելով նաև ավանդականի կենսունակ օրենքները, առանց որոնց նորը կարող է կորցնել շարժման ընթացքի զգացողությանը։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Հարցազրույց



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз