ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение:#11  Сообщение Lusine1101 » 07 май 2017, 10:47

Վա՛րդան ջան, արևիդ մեռնիմ, մի՛ լար, քո արտասունքը սիրտս էրում, խորովում ա: Մի՛ լար, էդ քո հրեշտակի աչքերիդ ղուրբան: Քո սուրբ պապի օրհնությունը մեզ վրա ա, սրբի՛ր աչքերդ: Մկամ քեզ որ օրհնեմ, ես պտի մեռնի՞մ. քեզ ո՞ր օրը չե՛մ օրհնել, ո՞ր օրը չե՛մ գովել ու երեսդ երեսիս, աչքերս երկինքը քցել, քեզ ումբր ու արև խնդրել: Արի՛, ո՜րդյակ իմ. արի՛, հոգի՛ իմ. իմ տան սին, իմ կենաց գավազան, իմ օրհնությունը հոր օրհնություն ա: Հոր ձենն աստված թեզ կլսի: Արի՛, քեզ օրհնեմ. , վախտը հասել ա, գնա՛ մորդ մոտը, մյուս տղերքանցս սիրտն ա՛ո, քեզ պահի՛ր: Աստված էս ձեոը, որ մինչև էսօր մեկի մազի չի դիպել, չի թուլացնիլ: Դուք ինձ համար աղոթք արե՛ք ձեր արդար բերնովը: էս քաջ տղերքանց ջանն ըլի սաղ. արծիվը երկնքիցը վեր կբերենք:

Տե՛րտեր ջան, Պահպանիչդ ասա՛, ավետարանը կարդա՛, մեկ կարճ աղոթք անե՛նք, աստուծո էս սուրբ երկնքի տակին, բալքի թե դհա շուտով մեր ձենը առ աստված հասնի: Երեխե՛ք, չոքեցե՛ք, ծունր դրե՛ք, ձեր՝ էս սհաթի ամեն մի շունչը Աբելյան պատարագի պես երկինքը կվերանա. հանեցե՛ք թրըներդ, թո՛ղ տեր հայրն օրհնի:

Տան կտրներին, հայաթի միջին,
Դաշտի երեսին, հողի բաց դոշին,
Երկնից առաջին, աստղերի տակին
Նրանք չոքեցին, նրանք կանգնեցին:
Էրեխանց ձենը, տղայոց լացը,
Ծնողաց սուգը, նրանց մաղթանքը
Իրար հետ խառը երկինքն վերացան:
Հերը որդին օրհներ, մերը զավակն հանձներ:
Մութն ու խավարը քիչ-քիչ հեռանար,
Լիսն ու արևը ծանր մոտանար:
Երկիրը նրանց արաասունքը սրբեց,
Երկինքը նրանց աղոթքը լսեց.
Ուրախ երեսոք տեղից վեր կացան.
Տերտերի ձեռը, խաչն, ավետարան
Ճակատին դրին նրանք, համբուրեցին.
Ձեռ-ձեռի տված՝ իրար սիրտ դրին,
Աչքները սիրով երկինքը քցեցին.
Թե մահ էլ, թէ կյանք նրանց հանդիպին,
Իրար հետ ապրին, իրար հետ մեռնին,
Իրար հետ արին թափեն ու կռվին,
Իրար հետ թաղվին, իրար հետ պսակվին:
Ահ ու տխրություն էլ չէ՛ր երևում.
Երեսն արև՝ լիս դառած փայլում,
Արինն սրտիցը կրակի պես վառվում,
Հոգին մարմնիցը ձեն տալիս, ասում.
«Էլ մի՛ կորցնեք դուք ձեր ժամանակն,
Գրվեց երկնքումը ձեր սուրբ հիշատակն:
Սար ու ձոր հրեն ոտն են վերցրել,
Գալիս ձեզ վրա՝ ոտնատակ անել,
Բայց ձեր քաջությունն, երկնից զորությունն
Կարեն աշխարքումս թողալ ձեր անունն.
Թե սերն ու հավատն, հայրենյաց նախանձն
Որքան զորավոր են ու շնորհապանծ,
Որ մինն հազարին կարա խորտակիլ,
Երկուսը բյուրին՝ կոտրիլ, նվաճիլ»:
Ձեն տվին միմյանց, սիրտ տվին միմյանց,
Օրհնություն առան, գնացին ի բաց:
Բայց անմեղ Վարդանն մինչև էն վախտը,
Շլինքը ծուռը, աչքերը գետնին՝
Մեկ հորը նայելով, մեկ լացը սրբելով,
Մեկ ա՜խ քաշելով, մեկ սիրտը բռնելով,
Խալխին նայելով, սուգը կուլ տալով,
Երկնքին աղոթքը, երկրին արտասունքը
Տալով, հանելով՝ մեկ ձեռը թրին,
Մյուսը հոր ուսին, հոր ճտովն ընկած՝
Լար ու մղկտար՝ աչքերը լցրած:
«Անուշ իմ դու հա՛յր, անգին բարերա՛ր,
Իմ կենաց տվո՛ղ, իմ հոգուս դու ճա՛ր.
Մկամ տո՞ւնն կարա իմ ոտը փակել,
Մկամ չե՞մ կարա իմ աչքը կապել:
Մի՞թե էս արինն ինձ դո՞ւ չե՛ս տվել,
Մի՞թե էս ջանը ինձ դո՞ւ չե՛ս բաշխել.
Կարե՞ն դինջանալ, ինձ հանդարտ թողալ:
Բանտումն էլ ըլիմ՝ ոտս բխովումն,
Մահն իմ առաջիս, սուրն իմ դոշումս,
էլ քեզ կուզեմ, որ ես իմ հոգիս տամ,
Ք՛ո ոտիդ տակին մեռնիմ, հող դառնամ,
Որ ես քո կողքումն, ա՜խ, չըլիմ կանգնած,
Իմ կյանքը քեզ չտամ, հոգիս քեզ առաջ,
Հետո քո ոտը երեսս կոխի,
Հետո բերանդ իմ հոգիս օրհնի:
Ա՜խ, հա՛յր իմ, հա՛յր իմ. քո ըմբրիդ մեռնիմ,
Աոանց քեզ մեկ օր թո՛ղ ես լիս չտեսնիմ.
Մեռնիմ՝ ինձ թաղի՛ր. ապրիմ՝ ինձ պահի՛ր,
Ինձ տա՛ր քո հետը, ինձ մի՛ սպանիր:
Տե՛ս, էս սուրը, որ ձեռիս բռնած եմ,
Առանց թշնամու իմ սիրտս կխրեմ.
Մինչև քո աչքի, քո տան առաջին
Հարիր թշնամի քեզ մատաղ չըլին.
Մինչև էս ձեռը քեզ գյուլլա քցողին՝
Հավի պես չմորթի քո ոտիդ տակին.
Մինչև էս թուրը հարիր թրավորի
Շլինքն առաջին կամ ձիու փորի
Տակին չջարդի, էլ ո՞ւր ես ծնա.
Իմ կերած հացը քթովս չի՞ դուս գա:
Չէ՛, հա՛յր իմ, հա՛յր իմ, քեզ մատա՛ղ ըլիմ,
Ինձ էլ տա՛ր հետդ, որ ես էլ կռվիմ:
Աշխարք իմանա, թե քաջ Վարդանի
Ցեղն ու բոլոր ագգն՝ անմահ, անվանի,
Հայրենյաց սիրուն, հավատի խաթեր
Պատրաստ են զոհ տալ իրանց կյանքն, օրեր»:


— Սելավն վրա պրծավ, գլուխդ պահի՛ր, Վա՛րդ ջան. տուտը բաց էլավ, մնաս բարով, ղո՛ւրբան:

«Ինձ ո՛չ սելավի, ո՛չ թրի, թվանքի,
Ո՛չ ամպի կայծակ, ո՛չ ֆրթնա ծովի
Չե՛ն կարող հաղթել, քեզանից խլել:
Տե՛ս, սֆթա Էկողն ի՛մ ֆորսս պտի ըլիլ.
Թե սելի տակիցն չե՛ս ուզում՝ կռվիմ,
Դուս կգամ դաշտը, մենակ կկանգնիմ,
Կընկնիմ նրանց մեջը կեծակի նման,
Դաղըթմիշ կանեմ, ինձ կտամ դուրբան:
Յա՛ արագահաս զինավոր Սարգիս,
Քեզ եմ կանչել, դու ղվաթ տո՛ւր ձեռիս»,
Ասեց պատանին՝ Վարդիկն Հայկազուն,
Ոտը վեր քաշեց թվանքի ու իսկույն
Ական թոթափել՝ թշնամու գլուխն
Ձիու ճտովն ընկավ, լիսը բացվեցավ:
Կամեցավ երկինքն՝ ամպերն հավաքի,
Որ էս դառն վիճակն բնավ չտեսնի,
Բայց արեգակի լիսն, քամու թևն
Առան, տարան նրանց սարերի ետևն,
Որ տեսնին Հայոց քաջության հանդեսն,
Թշնամու հաղթվիլն ու նրանց սև երեսն:
Ինպես կատաղի գազան՝ Հասան խանն
Թափի տակիցը դուս պրծավ, հասավ.
Շորագյալի դոշն մթնեց, սևացավ.
Խլղարաքիլիսեն մխումը կորավ.
Հենց բռնես, երկինքն հանկարծ փուլ էկավ,
Ամպ ու կայծակով քանդեց սար ու ձոր.
էսպես էր նրանց խեղճ հալը էսօր:
Տավարն մեկ կողմից քշեցին, տարան,
Գեղը մեկ կողմից կրակ տվին, առան:
Ինչպես մեկ կաթիլ գարնան անձրևի՝
Սաստիկ մրրկի, քամու ձեռ ընկնի,
Կամ մեկ անմեղ գառը հարիր գազանի
Ռաստ գա ու մնա կանգնած նրանց միջի,
էնպես մնացին չորս կողմը պատած.
Վերևն՝ երկինքը, ներքևն՝ հողը սառած:
Բայց քաջ Հայկազունք սիրտ-սրտի տվին,
Վարդանն մեջ արած՝ իրար կանչեցին.
«Մեռնի՛նք թո՛ղ էսօր մենք էլ միասին,
Որ սուրբ Վարդանի հասնինք, ա՜խ, փառքին:
Ընկե՛րք, մի՛ վախիք, դուք ղոչաղ կացե՛ք,
Քամակ-քամակի տվե՛ք, միացե՛ք,
Թո՛ղ մեկ հող, մեկ սուր փրթի, մեզ թաղի,
Մինչև ետին մարդն, մեկն էլա չփախչի»:


Արեգակը կրակ դառած՝ Ալագյազի կողմիցը բարձրացավ. աչքերը սրել երկրի մեջն էր ուզում մտնի, քարերը ճոթռի, որ պարզ տեսնի մեր ազգի քաջահաղթությունն ու տղամարդությունը: Ամպերի գլխին բոց էր վեր ածում, որ չհամարձակին նրա երեսը կալնին ու իրանց տեղը տազ արած մնան: Սար ու ձոր սիրտ ու գլուխ բաց էին արել ու իրանց խոնարհությունը, իրանց ծառայությունը ցույց տալիս: Բայց խլղարաքիսեն է՛ն խավարն էր բռնել, է՛ն շամանդաղն էր պատել, որ աչքը իր առաջը բռանց էր տեսնում: Թվանքի ձենը, թշնամու գոռոցը, ձիանոնց խրխինջը, տավարի բառանչը, գետնի թոզը ու դումանը Շորագյալու դաշտը բռնել, կապել էին: Քրիստոսի խաչի ու Ալու փանջի հոգին ո՛չինչ օր էնպես իրար չէին դիպել, ինչպես էս սհաթը:

Հարյուր անգամ պարսից սևագունդ զորքը զու արին, երիշ քաշեցին, ամեն անգամ էլ հարյուրով կոտորվեցան, իրանք իրանց լաշերի վրովը, էլի ետ փախան, շունչ առան, էլ կրկին Էկան, էլ կրկին մեկ բուռը խալխի թվանքի համն առան, էլի ամոթով ետ դարձան: Ո՛չ Նազի խանն էր կարում իր հունարը ցույց տալ, ո՛չ Օքյուզ աղեն, ո՛չ Սվանղուլի խանը: Ղազախ, քուրդ սարվազ` ինչ տղամարդություն ունեին, թափեցին, ո՛չ նիզամով կարացին, ո՛չ երշով մեկ քանի հողագործի տուն առնեն: Որտեղ մոտանում էին, տան դռներիցը, սելի արանքներիցը թվանքները էնպես էին ճռռում, որ շատ պարսիկ իր ընկերին էր ոտնատակ տալիս: Տա՛վար, ո՛չխար գնացին. արտերի կրակի բոցը և ծուխն երկինքն էր հասել:

Հասան խանը հուսակտուր սկսեց Սահակ աղին ղրկել, որ նրանց սիրով հորդորի, գան, նրան գլուխ վեր բերեն, ռսիցը դռնմիշ ըլին, իրան հնազանդին, նա նրանց մազին չէր դիպչիլ: Բայց Սահակ աղեն՝ էս երեվանցվոց փրկիչը, որ օրը հարիր մարդի գլուխ պրծացնում, գազանի ձեռիցը իր ազգին խլում, պահում էր, օրը հարիր աղքատ հայի դարդին հասնում ու թուրքիցն ազատում էր, ի՞նչ սրտով պետք էր նրանց խրատ տա, որ աստված թողան, սատանին հնազանդին: Բայց հրամանը ծանր էր. չաներ, հազար հայի սարվազ ու ձիավոր, որ ղոնշունումն էին, մեկ րոպեումը սուրը կքաշեին: Աղլուխը աչքին դրած՝ մոտացավ էս պաշտելի իշխանը: Նա չէր արտասվում, թե գան, հնազանդին, նա լաց էր ըլում, թե իրանց գլխի ճարը տեսնին ու գազանի ձեռը չընկնին: Հենց հայի ղոնշունը մոտացավ, Սահակ աղեն՝ նրանց գլխին, հենց բերանը բաց արեց, որ խոսի, ո՛չ թե նրանց դարձնի, այլ խրատ տա ու մխիթարի, հարիր թվանքի բերանը ցցվեց.

— Գնա՛, աջամի հայ, էդ երեսիդ միռոնին ենք խաթր անում, թե չէ վաղուց ձեր արինը մեր հողը կներկեր, վաղուց ձեր հոգին մեզ ղուրբան կըլեր: Լուսավորչուն գնացե՛ք, խունկ ու մոմ վառեցե՛ք, որ ձեզ սաղ-սաղ ետ ենք դարձնում: Մենք աջամի հացը չե՛նք կերել, աջամի ձեռի տակին չե՛նք մեծացել, որ նոքար դառնանք: Դուք մեր թրի հունարը լավ գիտեք, դուք ղրաղ կացե՛ք, ձեր ի՞նչ գործն ա. թո՛ղ մեր թշնամին մեր աոաջը գա, սիրտ ունի, մոտանա, սովորել ա գողի պես գեղեր քանդի, տավար հետ ածի. թե կտրիճ ա, թո՛ղ իր հունարը ցույց տա: Մենք հազար մարդ չենք ըլիլ, ձեր ղոնշունը քսան հազարից էլ ավելի ա. քանի շունչ ունինք, մեր հողն ու օղլուշաղը ձեզ չե՛նք տալ, ե՛տ դառ:

Ինչպես մեկ կատաղած ղափլան (վագր), էս բանը որ լսեց Հասան խանն, հրամայեց զորացը, որ թրի, թվանքի մտիկ չանեն, յա՛ Էն օրը մեռնին, յա՛ իրանց ամոթը ծածկեն, յա՛ Խլղարաքիլիսեն տակնուվեր անեն, յա՛ իրանք տակովն ըլին: Ինքը թուրը հանած՝ ուզում էր, որ նրանց առաջին գնա ու առաջին թուրը ինքը խփի, սելի սանգարը ինքը կոտրի ավալի եսրի գլուխն ինքը թռցնի, Օքյուզ աղեն մեկ կողմից, Նաղի խանը մյուսից` հազար մուննաթով նրան կակղացրին, որ իր անօրեն կենացը խնայի, իր գլխի պատիվը չի՛ կորցնի, ինքը չադրումը նստի, սարիցը նայի, տեսնի, թե ի՞նչ հրաշք կգործեն նրա ծառեքը. երբ իրանք կմեռնին, Էն ժամանակը թո՛ղ գա, որ նրանց արնի ջաոմեն հանի: Խնդրները կատարվեցավ. երկաթի երեսը մի քիչ դինջացրեց, քոսա միրուքը սղալեց ու քավթառ քոսի աչքերը դես ու դեն քցելով, անատամ չանեքը իրար խփելով` նոթերը կիտեց, ղայլանը քաշեց, որ քիթ ու պռունկը դեռ ծխով լիքը` իր դժոխքի բերանը բաց արեց, որ ինչ հայի ձիավոր ու սարվազ կան, առաջ քցեն, իրանք ետևիցը գնան, որ սրանք կոտորվին, նրանց բարութը հատնի, որն էլ իրանք ետևիցը սպանեն, թե իրան հավատակցին ղիմիշ անի ու երըմիշ չըլի. կամ թե խլղարաքիլիսեցիք իրանց դավանակիցը տեսնելով` թուլանան, թվանք չի քցեն, որ ետո իրանք հանկարծ վրա թափին, սելերը դաղըթմիշ անեն ու նրանց ապավինողներին կամ սրով ջարդեն, կամ սաղ՛սաղ կրակը դնեն, էրեն:

Հասան խանը մեկ քանի ձիավորով նի էլավ սարը, դուրբինը առավ ձեռքը, մեկ քարի վրա պըպզեց ու ձեոով արեց: Օքյուզ աղեն իր քրդերովը, Նաղի խանը իր ղազախներովը՝ աջ ու ձախ բռնած, Սվանղուլի խանը իր սարվաղներովը, Ջաֆար խանը՝ սարդարի մեծացրած փեշղսմաթը (փոքրավորը), իր ղոնշունովը, հայերին, ինչպես մեկ սուրու ոչխար, մեջ արած՝ ծեծելով, ջարդելով սկսեցին առաջ խաղալ: Քաջածաղիկ պատանին Վարդան, որ հինգ սհաթումը քառասնից ավելի մարդ կամ սպանել էր, կամ յարալու արել, որ արծվի պես էս կտրից էն կտուրն էր ընկնում ու որին բարութ, որին սիրտ տալիս, մխիթարում, լեղապատառ վազեց, հոր անկաջը մտավ ու լացակրկնած, մազերը պոկելով հորը ցույց տվեց, ճտովն ընկավ, երեսը համբուրեց, ոտները պաչեց, որ չունքի մեկ օր պետք է մեռնեին, թո՛ղ էսօր մեռնեին, սել ու տուն կրակ տային, օղլուշաղներն էրեին ու իրանք ընկնեին թշնամու մեջը, որ որտեղ թուրը կոտրվեր, բարութը հատներ, իրանք էլ էնտեղ նահատակվեին, որ իրանց ազգի վրա ո՛չ թուր քաշեն, ո՛չ թվանք քցեն:

— Ամեն մարդ իր գլխի տերն ա, — գոռաց էս անսիրտ հալև»որը էնպես, որ աչքերիցը կրակ էր վեր թափում, — ընչի՞ են էսքան խղճացել, որ իրանց թուրը իրանց սիրտն են կոխում: Մարդ որ իր տանը, իր աշխարքին մուղայիթ չի՛ կենա, իր հողի ղադրը չգիտենա, մեռնի մեկ օր առաջ լա՛վ ա, քանց սաղ մնա. հողն էլա հո կդինջանա՞: Նրանք էն վախտը կըլին մեր ազգը` հայ Քրիստոնյա, որ թե էս սհաթին դոնմիշ կըլին ու համ իրանց կազատեն, համ մեզ քոմակ կանեն: Գլխիցս ձեռք վերցրո՛ւ, դու դեռ ջահել ես. հալա մեծացի՛ր, ետո ինձ խրատ տո՛ւր: Աշխարքը դեռ փակ ա քո աչքին:

— Հա՛յր, հա յր, նրանք ի՞նչ մեղավոր են, գլխիդ մեռնիմ, Էդ սիրտը մի՛ ունենար, մեր ազգին խեղճ արի. Թո՛ղ մենք մեռնինք, նրանք ապրին: Մեր օղլուշաղը մեր մոտին ա, նրանցի աչքը՝ ճամփի, մի՛ անիլ:

— Ձեռք վերցրո՛ւ, ասում եմ, հրես Էկան: Տղե՛րք, էլ մե՛ք մտիկ անիլ:

— Աղա՛, ձեր ազգն ենք, աղա՛, քո արևի սադաղին, ամեն մեկս տասը, քսան գլուխ քյուլֆաթ տանը վեր ածած՝ թողել, էկել ենք. թրով են բերել, մենք չէինք գալիս: Աղա՛, գլխիդ ղուրբան, տեսնո՞ւմ ես, որ մեզ զոռով կրակն են ածում, յա՛ բաց արե՛ք ձեր սանգարը, որ մենք էլ ձեր մեջը գանք, ձեզ հետ թուր տանք, մեր օղլուշաղի տերն էլ աստված, յա՛ թող հայի թրով մենք չմեռնինք: Մեզ մորթի՛ր, գլխիդ մեռնիմ, չէ՞, մենք էլ քո ազգն ենք, մեկ ավազանում ծնված, մեկ խաչի պաշտող: Մեզ ջուրն ածի՛ր, խեղդի՛ր, մեզ մի՛ սպանիր, մեր դառն օրը մեզ հերիք ա: Մեր փրկիչն էսօր դու դա՛ռ: Թուր էլ ունինք, թվանք էլ, ամա հազար թուր՝ մեր գլխին սրած, հազար գազան՝ չորս կողմներս բռնած: Ի՞նչ անենք, ո՞ր ջուրն ընկնինք:

Ամպերն սկսեցին սարերիցը գոռալով բարձրանալ, երկինքը երեսը ետ բարձացրեց. արեգակը աչքը խփեց: Արին էին ուզում հայոց հսկայքը պրծացնիլ, իրանց ազգի արինը պետք է թափեին, հազար մարդ էին ուզում պահպանիլ, հինգ հազար ջիվան տղերք սրախորով անիլ, տասը հազար մանր երեխա՝ մեծ, պստիկ, անհեր, անաախպեր թողալ: Մեկ գեղ էին ուզում շինիլ, մեկ սաղ աշխարհ քանդիլ: Իրանք բոլոր մեռնեին, ետի եկողները կասեին, թե թշնամին նրանց կոտորեց, բայց թե իրանք իրանց ազգի վրա սուր քաշեին, հազար բերան ազգե-ազգս պետք է նրանց անիծեր, թե հայը հայի տունը քանդեց, հայը հային կոտորեց: Տղամարդություն էին ջանք անում ճարեն, ամոթք, նախատինք պետք է նրանց հավիտյանս հավիտենից մնար: Շատ էլ ուզեց, որ աղա Սարգիսը աչքին, սրտին հուպ տա, բայց արինը ետ դառավ, արտասունքն էկավ, լցվեց, կրակը հանգավ, դող ու սրսուռ ընկավ ջանը: Առաջին էր նայում՝ իր ազգն էր լալիս, ետևն էր նայում՝ գեղը վա՜յ տալիս, երեխեն գոռում, օղլուշաղը մեռնում.

— էկա՛ն, էկա՛ն, վա՜յ մեր օրին:

Բայց ո՛չ երեխեքանց սուգը, ո՛չ կնանոնց լացը, ո՛չ մահն ու կյանքը էլ նրանց աչքը չէկան: Երկնային հրեշտակն՝ անմահության պսակը ձեռին, էկավ, նրանց վրա կանգնեց, նրանց ձեն տվեց.

— Հազար ու բիլոն ձեր ազգիցը էս օրը քաշեցին, թե ազդ եք ուզում պահիլ, ահա՛, ձեր առաջին.մեռե՛ք նրանց ուղուրին, որ քանի աշխարհս կա, ձեր անունն հիշվի, թե դուք ձեր ազգի արինը լավ համարեցիք, քանց ձեր իսկ կյանքը, քանց ձեր որդիքը: էյ ի՞նչ եք կանգնել, կրակ տվե ք, տուն, օղլուշաղ էրեցե՛ք ու վրա թափեցե՛ք:

— Կրակ տվե՛ք, տուն, օղլուշաղ էրեցե՛ք, վրա թափեցե՛ք. Տղե՛րք, երեխե՛ք, մնա՛ք բարով, ամպեր, թափեցե՛ք, երկինք, գոռացե՛ք. Հողե՛ր, դաշտե՛ր, ձորե՛ր, սարե՛ր՝ սուգ արե՛ք, վկա կացե՛ք: Ով անց կենա էստեղ, ասեցե՛ք, թե մենք մեր ազգի համար մեզ մատաղ արինք, մեզ գերի տվինք, սուրը քաշվեցինք: Սելավ ըլեր, մեզ տանիլ չէ՛ր. դժոխք ըլեր, մեզ մոտանալ կարող չէ՛ր. երկիրը բացվեր, մեզ կուլ տալ կարող չէ՛ր. սաղ Պարսկաստան պոկ գար, մեր մեկ մազը թեքիլ չէ՛ր. Հասան խան, քո ամեն մեկ թիքեդ հազար սատանի ձեռ ընկնի՛, քո ջիդեն սրտումդ ցցվի՛: Որդիք, բալա, օղուլ, չողուլ, ղովում, ղարդաշ` էլ սուգ մե՛ք անիլ: Մեր տները թո՛ղ մեզ գերեզման ըլին, մեր արինը՝ մեզ մեռլաջուր, մեր հողը՝ մեզ պատան, մեր ձենը՝ մեզ ժամ, պատարագ: Սուրբդ Վարդան քաջ նահատակ, դո՛ւ տուր մեզ պսակն:

Խոտի դեզերի կրակն ու բոցը,
Խեղճ օղլուշաղի հարայ հրոցը,
Դարմանի ծուխը, կալերի մուխը
Ամպի պես ելին, օրը խավարացրին:
Գեղի չորս կողմը առավ ալավը,
Տների մեջը ծով դարձավ լացը.
էլ ո՛չ հեր կարաց որդուն համբուրի,
էլ ո՛չ մեր կարաց տղին մեկ տեսնի:
Հարսի սրտումը իր սերը մեռավ,
Փեսի բերնումը լեզուն չորացավ.
Քիրն ուզեց ախպորն ջան էլա ասի,
Ախպերն՝ քվորը իր խտիտն առնի:
Մեր ու խեղճ հարսներ՝ իրանց երեխեքն,
Տդերք, ծերունիք իրանց սուրն ու զենքն
Դոշին կպցրին, երկինքն նայեցին,
Աչքները խփեցին ու ա՜խ քաշեցին:
Մեկը դուոը փակեց, որ կրակումն էրվի,
Մեկն աչքը խփեց, որ ցավ չտեսնի:
Տղերքը գեղիցը դուս թռան դաշտը.
Տանըցիք փախան, որ ընկնին կրակը,
էլ լաց չէ՛ր գալիս նրանց կարոտ աչքը,
Նրանց բուրջ, բադան մնաց երկինքը:
«Տունը քանդեցին տանըցոնց գլխին,
Սելը քանդեցին, վրա թափեցին»,
Ձայն տվեց Վարդանն՝ հզոր պատանին,
Աշոտն քաջասիրտ, Մուշեղ Արծրունին,
Մեկն Նաղի խանի, մեկն Օքյուզ աղի,
Մեկն Ջաֆար խանի քամակը բռնեցին.
Երկուսն հրեշտակի պես թռան, գնացին:
Բայց սուրն Վարդանի՝ Օքյուզ աժդհին,
Որ սաղ առյուծին թե խփեր գլխին,
Իսկույն կսատկեր, կճապաղեր գետնին,
Միջիցն երկու կես արեց էն սհաթին.
Կեսն ձիու էս կողմը քաշ էլավ,
Կեսն մյուս կողմին դիպավ ու կպավ:
Իսկույն սարիցը ամպը տրաքեց,
Երկինքը բաց էլավ, թե հողը պատռվեց՝
Ք՛սան ձիավորով հսկայն Աղասի
Ղարսի սարերիցն թռած, իր ղշի
Ձիու ականջումն մտած՝ վեր էկավ
Քրդի շորերով, սարին վրա պրծավ:
Գազան Հասան խան նրանց քուրդ կարծելով՝
Հենց որ մոտացան, ընկավ քարերով:
Փեշղսմաթքյարի, խանի, բեկերի
Գլխըներն, ինչպես մեկ անջան ծտի,
Թռան առաջները, ձիանոնց տակերը:
Ձարամու գլխին ջուր, կրակ մաղվեց.
Ձին էլ տիրոջ վրա ոտը բարձրացրեց.
Գյումբրու դզիցը ռսի բալաբան,
Քաջ սալդաթների դաստեն, կապիտանն
Արծվի պես հասան, թշնամուն մեջ առան:
Թոփը մեկ կողմիցն, թուրը մյուսիցն,
Մինը առաջիցն, մինը ետևիցն
Հնձեցին թշվառ թշնամու զորքը,
Ջարդեցին, բերին էլ թոփի կողքը:
Արինը ծովի պես գնում էր, կանգնում,
Հայերն լաշերի վրով անց կենում.
Նոր հոգի առած՝ իրանց տունն ընկան,
Հեր ու մեր, որդի դոշ-դոշի կպան.
Հարսն ու փեսայի ջուր դառած աչ՝քը,
Երկինքն վերացած հոգին ու կյանքը
Էլ աշխարհ Էկան, էլ իրար քթան,
Իրար գրկեցին, իրար մոռացան,
Իրար ձեռք տվին, բայց դեռ չիմացան՝
Երկնքո՞ւմն են, թե՞ աշխարքիս վրա,
Երազո՞ւմ, քնա՞ծ, թե՞ աչքները բաց:
Հազար անգամ էն սուրբ հողին, գետնին
Ընկան, համբուրեցին ու ծունր դրեցին,
Աղոթք, պաղատանք աստծուն մատուցին:
Սար ու ձոր նրանց վրա խնդային.
Դեզերի բոցը դառավ չրաղդան.
Որդի ու ծնող իրար ճտով ընկան.
Ինչ որ ունեին՝ առան ու էկան.
Որ թոփի տակին, սալդաթի մոտին
Հավաքվին, որ էլ վնաս չտեսնին,
Մինչև թշնամիքն գնան ու կորչին:
Բայց էս հադաղին քաջն Աղասին՝
Հազար աչք ուզեց, որ տեսնի նրան,
Գյում էլավ իսպառ, կորավ նա անձայն:


Արեգակը դեռ երկնքի մեջտեղը չհասած ուզում էր, որ կրակ վեր ածի, սար ու ձոր խորովի: Հյուսիսային կողմիցը մեկ մթնած, սևակոլոլ ամպ, երկնքի երեսը ջարդելով, վազում էր, որ նրա առաջը բռնի: Ալագյազի քլխիցը մեկ դառնաշունչ բորյազ վեր կացավ ու քար ու հող իրար գլխի տալով՝ էկավ, Խլղարաքիլիսի վրա դահիճի պես բռնեց: Արինակեր Հասան խանը, որ էսօր ավելի իր ձիուն, քանց իր քաջության հունարովը գլուխը պրծացրեց, կատաղած գազանի պես հոգին բերանն առած որ ետ չի՛ մտիկ արեց, աստված ո՛չ շհանց տա. զորքը ամեն մեկը սար ու ձոր ընկած, շատի ձիանն՝ որը լկամը կոտրած, որի թամքը փորի տակին, որն էլ իր տերը Էնքան էր գլխի վրա քաշ տվել, քարեքար տվել, որ գլուխ, երես ջարդվել, կոտրատվել, ոտներն էին օրզանգվումը մնացել ոլորված, կախ ընկած, կամ կես մարմինը ջախըբուրդ էլել, սիրտն ու թոքը արինքամ էլել, փորիցը դուս թափել, ու խրտնած ձին, քանի ոտներին էր դիպչում, է՛նքան խրխնջում, սար ու ձոր ընկնում:

Ղուլ ու նոքար Աղասու թրին էին ղուրբան էլել, որ էս միջոցումը Ղարսա սարերի վրա մեկ քանի ղոչաղ քրդստանցի հայ ետևն էր քցել ու արծվի պես, որտեղ մեկ ֆորս ճանկում էր, ական թոթափել վրա էր հասնում, ցրվում, փարա-փարա անում: Հարիր տեղ նրան ղզլբաշի ղոնշունը՝ Մաստարա, Ղոշավանքի դզերումն, ռաստ էին բերել, հինգ հարիր մարդով վրա տվել ու քառասունով, հիսունով ջարդվել, էլ ետ դառել: Սուդագյան մեկ օր Նաղի խանին` էս ահագին գազանին, որ հարյուր մարդզի չէ՛ր ասիլ, թե աստված ա ստեղծել, է՛ն տեղը քցեց, որ իր մարդկերանցովը մեկ բարձր թափից վեր ընկավ ու ղզլբաշի հողը մտավ, որ պըրծավ, թե չէ՛ Աղասու ձեռին պետք է իր բոլոր սպանած անմեղ հայերի արնի ջառըմեն տար: Բայց Աղասու արածները թողանք ուրիշ ժամանակի ու գնանք մեր բանը:

Հասան խանը որ աչքը չի՛ բարձրացրեց ու Աղասուն` ձիու անկաջը մտած, ետևիցը քշելիս տեսավ, ոտն ու ձեռքը թուլացան. ուզում էր ձին բաց թողի ու քարափնվեր, Արփաչայի ձորն ընկնի, ուզում էր, որ ինքը իր թուրը իր սիրտը խրի, որ չասեն, թե Հասան խանին սպանեցին, քարին իր գլուխը մատաղ տա, քանց մեկ ռհաթ հայի, որ հազարներով հենց էն տեղարենքն էր սուրը քաշել, տանով, տեղով էրել, գերի արել. բայց էլի ոաշդի սիրտը ո՛չինչ տեղ էնքան ղայիմ չի՛ ըլիլ, որքան ետին սհաթումը, կյանք ու մահ կռվելիս: Մեկ չարեք վերստաչափ տեղ էր մնացել, որ շունչը քամուն տա, հենց էն ա, թուր, ասպաբ ուզում էր, որ ետ անի, ձին բաց թողա, մեկ քարի տակ չոքի ու բալքի իր թշնամուն գյուլլով էլա վախացնի կամ սպանի, վախտն անց էր կացել: Հսկայն Աղասի թուրը սրտին դեմ արեց.

— Վե՛ր քցի թուր ու թվանք ձեռիցդ, որ էս սհաթիս փառչալամիշ կանեմ: Դու էստեղ չի՛ պետք է սատկիս, հայակեր շո՛ւն, իմ թուրն ափսո՛ս ա, որ քեզ պես թշվառ ճիճուն սպանի, չէ՛, ամոթ ա իմ տղամարդությանը, որ քեզ քարի տակի կամ չոլումն սատկացնեմ, որ ղշերը ջամդաքդ ուտեն, քարերն ու հողը քո մուռտառ արինդ ծծեն, ու լսողը Էնպես կարծի, թե կռվումը մեռար. Է՛դ անիրավ լաշդ չի՛ գտնի, մեռած հողիդ վրա էլ չի՛ թքի, ու ամեն անց կենող մեկ քար չի՛ վրեդ քցի ու գյոռիդ ուշունց տա, թե քո անաստված ոսկերքն են Էնտեղ հող դառել: Հլա քանի Երևան չե՛ն առել, քեզ հետս շան պես քաշ կտամ, սարեսար կքցեմ: Ճանճը սպանիլ ի՞նչ տղամարդություն ա: Հլա շատ օր պետք է հայի հաց, խոզի միս ուտես, հայի մեծահոգությունը ու մարդասիրությունը տեսնիս, որ նեղ օրվան ղադրը իմանաս, իմանա՛ս, թե տնաքանդությունը, մարդասպանությունը ի՞նչ զատ ա, իմանա՛ս, թե Քրիստոսի օրենքն ո՞րքան սուրբ ա, ու կամ մեր խաչին ղուլ դառնաս, մեր հավատը պաշտես, որ հոգուդ փրկություն ըլի, յա թե չէ, որ էդ արինաթաթախ ձեռներովդ, էդ սատանի փայ հոգվովդ ուզենաս ձեր ջհանդամը գնալ, քեզ էն հայերին տամ, որի որդիքը կոտորել, տները քանդել, աչքերը քոռացրել «ես», որ միսդ` ղիմա-ղիմա, արինդ շանը տան ու գլուխդ գեղեգեղ, աշխարքե-աշխարհ ման ածեն, առաջիդ մատաղ մորթեն աստծու համար, չունքի մատաղի ու մարդի արնի էդքան ծարավ էր քո հարամ սիրտը, որ բալքի թե իմ խեղճ ազգի սիրտը հովանա: Հազար-հազար գլուխ ես կըտրել, Ղարս ու Բայազիդ քանդել, ավերել, ափսոս չի՞ էդ ղոչ գլուխդ քարի տակի մնա: Չէ՛, չէ՛, Հասան շուն, հայի սիրտը մեծ ա. քեզ վրա պետք է գյոռ շինած, քար կաղնացրած, անունդ ա պատմությունդ վրեն գրած, որ մեր որդիքն էլ քո տղամարդությունն իմանան ու ձեզ պես շան ձեռին գերի չընկնին, ձե՛զ գերի անեն, ձե՛զ կոտորեն, ձե՛ր հողին հանեն: էս էն քարերն են, որ ոտնատակ էիր տալիս ու հազար գերի վրներովը տանում կամ սպանում, որ հմիկ ոտդ բռնել են, քեզ ուզում են կուլ տան, քեզանից վրեժ պահանջեն. բայց ես չե՛մ տալ, ես քո արինը էդպես էժան չե՛մ ծախիլ, էդ թանկ ջանդ ի՞նչպես շուտով վարթարաֆ կանեմ. հլա ինձ շատ պետք է տեսնիս, որ արածներդ միտքդ բերես, դու ամաչես, որ հայի ղուլ ես դառել. ես ուրախանամ, որ քեզ լավություն կարողացա անիլ ու մեկ քանի ժամանակ էլ կյանքդ երկարացրի: Երեսիդ խաչ հանի՛ր, երեսդ մեր աղոթարանը դարձրո՛ւ, դու մեր անտեր հայերին շատ ես քո քյաբի կողմը դարձրել ու շլինքը կտրել. էսօր էլ դու մեր աղոթարանը ճանաչի՛ր. մերիցը արեգակն ա դուս գալիս, մեր դաշտերը ծաղկացնում, ձերիցը տաք քամի գալիս, հանդերը էրում, չորացնում: Չոքի՛ր, Հա՛սան խան. տերտեր չե՛մ, ամա գետը մոտիկ ա, ջուրը կքաշեմ, Հասան անունդ կդնենք Օհան: Մեր պասը դեռ չե՛ս պահել, չունքի միս ուտելու սովոր ես: Օ՜, մեր սրբությունը, որ էնքան ոտի տակ ես տվել, թե որ աստված տա, համն առնիս, էն ժամանակը է՛դ սև երեսդ կսպիտակի, է՛դ գիլի աչքերդ գառնի կդառնա, է՛դ հոտած բերանդ կդառնա աստուծո տաճար: Մինչև մեր Քրիստոսին չպաշտես, մեր սրբերի առաջին հազար անգամ չչոքես, մեր մեռոնը երեսիդ չքսվի, մեր տերտերի ձեռը չպաչես, Աստված երկնքիցը ձեն տա, քեզ չէ՛ թե բաց թողամ, փառչա-փառչա կանեմ, էդ փիս հոգիդ սատանեքանցը կտամ: Շո՛ւտ, չոքի՛ր, չոքի՛ր, թե չէ, տեսնո՞ւմ ես թուրը, գլուխդ սոխի պես կթռցնե՛մ, չոքի՛ր...

Քար ըլեր` կպատռվեր էս խոսքերիցը, ի՞նչ թե Հասան խանը՝ աշխարքի տերը, երկրի քանդողը: Ամեն բանը տարավ համբերությամբ, ձեն չի՛ հանեց: Քուրդ ասեր, օսմանցի ասեր նրան էս խոսքերը, ե՞րբ էնքան կցավեր. հայից էսպես թուք և մուր ստանա, որ մինչև էն օրը խո՛տ, ա՛ղբ էր համարո՞ւմ: Հայը նրա հավատը ոտի տակ տա՞: Արինը կոխեց աչքերը, մեռած հոգին, հենց գիտես, նոր շունչ առավ. ատամները ղըրճըտացրեց, աչքերը կայծակին տալով տեղիցը վեր թռավ ու կատաղածի պես ղամեն հանեց, վրա պրծավ.

— Հայի շուն, դո՞ւ մնացիր Հասան խանի վրա ոտք բարձրացնես, դո՞ւ մնացիր ձեր հոտած հավատի լափն իմ գլխին ածես, գյոռդ պատըռվի, Հասան խան, հողը գլխիդ, էս ի՞նչ ես լսում: Գլխիդ փափախը քամին տանի, քոռանայիր, ո՛չ լսեիր, էս ի՞նչ իմացար: Հազար-հազար մարդի փոր վեր ածես, մեկ հայի կտորի առաջին էսպես կո՞ւչ գա՞ս. էլ ո՞ւր եմ ուզում աշխարհներ առնեմ, որ էս խոսքը պետք է լսեի: Ընչի՞ չի՛ պետք է ես հայ-օլանի քոքը կտրեի, որ ձեր անհավատ հոգին երկրի վրա էլ չըլեր,— ասաց ու կատաղությամբ ղամեն էնպես Աղասու վրա շպրտեց, որ թե ձին չէ՛ր խրտնել, ու Աղասին գլուխը կռացրել, ղամեն սրտի մեջտեղը պետք է ցցվեր:

Աղասին քարիցը կկարծեր, նրանից չէ՛ր կարծիլ էս բանը:

— Խա՛ն, կատաղած գիլի կերած մսի համը դեռ ատամների տակը կըլի, արինակե՛ր գազան. էդպես հո չե՞ն խփիլ կամ գողի պես վրա պրծնի՞լ: Ձեռս ափսո՛ս ա, որ քեզ դիպչի, գազանին գազանով պետք է պատժած: Խա՛ն, հլա ձիուս հունարը տե՛ս, հետո կիմանաս, թե ի՛նչ թուր ա վրեդ խաղում, — ասաց հսկայն ու ձիուն ղամշեց:

Կատաղած ձին՝ բերանը փրփուրը լիքը, առաջին ոտները որ չի՛ բարձրացրեց ու թռավ, Հասան խանի լեղին ջուր կտրեց, բայց բախտը բանեց. ձին որ թռավ, նա մնաց մեջտեղը անվնաս: Մինչև Աղասին ձիու ջիլավը կքաշեր ու ետ կդառնար, Հասան խանը հոգի առավ, փշտովը հանեց, ձիու ճակատը ետ դարձնիլը ու փշտովի տրաքիլը մեկ էլավ: Հայվանը փռնչաց, երկու քթիցը արինը պրծավ, առաջի ոտների վրա էնպես չոքեց ու գետնին դիպավ, որ Աղասու ոտի մատները օրզանգվին կպավ, աչքը կեծակին տվեց, սևացավ, արինը սրտումը թան դառավ: Մինչև Աղսին ոտը օրզանգվիցը կհաներ, մինչև ձեռը թրին կհասներ ու ձիու տակիցը կբարձրանար, ասլան Հասան խանը վրա հասավ, երկու լտրանոց թուրը շողաց. քար ու ձոր սկսեցին, էն ա, էլ իրանց գլուխը լալ ասլան Աղասին գլուխը որ սաստիկ թափ չի՛ տվեց, էլ ետ փոքր արինը տաքացավ, մեկ ոտը օրզանգվումը, ձախու ձեռը թրին ղուրբան տալով, թշնամու դեմը բռնելով, աջու ձեոը որ Հասան խանի գլխովը չի՛ պտտեց, քաքուլի կամ միրքի մազի տեղ չանեն ընկավ ձեռքը, մատները բերնումը, բիթը բողազի տակին` չանին որ հուպ չտվեց, էն թաք-թաք հին ատամներն էլ, որ էստեղ-էնտեղ երևում էին, ճռռացին, իրար կպան ու փշուր-փշուր էլան. գլուխը հավի գլխի պես պտտելով` էնպես սաստիկ ոլորեց, որ բոլոր տամարները ճռճռացին, ու Երևանու աստուծո գլուխը Աղասու մեկ ոտի տակին մնաց, փորը` մյուս, ու էսպես կաղնած վրեն, ինչպես սուրբ Գևորգ իր վիշապի գլխին, սկսեց մեր հսկայն մուշամբեն հանիլ, որ միշտ հետը ման էր ածում, դեմն ատամով ու աջու ձեռով յարեն կապիլ, ղեմը էլ հավատի քարոզը կարդալ.
Последний раз редактировалось Lusine1101 07 май 2017, 11:11, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение:#12  Сообщение Lusine1101 » 07 май 2017, 10:49

— Հայի ձեռի դու չե՛ս արժան, ոտը համբուրի՛ր, հայակե՛ր գազան: Հայի արնի ծարավ էիր, դե՛, կշտացի՛ր, ա՛նհոգի, — ասաց ու մինչև կուռը կկապեր, արինն էնպես էր վեր ածում, որ խանի աչքին ու բերնին թափի: — Քեզ ասում եմ՝ մինչև հայ չի՛ դառնաս, մինչև երեսիդ խաչ չի հանես, չե՛ս պրծնիլ, չե՛ս, ի՞նչ ես մտածում, ես էսօր Լուսավորիչը պետք է դառնամ:

Բայց ա՜խ, երանի թե հավատը էսքան չըլեր մեր Աղասուն մոլորացրել, ու վիշապն ընկել էր ձեռքը, տար, վարթարաֆ աներ: Սատանեն իր պոչը մի բանում չխառնի, մինչև դու խաչը կհանես, նա իրան բանը կհոգա: Հենց յարեն կապեց, պրծավ մեր կտրիճը ու ձեռը շարժեց, որ արինը էլ ետ իր տեղը գնա, ու ուզում էր, որ թշնամու չար ձեռները կապի ու էնպես նրան հավատ բերի, աչքը որ բարձրացրեց, աստված ո՛չ շհանց տա. իր ընկերտիքը, ամեն մեկը մեկ սարի ծերից թռած` էկան, վրա հասան:

— Ա՛ղասի ջան, գլխիդ ճարը տե՛ս, քեզ ման գալով հոգիքս թռավ, ախր ո՞ւր մնացիր. Հասան խանը նոր ղոնշուն ա հավաքել, գալիս ա: Խլղարաքիլիսեն էլ ետ կոխեցին. Բոռչալվի թուրքերը կապիտանին գլխից հանեցին, թե ղզլբաշը Գյումրու բերդը կառնի, թոփ ու թոփխանա հետներն առան, ետ դառան. ջրատար, ողորմելի խալխը մնաց չոլումը, ոչխարի պես սառած, ոտը ո՛չ առաջ կարաց փոխել, ո՛չ ետը. որը ձի ուներ, էլ ո՛չ բարեկամի մտիկ արեց, ո՛չ ազգականի, վեր էլավ, փախավ Գյումրի. Մնացածները, աստված ո՛չ շհանց տա, իրար ճտով ընկած՝ մնացին գառն ու ոչխարի պես բղղալով կանգնած: Ի՛նչ նրանց հալն ա, աստված ո՛չ նշանց տա. սար ու ձոր սուգ են անում, լալիս:

Ձեր տունը չքանդվի, ի՞նչ եք ասում՝ Հասան խան: Տասը Հասան խան հո չկա՞ աշխարքումս. հրես, ոտիս տակին ընկած, հոգին տալիս ա. երազ ե՞ք պատմում, թե՞ գինովացել եք: Հասա՛ն խան, Հասան խան. Տո՛, հրես գլուխը ճտի պես ձեռումս, դուք ինձ պառավի հեքաթ ե՞ք ասում: Ամո՛թ ձեր փափախներին, տո՛, մեկ մտիկ արե՛ք, է՜ : Ո՞վ կհավատար ապա, թե Էն ահագին ասլանը մեկ գառի ոտի տակի ըլի. որ աչքըները չի առավ նրա զարհուրելի կերպարանքին, արինն աչքըները կոխեց. բոլորն էլ թուր հանեցին, որ նրան թիքա-թիքա անեն. էլի մեր խաչապաշտ Հսկայն իր սազն ածեց.

— Ո՛վ իմ գլուխը կսիրի, թուրը էլ «ետ» տեղը դնի. Էդ ո՛չինչ տղամարդություն չի՛ չոլումը մեկ ուլ մորթել: Թողե՛ք, հալա սրան մեկ հավատ բերենք, ետո ի՞նչ ուզում ա ամեն մարդ, թո՛ղ Էն անի:

— Տո՛, տո՛ւր, գլուխը ջնջի՛ր, դրա հոգին աստված առնի, դրա ամեն մեկ շունչը յաղու ա. օձը քանի շուտ սպանես, Էնքան քո խերդ ա: Դա էլ օ՞ր պտի տեսնի: Չէ՛, դրա օրը պտի խավարի, դրա գլխին քար ընկնի: Քարը քցի՛ր գլխին, դրա արինը մեր վզին: Տո՛, մեր ազգի տունը քանդողին էլ րոպե պետք է կյա՞նք տված, շունչը բերնումը թողա՞ծ. սպանի՛ր, ասում ենք, թե չէ քեզ էլ հետը կսպանե՛նք:

— Ինձ սպանեցե՛ք, սրան ձեռը մեք տալ: Թո՛ղ սրա մահը մեկ քանի մարդ էլա տեսնի, որ սրտները հովանա, է՜:

Էս խոսք ու զրուցումն էին, որ բիրդանբիր ձիավորի տուտը նրանց վրա բաց էլավ: Ընկերքը վրա թափեցին, որ անօրենի թոզը քամուն տան. անփորձ Աղասին, որ մինչև էն օրը նհախ տեղը մեկ արին չէ՛ր վեր ածել, նրանց դեն արեց, խանին քաշեց մեկ քարափի գլուխ, ինքը գլխին կանգնեց, խանի ձեռները կապած՝ ոչխարի պես առաջին վեր դրեց, ընկերներին հրամայեց, որ ձիանը ձորն անեն ու թվանքները հազրած՝ ձորի բերնումը կանգնին, ու իրեք գազաչափ խանիցը հեռու կանգնած, դոշը քարափին դեմ տված՝ էնքան մնաց, որ ձիավորների տուտը մեկ թվանքի մանգզիլ էկավ, մոտացավ:

— Գլխըներդ ոտիս տակին ա, ա՛յ թուրքեր, ձեր ճակատը` գյուլլիս առաջին, քսան ինձ նման իգիթ (ղոչաղ) տղերք՝ քամակիս. ամեն մեկս մինչև ձեզանից քսանը չսպանենք, մինչև մեր բարութը չհատնի, կրակ դառնաք, մեզ չե՛ք կարալ մոտանալ: Հինգ սհաթ ա ձեր հոգին, ձեր գլուխը իմ ձեռիս ա էլել. էն Հասան խանը, որ սարեր էր դողացնում, ոտիս տակին ընկած, սրան նայեցե՛ք, ձեր սև օրը լաց էլե՛ք: Խա՛ն, հրամայի՛ր որ Խլղարաքիլիսեն ազատեն, կյանքդ էլ ազատ ա, թե չէ՛ հավի պես կմորթեմ. իմ ձեռի հունարը դու լավ փորձեցիր: Մարդ ղրկի՛ր, որ ղոնշունդ ետ դառնա, թե չէ՛ քարափիցը վեր կքցեմ, հազար թիքա կըլիս: Ինչքան որ ըլի՝ մեկ հողում ենք մեծացել: Խա՛ն, կռիվ ունիս, դուշմանիդ հետ արա՛, խեղճ հայերը քեզ ի՞նչ են արել: էն ժամանակը քեզ խան կասեմ, թե որ էս տղամարդությունն անես: Մեծություն ունիս, բանացրու՛:

Ջանն ազիզ ա. Հասան խանի նամազն էլ էս էր, որ մեկ պրծնի. հազար արախլու ու թուրք սպանեին նրանք, ի՞նչ հաջաթ: Իրան դարդը քաշելով՝ իսկույն հրաման տվեց, որ մեկ քանի ձիավոր հասնին, ղոնշունը ետ քաշիլ տան, մինչև ինքն էլ գա: Բայց դեռ կիսաճամփի՝ Աղասու սիրտը գնաց. քաջ հսկայն չէ՛ր իմացել, թե մհլամը յարի վրա կդնեն: Կտրած տեղը մնացել էր բոշ. արինը թևերովը գնացել, ջանը բռնել էր. արեգակի շոգը մեկ կողմիցը, սովածությունը՝ մյուս, արինն էլ հո, հենց բռնի, ցամաքվել էր. էն հադաղին, որ զորքը ետ դառան, ու նա էլ սկսեց կրկին Հասան խանին հավատ բերի, քիչ-քիչ աչքերը շաղվեցավ, գլուխը պտըտեց, ուզեց, որ մեկ գլուխը բարձրացնի, տեղիցը վեր կենա ու ընկերներին իր գլխի էկածը պատմի, թուլացավ, քամակի վրա վեր ընկավ, աչքերը խփեց, մեկ բարակ ախից ավելի էլ ոչինչ չկարաց ասիլ: Սար ու ձոր ձեն տվին: Աղասու անունը որ տվին, քարափները զարզանդեցին: Ողորմելի ընկերքը քար ու հող գլխըներին տալով որ վրա չի թափեցին ու հարայ տվին, ձենն ընկավ ձիավորների անկաջը: Լացի, սգի ձենը որ իմացան, հենց գիտես, արեգակը նոր ծագեց, ական թոթափել թև առած` ետ դառան. էլ ո՞ւմ գլխումն էր մնացել խելք: Թշնամին էն ա, մեկ թվանքի մանգզիլ մոտացել էր, հարիր տեղից թվանքները բաց էլավ: Աղասին աչքը բաց արեց կամաց, ա՜խ քաշեց ու ձեռով իշարաթ արեց, որ ձորը թափին: Ընկերքը իմացան նրա մտիքը, ուսըներին դրին իրանց թանկագին բեռը ու ձորը թափեցին:

Հենց ոտն ու ձեռ բաց էլած որ տեսավ իրան, արյունակեր Հասան խանը թուրը ավալ ինքը ձեռն առավ. մինչև ղոնշունը ձորի բերանը կհասներ, Աղասու ընկերքը Անի քաղաքի բուրջը մտան ու Էնտեղ, ուր հարյուրավոր եկեղեցի, հազարավոր տներ, քոշք ու սարեք դիմացի սարերին ամաչացնում, վախացնում էին, ուր, ըստ ասության ոամկին, այնքան էր հարստություն և ճոխություն, մինչ մեկ հովիվ տեսնելով մեկ զատկի, թե կնիկը եկեղեցումը տեղ չէ՛ր ճարել, էս պատճառով մեկ ահագին տաճար շինեց, ու մեկ անսիրտ վանքականի խաթեր աստված հայոց վերջին կենաց ճրագը փչեց, թագավորաց թախտը կործանեց, իրանց սրո, հրո գերի արավ: Ա՜խ անմեղ սնապաշտություն, թագավորաց հաբեղայից մատաղ տվինք, որ Էստեղ ընկա՛նք, է՜: Ու Էն հիանալի ավերակքը, եկեղեցիքը թողեց մեզ սգո և լացի տեղեր: Էս բրջերի ծոցն էր, Էն սրբոց աղոթքը ու մեր թագավորաց՝ Գագկի... երկնային հոգին, որ Աղասուն պահեցին:

Մինչև նրան հինգ ընկերքը խտտած՝ գետնի տակի ճամփովը գետի ղրաղը հանեցին, մինչև ընկերտանց հինգը թաքուն էս կողմից, հինգը՝ էն անց կացան, որ ձորից, սարից ձեն տան, հարայ-հրոց անեն, մյուս հինգը բրջի ծակերիցը քսան ավել մարդ սպանեցին: Նրանք լավ գիտեին, թե հենց Էսօր էլ թուրք, քուրդ, հայ` ո՛չ ոք սիրտ չի անում Անու միջովն անց կենա, որովհետև կարծում են, թե մեջը քաջքերով լիքն ա, որովհետև աստված մեկ անգամ անիծեց. Էս իրանց պատճառ շինեցին. առաջուց էլ Էնտեղ էին նրանք շատ քրդի ու թուրքի միսը խորովել ու ամեն ծակ ու խոռ էնպես իմացել, որ սատանեն նրանց չէ՛ր գտնիլ. մեկ կողմից ղզլբաշի սնապաշտությունը գիտելով` որ ձորից, բրջից, սարից թվանքները չճռռացին, հայերը չգոռացին, ձորերը, խուլ-խուլ էրերը, խոր-խոր եկեղեցիքը, մատուռները նրանց ձենը ետ չի՛ կրկնեցին, Հասան խանի շլինքը թեքվեց, Էնպես կարծեց, թե հազար մեռել, հազար հրեշտակ, հազար սատանա ոտն են առել, գալիս են: էլ ձեն չկարաց հանիլ. խելագարի պես ձեռով արեց, ինքը թռավ, իրան դաստեն՝ քամակին: Երեք՛ չորս վերստ հեռացած որ մեկ քանիսը էլ ետ սիրտըները պնդացրին, որ մեկ տեսնին, թե ախր էս դիվանը ո՞րտեղանց դուս Էկան, ո՞ւր մնացին, գա՞լիս են, թե չէ՛, մեկ չոբան, աստուծո ողորմությունիցը որ մինչև հիմա մեկ եկեղեցում դողալով ջանն իրան էր հասել, ոտը խաղաղված տեսնելով` իծանը, սեիզները դուս արեց, որ շուտով գնա, ձորը թափի ու թշնամու ձեռք չընկնի, սատանի պատկեր սեիզների գլուխը որ չտեսան պարսիկքը, որ իրանց սատանեքը միշտ իծին են նմանություն տալիս, հենց իմացան, թե Սադայելի բոլոր զորքը աշխարհ են եկել, իրար գլխով ընկան, թոզն աչքըներն առավ. ամեն մեկ ձիու ոտը փոխելիս, հենց իմանում էին, որ հմիկ, որտի որ ա, գլխըները կերթա. Էսպես` որ աչքըները բաց չարին, աստված ո՛չ մեր թշնամու առաջը բերի, իրանց դժոխքի սկսավ բաց ըլիլ, իրանց զորքն սկսավ Խլղարաքիլիսեն մտնիլ, որ երեք սհաթվան ճամփա ա Էստեղանց. քյաբի առաջին էնպես հավատով չէին չոքիլ, որ էստեղ չոքեցին, նամազներն արին, ձեռըները լվացին, միրքըները սանդրեցին, չունքի ճաշը հասել էր. թրըները սրբեցին, Ալուն իրանց շնորհակալությունն արին, քյաբին` իրանց երկրպագությունը, ու թամուզ ձեռներով, մուռտառ սրտով վեր կացան, որ իրանց աստուծո տված մատաղը կտրեն, տոն կատարեն, որ ջաննաթի դուռը շուտով բաց ըլի նրանց առաջին:

Բոլոր տիեզերք, հորիզոնք երկնից, գագաթք լերանց, սահանք բարձանց սկսեցին տապալիլ. թխպագին, արջնաթույր, սևաթև ամպն, որ բարձրացել էր, հասավ արեգակի մոտ ու արյան ծովի պես առաջ փոքր ժամանակ կարմրատակեցավ, ապա կուտակվելով, ծալվելով` էնպես այլագունեցավ, սևացավ, մինչև հեռու տեղից տեսնողք էլ էն օրը էնպես էին կարծել, որ մեկ տեղ աշխարհ ա կործանվում, օրը դառավ գիշեր: Հավ, ճիվ, թռչուն, անասուն` վաղուց փախել, քարափների արանքը, մեշեքանց ծոցն, էրերի պուճախն էին մտել ու դողալով հեթեթում, հեթեթալով շունչ քաշում:

Խլղարաքիլիսո խոտերի, արտերի բոցը քամին քշելով` տարել էր, մեշեքն էր քցել, դուզ, չոլ, ղռ, քոլ, յավշան, թուփ, խուփ, ծղնոտ, տերև, ծառ, ինչպես ամառվան գիշերը կրակ տված չոլ, սարերը աստղեր էին շինել, ձորերը` երկինք, որ պարզիկա վախտը ամեն գիշեր մեր գլխին էրվում են: Կատաղի քամին բոցին առաջն արած որ չէր ղամշում ու քացի տալիս, հենց իմանում էր մարդ, թե Շորագյալու դաշտը հրեղեն ծով ա դարձել, ու կրակի, բոցի ֆրթնեն (ալիքը) քուքուրթ, կայծակ ածում դաշտերի գլխին: Խուլ ձորերը, խոր էրերը բողազները ետ ճոթռած որ կուլ տված քամին էլ ետ չէին քշում, տալիս քարափների ճակատին, քարերը, ծառերը ուզում էին անկաջները կալնին, ոտ առնին, փախչին, ու նրանց գողի ու զրնգոցի ձենի մեկ տուտը երկինքն էր հասել, ամպերն իրարոցով տալիս, մյուսը գետնի գլուխը, մեջքը, ոսկորները ջարդելով՝ անդունդը խրվում ու հազար տեղ գոռալով, ջարդվելով գնում, կորչում, լռվում, պապանձվում: Կայծակի ամեն մեկ ճամբարակը, ճոպանը, ինչպես մեկ հրեղեն սուր, որ երկինքը չէ՛ր ճղում, ամպերի մեջքը կոտրում ու Ալագյազի, Մասսա, Դվալու գլխին, թափին տալիս, ուզում էին, որ էս ահագին երկրի գլխըները, իրանց աչք-ձորերը տակուվեր անեն, քոռացնեն, իրար սպանեն ու սաղ-սաղ անդունդը խրվին, բաթմիշ ըլին: Ամպերը օխտը գլխանի վիշապի նման, երկնքիցը ճոլոլակ էլած, որ բերանը չէին բաց անում, խփում, ուզում էին, որ սաղ երկինքը կում անեն, ծամեն, փշուր փշուր անեն ու էլ ետ հազար թիքա արած՝ ածեն անիրավ մարդի գլխին, որ ո՛չ երկնքիցն ա պատկառում, ո՛չ աստվածանից վախենում, ո՛չ ջուր իրան օրինակ առնում, ո՛չ հողից մեկ խրատ վերցնում, ո՛չ իր խեղճ հոգու ներքին ձենը լսում, որ գիշեր-ցերեկ լալով, արտասվելով, քնած թե արթուն, ձեն են տալիս, գոռում.

— Երկնքի արեգակի պես, երկրի հողի պես, դու, աստուծո պատկեր, բարի կա՛ց, բարություն արա՛, քեզ պահի՛ր, լավություն արա՛, աստծուն նմանի՛ր, ընկերդ պահպանի՛ր, աստուծո աշխարքը շինի՛ր, նրա ձեռագործը մի քանդի՛ր, որ դու էլ մնաս շեն, դու էլ չի՛ քանդվիս, հողին չի՛ հավասարվիս:

Երկինք, երկիր, սար, ձոր` անկաջ, աչք խփել, լալիս, սուգ էին անում, դոշներին ծեծում, գլխներին տալիս, երեսները պոկում, պռճոկում, ամպք ուզում էին Խլղարաքիլիսեն վերև քաշեն, անդունդք` իրանց ծոցը քաշեն, պահեն. քար ու հող իրար կտրատում, սպանում էին, բայց աստուծո պատկեր մարդը` աչքը բաց, անկաջը սրած, կռները վեր քաշած, կայծակի թուրը ի՛ր գլխին էր խփում, նա իր թուրը՝ ողորմելի խչղարաքիլիսցվոց գլխին: Ամպի կարկուտն ի՛ր դոշին էր վեր հատում, որ աստվածանից վախենա, նա իր թվանքի կարկուտը անճար հայերի էրեխեքանց, անմեղ մանկանց, նորահաս հարսների գլխին էր վեր ածում: Երկիրն իրա՛ն էր ուզում քարի, հողի տակով անի, նա մեր ազգի ողորմելի ջիվան որդիքն էր արյան ծովումը խեղդում, ջախըբուրդ անում: Սարերն ուզում էին պարսից գլխին թափին, խո՛ր տանին, նրանք մեր անտեր խալխի տուն, տեղ կրակում, իրանց սրի բերնով ղիմա-ղիմա տալիս:

Ա՜խ, սիրտս կտրատվում ա. լեզուն ի՞նչ ա, որ բառով կարողանա էն սարսափելի տեսարանը պատմիլ, որ լսողը կամ կարդացողը իմանա, թե իր խեղճ ավազանի քիր ու ախպերը ի՜նչ հալումն էին էս սհաթին, ի՞նչ էին քաշում, ի՞նչ էին տեսնում, ո՞ւմ առաջին, ո՞ւմ ձեռին, ո՞ր աշխարքում, ո՞ր հողում: Ա՜խ, շլինքդ չկոտրի, Ա՛ղասի, ա՛խ, ո՞ւր էիր էս սհաթին: Թագավո՛րք Հայոց, որ Անու միջումը անուշ քնած, ձեր որդիքը հարամու ձեռին՝ դուք մեկ գլուխ չի՛ բարձրացրիք, որ նրանց հավարին հասնիք, է՛ն որդիքը, որ մեկ սհաթից առաջ աշխարք զարմացրին իրանց քաջությամբը, երկիրը սասանացրին իրանց տղամարդությամբը ու, ինչպես դուք, հսկայաբար պահպանեցին իրանց աշխարհը, ձեր հողը, ձեր հայրենիքը, ու դո՛ւք, անգութք, թողիք նրանց էսպես փորձանքի միջում, թշնամու թրի առաջին:

Բայց վա՜յ ինձ, ո՞ւր հասա, ո՞ւր տարավ ինձ իմ կսկիծը, իմ էրված սիրտը: Լեզուս չի՛, որ խոսում ա, հոգիս ա, որ զգում ա, ազգիս արինը առաջիս թափում, իմ հայրենիքն առաջիս քանդվում, իմ սիրելի ախպոր աղի արտասունքը ու դառը սուգը՝ սիրտս էրում, խորովում: Ի՞նչպես բերնիս հուպ տամ. արինս քթովս ա դուս գալիս, աչքս կայծակին տալիս, ջանս էլ տամ, էլի իմ թանկագին ազգի արինն ու ոսկերքը Շորագյալու հողումը չորացած կարելի ա, թե մեկ մարդի չէրևեր, մեկ մարդ չիմանար, թե ես էլ էստեղ պետք է զոհ ըլեի, չիմանայի, չտեսնեի, չլայի ու աղի արտասնքով չխնդրեի, ով Խլղարաքիլիսու պատմությունը կարդա, ինչ աստվածասեր հայ նրանց տարաբախտությունն իմանա, գլուխը պահի, նրանց հոգին հիշի, իր հոգին ու մարմինը էլ թշնամու ձեռք չտա՛, չտա՛. ջուրն ընկնի, կրակումն էրվի, բայց իր յախեն պարսից ձեռը չի՛ քցի, չի՛ քցի. գլուխը ծախի, իր ազգի դարդին հասնի, իրան գերի չա՛նի, չա՛նի: Ա՜խ, երաբ ասածս տե՞ղ կհասնի, թե՞ հետս գերեզմանը կերթա, ու հողումն էլ ոսկերքս կմաշի, կտանջի, դրախտն ինձ դժոխք կշինի, գերեզմանն՝ ինձ գեհյան (քուրա):

Էրեխե՛ք, ձեր ջանին մեռնիմ, ձե՛զ եմ ասում իմ դարդը, ձեզ հմար եմ գրում, ձեր երեսին ղուրբան, հողումն էլ ըլիմ, էկե՛ք, վրես կանգնեցե՛ք, թե ազգասիրությունն ու հայրենասիրությունը ձեզ վնաս տա, անիծեցե՛ք ինձ, թե օգուտ՝ օրհնեցե՛ք ու լսեցե՛ք ձեր ընկերների լացն ու սուգը, նրանց հորնըմոր կսկիծն, ու ձեր հորնըմոր ծոցում դինջ հանգստանալիս՝ ասածներս մտքըներդ բերե՛ք: Խլղարաքիլիսեցոց անմեղ երեխեքանց ձենը քանի անկաջներդ ընկնի, փառք տվե՛ք աստուծուն, որ էնպես երկնքի տակի ծնվեցի՛ք, որ ձեր աչքը էսպես բան չտեսավ, նրանց ծոցումը մեծացաք, նրանց կաթովն ապրեցիք ու նրանց արինը չխմեցիք, նրանց դոշի վրա քնեցիք ու չմորթվեցիք, նրանց կռան վրա խաղացիք ու ո՛չ նրանց մեռած, կտրատված, թիքա-թիքա արած, արինաթաթախ լաշի վրա ընկաք ու լալով, արտասնքով նրանց արինը չծծեցիք: Կենդանի մոր փորից դուս էկաք, նրանց սերը վայելեցիք ու ո՛չ թե նրանց ճղած , փորը դուք կենդանի մտաք, ու ձեր գլուխն էլ նրանց սրտումը արինաթաթախ ցցվեց: Բարձի վրեն, յորղան-դոշակի տակին նրանց խտտեցիք, խնդացիք ու ո՛չ հողի միջումը, քարերի վրա, նրանց արնումը թավալ տալով՝ ձեր արինն էլ հետը խառնեցիք:

Ա՛խ, մի՛ լաք, մի՛ նախատեք ինձ, որ ես ձեր առաջին դժոխք եմ բաց անում. իմ սիրտս էլ որ դժոխքումն էրվի, էսքան չե՛մ կսկծալ, չե՛մ մորմոքվիլ, չեմ տանջվիլ, ինչպես Խլղարաքիլիսու պատմությունը միտքս բերելիս: Չբարկանա՛ք ինձ վրա, չասե՛ք, թե երազ եմ պատմում. Հազարից մեկը չե՛մ ասում, որովհետև ձեռքս թուլանում ա, աչքս սևանում: Իմ լեզուս ի՞նչ ա, հարցրե՛ք Էնտեղ ըլողներին, նրանք հազարապատիկ լավ կասեն, թե ի՛նչպես էին անողորմ պարսիկքը մոր փորը ճղում, երեխեն հանում, թիքա-թիքա անում, առաջ ոտները կտրում, հետո՝ ձեռները ապա մզրախի, թրի ծերը հանած նրա մղկտալուն, թրպրտալուն երկար ժամանակ մտիկ տալիս, իրանց դժոխային քեֆն անում, ասում, լսում, խնդում, ծիծաղում ու հետո, ա՜խ, հետո, էնպես անմեղ քոռփին հորնըմորը տալիս, կամ նրանց գլուխն էլ սրանցի հետ մատաղ անում:

Թողե՛ք, թողե՛ք անց կենա՛նք, հերիք ա. բայց ի՞նչ անեմ, հենց գիտեմ՝ Էսօր ա Սահակ աղեն առաջիս կանգնել, աղլուխը աչքին դրել, աղաչանք անում, որ Հասան խանի սիրտը ռահմ ընկնի, էսօր են հայ սարվազներին են երեխեքանցը տալիս, որ նրանք բռնեն, իրանք փառչալամիշ անեն, էսօր են տասը պարսիկք Վարդանի քիր ու ախպերը, հերնըմերը առաջիս սաղ-սաղ քերթում, կաշիները հանում, ոտ ու ձեռ քարով, թոխմախով ջարդում, քացով երեսներին տալիս, ու Վարդանը՝ էս հրաշագեղ պատանին, ձեռները կապած, էս երկնային հրեշտակը նրանց վրա կանգնած, ոտն ա կամենում շարժի, ճոպանը չի՛ թողում. ձեռն ա ուզում մեկ բանի հասցնի, չվանն ա ղայիմ, թրի առաջն ա ուզում ընկնի, թուրքը չի՛ թողում, սիրտը պատռում ա, ձեն չի՛ կարում հանի, չունքի նրա հասակի ջահել տղա, աղջիկ հավաքել, ձեռ, ոտ, բերան կապել, տանում են, որ իրանց դնին մատաղ անեն: Ողորմելի պատանին ուզում ա, որ մեկ ետ էլ մտիկ տա, իր ծնողաց սուրբ արինը ու կտրատված լաշը մի տեսնի, փափագն առնի, մեկ կաթ արին էլա վրեն քսի, մեկ բուռը հող էլա ծոցը կամ ջեբը դնի, որ հիշատակ մնա, մեկ համբուրի էլա ու ետին բարովն ասի, մեկ չոքի էլա, նրանց օրհնությունն առնի, բայց ա՜խ, ա՜խ, հարիր սուր գլխին, պլոկած, աչքերը կապած՝ իր ընկերների հետ քշում են, անկաջները` փակ, որ նրանց ձենն էլա իմանան, բերանները՝ կապած, որ իրար հետ, խոսին. ձիու երըմիշ ըլելուցն են իմանում, որ շարժում են, բայց չգիտեն՝ ո՞ւր. Դժո՞խքը, թե դրախտը. — դժո՛խքը, սիրելի, դժո՛խքը. սրանց տանում են, որ թուրքացնեն, իրանց դնին մատաղ անեն:

Ետ դաոնա՛նք, պրծա՛նք, հազար ծեր ու պառավ, հազար տղա ու աղջիկ, մանուկ, ծծկեր իրար վրա փրթած՝ վաղուց ձենըները կտրեցին, երկնային քունը մտան: Ժահահոտությունը քիչ-քիչ սկսում ա բարձրանալ, հարավի չոր քամին` փչում. ամպերն էլ ետ սարերի գլխըներին հավաքվեցան, նրանց աղաղակը աստված չիմացավ: Արեգակը վազում ա արևմուտը հասնի, ղզլբաշը՝ Ապարան քաշվում. Խլղարաքիլիսեցոց հոգիքը` ո՞ւր.— դրախտը, արդարը դժոխքը ե՞րբ կերթա: Խլղարաքիլիսեն էրվեց, ամպերը քաշվեցին, սարերը դինջացան, հարիր տասը — տասնըհինգ տարեկան տղա, աղջիկ Հասան խանի օրդուն մտան: Ղոնշունը նաղրախանեն ածելով, պար գալով ետ ա դառել. դահիճքը իրանց թրերն են հազրում, մոլլեքը իրանց լեզվները սրում, որ Քրիստոսի որդիքը Ալուն մատաղ անեն: Վա՜յ, վա՜յ, Հայոց ազգ ջան, է՞ս օրին էիր դու արժան:

Իրիկունը որ գա, ա՜խ, գել, արջ, սարերի գազանները պտի գան, ձեր, կացած տեղը իրանց ուրախությունն անեն: էլ ո՞վ կլսի մոր ձեն, հոր աղոթք, երեխի խաղ ու ծիծաղ, ժամի ու զանգակի ձեն ձեր լաշերի վրեն: Գազաններին կմնա բոլոր մեյդանը, նրանք պետք է էս գիշեր մարաքյա անեն էստեղ: Գնա՛նք, գնա՛նք, միսս սրսռում ա. Օ՜հ, ո՞վ սիրտ կանի մոտանա, բաս էրեխեքանց ճարն ի՞նչ կըլի. նրանք կերթան Հասան խանի օրդուն, լաց կըլին, ջան ասող չի ըլի. կէրվին, կմորմոքվին, մեկ ցավող չի՛ ըլիլ: Ամեն մեկը մեկ խանի կամ արախլվի ձեռի՝ հավի պես կծվա կամ լեղապատառ կըլի, կամ սուրը իր դոշը կխրի, իրան կսպանի, կամ տանջանքին չդիմանալով` կթուրքանա. ո՞վ, լսողը ի նչպես չպտի սարսափիլ:

Տեսնի՛նք, ո՞ւր գնացին էս անմեղ գառները: Մեր բախտիցը, թե տարաբախտությունիցը, մութը գետինն առել ա, էլ մեզ մարդ չի՛ տեսնիլ, որ եսիր անի:

Մթնագիշերը քեզ մեկ ղարալթու ա երևում, գլուխը ցից, պատերը քանդված, հազար կայծակի ու երկրաշարժության երեսը դեմ տված, դռներն ու փանջարեքը խարաբա, խորան ու սեղան ավերակ՝ կանգնել ա տխուր եկեղեցին Ապարանու: Ուր հազար գող ու ավազակ աղոթքի ու պատարագի տեղ անմեղ հայերի որդիքը ձեոըները կապած, բերան ու աչք խուփ, իրանց չար կատաղությանը պատարագ արին: Ուր հայոց թագավորքը, իշխանքը ու պայազատքը Ապարանի բյուրատեսակ ծաղկների հոտը, էն պատվական աղբրների համն առնելով՝ իրանց ամառվան օրերը հովացնում, իրանց հովացած, զովացած սիրտը աստվածային սիրովը վառում, իրանց սուրբ սրտի աղոթքն ու մաղթանքը ծաղկների հոտի հետ խառը, թռչնոց ձենի հետ հավասար, մեկ բերնով՝ իրիկուն, առավոտ երկինքն էին ուղարկում: Ուր էս սհաթին էլ մեկ ահագին չորս ջաղացի ջուր մեկ քանդված բլրի տակից, ուրտեղ որ Վաղարշակա, Տիգրանա, Տրդատա ապարանքն էին, երկրի երեսը ճոթռելով, Ալագյազի սրտիցը, գետնի տակովը ճանապարհ բաց անելով՝ բերանը փրփրով լիքը, աչքերը խոժոռած, դուս ա պրծնում կատաղած, որ իրան պսակողների երեսը տեսնի, նրանց սիրտը հովացնի, քնելիս, զարթնելիս՝ երկնային ցողը նրանց երեսիցը գողանա, իր ցողը նրանց վրա թափի, բայց, ա՜խ, գլուխը քանդված տեսնելով, վրի շինած ապարանը՝ բրիշակ, եկեղեցին՝ ավերակ, չորս կողմը նրանց հմքի, սեղանի քարերը արինաթաթախ, մամռապատ, փշրված ընկած, բերանը կրկին բաց ա անում, որ արտասունքը կուլ տա, էլ ետ իր փորը տանի, բլրի չորս կողմը պտտում, ոլորվում, խոտ ու ծաղիկ պռճոկում, սուս, մունջ՝ իր ձենը փորը քաշում, աչքը խփում. ջուրը հողի, քարերի տակին ցրվում, էլ ետ գետինը մտնում, ու կես փայը առու դառած՝ գնում Երևանու դաշտը, որ նրա էրված, խորովված սիրտը հովացնի էլա, Ապարանու սուգը, տարաբախտությունը էջմիածնին, Վաղարշապատին, Արմավրին, Երասխին, Մասսին պատմի ու նրա սև ջրի դառը արտասունքը իր հետ խառնի, որ Արարատի սրտիցն ու աչքիցն, ահագին գետի պես, լուռ, հանդարտ դուս ա գալիս, — Արարատյան դաշտի քանդված, ավերած երեսը տեսնում, վրըները սուգ անում ու քիթ ու պռունկ աղի արտասնքով լիքը, տխուր երեսը անհոգի ղամշով ծածկած, քամու առաջին, թշնամու ձեռին ծալվելով, չոքելով, կանգնելով մյուս սարերի աչքի ջուրը, որ էստեղ էկել, ծովացել, կանգնել են, ղամշի ու իլղունի միջումը կորել, վերցնի, գնա, Խոր Վիրապա, Արտաշատա դզովն անց կենա, ու տրտում Երասխի հետ Զանգին ու Գառնու գետն էլ մեջ անեն, որոց մինը Սևանա աչքիցն ա կաթում, մյուսը սուրբ Գեղարդա սրտիցը բղխում, երեսները կալնին ու սուգ անելով, գոռալով, Նոյան, Նախիջևանի, Մարանդի գերեզմանի, Նարեկա վանքի, Սյունյաց դաշտերի սրտները հովացնելով, աչքըները սրբելով՝ գնան, Քուռն էլ մեջ անեն, իրանց արտասունքը նրանի հետ խառնեն ու տանին, Կասպից ծովի սիրտըն ածեն, նրա աղի ջրումը կորչին, պարսից նավերը ջախըբուրդ անեն, ոուսաց նավերը իրանց քամակի վրա տանին ու բերեն, որ ճամփին չհուսահատվին, չբեզարին ու էն իրանց բարի ոտը մեր աշխարհիցը չկտրի, որ բալքի մեր հայրենիքը նրանց արծվի թևերի տակին զորանա, մեծանա, դարդերը մոռանա ու էլ ետ իր առաջին փառքին հասնի: է՛ս եկեղեցումը, է՛ս քարերի տակին ու աղբրի մոտին, քոլումը կուչ գա՛նք, որ մեզ չբռնեն: Գիշերն էս ա, հասել ա, օրդուն՝ մեզանից մոտիկ, ու թուրք ազգը ցերեկն էլ էս կողմերովը չի՛ անց կենում, որովհետև Քրիստոսի թշնամի ա, ու անկաջ դնենք գիլանոնց ոռնալուն, պարսից գոռալուն, հայոց լալուն ու սգալուն ու էն անմեղ էրեխեքանց էրվելուն, ծեծվելուն, մղկտալուն, չունքի Էստե՛ղ պետք է նրանց աչք ու բերան բաց անեն, որ նրանց գարշելի երեսը տեսնին, իրանց ծնողաց երեսը, իրանց քաղցր հոր տունը մոռանան ու նրանց արինաթաթախ չանգերումը՝ իրանք մրմնջան, նրանք փրփնջան. իրանք մղկտան, սրանք վխկտան. իրանք գլուխ ու երես ծեծեն, խորովվին, սրանք միրուք ու ճալվեր սղալեն ու փառավորվին. իրանք հերնըմեր, քիր ու ախպեր ձեն տալով՝ ղոշըները ետ ճոթռեն, նվաղին, սրանք իրանց իմամ Հուսեյնի անունը հիշելով՝ յա ծոցըները ուզենան նրանց առնեն, յա դանակները, թրերը սրելով նրանց սրտըներին դեմ անեն, որ լռվին:

Ա՜խ, չէ՛, չէ՛. անկաջդ կա՛լ, սի՛րելի, մարդի միսը սրսռում ա, գլխին կրակ վառվում: Աստղերը դուս են էկել, պելացել, ցավակից լուսինը տխուր, դառնավարամ՝ հենց աչքը Ապարանի երեսին առավ թե չէ, էլ ետ չոքըչոք արևմուտն ա փախչում, որ անկաջները կալնի, էս ողբալի աղաղակը չլսի. երկիրն իր սև սգի շորը հաքավ, աչքերը խփեց, որ էս դառը տեսարանը չտեսնի, միմիայն անսիրտ, անգութ սարերը սիրտ ու բերան բաց արած՝ չար հրեշտակ քամու ձեռովը խաբար են իմանում, խաբար տալիս, ծիծաղելիս՝ ծիծաղում, հրհռալիս՝ հրհռում, հառաչելիս հառաչում, գոռալիս՝ գոռում, լալիս` լաց ըլում, ու մեկ րոպեում հազար տեսակ ձեն իրար հետ խառնում, ու մեկն էլա իրանք չիմանում:

— Նա՛նի ջան... ջա՛նի ջան.. ա՛խպեր ջան... ա ստված ջան... բա՛բա ջան, հո՛գի ջան... վա՜յ, վա՜յ... վա՜յ մեր սև օրին, արևին, վա՜յ մեր ջրատար գլխին: Ա՜խ, ի՞նչ կըլեր՝ ձեր ձեռովը մեզ ջուրն ածե՛իք, ի՞նչ կըլեր՝ մեզ չէ՛իք ծնել, ընչի՞ չի՛ մեզ էլ ձեր սրտի վրա մատաղ արին, ընչի՞ չի՛ մեզ էլ ղիմա-ղիմա տվին. էս ո՞ւր են հասցրել մեզ, էս ո՞ւր բերել, գետինը չի՛ պատռվում, մեզ ներս տանում. երկնքի աչքը քոռացել, մեզ չի՛ տեսնում: Ա՜խ, ո՞ւմ ծոցից զրկվեցինք, ո՞ւմ ձեռն ընկանք: Ա՜խ, տեր աստված, ընչի՞ մեզ էսպես պատժեցիր. քեզ ի՞նչ էինք արել, որ մեր աչքը էսպես հանեցիր. ո՞ւմ մեկ վնաս տվինք, որ մեր գլխին քար քցեցիր: Մեր հորնըմորը, մեր քիր ու ախպերը մատաղ արիր, ախր մեզ էլ նրանց հետ տանեիր, ի՞նչ կըլեր:

Մութն էկել ա, գետինն առել, նա՜նի ջան, սար ու ձոր խավարել, փակվել, մենք մերը կորցրած հավի ճտերի պես ընկել ենք չոլ ու դուզ. ո՛չ աչքըներս ա քուն գալիս, ո՛չ սրտըներս՝ ղարար, ա՜խ քաշելիս՝ կրակ ա դուս գալիս լերդըներիցս. ո՞ւմ երեսին մտիկ անենք, որ մեր սուգը տեսնի, ո՞ւմ ճտովն ընկնինք, որ մեր արտասունքը սրբի. ո՞ւմ մոտ գնանք, որ մեզ գոգն առնի, մեր սիրտը մխիթարի, մեր դարդն իմանա: Քարերը անկաջ չունին, որ մեր ձենը լսեն, սարերը սիրտ չունին, որ մեզ վրա ցավին, երկինքը՝ հեռու, որ մեզ քաշի, տանի, երկիրը թուր չունի՛ որ մեզ էլ փրթի, կոտորի, ո՞ւմ ասենք մեր դարդը, ա՜խ, ո՞ւմ: Ընչի՞ մեզ աշխարհ բերիք, ընչի՞ մեզ կաթը տվիք, պահեցիք. դուք շուտով պրծաք, երկինքը գնացիք, մեզ` որբերիս, էս փո՛ւչ աշխարքի վրա թողիք, որ դհա ավելի տանջվինք, դհա ավելի չարչարվինք. ձեր կարոտը մեկ կողմից քաշենք, մաշվինք, մեր ցավը մյուս կողմից սրտըներս անենք, էրվինք, փոթոթվինք:

Ձեռըներս կապած, գլխըներս բաց, երկնքի տակին, Ապարանու չոլումը՝ ձեզ ենք կանչում, ձեզ ենք ուզում, ձեր անունը տալիս, ձեր խաթեր լալիս, ա՛յ մեր ազիզ ծնողք. երկնքո՞ւմն ա ձեր հոգին, թողե՛ք, մեկ սհաթ գա, վրըներս պտիտ տա. երկրո՞ւմս ա դեռ, մեր աչքին մի երևի, հասրաթներս առնինք ու հետո, ա՛խ, հետո մեր հոգին էլ ձեր հոգուն տանք. ձեզ հետ թռչինք, ձեզ հետ միանանք, դժոխք թե դրախտ, միասին տեսնինք. ուր որ ըլիք, առանց ձեզ չմնանք, ա՜խ, ի՞նչ կըլի, ի՞նչ... Ա՜խ, ի՞նչպես չի մեր սիրտը պատռվում, մեր ջանը էրվում, մեր բերնիցը կրակ դուս գալիս, մեզ խորովում. ի՞նչպես ա մեր լեզուն խոսում, ու չի՛ քրքրվում. մեր աչքը տեսնում ու չի դուս տրաքում, մեր շունչը դուս գալիս ա չի կտրվում, մեր արինը եռում ու չի՛ ցամաքում, մեր անկաջը լսում ու չի քառանում, մեր ոտները փոխվում ու չի մեր տակին փշրվում, խուրդուխաշ ըլում. էս ի՞ նչ օր ա, որ մենք քաշում ենք:

Նանի՛ ջան, ա՛խպեր ջան, բա՛բի ջան, վա՜յ, վա՜յ... է՞ս օրվան համար մեզ օրորոց դրիք, է՞ս օրվան համար մեզ սրից, ջրից ազատեցիք, մեր ցավին դարման արիք, մեզ ջան ասելով, մեր աչքը սրբելով, գոգըներդ առնելով, դոշըներիդ կպցընելով, քրտինք թափելով, անքուն մնալով, սար ու ձոր ընկնելով մեզ ապրուստ ճարեցիք, ձեր կյանքը խավարացրիք, մեզ ծաղկացրիք, դուք թառամեցիք, մեզ դալարացրիք, ձեր ումբրը չորացրիք, մեզ տանը քուն դրիք. դուք հանդում, չոլում, արևի, անձրևի տակի ջանըհան էլաք, որ մենք զորանանք, աչքըներիդ լիսը սպիտակացրիք, որ մենք մեծանանք, հասնինք, ձեզ քոմակ ըլինք. է՞ս ա մեր քոմակ ըլիլը, է՞ս էր ձեր մուրազը: Էստո՞ւր համար աստծուն՝ լիսը բաց ըլելիս, մութը մթնելիս, գիշեր-ցերեկ աղոթք էիք անում, որ մեր ոտին քար չդիպչի, մեր մատը փուշ չըլի, մեր գլխին կարկուտ, արև չխփի. մեզ իր աչքի առաջին, իր թևի տակին ցավից, չոռից ազատի, որ մենք բարի զավակ ըլինք. Քրիստոսի խաչի ղուլ դառնանք, ավետարանի՝ ծառա, եկեղեցու` հող, ազգի պարծանք, աշխարքի՝ շենություն: Ա՜խ, ո՞ւր էս սհաթը աստուծո անկաջը, որ ձեր արդար ձենն մեկ էլա չլսեց, ձեր հազար մուրազի մեկն էլա չկատարեց ու մեզ էսպես քարին տվեց, ու մեր հոգին էլա չի՛ առնում, որ պրծնինք, ա՜խ, կորչինք էս անօրեն աշխարքիցը:
Последний раз редактировалось Lusine1101 07 май 2017, 11:12, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение:#13  Сообщение Lusine1101 » 07 май 2017, 10:50

Սրբություն էիք առնում՝ մեզ հետըներդ տալ տալիս, ժամ էիք գնում՝ մեր ձեռը մոմ տալիս. զատիկ էր գալիս, ջրօրհնեք ըլելիս, կիրակու ժամին, սուրբ պատարագին՝ մեզ խտիտ անում կամ ձեռով տանում, քար, ավետարան, սեղանի, բեմի, խաչի, պատկերի առաջին, սրբերի ոտի տակին, գիրքը կարդալիս, սկին դուս գալիս՝ մեզ տերտերի ոտը քցում, խաչի առաջը դնում, մեզ համբուրիլ տալիս, դուք էլ համբուրում, աղաչանք, անում, որ սուրբ ավազանի, մեռոնի շնորհքը մեզ վրա մնա. ջուրն ընկնինք, մեզ պահի, կրակն ընկնինք, մեզ պրծացնի, մեզ զորացնի, որ Էսօր է՞ս կրակումը, է՞ս բոցումը էրվինք, տանջվինք, մեր ձենը չիմա՞նաք, մաշվինք, փչանանք, մեր սուգը չանե՞ք, թրով մեզ կտրատեն, մեզ դուք չազատե՞ք:

Ո՜վ արարիչ, մեր հոգու տվող աստված, ինչպես մեզ ստեղծեցիր, էլ ետ մեզ սպանի՛ր. ինչպես կյանք տվիր, էլ ետ դու խլի՛ր. հող էինք քեզ մոտ, էլ ետ հող շինի՛ր. շունչ տվիր` ապրինք. էլի շունչդ ետ ուզի՛ր: Ի՞նչ ենք անում մենք էլ փառքն ու կյանքը, մեզ ի՞նչ հարկավոր՝ երկիր, աշխարքը: Մեր չունենաս, լա` դու լաց ըլելիս, հեր չունենաս, գա՝ դու կսկծալիս, քիրդ մոտիդ չըլի` դու սուգ անելիս, ախպերդ ձենդ չլսի՝ սիրտդ պատըռվելիս: Ո՜վ մեր արարիչ, մեր տե՛ր ու մեր հե՛ր. հերնըմերըներս տարար, մեզ էլ տանեիր, քիր, ախպեր առար, մեզ էլ սպանեիր. էլ չենք ուզում քո սերն ու խնամքը, էլ չենք խնդրում, որ պահես մեր կյանքը, հրեղեն սերովբեդ թո՛ղ մեզ սպանի, բոցեղեն քերովբեդ թո՛ղ մեզ էրի, խորովի, մեզ ղրախտը մի՛ տանիր, դժոխքը ուղարկի՛ր. հրեշտակի մի՛ տար, սատանեն թո՛ղ գար. մեր ծնողքը մի տեսնեինք, թող դևը մեզ կո՛ւլ տար. նրանց սերն առնեինք, նրանց տեսնեինք. մեր հոգին տայինք, նրանցն ստանայինք ու էս դառն օրը հե՛չ չտեսնեինք, ա՜խ, չտեսնեինք: Էսքան մեծամեծ մարդիկ՝ խաներ, բեկեր, աղեք, ֆառաշ, մոլլա, ախունդ, էս ի՞նչ են էստեղ կանգնել, հավաքվել, չե՞ս ուզում դու էլ մի աչքդ քցես, նայե՞ս: Հայ սարվազները աչք ու բերան կալել, փափախով են անում, որ հեռանանք, մոտ չգնանք: Սաքի մոտ էլ գնացիր, ի՞նչ օգուտ. միսդ ջանումդ կմաշվի, կքրքրվի: Ետ դա՛ռ, ես քեզ կասեմ: Քսան-երեսուն էրեխա փարչալամիշ արին: Մոլլի թույնը քյար չարեց, չեն թուրքանում, պտի մատաղ ըլին: Դահիճը մեկը-մեկի ետևիցը շախկա տալով կոտորում ա: Վարդանը՝ էս թագավորածին պատանին, երեսը լուսափայլել, հրեշտակի պես կանգնել ա, ո՛չ Հասան խանի պարգևին ա մտիկ տալիս, ո՛չ ոսկուն, մարգարտին, ո՛չ ալվան-ալվան շորերին, ձիուն, յարաղին, ո՛չ մոլլեքանց խրատին, ո՛ չ հայերի աղաչանքին, ո՛չ թշնամու ահ տալուն, ո՛չ թրին, սրին, վառած կրակին, տաքացրած շամփրին, որ պտի միսը կոխեն, ո՛չ քարփջին, որ պտի ոտների արանքը դնեն, ո՛չ քյալփաթնին, որ հենց, էն ա, բարձրացնում են, որ միսը քաղեն, ո՛չ կրակած պղնձին, որ պտի գլխին դնեն, սարի պես դոշը դեմ ա տվել, ո՛չ պատժիցը վախում, ո՛չ պատվիցը խաբվում, իրան կսկիծը մոռացել, ընկերներին էլ ձեն ա տալիս, սիրտ դնում:

— Էս է՛ն անիրավ թուրն ա, սի՛րելիք, որ մեր հորնըմոր սիրտը էսօր մեր առաջին դուս ճոթռեց: Էս է՛ն անաստված ձեռներն են, որ էսօր մեր մանուկ, ծծկեր քիր ու ախպոր մարմինը թիքա-թիքա արին, կտրատեցին: Էս է՛ն անողորմ ազգն ա, որ մեր նաչար ազգի արինը մինչև էսօր խմել ու խմում ա. էլ ի՞նչ ենք կանգնել սրանց միջին ա սրանց գարշելի երեսին նայում: Ձեր ջանին մեռնիմ, երեխե՛ք ջան. մենք ո՞ւմ որդիքն ենք, որ թրից վախենանք, ո՞ւմ զավակներն ենք, որ կրակը մեզ թուլացնի: Մեր ծնողք ու ախպերները չէի՞ն, որ էրեկ էնպես քաջությամբ մեռան, որ արարած աշխարքը զարմացավ ու հուրն հավիտենական պտի զարմանա:

Մտի՛կ արեք, ձեր երե՛սին ղուրբան, Էն պայծառ երկնքին. Է՛նտեղ, է՛նտեղ են մեր սիրելիքը, մեր ազիզ բարեկամքն ու ազգականքը մեզ սպասում: Մի՛տք արեք՝ թե գլխըներդ ցավի, ո՞վ պետք է ձեզ մեկ ջան ասի. հիվանդ ըլիք, ո՞ւմ կռան վրա պետք է քնիք. լաք, ո՞վ ձեր արտասունքը կսրբի. մեռնիք, ո՞վ ձեզ կթաղի: Մեր սո՛ւրբ լեզուն պետք է հարամ լեզվի հետ փոխե՞նք. մեր սո՛ւրբ պատագարն ու ժամը թողանք, ազանի ձենին անկաջ դնե՛նք, մեր սո՛ւրբ մեռոնը մոռանանք, մեր խաչ, ավետարանը մտքից հանենք, Ալուն, ղուռանին հետևի՞նք: Մտի՛կ արեք սրանց էս դժոխք, ժանդ, մրրած, կեղտոտ երեսին, դժոխքը սրանից լավ կըլի՞. սրանց աչքերիցը կրա՞կ չի վեր թափում: Վա՜յ մեր գլխին ու արևին, էնքան պետք է խղճանանք, որ մեր հորնըմորը սպանողներին, մեր ժամն ու աշխարքը քանդողներին նոքար դառնա՞նք: Ա՜խ, թե էս փուչ փառքիցը խաբվինք, էս անպիտան պատժիցը վախենանք ու մեր սուրբ հավատն ուրանանք, որ մեռնինք, ի՞նչ երեսով պետք է գնանք մեր ծնողաց մոտը, ի՞նչ աչքով պետք է նրանց նայենք: Ասենք, թե էս աշխարքումը նրանցից զրկվեցանք, բաս չե՞ք ուզիլ, որ երկնքումն էլա նրանց հետ միանանք, նրանց երեսը տեսնինք, նրանց սերը վայելենք:

Չէ՛, չէ՛, մեռնի՛նք միասին, երթա՛նք միասին, հասնի՛նք մեր ծնողաց փառքին, պսակին: Երկինքն մեզ համար է իր սիրտը բացել հրեշտակք մեր գլխին թևները փռել. նահատակք, կուսանք, սուրբք և մարտիրոսք մեզ ձե՛ն են տալիս, մեզ կանչում ամոք: Նրա՛նց մոտ գնանք, նրանց սիրուն մեռնինք, մեր մարմինը տանք, որ հոգով ծաղկինք: Ձեզ մոտ ենք գալիս, ծնո՛ղք սիրելիք, ձեր տեսուն կարոտ՝ դուք մի՛շտ պաշտելիք. ձեր արդար կաթը, ձեր սուրբ խրատը մենք ե՞րբ կմոռանանք, որ մտնինք կրակը:

Արի՛, երկնային հրեշտա՛կդ լուսեղեն,
Տա՛ր մեր աղաչանքն աստծուն էս կողմեն:
Բարո՛վ մնաք դուք՝ լերի՛նք, հո՛ղ, աշխարհ,
Բարո՛վ կացեք դուք՝ ծառք ու ձո՛րք, անտա՛ռ:
Մենք չէինք արժան ձեր սուրբ երեսին,
Մեր ոտն անիրավ դիպավ ձեր դոշին:
Քանի՞ցս ձեր պտուղն, ձեր համն ու հոտը,
Ձեր շվաքի տակին, ձեր ծաղիկն, խոտը
Մենք հարամ ձեռով քաղեցինք, առանք:
Կոխեցինք ձեր սուրբ երեսն ու դոշը,
Ձեր ղադրն ու խաթրը մենք բնավ չիմացանք:
Աղբրի գլխին, առվի ղրաղին,
Սիրելյաց միջին, ծնողաց գոգին
Սեր վայելեցինք, մեր օրն անց կացրինք:
Աստղերն մեր գլխին քաղցր ծիծաղեցին,
Լուսին, արեգակ իրանց լիսը տվ՛ին.
Թռչունք երգելով, ծաղիկք հոտ տալով
Մեզ քնացրին, մեզ զարթեցրին.
Բայց, ա՜խ, անիրավ մեր ձեռն, երեսը
Քնով ծածկեցինք, ձեզ մտիկ չարինք:
Քո սուրբ հողին, մեր քա՛ղցր Հայրենիք,
Ծունր չդրինք, մենք չպաշտեցինք,
Սիրուն վաթանին մենք կյանք չտվինք,
Մեզ մատաղ չարինք, մենք չսիրեցինք:
Թշնամուն հիմիկ մենք եսիր դառանք.
Թե որ ուզենան էլ, որ տան մեզ կյանք,
Էլ չի՛ հարկավոր, դո՛ւ ա՛ռ մեր հոգին,
Ո՜վ բարի հրեշտակ, որ կաս մեր գլխին:
Մնացե՛ք բարով, հողեր ու դաշտեր,
Ա՜խ, թո՛ղ վայելեն ձեր սերն ուրիշներ.
Վարդանի աչքը, էս մանկանց ոտքը
էլ ձեզ չե՛ն տեսնիլ, ձեր վրեն շրջիլ,
Ձեր հոտովն զմայլիլ, ձեր գրկովն փարվիլ:
Ո՛չ հոր ոտ կգա մեր գերեզմանը,
Ո՛չ մոր արտասունք կթափի մեր տանը.
Ո՛չ ժամ, պատարագ, ո՛չ խունկ կամ բաժակ
Մեր հոգուն տվող կըլի մեկ ժամանակ:
Ո՛չ քիր ու ախպեր կգան մեր քովը,
Ո՛չ մեկ անց կենող կըլի մեր մոտովը.
Մեր ծնողաց մարմինը մեր գեղի չոլումն,
Մեր փուչ ոսկորներն էս օտար հանդումն՝
Չեն միմյանց տեսնիլ, իրար հետ թաղվիլ.
Նրանք գազանի, մենք գիլի, ղշի
Փայ կըլինք, մեզ վրա մեկ ասող չի ըլիլ.
«Աստված ձեր հողին միշտ լուսավորի,
Իր սուրբ երեսին արժանի անի»:
Կըլի, որ դուք մեկ էլ ետ հոտ տալիս,
Գարունքը գալիս, դաշտերն ծաղկելիս՝
Մեր երեսին էլ ծաղկիք, կանաչիք,
Մեր հողիցն էլ դուք դուս գաք, զարդարվիք,
Ձեր ցողն մեզ վրա թափեք, հովացնեք,
Ձեր հովն մեր դոշին փչեք, զովացնեք,
Ձեր պարզ ջրի հետ մեր արինը խառնեք,
Մեր տված շունչը առնիք ու պահեք,
Ձեր քաղցր հոտի հետ երկինքն ուղարկեք;
Ա՜խ, թե մեկ ճամփորդ էս կողմովն անցնի,
Ձեր միջին վեր գա ու Էստեղ քնի,
Ձեր հոտն առնելիս, ձեր ջուրը խմելիս,
Բալքի թե հոգին իմանա, ասի,
Միտքը բերի, թե էս է՛ն դաշտերն են,
Որ էսօր մեր չար թշնամու ծառեն
Ուզում ա, որ մեզ խաչին մատաղ տա,
Մեր ջանը խլի, մեզ անի ղիմա:
Ի՞նչ կըլեր, ա՜խ, որ մեկ օրհնած հողում,
Մեր ազգուտակի, սիրելյաց միջումն
Մեր հոգին տայինք, նրանց խառնըվեինք:

Ա՜խ, խա՛չ զորավոր, քո հրաշքիդ ղուրբան.
Մինչև ե՞րբ մեր ազգն, աշխարհն Հայկական
Էսպես կտանջվի, էսպես կմաշվի,
Էսպես կքանդվի, էսպես կխաշվի:
Խա՛չ, քեզ պաշտողին ընչի՞ չես պահում,
Խա՛չ, քեզ բռնողին ընչի՞ սպանում.
Քեզ անարգողին էսպես ղվաթ տալիս,
Քեզ պարսավողի սիրտը ո՛չ խրվիս:
Ա՜խ, տե՛ր իմ աստված, թե մենք առաջիդ
Մեղավոր էինք, որ պատվիրանիդ
Չհնազանդեցանք, անիրավ էինք,
Մեզ սպանեիր, ընչի՞ մեզ թողիր.
Մեր խեղճ ծնողացը թրի տակ տվիր.
Մեզ կրակ տվին, ընչի՞ չէրեցիր:
Թողիր, որ էսպես տանջվենք չարաչար
Անհեր ու անտեր, անմեր, անհավար
Մնանք էս չոլումն, գազանաց միջումն,
Մեր լաշը թռչնոց, մեր արինը հողին
Մատաղ տանք, մեր ջանն դնենք էս գետին:
Մնացե՛ք բարով, ա՜յ մեր խեղճ ազգ Հայ,
Էյ մի՛ լաք, ողբաք, ցավիք մեզ վրա:
Սրբեցե՛ք աչքներդ, տեսե՛ք մեր հալը,
էլ ի՞նչ օգուտ մեզ մեզ սուգն ու լալը:
Թուրը գլխներիս, մահն առաջներիս,
Կրակն էրելիս, շամփուրն ծակելիս,
Բոցն խորովելիս, մեր հոգին տալիս.
Մեր կեսն փոթոթված, կեսն անձող դառած,
Մեր ոտներն մոխիր, շնչերս կրակված.
Մեկ ձեռը կտրած, մյուսը քերթած,
Պդինձն գլխըներիս, քարփիչն ոտներումս,
Սրտներումս արին, արտասունքն աչքումս.
Ո՛չ երկինքն փուլ գա, ո՛չ հրեշտակ տեսնի,
Ո՛չ դահիճն ցավի, ո՛չ երկիրն ճղվի:
Դուք ո՞ւր եք լալիս, որ մենք չենք լալիս.
Դուք ո՞ւր մղկտում, որ մենք չենք խնդրում:
Պահեցե՛ք ձեր սուգն սև օրի համար.
Ձե՛զ վրա լաց էլե՛ք ու տեսե՛ք ձեր ճար:
Մենք մեր ծնողաց հետ կմիանանք,
էսօր նրանց տեսուն մենք կարժանանանք.
Էս դառն աշխարքիցս կհանգստանանք,
Դրախտը կերթանք ու միշտ կխնդանք:

Բայց վա՜յ ձեր օրին, ձեր օղլուշաղին,
Թե դուք կենդանի կանգնիք, ձեր աչքով
Տեսնիք սիրելյաց տանջանքն՝ մղկտալով.
Ձեռներդ խաչած՝ ձեր դոշը ծեծելով,
Հող տաք ձեր գլխին, թաղեք ձեր որդին.
Ձեր սիրտը հանողին, կյանքը քանդողին
Եսիր դառնաք ու էլի չպրծնիք, էլի միշտ տանջվիք
Ու ձեր հողի վրա դուք մատաղ ըլիք,
Ձեր աշխարքումը էսպես դուք մաշվիք
Ու դեռ սիրտ չանեք, դուք չմիաբանիք,
Մեկ օր էս սուր, թուրն, էս կրակն ու բոցը,
էս պղինձն, շամփուրն, էս վառ հնոցը
Դուք ձեր թշնամուն միշտ հազիր չպահեք,
Նրան դուք չէրեք, նրան չկոտորեք,
Ձեր ազգն, աշխարքը դուք ազատ չանեք
Ու էսպես թշվառ, տարաբախտ մնաք:
Մնա՛ք դուք բարով, տարե՛ք ձեր որդոցն
Մեր կարոտ սերը, մեր ազիզ բարովն.
Պատմեցե՛ք նրանց մեր խեղճ օրերը,
Թո՛ղ պահեն նրանք իրանց գլխըները.
է՛ս օրին չհասնին, է՛ս ցավը չտեսնին,
Տա՛ն իրանց կյանքը ու պահեն աշխարքը.
Մնա՛ք բարո՜վ, բարո՜վ...


Վա՜յ... վա՜յ... ա՜խ... նա՛նի ջան... բա՛բի ջան... Աստված, քե՛զ ղուրբան... ամա՜ն... ամա՜ն... ամա՜ն... Մեռա՜նք… էրվեցի՜նք... խորովվեցի՜նք... ամա՜ն... վա՜յ... Հրես պրծա՜նք, հրես էկա՜նք. Ո՜վ Վարդան նահատակ, սուրբ ծնողք, ձեր զավակք գալիս են, մոտ էկեք. Կյանք տվին, մահ առան, ձեզ չթողին, ձեր հավատն, ձեր սուրբ խաչն չուրացան: Թրի բերնին, վառ կրակին, տանջանքին դիմացան:

«Փշրեցե՛ք, ջարդեցե՛ք, ոտն ու ձեռ կտրեցե՛ք,
Առաջ փորն, հետո գլուխն էրեցե՛ք, շամփրեցե՛ք,
Մատները հաղըհան, ձեռները կաշըհան
Արե՛ք, մեջքն կրակին դեմ արե՛ք, խանձեցե՛ք,
Կտրած ձեռն, ոտն ու մատն եղումը դաղեցե՛ք,
Ով շուտով սպանի, իր գլուխը կթռչի:
Ուսուլով ու յավաշ կամ կաշին հանեցե՛ք,
Կամ գլուխը քերթեցե՛ք, կամ աչքերն փորեցե՛ք:
Թո՛ղ ոտներն էրվելիս՝ աչքը տեսնի, սիրտն էրվի.
Թո՛ղ ձեռներն կտրելիս՝ բալքի թե ահ ընկնի,
Սիրտները ու դարձ գան, մեր հավատն ընդունին,
Խաչը թողան, ղուռանին գլուխ տան, մերն ըլին»:
Հասան խանն անիրավ՝ էս հրամանն ասելով,
Կրակին էր տալիս սուրբ մանկանցն՝ տանջելով:
Բայց արդարքն, վաղուց էր, տվել էին սուրբ հոգին,
Սուրբ արյան պատարագն նվիրել երկնքին:
Ողջակեզ, անուշ հոտն բարձրացել առ վերինն.
Սև ամպերն հեռացան, երկնային լիսն իջավ,
Նրանց մարմինն ամփոփեց, պատեց, բարձրացավ:
Ու հանկարծ՝ սոսկալի վերևիցը ձեն էկավ.
«Հասան խա՛ն, դու գազա՛ն, անօրե՛ն, դիվակա՛ն.
Բա՛ց չար սիրտդ, կա՛ց, կանգնի՛ր, որ ինձ տաս պատասխան:
Ո՛չ գետինն քեզ կպահի, ո՛չ անդունդն քեզ կքաշի,
Ո՛չ դժոխք թուլ կտան, ո՛չ գեհյանն սոսկալի.
Կենդանի դու պետք է քրքրվիս ու տանջվիս,
Մինչև էդ անմեղաց սուրբ արինն վճարես:
Թե շանթ քեզ հանդիպի, թե կայծակ քեզ էրի,
Իմացի՛ր, որ ե՛ս եմ, որ քեզ տամ տանջանքի.
Երերյա՛լ մնասցես, տատանյա՛լ մաշեսցիս,
Փուշ, տատասկ քեզ պա՛տի, թե հողն էլ դու մտնիս»:

Հանգիստ ու խաղաղ մնա՛ք, սիրելի՛ք,
Մինչև օրն վերջին, լիսն գեղեցիկ.
Անմե՛ղ երեխեք, արդա՛ր դուք հոգիք:
Քանի Ապարան տեսնիմ, անց կենամ,
Քանի շունչս առնիմ, ձեր անունը տամ.
Ա՛խ, իմ ազգի դուք հրեշտա՛կ, սո՛ւրբ որդիք,
Որ էդպես կանուխ դուք թառամեցիք:
Երբ երեսս հողին, ծնկներս չոքած,
Աչքս ծով դառած, սիրտս արնով լցված՝
Ընկնիմ, ա՜խ, գլուխս բաց ձեր առաջի,
Համբուրեմ ձեր հողն, մնամ վրա գետնի.
Քաղեմ ձեր ծաղիկն, հիշեմ ձեր հոգին.
Ո՜վ սուրբ հոգիք ջան, երկնային բեմին,
Աստուծո ատենին, սրբոց խորանին
Տարե՛ք իմ խնդիրս, տարե՛ք արտասունքս,
Որ մեր խեղճ ազգը, մեր սուրբ աշխարքը,
Որ ձեզ պես մատաղ տվեց աստծուն,
էլ չի՛ ավերվի, չմնանք գերի,
Սրի մատաղ ու եսիր թշնամուն,
Անտեր ու անճար, անտեղ ու անտուն:



ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ


Հայաստան աշխարքը շատ վախտ էր նեղության, ավերման, տակ ընկել, ամա էս ամենիցը անց կացավ: Սար ու ձոր դառել էր գողի, ավազակի բնակարան: Ամեն կողմից պարսիկք է՛նպես ոտը բարձրացրին հանկարծ, որ էլ դեմ կենալու ճար չկար: Բայց է՛ս նեղությունն էր, որ հայոց էլ է՛ն հոգին էր տվել, որ թե մեկ կողմից իրանց ազգին ոտի տակ էին տալիս, մյուս կողմից իրանք էին թշնամու արինը ծծելով ման գալիս: Սաղ Պարսկաստան պոկ էր էկել, սաղ Կավկազ` դռնմիշ էլել: էրակլի որդի Ալեքսանդրեն, որ Վրաստան առնելուցը ետը փախել, պարսից դուռն էր ընկել ու հարիր անգամ գլուխը քարեքար տվել, որ իր աշխարքը էլ ետ ձեռք քցի, էլ սար չէր մնացել, որ անց չկենա, որ բալքի թե իր, սրտի մուրազը կատարի: Լազգի, Չաչան, Չերքեզ, Ղազախ, Բոռչալու, Շամշադին, բոլոր Կասպից գավառները՝ ձեռըները հինա էին դրել, թև առել, որ թռչին ու ռսի իշխանությունը ստանան: Հայ ազգին յա կրակ էին խոստանում, յա սուր. յա կոտորում, յա թալանում: Ինչքան թույն ունեին, մեր ազգի գլխին էին թափում: Յա պատիվ, մեծություն խոստանում, որ խաբեն նրանց, յա պատիժ, պատուհաս տալիս, որ վախենան ռսիցը ձեռք վերցնեն: Շահիցը, սարդարիցը ֆարման ֆարմանի վրա էր գալիս, բայց հայոց արդար սիրտը, ուղիղ սերը, որ ռուսաց հետ ունեւն, է՛ն ժամանակն էլ նրանց չթողեց, երբ թուրը գլխըներին խաղում, որդի ու զավակ դոշըներին, առաջներին սուրն էր քաշվում յա կրակումն էրվում: Ինչ որ Պարսից կռվի ժամանակին հայք արին, աստուծո է հայտնի, ու ամենողորմած կայսրն էլ շնորհակալությունով ու հրովարտակներով, խաչով ու նշանով էս արած լավության տեղը շատ անգամ լցրեց: Թո՛ղ բազի հիմար, անաստված մարդ հայոց ոտը ձգի. թե մարդ չիմանա, քարերը վկայաթյուն կտան: Հալբաթ որ մեկ օր մեկ արդար, անաչառ մարդ Վրաստանու պատմությունը կգրի, էն ժամանակը կերևի, թե հայք ի՞նչ արին, ի՞նչ հավատարմություն են ցույց տվել տերությանը, ի՞նչ արին են վեր ածել:

Ո՞վ չգիտի, որ էս հադաղին, ինչ ժամանակ Հասան խանը՝ արևմտից, Աբաս Միրզեն` արևելից, ավազակի պես հանկարծ էկան, մեր սահմանը մեր կողմը ամենևին խաբար չունեին: Ընչանք ռուսք իրանց զորքը կհավաքեին, ղզլբաշը կարող էր սաղ Վրաստան ոտի տակ տալ եթե հայք չէին ամեն տեղ նրա ճամփեն կտրել: Միմիայն Ներսես ու Գրիգոր եպիսկոպոսաց, Մատաթովի ու Բեհդուբովի արածը բավական է, որ աշխարք իմանա, թե ի՞նչ հոգի ուներ էն ժամանակը մեր ազգը:

Առաջին՝ խաչը ձեռին, հայոց քարոզում, զորք էր հավաքում, որ գնան, արին վեր ածեն իրանց ազգի համար, երկրորդը՝ Երմալովի խնդրքովը եպիսկոպոսության շորերը փոխած, չերքեզի շոր հաքած, յարաղ — ասպաբ կապած՝ որ Թիֆլիզու, Ղազախ-Բոռչալվի միջովը չէր անց կենում, հենց իմանում էր խալխը, թե իրանց փրկիչն էր գալիս:

էն ժամանակը, որ Շամշադինի մովրովը հարիր մարդով հենց հասավ Մատուշկի ասած կարմունջը ու սարսափելով էլ ետ ե՛տ դառավ, չկարաց առաջ գնալ, էս հսկա եպիսկոպոսը երկու մարդով հազար արինակեր հարամու գլուխ ջարդելով՝ Ղազախ-Բոռչալու անց կացավ, հասավ Շամշադին՝ իր հայրենիքը, իր ընտանյաց մեջը, գրաֆ Սիմոնիչին, որ Գյանջուցը փախած՝ գալիս էր, իր բոլոր զորքովը իրանց տանը երկար պահեց ու Երմալովի թղթովը բոլոր կառավարությունն ստացավ, մինչև Թիֆլիզուցը օգնություն գար: … Գեղը, որ պարսիկք էկան, քանդեցին, գերի արին, ուր յոթանասուն տանից ավելի էր, երեսուն մարդով հինգ հազար մարդի մեջ մտավ, առյուծի պես իր ժողովուրդն ազատեց, նրանց եսիրը ետ բերեց: էս միջոցին Երմալովն էլ էկավ, հասավ: Մեկ պաս օր եպիսկոպոսիցը խնդրում ա, որ կռվի ժամանակին էլ պասին մտիկ չանի, բայց նա հսկայաբար պատասխան է տալիս.

— Պարսից միսը թողած` ի՞նչ հարկավոր է տավարի միս ուտիլ: Էս միջումը Ալեքսանդր վալին ու Զոհրաբ խանը էկան, Շամշադինը կոխեցին, ու քիչ էր մնացել, որ բոլորը տակ ու գլուխ անեն, քաջ եպիսկոպոսը իր ընտիր հայերով նրանց քամակը կտրեց, զորքըները կոտորեց ու հինգ պարսիկ իր ձեռովը բերեց ու Երմալովին փեշքաշ արեց: Սա էլ ճակատը համբուրեց ու շատ անգամ խնդրեց, որ իրան ասի, թե ի՞նչ պարգև ա ուզում թագավորիցը, բերիլ տա: Անմահ եպիսկոպոսը է՛ն խնդրեց, որ Շամշադինու ու Ղազախ-Բոռչալվի հայ ազգը թուրքի ձեռիցն ազատվի, չունքի մինչև էն ժամանակը նրանց ձեռին շատ նեղություն էին քաշում: Խնդիրքը կատարվեցավ, ու ինքն էլ արքայական պսակին ու թոշակին (պենսիա) արժանացավ:

Ո՞վ չի զարմանալ, որ սրա ախպեր Գալուստը ինչ ժամանակ Հասան խանի ձեռը գերի ընկավ, ու ուզում էին, որ գլուխը տան, Նաղի խանը մեջ ընկավ ու նրան արձակիլ տվեց: Սարդարն էլ Էն պայմանով նրան թողեց ու ֆարման տվեց, որ Շամշադնու, Ղազախ-Բոռչլավի մեծությունը որդոց-որդիս նրան կբաշխեր, թե կարողանար հայերի սիրտն առնիլ, նրանց դարձնիլ, որ ղզլբաշին ծառայեն: Հրամանն Էնպես էր տված, որ թե չորս օրվա միջի խարար չբերի, գլուխը հազար կտոր պետք է ըլեր: Բայց նա էս բոլոր արինը աչքի տակն առած՝ Էկավ ու թղթերը Մատաթովին տվեց: Հասան խանը հազար ոսկի նրա գլուխը բերողին, երկու հազար` նրան սաղ-սաղ բռնողին էր խոստացել: Շամշադնու սարերը, ձորերը գիշեր-ցերեկ գող ու ավազակ ղլվլում էին, որ նրան բռնեն, իրանց պարգևն առնին, բայց շատին ինքը իր թրին պարգև արեց: Է՛սքան անվանի, է՛սքան քաջության տեր էր էս օջախը, բայց էլի ով Գրիգոր եպիսկոպոսին տեսներ, հոգին հետը կերթար. Է՛ն զարմանալի սրտի տերն էր, է՛ն քաղցր լեզուն, է՛ն անուշ բնությունն ուներ: Երեխի պես կնստեր, կպատմեր, ինչ գլխովն անց էր կացել: Բայց ի՞նչ հարկավոր է բանը երկարացնիլ: Քանի Կավկասյան սարը կա, Մատաթովի ու սրանց արածը հավիտյան կհիշվի, կասվի: Միթե Ներսես եպիսկոպոսը չէ՞ր, որ գրաֆ Պասքևիչի հետ մտավ Հայաստան ու հայոց մեծ մասը քարոզելով, հորդորելով, ռսի ձեռի տակը բերեց: Քանի՜, քանի՜ քաղաքներ, գեղեր դարտակվեցան ղզլբաշի ու օսմանցվի երկրումը ու քանի՜սն էր Հայաստան, Վրաստան նրանցով լցվել:

Ո՞ւր թողանք էն մեր հոյակապ իշխանքը՝ Բարսեղ, Մանուկ, Մկրտիչ աղեքն բայազդցի, աշխարհահռչակ տունն Տիգրանյան ղարսցի, որ, ինչպես հայր, իրանց բոլոր հարստությունը վատնեցին, փչացրին ու իրանց աղքատ ժողովուրդը պահելով՝ բերին էս կողմը: էսօր էլ նրանց անուն տալիս՝ բայազդցիք ու ղարսցիք ուզում են երեսներին խաչ հանեն, էնքան անթիվ է նրանց հերությունն ու լավությունը ազգի վրա:

Միթե էս բայազդցի՞ք չէին, որ երբ մեր զորքը նրանց քաղաքն առավ, մեկ քանի օրից ետը հանկարծ Վանա փաշեն մեծ ղոնշունով որ էկավ, Բայազդի չորս կողմը բռնեց, էս քաջ հայերը հոգին ատամների տակն առած, է՛ն տղամարդությունը ցույց տվին, որ դեռ Երևան չեկած՝ շատը աստիճան, խաչ ստացավ: էսօր էլ որ էս ողորմելիքը Թիֆլիզումը, մշակություն անելիս կամ բաղնսներումը ծառայելիս, խոսք ա ընկնում, էն կտրատված շորըներիցը էլի իրանց խաչերը հանում, գոռոզությունով ցույց են տալիս իրանց արնի գինը:

Կարելի է, թե պատմությունը, որ հայի համար քոռացել, մեծ-մեծ ազգերի ա ղուլուղ անում, էլի մոռանա, բայց աղգասեր հայն ի՞նչպես չպաշտի Էն արծափեցի Մանուկ աղայի գերօրինակ քաջությունը ու հըսկայությունը, որ դեռ Բայազիդ չառած՝ առյուծի պես, քառասուն քաջ հայազգի քամակին, Մասսա սարին նայելով, իր ազգի մեծությունը միտքը բերելով՝ թև էր առել, սար ու ձոր ոտնատակ տալիս, փաշին ու բոլոր Բայազդու գավառը պահում, քրդերին քարեքար տալիս, հալածում: Տասը տարուց ավելի Էսպես իր աշխարքին տիրություն էր անում. վաթսուն մարդով շատ անգամ երկու-իրեք հարիր քրդի մեջ մտել, ջախըբուրդ արել, դուրս էր Էկել, ու ինչ ժամանակ Պարսից կռիվը բաց էլավ, արծվի պես ընկել էր Մասսա էս կողմը ու Հասան խանի ղոնշունը շատ տեղ կոտորել, ջնջել էր: էնպես որ, խանը անճարացած՝ գրեց փաշին, որ յա Մանուկին կորցնի, յա թե չէ հազրվի, որ վրեն կռիվ կգնա: Հսկա, բայց տարաբախտ Մանուկ աղեն էն օրը, որ էս խաբարն ընկնում ա քաղաքը, գալիս ա, որ բարութ առնի: Փաշեն, որ նրան աչքի լսի պես էր սիրում, կանչում, աղի արտասընքով խնդրում ա, որ անպատճառ գլուխն առնի, քաշվի, բայց քաջասիրտն Մանուկ իր տղամարդությանն ապավինելով` ասածն անկաջըվեր անում ու գալիս, մեկ դուքանի առաջի զրից տալիս, որ տասը ղզլբաշ հանկարծ վրա չեն թափվում, վեցին էլ սպանում ա ու հետո ա հոգին տալիս ու խաչվում: Էսօր էլ ինչ բայազդցի նրա անունը տալիս ա, ծուխը քթիցը դուս ա գալիս: Լիս կտրի՛ գերեզմանդ ու հողդ, անպարտելի՛ հսկա: Ա՜խ, ե՞րբ կըլի, որ քո հոգին գա, մեր ազգի վրա իջանի, որ մենք էլ մեր ազգին քե՛զ պես տիրություն անենք, քե՛զ պես մեռնինք:

Ո՞ւր թողանք ղարաբաղցոց, երևանցոց ու լոռըցոնց արածները, որ քար ու հող ղզլբաշի արնովը լվացել, արին են թափել: Ղորդ ա, Էն վաղուցվան հիանալի մելիքները չկային, ամա նրանց հոգին շա՛տ տեղ էր մնացել: Ղզլբաշի շատ ղոնշունի գլուխը սրանք կերան:

Ա՜խ, ո՞ւմ մտքից կերթա է՛ն հսկա կերպարանքը, է՛ն գեղեցիկ պատկերը, Էն անոշ լեզուն ու անօրինակ ռաշիդությունն ու սիրտը, որ շուլավերցի Սոսի աղեն ու մելիք Հոհանջանն ունեին: Հրեղեն վիշապի պես ընկել էին Քաշվեթու ու Բոլնիսի սարերը, որ թշնամու առաջը կտրեն, տեղ չտան, ու ինչ ժամանակ խաբարը նրանց է հասնում, թե Նեմեցի Կոլոնիեն տվին, քառասուն կտրիճ տղերք քամակին, իրանց մովրովն էլ մեջըներումը` է՛ն վախտն են վրա հասնում, որ քուրդ Օքյուզ աղեն վաղուց Կոլոնիեն քանդել ու իրեք հազար մարդով եսրների կեսը կոտորել, կեսը առաջն արել, տանում ա: Արինն աչքներն առած՝ ընկնում են էս մեկ բուռը զորքը էն անթիվ բազմությունի ետևիցը: Քուրդ ու ղարափափախ` եսրները տալիս են մեկ քանի մարդի ձեռք ու իրանք ետ դառնում: Էս միջոցումը մովրովը հայի ղոնշունն առնում, փախչում ա, որ իր գլուխը, պրծացնի, միմիայն քաջն Սոսի մեկ քարի տակի, իր կտրիճ ընկեր մելիք Հոհանջանի հետ ղայիմանում, ու մեկը մեկին ձեն են տալիս.

— Նամարդությունն ու թուլությունն տղամարդի համար ամոթ ա, քաջությամբ մեռնինք, որ մեր որդիքն էլ իմանան, թե մենք էլ ենք սիրտ, ունեցել ու մեր երկրի թասիբը քաշել, մեր աշխարհի սիրով մեռել: Էս մուռտառ արինն էլ ընչի՞ ա պետքը, որ էսպես օրը չենք թափիլ: Չոլումը մեռնիլը տղամարդություն է:

Ճանանչ թուրքեր ձեն են տալիս.

— Սո՛սի աղա, քո աղ ու հացը շատ ենք կերել, մեր աչքը կբռնի, թե քեզ վրա թուր բարձրացնենք: Մենք քեզ կտանինք, սաղ — սալամաթ ճամփու կքցենք, մի՛ անիր, գլուխդ մահու մի՛ տար, քե՛զ ենք ափսոս գալիս, արի՛, քեզ խնայի՛ր:

Բայց հսկայն Սոսի՝ կասկած ունելով, թե իրանց կբռնեն, եսիր կա՛նեն, նրանց խոսքին չի՛ նայում ու առաջի թվանքը որ չի քցում, Օքյուզ աղի տղեն է սֆթա ձիու շլինքովն ընկնում: Կատաղած հարամին ընչանք վրա կհասներ, մեկ տասնըհինգ մարդ էլ սպանում են էս կտրիճ հսկայքը ու թուրըները հանած, երբ բարութները հատնում ա, ընկնում են գազանների մեջը, առյուծի պես: Ընչանք իրանց հողին կտային, մեկ տասը հոգի էլ թրի են մատաղ անում ու իրանք աստծուն մատաղ ըլում:

Հանգի՛ստ ձեր սուրբ ոսկերացը, ո՜վ քաջ նահատակք: Ձեր ջիվան ջանի արինն ա, որ էսպես սիրտս կրակում ա: Ի՞նչ հայ ձեր անունը լսի ու ձեր լիս գերեզմանին ողորմի չասի, ձեր հիշատակը իր սրտումը չգրի: Մի՛ իմանաք, թե ձեր ազիզ արինը նհախ տեղը թափվեցավ. Էդպես պատվական արինն էր, որ աստուծո սիրտը գութ քցեց, մեր աշխարհն ազատեց ու Էսօր էլ է՛ն ձեր նահատակության քարի տակիցը ձեն ա տալիս.

— Հա՛յք, մե՛զ պես մեռեք, որ անուն ճարե՛ք:

Էսպես օրինակներ հազարները կան, բայց էլի մենք մեր պատմության տուտն սկսենք: Բարեխնամ կառավարությունը տեսնելով, որ աշխարքն Էսպես ոտի տակ ընկավ, հրամայեց, որ Փամբակ, Շորագյալ քոչին, գան Լոռի, որ իրանց պրծացնեն: Աստված հեռու տանի, ինչ խալխի հալն էր: Որի ախպերը չկար, որի հերը, որի որդիքը, որի մերը: Ղարաքիլիսեն, ինչ տեղ որ իշխանն Սավարզամիրզա կենում էր, դառել էր սգատուն, գողադարան: Անօրեն պարսիկքն ու թուրքերը ձորից, սարից, օրը ճաշին, մեր աչքի առաջին, մեկ թվանքի մանգզիլ տեղ, վրա էին տալիս գազանի պես ու տավար, մարդ եսիր անում՝ կամ տանում, կամ գլուխը կտրում: Ո՛չ ցերեկն ունեինք քուն, ո՛չ գիշերը: Մեկ ձիու ոտի կամ թվանքի ձեն մերուցը գալիս` աշխարքն աշխարքով էր դիպչում: Հերը որդին ուրանում էր ու աչքը ջուր կտրած, շլինքը ծուռը՝ մտիկ անում, թե հրես, որտեղ որ ա, հարամին կգա, նրան սուրը կքաշի: Մեկ դաստա սալդաթ ու մեկ քանի ղազախ, որ գնացել էին ճամփեն բռնեն, Էնպես ջարդված, յարալու-փարալու ետ Էկան, որ մարդի գլխին կրակ էր վառվում: Մեկ օր Նաղի խանը էսպես վրա տվեց, Ղշլաղ ասած գեղն էրեց ու Ղարաքիլիսու վրա էկավ: էլած-չէլած ղոնշունը թոփերն առած՝ քաղաքի առաջը կտրեց, խալխն էլ տուն ու տեղ բաց թողին ու իրանց էրեխեքանց ձեռը բռնած՝ գնացին, թոփի տակը մտան: Ռուսաց քաջ հոգին էր, որ մեզ ազատեց: — Վաղուց էինք սրբություն առել ու մեր սև օրին աչքըներս կթել: Խալխը քոչիլ չէր ուզում, չունքի սրի ձեռիցը, սովի ձեռը պետք է ընկնեին, ու չէին ուզում էլ, որ իրանց քաղցր հողիցը բաժանվին: Մըտքիցս չի գնալ էն դառն օրը, որ հրամանն էկավ, թե անպատճառ քոչին: Ո՞վ կուզեր ախր է՛ն տունն էրել, որտեղ որ իր հերնըմերը կացել, իրան կաթը տվել, պահել, մեծացրել, մեռել էին. է՛ն իգին իր ձեռովը քանդիլ, որ դառը քրտնքով բհամ բերել, էն տեղն էր հասցրել: Հաջաթ, զարդ, տան կայենք, ինչ կար չկար, բոլոր կրակ տվին, ինչ ժամանակ ռսի ժամի մուխը տեսան, որը որ մեծավորը ի՛ր ձեռովը կրակ տվեց, ու սկսեցին լալով, սգով իր քաղցր, ազիզ սիրելյաց գերեզմանը համբուրի, բարով մնա ասիլ իրանց հողին, ջրին, թոփի, սալդաթի մեջն ընկնիլ ու Դվալի սարի է՛ն կողմն անցնիլ. Դեռ կիսաճամփի էինք, որ Նաղի խանը իր ղոնշունովը էկավ, մտավ Ղարաքիլիսա, ու սարի դոշիցը ամեն մարդ իր տան Կրակի ծուխը տեսնելով՝ քթի ծուխն էլ հետն էր դուս գալիս, ու աչքը խփում էր, որ էս կսկիծն էլա չտեսնի: Քոչվորի մեկ տուտը Ջալալօղլի էր հասել, մեկը դեռ հլա սարի էն կողմն էր: Թուրքերը շամդաքակեր գիլի պես գլխըներիս պտիտ էին գալիս ու սարից, ձորից թվանքները մեզ վրա կրակում: Էն օրը գնա, ո՛չ ետ գա, ինչ մեր հալն էր: Լացի, սգի ձենը երկինքն էր հասել, լսողի, տեսնողի սիրտը էրում, փոթոթում: Խալխը սար ու ձոր լցվել, իրար վրա էր թափել. ո՛չ տուն կար, ո՛չ տեղ, ո՛չ հաց, ո՛չ ապրուստ: Ով բարեկամ կամ ծանոթ ուներ Լոռի, գնաց, նրա մոտ վեր Էկավ. ով հարուստ էր, գլուխը պահում էր. ով մեկ աստվածասեր ռաստ էր գալիս, գեղարենքումը իր քյուլֆաթին մեկ տաք գոմ էլա ճարում, նրանց տեղավորում էր, ով չէ՛, սարում, ձորում, էրում, քարափում բուն փորում, մեջը մտնում ու գլուխն ու մեջքը լեռ քարին տալիս: Լոռվա ձորի մեջը, էս գլխիցը էն գլուխը, խալխ էր, որ իրար վրա վեր էր թափել. շատը հողն էր ծակել, մեջը մտել, շատը փետեր իրար վրա տվել տակին կուչ էկել, բայց հաց, շոր, ապրուստ ո՞րդիանց ստանային ողորմելիքը: Հացի կոտը դաոավ օխտը-ութ մանեթ, էն էլ չէր ճարվում: Սարերումն` էլ բանջար, խոտ չէր մնացել, քաղել, կերել էին: Ձուկը բռնելով, ֆորս անելով ի՞նչպես կարելի էր տուն պահիլ. Քչիցը, ամեն մեկ տան տասը ջան կըլեին: էլ սատկած տավար չմնաց, որ չմորթեն, չուտեն: Շատ հեր, շատ ախպեր իրանց օղլուշաղի, քոռփա էրեխեքանց ձենին չդիմանալով` տասնով, քսանով հավաքվում, գլխըները փեշըներին էին դնում, էլ ետ թաքուն Փամբակ գնում, որ հաց բերեն, բայց, ա՜խ, որը եսիր էր ընկնում, որը գլուխը թշնամուն տալիս, իր տունը քանդում:

Ձմեռն էլ էկավ, վրա հասավ: Մարդ, անասուն սովի, ցրտի ձեռիցը ազար ընկավ: Աստված ո՛չ շհանց տա, ի՜նչ էս խեղճերի հալն էր: Քար էր, որ գերեզման էր դառնում, հող էր, որ ջիվան-ջիվան երեխեք, իրեք — չորս օր սոված, թաղաթը կտրած՝ տակովն անում: Մեկ հացի ֆոտ դուս գալիս, հազար աղքատ` շլինքը ծուռը, դուռըդ կտրում, չտայիր, սիրտդ էր էրվում, տայիր, երեխեքդ մնում սոված, կարոտ էինք մնացել, որ ցամաք հացն էլա կուշտ փորով ուտենք: Ով ինչ զարդ, զինքս ու զարդարանք, արծաթեղեն կամ մարգարտեղեն ուներ, որը ծախեց, որը գրավ դրեց: Շատը որդիքը տարան Շուլավեր, Բոռչալու, եսիր տվին: Իմ տան տերը դերձիկ էր: Որ գնում չէր, բանում ու մեկ քանի շաբթից ետը մեզ համար հաց բերում, հենց իմանում էինք, թե երկնքիցը հրեշտակ է գալիս: էսպես՝ հազարավորք մեռան, սովամահ էլան, ու շատ փայն էլ էկավ, ընկավ Վրաստանու հողը ու գլուխը պրծացրեց: էսպես ա հայն իր խեղճ օրը հազար տարի պահել իրան էս տեղ հասցրել, մեկ թշնամի ոտը բարձրացնելիս՝ նրա գլուխը ջարդվել, նրա տունն ու տեղը քանդվել էլ ի՞նչ անօրեն, անգութ մարդ պետք է ըլի, որ հայի միսն ուտի ու նրան չխղճա: Հիմիկ էս թողա՛նք, գնա՛նք էլի մեր սիրելի Աղասու մոտ, տեսնինք ո՞ւր մնաց, ու ի՞նչպես պետքը նրա բանը վերջանա:
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение:#14  Сообщение Lusine1101 » 07 май 2017, 11:18

Էս խառը, դառը, ալեկոծյալ ժամանակին էր, որ մեր իգիթ Աղասին հինգ տարի սարեսար, քարեքար ընկած, հինգ ընկերիցը իրեքը կորցրած, երկուսը քամակին, մեկի անունը Կարո, մյուսինը՝ Մուսա, մեկ տասըքսան քրդստանցի հայ էլ իր թրի տակը բերել, սար ու ձոր չափելով՝ ման էր գալիս: Մեկ օր Անի ըլում, մեկ օր` Ղոշուվանք, ու էստեղ — էնտեղ չափմիշ անելով՝ գլուխը պահում էր, որ յա իր ջիգրը հանի, յա մեկ հազար մարդ էլա սպանի, հետո հողը մտնի, որ սրտումը դարդ չըմնա: Ավելի Անի էր նրա բնակության տեղը, որտեղ որ հարիրավոր ղզլբաշի գլուխ էր թրին մատաղ արել: Էստեղից էր, որ վրա հասավ ու իր չար թշնամի Հասան խանին ճանկեց, ամա ջահելությունն ու խաչապաշտությունը նրան գլխից հանեցին, նա խաբվեց ու հազիր ձեռն ընկած ֆորսը էլ ետ բաց թողեց:

Մեր կարդացողների լավ մտքին կըլի, որ նա, երբ Քանաքեռ սարդարի ֆառաշներին սպանեց, ինքն էլ Էնպես մնաց ազիզ թագուհու ու իր արածի վրա սառած, կանգնած: Ընկերներն էլ Ժամանակ չկորցրին. գիտեին, որ բոլորի վերջը մահն է, էլ ո՛չ հոր մտիկ արին, ո՛չ մոր, Աղասուն կապեցին ձիու վրա ու ընկան Ապարանու սարը, որ կամ Փամբակ փախչին, կամ Ղարս, կամ Ախլցխա, որ իրանց գլուխը թափեն: էրկու սհաթից ետը ի՞նչ Քանաքռու հալն էր, աստված ո՛չ նշանց տա: Սուգ ու շիվանն ընկավ գեղը. տուն էր, որ քանդում էին. մարդ էր, որ փետ ու միս էին արել, փախածներին պտրտում, նրանց հերնըմերը, օղլուշաղը թրի տակ արած` մեկ սհաթի միջումն որի շլինքը թոկ քցած, որի ձեռները ետևին կապած` ոչխարի պես առաջ արին, որ տանին սարդարի դուռը:

Որդի էր առաջները գալիս, որ հոր ճտովն ընկնի ու իր վերջին բարովն առնի, աղջիկ էր մոր դոշին ընկնում, որ հոգին տա. հարսն էր մեջ ընկնում, փեսա էր ոտնըներովը փաթաթվում, որին թրով էին յարալու անում, որին թվանքի ոռքով ջարդում: Քար էր ընկնում ձեռըները, վրըներն էին քցում, փետ էր պատահում, գլխըներին խփում: Շատին էլ տան սներիցը կապել, Էնպես էին չիփ-չիփլախ ոտին, գլխին վեր հատում, որ մեկ ձենը երկինքն էր հասել, մեկը՝ գետինը: Սաղ գեղը պոկ էր Էկել. որը գլխաբաց, որը բոպիկ ոտով, որը յարալու, որը կուռը կոտրած` արնաթաթախ, երեսը պռճոկելով, գլխին, դոշին տալով, որը ջուրն էր ուզում ընկնի, որը քարափնըվեր: Քեդխուդեքն էլ հո, ձեռ-ձեոի կապած, Էնքան ոտի թվանքի տակ էին ընկել, որ ջանըներումն էլ սաղ տեղ չկար:

էս հալին մտան Երևան, գնացին բերդը: Կնանոնցը քարով, փետով դեն արին, մարդկերանցը ներս քաշեցին, ու անկուշտ Երևանի բերդը ատամները սրեց, որ էս նոր Էկած ղոնաղներին էլ փորումը լավ տեղ տա, մարսի: Երկար վախտ դեռ նրանց ձենը բերդիցը, կնանոնցը՝ դրսիցը, իրար էին հասնում, իրար գլուխ լալիս, մինչև քամին բոլորի ձենն էլ կտրեց, — աշխարքը դինջացավ, դահիճքը կատաղեցին: Էս միջոցին խաբար հասավ Սահակ աղին: Էս Երևանու հայերի փրկիչը, որ ազգով, պապով Էնքան հոգի, տուն ազատել էին բանտից, մահից, սրից, թրից, որ թիվ ու համար չկա: Ձին թամքած՝ տանը հազիր էր. թռավ ձիու քամակը ու նոքար, բեքար առաջն արած՝ է՛ն սհաթին հասավ բերդի դուռը, որ կնիկ, օղլուշաղ, քար, հող ուզում էին պոկեն, գլխըներին տան, բայց քարն Էնքան անիրավ չէր, որքան անաստված ֆառաշները: Ձին որ չքշեց մեկի վրա ու ղամշով գլխին տրաքացրեց, տասը տեղ գունդ ու կծիկ անելով մնաց քամակի վրա ընկած:

— Հենց է՛ս սհաթին փորդ վեր կածեմ, — ասեց, — սա՛տկած շուն, քո ի՞նչ հադդն ա կնիկարմատի ձեռ վրա բերես: Կապեցե՛ք էդ շներին, հենց էս սհաթին դրանց թոզը քամուն տալ տամ, դրանց սոյին նա՛լլաթ:

էս խոսքի վրա նոքարները էլ վախտ չի՛ կորցրին, վրա թափեցին ու հենց, էն ա, էստեղ-էնտեղ շատին բողմիշ արել, ուզում էին ոտ ու ձեռ կապեն, որ բիրդան Սվանղուլի խանը բերդիցը դուս էկավ: Թուրքերի միջին, կարելի է, մեկն էլա էնքան հայի թասիբը չէր քաշում, ինչքան էս օրհնած խանը: Նրան էլ որ էն դհիցը դուս գալիս չտեսան, թուրք, հայ մնացին փետացած, կանգնած: Բայց ո՞վ էր կարող էս հադաղին էն նաչար, ջրատար եսըրների օղլուշաղի ձեռ ու ոտ կապիլ: Հարայ տվին ու ընկան ձիու ոտը.

— Խա՛ն, գլխովդ ման տանք, ոտիդ հո՛ղ դառնանք, մեր ձեռն ա, քո` փեշը, վերևումն` աստված, ներքևումը` դու. մեզ տա՛ր, ջուրն ածի՛ր, մեզ էստեղ սպանի՛ր, սուրը քաշի՛ր, ձիուդ ոտի տակին մատաղ արա , մեզ մի ճար արա՛:

Բարեսիրտ խանը ձին ետ քաշեց, ֆառաշներին ղամշելով դեն արեց, որին իսկույն վեր քցիլ, բերանը հող ածիլ տվեց, որի ատամներն ու գլուխը մաշկի նալչով լավ տրորիլ տվեց, մյուսներին էլ բերդն արեց ու ինքը աղլուխը աչքին դրած՝ սկսեց ձեռը մելիք Սհակի գոտիկը քցիլ ու ասիլ.

— Ա՜խ, ճամփեն փուշ ու տատասկ դառնար էս անիծած ղաջարի, որ մեր հողը չմտներ: Աշխարքը քանդեցին, աստված մեկ քար էլա չի՛ քցում սրանց գլխին, որ սատկին, փչանան: էս ի՞նչ ա էս խեղճ խալխի հալը: Մեկ աղջկա խաթեր էսքան տուն քանդիլն աստված ի՞նչպես ա ղաբուլ անում: Աստված մեր թուրը մեկ օր մեր սիրտը կցցի, էս զուլումին քարը չի՛ դիմանալ, ո՞ւր մնա մարդը: Գնա՛նք, Մա՛լիք, գնա՛նք, կես սհաթ որ ետի վրա հասնինք, էն խեղճ բռնվածների տունը կքանդեն՝ յա աչքները կհանեն, յա գլխըները կկտրեն: Աֆա՛րիմ, Ա՛ղասի. էս սհաթին էստեղ ըլի, աչքին պաչ կանեմ: Ռաշիդ տղեն էնպես կըլի, ամա ի՞նչ անես, որ անօրենի ձեռի ենք մնացել: Գնա՛նք, վախտ կորցնիլ պետքը չի:

էսպես խոսեց էս արժանահիշատակ թուրքը, որ ամեն սհաթի հայելի համար գլուխը ետ էր դրած: Նոքարներին հրամայեց, որ էն կնանոնցն ու Թագուհուն իր տունը տանին, ընչանք ինքը գա, ու ինքը Սհակ աղի հետ մտավ բերդը: Ղարավուլները սրանց որ տեսան, մնացին փետացած կանգնած: Երևանու բնիկ թուրքերը, որ հայի հետ մեկտեղ մեծացել, ախպոր պես էին վարվում, սարդարին, Հասան խանին անիծելով, թքելով, ղզլբշի վրա ատամները ղրճտացնելով՝ քիչ-քիչ քաշվեցին ու դեմը գնում էին, դեմը ասում.

— Տե՛ր աստված, ե՞րբ կըլի, որ քո ողորմության դուռը բացվի, ու մենք էս անիծած ղզլբաշի ձեռիցը մեկ օր ազատվինք:

Չունքի սրանք երլու ըլելով` չէին ուզում մեկ օր էլա նրանց ծառայեն, ու շատ անգամ հայերի հետ միացել, քշել էին նրանց, ամա թրի զոռով էկել, էլ ետ երկիրը զավթել էին:

— Սարդա՛ր գլխի՛դ ղուրբան, — ասացին Սվանդուլի խանն ու Սհակ աղեն ու ձեռ-ձեռի տված՝ ընկան դիվանխանեն հենց է՛ն սհաթին, որ խեղճ հայերի կռներն ու աչքերը կապել, չոքացրել էին, որ գլխըները տան:

Դահիճները թուրըները սրել, գլխըներին կանգնել էին: — Սա՛րդար, մեր գլուխն էլ սրանցի հետ տո՛ւր, — ասեցին, չոքեցին ու ուզում էին իրանց ձեռովն իրանց աչքը կապեն: — Տուն, մալ, դովլաթ, օղլուշաղ, ղովում, ղարդաշ՝ գլխիդ եսիր ըլին: Ձեռըներիցը բռնի՛ր, ջուրն ածի՛ր, մեր հոգին ա՛ռ ու էս անմեղ խալխին սուրը մի՛ քաշիր: Սարը քո առաջին գլուխ չի բարձրացնիլ, ծովը, քեզ տեսնելիս, բերանը կփակի, ոտդ թափ տաս` երկիրը թև կառնի, կթռչի. արարած աշխարքը թրիդ առաջին ղուլ ա դառել. անունդ երկնքումն ա ձեն տալիս, ոտդ որտեղ դնում ես, ծաղիկ է դուս գալիս, աչքդ որտեղ քցում ես, արեգակ է բաց ըլում. Ի՞նչպես ես մեկ լաչար աղջկա խաթեր, մեկ-երկու նոքարի խոսքով՝ Էսքան տուն քանդում. Բաս ո՞ւր մնա քո ռահմն ու քյարամաթը, որ ալամ աշխարք տեսել, զարմացել ա: Ի՞նչպես էս Էդ հալալ բերնիդ լայեղ տեսնում, որ սրանց արինը վեր ածիլ տաս: Քո քոշք ու սարեն ողորմության դուռն ա, ընչի՞ ես արնի տեղ շինում: Սրանց ծեր հասակին, սրանց խեղճ եթըմներին խնայի՛ր: Սրանք ի՞նչ են արել, որ մեկ տղի, մեկ թուլի, հարամու գլխին եսիր ես անում: Երկինքն էլ ա քոնը, ի՜նչ թե երկիրս: Արարած աշխարքս քե՛զ ա գլուխ վեր բերում. մեկ աղջիկն ի՞նչ ա, որ նրա խաթեր քո խալխի տունն ուզում ես քանդես: Աղջիկ ես ուզում, հազարը կա: Ո՞ւմ աչքդ առնի, որ քեզ մատաղ չըլի: Մեր ջանն ուզի, որ քեզ տանք, աղջիկն ո՞ւմ շունն ա: Դո՞ւ չես, որ հալալ բերնովդ ամեն օր ասում ես. Հայերը քո աջու թևն են, քո երկիրը շենացնողը, խազինեդ լցնողը. քո թուրը կտրուկ, երեսդ պարզ անողը նրանք են: Ի՞նչ կըլի, որ էս սհաթին քո ցասումդ մեզ վրա թափես, սրանց խեղճ գաս: Ասլանին ի՞նչ փառք՝ գառի գլուխը ջարդի: Չէ՛, սրանք քո չրաղն են, քո ըմբրիդ դվաչին. Ընչի՞ ես նհախ տեղը կորցնում: Անողը պետք է բռնած, սրանք ի՞նչ մեղք ունին: Ում ձեռն արնոտ ա, նրա աչքը պետք է հանած, սրանք ի՞նչ են արել: Սա՛րդար, երկնքի, երկրի տե՛ր, սա՛րդար. Դու չես մեր շլինքը տալ, մե՛նք մեր թուրը մեր սիրտը կխրենք: Թե մեր արինը քեզ համար թանկ ա, սրանց գլուխը մեզ բաշխի՛ր: Քո դռան շունն ենք, մեզ մի՛ կորցնի՛ր:

էսպես աղաչանք արին ու չոքըչոք, թրըները տարան, սարդարի առաջին դրին, ոտի տակն ու փեշը համբուրեցին, երեսներին քսեցին ու գլխները գետնին կպցրին, որ տեսնին, թե բանն ինչպես ա վերջանում:

— Ձեռներս կապում եք, Խա՛ն, Մալի՛ք, — սկսեց սարդարը բերանը բանալ, — ի՞նչ անեմ. Ի՞նչ կըլեր, մի քիչ ետի էիք էկել: Ինչքան բարկացած էլ որ ըլիմ, ձեզ տեսնելիս՝ թուրը ձեռիս, ձեռս թուլանում ա: Մինչև ե՞րբ էս կրակը մեր երկիրն էրի: Հայ ազգը ո՛չ թրից ա վախենում, ո՛չ թվանքից, ո՛չ թոփից: Կրակն ես քցում, էլի իր հավատն ա պաշտում, ծառին ես կախ անում, միսը պոկում, բերանը տալիս, էլի իր խաչն ա պաշտում, իր Քրիստոսի անունը տալիս: էս մեկ կտոր փետն ի՞նչ ա ախր, որ սրանք էսպես ապավինել են. որդին ես քշում, ինքն ա հետը կրակն ընկնում, հորն ես բռնում, որդին ա գլուխը մահի տալիս: Սրանց մեկ կնիկ են տալիս, մեր օրենքը՝ քանի որ քեֆդ ուզի: Ռահաթություն, մշակություն են անում, բուրդ հաքնում, ցամաք հացի կարոտ, մենք սրանց խանություն, բեկություն, աշխարք, պատիվ, դովլաթ, մեծություն ենք տալիս, ախր ընչի՞ համար չեն խելքի գալիս, մեր մասսաբին, օրենքին հավանում, մեր հավատը ընդունում, պաշտում: Բոլորը ջնջես՝ աշխարքը կքանդվի, չունքի երկիր շենացնողը, հաց տվողը սրանք են: Արևի, անձրևի, կոռի, բեգյարի տակին չորացել, չոփ են դառել, էլի որ մեկի մազին դիպչում ես, ասլան ա դառնում, մարդի պատռում: էսքան մեր ազգը սրանց կոտորեց, եսիր տարավ, աշխարքը քանդեց, էլի խելքի չէկան: Շահություն էլ որ խոստանում ես, իրանց գլուխն են դեմ անում, էլ ի՞նչ ասես: Մեկ մարդ փլավի, մսի տեղ խոտ, բանջար ուտի, ամսներով պաս պահի, ցամաք հացի ապով մնա, ախր էն գլխումն էլ ի՞նչ խելք կըլի: Ախր ի՞նչ սատանա է սրանց սիրտը մտել, սրանց ճամփից հանում:

Մեր փեղամբար Մահմադն ասում ա` թշնամուդ աչքը հանի՛ր. սրանց Քրիստոսն հրամայում, որ նրան սիրես, քո աչքդ հանես, նրան տաս, նրան օրհնես, թե քեզ հալածի: էս խե՞լք ա: Հավն էլ իր ճուտը ուրուրին չի տալիս, սրանք ո՞նց են իրանց որդիքը իրանց ձեռովը մատաղ անում: Մեկ սիրտ անեն, մեր հավատն ընդունին, տեսնին՝ մեր շահն ի՞նչ փառքի սրանց կհասցնի: Ջաֆար խանին թո՛ղ մտիկ անեն, մեկ ղարաբաղցի հոտաղի տղա էր, որ եսիր արի, հմիկ աշխարքի տեր ա դառել: Խոսրով խանն ո՞վ էր, ո՞ւմ որդի, Էնպես էլ՝ Մանուչար-խանը. հմիկ սաղ Իրանը զավթել են. շահն էլ են նրանք, Շահզադեն էլ: Շահի հոգին նրանց ձեռին ա. Ասեն` նստի, կնստի, վե՛ր կա՛ց, վեր կկենա, ինձ նման հարիր սարդար, խան, շահզադա նրանց ձեռին են մտիկ տալիս: Ստամբոլ են գնում հայի տղերքը՝ վազիր ու փաշա են դառնում. Թեհրան են ընկնում՝ նազիր ու խան. սրանից ավելի էլ ի՞նչ պատիվ կուզի մարդ, որ ստանա, ու սրանք Էսպես քարացել, ոչինչ չեն ընդունում: Մեր կուռը բեզարեց՝ սրանց կոտորելով, մեր թուրը գլացավ` սրանց սպանելով, սրանք էլի, հենց գիտես, թե խիարի սերմ ըլին. մեկ ղրաղիցը կտրում ես, մյուս ղրաղիցը դուս են գալիս, էլի հասնում. էլի կտրածի տեղը բռնում:

Մարդ կուզի՝ օր քաշի, կյանք վայելի, սրանք իրանց կյանքը իրանք են մահու տալիս, իրանց օրը իրանք խավարացնում: Մեռնին իրանց հավատովը` դժոխքը պետք է գնան, սատանի ձեռքը: Մեկ կտոր պանիր ուտիլն, մեկ ուշունց տալն, մեկ արած մեղքը չասիլն ի՞նչ զատ է, որ սրանք Էնպես կարծում են, թե իրանք դևի փայ կըլին, թե որ չպահեն: Մեր հավատովը՝ կե՛ր, քանդի՛ր, խլի՛ր, սպանի՛ր, քեֆ արա՛, աշխարքի վայելչությունը քաշի՛ր: Կնիկդ փիս ա, դո՛ւս արա, ուրիշն ա՛ռ. Ո՛չ պաս, ո՛չ ծում, աչքդ ի՞նչ սիրի, Էն կե՛ր, Էն հաքի՛ր, մաշի՛ր. մեկ չոռ ասողի աղիքը վե՛ր ածա, քեզ ծուռը մտիկ անողի աչքը հանի՛ր, էլի որ մեռնիս, գնա՛ Էն կյանքը, ի՞նչ դժոխք, ի՞նչ պատիժ, առաջիդ էլի հազար մոյդա ու աղջիկ պար կգան, քեզ քեֆ շհանց կտան, վարդի ջուրն երեսիդ կթափի, ոսկեջուրն տակովդ կերթա, սրանից ավելի փա՜ռք: Էստոնք թողած՝ հոգի ու հավատ կորցրել են էս հիմարները, էս դինումը ջոկ են տանջվում, էն դինումը հո, էլ ի՞նչ ասիլ կուզի, չունքի դրախտի բանալիքը մեր փեղամբարի ձեռին ա: Ո՛չ սրից են վախում, ո՛չ փառքից խաբվում: Ծծկեր երեխեն էլ, թուրքի անունը տալիս, ուզում ա՝ մարդի կտրատի: էլ ի՞նչպես համբերես, համբերությունը մեկ օր կըլի, երկու օր: Սաղ Իրան հարիր անգամ սրանց գլխին փուլ էկավ, էլի տակիցը դուս էկան, շունչ առան ու տեղն ընկած վախտը մարդի սաղ-սաղ ուտում են, սրանց արածին ո՞վ կդիմանա: Հմիկ էլ մեկ գյադա իմ ղլերին (ծառա) ա սպանել. ախր ի՞նչ անեմ. սիրտս բերնովս դուս ա գալիս, ի՞նչպես չի սրանց ղիմա-ղիմա անես: Ախր նա էս օձերի ճուտն ա. ընչանք մորը չսպանես ձագը ձե՞ռ կընկնի:

Խա՛ն, Մա՛լիք, էլի ասում եմ՝ սրանց արածը տանելու չի, ամա դո՛ւք եք Էկել իմ դուռը, ի՞նչ անեմ, ի՞նչպես ետ դարձնեմ: Որ սիրտս ուզեք գիտեք, որ կհանեմ, ձեզ կտամ: Սրանց գլուխը ձեր արևին սադաղ. թո՛ղ բխով քցեն դրանց ոտներն ու շլինքը, ու բերդումն ընչանք մնան, մինչև սուչլուն ինքն իրան ետ գա: Հորնըմոր արինը քաղցր ա, վաթանի հողն ու ջուրն՝ անոշ: Թո՛ղ սրանք գրեն իրանց տղերքանցը, խրատեն, որ ետ դառնան, թե չէ բանը փիս կգա: Կուզեմ, որ է՛ն, է՛ն, է՛ն բեդովլաթ Աղասուն մեկ էլ տեսնիմ, մեկ էլ էն սուրահի բոյին նայեմ, հետո միսը բերանը տամ, որ սրտումս դարդ չմնա: Թո՛ղ նա էլ, ուրիշներն էլ լա՛վ իմանան, թե սարդարի հրամանը գետինը չի՛ պետք է քցած, սրբի պես պաշտած, որ մեկն էլա չի՛ համարձակի էսպես բանն անիլ: Թե չէ՝ հայերը գել կդառնան, մեզ կուտեն: էլ էս երկրումը կենալ չի՛ ըլիլ:

Ասում եմ ձեզ, ա՜յ աղսախկալուք (ծերունիք), ղուռանի զորությունը գիտենա, թև առնին ձեր որդիքը, երկինքը թռչին, էլի նրանց վեր բերիլ կտամ, գետնի տակը մտնին յա ծովի, կհանեմ, թիքա-թիքա կանեմ, նրանք որ չգան, սաղ հայ ազգը թոփի բերնին կապիլ, քցիլ կտամ, թե խելք ունին, ձեզ խեղճ գան, ետ դառնան: Հազար ձիավոր նրանց ետևիցն ընկած` սար ու ձոր ոտի տակ են տալիս, ղազախ, ղարափափախ՝ նրանց արինը խմում, թե մեկ ձեռս են ընկել, մեծ թիքեն անկաջները կմնա, ձիու պոչից կապիլ, քաշ տալ կտամ, թո՛ղ ձեզ խաթր անեն, ետ գան, թե չէ, որ ես բերիլ տվի, ո՛չ դուք կպրծնիք, ո՛չ նրանք: Քյաբ ու ղուռանով, շահի գլխովն օրթում եմ ատում, ասածս ասած ա, դուք գիտեք: Գնացե՛ք, էսօր կգան ազատ եք, էգուց կգան՝ նմանապես: Ձեր ու ձեր խալխի կյանքը նրանցիցն ա կախ. թե ետ գան, բալքի թե սիրտս ռահմ ըլի ընկած, բարկությունս անց կենա, նրանց սպանեմ. Սար ու ձոր առաջիս դողում են, նրա՞նք պետք է ինձ դեմ կենան: Գնացե՛ք, միտք արե՛ք, ձեր գլխի դարդը քաշեցե՛ք:

էս խոսքի վրա Սվանղուլի խանն ու Սհակ աղեն վեր կացան, աթոռի ոտն ու սարդարի փեշը համբուրեցին ու հազար անգամ գլուխ տալով, ոռըոռ անելով դուս գնացին:

Բանտը բաց արին, ու մեր խեղճ քեդխուդեքը մտան ներս, դուռը վրըները փակեցին, նրանք աչքըները բաց արին: Թագուհին էլ էնքան ոտին-գլխին տվել, երեսը չանգռել էր, որ էլ սարդարի երեսը չկարացին բերել: Սվանղուլի խանը տարավ իր տունը, որ նրա հոգսն էլ քաշի, նրան էլ ճար անի:

Բայց ինչ մեր Աղասու հալն էր, աստված ո՛չ շհանց տա: Ձեռն ու ոտը կապած. դժոխքը փորումը, սադայէլյան չար հրեշտակները գլխին պտիտ տալով՝ Զանգվի վրովն անց կացրին, ու, հենց բռնես, սար ու ձոր բերանները բաց` նրանց ըլին ուզում կուլ տան, էնպես փախցրին նրան նրա քաջ ընկերքը: Շատ տեղ իրանից գնում, քիչ էր մնում ձիուցը վեր ընկնի. էլի ընկերքը հասնում, երեսին ջուր էին ածում, անկաջները տրորում, ետ բերում. էլի նրա սիրտը գնում, ձիու գլխովն էր ուզում ընկնի:

Բազի վախտ որ բիրդանբիր «Թա՛գուհի, նա՛նի, բա՛ րի, Նա՛զլու» չէր ձեն տալիս քար ու հող ուզում էին կրակվին:

Հենց մութը գետինն առավ, նրանք նի մտան Ապարանու քանդված եկեղեցին, չունքի օրն էլ կարճ էր. արեգակը քիչ էր մնացել մեր մտնի, որ նրանք գեղիցը դուս էկան: Ձիանքը որ շունչ չէին քաշում, աչքըները արին էր քցում, քիթ ու բերան՝ կրակ: Ամեն մեկ շունչ քաշելիս փոր ու աղիք իրար էին կպչում, էնքան էին քշել: Վաթոն սկսեց ձիանը ման ածիլ, Կարոն՝ սար ու ձոր աչքի տակն առնիլ, ղարավուլ քաշիլ Մուսեն՝ Աղասուն ուսին դրած մտավ եկեղեցու խարաբին, գլուխը դրեց գոգն, ձեռը` երեսին, ու աչքը երկինքը քցեց, որ իմանա, թե աստղերն ի՞նչ են ասում: Մեկելներն ընկան դես ու դեն, որ ձիանոնց համար մի քիչ եմ (ուտելիք) ճարեն: Բայց էն վախտին չոլումն ի՞նչ կըլեր: Խոտի չոփերն էին մնացել տեղ-տեղ ցից-ցից կանգնած:

Երկինքն աչք ու ունք կիտած՝ իր չարխը պտտում էր հանդարտ. լուսինը ամպերի տակիցն մեկ երեսն հանում, շհանց տալիս, մեկ էլ ծածկում, կորչում էր: Գերեզմանատունն էնքան սարսափելի չէր ըլիլ, ինչպես էս յաբանի չոլը: Ամեն մեկ սարի արանքից կամ քարի տակից դժոխքի ձեն էր գալիս: Գել, չարխալ, արջ՝ մեկ կողմից, դառնաշունչ բորյազը, որ էստեղ, օրը ճաշին, մարդի աչք ու բերան կալնում, խեղդում է՝ մյուս կողմիցը, Սանդարամետը բաց էին արել սար ու ձոր իրար գլխով տալիս: Ամեն մեկ քար, ամեն մեկ թուփ, նրանց աչքին դև էր դառել, ու ձին մեկ ոտը խփելիս կամ փռնչալիս քարերն ուզում էին ճաքին, ձորերը՝ տրաքին: Աղասին՝ նաֆասը փորն ընկած, որ բազի անգամ ա՜խ չէր քաշում ու ոտին-գլխին անում, գետինն ուզում էր պատռվի, ընկերներին խոր տանի: Նրա հավատիրմ շունը գլուխը նրա ոտի տակը դրել, մնացել էր փետացած: Ձին էլ բերին, գլխավերևը կապեցին, որ բալքի նրա շունչն էլա Աղասուն մեկ ճար անի:

— Ջա՛նիդ ղուրբան, Ա՛ղասի, էս ի՞նչ օրն ես ընկել. մեր աչքը պտեր դուս գար, որ քեզ էսպես չտեսնեինք, էս ի՞նչ ա քո հալը, — ասում էր ջիվան Մուսեն ու գլխին տալիս, երեսն երեսին դնում, ձեռը` դոշին. դամարի տալն ու քանի տաքությունն էլ որ չէր տեսնում, գլխին կրակ էր վառվում:

Էն մեկել տղերքն էլ ձիանոնցը ջուր տվին, ձեռները քամակներին քսեցին, ու էլ ետ թամքեցին, լգամները բերանները տվին: Թվանքների, փշտովների ոտներն էլ քաշեցին, ազղոթին թազացրին, ու ամեն մարդ, իր ձիու լգամը ձեռին, էկան, Աղասու չորս կողմը կտրեցին: Աչքըներիցը արտասունքը գետի պես էր վեր թափում: Հորնըմոր դարդը մեկ կողմից, իրանց սև օրը մյուս կողմից, իրանց սիրելուն էլ է՛ն հալին տեսնելիս` ուզում էին քար ա քոլ պոկեն, գլխըներին տան: Մեկ սա էր ընկնում Աղասու վրա, մեկ նա: Մինը ձեռն էր դնում բերնին, մինը գլուխը քաշում դոշին:

— Ցարադանիդ ղուրբան, աստված, փառքդ շա՜տ ըլի. հենց է՛ս առավոտ ամեն աչք մե՛զ էր էրնակ տալիս, ի՞նչ արինք, որ մեզ էս պատժին հասցրիր: Վա՜յ մեր խեղճ օրին, ա՜յ ազիզ ծնողք, երաբ սա՞ղ եք, թե՞ թրի տակին մնացիք, երաբ թո՞փ ձեզ գետնին խփեց, թե՞ զընդան ձեզ մեջն առավ, երաբ մե՞ր ցավն եք քաշում, թե՞ ձեր սև օրը լաց ըլում: Տե՛ր աստված, տե՛ր աստված, ո՞ւմ մեկ չոռ ասեցինք, որ մեր առաջն էկավ: Ո՞ւմ մեկ ծուռն աչքով մտիկ արինք, որ մեր գլխին էսպես բարկացար: Արյան ծովն էկել, չորս կողմըներս բռնել ա, ո՛ր կողմն էլ ձեռն ենք ածում, կրակ է ընկնում ձեռըներս: էստեղ մեր թագավորներն էին վաղ ժամանակը քեֆ անում, իրանց ամառը անց կացնում, որտեղ որ հիմիկ մենք կրակումն էրվում ենք: էս ժամումն էին նրանք կանգնում, աղոթք անում, որտեղ որ հիմիկ մենք մեր հոգին ուզում ենք տալ: Ա՜խ ո՞ւր էն ժամանակը, ո՞ւր էն փառքը: Ձեր հողը լիս կտրի, ա՜յ մեր ազգի թագավորք, իշխանք, երա՛բ դուք էլ միտք կանեի՞ք, թե ձեր որդիքը մեկ օր էսպես արին պետք է վեր ածեն ձեր գերեզմանի վրա: էս ի՞նչ չար լեզու մեզ անիծեց, որ մեր օրն էսպես սևանա, մեր աստղն էսպես թեքվի: Ո՛վ արագահաս սուրբ Սարգիս, ո՛վ զինավոր սուրբ Գեորգ. էլ ո՞ր օրը մեր հավարին պետք է հասնիք: Դժոխքումն էրվում, տապակվում ենք, ախր ի՞նչ կըլի, որ մեզ չարա անեք: Ա՛ղասի ջան, Ա՛ղասի. ի՞նչ կըլեր, որ ամենս էլ քո ուղուրին մատաղ էինք գնացել, ա՛խպեր ջան, մեր հո՛գի, մեր աչքի լի՛ս: Արին կապեցիր խալխի սիրտը, կրակ վառեցիր երկրի գլխին, ա՛յ աշխարքի աչք Աղասի: Մեկ ճանճ էլա նհախ տեղը չես սպանել, մեկ սառը խոսք քո բերնիցը չի դուս էկել, ա՜յ աստուծո գառն ախպեր, ախր ընչի՞ պետք է աստված քեզ էլ, մեզ էլ էստեղը հասցներ: Ո՞ւր գնանք, ո՞ւր, մեր գլուխը ո՞ր քարի առաջին լաց ըլինք: Ո՞ր ջուրն ընկնինք, խեղդվինք, պրծնինք: Տո՛, մեկ բերանդ էլա բաց արա՛, քո ջանին մեռնինք: Ընչի՞ ես էսպես մեզ էրում, փոթոթում: Ի՞նչ կըլի, որ էդ սիրուն աչքդ էլա մի բաց անես, մեզ էսպես չսպանես: Աշխարքն էլ ի՞նչ պետք է մեզ համար, որ քեզ չենք ունենալ: Մեր գլուխը քեզ ղուրբան, ամենս էլ, առաջ մե՛ր արինը վեր կածենք: Կաթն ու ծիծ մեկտեղ ենք կերել, որ քեզանից ձե՞ռ քաշենք: Բախտ ու լավ օր մեկտեղ է՛նդուր համար ենք վայելել, որ քեզ նեղ օրը բա՞ց թողանք: Որիս ուզում ես, վեր կա՛ց, քո ձեռովդ մատաղ արա՛. ով երեսը ետ թեքի, շլինքը տո՛ւր, քո ձեռին ղուրբան, ախր մեկ խոսա, ի՞նչ կըլի:

էս խոսքին բիրադի մեկ ձիու ոտի շփլթոց էկավ: Երկինք, գետինք գլխըներին սևացավ: Հենց իմացան՝ մեկ ամպ տրաքեց, մեկ սար գոռաց, փուլ էկավ: Յարաղ-ասպաբ առան ուսըները, ամեն մեկը մեկ բուռը հող սրբությունի տեղակ բերանը քցեց, մեկ քարի առաջի չոքեց, իր մեղքը խոստովանվեց, մեկ քանի ծունր դրեց, երեսին խեչըհանեց, ժամի քարերը պաչելով տեղիցը վեր կացավ, ձիու աչքերը ճմբռեց, մեջքը սղալեց, որ անկաջները սրել, խլշացրել, էն կողմն էին մտիկ անում էնպես խլշկոտալով. որդիանց որ ձենը գալիս էր: Շունը ղրաղ քաշեցին, մատով-ձեռով արին, որ ձեն չհանի, ու իրանք թուր ու թվանք հազրած, ձիու ջիլավը քցած՝ սկսեցին պատի արանքիցը անսաս անկաջ դնիլ, որ տեսնին` էկողներն ո՛վքեր են: Դամարները ուզում էր տրաքի, ոտըների տակին կրակ էր վառվել: Անիծած բուքն ու քամին հյուսսի դհիցն էր գալիս ու ձենը փակում: Ուզում էին իրանց կտրատեն, որ չէր թողում՝ պարզ իմանան, թե ի՞նչ խաբար է:

էսպես՝ կես սհաթ քիմի մնացին փետացած: էլ չէին ուզում ծպտան: Շատ մտիկ արին, ձեն չէկավ. հենց էն էին ուզում, որ էլ ետ տեղըները նստին ու թվանքները վեր դնեն, ու մեկն էն կողմիցն սկսեց բերանը բաց անիլ.

— Տղե՛րք, ի՞նչ կըլի՝ ըլի, տղամարդությունն էն ա, որ մարդ իր գլուխը դուշմանի ձեռ չտա: Դուք լավ գիտեք, որ մեր մեկ հայը տասը թուրքի բարեբար է: Երևում ա՝ ետևներիցս մարդ են քցել, ման գալիս: Թո՛ղ գան, դրանց փիրն իրանց խռով կենա: Բոլորին յա կջարդենք, յա կջարդվինք: Քամակ — քամակի տանք, նամարդի մուհդաջ չըլինք:

Հենց էս խոսքն էր Կարոյի բերնումը, որ բեղաֆիլ տեղիցը էրկու գազ ծուլ էլավ, թուրը դուս քաշեց ու ուզում էր, որ դուս պրծնի, ընկրները փեշիցը քաշեցին, ձեռնըները բերնըներին դրին որ անսաս տեղը նստի, չունքի ձիանոնց ոտի թրխկոցն ու փռնչոցը էնպես մոտեցավ, որ, հենց բռնես, թե անկաջների տակին ըլի: Բայց նրանք լավ գիտեին, թե գիշերը ձենը շատ թեզ տեղ կհասնի, ու չուզեցան, որ իրանց տեղը իմաց անեն, ու նրանք հազըրված գան: Քիչ-քիչ էկողների խոսակցությունն էլ էին ջոկում, չունքի պարզիկա գիշեր էր, քարերն էլ էին խաբար բերում:

— Լավ հարաքյաթ են արել,— ասեց մեկը, — ա՛ֆարիմ, անիծած բորանն էլ իզըները կորցրել ա, գիշեր էլ ա, թե մարդ տեսնի, ամա ո՞ւր կկորչին: Երկնքումն ըլին՝ վեր կբերենք, հլա քշենք, էս չոլումը նրանք չէին մնալ:

— Աչք ա, որ էգուց առավոտ յա կծիծաղի, յա լաց կըլի. սարդարին էլ ընչո՞վ իմ հունարը ցույց տամ, որ նրանց սաղ-սաղ չկալնիմ, չտանիմ, փեշքաշ չանեմ, — ասում էր մյուսը:

— Ախպե՛ր, ինչ առնինք՝ ճոթ անենք: Աղասուն, թե կարանք, սաղ-սաղ բռնենք, ոտ ու ձեո կապենք ու ձիու առաջն արած, յա կողքիցը կապած տանինք, որ իր լայաղ պատիվն առնի, չունքի ռաշիդ տղամարդ է. մեկելներին սպանենք էլ ի՞նչ հաջաթ:

— Տղամա՞րդ, էս թո՛ւրը էսօր նրան իր տղամարդությունը կուտացնի աստուծով. հլա մի ձեռս ընկնի, մեկ մեյդան դուս գա, հետո կիմանա իր ռաշդությունը:

— Տո՛, բերանդ քեզ արա՛, Մա՛մմադ, մենք գիտենք՝ ինչ պտուղ որ ես. նրան ասլան ըլի, չի հաղթիլ. Քանի՜ մեզ նմանին առաջն է արել տասնով, քսանով ու ջանըները հանել: Բանն արա՛, հետո պարծեցի՛ր: էդպես քամի տալով ֆորս անիլ չի՛ ըլիլ:

էս խոսքը մեր տղերքանց սիրտը տասը թիզ բարձրացրեց:

— Թուր, թվանք հազիր պահեցե՛ք, — ասեց թուրքի մեկն էլ ետ, — սատանին նալլաթ. կըլի, որ հենց էս քարերի տակին տափ ըլին կացել, ասածներս լսեն ու բիրադի էնպես վրա թափին, որ էլ չկարենանք ձեռըներս գլխըներս տանիլ: Սրան Ապարան կասեն: Աղասու պես ասլանը էսպես տեղը քսան ձիավորի մենակ չի ասիլ, թե աստված է ստեղծել:

— Տո՛, քի՛չ գովիր էդ մուռտառ, անհավատ հային, չէ՛, չէ՛, մեզ սաղ-սաղ կուտի: Հայն ի՞նչ ա, որ ինչ ջան ունենա: Մեռնիմ ո՛չ, ընչանք մի աչքս նրան հասնի, կտեսնինք, թե ի՞նչպես ճուտ կդառնա առաջիս:

էս ասեցին թե չէ, մեկը էն դհիցը ձեն տվեց.

— Ա՜յ ադա, ա՜յ ա՛դա, ա՛յ ադա. էս ժամիցը հեռու կենանք, լավ կըլի, չունքի ասում են, թե ֆլան թարըղին մեկ խան էկել ա, թե քանդի, բիրադի միջիցը կանաչ ու կարմիր ձիավորներ էնքան են դուս էկել, որ սար ու ձոր բռնել, խանի ղոնշունը կոտորել, փախցրել, իրանք է՛լ ետ գյում են էլել: Սրա միջումը, ասում են, սուրբ Մողնու մասունք կա թաղած, ու դուք լավ գիտեք, որ էս գիժ սրբի քյալլա տալ չի՛ ըլիլ: Մարդի շլինքը ծռվում, երեսն ետևն ա ընկնում: Հազար էսպես բան իմ աչքովն էմ տեսել: Հայ, թուրք, նասրանի՝ ամենն էլ նրա ղուլն են:

— Բերնիցդ հայի հոտ է գալիս, Մա՛շադի, ամոթ էդ մեծ միրքիդ, էլ ո՞ւր ես վրեդ պահում, հինա դնում: Տղամարդի փափախ չի գլխի՞դ: Տո՛, հայն ի՞նչ ա, որ իր փիրն ի՞նչ ըլի: Լեզուդ քեզ քաշի՛ր, էդ փափախիցդ էլա ամաչի՛ր: Ես քո ջգրու էս գիշեր ընչանք սրա միջումը քյաբաբ չանեմ, չուտեմ, ձիս միջին չկապեմ, չապականեմ, բաս մարդ չեմ: էլ էս միրուքը վրես չե՛մ պահիլ: Քանի՜ էդպես ժամի պատ իմ ձեռովս քանդել, քանի՜ սրբերի աչք էս մատովս հանել, դու հմիկ պառավի նաղլ ես գլխիս կարդում: Քյաբդ քեզ խռով, էլ նամազ ո՞ւր ես անում, որ էդ սրտի տերն ես: Քշի, քշի՛, գնա՛նք. քյաբաբի կեսն էլ քեզ կուտացնեմ:

Ասիլն, «Յա՛, սուրբ Սարգիս» ձեն տալն ու թվանքների ճռռոցը մեկ էլավ:

— Տղե՛րք, ձեր ջանին մեռնիմ, էլ մտիկ մե՛ք անիլ. մեր թուրը նրանց գլուխը, էլ ո՞ր օրվա համար ենք կողքըներիցս կախ անում,— ձեն տվեց աժդահա Կարոն, — իրեքի գլուխը գնաց, սրանց փիրն անիծած:

— էրկուսինն էլ ի՛մ թրիս մատաղ արի, ղոչաղ կացե՛ք, — էն դհիցը Վաթոն գոռաց:

— Երկուսին սպանել, մնի գլուխն էլ հրես, ոտիս տակին է,— ասեց Վանին:
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение:#15  Сообщение Lusine1101 » 07 май 2017, 11:22

— Տղե՛րք, փախան, ձիանը նի՛ էլեք, սրանց էկած ճամփեն քոռանա, սովորել են գեղերումը հավի գլուխ թռցնելով ման գան, հայերի արինը խմեն, սրանց տունը քանդվի: Տղե՛րք, երըմիշ էլե՛ք, սուրբ Սարգսի ջանին մեռնիմ, մեյդանը մերն ա:

Ասեցին ու վիշապի պես ընկան հարամու քամակիցը, որին ինչ տեղ հասցրին, էնտեղ փառչալամիշ արին: Քար ու սար աչքներին լիս էր տալիս, կռըներին՝ ղվաթ: Հենց իմանաս՝ հայոց մեծ զորապետքը կենդանացել, նրանց սիրտ ըլին տալիս: Էսպես՝ միս ու աղցան անելով ընկան ետևներիցը:

Բայց ա՜խ, արինը աչքըները կոխած՝ հենց քշեցին, գնացին, էլ միտք չարին, թե Աղասին, ի՞նչ նեղ սհաթի միջում, ընկեր ա ձեն տալիս, ընկեր չի կա. Ա՜խ ա քաշում, ձենը լսող, իմանող չկա: Թվանքները որ բիրադի չճռռացին, հենց իմանաս, թե հոգին ետ Էկավ տեղը: Վրա թռավ տեղիցը, ընկավ ձիու քամակն ու խելքը կորցրածի պես էլ չիմացավ, թե ո՞ւր ա գնում: Թուրը որ մեկի քյալլին չհասցրեց, գլխի հետ էրկու կտոր էլավ. ընչանք թուրը յա ղամեն կհաներ, պարանն ընկավ ճտովն, ու շատ էլ ուզեց, որ ձին առաջ քշի, չէլավ. ձին տակիցը դուս թռավ, ինքը գետնին դիպավ, ու չորս աժդահա տղամարդ վրա թափեցին: Նրա շանը վաղուց էին ուզում սպանել, որ ձեն չհանի: Բայց շունը, շունը՝ էս տիրասեր, հավատարիմ կենդանին, տեսնելով, որ իր տիրոջն էլ խեր չի՛ անիլ, ընկավ գնացածների ետևիցը: Աղասու ձեռները կապեցին, բերանը բամբակով լցրին, աղլխով ղայիմ հուպ տվին, ու աչքդ բարին տեսնի, մյուս օրն էր թոփն, ու Աղասու ջանը:

Շատ ու քիչն աստված գիտի, թե ո՛ւր հասան, տղերքը բիրադի որ ետ դառան, գլխըներին կրակ վառվեց, երբ Աղասու շունը տեսան ճամփին:

— Վա՜ յ, մեր տունը քանդվեց, տղե՛րք, — ձեն տվին, — Էս ի՞նչ արինք, մեր ձեռովը մեր աչքը հանեցինք, հասնի՛նք, գնա՛նք. էլ ի՞նչ ենք անում մեր գլուխը, որ նրան կտանին:

Բայց ո՞ւր Աղասին, ո՞ր քարի տակին, ո՞ր չոլումը յա ձորումը: Մեկն է՛ս սարն ընկավ, մեկն Էն ձորը, քարը լեզու չուներ, որ ասեր, ձին իմաստուն չէր, որ գտներ. շունն էլ առաջներիցը վաղուց կորել էր: Ո՞ւր գնային, ո՞ւր կորչեին: Գետինն էլ թե պատռվեր, ներս կէրթային, որ նրան հանեն: Լիսնյակ գիշերը շատ որ դես ու դեն ընկան, զատ չգտան, էլ ետ հավաքվեցան մեկ տեղ ու միտք արին: Սուգ ու շիվան անելու վախտը չէր: Նրանք լավ իմանում էին, որ Աղասին էն ձենի վրա պետք էր, որ զարթնած ըլի էլած, փորձանքի մեջ ընկած, որ շունը նրան թողել, էն հայվան տեղովը իրանց ետևիցը վազել, որ գան, նրան ազատեն: էս էլ լավ էին իմանում, որ Աղասու բռնողները առաջ չէին գնալ, պետք էր, որ մեկ տեղ տափ կացած ըլեին, որ ոտը խաղաղվի ու էնպես ճամփա ընկնին: Ի՞նչ անեն, մնացել էին մոլորված:

— Տղե՛րք, մնա՛նք էստեղ. Աղասու շունը, տեսնո՞ւմ եք, որ կորել ա. նա իմաստուն հայվան է, ինչպես որ ըլի, հոտի վրա կարող է գտնիլ. թե ճար կա, նրանից կըլի էս գիշեր մենք ո՛չինչ չենք կարող անիլ:

էսպես՝ խելիմ վախտ տարակուսած նստած՝ միտք էին անում, որ բիրդանբիր խելոք շունը՝ լեզուն հանած, հեթեթալով լիս ընկավ: Շունը վազեց, նրանք՝ ետևիցը: Հենց մեկ խելիմ տեղ անց կացան թե չէ, շունը էտի ոտը վեր քաշեց, կանգնեց: Շատ էլ զոռ արին, որ տեղիցը եռա, չէլավ: Իսկույն իմացան զգույշ հայվանի միտքը, ձիանոնցիցը վեր էկան, մեկին տվին, ու Կարոն առաջները ընկած՝ կամաց-կամաց ոտըները փոխեցին: Մեկ թափի մոտացան թե չէ, էլի շունը կանգնեց, հոտոտաց: Թվանքները առան ձեռըները: Աստուծո ողորմությունը հասավ. Նրանք է՛ն կողմիցը գնացին, որ թափի շվաքը մնաց առաջներին: Քարերի տակովը, փորըսող անելով, էնքան գնացին, որ մտան մեկ քանդված փոսի մեջ: Ջուր չկար միջումը, բան չկար, անձրևի ճղած էր: Թափի շվաքը մեկ հինգ գազ էլ էն կողմն էր ընկել նրանց գլխի վրովը: էս խանդակի միջովն էնքան էսպես ուսուլով գնացին կռացած, որ հարամին մնաց դեմ ու դեմ: Լիսնյակը հենց ընկավ թուրքերի ճակատներին, տեսան, որ Աղասին միջըներումը չի: Սիրտըները ընկան տեղ: Մի քիչ էլ շունչ առան, ու ամէն մեկը մեկի ճակատին նշանիլն, թվանքների տրաքալն ու հարամիքանց բանհոգի ըլիլը մեկ էլավ: Հավի պես դեռ էնպես թրպրտում էին, որ մեր տղերքը վրա հասան: Ա՜խ, ո՞վ է կարող նրանց ուրախությունն ու արտասունքը էս սհաթին պատմիլ. երկնքիցը իրանց հոգին ետ բերին, էլ նրանց բերանն ի՞նչ խոսք կգար: Որ էլ վախտ չկորցնեն, վերցրին իրանց կորցրած գանձը, հանեցին թշնամու յարաղ-ասպաբը, շորերը, բարձեցին թուրքերի ձիանոնց վրա ու երըմիշ էլան: Ո՞վ կզարմանա, որ լսի, թե Աղասին, ամեն իր շանը տեսնելիս, ուզում էր կյանքը նրան տա: Վարավուրդով՝ մինչև տասնըհինգ մարդ էն գիշերը սպանել էին: Եկեղեցու մոտ էլ ետ հասան, հանեցին, մեկ քանի շահի փող դրին սեղանի վրա, չոքեցին, աստծուն փառաբանություն տվին ու ճամփա ընկան:

Լիսադեմը կարմրին էր տալիս, աղոթարանը քիչ էր մնացել բացվի, որ մեր ճամփորդները մտան Ռսի հողը ու թուշ քշեցին Պարնի գեղի վրա: Աղասին չէր ուզում, որ մարդամեջ մտնի, ուզում էր՝ սարե-սար ման գա, որտեղ իր ճակատին գրած էր, էնտեղ մեռնի: Ինքն էլ ուրախ չէր, որ աչքը լավ օր տեսնի, բայց ձմեռվան ցուրտ եղանակը, դաշտերի սառնությունն ու չորությունը, ողորմելի ձիանոնց սովածությունը ո՛չինչ կերպով չէր կարելի հաղթել:

— է՛ս վախտին, է՛ս հալին՝ աջա՜բ-աջա՜բ, Ա՛ղասի ջան, խե՛ր ըլի, — ձեն տվեց աղա Ն., որ նրա հետ միասին տարերով հաց էին կերել, ու ուրախ-ուրախ դուռը բաց արեց, ձիանը ներս քաշիլ տվեց ու ղոնաղների ձեռիցը բոնեց, տարավ սաքուն:

Գոմի երկենությունը հարիր գազ կըլեր: Գոմեշ, ձի, եզը, տավար, ոչխար` էլ ո՛չ տուտ ուներ, ո՛չ տակ: Իսկույն շոր փռիլ, բուխարին վառիլ տվեց, հարսներն էկան՝ հարգևոր, քիթ ու պռունկ կալած. նրանց ոտները քաշեցին, ջուր բերին, ոտ ու գլուխ լվացին, ու ղոնաղները երկու կարգ սկսեցին նստիլ: Աղա Ն. ամենիցը ներքև էր նստել: Մեկ ութ-ինը մեծ ու պստիկ ղոչաղ տղերք էլ, անլվա-անլվա, որը խանչալը կողքին քաշ արած, որը մեկ կտոր հաց ձեռին, կրծելով, որը մեկ փետ չանի տակին դրած, որը գլխաբաց կամ փորաբաց, շապկանց կամ անփոխան, էկան, անկաջները խլշացրած՝ սաքվի չորս կողմը շարվեցին ու աչքըները ղոնաղների երեսին կթեցին: Հերը ծեծում էլ էր, դուս չէին գնում: Դեռ բարիկենդանի մազեն` սուջուխ (չուչխել) ասես, ալանի, տանձ, խընձոր, փշատ, չիր, ջիբըներումն ունեին մեր տղերքը. հանեցին, երեխեքանցը բաժանեցին, աչքըները մնաց բաց, չունքի նրանց երկրումը էնպես արմաղան բաներ չկային:

— Մեր կաղնին ու ֆոնն էլ էս համը չունին, — մեկզմեկու ասում էին ու անոշ անում: — էնքան մածուն, կարագ, եղ, սեր ու մեղր ենք կերել, որ բերան ու փոր հոտել են. աշխարք, աշխարք է՛ս պետքը ըլի, որ էսպես բաներ դուս են գալիս, մեր հավերիցն ու գոմիցն ի՞նչ լազաթ դուս կգա,— ասեցին ու արախ-ուրախ դուս թռան, որ գնան, իրանց հարևանների երեխեքանցն էլ իրանց ճարած նուբարը ցույց տան:

Ընչանք ծիտը ջուր կխմեր, գոմը երեխեքանցով լցվեց. մինը մնին բոթում էր, որ առաջ գնա, միրգ ուզի: Ղոնաղների մեկը որ ձեռը չէր շարժում, հազար տեղ գունդ ու կծիկ էին ըլում: էսպես՝ հլա խելիմ վախտը երեխեքը նրանց պարապցրին:

Տանուտերը քանի ուզեցավ բան հարցնի, նրանք մատըները բերններին դրին, սուս արին, էստով իմացան, որ սրանում մեկ բան կա: Մեկ քանի սհաթ անց կացավ թե չէ, սաղ գեղն էկավ, հավաքվեցավ նրանց գլխին: Ով տուն էր մտնում, գդակը գլխին, յափունջին վրեն, չիբուխը բերնին կամ ձեռին, թութունի քիսեն ու խանչալը գոտկիցը քաշ արած, քոբաչի չախեն հաքին, շալվարի ծերը պաճուճումը ղայիմացրած, տրխըները կուփ-կուփ հաքած՝ ամեն մեկը մեկ սարի ղդար տղամարդ: էլ մեծ ու պստիկ չէին հարցնում: Գլուխ տալը հո, ըսկի՛ ադաթ չի: Որն էկավ, մեկ Բարի՛ լիս կամ Ողորմի՛ աստված ասեց ու նստեց: Քսան-երեսուն տարեկան ջահել տղերքն էլ որը սնըդուս, որը պատնըդուս շարվեցին ու իրար անկաջում քսփսալով՝ յա ղոնաղներին էին մտիկ անում, յա նրանց յարաղ-ասպաբին, յա մեկ բան ուզելիս՝ ամենն էլ իրար գլխով էին դիպչում, որ իրանց պարոնի պարոնների ասածը կատարեն: Տանու տղերքն էլ էկան. որը գոմն էր սրբում, որը ձիանը թիմարում, որը խոտ ու դարման բերում, որը մալը ջուրը տանում, որը չիբուխի կրակ դնում, ամենն էլ ուրախ էր, որ մեկ բան անի, մեծերի ու ղոնաղների սիրտը շահի: Սրանք էլ յարաղ-ասպաբ հանել, պատիցը քաշ էին արել ու ծալապատիկ, նստած՝ զրից էին տալիս: Ձիանոնց համար ամոթ էր հարցնիլ. Նրանք լավ գիտեին, որ իրանց ուլախին շատ պատիվ կտան, քանց իրանց:

Օրը հենց մի քիչ ետ բացվեց, շատն էլ հանդիցն էկավ, ձինն աչքներն առել՝ երկար վախտ չէին իմանում, թե էկողներն ի՞նչ մարդ են: Գոմն էլ հո լիս չուներ, չունքի մեկ պստիկ էրդիկ ուներ: Ով ըլին, չըլին, թաք ըլի՝ ոտըները խերով ըլի, նրանց աչքի, գլխի վրա, տարով կպահեն, պատիվ կտան: Հենց լիսը բացվելիս աչքըներն էլ որ բաց էլավ ու տեսան ո՛չ, թե էկողներն ո՞վքեր են, խելքըներն էկավ գլխըները:

— Բարո՛վ, բարո՛վ, մեր Աղասին բարո՛վ, — ձեն տվին ամեն դհից ու վրա թռան, իրար պաչպչորեցին: — էդպես ա, ձեզ յա ձմեռվան հոսանը մեզ մոտ կբերի, յա ամառվան շոգը: Խա՛նի խարաբներ, հա՛, մտի՛կ արա, հա՛, մտի՛կ արա. էնքան մտիկ արինք, որ աչքըներս ճամփին ջուր կտրեց: Մեկ ղուշ որ գլխըներովս անց է կենում, հազար անգամ փափախով ենք անում, որ ձեզանից մեկ խաբար իմանանք: Մեր սարերը խոմ գել չե՞ն, որ ձեզ ուտեն. ի՞նչ կըլի, որ մեկ օր էլ ճամփեն մեր դհի վրա ծռեք: Բաղ, բաղաթ չունինք, գինի, մազա չենք կարալ թավազա անիլ, մեր եղին, կարագին ու մեղրին էլա խեղճ էկեք: Փա՛ռք աստուծո, տունըներս` լիքը, գոմըներս՝ լիքը, ցամաք հացով ճամփա կքցենք. մարդի սիրտն ա բանը, թե չէ` էսօր ղաբլու փլավ էլ ուտես, էգուց փորդ էլի իր ուզածը կուզի: Աղ ու հաց՝ սիրտը բաց: Տանտիրոջը տեր ողորմյա ասիլ չի՛ ըլիլ: Քաղաքը գնում եք, սար ու ձոր ոտի տակ եք տալիս, հենց մե՞ր կողմն ա, որ ձեր աչքին փուշ ա դառել: Ձեր հախը չի՞, որ էս սհաթին ոտըներդ կապենք, մեկ լավ քոթակենք, ինչ ունիք, չունիք` խլենք ու ձեզ էլ դարտակ ճամփու քցե՞նք: էդենց եք անում, որ մենք էլ ձեր դուռը չի գա՞նք, ձեր հացը չուտե՞նք: Հա՜յ նամարդներ, չե՞ք գիտում, որ մեկ օր էս սարերումը թե ձեզ ճանկենք, էլ հազար տարի որ կուչ ու ձիգ անեք, ձեզ բաց չենք թողա՞լ: Ի՞նչ ա, ձեր թունդրի ու քուրսու ղրաղը կտրել, ձեր կնկա առին նստում եք, էլ միտք չեք անում, թե գնանք, ձեր դոստ ու բարեկամին էլ տեսնինք, հալըներն իմանանք, քանի մեռել չեն մեկ բարով էլա տանք, որ մեզ կարոտ՝ հողը չմտնին: Քա՛ր է ձեր սիրտը, քա՛ր, ձեզ հո մեր չի՞ բերել: Բիր գյորանդա՝ յոլդաշ, իքի գյորանդա՝ ղարդաշ (Մեկ տեսնելիս՝ ընկեր, երկու տեսնելիս՝ ախպեր): Տո՛, ձեր տունը չծակվի. էլա մուսուրման օլուբասզ քի աթանըզ խաչի թանըմիրսզ ( էնպես թուրք եք դառել, որ ձեր հոր խաչն էլ չեք ճանաչում): Քրիստոնեի երկիրը՝ մերը, մենք՝ ձեր ազգը, ձեր արինը, ի՞նչ եք էդ շան հողումը կենում, ձեր օրն ու ումբրը խավարացնում. Ի՞նչ համ եք առնում, որ էդպես ծանր-ծանր նստել, տարենը մի անգամ էլա՝ երեսներդ մեր կուռը չեք շուռ տալիս: Ձմեռը հո բան չունինք, վախի՛լ մեք, ձեզ չենք ուտի՛լ. Ձի չունի՞ք ձի կտա՛նք. Կով չունի՞ք, կով կտա՛նք. Էկե՛ք, տարե՛ք, ո՞վ ա ձեր ձեռը բռնում: Կուզե՛ք, մեր երխեքանց անկաջներիցը բռնեցե՛ք, տարե՛ք, ծախեցե՛ք. ով ձեզ ձեն տա, պարտականը ինքը մնա: Չունքի էսպես ա՛, քյոխվա, սրանց մեկ լավ պատժենք. հազիր բարիկենդան օր էլ ա. Էս շաբաթ սրանց էլ չթողանք, աչքըները հանենք, էնքան ուտացնենք, խմացնենք, որ էլ ճամփեն չգտնին: Սրանց հախն ա. ով տարենը մի անգամ կգա մեր տունը, բոլոր տարվան պարտքը պետք է վճարի, քնի էլ, զարթնի էլ, պետք է ուտի, խմի, քեֆ անի: Հաց ենք դատում, որ մենակ մե՞նք ուտենք, ու չորս պատերը տեսնին. էսպես հացը հարամ ըլի: Մեկ թիքեդ որ հազար կտոր չանես, հազար ղուրդ ու ղշի չուտացնես, ի՞նչպես կուլ կերթա, յա կմարսես: էստուր համար ենք արևի, անձրևի տակին` սարում, չոլում ջանըհան ըլում, որ մեզ մի բարի լիս ասող, մեր դուոը բաց անող, մեր ննջեցելոց ողորմաթասը խմող չըլի՞: Ի՞նչ տուն, ի՞նչ օջախ, որ օրը տասը աղքատ ու ճամփորդ չմտնին, չկշտանան: էլ էն տանը բարաքյա՞թ կըլի: էլ էն դաշտը պտո՞ւղ կտա: Չէ՛, քյո՛խվա, էսօր ամենս քո ղոնաղն ենք, էգուց՝ իմը, էլօր՝ սրանը. էսպես՝ մեկ լավ քեֆ անենք ու մեծ պասին սրանց ճամփա քցենք: Չեն ուզիլ մնան, ոտըները կապենք, մինչև զատիկն ու համբարձումը էստեղ դութսաղ անենք, պահենք: Ի՞նչ կասեք:

— Հա՛յ, բերանդ ապրի, հա՛յ, ավետարանի կողքիցն ես խոսում, — ասեցին չորս կողմիցը. — շա՛տ լավ, շա՛տ բարի, էդուր ո՞վ ինչ կասի, մեր սրտի ուզածն էլ հենց է՛դ էր:

— Հա՛յդե, տղե՛րք, գնացե՛ք, աշըղին բերե՛ք, — ասեց քյոխվեն ուրախ-ուրախ ու գդակը մեկ լավ կոտրեց, աջու անկաջի վրա դրեց, — մեծ աչառը մորթեցե՛ք, ղավուրմա տվե՛ք, մեկ ղոչ էլ հետը, ու կակող տեղերը՝ բդերն ու սուկին, բերե՛ք, որ մենք մեր ձեռովը խորովենք, զուռնաչին էլ թո՛ղ գա, տերտերին էլ համեցեք արե՛ք: Գինին դուքանումն ա, փողը՝ ջիբումս, մեր ջամըհաթն ըլի սաղ. եղն ու կարագը, սերն ու մեղրը ու պանիրն՝ կճճներով տանըս դրած, ամբարս ու հորս՝ լիքը: Շահն էլ մեր քեֆը չունի. ուտե՛նք, խմե՛նք, քեֆ անե՛նք, աստծուն փառք տա՛նք, մեր մեռելները հիշե՛նք, մեր ղոնաղների սիրտը շահե՛նք, որ իմանան, թե սարի մարդն էլ սիրտ ունի, քար չի: Աստված ռուս թագավորի թախտը հաստատ պահի, նրա դովլաթիցը՝ ինչ ասես, ունինք. օձի ձու էլ որ ուզենամ, կճարեմ:

Աղասին, էսքան խոսք ու զրից անց էր կացել, ոչինչ չէր իմացել. ինքը ճամփիցը բեզարած ցուրտը մեկ կողմիցն էր թմբրացրել, շոգն էլ իր հարարաթր շհանց տվեց ու ջանն առավ: Գլուխը պատին դեմ տված մնացել էր էնպես ցից քնած: Նստողները բոլորն էլ վարավուրդ էին անում, որ նրա երեսը հեչ ծիծաղ չէկավ, ինչ ասեցին էլ: Աջու կուռը մնացել էր գոգումը, ձախունը՝ էնպես թուլ, գետնի վրա ընկած: Շատն էնպես էին կարծում, թե ճամփի յա ցրտի հարարաթն էր նրան էն տեղը քցել: Շոր չէր հարկավոր, որ ծածկեն, չունքի գոմը առանց էն էլ համամից տաք էր: Ղոնաղները չէին վարավուրդ արել, որ էն գեղի թուրքերիցն էլ մեկ քանիսը խալխի հետ խառնըվել, ներս էին մտել ու շատը հայերեն էլ հասկանում էին, ու էստեղ-էնտեղ, գողի պես նստել, աչքըները ղոնաղների թուր ու թվանքին էին քցում, ատամները ղրճտացնում, թե ընչի՞ չէին մեկ չոլում նրանց ռաստ բերել ու բոլորը թալանել:

Աղասու քափ ու քրտինքն էկել, ամպի պես աչք-ունքի վրա կիտվել էին. երեսի ռանգը ամեն սհաթի փոխվում էր. բազի վախտ իրան-իրան խոսում, բազի վախտ էլ ձեռը բարձրացնում, ջիլ ու դամար քաշում, էլ ետ հանգստանում էր: Ամենից ավելի խալխը նրա վրա էին մնացել զարմացած, որ նրանք վեց հոգի էին, բայց քսան-ավել մարդի յարաղ-ասպաբ ունէին հետըները բերած: էսպես տարակույս, չորս կողմը կանգնած` խոսում էին, որ Աղասին բեղաֆիլ ձեն տվեց.

— Թուրդ քե՛զ քաշիր, դժոխքի պահապան, շլինքդ մեկնի՛ր: Ափու ջան, էդ ո՞ւր են տանում քեզ... — էս ասիլն, տեղիցը վեր թռչիլն ու թրին վրա վազիլը մե՛կ էլավ:

Գեղըցիք իրար ջարդելով դուս թափեցին, որը երեսին խաչ էր հանում, որը Տե՛ր, ողորմյա ասում: Մի քիչ որ դինջացան, էլ ետ դռնիցը անկաջ դրին, տեսան, որ ձենը կտրել ա, ուսուլով ներս էկան ու վախվախելով նստեցին: էլ ո՞վ կարեր հիմիկ նրանց բերնին փակ դնել: Բոլորն էլ ուզում էին, որ իմանան, թե ի՞նչ ա անց կացել: Աղասու ընկերքն էլ, ճարակտուր, սկսեցին պատմիլ: Քանի գլուխն էր, ո՛չինչ, էնպես բան շատ էին լսել. ինչ ժամանակ խոսքն էն տեղն էկավ, թե ի՞նչպես կոտորեցին, փախան, հարիր բերան ձեն տվեց.

— Ջա՛նմ սան, ջա՛նմ, Աղասի. օջախի որդին, կտրիճ հայն էդպես կըլի: Բարիկենդա՞ն, բարիկենդան է՛ս ա. դե տղե՛րք, էլ մեք մտիկ անիլ: Հացը հազրեցե՛ք, սուփրեն քաշեցե՛ք, հայր Աբրահամի հրեշտակն ա էկել մեր տունը: էսպես իգիթ տղի գլխին ղուրբան գնամ. բարաքյալլա, տղե՛րք, դուշմանի աչքն էսպես պետք է հանած: Տեսնո՞ւմ եք, ա՛յ գյադեք (իր տղերքանցն է ասում), ռաշիդ տղեն սրանց նման կըլի. ուտում եք՝ տանը նստում: Ա՛ֆարիմ, տղե՛րք, որ ձեր մեծին էսպես պահել եք, շունն է՞լ էստեղ ա:

Մեծամարդիկը, ջահել տղերքն էս կողմից, Էն կողմից վրա թափեցին, որ Աղասու ձեռքն, ճակատին պաչ անեն, քյոխվեն չթողաց, որ քնահարամ չըլի: Մյուսներին ուզում էին սաղ-սաղ ուտեն, էնքան դոշըներին կպցրին նրանց:

— Օրհնվի է՛ն կաթը, որ դուք կերել եք, է՛ն հողը, որ ձեզ ծնել ա. տղեն էդպես կըլի, թե չէ՝ քանի լեզուդ կարճացնես, գլուխդ կախ անես ուսերիդ կնստին, ղուղդ կքամեն, աչքդ կհանեն, ջիգյարդ վեր կածեն, — ասում էին ամեն կողմից:

Սազ ու զուռնի ձենը որ վեր չելավ, գեջդանգեջ Աղասին աչքը բաց արեց ու էնպես էր զարմացած դես ու դեն մտիկ տալիս, ինչպես թե նոր ըլի աշխարք էկել: Ուզում էր էլ ետ աչքը խփի, բայց խալխը է՛նպես վրա թափեցին, որ քիչ մնաց նրան ոտնատակ տային, փեշերն էլ էին համբուրում, ո՞ւր մնա երեսը: էսպես՝ նրան էլ մեջ արին ու մինչև իրիկնապահը, ժամերի վախտը, է՛ն քեֆն արին, որ աչք պտեր՝ տեսներ: Ձենն ընկավ գեղըցոնց անկաջը. ով ասես տուն էր ընկնում, որ նրան տեսնի, մուրազն աոնի: Հենց իմանաս՝ ուխտ ըլեին գալիս: Տանուտերը Ղարաքիլիսա մարդ ղրկեց կնյազի մոտ ու բանի ահվալն իմացում տվեց: Հրաման Էկավ, որ մեկ-քանի օրից ետը՝ Աղասուն վերցնեն, կնյազի մոտ գնան:

Փամբակու թուրքերը տխրել, հայերը թև առել, ուզում էին թռչին: Բարիկենդանն անց կացավ, մեծ պասն էկավ: Աղասին քսան ձիավորով որ Ղարաքիլիսա չմտավ, աշխարք ամեն առաջն էր էկել, որ նրան տես՛նին: Հազար բերան նրան գովում, բարաքյալլա էր ձեն տալիս: Կնյազ Ս. շատ ումուդ, շաֆաղաթ տվեց նրան ու խոստացավ էլ, որ բալքի մեկ կերպով սարդարի սիրտն առնի, չունքի շատ բարեկամ էին իրար հետ: Ինչ հարկավոր էր, հրամայեց, որ նրանց տան ու լավ մուղայիթ կենան, որ նրանց վնաս չհասնի: Բայց Փամբակու հայերը մե՞ռել էին, որ նրանց վնաս հասներ: Էսպես` սաղ ձմեռը, քսան-երեսուն ձիավորով, տնետուն, գեղեգեղ Էնքան ման էին ածել ու օրով, շաբաթով պահել, որ իրանք էլ էին բեզարել:

Քաջ լոռըցիք էլ որ իմացան, էլ դինջություն չունեին, սրանք էլ էին ուզում նրանց իրանց մեջը բերեն, պատիվ տան: Մեկ ամսաչափ էլ էստեղ մնաց:

էս պատվական խալխի պարզ սիրտը, նրանց տաք ջիգյարն ու անոշ սերը, տեղի քաղցր հավեն ու ջուրը, կնյազի տված ումուդը՝ Աղասուն մի քիչ ետ բերին, սիրտը բաց արին: Ղորդ ա, ասում, խոսում, լսում էր, ամա տխրությունը նրա երեսի ու աչքերի վրա էնպես էր կիտված, ինչպես սև ամպ: Շատ անգամ որ ա՜խ չէր քաշում, քար ու հող լաց էին ըլում: Ծիծաղելիս՝ բերնի չորս կողմը, էնպես գիտես, թոռոմած վարդի տերև ըլի, որ շաղը տալիս մի քիչ զվարթանում, էլ ետ ճլորում, թուլանում է:

Շատ անգամ մեկ քարի ծերի նստած, կամ մեկ քարափի գլխի թինկը տված, աչքը ձորին, գետին քցած, գլուխը ձեռին, կամ մեկ աղբըրի ղըրաղի՝ կողքի վրա ընկած, թփերի, խոտի, ծաղկի, ջրի հետ խաղալիս, լաց ըլելիս էին նրան ռաստ բերում: Բազի վախտ որ «Նազլո՛ւ» չէր ձեն տալիս յա հորնըմոր անունը հիշում ու ա՛խ քաշում, սար ու ձոր հետը ձեն էին տալիս, մղկտում: Ինքը որ տխուր ու մաշված էր, հենց իմանում էր՝ մարդիկ սիրտ չունին, որ ուրախանում, ծիծաղում էին: էստուր համար իր ընկերքը սար ու ձորն էր շինել, էսպես էր ծնողաց կարոտը, քիր-ախպոր հասրաթը, դարդը նրա սիրտն առել: Երևանու մեկ ծուխն էլա չէր ընկնում աչքովը, մեկ սար էլա էն կողմիցը չէր տեսնում, որ բալքի սրանով էլա սիրտը մի քիչ հովանա:

էս ժամանակին էր, որ մեկ օր ընկերներին հավաքեց, գնաց ֆորս, Համզաչիման ու Չբխլու անց կացավ, Ղառնիյարաղ հասավ ու հենց Մասիս աչքովն ընկավ, ընկերներին ձեռով արեց, որ մի քիչ հեռանան, ինքը նստեց մեկ թփի տակի, գլուխը դրեց քարին, աչք ու բերան արտասնքով, ծխով լիքը՝ էս խաղն ասեց:

Սար ու ձոր ընկած՝ մեկ չոր թփի տակի,
Գետին նայելով՝ մնացել եմ նստած.
Ձեռս ծոցումս, գլուխս մեկ լեռ քարի
Տված՝ լալիս եմ, օրս խավարած:
Ամպերն առաջիս, սարերն ետևիս,
Քեզ մտիկ տալով, ա՜յ իմ քա՜ղցր Մասիս,
Աղի արտասընքով էրված, խորոված՝
Երեսիդ նայիմ, մնամ քարացած:
Ծնո՛ղ, ազգակա՜նք հեռու ինձանից.
Լուսնին նայելով, ձեր սերն հիշելով՝
Երաբ, ե՞րբ կըլի, որ ես ձեզանից
Իմ կարոտս առնիմ, ձեզ ջան ասելով:
Երաբ ձեր ճտովն մեկ օր էլ կընկնի՞մ,
Երաբ ձեր երեսն մեկ էլ կտեսնի՞մ,
Երաբ ծունկ-ծնկի տված՝ ձեզ կասե՞մ.
«Ա՜յ, իմ խեղճ ծնողք, ձեր ջանին մեռնիմ»:
Աչքս ծով դարձավ ճամփին նայելով.
Մեկ ղուշ որ գլխիս պտիտ ա գալիս,
Թե ե՞րբ մեկ խաբար կհասնի ինձ բարով.
Հոգոց հանելով՝ ասում եմ, լալիս:
Երաբ գետնի վրա դեռ սո՞ւգ եք անում,
Ձեր կորած որդուն կարոտ մնալով,
Թե՞ հողի տակը մտած՝ դինջանում,
Ինձ թողիք, տանջվիմ՝ ա՜խ, ո՜խ քաշելով:
Երաբ ձեր ամակն ինձ հալալ արի՞ք,
Երաբ սուրբ բերնով ձեր ինձ օրհնեցի՞ք,
Ծերունի՛ իմ հայր, տարաբա՛խտ իմ մայր,
էլ իմ հավարիս ե՞րբ կհասնի աշխարհ:
էն սուրբ, անարատ կաթնին ես ղուրբան,
Ձեր լիս ձեռներին, ձեր անոշ լեզվին.
Մեկ բուռն հողի էլ ե՞րբ կըլիմ արժան,
Որ գամ ձեր հողումն, քնիմ ձեր միջին:
է՛ն ի՞նչ օր էր, որ ձեր քաղցր ծոցին,
Գլուխս ձեր դոշին, աչքս խուփ կամ բաց,
Ձեր սուրբ ձեռի վրա, երեսս բարձին՝
Կամ խաղում էի, կամ մնում քնած:
է՛ն ի՞նչ օր էր, որ մեկ ծառի տակի,
Ճռնումն, ձեռներս ձեր ճտովն քցած՝
Ձեր սուրբ երեսին ես համբույր տայի,
Նանիկ ասելով՝ թողեիք քնած:
Ո՞ւր էն շվաքը, էն կանաչ՝ ջրի ափը,
էն խոտն ու ծաղիկն, էն դաշտն ու տափը,
Որ ձեր առաջին անմեղ խաղայի
Ու ձեր բարի սիրտն խաղով բանայի:
Լալիս՝ դուք լայիք ինձ հետ ցավելով,
Ծիծաղս տեսնելով կամ ձենս լսելով՝
Կանչեիք. «Արի՛, մոտս, Ա՛ղասի ջան,
Երեսիդ մեռնիմ, քո ջա՛նին դուրբան»:
Ա՜խ, էս խոսքերը ինձ կրակ են դառել,
Լերդս ու թոքս հիմիկ էրում, խորովում.
Ի՞նչ կըլեր՝ ես է՛ն վախտն էի մեռել,
Ձեր շվաքի տակին, ա՜խ, քնել հողումն:
Մեկ բուռն հողի էլ կարոտ եմ մնացել.
Քարափից թե ցած կամ ջուրը ընկնիմ.
Ձեր սուրբ երեսը դեռ որ չեմ տեսել,
Ի՞նչպես ես հանդարտ էս հողը մտնիմ...
Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, աննմա՛ն Նազլո՛ւ,
Սիրտս խորովի անունդ հիշելով.
Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, հրաշալի՛ Նազլո՛ւ,
Աղասին քեզ տա իր ետին բարով:
Սարերի դոշին, ձորերի միջին
Վա՜յ գլխին տալով քո խեղճ Աղասին՝
Երեսիցդ զրկված, քո սիրովն մաշված,
Տատրակի նման փշի վրա նստած:
Լիզեմ հող, գետին, այրիմ, մղկտամ,
Կամիմ օր առաջ, ա՜խ, որ հոգիս տամ,
Երբ մահն մոտանա սառը թևերովն,
Հոգիս պահանջե, որ տանի շուտով,
Էս դառն աշխարհիցս մի ինձ ազատի,
Ոսկերքս գազանաց կերակուր անի.
Կամ երբ գետի ափն նստած, շվարած՝
Աչքերս նվաղին՝ թմբրած՝ սասանած,
Գլորիմ կատաղի գետի փրփրի մոտն,
Հոգոց քաշելով պարզեմ ես իմ ոտն.
Կամիմ գերեզմանս որ էս ջուրն ըլի,
էս սառը պատանն ինձ հողը տանի...
Կամ մեկ քարափի բաշից նայելով,
Աչքս մեր տան ծուխն հանկարծ տեսնելով,
Քո անոշ երեսն ինձ փակ մնալով՝
Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, անո՛շ իմ Նազլո՛ւ.
Թեքիմ, ու հանդարտ գա ինձ քուն մահու.
Երևի աչքիս, թե անդունդը խոր
Մոտ է ինձ գրկել, տանիլ իր լեն ձոր:
Նազլո՛ւ իմ, Նազլո՛ւ, մեկ շունչս ա մնացել,
Ոսկերքս քրքրվել, աչքս խավարել.
Թո՛ղ մեկ շունչդ առնիմ, հետո հողը մտնիմ,
Դժոխքն էլ տանին, ես հանգիստ կըլիմ:
Քե՛զ եմ մնում, քե՛զ, քո ջանին մեռնիմ.
Հող ու գերեզման ես վրես ունիմ.
Քանց իմ սառն մարմինը էլ ի՞նչ գերեզման
Ինձ պետքը կգա, երեսի՛դ ղուրբան:
Արի՛, ասածդ արա՛, ինձ թաղի՛ր,
Բե՛ր իմ երեխեքս ու վրես կանգնի՛ր.
Մեկ նրանց տեսնիմ աչքս խփելիս,
Մեկ նրանց ասեմ լեզուս լռվելիս.
«Մնա՛ք բարով, ո՛րդիք, ազի՛զ, սիրեկա՛ն,
է՛լ չէ՛ք տեսնիլ ինձ, ա՜խ, դուք հավիտյան.
Ձեր անբախտ հորը հոգին հիշեցե՛ք.
Մնա՛ք բարով, իմ քա՛ղցր, սիրո՛ւն երեխեք.
Ձեր հոր տեղակ ձեր խեղճ մորն հիշեցե՛ք
Ու իմ ողորմին, ժամն կատարեցե՛ք»:


Ո՞վ չի գիտի, որ մարդի սիրտը արնով լցվելիս՝ ո՛չ սուր էնքան քյար կանի, ո՛չ դեղ, ո՛չ քուն, ինչքան բառն ու խոսքը ու իլլահիմ խաղը, բայաթին, էստուր համար Աղասու ընկերքն էլ ղրաղ քաշվեցին ու հեռըվանց նրան մտիկ էին անում, որ գլխին մեկ փորձանք չգա, չունքի սար ու ձոր նրա արինն էին խմում: էնքան անկաջ դրին, որ ձենը կտրեց, քունը տարավ, հետո էկան, մեջըներն առան ու էլ ետ Ղարաքիլիսա տարան:

Մեկ օր էլ էսպես, էլի էս հալին, դռանը մեկ քարի վրա նստած էր, որ մեկ ղարիբ մարդ քիչ-քիչ նրան մոտացավ, առաջին կանգնեց, երկար նրան մտիկ արեց, ու հենց էն ա, Աղասին ուզում էր նրանից հեռանա, որ իր դարդն օքմին չտեսնի, ղարիբը դոշը բաց արեց, վրա թռավ, նրան խտտեց ու հենց «Ա՛ղասի ջան» ասեց, ու ձենը փորն ընկավ, լեզուն պապանձվեց ու էսպես մնաց յարալու-փարալու` Աղասու դոշին փետացած, ընկած: Աղասին գեջդանգեջ որ խելքի չէկավ ու աչքը բաց արեց, աստվա՛ծ, ո՞վ կարեր նրա արտասունքը բռնիլ, նրա սրտին մեկ ճար անիլ.

— Ա՛մու ջան, Ա՛վետիք ամու ջան, դո՞ւ ես, — ասեց ու իրանից գնաց:

Տեսնողներն էս դհից, էն դհից վրա թափեցին, երկուսին էլ, էնպես մեռած, տուն տարան, ջրով, հոտով ետ բերին: Հենց աչքըները բաց էին անում, իրար երես տեսնում, էլ ետ դուբարա ընկնում էին իրար ճտով, իրար անուն տալիս, գնում էին էն դինեն, ետ գալիս: Մոտըներին կանգնողների աչքերիցը արտասունքը գետի պես էր վեր թափում: Ճարըները կտրվեց, տերտեր կանչեցին, ավետարան կարդացին, խաչ ու մասունք գլխըների վրա դրին, որ անջախ մի անջախ ուշըներն էկան:

էս էկող ղարիբը, սի՛րելի կարդացող, Աղասու հորախպերն էր, որ գլուխը փեշն էր դրել, էկել իր ազիզ կորածին գտնի, տեսնի, մուրազն առնի, էնպես մեռնի: Ո՞վ ըլեր՝ էնպես չաներ: Սիրտըները որ մի քիչ դինջացավ, ջանըները հովացավ, Ավետիքը գդակի ծալիցը մեկ թուղթ հանեց, Աղասուն տվեց, ինքը մհանով տանիցը դուս գնաց, որ նրա աչքի արտասունքը չտեսնի, չէրվի, չփոթոթվի: Երկու թուղթ էր բերել հետը. Մեկը Աղասու մերն էր գրել, մեկը՝ նշանածը: Երանի՜ էն աչքին, որ էսպես թուղթ իր օրումը ո՛չ տեսել ա, ո՛չ էլ կտեսնի: էլի Աղասին էր, որ դիմացավ, բայց վա՜յ էն դիմանալուն. հարիր անգամ թուլացավ, նվաղեց, թուղթը դրեց երեսին ու աչքերը խփեց, էլ ետ ջուր ածեցին, ետ բերին:

Մոր թղթի խոսքերն էս ա.

«Ա՛ղասի ջան, Ա՛ղասի, գլխովդ փարվան ըլիմ, Աղասի: Ընչի՞ չեմ էս սհաթին կրակ դառնում, ինձ էրում, ընչի՞ չի լեզուս չորանում, աչքս խավարում, ընչի՞ չեմ թոզ դառնում, որ բալքի թե քամին բերի, գամ ոտիդ տակին ցրվիմ, սարեսար ընկնիմ, քարեքար, որ ի՛մ երեսը կոխես, որտեղ որ ման գաս, որ ի՛մ աչքը հանես, որտեղ որ նստիս, որ ի՛նձ վրա գլուխդ դնես, որտեղ որ քուն մտնիս. Նանն ըմբրիդ մեռնի, իմ թագավո՛ր, իմ աղա՛ Աղասի:

Տնկած ծառերդ փուշ են դառել, ինձ սպանում, պահած ծաղկըներդ կրակ են դառել, ինձ էրում, խորովում, ման էկած տեղերդ՝ աչքիս լսումը մզրախի պես ցցվում, սիրտս դուս ճոթռում: Ո՞ր կորչիմ, որ ձենս օքմին չիմանա, ո՞ւր գնամ, որ աչքս քո տեսած բաներն էլ չտեսնի, միտքս քո ասած խոսքերն էլ չհիշի՛ ջանս քարանա, որ էլ անունդ չտամ, սիրտս ջուր կտրի, որ էլ քո սերը չզգամ, ումբրս փչանա, օրս խավարի, որ երկընքի տակին էլ չասեմ, թե ե՛ս էլ եմ մեր, ե՛ս էլ որդի բերի, ի՛նձ էլ մեկ օր աչքալիս տվին, ե՛ս էլ մեկ օր որդու, զավակի արևի ձենը պետք է ածեի, ես էլ որ աչքս խփեի, մեկ բուռը հող դո՛ւ պետք է երեսիս քցեիր, դո՛ւ իմ նաշը խտտեիր, դո ւ իմ լաշը հողին տայիր, դո՛ւ վրես սուգ անեիր, գլխիս վրա կանգնեիր ու էդ ազի՛զ, էդ սո՛ւրբ բերնովդ ասեիր. «Հոգիդ լի՛ս դառնա, ա՜յ իմ մեր, ա՜յ իմ մեր. ի՞նչ կըլեր, որ մեկ էլ աչքդ աչքիս, բերանդ բերնիս առներ, ու հետո աստված հոգիս տաներ»:
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение:#16  Сообщение Lusine1101 » 07 май 2017, 11:26

Հոգիս խոր է, թե հանեմ, աստծուն տամ. սիրտս ձեռիս չի, որ կրակը քցեմ, էրեմ, երկնքին ձե՛ռս չի հասնում, անկաջդ ձե՛նս չի ընկնում: Ղուշ ա գլխավերևս թռչում, քո անունն եմ տալիս. շունչս ա բերնիցս դուս գալիս, քո հասրաթը ջիգյարս էրում, փոթոթում, աչքիս եմ հուպ տալիս սիրտս ա տրաքում, բերանս եմ կալնում, միտքս ա ցնորվում, տունն եմ մտնում, պատերն են ինձ դժոխք դառել. դուս եմ գալիս, սար ու ձոր սև օրս լաց ըլում. երկնքին եմ նայում, մեկ ձեն չի գալիս. երկրին եմ մտիկ տալիս, մեկ խաբար չիմանում: Բարձին եմ գլուխս դնում, շունչս ա ինձ խեղդում, քնած թե զարթուն՝ դո՛ւ ես աչքիս առաջին պտիտ գալիս: Արտասունքս ծով ա դառել, Ա՛ղասի ջան. Ա՜խ ու ո՜խ քաշելուցը շունչս կտրվել, հոգիս մաշվել, գլխիս էլ մազ չմնացել, որ քամուն չտամ, երեսիս էլ տեղ չկա, որ չըլիմ կտրատել, տան ու դռան էլ քար չկա, որ չըլիմ դոշիս խփել: Գլուխս ծեծելուցը ձեռներս բեզարեց, շատ լաց ըլելուցը աչքս խավարեց, բայց ա՜խ... ա՜խ... Հոգիս իմ տված չի, որ ասեմ՝ դուս գնա. Սաղ-սաղ էլ գերեզմանը մտնիմ, ո՞ւմ ձենը լսեմ, ո՞ւմ երեսը տեսնիմ, ո՞ւմ հոգիս տամ, ո՞ւմ ոտի տակին գլուխս դնեմ, ո՞ւմ էս փետացած ձեռներովս խտտեմ, ո՞ւմ էս չորացած լեզվովն ասեմ. «Մեռնիմ էլ, Ա՛ղասի ջան, հոգիս գլխովդ պտիտ կգա. ապրիմ էլ, ո՛րդի ջան, ջանս քո ուղուրին դրած ա: Հոգիս երկնքումն ըլի, մարմինս՝ քո առաջին, փիանդազ. շունչս վրես ըլի՝ դո՛ւ ես իմ սրտի մուրազն: Հող կդառնամ, հողս քե՛զ պտուղ կտա. ջուր կկտրվիմ, քո՛ հանդի, ծաղկի վրա կթափիմ. դրախտումն ըլիմ, քո՛ ծառի ճղքների վրա բլբյուլի պես կկանգնիմ, քե՛զ անուշ քուն կդնեմ, աշխարքումս ապրիմ, ջանս քե՛զ ղուրբան կտամ, թաք դու ծաղկիս, ծլիս, զորանաս, անումի՛դ մեռնիմ»:

Անումի՛դ մեռնիմ, արևի՛դ մեռնիմ, Ա՛ղասի ջան. մոր ազիզ պահած, հոր աչքի լիս ո՛րդի ջան. Ալամ աշխարքի գոված, աստծու` սիրեկան, մարդի` դիրեկան. Ջա՛նս քեզ մատաղ, Ա՛ղասի ջան, փուշ էիր տնկում, վա՛րդ էր քեզ դառնում. քարին էիր ձեռը տալիս, քա՛րը հոգի առնում: Մեկ հոգի ունեիր, հազար աղքատի սրտում, մեկ շունչ ունեիր, հազար հիվանդի բերնում, մեկ անուն ունեիր, արարած աշխարքի միջում: Երկու ձեռք ունեիր, մեկը ողորմություն տալիս, մյուսը՝ աչք սրբում: Երաբ, ո՞ւմ մեկ թթու խոսք ասեցիր, որ ինձ անիծեց, ո՞ւմ վրա դուռը հետ արիր, որ ինձ վա՜յ տվեց, ո՞ւմ վեր ընկած տեսար, անց կացար, որ մորդ գլու՛խը լաց էլավ. Ո՞ւմ կաթը կերար, որ քեզ լեղի դառավ. Ո՞ւմ ձեռին մեծացար, որ գիշեր-ցերեկ քեզ չօրհնեց, ո՞ւմ ծնկան վրա քնեցիր, որ երեսիդ քրտինքը տեսնելիս` հազար անգամ աչքը երկինքը չքցեց, արատասունքը երեսիդ չթափեց ու իր մեղավոր բերնովը չասեց.

— Փառքդ շա՜տ ըլի, ա՛րարիչ աստված, դո՛ւ տվիր` դո՛ւ պահիր, իմ կյանքս ա՛ռ, սրա վրա դի՛ր, սրան մեկ փորձանք գալիս՝ ի՛մ աչքը հանիր: Թուր պետք է սրան դիպչի՝ ի՛մ սրտումը առաջ ցցվի. կրակ պետք է սրան էրի՝ սֆթա ի՛նձ փոթոթի. սրա աչքը ցավելիս՝ ի՛մ աչքը դուս գա: Ո՛վ երկնային թագավոր աստված, զորանա՛, մեծանա՛, իր մուրազին հասնի՛: Հաց չունենամ՝ դռնեդուռ կընկնիմ, սրան կպահեմ, գլուխս կծախեմ, եմ թողալ սրան ուրըշի ձեռին մուհդաջ, որ թաք, ես մեռնելիս, սա՛ իմ երեսիս հող քցի, սա՛ իմ աչքս խփի, սա իմ գերեզմանս օրհնի, իմ օջախի սինն ու ճրագը սա՛ դառնա, որ իմ հիշատակը աշխարքի երեսիցը չկտրվի, իմ տան ծուխը չհատնի, չպակսի:

Ա՛ղասի ջան, ծուխս հատավ, կտրվեցավ, տունս քանդվեց, հիշատակս քո՛ռ էլավ, հիմքս՝ տակ ու վեր. աստղս խավարեց, իմ փայ արեգակը վաղուց մեր մտավ, իմ փայ երկինքը վաղուց փուլ Էկավ: Ինձ համար էլ լիս չի՛ բացվում, ինձ համար էլ աղոթարանը չի ծեգում, օրն ինձ համար՝ գիշեր, գիշերն ինձ համար՝ տարտարո՛ս, դժո՛խք: Վաղուց եմ գերեզմանիս ղրաղին կանգնել, հորը փորել, հազար անգամ մեջը մտել, դուս Էկել, բայց, ա՜խ, հողն ինձ ի՞նչ տեղ կտա, որ քեզ չեմ տեսել. Աչքս ի՞նչպես կկպչի, որ քեզ չեմ նայել, գերեզմանումը կդինջանա՞մ, որ դեռ բերանս բերնիդ չառել, լեզուս՝ լեզվիդ, աչքս՝ աչքիդ, դոշս՝ դոշիդ, էդ ջիվան ջանիդ ղուրբան, Ա՛ղասի: Հրեշտակս ի՞նչպես սիրտ անի, որ ինձ մոտանա. Էն ձեռը չի՞ չորանալ, որ ինձ լվանա. Էն լեզուն չի փետանա, որ իմ սուգն անի. Էն բեմը ի՞նչպես տեղը կմնա, որ իմ նաշը տեսնի, Էն բաժակը կրա՞կ չի դառնալ, որ հոգուս համար պտի խմեն. Էն խունկը բո՞ց չի դառնալ, որ ինձ վրա պտի ծխեն: Որ որդին մոր գլխին կանգնած չըլի, Էն մորը ո՞նց պետք է թաղեն, որ որդին ծնողի սուգը չանի, Էն ծնողին ո՞նց պետք է հողը դնեն, որ որդին մոր գերեզմանը օրհնիլ չտա, Էն քարը ո՞նց պետք է քցեն:

Ա՛ղասի ջան, Ա՛ղասի. երեսս ոտիդ տակն, Ա՛ղասի. Ի՞նչ կըլի՝ մեկ շվաքդ էլա տեսնիմ, հետո հոգիս տամ, մեկ ձենդ էլա լսեմ, հետո աչքս խփեմ, մեկ ձեռդ բերանս առնիմ, հետո շունչս կտրեմ: Էն ի՞նչ օր էր, որ գլուխդ գոգումս, ձեռներդ դոշիս՝ ջուրն էի գնում, քամակիս կապում, հանդն էի գնում, ուսիս քեզ դնում, մեկ ձեռս բերնումս, մյուսովն քեզ խտտում, խոտ էի հնձում, քեզ ճոճումն պահում, հետդ խաղ ասում ու քեզ օրորում. պտուղ հավաքում, քեզ մեջքիս կապում. Հացը բերնիցս հանում, քեզ դեմ անում, ծառիցը պտուղը քաղում, քո խաթրն առնում, հարիր անգամ գիշերը վեր կենում, քեզ ծածկում, ջա՜ն, ղուրբա՜ն ասելով հետդ քաշ գալիս, արտասունքդ սրբում, երեսդ համբուրում, վրեդ խաչակնքում ու աղոթք անում, կամ քեզ գիրկս առնում, հետդ քուն մտնում:

Հերդ՝ զրնդանում, ոտները՝ բխովում. Նազլուն` կիսաջան, մահի հետ կռվում, հենց ե՛ս եմ մենակ չոր գլուխս պահում, որ մեկ շունչդ քաշեմ ու քո սուրբ գոգումը գլուխս դնեմ ու քեզ բարով մնա՛ ասեմ, բարով մնա՛ ասեմ ու աչքս խփեմ, որ քո արտասունքն հեչ չտեսնիմ, քո սուգը չլսեմ: Ա՜խ, ա՜յ իմ կորած որդի, ըմբրի՛ս լուսատու, բաս քո խեղճ մերդ հեչ միտդ չե՞ս քցում, բաս քո ջրատար հոր հալը հեչ չե՞ս հարցնում, բաս ջիվան Նազլուդ, որ քեզ ա ուզում, անունդ տալիս, թե աչքը բանում, քո սիրովն էրվում, թե քեզ ա հիշում, շունչը բերնումը, հրեշտակն առաջին, ոտը հողումը, խաչը գլխատակին, պատանը ծալած, խունկն ու մոմն հազրած, աչքը խոր գնացած, բերանը փակված, լեզուն չի բռնում որ անունդ տա. «Ա՛խ քաշելու տեղ նա Ա՜ղ... Է ասում, ո՛խ ասելու փոխ նա սի՜ ... հանում»: Արտասունք չունի, սիրտը հովացնի. էլ թաղաթ չունի, որ ինձ էլ չէրի: Ոտդ ի՞նչպես ա քարերին բռնում, աչքդ ի՞նչպես ա քուն գալիս, որ մեր մեռնիլը միտդ ա գալիս, գլուխդ էդտեղ լվա՛, էստեղ չորացրու՛. թո՛ղ մեկ սհաթ ըլի. թոի՛, արի՛, հողին տո՛ւր մորդ, որ էլ մեր չունենաս, մերդ քա՛ր դաոնա. Նազլուն հետդ տա՛ր, սա էլա ապրի, քեզ մխիթարի, գնա՛, արևի՛դ մեռնիմ, Աղասի, արևիդ ձենն ածի. ինձ թաղի՛ր, բայց Նազլվիդ մի՛ թողար, մի՛ դեն քցիր, քեզանից ավելի սա էլ ո՞վ ունի. քեզ ապավինեց, արի՛, սրան հասիր, քանի շունչ ունի, տա՛ր, չտեսնիմ: Հենց քեզ տեսա թէ չէ, հոգիս ձեզ կտամ, ես հողը կմտնիմ, ձեզ բարով կտամ: Էկե՛ք, թաղեցե՛ք, փախե՛ք, գնացե՛ք, էս դառն աշխարքի՛ցս ոտըներդ քաշեցե՛ք ու ձեր անբախտ մոր հոգին հիշեցե՛ք»:

էս թուղթը կարդալիս էլ հարիր անգամ իրանից գնաց ու էլ ետ՝ ետ էկավ ու սկսեց կրկին կարդալ ու ինքն իրան սիրտ դնիլ: Վերջը թուղթը ծալեց, ծոցը դրեց ու մտքի ծովն ընկավ: Իրիկնահովն ընկել էր, որ աչքը բաց արեց, ձեռը ծոցը տարավ, որ մոր գիրը մին էլ կարդա, իր սիրեկանինն ընկավ ձեռը, իր Նազլվինը, ու քիչ էր էրվել, նորեն հազար խանչալ սկսեց սրտումը ցցվիլ շշկլած, շշմած սկսեց կարդալ:

Նրա թղթի միտքն էլ է՛ս էր:

«Երա՛բ, որ սիրտս հանեմ, էս թղթումը դնեմ, երա՛բ, որ բաց անես ու հազար թուր միջումը ցցված տեսնիս, կիմանա՞ս էն ժամանակը, թե Նազլուդ, քո ջրատար Նազլուդ, ի՞նչ ցավ ա քաշում, ի՞նչ օրումն ա, ի՞նչ հալումն, իմ գլխի՛ տեր, իմ ըմբրի՛ թագավոր, Ա՛ղասի: Ո՞ր սարեր են առաջդ կապել, ո՞ր գետեր ճամփեդ կտրում, ո՞ր ձեռն ա թևիցդ բռնում, ետ քաշում, ա՜յ իմ թագ ու պարծանք, որ էսպես ինձ կրակում թողել ես. ինձ դժոխքը ղրկում, դու արքայությունը վայելում, ինձ սուրը քաշում, դու ձեռներդ լվանում, ինձ դիվանոնցը տալիս, դու հրեշտակների միջին արևիդ ձենն ածում ու երեսդ էլա չե՛ս ետ դարձնում, որ ինձ հողը դնես: Ա՛ղասի ջան, Ա՛ղասի, երաբ սիրտդ քա՞ր ա դառել, երաբ աչքդ ծաղիկ ու թուփ էլ չի՞ տեսնում, երաբ երեսդ մի երկնքին չե՞ս քցում, որ տեսնիս, թե ի՞նչ մրրած ամպեր են առաջիդ կանգնած, ինչ կրակ է վերևիցը վեր թափում. չե՞ս իմանում, միթե, ա՛նիրավ, ա՛նջիգյար, թե էս Կրակն ու էս բոցը, էս ծուխն ու էս ամպը ի՛մ բերնիցն են դուս գալիս, ի՛մ սիրտս ա քուլա-քուլա իրանից հանում, վերևն աստղերը խավարացնում, բռնում, ներքևը սար ու ձոր պապանձացնում, անձող շինում:

Հարիր անգամ գերեզմանի դուռը հասել, էլ ետ` ետ եմ էկել. հարիր անգամ արեգակը, որ մեր մտավ, ես էլ իմ հոգիս հետը ճամու քցեցի ու, ա՜խ, էլի, ծեգը բացվելիս, հենց իմանում էի՝ հողումն եմ, չէի ուզում շունչ քաշեմ, հենց իմանում էի՝ մեռելների կողքին եմ, չէի կամենում գլուխս բարձրացնեմ, ու էլի մորդ, ա՜խ, քո ումբրը խավարած մորդ ձենն որ անկաջս չէր ընկնում, էլ ետ աչքս բաց էի անում, մազերս նրա ոտի տակին փռում, որ կամ ինձ սպանի, կամ թե չէ՝ մահի ձեռիցը չխլի, ինձ սաղ-սաղ էսպես չէրի, չխորովի. ամա էլի, որ նրա է՛ն խավարի աչքերը, է՛ն չորացած, մազ դառած ջանը որ աչքովս էր ընկնում, որ իմանում էի, թե նա էլ քո ցավն ա քաշում, քո դարդովն ա էնպես փոթոթվում, քո՛, քո ջանի՛ն մեռնիմ, միտք էի անում, որ թե ես էլ մեռնիմ, էլ նրան աշխարքումը պահող չի՛ ըլիլ. որ ես կորչիմ, նա էլ կենդանի հետս պետք է հողը մտնի կամ ջուրն ընկնի, խեղդվի, որ միտք էի անում, թե նրա խորոված սիրտը ինձանով ա մի քիչ հովություն գտնում, քո կարոտը, քո հոտն ու համը, քիչ թե շատ, ինձանից ա նա առնում, ինձ որ չունենա կամ սովը պետք է նրան սպանի, կամ քարեքար ընկնի, մեկ բուռը հողի, մեկ օրհնած տեղի էլ հասրաթ մնա: Ի՞նչ պետք է անեի, ո՞ր ջուրն ընկնեի: Հոգիս իմը չէր, որ հանեի, նրան տայի, բալքի նա ապրեր, քեզ տեսներ, քո արդար ձեռքը բռներ, գար գերեզմանս ու գլխիս կանգներ, ասեր.

«Ա՛ղասի ջան, էս ա Նազլվիդ հանգստարանը, է՛ս հողին նա իր ջանը ղուրբան տվեց: Հետս խոսում չէր, որ դարդն իմանայի, ես էլ չոփ էի դառել, աշխարքն աչքիս փուշ կտրել, որ մեկ մոտին նստեի, քրտինքը սրբեի կամ մեկ սառը ջուր տայի; Ես ի՛մ տեղումն էի կրակի միջումն էրվում, սա` իր բարձի վրա. ես ի՛մ գլուխս էի բարձրացնում, որ հոգիս տամ, սրա հրեշտակն էի տեսնում գլխին պտիտ գալիս. ես ա՜խ էի քա՛շում, որ ձենս քո անկաջն ընկնի, սրա անկաջն էր ընկնում, սրան էրում, մաշում: Ա՛խ, հինգ ամիս էսպես տանջվեց, չարչարվեց էս խեղճ ջրատարը. ո՛չ դեղ կարաց սրան ետ բերիլ, ո՛չ դեղապետ. Ո՛չ տերտեր, ո՛չ հըսկումն, ո՛չ աղոթք, ո՛չ սրբություն: Մեկ առավոտ էլ, ա՛խ, էն սհաթը գնա, ո՛չ ետ գա, աչքս բաց արի, որ վեր կենամ կամ երեսը ծածկեմ, կամ տեղը փոխեմ, տունը գլխիս փուլ էկավ. աչքերը երկինքն էր քցել, երեսն աղոթարանը, ձեռ ու դոշ բաց արել, հենց իմանաս էն ետին սհաթին էլ իր հրեշտակին ուզեցել էր խնդրի՝ մի քիչ համբերի, որ բալքի թե էս սհաթին էլա մեկ դուռը բաց էիր արել, մեկ քեզ տեսել էր, մեկ հասրաթդ առել էր ու հետո հոգին տվել:

Ընկի՛ր գերեզմանի վրա, Ա՛ղասի ջան. էս գերեզմանը քո արնի գինն ա, քո աչքի լիսն ա էստեղ թաղած, երեսդ հողին տո՛ւր, որ բալքի հողն էլ նրա մուրազը տա, բալքի հողիցն էլա գալդ իմանա ու գերեզմանումն էլա դինջանա: Ա՜խ, ի՞նչ կըլեր, որ էնքան ցավը քաշեց, մեկ օր մեկ ձենն էլա իմանայի, մեկ օր մեկ խոսք էլա ասեր, որ սրտումս դարդ չմնար, ինձ էսպես չէրեր, չխորովեր: Ա՛խ էլ որ քաշում էր, էն կրակված շունչն էր երեսիս դիպչում, լաց էլ որ ըլում էր, էն գետանման արտասունքն էի միայն տեսնում, մեկ աչքն էլա չէր բանում կամ գլուխը բարձրացնում, որ բալքի երեսն երեսիս առներ, աչքը՝ աչքիս, որ մեկ սիրտս հովանար, մեկ լացը դինջանար, աչքս իրան տայի, որ ինչ արտասունք ուներ, ինձ բաշխեր, գետնին վեր չածեր, սիրտս իրան հանեի, բաշխեի, որ բոլոր ցավն ինձ տար, ես էլ անկորուստ էսօր քեզ ամանաթ տայի, որ քանի տեսնիս, իմանաս, թե քո խեղճ, անճար Նազլուդ քո սիրովն մե՜ռավ, քո կարոտովն գետինը մտավ, որ քանի նրա անունը տաս, հրեշտակ էլ որ ըլի, էլ թամահ չանես, էլ է՛ն բարձի վրա ուրիշ գլուխ չդնես, որի վրա որ քո հարազատ Նազլուդ հոգին տվեց, որ է՛դ դոշդ էլ ուրիշի դեմ չանես, որ նազլվի ջանը հանեց, է՛դ լեզուդ ուրիշի ջան չասի, որ Նազլվին կրակ դառավ, էրեց:

Չէ, Ա՛ղասի ջան, թե քո մերն եմ, ասածս արա՛, քանի Նազլվիդ գերեզմանն աչքովդ ընկնի, քանի քնից վեր կենաս, երեսդ երկինքը քցես կամ իգին մտնիս, ծաղկըներդ ջրես կամ պտուղ քաղես, դոշդ բա՛ց արա, նրա անունը տո՛ւր, նրա գլուխը լա՛ց իլ. թուփ չկա, որ նրա արտասունքը տեսած չըլի. քար չկա, որ նրա դոշին չըլի դիպել, ծաղիկ ու թուփ չկա, որ նրա գլուխը չըլի խտտել, սուգը տեսել, հետը սգացել, սրտի ծուխը մեջն առել ու թառամել, չորացել, որ նրա կսկիծը չտեսնի, ձենը չլսի: Թե իմ կաթն ես կերել, Ա՛ղասի ջան, թե իմ ձեռին մեծացել, քանի շունչդ բերնումդ ա, ոտդ՝ վրեդ, արի՛, արի՛, էս սուրբ հողի վրա կանգնի՛ր, ինձ էլ նրա հետ թաղի՛ր, ու հետո, աստված քեզ հետ: Քանի որ կենդանի եմ, թուր կցցեմ սիրտս, աչքս կհանեմ, ուրիշի էլ հարս չեմ կարող ասիլ, ուրիշի էլ մեր չեմ դառնալ. ինձ էլ աչքալիս չի՛ հարկավոր, չի՛ հարկավոր, իմ աչքիս լիսն էլ էր սա, իմ օր ու ումբրս էլ, որ կորավ, փչացավ, սրա կոխած տեղը թե ուրիշի ոտ ա դիպել, հոգիս կտամ, սրանից ետը աշխարքս ջավահիր էլ դաոնա, էլ ո՞ւմ աչքը կգա, ո՞վ թամահ կանի: Մեռնելիս էլ անկաջումն էն եմ ասել, գնա՛, իմ ջա՛նի հանող, քանի շունչս վրես ա, Աղասին էլ կարմիր չի՛ կապիլ, էլ ձեռները հինա չի՛ դնիլ, նրա հինեն Վաղուց քամուն տվի. մե՛կ բարձի գլուխ դրիք՝ մե՛կ հողում պտի քնիք, ինձ էլ միջըներդ առնեք, որ ձեր սերը գերեզմանումն էլ տեսնիմ, երկընքումն էլ վայելեմ, ձեզ օրհնեմ, ձեզ որդի ասեմ ու աստծուն, ինչպես առա, էնպես ամանաթ տամ»:

Գերեզմանի ղրաղին կանգնել եմ, քե՛զ եմ կանչում, Ա՛ղասի ջան, ձեռս ու դոշս բաց եմ արել, քե՛զ եմ կարոտ, ջանի՛դ ղուրբան: Հողն իմ ձեռովս եմ առել, որ երեսիս քցեմ, որ մատաղդ գնամ, պատանս ե՛ս եմ կարել, որ մեջը մտնիմ, Նազլո՛ւն չարդ տանի, խունկս ու մոմս ու ժամոցս ի՛մ ձեռովս եմ տվել, ա՛նումիդ մեռնիմ. էլ ժամ կամ պատարագ, տերտեր կամ բաժակ ինձ չի՛ հարկավոր, երեսս ոտիդ տակը: Հազար անգամ հրեշտակիս ոտն եմ ընկել, ետ դարձրել, որ մեկ էլ ձենդ լսեմ էս քառացած անկաջովս, մեկ էլ երեսդ տեսնիմ էս խավարած աչքովս, մեկ էլ Էդ սուրբ ձեռդ էս քարացած դոշիս կպցնեմ, մեկ էլ Էդ ազիզ պատկերը էս հող դառած երեսիս դնեմ ու էս էրված, խորովված, քրքրված հոգիս ու շունչս քեզ տամ, Ա՛ղասի ջան. բաս սիրտդ Էնպես մեռել, փետացել ա, որ էլ ինձ չե՛ս սիրում: Ա՜խ, ի՞նչ անեմ, ի՞նչ ասեմ, սիրտս՝ լիքը, ձենս` կարճ, տեղդ` հեռու. Ո՞վ մեր դարդին ճար կանի»:

Ողորմելի աղջիկն էլ չէր կարացել իրան պահի, կեսուրն էլ էն վախտը վրա հասավ, որ էսպես փետացել, վեր էր ընկել, ձեռիցը բռնեց, դողդողալով տուն տարավ ու տեգորը խնդրեց, որ գնալիս` էս բայաթին էլ մեկ աստվածասերի գրիլ տա, հետը տանի, որ Նազլուն վաղուց իրանից հանել էր ու ամեն օր սգալով ասում.

ՆԱԶԼՎԻ ՍՈԻԳԸ


Գարունքը բացվել ա, դաշտեր կանաչել,
Ծառերը ծաղկել, սարեր զարդարել,
Բլբյուլն իր վարդի սիրովն կշտացել,
Հենց ե՛ս, ա՜խ, սիրույդ կարոտ մնացել: Ա՜խ, կարոտ...
Ինչ քար տեսնում եմ, դո՛ւ ես առաջիս.
Ինչ խոտ կոխում եմ, դո՛ւ միտս գալիս.
Աղբրի ջուրն էլ ք՛ո համն ա տալիս,
Հանդի ծաղիկն էլ ի՜մ օրը լալիս: Ա՜խ, օրս լալիս...
Աչքիս լիսն էլ, ա՜խ, լալով փչացավ,
Ա՜խ, ո՜խ քաշելով լերդս չորացավ.
Ո՞ւմ սիրտս բանամ, ո՞ւմ ասեմ իմ ցավ,
Ասեմ էլ, երաբ, ում սրտին կտա ցավ: Ա՜խ, կտա...
Չե՛մ ուզում աչքս երկինքը քցեմ,
Լիսնյակն, արեգակն ինձ հավար կանչեմ.
Սի՞րտ ունին նրանք, որ իմ դարդս ասեմ.
Արի՛, արեգա՛կ իմ, քեզ կարոտ եմ: Ա՛խ, քեզ...
Երաբ քո սիրտն էլ հետս ցա՞վում ա,
Երաբ անունս միտդ գա՞լիս ա,
Թե՞ չոր քարերը ձենս ու սուգս լսում,
Ո՛չ հետս խոսում, ո՛չ սիրտս առնում: Ա՜խ, սիրտս...
է՛դ սուրբ երեսդ մեկ էլ ես տեսնիմ,
Մեկ էլ մոտիդ նստիմ, մեկ ճտովդ ընկնիմ,
Թո՛ղ էն ժամանակն ես տամ իմ հոգին,
Մեռնի՛մ արևիդ, Էդ ոտիդ տակին: Ա՜խ, ոտիդ...
Նազլվիդ աչքը ճամփին մի՛ թողար,
Նազլուդ մի՛ սպանիր, Նազլուդ ջրատար
Քեզ ղուրբան ըլի. հասի՛ր նրան հավար,
Հասի՛ր, հողը դի՛ր, հոգին հետդ տա՛ր: Ա՜խ, հետդ...


Ա՜խ, ա՛յ իմ աստվածասեր կարդացող, քար ըլեր էս խոսքերը կպատռեր, ո՞ւր մնա մարդ, Էն էլ Աղասին, որ սիրտը բարակել, փոշի էր դառել: Բայց մարդիս հոգին խոր ա, ջիլը՝ կակող. քանի ձգվում ա, բարակում է ու հանկարծ կտրվում: Լեն օրին ա մարդ շատ անգամ իրան մոռանում, թե չէ նեղությունը միայն հոգին մաշում է, բայց շուտով չի հանում: Աղասու էսքան էրվիլն ու տանջանքը որ տեսնում էին փամբակեցի կտրիճ հայի տղերքը, խոսքըմին արին, որ գնան, թաքուն նրա մորն ու կնկանը փախցնեն, բերեն, բայց խելոք մարդիկ խորհուրդ չտեսան, չունքի խեղճ ծերունի հորը բանտումը թիքա-թիքա կանեին: Շատ անգամ վարավուրդ էին անում, որ Աղասին միտը ծռել, ուզում ա գնա հորնումոր հավարին, բուսուն բռնում, ետ էին դարձնում: էսպես տանջվելով էս ձմեռ էլ անց կացրեց, մինչև գարունքն էլի բացվեց, ու թուրք ու հայ յայլաղ դուս էկան: Աղասին էլ հետըները գնաց:

Աղբրների գլխին, ծաղիկների վրա օբեքը իրանց չադրները տվին ու մալն արին էն անմահական դրախտը: Առավոտը որ տեղիցդ վեր էիր կենում, հազար սարի ծերից ամպն ու ծուխը, իրար հետ խառը, երկինքն էին վերանում ու շաղն ու ցողը անձրևի հետ նրանց շորերի, երեսների վրա դնում: Կնանիքը կթի տավարի հետ էին ըլում, կաթը հավաքում, եղ ու պանիր շինում, մարդիկը տավարը սարը տանում կամ բուրդ ու եղ բազարը բերում, ծախում, իրանց տան պակասությունը հոգում: Մենակ էս չէր կնանոնց գործը, ցերեկը ջահրա էին մանում, շալ ու խալիչա կամ կարպետ գործում ու իրանց օրը ուրախ, միամիտ անց կացնում: էլ ի՞նչ ասիլ կուզի, որ տան պես աղջիկ ու հարս էստեղ կուչ ու ձիգ անելով չէին ման գալիս կամ երեսները կալնում: Մեկ տան պես, ում օբեն մտնեիր` թուշ էր, որ վարդի պես փայլում էր, աչք էր, որ մարդի խելք տանում էր: Է՛ն օդի ու ջրի, է՛ն ծաղկի ու կանաչի հոտն ու համն առնողի հոգին ու ռանգն ի՞նչ կըլեր բաս: Հայտնի բան է, որ ֆորսի ու, շատ անգամ, գողի ու հարամու հետ շաբթով էին ման գալիս ջահել տղերքը, ու սպանած կամ բռնած ժամանակը մեկ հարսանիք էր ըլում բոլոր օբեքանց միջին: Ղոնաղ պատահեր՝ Էստեղ պատահեր: Շաբթով, ամսով էլ չէին թողա հեռանա. ու աղբրների քչքչոցը, ջրերի խշշոցը, ծառերի սըլսլոցը ղշերի ծլվլոցը, չոբանի թութակը, գառան, ոչխարի ու տավարի ձենն ու բառանչը ամեն մարդի ուզում էին ասեն. «Թե դրախտ ես կամենում, է՛ստեղ կաց, է՛սպես կաց. սիրտդ՝ անմեղ, միտքդ՝ հիստակ»:

Չե՛մ կարող ասիլ, թե էս տեղի փոփոխությունը Աղասու սիրտը բաց չի արեց, քար ըլեր, կկակղեր, կրակ ըլեր, կհանգչեր, ո՞ւր մնա նրա սիրտը: Բայց Աղասու գլխին դեո չար հրեշտակ էր պտտում, ու ինքը՝ ողորմելին, չէ՛ր իմանում: Շատ անգամ սարից որ օբեն չէր մտնում, հազար աչք մնում էին վրեն հայիլ-մայիլ: Իլահիմ որ իմացան նրա պատմությունը, ամեն աչք ուզում էր նրա համար բացվի, ամեն բերան նրա՛ն իր շունչը տա: Ում որ մեկ ծաղիկ չէր թավազա անում, աչքը արտասնքով լիքը` ուզում էր ձեռի տեղակ սիրտը դեմ անի, քթի տեղը հոգումը դնի նրա տված ծաղիկը: Ով մեկ անոշ թիքա ուներ, նրա համար էր պահում, մեկը սե՛ր էր նրա առաջին դնում, մեկը ձվածեղ, մեկը գառան միս, մեկը՝ պախրի խորոված: Շատը նրան ղոնաղ կանչելիս գառն ու ոչխար էին մորթում, որ նրա սիրտն առնին: Նրա տխուր բայաթու ձենը, նրա աղիողորմ սուգը կամ արտասունքը որ չէին տեսնում, մեծ, պստիկ ուզում էին նրան մատաղ գնան: Աղջկերքը որ չէին դաստա-դաստա սարի դոշին ման գալիս, ծաղիկ քաղում, գլուխ ու դոշ զարդարում, սիրտն ուզում էր, թե տրաքի, որ իր Նազլուն էստեղ չէ՛ր:

Բայց Մուսեն, ջիվան Մուսեն, ո՛չ Նազլու ուներ, որ դարդ անի, ո՛չ հեր, որ բանտումը տանջվի, մեկ ջահել մեր ուներ, էն էլ էսօր-էգուց էր ընկել, որ մեկ քիր կամ ախպեր էլ նրա համար բերի: Բոյն էկել, շիշակացել էր, չինարի դառել. բեղերն նոր էր բերնի վրա ծաղկել, թուխ-թուխ ճալվերը շարմաղ երեսին հովին անելիս, հենց իմանաս, հրեշտակ ըլի թևով խփում: Տասնըվեց տարին անց էր կացել, դեռ նա ծուռն աչքով մեկի երեսի չէ՛ր մտիկ արել: Բազի վախտ, մեկ քող կամ սպիտակ լաչակ տեսնելիս, ղորդ ա, խելքը գլխիցը գնում, սիրտը կրակով լցվում, աչքերը արտասունքը կոխում, ուզում էր սար ու ձոր ընկնի, գլուխն առնի, կորչի: Ամա մեկ քանի օր որ անց էր կենում, աչքը էլ որ չէ՛ր տեսնում, սիրտն էլ հովանում էր: Բազի վախտ, էնպես գիտես, թե նրան վեր ըլին քաշում: Հովը տալիս, ծառը ծաղկելիս, ջուրը քչքչալիս, հենց գիտես, թե մեկ աներևույթ ձեն նրան ասում ըլի. «Մո՛ւսա ջան, քնի՛, ես աչքդ կկըպցընեմ, երազումդ հետդ կխոսիմ, որ զարթնիս, գյում կըլիմ, չունքի վախտը չի՛ հասել, որ դու քո նասիբը գտնիս: Ինչ որ ճակատիդ գրած ա, էն պետք է ըլի»: Քնից որ վեր էր կենում, հենց իմանում էր, թե հրեշտակները մոտիցը նոր թռան: Նա չէ՛ր իմանում, թե սերն ա էս, որ քիչ-քիչ նրա սրտումը տեղ էր պատրաստում»;

Մեկ օր էլ էսպես, մեկ ծառի տակի քնած տեղը, երազում մեկ թաս գինի բերին, դեմ արին նրան ու մեկ հրեշտակի պատկեր նրան՝ թևերն երեսին փռած, կամաց ձեն տվեց.

— Մո ՛ւսա ջան, յա խմի՛ր էս թասը, յա ինձ սպանի՛ր, իմ կյանքս քո ձեռին ա: Հերնըմեր չունիմ, ընկել եմ մեկ անօրեն տաճկի ճանկ: Ղարսա սարումն ա մեր օբեն, թե սիրտ ունիս, թե աստվածդ սիրում ես, արի՛, ինձ ազատի՛, չե՞ս ազատիլ, քո օրումդ դու կյանք չե՛ս տեսնիլ: Մո՛ւսա ջան, գնում եմ, դու գիտես: Արի՛, թե չէ, էս ա, քսան օր ա, ինձ տանջում են, որ թուրքանամ, չեմ թուրքանում, քեզ եմ սպասում: Ինձ երազումս ասացին, թե դու՛ ես իմ ազատողը:

Աչքը որ բաց արեց, հենց իմացավ, թե ծառ, խոտ, ծաղիկ անմահական հոտով լցված ըլին. ու արեգակի շողքը երեսը սղալելով` ուսուլով սարի քամակը անցավ: Ուզում էր խոսա, ձենը չէ՛ր դուս գալիս, ուզում էր վեր կենա, ոտն ու ձեռը չէ՛ին զորում: Թութակի ու շվու ձենն էլ որ անկաջը չընկավ, էլ ետ աչրը խփեց: Ա՜խ, ի՞նչ կըլեր, ջահելությունը նրան չէ՛ր էսքան հաղթել սերը չէ՛ր էսքան նրան թմբրացրել:

Մութը գետինն աոավ: Մատդ որ կոխեիր մարդի աչք, չէ՛ր տեսնիլ: Ամպերը սարերիցը գլխները բարձրացրին, ոտները կտրեցին, չանկ ու դուման սար ու ձոր բռնեց: Հենց գիտես՝ հազար վիշապ բերանները բաց արած, գալիս են, որ սար ու ձոր կուլ տան: Կայծակը էստեղ-էնտեղ որ չախմախին չտվեց, սարըցիք իմացան, թե ի՞նչ խաբար ա. տավար, ոչխար աղալի մեջն արին, թվանքներն առան, շները բաց թողին, չունքի լավ գիտեին, որ գողի, հարամու, ջանավարի ղզղուն վախտը հենց էս ա: Ամպերը որ թոփ ու թոփխանեն չսարքեցին, ո՛վ ոտ ուներ, փախավ, ո՛վ աչք ուներ, փակեց, օղլուշաղը ալաչուխի տակն արեց, ճրագ, կրակ հանգցրեց, որ աչքը մի քիչ էլա բան տեսնի, ու հենց ոտի վրա՝ ամենը մի կտոր հաց առան, էն էլ գոտիկը դրին, չկերան, որ տեսնին, թե վերջըները ի՞նչ կըլի, ի՞նչպես կլուսանա: Մեկ բարակ կարկուտ, անձրևի հետ խառը, Էկավ, վրըներովն անց կացավ: Երկինք, գետինք սկսեց կրակվիլ: Կայծակը որ չէր ղամշում սարերի գլխին, ուզում էին, թե հազար գազ խոր գնան: Ամպը որ չէր թոփի բերանը բաց անում, գետինն ուզում էր հազար կտոր ըլի ու հոգին տա: Ճրագ չկար, որ մարդ տեսնի, ձեն մարդի անկաջ չէր հասնում:

Աղասին պատռեց գոռալով, Մուսի անունը տալով, բայց ջուրը տանի նրա մորը, նա ի՞նչ տեղ էր, որ խոսք իմանա, ի՞նչ նեղ սհաթի, որ գլուխ առնի, փախչի: Աղասու ընկերքը ամեն մեկը մեկ սար ընկավ, գլուխը մահու տվեց. հարիր տեղ թվանք քցեցին, ու ո՞րքան էր նրանց ահն ու երկյուղը, երբ որ իմացան, թե նրա թվանքն էլ վրեն չի՛: Աղասին մահվան դուռը գնաց: Ամպն էլ ետ դառավ, կայծակն էլ, բայց գիշեր էր, ի՞նչ տեղ պետք է նրան քթնեին: Ընչանք ծեգը բացվեց, օձերը ծնեցին, ու ո՞վ նրանց հալը կարա պատմիլ, երբ Էկան տեսան, որ ջիվան Մուսեն՝ արնի միջումը շաղախված, չորս կողմի խոտն ու թուփը պոկած, մեկ ահագին քաֆթառ նրա դոշին նստած, Մուսի ձախու ձեռը բերնումը, քիչ մնաց, որ թուրն իրանց սիրտը կոխեն. որ ձեն չտվին ու վա՜յ տվին, հսկայն Մուսա աչքը բաց արեց, ընկերներին որ տեսավ, գլուխը ժաժ տվեց ու ժպտելով ասեց.

— Աֆա՛րիմ, Լավ վախտի եք գալիս. Էկե՛ք, կուռս հանեցե՛ք. ղամեն շատ խորն ա գնացել, ձեռս էլ հետը, ինձանում էլ թաղաթ չկա, որ հանեմ:

Ո՞ւմ աչքը էն ուրախությունը կտեսնի, ինչ նրա ընկերների աչքը տեսավ: Վրա թռան, քաֆթառին դեն քցեցին, ու Մուսեն որ կուռը չհանեց, կեսը, հենց բռնի՛ր, ծամած էր: Մեկ սաղ սհաթ Աղասին նրա դոշիցը չէ՛ր պոկ գալիս: էնպես գիտում էր, թե է՛ն կյանքիցն ա վեր էկել: Սարըցիք էլ էս ջիվան, իգիթի սիրտը տեսնելով՝ մնացել էին զարմացած, ու սաղ շաբաթը հենց է՛ն էին խոսում:

Բայց Մուսի աչքիցը քունն էր փախել, սրտիցը՝ ղարարը: Արեգակն էր դուս գալիս, նրա օրը մեր էր մտնում, օրն էր մեր մտնում, նրա ցավերն էին նոր ի նորո բացվում: Սար ու ձոր նրա համար դժոխք էր դառել: Գիշեր-ցերեկ նրա կերած հացը, նրա խմած ջուրը, նրա տեսած լիսըն ու երազը է՛ն սքանչելի պատկերն էր, որ իրան կանչել էր: Ծառերն էին սլսլում թե ջուրը քչքչում, քամին էր փչում թե հովը հնչում, նա ո՛չինչ ձեն չէր իմանում, ո՛չինչ չէր տեսնում, եթե ո՛չ՝ իր սիրեկանի երկնային դեմքը:

Հսկայն Աղասի, որ իր վերջին օրումն էլ չէ՛ր ուզում, որ իր ընկերների մեկի մազն էլա թեքվի, վաղուց էր վարավուրդ արել սրա էս նեղությունը, վաղուց էր իմացել, որ իր սիրեկանի սիրտը, ուշ ու միտքը թռել ա, էլ վրեն չի՛. Ամա չէ՛ր իմանում, թե պատճառն ի՞նչ ա: Գիտեր, որ նրան աչքի լսի պես էր մինչև Էն օրը պահել, բայց թե ի՞նչն էր Էսպես նրան էրում, խորովում, չէ՛ր կարում հասկանալ: Նա տեսնում էր, որ ջիվան Մուսին մեկ աղջկա ձեն լսելիս, մեկ աղջկա պատկեր տեսնելիս, իրանից գնում, խելքամաղ էր ըլում, ամա էնպես կարծում էր, թե էս էն առաջին կրակն ա, որ ամեն ջահել մարդի սիրտ վառում, բորբոքում ա, երբ ինքն իրան ճանաչում ա, երբ արինը եռ ա ընկնում, ու սար ու ձոր մարդիս աչքին յա սազ ու քյամանչա են դառնում, ուշ ու միտքը տանում, յա թուր ու դանակ դառնում, սրտումը ցցվում: Շատ օր ճտովն էր ընկնում, լալիս ու աղաչանք անում, որ իր դարդն ասի, արտասունքից ավելի ո՛չինչ չէ՛ր տեսնում, լացից ավելի ո՛չինչ չէ՛ր լսում:
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение:#17  Сообщение Lusine1101 » 07 май 2017, 11:28

Շատ անգամ սիրտը բերանն էր գալիս, որ իր ցավերն ասի, ամա լեզուն չորանում էր, պապանձում, երեսը կարմրատակում, չէ՛ր գիտում, թե ի՞նչ ջուղաբ տա. դողդողալով սարերն ու ծառերն էր նրան նշանց տալիս: Ընկերքն էլ էին մնացել մաթալ, որ մի ֆռսանդ էր ճարում, էլ հաց ու ջուր միտքը չէ՛ր բերում, գլուխն առնում, կորչում, ու սար ու ձոր պետք էր ոտնատակ տված, որ նրան մեկ տեղ քնած քթել էին:

Մեկ օր էլ էսպես Մուսին ման էին գալիս, որ մեկ քարափի տակից էնպես մեկ ձեն էկավ, որ մարդ լսելիս՝ ջանը վրեն սրսռում էր: Քամին ձենը ձորն էր քցել, ու քարերն էին խոսքերը ետ ասում:

ԲԱՅԱԹՈԻ ԳՈԻՆՈՎ.


Հրեշտակ էիր, որ ինձ երևեցար, ա՜խ, ինձ երևեցար,
Երկրո՞ւմն ես ծնվել, թե՞ երկնքիցն էկար,
Մեկ ջան ունեի, էն էլ դու տարար,
Ա՜յ իմ սուրբ պատկեր, արի՛, հոգիս ա՛ռ: Ա՜խ, հոգիս ա՛ռ...
Մեռնիմ՝ չե՛ս տեսնիլ, կորչիմ՝ չե՛ս ման գալ,
Սո՛ւր կոխեմ սիրտս, դու չե՛ս իմանալ.
Ո՞ւր կորչեմ, որ էս անողորմ չանգալն
Սիրտս չխրվի, չթողա ինձ լալ: Ա՜խ, չթողա...
Երա՜զ թե քուն ինձ, ա՜խ, մահ են դառել,
Իմ սև օրս՝ գիշեր, կյանքս խավարել.
Ի՞նչ պետք է, անեմ, ո՞ւր եմ ապրում էլ,
Թե ոտիդ տակին մատաղ չե՛մ ըլիլ: Ա՜խ, մատաղ...
Ամպին իմ սրտիս դարդերը պատմում,
Ցրվում, գալիս չի՛ ու քեզ ետ ասում.
Քար ու սար աչքիս աղի արտասունքն
էլ ետ սիրտս ածում, էլ ետ ինձ էրում: Ա՛խ, ինձ էրում...
Քանդեցիր անմեղ իմ հանդարտ հոգին,
Կրակ քցեցիր իմ ջանն ու մարմին.
Թե հրեշտակ էիր, ո՞ւր էն սուրն, էն կրակն.
Խրի՛ր իմ սիրտս, թափի՛ր իմ գլխին: Ա՜խ, թափիր...
Կգա՛մ, հո՛գի ջան, կգա՛մ քո ոտքը,
Քեզ մոտ ա սիրտս, քեզ հետ՝ իմ միտքը.
Բայց ի՞նչ տեղ ես քո աննման դեմքը
Տեսնիմ կատարեմ իմ տված խոսքը: Ա՜խ, իմ խոսքը...
Որ ընկերքս էլ ինձ, ա՜խ, քոմակ չըլին,
Երես դարձնեն ու չըլին խոսքըմին,
Կընկնիմ սարեսար ու քո հավարին
Կըհասնիմ, դարդ չանես, քեզ մատաղ ըլիմ:
Ա՜խ, քեզ մատաղ...
Թո՛ղ մեկ էլ տեսնիմ քո սուրբ պատկերը,
քո սուրբ պատկերը.
Թո՛ղ մեկ էլ տա ինձ բաժակ քո ձեոը,
Մեկ շունչդ առնիմ, ընկնիմ սարերը,
Քեզ մատաղ անեմ իմ գլուխս, իմ օրը:
Ա՜խ, իմ գլուխս...

Ասեց ողորմելի պատանին ու սկսեց գլուխը քարին դնիլ:

Արեգակն ուզում էր մեր մտնի: Աղասին, որ թաքուն ետևիցը դուս Էկել մեկ թփի տակից անկաջ էր անում, սիրտը էրվում, չուզեց ողորմելու քունը խառնի, մնաց քարի վրա նստած ու աչքը իր ազիզ ընկերի աչքին քցած՝ սկսեց իր դարդերը միտքը բերիլ, իր ջահելությունը ֆիքր անիլ ու մտքումն ասել. «Ա՜յ ջիվան, ջիվան տղա՛, լավ իմանում եմ՝ ի՞նչ թուր ա Էկել, սրտիդ դեմ առել. ի՞նչ կրակ ա ընկել, լերդդ էրում ու ջիգյարդ. Բայց ի՞նչ անեմ, ընչի՞ չես սիրտդ ետ բանում, որ մեկ քո ցավդ իմանամ ու էլած կյանքս էլ քո ուղուրիդ մատաղ անեմ: Ա՜խ, լավ եմ իմանում, ա՛զիզ ջան, որ սիրո թևը երեսիդ քսվել, սիրո նետը քեզ էլ ա դիպել, բայց ընչի՞ չես պարզ ասում, որ գուխս ետ դնեմ, սիրածդ գետնի տակին էլ որ ըլի, հանեմ, ձեզ ձեր մուրազին հասցնեմ ու ես էլ ձեր ոտի տակին հոգիս տամ: Մեր ու նշանած գլխիս կրակ են ածում, սար ու ձոր ինձ, քիչ ա մնում, ուտեն, մեկ քար չունինք, որ գլխըներս վրեն դնենք, էլի դու, ո՜վ սեր, ո՜վ բնություն, ուզում ես ցույց տալ քո զորությունը: Ա՜խ, ո՞ւր կորչի մարդ, որ քո ձեռիցը պրծնի, քո ցավը չտեսնի: Առաջ վառում, բորբոքում ես մեր սիրտը, հետո էրում, խորովում, առաջ վարդի հոտով գալիս, մեր սիրտը մտնում, հետո փուշ ու սուր դառնում, մեզ կտրատում»:

Էս խոսքերը միտք անելիս՝ բիրադի անկաջն ընկավ.

— Հա՛, Հռիփսիմե ջան, քո ջանի՛ն ղուրբան, քո սրբի անունը կտամ ու էգուց, էգուց Ղարսա սարերումն ինձ կտեսնիս:

Աղասու էրված սիրտն էլ հենց է՛ս էր ուզում իմանա: էնքան կացավ, որ սիրելին քնից կշտացավ, ու իրան-իրան որ աչքը չի՛ բաց արեց Մուսեն, վրա թռավ, ճտովն ընկավ, կպցրեց նրան դոշին ու լալով ասեց.

— Ա՜խ, ա՛չքի լիս, որ սրտումդ էդպես դարդ ունիս, հենց իմանում ես՝ քա՞ր եմ, որ ինձանից բան ես թաքցնում: Չէ՛, էնպես ես կարծում, թե էս իմ խորոված ջիգյարը, որ էլ սաղ տեղ չունի, քո դարդի համար էլ տեղ չի՞ քթնիլ, քո ցավը չի՞ քաշիլ, էլած շունչս ու ումբրս քե՞զ չեմ տալ: Հենց իմանում էի՝ աստվածանից դու բան կթաքցնես, ինձանից չե՛ս թաքցնիլ: է՞դ ա քո սերդ ու սիրտդ: Հենց իմանում էիր, թե Աղասին էնպես մեռել ա, որ քեզ համար մեկ ա՜խ էլա չի՞ քաշիլ, քեզ համար մեկ կաթ արտասունք էլա չո՞ւնի: Հերնըմերս, ղորդ ա, մահվան դուռն են հասել, նշանածս, ո՞վ ա գիտում, հողի տակին ա, թե երեսին, ամա քանի նրանց ձեռս չի՛ հասել, ե՞րբ կթողամ ձեր մեկի աչքը ցավի, ձեր մեկի մազը թեքվի: Մինչև ես մեռնիմ ո՛չ, մինչև ինձ թիքա-թիքա չանե՛ն, ձեզ կթողա՞մ, որ մեկ ղուշ անց կենա գլխըներիդ վրա: Վե՛ր կաց, երեսդ սըրբիր, ինձ ուղիղ ասա՝ էդ քո ջանը հանող Հռիփսիմեն, էդ հրեշտակն ո՞վ ա, որ քեզ երևացել ա, քեզ տանջում, մաշում, ու դու մեզ բան չես ասում:

Հազար սար ու ծով մեր մեջն ըլի, էլի կթռչիմ, նրան կհանեմ, կբերեմ, թաք ըլի դու դարդ չանես, երեսիդ մեռնիմ: Ասում ես՝ Ղարս ա: Էդ հո երկու ոտը տեղ ա, դրա համար էդքան պետք է է՞րված: Վե՛ր կաց, դեռ երեխա ես, դեռ գլխիդ բաներ չի անց կացել շատ, որ մարդ ճանաչես: Վե՛ր կաց, էլ ամաչելու, գլուխը կախ անելու վախտը չի՛:

Մուսի աչք ու երեսը կրակ էր դառել ամոթու, չէ՛ր իմանում, թե իր մեծահոգի բարեկամի ո՞տներն ընկնի, թե՞ ձեռը համբուրի: Արտասունքն ու դամարի սաստիկ խփիլը ցույց էին տալիս, որ Մուսին ուզում էր ասի, լեզուն չէ՛ր բռնում, բերանը փակվում էր, պապանձվում, որ ձեն տա. ««Ա՛ղասի ջան, յա մորթի՛ր ինձ, յա սպանի՛ր Էստեղ. յա ասածս արա, իմ մուրազին հասցրո՛ւ. Հռիփսիմեն որ չըլի, էլ ինձ ո՛չ կյանք ա հարկավոր, ո՛չ օր. նրա շունչը որ չառնիմ, ես ինքս իմ շունչս բերնիցս կհանեմ, կկտրեմ, նրա աչքը որ աչքիս չառնի, աչքս կփորեմ, դեն կքցեմ: Դո՛ւ ես իմ տերը, իմ աստվածը. իմ ձեռս քո փեշն եմ քցել, յա ձեռս կտրի՛ր, յա գլուխս, յա իմ մուրազը անկատար պետք է չթողաս, պետք է ինձ սաղ-սաղ չէրես, չփոթոթես»:

էսպես՝ որ ձեռք-ձեռքի ետ էին դարձել, գալիս էին, Աղասին իր սիրելու զլուխը դոշին կպցրած քաշում էր նրան, քանց թե բերում, մյուս ընկերքն էլ, որ սաղ գիշերը չէին քնել դարդու, ուրախ-ուրախ վազեցին առաջ, հենց իմացան արեգակը նոր ա բացվում, էկան, էրկուսին էլ մեջ արին ու չադիրը գնացին: Սարըցիք էլ ուզում էին, որ ուրախությունիցը հոգիները տան:

Աղասին մտածման մեջ ընկած, աչք ու ունք կիտած` չադիրը մտավ թե չէ, տղերքանցը իշարաթ արեց, որ ձիանը հավաքեն, յարաղ-ասպաբ հազիր անեն, որ էն գիշեր դուս պետք է գնան: Չէ՛ր ուզում, որ մարդ իմանա, վախում էր, թե իրան բռնեն, չթողան: էն իրիկունը բոլոր սարըցոնցը գլխին հավաքեց, նրանց խոսքով արեց, որ կասկած չտանին, հազար բերնով իր շնորհակալությունը էնպես էր ուզում ցույց տա, որ նրանք ո՛չ նրա միտքը իմանան ու, թե փախած ըլի, չասեն, թե ի՞նչ վատ մարդ էր նա, որ մեկ դարտակ շնորհակալություն էլ նրանց չասեց: էնքան աղ ու հացըները կերավ, բոլոր ոտի տակ տվեց ու վեր կացավ, փախավ: Շատ էին նրան աղաչել ու լալով ասել, թե նա նրանց միջումը մնա, իրանք իրանց կերթան, կնյազին կխնդրեն, որ իրանց ուզբաշին, իրանց կառավարիչը նա ըլի, ու ասում էին.

— Մենք գիտենք, թե ի՞նչպես հոգի կտանք քեզ, որ արարած աշխարհ իմանա, թե հայի ազգումն էլ սիրտ կա, հայումն էլ ռաշիդ տղամարդին աստծու տեղ պաշտիլ գիտեն:

էս իրիկուն էլ գլխին ժողոված մեծ ու պստիկ էլի էն էին ասում ու վրա բերում, թե որ նա իրանց միջիցը հեռանա, աշխարք նրանց համար քանդված ա, ու նրանց աչքն էլ արեգակին ուղիղ չի՛ մտիկ տալ, նրանց սիրտն էլ լավ օր չի՛ քաշիլ: Քանի նրա ասած խոսքերը, նրա տեհած բաները տեսնին, կուզեն, որ էրթան, ջուրը թափին, նրանց օրն ու ումբրը կսևանա: Ամեն Էսպես խոսք լսելիս՝ ինչ Աղասու բերնիցն էր դուս գալիս, լեզու պետք է ըլի, որ պատմի. սիրտ պետք է ըլի, որ իմանա: Տեսավ, որ անմեղ սարըցիք հենց նրա բերնին են կարոտ, ուզում են, որ սաղ գիշերը նրա կշտիցը չհեռանան, նրա մոտին նստին: Հա՛, շատն էլ էկել, գլուխը նրա գոգին էին դրել ու երեսին մտիկ անում, ասածն իմանում. աղջիկ ու հարս էլ չադրի դուռն ու ղրաղն էին կտրել ու ա՜խ քաշում. տղերքանցն իշարաթ արեց, որ ձիանները հազրեն, առավոտը ֆորս պետք էր գնար, գան, մի քիչ քնին, դինջանան, ամեն բան հազիր ունենան, ու ինքն էլ գլուխը թեքեց, որ սաքի թե աչքը կպցնի, խալխը քաշվեցին, բարի գիշեր ասացին, ու ամեն մարդ իր չադիրը գնաց:

Հենց աղոթարանը կարմրատակեց, ու ամպերն սկսեցին գլխըները քիչ — քիչ սարերիցը բարձրացնիլ, տղերքը ձիանը թամքեցին, յարաղ — ասպաբ քցեցին, Էկան, չադրի դռանը կանգնեցին: Աղասու ձին ոտին-գլխին էր անում: Սարերի ծաղկըները ու ջուրը նրա միսը անկաջովն էին դուս բերել, Էնքան չաղացել էր: Ընչանք սարըցիք վեր կկենեին, որ իրանց կով ու ոչխար կթեն, նրանց ղոնաղները մնաք բարով ասացին, ձիանոնց գլուխը ծռեցին ու թռան: Աչք էր, որ ետևներիցը մայիլ էր մնացել, սիրտ էր, որ ասում էր իր միջումն՝ երանի՜ նրան, որ Էսպես զավակ, Էսպես փեսեք կունենա: Սարը բարձրացան թե չէ, Աղասին, որ ման էկած սարերին ու ձորերին, իր տեսած ծաղկներին ու աղբրներին, իրան սրբի պես պաշտող անմեղ սարըցոնց օրեքանցը մտիկ չարեց, խելքը թռավ, աչքերը լցվեց ու սկսեց բարակ ձենով էս բայաթին ասել:

Բարո՛վ մնաք, բարո՛վ, սարեր ու ձորեր,
Ալվան ծաղկըներ, սիրուն աղբըրներ,
Որ ինձ պահեցիք դուք էսքան օրեր,
Ա՜յ անմեղ հայեր, սիրուն աղջըկներ:
Աղասին բալքի ձեզ էլ չտեսնի,
Աղասին ձեր վրա, կըլի, էլ չքնի,
Ձեր հոտը չառնի, ձեր կշտովն չանցնի.
Ձեր ձենը չլսի, ձեզ կարոտ մեռնի:
Հալալ արե՛ք նրան ձեր աղ ու հացը,
Քանի նա ձեզ մոտ կանգնած՝ իր լացը
Ծոցն ա հավաքում, քանի աչքը բաց՝
Ձեզ միտքը բերի, օրհնի ձեր արածը:
Ա՜խ, ի՞նչ կըլեր՝ ոտս կոտրեր, էստեղ չգար,
Ձեր ազիզ երեսն չտեսներ, էսպես չլար.
Ի՞նչ կըլեր՝ աստված ամեն մարդի տար
Ձեր անմեղությունը, ձեր հալալ պաշարն:
Երաբ, յարալու սրտիս ասածը
Կպահե՞ք ձեր մտքումն, թփե՛ր բաց էլած.
Ձեզ վրա ման գալիս՝ ձեռ-ձեռի տված
Աղջիկ ու հարսներ, ձեր մոտին նստած:
Սիրո՛ւն աղբրներ, լաջվա՛րդ ծաղկըներ.
Երա՜բ, որ նրանք ձեզ քաղեն, ծոցերն
Լցնեն, հոտ քաշեն, զարդարեն դոշերն,
Իրար տան, կապեն փունջ ու պսակներ,
Մեկ-մեկու ասեն՝ մեզ չմոռանա՛ք.
Պահի՛ր էս ծաղիկն քեզ մոտ հիշատակ,
Երա՜բ, իմ լացս էլ դուք չե՞ք մոռանալ,
Ու ձեր հոտի հետ իմ սուգս նրանց տալ,
Նրանց իմ օրհնությունն, իմ խնդիրն ասիլ,
Որ ինչքան շունչս կա ու չեմ մեռնիլ,
Նրանց սերը կհիշեմ, նրանց կուզեմ պաշտիլ.
Ինձ չի՛ մոռանան, ես նրանց չե՛մ քցիլ
Մտքիցս, ու նրանց սերն սրտումս կպահեմ,
Հետս ման կածեմ, հողը կտանիմ.
Աստված թո՛ղ ձեզ տա, ինչ որ ես կուզեմ,
Մնաք բարո՛վ, սարեր, էլ ձեզ տեսնիլ չե՛մ:


Մեկ տափարակ, դուզ տեղ բաց ա ըլում հանկարծ տեսնողի առաջին մեկ մեծ դաշտ` չորս կողմը սարերով պատած, աջ ու ձախ սևին տալիս, ու քանի գնում ա մարդ, ամպ ու դուման քաշվում, պարզում են, ու հենց իմանում ես, թե առաջիդ մեկ էնպես քաղաք ա բաց ըլում, որ հազար-հազար կենող միջումն ունի, ու ցրտի յա շոգի ձեռից բեզարած՝ ուզում ես, որ շտապիս, գնաս, մեկ աստվածասերի դռան վեր գաս, դինջանաս, էլ ետ ճամփեդ բռնես, գնաս: Մեկ տեղից ահագին բերդի պարիսպն ա քեզ խաբում, մեկ տեղից՝ զարմանալի եկեղեցքանց գըմբեթն ու մեծությունը, մյուս տեղից՝ բարձր մինարեթքը, քոշք ու սարայի գլխները: Մտքումդ ասում ես, թե էս տեսածդ մեկ մեծ, զորեղ թագավորի թախտ պետք է ըլի. Էստեղ ոսկին ու արծաթն աղբի հետ պետք է խառը ընկած ըլի, Էստեղ օրը հարիր քարվան ներս մտնի, հարիրը դուս գա: Հենց իմանում ես, թե ցերեկը թոզն ու դումանն ա աչքդ բռնում, գիշերը մութն ու խավարն ա քեզ խաբում, որ ինս, ջինս, մարդ, անասուն չե՛ս տեսնում, հենց ջամդաքակեր ագռավներն են աչքերիդ սևին տալիս: Մարդ չի՛ կա մոտիդ, որ հարցնես, գիր չե՛ս կարդացել, որ իմանաս. մտքիդ հետ ընկած` տեսածդ հրաշք կարծելով յա աչքակապություն, որ հանկարծ գլուխդ չես բարձրացնում, ա՜խ, սի՛րելի իմ հայազգի, ջանդ դող ա ընկնում, կռներդ թուլանում: Հենց իմանում ես, թե մեկ վիշապ յա մեկ հարամի հենց Էն սհաթին ա մտել ու բոլոր կենողներին յա կուլ տվել, յա սուրը քաշել, յա գերի արել, ինքն էլ փախել: Ուզում ես, որ աչքդ խփես, ետ դառնաս;

Ա՜խ, չէ՛, չէ՛, ետ մի դառնալ, էստեղանց ծուխը հազար տարուց ավելի ա, որ կտրվել ա. Կա՛ց, մի վախենալ, անշունչ քարերն ու եկեղեցիքը մարդակեր չե՛ն: Աչքդ բա՛ց արա, սիրտդ քե՛զ հավաքիր ու գըլխիդ վա՜յ տուր: է՛ս սրբատաշ տաճարները, է՛ս ահագին բերդը, է՛ս քարերը քեզ կասեն, թե սա է գոռոզն Անի, քո թագավորների հզոր մայրաքաղաքը, որ էնքան էր իր հարստությունովը, իր փառքովը փարթամացել, ճոխացել, մեծամտել, որ չոբանն էլ եկեղեցի էր շինում, ոչխարածն էլ արծաթե նալչով, սաղրի քոշերով ման գալիս, ուզվորն էլ հացի տեղակ` փլավ, ղանդ ու շաքար, սև փողի տեղակ արծաթ ու ոսկի պահանջում, որ եկեղեցի մտած ժամանակ էլ էնքան էին նրանք աստված մոռացել, որ կարճ վարդապետ գալիս՝ բարձր գրքակալ էին գնում, բարձր եպիսկոպոս ըլելիս` ցած գրքակալ դուս բերում, որ յա ձգվին, յա կռանան, յա չոքին, յա գիրքը չտեսնին, ու իրանք ծիծաղին, աստուծո տաճարումը քեֆ անեն: Բայց սուրբն Հովհան Երզնկացի հանաք չվերցնելով` մեկ օր օրհնած բերանը բաց արեց, երկիրը տրաքեցավ, տակըվեր էլավ, խալխը ցրվեցին, փախան՝ որը Ղրիմ, որը Պոլշա. Էս անշունչ քարերը մնացին ցից-ցից, հազար եկեղեցուցը հինգը մնացին շեն. տաճարք, ապարանք, գանձ, հարստություն անեծքի փայ էլավ, հողը մտավ հայոց ազգի մնացած փառքն էլ, ու մինչև էսօր էլ երկրի ձենը գալիս ա: Գող, ավազակ են միջումը բուն դնում, նրանց բանն աստված հաջողում ա, նրանք չե՛ն տակով ըլում, ու աստված էնքան իր գութը հայերիցը պակասացրեց, որ էնքան անմեղ հոգիքը, էնքան միլիոնավոր մարդիկ մեկ սհաթումը մեկ սևագլխի խոսքով ջնջեց, Հայոց Տունը քանդեց, էլած փառքն էլ ձեռիցը խլեց, որ գնա, էսպես երերյալ, տատանյալ մնա աշխարքիս երեսին:

— Լա՛ց գլուխդ ա՛նցավոր, տե՜ս, թե աստուծո դատաստանն ի՞նչպես արդար է. կարգավոր տեսածին պես ոտները ջուր արա՛, խմի՛ր, որ էսպես քաղաքը անեծքով քանդեցին, ու էսօր էլ քանդողին եկեղեցումը տոնում են: Դու չե՛ս իմանում, որ նրա անունը տաս, սուրբ աղոթքն ու բարեխոսությունն հիշես, որ քեզ էլ չանիծի, քու որդիքը պահի, մեծացնի: Նրա տոնի օրը լավ մտքումդ տպավորի, ի՞նչ կանես Անի քաղաքի անունը: Նա քանդվեց, պրծավ, ամա սուրբը քեզ միշտ օգնական ու բարեխոս կըլի:

Ղրաղին կանգնել ես, ձեռդ ծոցդ դրել,
Խելքդ ցնորվել, լեզուդ պապանձվել.
Ո՞վ էսքան հրաշք տեսավ, վայելեց:
«Երա՞զ եմ տեսնում, քնա՞ծ եմ, ա՞չքս ինձ խաբեց»,
Ասում ես մտքումդ, ուշագնաց ըլում:
Հո նո՞ր են սրանք, բաս սրանց միջումն
Ընչի՞ չկա ձեն, ընչի՞ են լռվել—
Ա՜խ, թշնամյաց սուրն ա նրանց վերջացրել:
Հմիկ հավատո՞ւմ ես, ա՜յ իմ խեղճ ազգ,
Թե քո երկրումն բյուր էսպես քաղաք
Կամ կրակով փչացան, կամ սուրը քաշվեցին,
Ու քեզ չոր քարեր մենակ թողեցին,
Որ տեսնիս ու լաս, տաս քո գլխիդ վա՜յ.
Խելքդ ժողովես, լինիս կտրիճ հայ,
Ռուսաց հզոր, քաջ ձեռի տակին
Փոքր դինջանաս ու քո աշխարքին
Մուղայիթ կենաս, արյունդ թափես,
Քո ազգը պահես, քեզ անուն ճարես:


Հանգստարանի ձեն էր գալիս, որ մեր ճամփորդքը գիշերվա կեսին էստեղ հասան: Լավ կտրիճ մարդ պետք է ըլի, որ էս ժամանակին Էսպես չոլ, յաբանի տեղը սիրտ անի, մտնի: Կարելի է, թե մեր բեզարած ճամփորդքն էլ էստեղ չէին հասել, թե գիշերվան լիսնյակի լիսը, էս տաճարների, բրջերի գլուխը ու իրանց տգիտությունը նրանց չէին խաբել, էս տարտարոսը քցել: Անու քաղաքի անունն էլ չէ՛ին լսել, ո՞ւր մնա իմանային, թե նրա խարաբեքը դեռ աշխարքումս կան: Հեռըվանց որ ցից — ցից տների գլուխը չտեսան, ռսի հողիցը դուս էին Էկել, հարամու հողը էլ ետ մտել: Ղորդ ա, աքլորի ձեն չէ՛ր գալիս, ամա սարերի չոբանի շների ձենը լսելով՝ էլ մտիկ չարին, զո՛ւ քաշեցին ու, քու դուշմանի գլխին չի գա, որ չմտան էս լուո, տխուր պարսպների մեջը, հենց իմացան, թե մեկ մեռլատուն կամ գերեզմանատուն ընկան, ու ամեն մեկ ձիու ոտի շփլթոցը յա իրանց քաշած շունչը սար ու ձոր կատաղացնում ա:

Ամեն մարդ փորձած կրլի, որ մութը ժամանակի մարդ, որ մեկ գերեզմանատան կամ մեկ քանդված եկեղեցու ղրաղով էլ ա անց կենում, սիրտը թուլանում ա, ջանը զարզանդում, հազար միտք հոգին կտրատում, քարերն էլ դև համարում ա հարամի, որ իրան կամենում են ուտիլ, շատ անգամ ուշագնա էլ ա ըլում: Սրա պատճառը բոլոր էս ա, որ մարդ սովոր ա, ինչ տեղ տուն ա տեսնում յա շինություն, կարծելով, թե մարդ էլ կըլի, ու ետո, որ ձեն չի լսում, էնպես կարծում ա, թե անպատճառ չար հոգիք են էնտեղ բնակում. թե չէ մեռելի չոր մարմինը յա խարաբա պատերը ի՞նչ զորություն ունին, որ մեզ ի՞նչ անեն: էլ ո՞վ սիրտ կաներ ապա կամ եկեղեցու մոտանա, յա մեկ բուրջ մտնի, էն էլ է՛ն երկրումը, որ ամեն քարի տակի հարիր գլուխ էր կտրվում, ամեն մեկ ձորում հազար լաշ հոգին զոռով տալիս:

— Տղե՛րք, չար սատանի թուրը գլխըներիս խաղում ա, — ձեն տվեց պինդ սրտով քաջն Աղասի: — Տղամարդությունն էսպես տեղը մալում կանի. Յարաղ — ասպաբ հազրեցե՛ք, ձիանոնցը դինջացրե՛ք, որ թե աստված տա, մինչև առավոտը գլխըներս վրըներս ըլի, տեսնինք, թե էս ո՞ր գեդարգյալմազն ընկանք: Նամարդությունը էլ ձեռք չի՛ տալ. Ձիանները ջրեցե՛ք, քաշեցե՛ք մեկ պատի տակ, ես մեկ շունս առնիմ, յավաշ-յավաշ մեկ աչք ածեմ, տեսնիմ, թե տեղըներս ռահա՞թ ա, թե՞ էլի սրով ու արնով պետք է յա գլուխ պահենք, յա գլուխ կտրենք:

Շատ էլ խնդրեցին ընկերքը, որ չանի, անկաջ չարեց, թվանքն ուսին դրեց, փշտոբերը հազրեց, սուրբ Սարգսի անունը տվեց ու ոտը փոխեց:

Գիժ կըլի Էն տղամարդը, որ իր գլուխը մահու կտա, ամա Աղասին իր գըլխիցը վաղուց էր, ձեռք վեր առել: Հավատարիմ շունը գլուխը նրա ոտիցը չէր հեռացնում, մեկ հոտ առնելիս յա շփըլթու իմանալիս կանգնում էր, ետի ոտների մինն էլ ցցում, երկար վախտ անկաջ դնում, հետո երըմիշ ըլում:

Հենց մի քիչ հեռացան թե չէ, մեկ եկեղեցու դռնից կրակի լիսն ընկավ Աղասու աչքը. արինն աչքն առած՝ էլ միտք չարեց, թե էսպես տեղը, գողից, հարամուց ավելի ուրիշ օքմին չի՛ ըլիլ, թուշ կրակի վրա գնաց: Աստված հեռու տանի, ինչ նա տեսավ, տասը քուրդ եկեղեցու մեջտեղը կրակ էին արել, չորս կողմը նստել, խորոված էին անում, շամփըրներով բերանները քաշում, ուտում, խնդում ու աչքըները օյաղ որսկանի շան պես յա դուռը քցում, յա պուճախը: Հարամին ինչքան գազան էլ ըլի, շատ անգամ իր շվաքիցն էլ կվախենա: Ընչանք նրանք կրակի մոտիցը ձեռները աչքըներին կդնեին ու դռան ղարալթուն կտեսնեին, Աղասին յավաշ — յավաշ ներս մտավ, ծանր դեմքով, առանց բարով տալու կրակին մոտացավ ու ձեռը մեկնեց, որ մեկ խորովածի շամփուր էլ ինքը քաշի: Նրա դեղնած, մեռելի պատկերը, նրա անահ շարժմունքն ու էնպես անժամանակ վախտը ներս գալը որ չտեսան քրդերը, հենց իմացան, թե նա էն աշխարքիցն ա վեր էկել, լեզվըները չորացան, ձեռըները թուլացավ: Ի՞նչ կկարծեին, թե էն հադաղին ինսանաորդի մեն մենակ սիրտ կաներ էն ավազականոցը մտներ, որ ցերեկն էլ հարիր մարդ զարզանդում էին՝ մոտովն անց կենան, որ հազար տարուց ավելի՝ էր ինսանաորդի սիրտ չէր անում, որ գա, էն հազիր շինած տներումը կենա: Հենց գիտես, թե մարդիկ չըլին առաջին. աչքը խոժոռած` մեկ դես քցեց, մեկ դեն, քրդերեն էլ չգիտեր, որ մեկ բառ էլա խոսի, բայց է՛ս էր, որ նրան պրծացրուց, չունքի թե խոսացել էր, կիմանային, որ մարդ ա, դև չի՛, թիքա-թիքա կանեին, մեկ շամփուր խորովածի որը կերավ, որն էլ ետ կրակը քցեց, տաճարի հիանալի շինվածքին ու գեղեցկությանը մտիկ արեց ու գլուխը ժաժ տվեց. քրդերը փետացած՝ մնացել էին նստած, աչքը որ հանկարծ նրանց վրա չխոժոռեց, ամեն մեկը տեղնուտեղը ուզեցավ, որ հալչի, էնքան էսպես նրանց աչքը մոխիր ածեց, որ ընկերների ոտի շփլթուն իմացավ, ու շունը ուրախ — ուրախ ներս ընկավ, ոտներովը փաթաթվեցավ: Հենց շունը տեսան հարամիքը թե չէ, աչքըների փառը վեր ընկավ, ամեն մարդ թրին վրա վազեց, որ նրան փառչալամիշ անի. առաջի թուր վրա բերողի գլուխը կես էլավ. փշտովների երկուսն էլ իրանց ֆորսը ճարեցին, ու ղամեն ձեռն առած որ գոռաց ո՛չ`

— Տղե՛րք, ձեր արևին ղուրբան, աստված մեր կողմն ա. դուռը կըտրեցե՛ք, որ սրանց մատաղն էս գիշեր անե՛նք...

Հայի լեզուն որ բաց չէլավ, հենց բռնես, պատերը լեզու առան:

— Ամա՜ն, ձեր էկած հողին ղուրբա՛ն, ճար ունի՞ք, տեսե՛ք, մեզ ազատեցե՛ք, տնով — տեղով ձեզ եսիր կդառնա՛նք:

Տասը-տասնըհինգ քրդստանցի հայ էլ որ էս կողմից, էն կողմից գլուխ չի՛ բարձրացրին ու քրդերի մնացած թրերն ու մզրախները ձեռք առան, քրդերի աստղը թեքվեցավ. ութը կոտորվել էին, երկուսը մնացել յարալու ընկած: Սրանց էլ կապեցին մեկ ձիու բհրի վրա, ու աչքդ բարին տեսնի. ոչինչ սհաթի մարդի քաջությունը էն բարերարությունը չի՛ արել, ինչպես հիմիկ: Աղջիկ ասես, տղա, հարսը, երեխա, ծծկեր հազար չվանով կապած տուն էին արել, Ղարսա գեղերիցը եսիր բերել, որ տանին յա սարդարին փեշքաշ անեն, յա Ախըլցխա ծախեն: Ո՞ւմ էսպես սհաթին մարդ կյանք տա, որ նրա առաջին ծունր չդնեն, երկրպագություն չանեն: Բայց հսկայն Աղասի ինքն էր ընկնում նրանց ճտովը. ինքը նրանց կապը ետ անում, ինքը երեխին ջոկ, մորը ջոկ սիրում, գուրգուրում, որ աստծուն փառք տան, սուրբ Սարգսին խունկ ու մոմ վառեն, թե չէ էս իր հունարը չէ՛ր: Ոչի՛նչ գիշեր էն լիսը, էն կյանքը չի՛ տեսել, չի՛ քաշել, ինչպես` էս: Ազատվողք թե ազատողք, իրար տեսնելիս, հենց իմանում էին, թե երկընքումն են ու ո՛չ երկրումս:

Փոքր-ինչ որ դինջացան, աչքդ բարին տեսնի: Քրդերի շորերն, ասպաբն, ձի ռախտը ու խուրջինները որ բաց չարին, հազար արնի գին կար միջըներումը, ամեն մեկի վրա հարիր թումանի զինքս, արծաթ ու ոսկի, թո՛ղ նաղդ փողը: Աղասին ո՛չ մեկին էլա մտիկ չարեց, ղրկեց, ձիանը բերել տվեց, ներս քաշեց ու քրդստանցի հայերին հարցրեց, որ իրան միամտացնեն, թե էն գիշերը կարո՞ղ են էնտեղ ռհաթ մնալ, թե ո՛չ:

— Աղա՛, գլուխդ, արևուդ ղուրբան, վալլախա, չընք գինա, թե էս շան լաջերիցն էլ կա՞ն, թե՞ չէ. ամա օյաղությունն աղեկ է: Սրանց չանգիցը շունը չի՛ խլսի, մարդն իմ ա՞լ կխլսի: Մգա աստծուն փառք, խազար էնպես ջանավար մեր առաջը գան, զէնոնց խերն անիծեմ, մեկ թուր տո՛ւր մեր ձեռը, մենք գինանք, թե իմա՞լ քո ճակատը պարզ կէնենք: Մեր ամեն մեկը, սուրբ Կարապետ գինա, էսոնց տասնին խավի պես կծալի, տակը կքաշի: Դու դարտ մի՛ արա: Ռահաթ պարկի, մեր երեսը ոդացդ հողն ըլի: էսոնց քոքը կտրվի. քանց շուն շատ են, քանց գել` առավել: Թե մեզ կխարցնես, մենք էմլա խեյրաթ կտեսնինք, որ մեր կես պարկի, կես ղարավուլ քաշի: Էս ձորեր խանա լիքն են:

Հենց էս մասլըհաթին էին, մեկ էլ էն տեսան, որ ձիավորի ոտի ձեն ա գալիս: Արիասիրտն Աղասի միտք արեց, որ սրանք նրանց ընկերները պետք է ըլին, ական թոթափել, երեխա, օղլուշաղ ղրաղ քաշեց, հազար անգամ ձեռն էստուր «Էնտուր» բերնին դրեց, որ ձեն չհանեն, երկու քրդին էլ բերան, ձեռ, ոտք դհա ղայիմ կապեց ու մեկ իգիթ քրդստանցու՝ թուրը հանած, վրըները կաղնացրուց, մյուս քրդստանցոնցը կրակի չորս կողմը նստացրուց, որ կարծիք չընկնին, ու ինքը իր ռաշիդ տղերքանցովը եկեղեցու դռան աջ ու ձախ կողմը կտրեցին, թուրները հանած պատնըդուս ցցվեցին ու թշնամուն ճամփա տվին:

«Լո՛, լո՛ ...» ձեն տալով` քսանից ավելի ձիավոր ժամի դռանը վեր Էկան, բալուր տվին մեկ-երկուսի ձեռքը, որ ման ածեն: Հայի երեխեքանց ու կնանոնց սուգ ու շիվանի ձենը որ ժամը չէ՛ր ընկնում, պատերն էլ սուգ էին անում. բայց խեղճերը չէին իմանում, թե ի՞նչ բարի հրեշտակ ա աստված նրանց համար ուղարկել: Հենց գյուռ արած, որ ղալմաղալ անելով ներս չընկան, էլ չիմացան, թե մարդ ա, որ իրանց գլուխը կոտրում ա, դև կարծեցին կամ սուրբ. էլ թրի, մզրախի յա ղալխանի վախտ չէ՛ր: Քրդստանցի հայերը մաջալ էլ չտվին աջամի հայերին, շատին հենց կրակի շամփուրն կամ թերէրեցն էին բերանը կոխում, գլխին, դոշին քարով, փետով ծեծում, որ շուտ չմեռնին ու տանջվին: էլի Աղասին էր, որ էս կատաղությանը չափ դրեց, սպանածներին դուս ածիլ տվեց, ու որը սաղ էին յա յարալու, ձեռ ու ոտք կապիլ տվեց ու ղրաղ քաշիլ տվեց:

— Աղա՛, մեր տուն քագող էսոնք են, էսոնց խոր տունը քագվի, էսոնք մեր ճիժը ու մանչ խատացրին, թո՛րկ, թո՛րկ, Էսոնց սատանի կեր անենք, Էսոնց խոր գաղտը գյոռբագյոռ ըլի:

Թո՛ղ կարդացողը ինքը միտք անի, թե էս գիշեր ի՞նչ գիշեր կըլեր էս ջրատար եսրների համար, որ ամեն մեկ ոտք փոխելիս` իրանց մահն էին տեսել, իրանց մահին էին սպասում, թե ի՞նչ սրտով նրանք աղոթք կանեին, ի՞նչ հոգով իրար կնայեին ու աստծուն փառք կտային: Հենց էն կոտորելու ժամանակին էր Աղասին դուս թռել, Էն դռան երկու քրդի մընին էլ սպանել, մյուսը փախցըրել, ու խեղճ հայի էրեխեքանց աչքերի ու ձեռների կապը իրան ձեռովն ետ արել, իրան ուսին ներս տարել: Զարմացած, մահի դուռը գնացած ու ետ եկած հայերը որ աչքըները բաց չարին, իրանց ազատողին տեսան, ուզում էին ոտներն արտասնքով լվանան, բայց համեստ պատանին հենց էն էր խնդրում, թե աստծուն փառք տան, սուրբ Սարգսի անունն հիշեն: Տեսնելով, որ քրդստանցիք սուրբ Կարապետին ավելի են ճանաչում, ասեց.

— Թո՛ղ էդպես ըլի, սուրբ Կարապետին հիշեցե՛ք: Սրբերը չե՛ն խռովիլ յա նախանձ պահիլ: Ո՞վ ըլի՝ նրա զորությունն ու բարեխոսությունն շատ ա:

Աղասու սիրտը վկայում էր, թե էն գիշերը էլ փորձանք չի կա. բոլորին էլ խնդրեց, որ չոքին, աղոթք անեն: Նրանց բախտիցը՝ եսրների միջումը տերտեր էլ կար, տիրացու էլ: Սրանք սկսեցին առավոտվան ժամը, ու Անի քաղաքը, հազար տարուց ավելի, որ ո՛չ ժամ էր տեսել ո՛չ աղոթքի ձեն լսել, էս գիշեր հենց իմացավ, թե իրան երևելի, շքեղ թագավորազունքը կրկին վեր են կացել, իրա հողն օրհնում, իրա ջուրն գովաբանում, որ հայ ազգը էլ չհավատա, թե իրան աստված էնպես ա անիծել, որ էլ մարդ չի՛ կարող նրա միջումը կենալ: Ո՛չ երկիրը քանդվեցավ, ո՛չ երկինքը փուլ Էկավ: Քրդստանցիք իրանք էլ էին մնացել զարմացած, թե էն ի՞նչ անճոռնի ասություն պետք է ըլեր, որ մինչև Էն օրը սրտըներումը հաստատ տպավորել էին:

Առավոտը որ լուսացավ, Աղասու աչքը մնացել էր սառած: Չէ՛ր իմանում՝ աչքին հավատա, թե ո՛չ: Եկեղեցի, պարիսպ, բերդ, մինարեթ՝ էնքա՛ն նոր, էնքա՛ն պայծառաշեն ու անբնակ: Կարդալ չէ՛ր գիտում, որ միտքը բերի, թե էս ի՞նչ քաղաք պետք է ըլի. տերտերին որ չի՛ կանչեց ու պատմությունն իմացավ, խելքը գլխիցը թռավ.

— Վա՜յ իմ օրին, արևին, մեր ազգն էսպես քաղաքներ ա ունեցել, էսպես մեծություն ու հմիկ ամենն էլ կորցրել, հարամու ձեռին գերի ա մնացել, — ասեց հսկայն լալով: — Չէ՛, տեր հա՛յր, մեզ աստված ա բերել էստեղ. աստված մեր թրին, մեր կռանը ղվաթ տվե՛ց, որ մեկ գիշեր էսքան բաներ արինք, էն աստվածն էլ էնքան կարողություն ունի, որ մեզ միշտ հաջողի. հարամություն հո չե՞նք անում, որ նա բարկանա, հարամու ոտն ենք կտրում, աստուծո ստեղծվածը ազատում: Մնանք էս սուրբ հողումը, մեր սուրբ թագավորաց գերեզմանը, մեր սուրբ եկեղեցիքը ազատենք գողի, ավազակի ոտքից: Հարըրից ավել ենք հիմիկ: Ի՛նչ ձեռք ենք քցել, ձեզ ըլի: Մնա՜նք էստեղ, յա մենք էլ մեր արինը մեր սուրբ թագավորաց հողի վրա թափենք, յա քիչ-քիչ նրանց քաղաքն էլ ետ պայծառացնենք: Տուն կա, ջուրը՝ բոլ, հանդը, դաշտը՝ մեծ, մեկի տեղակ հինգ զարմանալի եկեղեցիք. քարի տակիցը ոզղ կհանեմ, ձեզ կպահեմ:
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение:#18  Сообщение Lusine1101 » 07 май 2017, 11:30

Բայց՝ թե քարին ասած, թե մեր քրդստանցի հայերին: Կռվում, ղորդ ա, ամեն մեկը մեկ աժդահա, բայց ինչ գրումը գրած ա, նրա շլինքը տու՛ր, նրան ուրիշ բան մի՛ ասիլ: Մեռնիս էլ, նա իր ասածը կանի, էնքան կողքը հաստ ա:

— Իմ ա՞լ կեղնի, անիծած խողում վո՞վ կմնա՜: Հայսմավուրքն սուտ իմա՞լ կխոսի: Մեր վիզը զարկես, մեր ջանը խանես, վալլախա, էս չոլում կեցող հմլա մեկն էլա չեղնի, չեղնի: Խազար տարի խա ասա՛, խա գլուխդ ի քարին զարկի: Մենք չընք կենա, չընք գինա: Ինչ կասես՝ ասա՛: Մենք մեր խողը չընք թողա:

— Չե՛ք թողալ, աստված ձեզ հետ: Մեր աստղը մեկ անգամ ծռվել ա: Մարդ ինքն իր գլուխը որ թրի տակը դնի, էլ ո՞ւմ բանն ա կտրվել նրան քոմակ անի: էսպես արինք, որ մեր տունը քանդվեց, է՜: Գնացե՛ք աստված բարի ճանապարհ տա ու ձեր սիրտը մեկ լիս քցի, որ ձեր խերն ու շառն իմանաք: Ես իմ տղերքանցովն էս տեղանց էլ դուս գալու չե՛մ: Թե ձեզանից էլ ուզող կըլի, որ ինձ հետ միանա, իմ ախպերն ա, իմ աչքի լիսը: Մեկ թիքա ունենամ, կեսը նրան կտամ, ինձ համար աշխարքն յա ըլի, յա չըլի:

Ասեց ու հրամայեց, որ ինչ ճարել են, հավասար ճոթ անեն: Ինքը մատն էլա մի բանի վրա չդրեց, բայց թուր ու ասպաբ հրամայեց, որ վերցնեն, բոլոր ընկերներին մեկ-մեկ ձեռք քրդի շոր հաքցրեց, որ շուտով չճանաչեն, ամեն մեկին մեկ ձի էլ բաշխեց: էս որ տեսան, քսանից ավելի ջահիլ, կտրիճ տղերք կանգնեցին, խնդրեցին, որ իրանց էլ ընկեր շինի, նրանց էլ գլխին հավաքեց, սրբություն առավ ու մյուսներին լալով խելիմ տեղ էլ տարավ, ճամփու քցեց ու ինքը իր ընկերտանցովը ետ դառավ, փոքր հաց կերան, պարիսպ, եկեղեցի բոլոր իսկույն ման էկավ, ու հարավային քարափի գլխի բուրջը իստակել տվեց, մեկ-երկու հոգի Շորագյալ ուղարկեց, որ գնան, հաց առնեն, ու ինքը` սիրտն ու թոքն էրված պատանին, ընկավ քաղաքի ամեն ճամփեն ու խոռը, ամեն քունջն ու պուճախն աչքի տակ առավ, տեղի ղայիմությունը ու վտանգավոր կողմը լավ վարավուրդ արեց ու բեզարած, ջարդված էլ ետ վեր էլավ, ձորիցը դուս էկավ, ղրաղ քաշվեց, մեկ բրջի վրա նստեց, Արփաչային ու արեգակի մտնելուն նայեց, աղլուխը ձեռն առավ ու էս բայաթին ասեց.

Ա՜խ, վաթան, վաթան, քու հողին ղուրբան,
Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան.
Է՞ս փառքն ունեիր, է՞ս պատիվն առաջ,
Որ հմիկ ավերվել, մնացել ես անջան:
Ե՞րբ միտք կանեի, թե էս հողերը,
էս դաշտն ու սարեր, էս սուրբ ձորերը
էնպես մեծություն, էնպես լավ օրեր
Քաշել են, մնացել, ա՜խ, հիմիկ անտեր:
Ո՞ւր ձեր տերերը, թագավորները,
Ձեր պահողները, ձեր իշխանները.
Ընչի՞ մեզ թողին իրանց որբերը
Ու ձեռք վերցրին, թողին էս քարերը:
Ձեր գերեզմանը, ա՜խ, ձեր լիս հողը,
Որ հմիկ չի տեսնում ձեր կորած թոռը,
Կրակ է ընկնում ջանն ու ոսկերքը,
Ուզում ա ձեզ հետ պարզի իր ոտքը:
Ընչի՞ ձեր վախտը աչքս բաց չարի,
Մարմինս հողին, ջանս ձեզ չտվի,
Որ հմիկ էսպես չթռչեի, չգայի,
Ձեր հողը չտեսնեի, ձեր վրա չլայի:
Հող ունինք՝ խլած, կյանք ունինք՝ մեռած,
Ա՜խ, թրի, կրակի մենք եսիր դառած.
Ո՛չ երկինքն տեսնի մեր սուգն ու լացն,
Ո՛չ երկիրն պատռվի, մեզ տանի ցած:
Ի՞նչ կըլի մեկ էլ գլուխ բարձրացնեք,
Ձեր որդիքը տեսնեք, նրանց ցավը քաշեք,
Ձեր արինախառն աշխարհն ազատեք,
Յա մեզ էլ ձեզ հետ հողը տանիք, պահեք:
Աչքս բաց արի, խարաբա տեսա.
Ա՜խ, ո՞վ գիտեր, թե մեր ազգի վրա
Սարեր են էլել, հիմիկ բրիշակ,
Մեզ տակով չարել, որ էլ խեղճ չմնանք:
Ա՜խ, մեր սիրտն էսպես ընչի՞ հովացել,
Արինը ցամաքել, մեր կուռը թուլացել,
Երաբ կտեսնի՞մ, ա՜խ, ես մեկ օր էլ,
Մեր սուրբ երկիրը թշնամուցն ազատիլ:
Էն ի՞նչ շունչ կըլի, որ էս նոր հոգին
Փչի՛, վեր կացնի ք՛նից մեր ազգին.
էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին
էլ ետ սիրտ տա ու կանգնացնի՛ կրկին:
Ա՜խ, ես էն ձեռին կյանքս ղուրբան կանեմ.
էն կոխած հալին երեսս կքսեմ.
Ապրիմ, իմ արինս նրան մատաղ կանեմ.
Մեռնիմ, հողիցն էլ ես նրան միշտ կօրհնեմ:
Կանգնել ես էդպես, գլուխդ ամպին խփած՝
Ա՜յ խեղճ հալևոր, երեսդ փակած.
Ի՞նչ կըլեր, Մասի՛ս, ա՜խ, դեռ աչքդ բաց
Սրի չտայիր քո որդիքն էրված:


Արեգակն սկսել էր, որ մեր մտնի: Մութն էն ա գետինը առավ: էսպես նստած սուգ էր անում մեր տարագիր Աղասին ու իր ու մեր սև օրը լաց ըլում, որ հանկարծ աչքը ձորին ընկավ, աչքը սևացավ: Հինգ հարիր ձիավորից ավելի` թարաքյամա, քուրդ, Ղարսա դզիցը հազարից ավելի քյուլֆաթ, մալ, իլխի, ոչխար առաջ էին արել ու վեր հատելով՝ սարիցը ձորն արին, որ տանեն Երևան` յա սպանեն, յա ծախեն, յա թուրքացնեն: Շատին էնքան թակել, հետ էին ածել, որ ջանումն էլ թաղաթ չէ՛ր մնացել: Ամեն մեկ ձիավոր մեկ ջահել տղա կամ աղջիկ գավակն էր առել, ձեռն ու ոտ հազրել, որ Էն գիշերը յա նրանց անմեղ հոգին ապականի, յա սրի, կրակի ղուրբան անի: Հենց նստած տեղիցը ընկերներին ուսուլով ձեռով արեց, որ տեղըներիցը չշարժին, ինքն էլ քարափնըվեր կուզըկուզ նրանց մոտ հասավ, որ հարամին չտեսնի, իր պատրաստությունը չանի:

Էնքան կացան, որ թշնամիքն Էկան, գետի ղրաղին վեր Էկան, թրըները, երեսները լվացին, նամազները արին ու իրանց Սադայելի նոքարներին հրամայեցին, որ ինչ բեզարած, հալևոր, պառավ մարդ ու կին կա, աչք ու ձեռք կապեն, բերեն իրանց առաջին, կարգավ չոքացնեն, որ իրիկնահացն ուտեն, պրծնին ու նրանց անմեղ գլուխը իրանց մուռտառ սրտին մատաղ անեն:

էլ չթողին էլա, որ հեր ու որդի, յա մեր ու աղջիկ, իրանց ետին բարովն ասեն, իրար մի համբուրեն, մի օրհնեն, իրար մի փարվին. թրի ոռքով վեր հատելով՝ հրամանը կատարեցին ու բերին, ողորմելիքը իրար մոտ չոքացրին:

Աստված ո՛չ շհանց տա, ի՞նչ նրանց քոռփա էրեխեքն անում էին. ջուրն էին ուզում ընկնիլ, քարերը պոկում, գլխըներին էին տալիս, բողազները թրին դեմ էին անում, որ մեկ թողան էլա, իրանց հորնըմոր երեսը յա ձեռը համբուրեն, բայց շատի թևից որ չէին վեր քաշում, գետնին խփում, հենց էն սհաթը հոգին հետը յա դուս էր գալիս, յա էնպես բանհոգի մնում վեր ընկած, գետնին կպած: Ողորմելի ծնողքն էն հալին էլի է՛ն ասում, աղաչանք անում, որ որդիքը մեռնին, սրին, կրակին տան իրանց գլուխը ու իրանց հավատը չուրանան: Էսպես`հեռըվանց խոսալիս էլ էնպես էին խփում գլխըներին, որ աչքըների լսին կրակ էր տալիս: Ընչանք նրանք մեկ քանի ոչխար կմորթեին, կքերթեին, ու կրակը չաղ կըլեր, սար ու ձոր մութն առավ. մեր քաջ հայեր՛ը թուր ու թվանք հազիր արին, չոքեցին, աղի արտասնքով իրանց աղոթքն արին, վեր կացան, իրար ճտով ընկան, իրար ետին բարովն ասացին, ձիանները թամքած` մեկին պահ տվին, ու իրանք աստծու անունը տվին, ճամփու ընկան, ամա էնպես ճամփով, էնպես տեղով, որ ղուշը չէր իմանալ: Հինգը մեկ կողմից գնաց, հինգը՝ մյուսից, էն մնացած տասը հոգին էլ էնպես պետք է գային, որ բոլոր մեջ անեին, թրի առաջը ընկածը կոտորեին, սաղ բռնածը եսիր անեին ու, որքան կարելին ա, հայերին արձակեին, որ քոմակ անեն, իրանց թուր ու թվանք տային, չունքի ամեն մեկը ամեն յարաղիցն էլ ջուխտ-ջուխտ ունեին: Չորս քուրդ էլ, որ բռնել էին, Աղասին ինքը վերցրեց, չունքի նրանք օրթում էին կերել մինչև մահը նրա ձեռի տակիցը չհեռանան, ու նրանց միջումը օրթումը սուրբ ա: էսպես բոլորը քսանըչորս մարդ, պետք է հինգ հարիր մարդի հախիցը գային: Լսողը չի զարմանա, թե ի՞նչպես կարելի ա: Քաջությունն սրտիցն ա կախված. մեկ էլ որ ինչ. — «քան» կուզե թշնամին շատ ըլի, հանկարծ վրա տալիս, է՛ն էլ գիշերը, ի՞նչ ա իմանում դիմացի կռվողի շատությունն ու քչությունն: Սրանից գյուման, Աղասին պատվեր էր տվել, որ հայերեն յա թուրքերեն հեչ չխոսան, քրդերեն հարայ տան, հավար կանչեն, ու էնքան եսիր արած հայի միջումն ի՞նչպես կըլեր, որ մեկ-երկու հարիր տղամարդ չըլեր, որ սուր չունեին էնդուր համար էին խղճացել: Հենց էն սուփրի ու խորովածի չաղ ժամանակը, էն վախտը, որ ամեն մարդ յարաղ-ասպաբ վեր քցած՝ իր ֆորսի ետևիցն էր ընկել, որ նրան ձեռք քցի, թվանքների տրաքիլը, տասնըհինգ-քսան հարամու հոգին տալը, ձիանոնց խառնվիլը ու հարամու փախչիլը մեկ էլավ: Աղասին, իր ընկերների կեսը վրեն, ձորի ճամփեն էր կտրել մյուս կեսը՝ հարիրից ավելի հայ բաց արած, քամակներին քցած, ձորի ետևը: Մեկ քսան-երեսուն մարդ էլ վրա թռան, էն խեղճ չոքածների աչք ու ձեռներ ետ արին, ու էս հալևոր աժդըհեքը, որ կռվումն էր մազերն սիպտակել, թուր որ չտեսան ձեռըներին, ասլան դառան. որը միջիցը, որը ձորի քամակիցն ու ետևիցը էն կարկուտն ածեցին թշնամու գլխին, որ աստված ո՛չ շհանց տա:

Ղարսցի հայերը էս ձորերի քարերն էլ ունեին համարած, ինչ տեղ փշտով, թվանք էր տրաքում յա թուր խաղում, առանց դոշի ու գլխի չէ՛ր անց կենում: Մենակ Նաղի խանը ու Օքյուզ աղեն, ինչպես որ էլավ, գլխըները թափեցին, ձիանները ձեռք քցեցին ու մեկ քանի մարդով դուս փախան: Մնացածը, ինչ կոտորվել էին՝ կոտորվել, ինչ չէ, մնացել ձորի միջումն, ոչխարի պես չոբանը կորցրած, կանգնած: Ընչանք էսպես պահեցին մեր տղերքը, մինչև ծեգը բացվեց, ու աչքդ բարին տեսնի, տասնըհինգ թուրքի մենակ էն չորս քրդերն էին սպանել, տասից ավելի ղուղ մենակ Աղասին էր ցրվել ու փոր վեր ածել:

Լսողը կարելի ա զարմանա, թե ի՞նչպես է՛սքան բաներ մեկ օր ու գիշեր անց կացան: էնդուր համար, որ ղզլբաշը էս միջոցումը Ղարսա վրա կռիվ էր դուս գնացել, ու ասածս քսան ու մեկ թվին էր, որ սար ու ձոր, մանավանդ Անի, հարամի ու յաղի էր դառել:

Առավոտը լուսացավ. էն առավոտը երանի՜ ամեն խղճի ու տառապելո ռաստ գա: Հինգ հարիր հոգուցը վաթսուն հոգի չէ՛ր մնացել, էն էլ ոչխարի պես մեջ արած, շատը անյարաղ-ասպաբ: Ձիուն, շորին, ասպաբին թիվ ու համար չկար: Լեզու պետք է ըլի, որ պատմի է՛ն փարվիլը, է՛ն ուրախության արտասուքը, որ էսօր Անի տեսավ: Ղարսըցի հայք դեռ չէին հավատում իրանց աչքին, թե ղորդ, թշնամու ձեռից ազատված՝ էլ ետ իրանց աշխարքը պետք է գնային: էնքան շշկլել էին, որ չէին էլա միտք անում, որ մեկ հարցնեն, թե ո՞վ էր նրանց ազատողը: Գեջդանգեջ որ Աղասու մարդիկը ձիանը չէին վեր բերում բերդիցը, աշխարհն իրարոցով դիպավ. հենց կարծեցին, թե թշնամի են. թվանք վեր առան. բայց Աղասին բոլորին էլ հանդարտացրուց ու հսկայական քայլիվ որ առաջ չի գնաց փոքր ու իր ընկերներին կանչեց, ամենի աչքն էլ մնաց նրա պարթև բոյի, նրա ազնիվ շարժվածքի վրա հիացած: էլ էնքան նրանց փարվելուն ու օրհնելուն չմտիկ արեց, երբ իմացավ, թե Հասան խանը ղոնշունով Ղարսից ետ ա գալիս (ղարսըցիք ասեցին նրան), շուտ ական թոթափել՝ մեկ-երկու ձիավոր Գյումրի ղրկեց, մյուսներին հրաման արեց, որ էլ ժամանակ չկորցընեն, օղլուշաղն տանին, բերդումը յա ձորումը ամրացնեն, մալն ու ոչխարը ձորնըդուս քշեն, Շորագյալու հանդը տանին, ու ինքը, ինչքան թվանք, թուր բռնող տղամարդ կային, գլխին հավաքեց ու սարնըդուս վեր էլավ: Տասը-տասնըհինգ տարեկան տղերքն էլ ասլան էին դառել, ուզում էին իրանց արընի ջիգրը հանեն: Գերի արած թուրք ու քրդերիցն էլ յարաղ-ասպաբ ետ արին, իրար կապեցին ու բերդը տարան: Աղասին չէ՛ր էլել, ղարսըցիք ուզում էին նրանց քարով սպանեն յա ջուրն ածեն:

Հուլըսի 23-ին 1821-ին էր, որ հայոց երևելի հին քաղաքն Անի իրեք հարրից ավելի կտրիճ զորք, թողունք ջահել տղերքը, զրահավորված, զարդարված՝ աչքը բաց տեսավ. որ մտան ո՛չ իրանց որբ մայրաքաղաքը, աչքըները ծով դարձավ, մեկ սհաթ քիմի տաճարի միջումն ընկել երեսի վրա, գետնիցը պոկ չէին գալիս:

Բայց գլուխը պահելու ժամանակ էր. Աղասին խնդրեց, որ ինչ սրտներումն ունին, ետո ասեն, ետո անեն, ու զորքը կես արեց, կեսը տվեց Կարոյի ձեռքը, որ էս կռվըներումն եփվել, հասել էր, կեսը ինքը ձեռի տակն առավ, ամեն մարդ, ինչ ուտելու էր, ջեբը դրեց, երեսնաչափ մարդ էլ օղլուշաղի հետ դրեց, ինքը բերդումը ղայիմացավ, Կարոն՝ արևմտյան ձորումը, Մուսեն` օղլուշաղի հետ: Աստուծո ողորմությունիցը՝ բարութ-գյուլլեն էլ լավ վախտին հասավ: էնպես էին պայման կապել իրար միջում, որ թե Հասան խանը ձորը մտնի, էնքան թողան, որ բոլոր ղոնշունի ոոքը կտրվի, ետո շենլիկ անեն, թե թուշ բերդի վրա գա, էնքան դուս չի գան, մինչև բոլորը նրանց գլխին հավաքվին, ետո կեսը ձորի մեկ կողմիցը, կեսը մյուսիցը, կռվի չաղ ժամանակը, վրա տան, որ էնպես շըշկըլացնեն թշնամուն, որ փախչելուց գյուման էլ ուրիշ ճար չքթնին, ու թե աստված էս հաջողությունը կտար, Մուսեն օղլուշաղը թողար մեկ ղայիմ տեղ ու ձիանը դուս բերեր իր մարդկերանցովը, որ բալքի թե հնար լինի, բոլորին էլ ջարդեն:

Առավոտյան հովն անց էր կացել, որ ամեն մարդ հեռացավ ու իր տեղը քթավ: Ճաշն էլ եկավ, հասավ: էնքան շոգը չէ՛ր գետինն էրում, ինչքան քաջ հայերի արինը, իրանց սիրտն ու դամարները, որ իրանց ազգի իշխանաց, թագավորաց հողի վրա արին թափիլն ու քաջությամբ մեռնիլն էլ իրանց համար անմահություն էին համարում: Արեգակը երկնքի միջիցը երկու գազաչափ թեքվել էր, ու բերդիցը մեկ թոզ տեսան. քիչ-քիչ շատացավ ու ամպի պես Անու սաղ ղուզը կոխեց: Ձորիցն էլ էին տեսել ու իրանց տեղը անսասել: Դամար էր, որ ուզում էր տրաքի, սիրտ էր, որ ուզում էր պատռի, շատն ուզում էին բերդ ու ձոր թողան, մեյդան դուս գան, իրանց տղամարդությունը ցույց տան: Աստուծո ողորմածությունիցը` էնպես էր երևում, որ թշնամին բանից խաբար չի, ու հենց էնդուր համար ա էնպես ոտն առել, որ գան էնտեղ, մի քիչ դինջանան ու ետո, իրիկնահովին ճամփու ընկնին: Հետըները ո՛ չ թոփ էր երևում, ո՛չ ջաբախանա. հենց սուբահ ձիավորներն էին առաջ ընկել, որ հասնին Երևան, ավետիք տան, թե Ղարս առան, քանդեցին, բոլոր գեղարենքն էլ քոչացրել, թրի առաջ են արել, բերում են: Էնպես՝ մարդաշատ երկրները քանդող Հասան խանն էլ ի՞նչ կասկած կտաներ, թե մեկ խարաբա տեղում, ուր չոբաններն էին անց կենում, ագռավները բուն դնում, գլխին փորձանք պետք է գար:

Թոզ ու դումանի տուտը քաղաքը բռնեց, խարաբա պարիսպն ու բըրջերն էլ, հենց գիտես, իրանց քանդողներին տեսնելով՝ աչքըները խփում էին, չէին ուզում թամաշ անիլ: Աստուծո աչքը որ քաղցր լինի, մատաղի գառը իրան ոտովը կգա դուռդ՝ ասած ա: Հենց էս օրինակին բանը պատահեցավ. քաղաքը մտնիլն ու Հասան խանի ձիուց վեր գալը, չադիր խփիլը մեկ էլավ: Ղզլբաշի սովորությունն ա՝ ձիուց վեր էկավ թե չէ, թվանք, ասպաբ, յափնջի կքցի թամքի ղաշը, ձիանը ման ածիլ կտա՝ չորս — հինգ մեկ գյադի ձեռք տված, ինքը, թե նամազի վախտ ա, նամազը կանի, թե հացի ղայլանը կքաշի ու հացի կնստի ծալապատակ: էս անգամ երկուսի վախտն էլ էր. ճամփից էկած, ջարդված՝ քսանը մեկ տեղ, հարիրը` մեկել, յափունջին փռեցին, կոլոլ քարըները ու սանդրիրը՝ ծոցըներիցը, թրերը բնիցը հանեցին, առաջներին դրին, ու, հենց իմանաս, սև՛ սև հոգիք են, լեզու, բերան փակած բարձր ու ցած անում, երեսները դնում քարի, թրի վրա, փոքր ժամանակ մնում գետնին կպած, էլ ետ գլխըները վեր քաշում, էլ ետ երեսի վրա ընկնում, գդակը գլխըներին. Ետո բարձրանում, կիսով չափ գլխըները կախ քցում, աղոթքները մունջ քնթըների առաջին Էնպես ասում, որ իրանց անկաջն էլ չէ՛ր իմանում, ետո ձեռըները ծընկների վրա դնում, քարին, թրին կռացած մտիկ տալիս, էլ ետ չոքում, գլխըները գետնին կպցընում: Մահմեդականին նամազ անելիս որ գլուխը կտրես, ամեն մարդ էլ գիտի, որ երեսը թեքիլ չի, էնքան իր աղոթքի զորությունն զգում ա, բայց մի բառ էլա չի հասկանում, չունքի բոլոր աղոթքները արաբերեն ա:

Հենց առաջին չոքելումը ուզեցան մեր տղերքը, որ վրա տան, բայց քաջն Աղասի մատը բարձրացրեց, որ տեղըներիցը չեռան, թուրքերն ուզում էին իրանց կտրատեն, որ իրանց հավատակցի հավարին չէին կարում հասնիլ: Մեկ — երկուսի փորը տեղնուտեղը վեր ածեցին, որ էս բանը վարավուրդ արին, մյուսներն էլ շուն դառան, ձենըները փորըները քցեցին: Աղասին դզլբաշի միջումն մեծացած՝ գիտեր լավ, որ նամազը ընչանք կես չըլի, վախտը «չի»: Ձորի տղերքն էլ տեսնելով, որ թվանքի ձեն չէկավ. իմացան, որ գելը ինքն իրան ա ականաթի մեջն ընկել, էրերը թողին ու քարափե-քարափ Էկան, քաղաքին մոտացան: Շատը ղզլբաշի նոքարների աչքըներովն էլ ընկան, ամա ի՞նչ կարծիք կտանեին, իրանց մարդիկն էին կարծում, որ Էնպես վախտին ֆորսի են մանգալիս, որ բերեն, խաներին, բեկերին փեշքաշ անեն, խալաթ առնեն: Նրանց շարժմունքը բերդըցիքն էլ էին տեսել ու ջաննեըը դող ընկել. էլ վախտը կորցնիլ չէ՛ր հարկավոր, թե որ իմացել էին թշնամիքը, բանը խարաբ կըլեր: Հեռըվանց էլ Երևանու կողմիցը մեկ-երկու ձիավոր, ձիանոնց անկաջը մտած` թոզին, փափախին անելով գալիս էին:

Թշնամին նամազ էր անում, ի՞նչ մտիկ կտար, թե աշխարքն էլ փուլ գար: Հենց մեկ էլ ձեռըներն անկաջներին դրին, չոքեցին ու գետնին կպան, թվանքները բերդիցը ճռռացին, սար ու ձոր թնդացին, եկեղեցիքը գլուխ բարձրացրին, ձիանքը թոկ ու ղանթարղա կտրեցին, երկու հազարից ավելի՝ յափունջի, թուր, թվանք, գետնի վրա մնացին, ու ղզլբաշի շատը անգդակ, բոբիկ ընկավ ձորնըվեր, չունքի հրաշքից յա քաջքից ավելի ո՛չինչ չէին կարծում: Ղոչաղ հայի տղերքը քար ու ձոր բռնած՝ էլ էնքան թվանքին չէին զոռ տալիս, որքան թրին ու ղամին: Գազան Հասան խանի լավ աջալն էկել, հասել էր, ամա նրա բախտն էր, որ էն Երևանից էկած ձիավորները հենց էս սհաթին ձորաբաշը հասան, մինչև փիադա հայի տղերքը նրան կհասնեին, սրանք ներքև էկան, Հասան խանին ձիու վրա դրին ու թռցրին: Ողորմելին ձորի էս կողմիցը որ աչքը չի քցեց ու իր ջրատար օրդուն տեսավ, երեսը կալավ ու ձիուն օրզանգվիլ տվեց: Հազար մարդից ավելի հոգին տվել էին էսօր, մյուսքը՝ որը քարափի, քարերի գլխով վեր ընկել, փառչա-փառչա էլել, որը բանհոգի էլած՝ վերընկած մնացել, որն էլ քարի, քոլի տակի տափ կացել, ճապաղել: Շատին հենց էսպես տեղերից հանեցին, կռները կապեցին ու դարիդուս տարան: Թո՛ղ նրանց ուրախությունը նա զգա, իմանա, ով սիրտ ու երևակայություն ունի: Հարիր ավելի գերի էլ էս օր ձեռք բերին:

Փոքր ժամանակի Անի էն անունը հանեց, որ սաղ Երևան դողում էր: էն ժամանակը ես ինքս էջմիածին էի, որ Հասան խանը էնպես փախած էկավ, անց կացավ: Առաջուց մարդ էր ուղարկել, որ էջմիածնա միաբանքը առաջը չգնան խաչ ու խաչվառով, ինչպես միշտ անում էին: Բայց ձեն հանեցին, թե քրդերը ճամփին վրա են տվել, ու Ղարս ցավ էր ընկել:

Աչալուրջն Աղասի, երբ բոլոր խալխը էկան, հավաքվեցան, ամեն բանը թողաց, հրամայեց, գնացին եկեղեցին, րիգնաժամն ասեցին, աստծուն իրանց շնորհակալությունն արին, ու ժամը որ դուս էկավ, մարդ քցեց ամեն տեղ, որ ղարավուլ քաշեն, տեսնին, թե հարամու ոտքը կտրվե՞լ ա, թե՞ էլ ահ կա: Գոհություն աստուծո, ոչինչ չտեսան, ետ դառան: Մեռած մարմինները որը քարափնըվեր ձորը շպրտեցին, որը՝ հորերը. մնացած ձի, հարստություն ճոթ արին: Շորին, ձիու, ասպաբի մտիկ անող չկար: Մութը գետինը չառած՝ ամեն տեղ պահապան դրեց ու մնացած խալխը բերդը հավաքեց: Րիգնահացը որ կերան, Աղասին սկսեց խորհուրդ անիլ, թե ի՞նչ ա նրանց միտքը, ո՞ւր են ուզում գնալ: Նրա միտքն Էն էր, որ բալքի սրանց էլա ճամփու բերի, մնան Անի՝ իրանց հին աթոռանիստ քաղաքը, ուրտեղ որ նրանց կյանքը ազատվել էր, կրկին շեն քցեն, գրեն Գյումրի, ռսի ռահաթ դառնան ու Էստով աշխարքումը հավիտենական անուն ճարեն:

Բայց սնապաշտությունն ու սուրբ Հովհան Երզնկացվո անեծքի սուրը էնպես էին նրանց սրտումը ցցվել, որ հազար քարոզ ու Քյալփաթին ըլեր, չէր կարող հանել: Աստված մի՛ արասցե, որ մարդի գլուխը մեկ անգամ ծռվի, էն ժամանակը հազար կարգավոր ու բժիշկ էլ որ հավագվին, խեր չի անիլ. քանի դզես, էլի կծռվի, ու վերջը, թե զոռ արիր, իսպառ կկոտրվի: Գիժն, ասած ա, մեկ քար քցեց ծովը, հազար խելոք վրա թափեցին, չկարացին հանիլ: Աղասին տեսավ՝ ասածը չվանի վրա չե՛ն դնիլ զուր տեղն անց կկենա, քաշվեց մեկ ղրաղ, աղլուխը դրեց աչքին ու բերանը բաց արավ.

— Փաոքդ շատ ըլի, ո՜վ արարիչ Աստված. էլ ո՞ւր ենք ասում, թե մարդ քո սուրբ հոգին ունի, քո պատկերն ա, որ քարից էլ շատ անգամ միտքը պինդ ա, գլուխը հաստ: Գող ու ավազակ էստեղ տարերով բուն են դրել, էլի քո երկիրը նրանց տակով չարել, վրեն պահել ա, հենց մեր ազգին ա քո զուլումը հասել, որ չես թողում իրանց աշխարքը շեն անեն, քո սուրբ անունը փառաբանեն, կյանք ազատեն ու կյանք վայելեն: Չէ՛, ամենակալ Արարիչ, դու քո ստեղծվածը, քո որդին էդքան չե՛ս անարգիլ չե՛ս ոտնահարիլ: Մարդս որ ծնվում ա, մեկ գունդ մսից ավելի էլ ո՛չին չ չենք տեսնում: Տարիք են անց կենում, որ քիչ-քիչ ոտն ա ըլում, քիչ-քիչ լեզու, ուշ ու միտք գալիս, ձեռը բերանը տանիլը ու դարտակ հաց ուտիլն էլ ա, հաց դատիլը չե՛մ ասում, սովորում: Բայց վա՜յ էն էրեխին, վա՛յ էն ազգին, որ աչքը էնպես գոգում բաց կանի, որ լսի տեղ խավար կտեսնի: Աչքը բաց՝ դուզ ճամփեն կթողա, քարեքար կընկնի: Վա՜յ էն ազգին, որ բնական օրենքը կթողա, անբնականին կհետևի, որ էնպես խրատ տվող չի՛ ունենալ, որ նրան հոգի տա և ո՛չ՝ հոգին էլ հանի: Երաբ, որ լավ կարդացող էր էլել, երեխեքանց ջոկ, ժողովրդին ջոկ գիշեր-ցերեկ խրատ էր տվել, կարդացրել, լուսավորել էր, հիմիկ մեր ազգը է՞ս հալին կըլեր, է՞ս տեղ կընկներ: Սարի հայվանն էլ մեզանից լավ ապրում, հարամուց, ֆորսկանից յա փախչում, յա վրա թռչում, կտրատում, գլուխը պահում: Ծտի բունն էլ որ քանդում ենք, ղժվժում, թևին-գլխին ա անում: Մենք ծտի ղդար էլա չկա՞նք, որ մեր բունը պահենք: Ի՞նչ օգուտ էն գիրքն ու ավետարանը, էն խաչն ու երկրպագությունը, որ մենք չենք հասկանում: Գետնի տակին էլ շատ գանձ կա, մեզ ի՞նչ: Ա՜խ, մեր կարդացողներ, մեր կարդացողներ. ինչ կըլի, որ ինչքան ժամանակ քնի, քեֆի հետ են անցկացնում, ավելի փողի թամահ անում, էսպես բանի թամահ անեն, մեզ լուսավորեն, իրանք էլ թշնամուց, հարամուց ազատվին, մեզ էլ ազատեն: Մարդս մեկ անգամ է աշխարք գալիս, էնպես պետք է անի, որ դուս գալիս՝ էս դինումը անունը հիշվի, տոնվի, էն դինումը հոգին փառավորվի, լսի փայ ըլի: Բայց ի՞նչ օգուտ, որ ասածս քարերն են իմանում: Ասենք, թե տգետ խալխը էսպես բանը լսել, ասում ա, կարգավորին ի՞նչ ա էլել, որ նա էլ ա հաստատություն տալիս, թե էսպես հրաշալի քաղաքը անեծքով ա կործանվել: Առաջինը՝ սուրբ մարդի բերնից անեծք, դառը խոսք չի պետք է դուս գա, դուս էլ էկավ, Արարի՛չ, երեսս ոտիդ տակը, դու պետք է մեկ մարդի խաթեր միլիոն հոգի կորցընե՞ս: Թե պետք է կորցնեիր, ինչի՞ ստեղծեցիր: Ա՜խ, հազար էսպես ցավեր կա սրտումս, ամա բերանս փակում են, չե՛մ կարում ասիլ:

Էս մտատանջության միջումն էր, որ աչքը հանկարծ որ չի՛ բարձրացրեց, Անու բոլոր դուզը կրակ էր դառել: Նա իմացել էր, որ Ղարսա էլիգը Հասան խանը քոչացրել, ուզում էր, որ բերի, Երևան ածի: Լավ իմանում էր, որ սրանց վրա թե ղոնշուն էլ ըլին, էնպես մարդիկ չեն ըլիլ, որ իրան դեմ կենան: Հասան խանին որ կոտրեց, ի՞նչը նրան կդիմանար: Նրա համար կռվիլը խաղալիք էր դառել. մինչև առավոտն սպասիլ չէ՛ր ուզում, կասկածում էր, թե նրանց գլխին էլ է՛ն բերեն, ինչպես մյուս հայերի, ծեր ու պառավ սուրը քաշեն: Երկու հարրաչափ ընտիր ձիավոր քամակը քցած ընկավ դուզը: էն հադաղին վրա հասավ, որ նոր էկել, վեր էին Էկել, ու շունը տեր չէր ճանաչում. Քոչ-քոչ «ի» վրա վեր էին թափել ամեն մարդ իր գլխի ցավն էր քաշում: Թշնամին էնպես ցրվեց, տաղըթմիշ էլավ, որ մեկը չմնաց: Հայերին որ չարձակեցին ու մեկ տեղ հավաքեցին, նրանք իրանց դարդը մոռացած ձեն տվին էկողներին, որ թոփ ու ջաբախանեն ձեռք քցեն ու սարվազներին հետ ածեն: Երկու հազարից ավելի սարվազ, որ Հասան խանը թողել էր, որ էլլիգը յավաշ բերեն, շատը հայ, ղալմաղալը որ ընկավ, հենց իմացան, թե էկողները ռուս են, բոլորն էլ թոփ-թոփխանա թողին ու ձորը թափեցին: Մեկ քանի երևանցի թոփչի ու սարվազ ձեռըներն ընկավ, էլ ի՞նչ էր պակաս, որ Անի քաղաքին հարամի մոտանա:

Ինչպես որ էր, գիշերն անց կացրին: Առավոտը որ լուսացավ, աստուծո լիսն ընկավ հայերի սիրտը: էնքան բարութ, թվանք, թոփ էին նրանք ճարել, որ սաղ աշխարքը պոկ գար, նրանց վնաս չէ՛ր ըլիլ: Բայց ինչքան Աղասին խրատեց, ասեց, խնդրեց, չէլավ, չէլավ, հայքը ետ չի՛ դարձան, անիծած տեղը չուզեցան մտնիլ ու շատը երեսները էլ ետ դեպի Ղարս շուռ տվին: Աղասին շատ ուզեց, որ ռսի հողն էլա գնան, չէլավ. որը կամենում էր, որը չէ : Ընչանք էսպես կղռվռային, Ղարսա փաշեն ղոնշուն հավաքած գալիս էր, որ իր ռհաթը ետ դարձնի: Պետք է ասած, որ թե Ղարսա, թե Բայազդու փաշեն հայերին իրանց որդու պես էին սիրում փաշեն մնաց սառած, երազ էր կարծում աչքի տեսածը: Նա էնպես էր կարծում, թե իր գլուխն էլ սաղ չի դուս տանիլ էս ձորերիցը բայց ի՞նչքան զարմացավ, որ երբ կամենում էր վրա տալ, խալխը հազար տեղիցը ձեռըները բարձրաց «ր»ին, անունը տվին ու խնդալով առաջը վազեցին: Հոր պես, որդվոց ազատությունը տեսնելով՝ սկսեց փառք տալ աստուծո, երեսը գետինը քսել ու դեռ բերանը չբաց արած, որ հարցնի, թե ախր էս հրաշքը ի՞նչպես էր պատահել, Աղասուն ձեռըների վրա բռնած՝ առաջին կանգնացրին, ու հազար բերան ձեն տվեց.

— էսու՛ր, էսու՛ր մեզ, մեր որդիքը ղուրբան էրե՛, փաշա, գլխիդ ղուրբան: Մեր ազատողը, մեր երկրորդ աստվածը սա է:

Ազնիվ երիտասարդը, որ ամեն մեկ սրտի ցավը հազար անգամ երեսի գունը Էնքան փոխել, ներկել էին, Էնքան աչք ու թուշ կարմրացրել, սպիտակացրել, որ շարմաղի պես, մեկ ձեն անկաջն ընկնելիս, իսկոյն աչքի աղբրները գետ էին դառնում, երեսի գունը՝ ղրմզ, — ձեռը անլեզու երկինքը քցեց ու առանց խոսալու ցույց տվեց, որ նրա հաջողողն ու զորություն տվողը երկինքն էր, և ո՛չ իր ձեոի հունարը:

Ազնիվ փաշեն առաջին անգամ իր կենաց միջումը մեկ հայի տղի ճակատը Էնպես համբուրեց, ինչպես իրան նամազի քարը, դոշին քաշեց, էլ ետ գլուխը ձեռն առավ, էլ ետ համբուրեց ու իր քաջության բոլոր ըխտիարը նրան խոստացավ, որ հետը գնա Ղարս ու իր ձեռի տակին մնա. Աղասին ընկավ փաշի ոտը, շնորհակալություն արեց ու ասեց, որ աշխարքի թագավորությունն իրան տան, նա Անուցը ձեռք վերցնողը չի. նրա միտքն Էն ա, որ Անի շինություն քցի: Ի՞նչն էր փաշի ձեռին հեշտ քանց էս. միմիայն խնդրեց, որ հմիկ հետը գնա Ղարս, ոտը խաղաղվի. Էն ժամանակը նրա բոլոր մուրազը կկատարի, ինչքան տուն, մալ, ապրանք ուզում ա, կտա ու ինքն էլ հետը քոմակ կանի: Արտասունքն աչքերը լիքը՝ կրկին ընկավ Աղասին փաշի ոտը.

— Է՛ս գլուխը, որ ինձ էլ պետք չի, է՛ս դոշը, որ հազար անգամ կրակումն էրվել, խորովվել ա, է՛ս ձեռը, որ հազար անգամ ուզել ա իր թուրն իմ սիրտս խրի, բոլոր, բոլոր քեզ մատաղ, փաշա՛, յա էս սհաթին ինձ սպանի՛ր, յա ասածդ արա՛, որ ես իմ ազգի մայրաքաղաքը էլի շեն տեսնիմ, ետո գետինը մտնիմ:

— Անխավատ աջամ, — քրդստանցիք հազար տեղից ձեն տվին, — ծո՛, ի՞նչ կզրուցե, ծո՛: Գիր չգինա՛, կարդալ չգինա՛. փաշություն կտան, հմլա էլ իր սազ կածե: Ո՞վ է խելք, իման կորցրել, որ էմալ անիծած տեղ դա, բուն դնե: Շիդակ ա՛ջամ, աջամի լաճ: Ի՞նչ կուզես, էրե՛, աքլոր — մաքլոր չի խարցնիլ, հմլա կբոռա՝ մեր ճետ խանչեց, մեր ճետ խանչեց (մեր աքլորը կանչեց):

Խնդալով, պար գալով ղարսըցիք էլ ետ իրանց հողը մտան, ա՛խ քաշելով, աչքը սրբելով՝ Աղասին Անի թողեց: Փաշի կողքին, հազար խոսք, գովասանություն անկաջն էր ընկնում, հենց գիտես, քառացել էր: Հազար անգամ շուռ էկավ, էլի որ դեռ Անու պարիսպքը, եկեղեցիքը աչքին երևում էին, սիրտը մի քիչ հանդարտում էր, դոշին խփում էր, ա՜խ քաշում, կրակ վեր ածում: Հենց սարի գլուխը վեր էլան, որ էն կողմն անցնեն, ու Անին պետք է աներևութանար, էլ չկարաց իրան պահիլ. թուլացավ, ձիուց վեր ընկավ, չոքեց, ձեռները երկինքը քցեց, աչքերը՝ Անու վրա, ու գոոաց.
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение:#19  Сообщение Lusine1101 » 07 май 2017, 11:31

Յա ա՛ռ իմ սիրտս, յա տո՛ւր ինձ հունար,
Ո՜վ դու երկնային ստեղծող բարերար.
Յա իմ հոգիս էլ հանի՛ր, քեզ մոտ տա՛ր,
Յա քո երկընքիցդ արա՛ ինձ մեկ ճար:
Քանի շունչս վրես ա, քանի ձեռքս գլուխս,
Կրակ էլ որ թափես, խորովես իմ սիրտս,
էլի իմ հոգիս ուրախ քեզ կտամ,
Թե Անու միջումն իմ մարմինս թողամ:
Աչքե՛ր, քոռացե՛ք, բալքի թե էլ բաց,
Չտեսնիք դուք Անու լուսահողն օրհնած.
Բալքի թե մեռնիմ էս դարդովն էրված,
Հույս էլա հողին չմնա կորած:
Թո՛ղ հոգիս դժոխքը գնա՛, խորովվի՛.
Իմ սուրբ նախնյաց տեղ՝ իմ ազիզ Անի,
Էլի որ մարմինս մեկ քարի տակի
Ըլի, քո ծոցումն, ինձ դրախտ պետքը չի՛:
Թո՛ղ էն անեծքը, որ քեզ են տվել,
Բանան անդունդը, կուլ տան ինձ սաղ էլ.
Քո հողն երեսիս մտնիմ գետնի տակն էլ,
Երկնային լսին էլ ես չե՛մ կարոտիլ:
Սուրբ երզնկացի, սուրբ Երզնկացի,
Պարծեցի՛ր, թե ես չեմ շինիլ Անի.
Անեծքդ Էն վախտը թրի, կայծակի
Պես թո՛ղ ինձ էրեն, իմ հոգիս տանջվի:
Ջանս ձեզ ղուրբան, ա՜յ սուրբ քար, հողեր,
Տաճարք, ապարանք, պարիսպք, տապաններ
Թ»ե մուրազս սրտումս պետք է մեռնի, մնա,
Էս չոքած տեղս թող ջանս քարանա:
Քարացած տեղիցս կանգնիմ ու ասեմ,
Ամեն անցնողին ետևից կանչեմ
Քարացած լեզվով վա՜յ տամ, աղաչեմ.
«Ու՞ր եք գնում, թողում, ձեր նախնյաց տեղն եմ»:


Առավոտը, էն ա, լսին էր տալիս, որ իշխանն և քաջահաղթն գեներալ-մայոր Մատաթովն վեր կացավ, Շամքոռա դզին մտիկ արեց, զորաց ինչ հրաման ուներ, տվեց, ու ինքը՝ արծվի աչքերովը Գրիգոր եպիսկոպոսը ու հայերի իշխանները քամակը քցած, օրդվի չորս կողմովը պտիտ տալով՝ մտիկ էր անում սարերի գլխին, խոռ տեղերին դուրբընով, որ թշնամին հանկարծ վրա չտա, ու իր պատրաստությունը տեսնում էր: Զորքը ղորդ ա, շատ քիչ էր, ամա Մատաթովն էր նրանց գլխին, որ սար ու ձոր դողացնում էր, որ աստուծո տեղ պաշտում էին, որ ղզլբաշի հոգին ջուր էր կտրում անունը լսելիս, ու իր հավատարիմ ազգը՝ արինը աչքումը, շունչը բերնումը, գլուխը փեշումը, հազիր, վառված, քամակին՝ որ տուն, տեղ, որդի, օղլուշաղ, մալ, դովլաթ թշնամուն յա գերի տան, յա ռսի թուրը նրանց աչքը խրիլ տան: Զոռը խփեցին, առավոտյան աղոթքն արին, բայց մեկն էլա դեռ չէր գիտում, թե ո՞ր կողմովը գնան:

Ղզլբաշի զորքն Գյանջա, Ղարաբաղ էս կողմիցն էր առել, ոտնատակ տվել, Փամբակ, Շորագյալ՝ էն: էս կողմիցը՝ Աբաս Միրզեն, էն կողմիցը՝ Հասան խանը, քանդելով, ավերելով էկել, հասել էին, որ գնան Պետերբուրգ: Թիֆլիզ, ինչպես որ տեսանք, սհաթե-սհաթ աչքը կթած ուներ, թե Աղա Մահմադ խանի կրակը, որդիանց որ ա, էլ կրկին իր գլխին կթափի: Երմալովն ինչ հնար, ճարտարություն ուներ, գործ դրեց: Մատաթովը պետք էր Վրաստանու փրկիչը լիներ ու ցույց տար աշխարքի, թե հայոց հոգումը իրանց հին հսկայության կրակը, քաջության բոցը, հավատարմության խունկը դեռ կար ու վաղուց մխում էր, որ մեկ հով դիպչի՝ հոտն աշխարք ընկնի, կրակն իրանց թշնամուն, իրանց աշխարքը քանդողին էրի, փոթոթի:

Պտտելով՝ էլ ետ չադիրը մտավ զորապետը ու միրզի մեկին կանչեց, որ ասածը գրի, թուրքերին խաբի, թե ֆլան գեներալը ֆլան տեղիցը, ֆլանը՝ ֆլան, անթիվ զորքով գալիս են, որ թշնամու գլուխը ջնջխեն, հանկարծ զշղրուն ընկավ զորաց մեջը: «Կարաու՜լ ձեն տվին, թվանքները հազար դհից վրա բռնեցին, բայց «Քրիստիան, Արմյան» գոռալով, երեսին խաչակնքելով՝ մեկ աժդահա որ ղոնշունի մեջը չընկավ, Մատաթովի չադիրը չտեսավ ու ձիուն ետի ղամշին տվեց, Մատաթովը ստոլի վրա մնաց փետացած. ընչանք մարդ կկանչեր, անծանոթի ձին առաջի երկու ոտը չադրի առաջին փռեց, փռնչաց ու հոգին քթովն ու փորովը դուս փչեց: Կտրիճ ձիավորը մզրախը գետնին ցցեց, ղարավուլի, բանի մտիկ չարեց ու Մատաթովի չադիրն ընկավ: Քաջ գեներալը, թե եվրոպացի էր էլել, հուշտ կըլեր յա կզարմանար ու էնպես հանդգնությունը, կարելի ա, պատժեր, բայց նա մեր երկրի մարդի խասիաթը լավ գիտելով՝ տեղը մնաց կանգնած, ու էլ էկողին ժամանակ չտվեց, որ խոսի, ինքը հարցրեց, թե ի՞նչ խաբար ա: Ձին որ էն հալն էր ընկել, նստողինն ի՞նչ կըլեր: Երկար Ժամանակ լեզուն խոսք չէ՛ր բռնում: Գեջդանգեջ որ խելքը գլուխն էկավ, ձեն տվեց.

— Կնյա՛զ, թադարեքդ տե՛ս, որ էսօր ա՝ ձեզ դաղթմիշ կանեն, էս գիշեր ա՝ նմանապես:

Ու պատմեց, թե ինքն ո՞վ ա, Խլղարաքիլիսումն ի՞նչ արել, Անի ի՞նչ, Ապարան, Դիլի՝ ի՞նչ, ու քսան — երեսուն ձիավորով հազար հարամու աչք հանելով, էստեղ-էնտեղ կոտորելով՝ ուզեցել էր հենց ինքը մեկ ֆռսանդ ճարի, ղզլբաշի օրդուն մեկ գիշեր կոխի, ամա բանը տեղը չէ՛ր էկել: էն օրն էլ Թարթառ գետի ղրաղիցն անց կենալիս, թշնամու աչքովն էր ընկել, սաղ օրդուն վրեն պոկ էկել, ընկերների մեկ- երկուսն էլ բռնել, մյուսները սար ու ձոր ընկել, ինքը հազար թվանքի գյուլլից պրծել, նրա անունը լսել, ընկել ռսի հողը, ընկել, որ գա Թիֆլիզ իմաց անի, բեղաֆիլ նրա օրդուն տեսել ու թուշ էնտեղ էկել:

— Ղզլբաշի շատը, որ ինձ հետ էին ածում, հենց նոր քամակիցս ռադ էլան, երբ ձեզ տեսան, փախան, հմիկ ի՜նչ գիտես, էնպես ա՛րա. Գլուխս ետ եմ դրել, որ ռսին ղուրբան անեմ: Վաղուց էս մուրազը սրտումս կար, վախտ չէի ճարում: Հույս ունիմ, որ մեկ քանի թշնամի էլ ես իմ թագավորի ուղուրին ղուրբան անեմ: էս կողմերի քարերն էլ համարած ունիմ, աչքս խուփ՝ մութը գիշերը ես ճամփեն կքթնիմ: Ի՞նչպես կամենաս, էնպես իմ ծառայությունը թագավորին հասկացրո՛ւ: Փաշություն էլ ինձ տվել են Օսմանլվումը, չեմ ուզել: Քրդերն իրանք էին ուզում ինձ իրանց գլխավոր շինեն, հինգ տարի ա, Բայազդու ու Ղարսու գլխու ղուշ չի՛ անց կացել, սար ու ձոր ոտի տակ եմ տվել: Միտքս Էն էր, որ Անի քաղաքը շինեի: Հայերը, հայերը, աստված նրանց խեր տա, ո՛չ ինձ մտիկ արին, ո՛չ փաշի հրամանին. էնքան էսօր-էգուց քցեցին, մահանա արին, որ ղալաբանթլղը ընկավ: Ճարս որ կտրեց, էլ ո՛չ փաշի մտիկ արի, ո՛չ փաշության, ետ էկա էլի, Անուն ապավինեցի: Լավ աստված Հասան խանին ձեռս քցեց, ես ջահելություն արի, հոգին չհանեցի. ուզում էի նրան թաքուն սպանեմ: Ղզլբաշը որ ետ դառավ Փամբակից, ես էս սարի, էն սարի ծերին էնքան գլուխս պահեցի, որ էլի նրան մի ձեռք քցեմ, չէլավ. աստված գլխիս բարկացավ ու էս հալիս ինձ քո ոտը բերեց, որ շատ չի՛ հպարտանամ, շատ չի՛ ամբարտավանամ: Որքան բարութ ունեի, հատավ: Ընկերքս էլ չկարացին դեմ կենալ, ամենը մեկ սար ընկան, ես էլ էս հալին առաջիդ կանգնած եմ. ինչ հրաման ունիս, ասա՛. մեկ գլուխ ունիմ, էն էլ ռուս թագավորին ղուրբան: Թաք ըլի՝ մեր աշխարքը անօրենի ձեռիցն ազատվի, թո՛ղ մեր կերածը ցամաք հաց ըլի: Երևան բոլոր քոչացրին, խեղճ խալխի տուտը Թավրեզ, Բայազիդ, Ղարս հասավ: Մեկ ծեր հեր ունիմ, բանտումն ա փտում. մեկ պառավ մեր ունեի, ճամփին, քոչելիս ա հոգին տվել. մեկ նշանած ունիմ, հազար կրակից, սրից, թշնամուց սաղ ամառը տանջվեցա ու անջախ մի անջախ բերի, ռուսի հողը քցեցի: էլ ուրիշ բան չե՛մ ուզում, մեկ հորս էլ ազատեի, մեկ մեր ազգը, մեր երկիրը, մեր հավատը ազատ տեսնեի, ետո թո՛ղ աստված, ինչ իմ ճակատիս գրվածն ա, Էն կատարի:

Էս խոսքումը էլ սիրտը չդիմացավ: Ջիգյարի կրակը բերանը փակեցին, աչքի արտասունքը՝ տեսությունը: Հսկայն Մատաթով երկար ժամանակ մնացել էր զարմացած ազնիվ երիտասարդի Էնպես ճարտար բերնի, Էնպես քաջ սրտի վրա, Էնպես հիանալի, պարթև բոյի ու փափուկ ջիգյարի վրա: Խնդրեց, որ քիչ-մի հանգստանա, ու ինքը իրան թադարեքը տեսավ: Ով Էն ժամանակը կար, տեսած կամ լսած կլինի, թե Մատաթովն ի՞նչ արեց: Նհախ տեղը չի նրա անունը հայի, թուրքի, զղլբաշի բերնումը մնացել: Աշխարք տակ ու վեր կըլի, բայց նրա հիշատակը անջնջելի կմնա մեր ազգի միջին ու մեր աշխարքումը: Դեռ վարժատան աշակերտ էի ու, ինչպես Էսօր, կենդանի է մտքումս՝ Աղասին ի՞նչպես մտավ Թիֆլիզ: Երևելի իշխանի որդի չէ՛ր, որ նրան մեծ փառքով ներս բերին, բայց ով նրա արածը իմացել էր, ուզում էր ոտները ջուր անի, խմի: Մեկ թղթի միջում ծալած՝ իրան ոսկորները քսան անգամ հենց ինձ ա ցույց տվել, որը որ զանազան տեղ կովըներումը կոտրել, հանել էին: Մեկ քանի ժամանակից ետո, հայտնի ա ամենին, որ երբ Ղարաբաղու կողմն թշնամուցը ազատվեցավ, Ապարան, Երևան դառան ռուսաց քաջ սրտի մեծագործության ու տղամարդության ասպարեզը: Նհախ տեղը չի Երևանու անունը էնպես անձին պատիվ տվել, որ ռուսաց զենքը Ասիա ու Եվրոպա երկինքը հասցրեց: Ո՞ր հայը իրան պարծանք չի համարիլ, որ օսմանցվի, ղզլբաշի ու Պոլշիո աստվածը էսօր իր կոմսության անունը Երևանու անունովն ա զարդարել: Իշխանն Վարշավի և կոմսն Երևանի՝ Ասիու միջումը Ալեքսանդրի ու Պոմպեոսի, Ջինգիզ խանի ու Թամուրլանգի հիշատակը իսպառ ջնջեց ու ոուսաց քաջության, մեծահոգության, բարեսրտության, մարդասիրության անունը աստղերի հետ դասեց: Քանդելու միայն էին սովոր ասիացիք, շինություն ու խաղաղություն տեսան: Ուրիշ՝ թշնամու առաջ իրանց արինն էին տալիս, ետո իրանց քաղաքն ու օղլուշաղը, ռուսաց, ընդհակառակն, բալանիքն էին ընծայում, ետո իրանց տունն ու ընտանիքը: Գոռոզ կարծիքն պարսից, թե խաչը միշտ պետք էր Ալու փանջին հնազանդեր, ցրվեցավ, ու իրանց անողորմության, անօրենության տեղակ շնորհք, ողորմություն տեսան: Հայոց արտասվալից աղոթքը, որ գիշեր-ցերեկ անում էին, թե ե՞րբ կըլի՝ ռուսաց, իրանց հավատակցի երեսը տեսնին, ետո հողը մտնին, լսեց աստված ու կատարեց: Խաչի լիսը ու ռուսաց մարդասիրության շնորհքը ապառաժն էլ կակղացրին, ու Հայաստանի չոլ, ամայի դաշտերը էսօր մարդաբնակ են դառել ու ռուսաց ազգի խնամքը վայելում, իրանց սուրբ աշխարքը կրկին շենացնում: Հայոց ազգի կարոտ աչքը վաղուց էլ արտասունք չի՛ տեսնիլ, իրան Հայրենիքը կտեսնի, նրա ծոցումը կմեծանա, նրա սերը կվայելի ու քոռ, նախանձոտ մարդին գործով ցույց կտա, թե Հայ ազգը ո՛չ թե փողի կամ շահի խաթեր ա ռուսի տերության անունը պաշտում, այլ թե իր սրտի ուխտն ա ուզում կատարի, որ իրան հավատն ու ազգը պահողին արինը, կյանքը, որդին չխնայի: Հայ ազգը, որ ո՛չ թե թուլ էր յա քաջություն չուներ, որ իր երկիրը պահել էր, ո՛չ: Երկիրն ինքն էր պարտական: Աշխարքումն ով ոտը բարձրացրեց, Հայաստանու վրովը պետք էր լոք տար, հայոց ազգին պետք էր ոտնատակ տար, ձեռք քցեր, որ իր թշնամու հախիցը կարենար գալ: Ո՛չ ասորիք, ո՛չ պարսիկք, ո՛չ մակեդոնացիք, ո՛չ հռովմայեցիք, ո՛չ պարթևը, ո՛չ մոնգոլք, ո՛չ օսմանցիք չէին կարող էն զորությունն ստանալ, եթե հայոց ազգը մեկի դեհը չէ՛ր պահել: Դեհը պահելով, ղորդ ա, իր տունը քանդեց, չունքի իր բարեկամը վեր ընկնելուց ետո իր թշնամին ավելի ևս իր չարությունը գործում, իր ինադը (ջիգրը) հանում էր, բայց էստով հայոց ազգը արարած աշխարքին հավիտյանս հավիտենից կարող է համարձակ ցույց տալ, թե ի՞նչքան հոգի ուներ, ի՞նչքան կամաց զորություն, սրտի հաստատություն որ իրան չորս կողմի Էն հզոր ազգերը կորան, փչացան, անունները չկա, հայոց ազզը անուն էլ ունի ու իրան հավատն ու լեզուն մինչև Էսօր իր արնի գնովը պահեց, հասցրեց, որ մեկ ազգ էլա Էսպես օրինակ չունի: Երևան թևին տվեց, երբ ռուսաց զորքը իր մեջը մտան: Էջմիածնի խնկի, մմի հոտը ու զանգակների ձենը երկինքը հասավ: Քաջահաղթ հսկայն՝ կոմսն Երևանի, Տոբիթա հրեշտակ Ներսես արքեպիսկոպոսի ձեռիցը բռնած մտավ Վաղարշապատ, որ Եփրեմ կաթուղիկոսի սուրբ աչքին լիս տա ու առողջություն: Էն ժամանակվան խաղերը, որ հանել, ասում էին, հավիտյանս հավիտենից կարող են աշխարքին վկայություն տալ, թե թուրք ու հայ հենց իմացան, թե աստված վեր Էկավ իրանց համար: Հարիր տեսակ խաղ՝ հայերեն, թուրքերեն, Երևանու բաղերն ու ձորերը լսում էին, ու հինգ տարեկան երեխեն էլ էսօր, ուրախ վախտը, ձեռը բերնին ա դնում ու ասում: Որ ասածիս ամեն մարդ հավատա, էն խաղերիցը մեկը թո՛ղ օրինակի խաթեր գրվի էստեղ:

Սար ու ձոր սասանմիշ էլան, զարմացան,
Պասքովիչ սարդարի ոտի տակն ընկան,
Մեր Մասիսն, Ալագյազն փիանդազ էլան.
Անիրա՜վ, էս բաղին բաղմանչի ունի:
Անիրա՜վ, էս բաղին բաղմանչի ունի,
Յարալու սիրտս էդ քարը մի՛ քցի:
Մատաթովն Ղարաբաղ առավ, ազատեց,
Կրասովսկին Ապարան ոտնատակ տվեց:
Սաղ Իրանն Պասքովչին չոքեց, ծունր դրեց,
Ղզլբաշն մուկ դառած՝ գլխին վա՜յ տվեց:
Բեկենդորֆն Սարդարին ջախըբուրդ արեց,
Ասլանի գլուխն արծվին ռուսն մատաղ արեց:
Անիրա՛վ, հայերի արինն մի՛ խմի,
Միտք արա՛, էս բաղին բաղմանչի ունի:
Անիրա՛վ և այլն:
Սրբազան Ներսեսի խաչին ղուրբան գնամ,
Եփրեմի՝ հոգևոր տիրոջն ղուլ դառնամ:
Սուրբ Գեղարդն, մեռոնի զորքն մալում էլան,
Թշնամին քոռացավ, հայքն ուրախացան:
Հայ ազզի աղոթքը երկինքը հասան:
Անաստվա՛ծ, հայիցը ձեռք քաշի՛, կորի՛:
Անիրա՛վ, հայերի արինն մի՛ խմի:
Միտք արա՛ և այլն:
Մենք քամակ-քամակի կտանք, վեր կկենանք,
Ռսին մեր աշխարքը, կյանքն ղուրբան կտանք:
Հասան խանն կատվի պես քարեքար ընկավ,
Շահզադի ղոնշունը ցիր ու ցան էլավ:
Մեր խաչին, անհավա՛տ, արի՛, ճանաչի՛:
Անաստվա՛ծ, հայիցը ձեռք քաշի՛, կորի՛:
Անիրա՛վ, հայերի արինն մի՛ խմի:
Միտք արա՛ և այլն:


էջմիածին, Թավրիզ, Աբասաբադ, Սարդարաբադ ռուսաց օրհնյալ ոտի հողին արժանացան, բայց դեռ Երևան իր անճար գլուխը դեմ էր տվել ու հետին շունչն ընկած՝ ուզում էր, որ դեռ մեկ քանի սհաթ էլ իր ջրատար որդվոց գլուխը լա, նրանց սև երեսը մեկ էլ տեսնի, որ փրկիչն Հայաստանի՝ կոմսն Երևանի, իշխանն Վարշավի, էկավ՝ էնտեղանց բանտում, զընդանում մաշված հայերին էլ մեկ օգնություն անի, ազատի:

... ամսի ... էր, որ երևանու բերդը ծխումը կորավ: Երկնքի կրակը ջոկ էր վեր թափում խեղճ կենողների գլխին, թոփի, թոփխանի գյուլլեն՝ ջոկ: ... օր ... գիշեր սար ու ձոր դրմբում, դմբդմբում էր: Հենց գիտես՝ Սոդոմ-Գոմորի քուքուրթն ու կրակը Էսօր ա վեր գալիս: Երևանու բերդը, ձեթը հատած պատրուգի պես, թե մեկ ճրթճրթում էլ էր, մեկ սհաթ քիմի, էլ ետ հանգչում, խավարում էր: Էնքան թոփի գյուլլա էր գլխին ու սրտին դիպել, հոգին բերանը հասցրել: Սարդարը, շահզադեն վաղուց էին իրանց սև օրը լաց ըլելով՝ Երևանու երկրիցը ձեռ քաշել, Իրան փախել: Հասան խանն էր մնացել մենակ թոռումը, որ իր արած չարության պատուհասն առնի, ու Էն մարգարեական ձենը կատարվի, որ Ապարանումը նրա անկաջն ընկավ, բայց խելքը գլուխը չեկավ: Նհախ, որքան բերնումը լեզու ու ձեռին հունար կար, բանացրեց, որ իր ազգին սիրտ տա՝իրանց գլուխը ձեռ չքցեն: ... օրվանից հետո խալխը, որ տեսավ՝ ճար չկա, իրան միջի մեծամեծներիցը մեկ քանի մարդ ընտրեց, ու հենց, Էն ա, վերջին սհաթն էր մնացել որ բերդը հոգին տա, կենողները իրանց իրանց դուս էկան բրջերի գլուխն ու բալանըքերը ձեռըներին բռնած՝ ռայի էկան:

Քանի որ Երևան բինա էր ընկել, կարելի ա, թե է՛ն օրը, է՛ն տեսարանը, է՛ն անունը չէ՛ր տեսել, չէ՛ր ճարել, որ էսօր տեսավ ու իմացավ: Կարելի է աշխարք աշխարքով դիպչի, ազգեր գան ու էլ ետ ո՛չնչանան, բայց քանի որ հայի շունչն ու լեզուն կա, ե՞րբ նրանց մտքիցը կերթա էն ավետալից սհաթը, որ իշխանն Վարշավի, գեներալն Գրասովսկիյ, մեր անմահ Ներսեսին հետըները՝ խաչ, ավետարան ձեռին, մտան բերդը, որ Հայոց աշխարքի ազատության տոնը կատարեն: Պետք է աշխարքումն էլ հայի հոգի չըլի, որ իրանց փրկիչ Պասքովիչի անմահ հիշատակը արտասընքով ու լալով չհիշեն, իրանց աշխարքի հոր ու պահպանողի սուրբ անունը, որ Հյուսիսի բերնիցը սկսած նրանց հոգսը քաշել, նրանց իր թևի տակն էր ուզում բերի, սրբությունի պես չպաշտեն: Կամիլլոս, ղորդ ա, Հռովմ ազատեց: Սցիպիոն՝ հռովմայեցվոց թուրը Աֆրիկումը ցցեց՝ Կեսար՝ Գալլիա ու Բրիտանիա ոտի տակն առավ, Նապալեոն՝ Իտալիո, Սպանիո և Եգիպտոսին ազատություն էր խոստանում, բայց ե՞րբ հռովմայեցիք, գալլիացիք, եգիպտացիք է՛ն սրտովը, է՛ն սիրովը իրանց ազատողներին կընդունեին, կպաշտեին, ինչպես հայք, հա՛յք, որ առավոտն էին վեր կենում, է՛ն էին աղաչանք անում աստվածանից, րիգունն էին քնում, է՛ն էր նրանց աչքի արտասունքը: Մեծ էր հիրավի ու անմոռանալի ռուսաց Փարեժ մտնիլը, բայց ե՞րբ գաղղիացիք էն հոգվովը իրանց բախտավորությունը կվայելեին, ինչպես հայք էս արժանահիշատակ օրը:

Սալդաթի տուտը հենց բերդը մտավ թե չէ, հազար տեղից, հազար փանջարից լացն ու արտասունքը էլ չէին թողում, որ մարդի բերան բաց ըլի: Բայց ով սիրտ ուներ, լավ էր տեսնում, որ է՛ն ձեռներն, է՛ն աչքե՛րը, որ քարացել, սառել, երկնքին էին մտիկ տալիս, առանց խոսքի էլ ասում էին, որ դժոխքի քանդվիլը մեղավորների համար էս գինը չէ՛ր ունենալ, ինչպես Երևանու բերդի առնիլը հայերի համար:

Ինչպես բարեկամ, ինչպես երկնային ավետաբեր հրեշտակ, ազատության ու ողորմության պսակը ձեռին՝ մտավ իշխանն Պասքևիչ սարդարի ամարաթը: Նա անց կենալիս հազար տեղ տեսել էր ու արտասունքը բռնել, թե ինչպես էին ծեր, մանուկ, աղջիկ, պառավ՝ չէ՛ թե մենակ իր ոտը համբուրում, այլև շատը ընկնում էին սալդաթների ճտովն ու էնպես նվաղած, հոգին քաղված մնում: Քանի Հայաստան իր փառքը կորցրել էր, քանի հայք իրանց գլուխն էին թրի տեղ թշնամու ձեռք քցել, է՛ս օրը, է՛ս ուրախությունը չէին տեսել, չէին վայելել:

Էջմիածնա եպիսկոպոսունքը, որ բերդումը, հենց բռնի՛ր, մաշվել, հետին թելն էին ընկել, մեկ կողմից, Շհարի ու Կոնդի քահանայք ու դպիրք մյուս կողմիցը որ դուս չէկան՝ երեսները գետինը քսելով, էնպես գիտես, թե քաջն Վարդան նո՛ր ա վեր կացել, Տրդատ նո՛ր ա գալիս Հռովմիցը, որ իրանց հայրենյաց աշխարքը կրկին ազատեն, նո՛ր լիս, նո՛ր կյանք իրանց ազգին տան:

Սցիպիոն Աֆրիկացի Կարթագինեի ծուխն ու էրված, քանդված ամարաթներն էր տեսնում, աչքը բռնել, լալիս, որ հռովմայեցվոց գազան բնությունը նրանց արինը խմեց, կշտացավ, Պասքևիչ Մասիս էր առաջին տեսնում ու ուրախությունիցը աչքը սրբում, Տիգրանա, Վաղարշակի, Անիբալա, Տրդատի, Վարդանի պատմությունն էր մտածում, նրանց պատկերն էր առաջին կանգնել: Նրանց անմահ հոգիքն էին երկնային լուսով նրա աչքի առաջին, նրա գլխովը պտտում, ժպտում, զմայլում, ձեն տալիս, — Տե՛ս Հայկ աստղի կամարը, է՛ն լուսեղեն, է՛ն կապտագույն գըրքումն քո անունը գրվեց, փրկի՛չ որդվոց մերոց: էնտեղ տարանք քո մեծագործության պատգամը: Հայկի մոտ, Լուսավորչու գրկումն իրար կտեսնինք, այժմ պահի՛ր մեր աշխարքը:

Հայկա որդիքն էին նրան երկրպագություն տալիս, հայոց անմեղ լեզուն էր նրա կյանքը օրհնում, հայոց սուրբ աշխարհն էր իր սիրտը բաց արել, նրան պատվում, պաշտում: Երևանու բերդի անվան կեղտը պետք էր նա սրբեր ու իր անունովը նոր կնքեր, երևանցվոց, հայոց մեծ ազգին հավիտյանս հավիտենից հեր, տեր դառնար: Ի՞նչ սիրտ ըլեր, որ էստոնք մտածելիս չվերանար, չմեծանար: Ի՞նչ աչք ըլեր, որ էս սհաթին իրան բռներ ու էնքան օրհնության, ուրախության ձենը լսելով՝ դինջ մնար, ծով չդառնար: Նա արեգակ էր դառել Հայաստանի, ոուսք մոլորակի պես նրա գլխովը պտտելով՝ նո՛ր կենդանություն էին բերել, ո՞վ կարեր էս մտածել ու լուո կանգնիլ, որ էնպես քաջ հսկայն կարողանար դիմանալ: Հասան խանն ընկել էր ոտը, իր վերջին սհաթին էր սպասում, նա չէ՛ թե Սցիպիոնի պես իր ազգի կատաղի բնությունն իմանալով՝ ոտնահար արեց, այլ ռուսաց ազնիվ հոգին ճանաչելով՝ էնպես անօրեն ավազակին գրկեց, էլ իր պատվով՝ հրամայեց, որ ճամփա քցեն, գնա, դհա ավելի իմանա, թե ո՜րքան ողորմած է հզոր տերությունն Ռուսաց: Ռուսք էն մութը հոգին չունեին, որ Նապալեոնի պես մարդին, իրանց մեծահոգությանը ապավինելիս, նավ քցեն, որ գնա, իր դառն օրը Օվկիանոսի միջումը վերջացնի, չէ՛: Ռուսք իրանց թշնամուն, Էնպես անարգ հոգուն էլ, ցույց տվին էսօր, որ իրանց ոտքը որտեղ որ մտնի, էնտեղ բախտավորություն ու խաղաղություն պետք է ըլի: Հասան խանը գլուխն էր դեմ անում, որ կտրեն, պարսիկը երեսներն էին փռում, որ ոտնակոխ անեն, բայց Պասքևիչ անօրինակ հսկայն, մեկին հանդիսով Թիֆլիս ուղարկեց, մյուսոցը շնորհք, ողորմություն ցույց տվեց: Այլ եվրոպացիք Ամերիկա ավերեցին, հողի հավասարեցին, ռուսք Հայաստան կանգնացրին ու ասիացվոց բիրտ, գազան ազգերին մարդասիրություն ու նոր հոգի տվին, աստված ի՞նչպես չի՛ պետք է նրանց թուրը կտրուկ անի, պատմությունն ի՞նչպես չի պետք Պասքևիչին աստվածացնի, հայք ե՞րբ կարեն ռուսաց արածը մոռանալ, քանի որ շունչ ունին:

Բայց ա՜խ, սիրելի կարդացող, մի հարցնես, թե ախր էսքան բանը որ անց կացավ, ո՞ւր մնաց մեր ջրատար, սիրտը փորումը մեռած Աղասին, որ չի՛ գալիս՝ իր մուրազն առնի, իր մահվան դուռն ընկած խեղճ հորն ազատի, նրա օրհնությունն առնի, թողություն խնդրի, որ Էնքան նեղությունն ու տանջանքը իր խաթեր էր քաշել, հինգ տարի բանտումը չորացել, ցամաքել, հազար անգամ գերեզմանի դուռը գնացել, ետ եկել, որ իր որդուն տեսնի, փափագն առնի, Էնպես հողը մտնի, որ սրտումն էլ դարդ չմնա, գերեզմանն իր համար դժոխք չդառնա:

Բերդի մեջն ու չորս կողմը, որ ասեղ քցեիր, գետնին չէ՛ր հասնիլ. աշխարքը իրարոցով էր դիպել: Աչք էր, որ խնդում էր ու լալիս, բերան էր, որ գովում էր ու օրհնություն տալիս, ազգական, բարեկամք էին, որ իրար փաթութված՝ մնացել էին փետացած: Լեզվի տեղակ արտասունքն էին նրանց էրված սիրտը հովացնում: Սար ու ձոր խնդացին, բաղ — բաղաստան ցնծացին, որ իրանց տերերն էլ ետ ճամփու էին ուզում ընկնիլ, որ գնան, նրանց զվարթացնեն: Բերդի դռներն ու քուչեքը դրմբում էին ոտի ու ուրախությունի ձենիցը: Ռսի ղարավուլները ամեն տեղ բռնեցին, խալխը Քիչ-քիչ սկսել էր, որ քաշվի, բայց որտեղ որ Հասան խանի խերիցը քոռացրած, քոթրոմացրած, ոտից-ձեռից ընկած անդամալույծ կար, Էկել, բերդի դուռը բռնել էին, որ իրանը սև օրին մեկ լիս, մեկ ողորմություն. մեկ դինջություն գտնեն:

էս միջոցին էր, որ Ներսես սրբազանը Սահակ աղի ձեռիցը բռնած ընկել էր բրջերի, բադանների գլուխն ու հենց գիտեր, թե երկնքիցն ա Երևանու դաշտին մտիկ տալիս, նոր ըլի դրախտը նրա աչքի առաջին բաց էլել, նոր ըլի ջրհեղեղը դադարել, նոր ըլի որդին միածին վեր էկել, որ իր արդար, սիրելի հայոց ազգին փրկություն բերի: Անց կացած ժամանակները երազի պես էին նրա աչքի առաջին կանգնել: Չէ՛ր իմանում, թե Երևա՞ն ա տեսածը, թե՞ Թիֆլիզ: է՛ն պուճախներումը, է՛ն ձորերումն ու բաղերումը, որ սև ղզլբաշի երեսի էր նրա աչքը սովորել, ռուս էր տեսնում ցրված, նստած, ո՞վ չէր տեսածը երազ համարիլ յա հրաշք:

էս մտածմանց մեջը խրված՝ էն թանձր ունքերի տակիցը իր հոգելից աչքը Զանգվի վրա էր քցել ու մնացել վերացած, գավազանի վրա թինկը տված, որ մեկ քաղցր ձեն ետևիցը որ «Հա՛յր սուրբ ջան» չասեց ու ձեռն առաջ դոշին, հետո երեսին չկպցրեց, քաջաջան հովվապետը մնաց ուշագնաց:

— Հա՛յր սուրբ ջան, սրբազան տե՛ր, ա՛խ, էս ի՞նչ օր ա, — մեկ ձեն էլ մյուս կողմիցն էկավ ու մյուս ձեռը բերան ընկավ:

— Սմբատով ջան, Երոուսալեմսկ ջան, ո՛րդիք. Թաղեցե՛ք ինձ այսուհետև ձեր ձեռովը: Թե որ մեկ քանի օր էլ աստված ինձ կյանք պետք է տա, թո՛ղ էնդուր համար տա, որ էս էրված սրտիս մուրազը կատարեմ, մեր խեղճ, ցրվյալ ազգը էլ ետ իրանց աշխարհը բերեմ, էս մեկ բանն էլ թո՛ղ էս կարոտ աչքս տեսնի, հետո, ա՛խ, հետո Հայաստանի սուրբ հողի տակը մտնիմ: Խնդրեցե՛ք, խնդացե ք, խնդացե՛ք, խնդրեցե՛ք, ո՛րդիք ջան, որ ձեր ծերունի հոր էս մեկ խնդիրն էլ աստված լսի, էլ ուրիշ բան չե՛մ ուզում: Հայաստա՛ն, Հայաստա՛ն, տո՛ւր ինձ քո սիրտը, տու՛ր ինձ գերեզման: էլ որ նոր ազգեր թե գան ու երթան, ա՜խ, չի մոռանաս քո սև, դառն օրվան նեղությունն, տանջանքն, կա՛ց ու զգաստացի՛ր, քո խեղճ որդոցը սիրով պահպանի՛ր, էլ քո զավակը գերի մի՛ քցիր: Սուրբ հողդ իմ երեսս, ընտի՛ր Հայաստան, աթոռ աստուծո, տուն Արշակունյան: Ախր որտեղանց որտեղ թռաք, էկաք, սիրելի ո՛րդիք, որ ձեր Հայրենիքը տեսնիք, — վերջապես հարցրեց սրբազանը զարմացած աչքերը սրբելով ու էս ազնիվ հայկազանց գլուխը դոշին կպցնելով, — ախր մի ասեցե՛ք, որ դինջանամ. ձեր կարոտն էի քաշում, ձե՛զ էի ուզում, ձե՛զ որ էս սհաթին իմ սիրտն իմանաք, իմ ուրախությանը մասնակից ըլիք, ո՛րդիք ջան, հայոց ազգի բարի շառավիղք: էդ ո՞ր աստվածը իմ մեղավոր սրտի խոհուրդն իմացավ ու ձեզ ինձ մոտ բերեց:

— Մենք էլ հենց է՛դ մտքովն ու մուրազովը տուն ու տեղ թողինք, իրեք գիշեր ա, չենք քնել, սար ու ձոր ոտնատակ տվինք, որ մի գանք, էս սհաթին ձեզ տեսնինք, քո ուրախությունն ու օրհնությունն առնինք, մեր Հայրենյաց ազատությունը տեսնինք, մեր կարոտ աչքը մի կշտանա, ու էլ հենց էս սհաթին պետք է ետ դառնանք, որ կուսակալը մեր գալը չիման — Հա յ անիրավս ձեզ, էտու՞ր համար եք էդպես չերքեզի շորերում կուչ էկել, որ մարդ ձեզ չճանաչի՞, շատ լա՛վ, հանաքն հո էդպես չե՛ն անիլ. դուք ձեր խաղն եք խաղացել ձեր ջահել տեղովը, ես էլ իմը կխաղամ էս ծեր տեղովս, տեսնինք՝ ո՞րս կհաղթենք: Ձեզ բանտ պետք է քցած, որ մի քիչ քիթըներդ տրորվի, իմանաք, թե Հայրենյաց համար էդքան նեղություն քաշողը, էղքան ճամփա էկողը ու իր ղուլլուղից ձեռք վերցնողը՝ թուր էլ որ դեմ անեն սրտին, կրակ էլ որ ածեն գլխին, պետք է երեսը ետ չի՛ թեքի: Դուք էսքան տեղն անահ, աներկյուղ անց եք կացել, ոտի տակ տվել, որ մարդ են ուտում, հիմիկ սիրտ չե՛ք անում, որ կուսակալի առաջը գա՞ք: Տո՛, Հայաստանու փրկիչը որ ձեր էդ ազնվական գործն իմանա, հասկանա, թե դուք ձեր աշխարքի ու ազգի ազատության հանդեսը էկել եք, որ տեսնիք, ձեր ձենն էլ նրանց ձենի հետ խառնեք, ձեր ազնիվ սիրտն էլ նրանց սրտի հետ միացնեք, էն էլ է՛ս հրաշալի, է՛ս արժանահիշատակ Ժամանակին, ձեզ սիրելու, ձեզ գրկելու խաթեր ձեզ վրա պետք է բարկանա՞: էն ի՞նչ սիրտ պետք է ըլի, որ տեսնի մեկ որդի սարեսար ա ընկել, գլուխը մահու տվել, որ իր ծնողին նեղությունից պրծած տեսնի, ինքն էլ ջանը ետ դնի, ինքն էլ հետը ուրախանա ու, մահապարտ էլ որ ըլի որդին, նրան թողություն չտա՞: Ձեզ պես որդիք շա՛տ ունենամ, շա՛տ, էկե՛ք, էկե՛ք, ձեր երեսին մեռնիմ, ձեր էդ ազնիվ աչքերին ղուրբան, իմ սիրուն պահած որդիք, էկե՛ք, ձեր էդ մաքուր ճակատը մեկ էլ համբուրեմ, մեկ էլ ձեր էդ սիրուն երեսը դոշիս կպցնեմ, հետո ձեր շունչն իմ վզին: Կուսակալը թե խոսք ունի, առաջ ինձ ասի: Դուք է՛ն օրինակն եք ցույց տվել, որ մեկ որդի Սիբիրից ոտով գնացել ա Մոսկով, որ իր հորն ազատի, ձեզ ո՞վ կարա ղնամիշ անիլ: Հայոց ղոնշունն էլ, է՛ն ա, հա՛, հազրել եմ. քիչ-քիչ սովորում են կովելու կերպը: Մելի՛ք, էսպես զավակներ որ թագավորն էլ ունենա, չի՞ ուրախանալ: Հայոց ազգը էս՛պես որդոց ա կարոտ, է՛սպես, ի՞նչ կըլի, որ սրանց նման մեկ հարիրն էլ ըլին: Հլա մտիկ տո՛ւր սրանց բոյին, սրանց պատկերին, սրանց լեզվին, սրանց աննման աչքերին, աստծուն հայտնի ա, ուզում եմ, թե էս սհաթը հոգիս հանեմ, սրանց տամ: Օրհնվի՛ էն արգանդը, որ էսպես զավակներ կբերի: Ամեն մեկը, էնպես գիտես, թե թագավորազունք ըլին: Ձեզ ստեղծող աստծուն զո՛հ ըլիմ, զո՛հ, ինձ պետք է թաղեք, որ հետո վրըներովդ դուշ անց կենա: Ձեր հայրենիքն էիք ուզում, էս էլ ձեր հայ՛րենիքը: Ես էլ գիտեմ, որ չոր, հալևոր սևագլխի խաթեր էդքան ինջըմիշ չէիք ըլիլ: Ինձ սիրեք, չսիրեք, ձեր ազգն ու աշխարհը որ էդքան սիրում եք, հենց գիտեմ, թե Գաբրիել ու Միքայել հրեշտակն եք ինձ համար, որ մեր Լուսավորիչ պապին Խոր Վիրապումը մխիթարում էին: Գնա՛նք, իմ հոգուս ճրագներ, գնա՛նք, ուշացանք, կուսակալը ինձ կըլի մնում, հլա բերդը նոր ենք առել, ո՞վ ա խաբար, թե ի՞նչ դուս կգա: Խալխի հոգսը պետք է քաշենք, բանտ ու զընդան լիքն են մեր անմեղ զավակներովը, նրանց ախր հանիլ, ազատություն ու տերություն կուզի, ո՞վ ա խաբար, թե ղրաղ-պուճախում դեռ ի՞նչ բաներ անց կկենա, չունքի ղզլբաշը, ղորդ ա, կոտրվել ա, ամա դեռ ոխն ա քենը սրտումը մխում կըլի, որ էրեկ իրանք էին Երևանու տերը, մեր ազգի գլուխը, Էսօր մեր ոտն ա նրանց գլխին, մեր խաչին պտի հնազանդին ու երկրպագություն տան: Գնա՛նք:

Էս խոսքը բերնիցը դուս գալը ա մեկ ողբալի ձեն հենց Էն վրեն կանգնած բրջի տակիցը վեր ըլիլը մեկ էլավ.

— Հա՛յր սրբազան, գլխիդ ղուրբան, հասի՛ր, մեկ հայ աֆիցերի սպանեցին իր հոր հետ. Ճար ունիս, տե՛ս:

Բրջի դռանը մարդ չէ՛ր երեում, որ մի քիչ կռացան, մտիկ չարին, գլխըներին կրակ վառվեց, բերդը մեկ գազ էլ խոր գնաց, չունքի տեսան, որ էն մարդը փանջարիցն ա գլուխը հանել ու ձեն տալիս:

Ախ, սի՛րելի կարդացող, էլ ի՞նչ երկարացնեմ էս սարսափելի պատմությունը: Կըլի, որ քո սիրտն էլ քեզ ասեց, որ էս հադաղին ի՞նչ աֆիցեր պետք էր Էնպես դժոխք մանիլ, որ գլուխը մահու տա, եթե ո՛չ մեր ջիվա՛ն Աղասին, որ հինգ տարի սար ու ձորի, գազան, հարամու գլուխը չի՛ տվեց, պահե՛ց, Էն բաներն արեց, որ աշխարքումը քիչ ադամաորդի արած կըլի, վերջը Գրասովսկիյ գեներալի հետ թռավ իր ցանկալի վաթանը, որ իր ջրատար հոր հետին շնչին հասնի, ու հենց բերդն առան թե չէ, նա, մերը կորցրած գառան պես, էլ չի՛ համբերեց, որ ոտքը մի քիչ խաղաղվի, ընկավ բրջե-բուրջ ու որ հոր անունը չհարցրեց, մեկ երևանցի հայ առաջն ընկավ, տարավ նրան էն բրջի դուռը, որտեղ որ նրա տարաբախտ, հերը, մեկ քանի հայերի հետ, բռնված էր: Բայց անիրավ պարսիկքը վաղուց էին իմացել նրա ղոնշունի հետ գալը, ու նրա սպանածների հեր, ախպեր, ազգական՝ մինչև տասը մարդ, գնացել, էն բրջումը տափ էին կացել: Ախ, էլ ի՞նչ գրեմ, ձեռս թուլանում ա, սիրտս արին կաթում... Ա՛խ, բաս Աղասու սուգն ո՞վ անի, նրա ջիվան ումբրն ու օրը ո՞վ լաց ըլի: Ե՛ս, ես, ողորմելիս, նրա գերեզմանին ղուրբան... Ախ, բաս նա, որ ինձ էնքան էրեխա ժամանակս իր ծնկա, վրա խաղացրել ու ինձանով մխիթարվել ա, բաս ես քա՞ր պտի ըլիմ, որ նրա սուգը չանեմ: Բաս սիրտս կհամբերի՞, որ Էսօր չուզենամ Էնպես հսկա, Էնպես ազնի՛վ, քաջ երիտասարդի վրա հոգիս տամ: Բայց չէ՛, ես ի՞նչ եմ, որ Աղասու սուգն անեմ, իմ բերանն ի՞նչ ա, որ լսողի սիրտը շարժի, էրի, խորովի: Նրա սուգ անողը հետո կգա, ես իմ դառը պատմությունն անեմ:
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали

Խաչատուր Աբովյան` Վերք Հայաստանի

Сообщение:#20  Сообщение Lusine1101 » 07 май 2017, 11:33

Իրեք թուրք ջոկ էին ընկել բրջի մեկ ղրաղումը, մյուսները փախել. ախ, լե՛զու, լռվիս, ի՞նչ կըլի: Աղասին, հրեշտակ Աղասին. երկու խանչալ սրտումը ցցված, իրեքը քամակումը, ու ոտ ու ձեռ հազար տեղ յարալու-փարալու՝ իր ողորմելի հոր դոշին, արինը ծովի պես չորս կողմը բռնած, որ սրբազանը վրա հասավ: Աջու ձեռը որ չէր տարել, որ հոր գլուխը, էն ձնի պես սպիտակ մազերը, մեկ խտտի, մեկ դոշին կպցնի, որ էնքան տարվան էրված սրտի մուրազն մի առնի, հովանա, հենց տեղնուտեղը ուսըվեր էին բերել, ու կտրած ձեռը մնացել էր հոր գլխատակին, երեսը՝ երեսին, ու ձախու ձեռն՝ էնպես փետացած, դոշի վրա ընկած:

— Վա՛յ, աչքս դուս գա, ա՛յ իմ ազգի ազիզ որդի, վայ, մեր ճամփեն փուշ դառնար, ա՛յ ջիվան, ա՛յ մեր ախպեր, հայի զավակ, վայ մեր օրին ու արևին, Երևանա ճրագ, իմ պահած-մեծացրած, սիրուն Աղասի, քո արինն է՞ստեղ պտի թափե՛ր, — ասացին էս ազգասեր հոգիքն ու աղլխներն աչքներին դրած՝ ամեն մեկը մեկ ղրաղ քաշվեցին, չորացան, թուլացան, երկինքը գնացին, քարացած մնացին, ու էլ որ մեկն ու մեկը հանկարծ աչքը կամ հոր երեսին՝ էն լիս դառած պատկերին, յա տղի կտրատած ջանին՝ էն արնաթաթախ մարմնին, չէ՛ր քցում ու սիրտը բերնովը դուս բերելով՝ բիրդանբիր ձեն տալիս ու գոռում.

— Հլա մի մտիկ արե՛ք, տեսե՛ք, հորն ի՞նչպես ա խտտել: Տո՛, էն ծերին նայեցե՛ք, տեսե՛ք, աչքը ի՞նչպես ա որդու երեսը քցել ու երկու ձեռով ճակատին խփում:

Սի՛րտ, տրաքի՛, սի՛րտ, էլ չեմ կարում տանիլ, ո՛վ ջիգյար ունի, ինքն իմանա, մնացածը էգուց կգրեմ:

Հայոց ազգը էնպես ռաշիդ, էնպես ջիվան որդիք շատ էր կորցրել էս կռվներումը. էլ ո՞ւր կհասներ, էլ ի՞նչ օգուտ շատ սգալն ու մղկտալն, բայց, ախ, Աղասու մերը քոչի ճամփին էր իր սև օրը վերջացրել, հերը՝ որդու արնովը իր փետացած լաշը լվացել, նշանածը՝ ողորմելի Նազլուն, դեռ Փամբակ էր. միմիայն տես ու ճանաչ էին նրա վրա ցավում, կսկծում, իր ռաշիդ ընկերներ«ից» հո, քանի Մատաթովի մոտ էր գնացել, ո՛չինչ խաբար չէ՛ր իմացել, էկող-գնացող էնպես էին պատմում, թե նրանց եսիր էին արել, Հասան խանի մոտ տարել: Ո՞վ էր խաբար, բալքի թե էն անդամալուծների շատը նրա բարեկամքն էին, բայց մարդ չէ՛ր գիտում: էն բրջից ձեն տվող երևանցի հայիցը հենց էսքան իմացան, թե երբ քաջն Աղասի՝ ռսի ապելատով, բրջի դռանը երևեցավ, ղարավուլ սալդաթը ղրաղ կանգնեց, պատիվ տվեց:

— Ինչպես մեկ հրեշտակ, է՛նպես ներս ընկավ իգիթը, — վրա բերեց երևանցի հայն: — Անօրեն թուրքերը մեկ ղրաղում, թուր ու խանչալ պլոկած, տափ էին կացել: Բերդի առնիլը դեռ չէինք իմացել: Հենց իմացանք, թե էն թուրքերն էկել են՝ մեզ յա սուրը քաշեն, յա դուրս տանին, կախ տան: Լերդ ու թոք ջուր կտրած՝ մնացել էինք սառած, որ հսկայն Աղասի ներս ընկավ, հենց իմացանք, թե եկել ա, որ էն անիրավներին բռնիլ տա ու մեզ ազատի: Ո՞վ կիմանար, թե ի՞նչ մարդ ա ու ընչի՞ համար ա էկել: Խեղճ հոր հո, շունչն էր մնացել բերնումը. աչքի լիսը վաղուց էր հատել, վաղուց էին ոտ ու ձեռք նրան թողել, չորացել: Փորն էկել էր, ուռել, բերնին դեմ առել, հենց գիտես, թե հոգին ինքը նրանից չէ՛ր ուզում ձեռք վերցնի, չունքի շատ անգամ, էն ուշագնաց վախտը, լավ պարզ լսում էինք, որ ուզում էր գլուխը բարձրացնի ու մեռած ձենով մղկտում էր. «Բաս ո՞ւր ա... թո՛ղ, թո՛ղ, մի տեսնիմ... Ա՛ղասի, ո՛րդի, հո՛գի, քա՞նի մի քանի ինձ մաշես, երկնքումը վաղուց եմ տեղս տեսել, ա՜յ իմ ջիվան որդի, քանի՞ մի քանի ինձ մաշես: Արի՛, արի՛, երեսիդ մեռնիմ, արի՛, մեկ շունչդ առնիմ, էլ հո աչք չունի՞մ, որ քեզ տեսնիմ. էլ հո ձեռք չունի՞մ, որ քեզ գրկեմ, լեզուս ա մնացել, անկաջս. Թո՛ղ մեկ էլ ձենդ լսեմ, որ մորդ էլա մեկ խաբար տանիմ: Հռի՛փսիմե, Նազլու, Կա՛րո, փարիխան, Ա՛ղասի»: Սանգարի ժամանակին ձենը իսպառ կարվել էր: Մենք հենց իմանում էինք, թե վաղուց ա հոգին տվել: Թոփի, ղոմբարի ձենը մեզ խլացրել էր: Երբ ոտը խաղաղվեց, էլի առաջվան պես նղղալով՝ խոր հոգոց քաշեց, էլի էս խոսքերը սկսեց ետ ասիլ ու հոգու հետ կռիվ տալ: Վերջին խոսքն էլի էն էր՝ «Արի՛, արի՛, Ա՛ղասի, ո՛րդի, հո՛գի ջան», որ դռները ճոոացին, ու ջիվան որդին հոր ձենը որ չիմացավ, «Ա՛փու ջան, գլխովդ ման տամ, դեռ սա՞ղ ես, երեսիդ ղուրբան, ա՛փու ջան», «Ափու ջան» ասիլը, գժվածի պես հոր վրա ընկնիլն ու թուր ու խանչալ վրա գալը մեկ էլան: Հերը հենց ձենիցը մեռավ. որդուն, ա՜խ, ջրատար որդուն էլ ժամանակ չմնաց, որ յա հորը ետ բերի, յա իրան մեկ չարա անի: էլի աստված մեզ էր խեղճ եկել որ սալդաթը էս ձենըձորը որ լսեց, խիշտն առած՝ ասլանի պես ներս ընկավ, իրեքին սպանեց, մյուսները փախան, քոռանա իմ աչքս, որ Էսպես բան չէ՛ի տեսել: Հազար անգամ Աղասու հոր հացը կտրել, հետը քեֆ եմ արել: Բարիկենդանին էլ, որ Աղասին փախավ, նրանց տան քեֆ անողների մեկն էլ ես էի: Իմ որդիս, ա՜խ, իմ ջիվան Մոսին էլ էր նրա հետ փախել: Բայց ես լսում եմ, թե նա դեռ սաղ ա: Աստված, դատաստանդ քաղցր ըլի, էսպես զուլում էլ ո՛չ շհանց տաս, էլ ո՛չ տեսնինք, երեսս ոտիդ տակն, — ասեց ողորմելին ու փեշն աչքերին դրեց:

Րիգնահովն ընկել էր, թոզ ու դուման՝ բերդի չորս կողմը բռնել: Էսպես վախտին ղուշն էլ իր բնիցը չի դուս գալիս, բայց սաղ աշխարհն էկել, Երևանու բերդի չորս կողմը բռնել էր, որն ջիվան Աղասու խաթեր, որը նրա մեիդը դուս բերելու, չունքի լսել էին, որ մուզիկով ու ղոնշունով պտի թաղեն, ու էսպես բան, էսպես տեսարան, Երևանումը դեռ առաջինն էր: Սալդաթ ու մուզիկանդ բերդի դուռը կտրել էին. ժանդարմեքը ճամփա էին բաց անում: Համամների ու սուրբ Սարգսի դուզը էնպես էր սևին, սպիտակին տալիս ու դես ու դեն ծփում, ինչպես մեկ փրփրած ծով, որ քամու ձեռին յա սպիտակ փրփուրն ա, կիտուկ-կիտուկ, քարին, ապառաժին խփում, յա սև ջուրն ա դրմբալով դես ու դեն քցում: Թոզն էլ հո բոլորը թամամ էր անում:

Տամբուր մայորը թոփուզը պտտեց, սալդաթները կարգ ընկան, մուզիկեն իր կսկծալի ձենն սկսեց, սև ձիանոնց գլուխն ու դագաղի ծերն երևեցան, ու գեներալ, աֆիցեր՝ Ներսես սրբազանին մեջ արած, դուս Էկան. ոտը շարժիլն ու սգի ձենը մեկ էլավ: Հազար բաշից, հազար կտրից աչք էր, որ մրմնջում էր. սիրտ էր, որ էրվում, մղկտում էր. բերան էր, որ ա՜խ քաշելիս՝ քարերն էլ հետը ա՜խ էին քաշում, սզլթում:

Մեծ ա Անապատի հայաթը, բայց ռուս, հայ, թուրք, մեծ, պստիկ է՛նպես էին լցվել, որ շունչ չէր դուս գալիս: Տերտերներն եկեղեցու դուռը վաղուց էին բաց արել, ճրագները վառել, շուրջառները քցել, բուրվառ, խաչ, խաչվառ ձեռըներին՝ մտիկ տալիս, որ մեիդը ժամը տանին: Խալխին դեն անելուցը զվիրն էին էկել. շատը պատերովն էին ներս թափում, որ շուտով մեկ տեղ ճարեն: էս հադաղումն էր, որ իրար ոտնատակ էին տալիս, մեկ անդամալույծ էլ սուրութմիշ ըլելով, քանի որ ոտը խաղաղ էր, գլխին-դոշին վեր հատելով, մազերը պոկելով, «Սուրբ Սարգիս» ձեն տալով՝ հասավ, ընկավ մեկ տերտերի ոտ, որ թողա, ժամի դռանը վեր ընկնի: Աստվածասեր քահանեն՝ Տեր Մարուքը՝ Հովսեփ եպիսկոպոսի հերը, հենց իմացավ, թե յա ուխտ ա էկել ողորմելին, յա ուզում ա մեկ ողորմություն խնդրի, սիրտը մրմնջաց, հանեց, մեկ-երկու գռոշ էլ առաջը քցեց ու տիրացվերին ասեց, որ նրան ձեռ չի՛ տան:

— Ա՜խ, քոռանա քո քոռացնողի աչքը, մեկ բուռը հողի հասրաթ մնա, որ քեզ էդ տեղն ա քցել, ա՜յ խեղճ տղա. էդ պատվական սուրաթը, էդ գյովդեն ու սիրուն բոյը, որ քոնն ա, ընչի՞ պետք է էդպես չուռումիշ ըլեր, չուռումիշ ըլի քո էդպես անողի կյանքը,— ասեց աչքը տրորելով ազնիվ քահանեն ու երեսը շուռ տվեց:

Հենց պատվական մարմինը տեղ հասավ, հենց մուզիկի ու շարականի ձենը կտրեցին, մեիդը վեր բերին, որ հոգոց ասեն, հենց Ներսես սրբազանը էն սուրբ բերանը բաց արեց, ա՛ստված, ո՞վ ունի էն լեզուն, պատմի, ինչ որ էստեղ պատահեցավ: Սար ու ձոր կրակ ընկավ, խալխի գլխին ջուր մաղվեցավ, էլ բերան չէ՛ր բաց ըլում. աչքն էր իր կրակը վեր ածում, սիրտն էր իր խանչալները փոխում, շունչն էր իր ծուխն ու բոցը քթիցը քուլա-քուլա դուս փչում: Ալամ-աշխարք մնաց քարացած, կանգնած: Երազ չէ՜ր, որ աչքըները բաց անեին, պրծնեին, կրակ չէ՛ր, որ փախչեին, դինջանային. ջիգյար էր, որ էրվում էր, սիրտ էր, որ պատռվում էր:

— Ա՛ղասի ջան, Ա՛ղասի, աչքիս լիսը վաղուց ա խավարել որ մեկ էրեսդ էլա տեսնիմ,— մեկ ձեն գոռաց,— ոտներիս ջլերը վաղուց են փետացել, որ վրեդ էլա մի կանգնիմ, սուգ անեմ, ձեռներս քոթուկի պես դոշիս են կպել, որ մեկ նաշդ էլա խտտեմ, որ մեկ նաշդ էլա դոշիս կպցնեմ, որ մեկ երեսիդ վրա ընկնիմ, երեսդ երեսիս տամ, հոգիս հոգուդ հետ ճամփու քցեմ, Էդ լիս երեսիդ ղուրբան, Ա՛ղասի, Էդ ջիվան ջանիդ մեռնիմ, թա՛գավոր Ա՛ղասի: Է՞դպես էիր ուզում քո խեղճ հոր հավարին հասնիս, է՞դպես էիր ուզում քո դոստ — բարեկամի սիրտն առնիս, է՞դպես էիր ուզում Անի շինես, ումբրդ ու արևդ խավարացնես, որ բալքի քո ազգին ու աշխարքին մեկ ճար անես, ա՜յ քո հրեշտակ ջանին ղուրբան: Ա՜խ, մկամ երկիրը քեզ պես ծնունդ ո՞ւնի, քեզ պես զավակ բե՞րել ա, որ Էդպես անջիգյար քեզ տանում ա. մկամ երկինքը քեզ պես հողեղեն տեսել, ստեղծե՞լ ա, որ քեզ խլում ա. մկամ հայոց ազգը քեզ պես որդի, քեզ պես ճրագ էլ ո՞ւնի, որ քեզ բերել ա, հողը դնի, քեզանից ձեռք վերցնի, քո ջիվան ջանը գետնին, գերեզմանին պահ տա, Էդ երկնքի՛ նման լուսեղեն պատկերիդ մեռնիմ, Ա՛ղասի:

Լոռվա սարերը քեզ պահեցին, քեզ սիրեցին. Անու խարաբեքը քեզ ղվաթ տվին, հարամուց ազատեցին, բաս հենց վա՞թանն էր քոռացել, վա՞թանն էր խարաբ էլել, որ խորթ մոր պես իրան գլուխը պրծացրեց, քեզ մահու տվեց, քե՛զ, որ հազար տարի անց կենա, էլ քեզ նման զավակ Ո՛չ ունեցել ա, ո՛չ կունենա: Հինգ տարի բոլոր դո՛ւ էիր մեր դաշտերի, սարերի աստվածը, հազար գերի ու անճար քո՛ ձեռիցը իրանց կյանքը նորեն ստացան, բաս է՞նքան սիրտ էլա չուներ քո աշխարքը, որ մեկ սհաթ էլա քեզ պահեր, քո արևը էդպես շուտով չթո՞ղար մեր մտնի: Աչքերս Հասան խանը հանիլ տվեց. ոտ ու ձեռ նրան ղուրբան էլան, Ա՛ղասի ջան. երկինք ու երկիր ինձ համար հավիտյան խավարեցան, ջան ու զորություն վաղուց ինձանից ձեռք վերցրին, արեգակ ու լուսին վաղուց ինձ համար մեր մտան, ծնող, ազգական դեռ չե՛մ տեսել, որ սիրտս չէրվեր, բայց էլած շունչս էլ քե՛զ համար էի պահում, քառացած անկաջներս քո՛ ձենին էին հասրաթ մնացել, խավարած սիրտս քո՛ անունովն էր պայծառանում, մխիթարվում, քո անուշ ձենին էի մնում, որ մեկ լսեմ, հետո հոգիս տամ. քո լուսեղեն պատկերին էի կարոտ, որ մեկ գայիր, էն խավա՛ր զնդանին լիս տայիր, որտեղ ինձ պտի դնեին, էն սա՛ռը գերեզմանին շունչ տայիր, որ ինձ պտի ծածկեր, էն տեսնող- լսողին էրեիր, որ իմանային, թե դո՛ւ, դո՛ւ ես ինձ վրա սուգ անում, քո արևին մատաղ, հմիկ, ա՜խ, ի՞նչ կըլի, երկնքիցը մեկ կրակ ընկնի գլխիս, ինձ էրի, փոթոթի, կամ երկիրը պատռվի, ինձ նեքսև տանի, ա՜խ, ե՞ս պետք է քո սուգն անեմ, որ աչք էլ չունիմ. Ե՞ս պետք է քո վրեդ գամ, որ չե՛մ էլ տեսնում, հո՞ղը պտի ըլի քո գերեզմանը, թե՞ սիրտս, մարդիկ են մենակ վրեդ լալի՞ս, թե՞ սար ու ձոր էլ. գիշե՞ր ա, որ քեզ թաղում են, թե ցերեկ. արեգա՞կն ա աչքը բռնել, խավարել, թե՞ լուսինը, հրեշտա՞կք են քեզ շրջապատել, քեզ ողբում, թե՞ մարդիկ, երկընքո՞ւմն եմ քեզ հետ, թե՞ երկրումս, էդ սիրուն ջանիդ մեռնիմ, Աղասի՛:

Հերնումերդ առաջիս կանգնել, խնդում են, հրճվում են, քե՛զ են կանչում, թագ ու պսակ, լիս ու ծաղիկ քե՛զ վրա են վեր գալիս, քե՛զ պետք է զարդարեն, թագավոր ու նահատակ քո առաջն են եկել, բոլորը տեսնում եմ, բոլորի միջումն դո՛ւ ես արեգակի պես փայլում, բաս էս ի՞նչ տխուր ձեն ա, որ անկաջս ա ընկնում, բաս էս ի՞նչ կոծ, կսկիծ ա, որ վեր ա ըլում. բաս ո՞ւր ա Նազլուդ, ո՞ւր քո ջիվան երեխեքդ, որ թողել գնում ես, չե՛ս հարցնում, բաս էս ի՞նչ քարեր են, որ չոքած տեղս ծնկերս ջարդում, մաշում են. չէ՛, վա՜յ իմ գլխիս, արևիս. դո՛ւ ես երկնքումը, ե՛ս, ե՛ս, ողորմելիս միայն երկրումը, էս փուչ աշխարքումը, էս խավար տարտարոսումը, էս փշալից ձորումը, ե՛ս՝ առանց քեզ. Մոսին, ու ո՛չ Աղասին, մարմինն, ու ոչ հոգին, լաշը դարտակ, բայց ո՞ւր հրեշտակն: Քե՛զ հետ կյանք քաշեցի, առանց քեզ թո՛ղ չըլի. քո կողքին արևս բայց էլավ, առաջին՝ քոնը մեր մտավ, էս շունչը կրակ կդառնա, ինձ կէրի, էս հողը դժոխք կդառնա, ինձ կմաշի, էս մարմինը, որ ինձ պետքը չի՛, քե՛զ, թո՛ղ քեզ ղուրբան ըլի, քե՛զ, ինձ ո՞ւր ես թողում, դու գնում, ինձ ո՞ւր ես թաղում, դու թռչում, երկիրն մեկտեղ վայելեցինք, օրորոցում, չոլում դու էիր իմ կենաց ընկերը, դու՝ իմ սրտիս սիրեկանը, ես՝ քո ազիզ բարեկամը: Մկամ հերնըմեր, որ քեզ լաց չըլին, ազգական, սիրելի՝ վրեդ չկանգնին, բաս քո ջրատար Մոսին՝ քո պահած որդին, քեզ կուղարկի, ինքը կմխիթարվի՞, քեզ հոգին կտա, որ հետդ չի՛ գա՞, չէ՛ չէ՛, էդ սուրբ երեսիդ մեռնիմ, որ էլ չեմ տեսնիլ. դու գնա արքայությունը, ինձ տա՛ր դժոխքը, տա՛ր, էս աշխարքն էլ չի՛ կարող ինձ պահիլ. մարմնիս աչքը քեզ չի տեսնում, հոգուս աչքը հո բա՞ց կըլի, քո ջանին մեռնիմ, թե երկնքումն էլ քեզ չկարենամ խտտիլ, գրկիլ, հետդ խոսալ, մոտդ նստիլ, հրեշտակ տեսնելիս, գլխովդ շրջելիս, դրախտումը նայելիս, լիսն վրեդ գալիս, որ քեզ տեսնիմ, քե՛զ, Ա՛ղասի ջան. սուր խրեն սիրտս, էլի կխնդամ, կրակ վառեն գլխիս, էլի կցնծամ, տա՛ր, տա՛ր քո բարեկամն, թե չէ ես կգամ, որ ետ չմնամ... Ա՜խ...

— Ա՜խ, էս ո՞ւմ ձենն էր, որ լսեցի, քար առե՛ք, ա՛յ ջամըհաթ, ինձ սպանեցեք, սուր առե՛ք, ինձ թիքա-թիքա արե՛ք, — մեկ ձեն էլ Խալխի միջիցն վեր էլավ ու, հենց իմանաս, մեկ ամպ տրաքեց: — Մոսի՛, ո՛րդի, առաջ ի՛նձ սպանի, ի՛նձ թաղի, ա՜յ իմ կորած որդի, որ իմ ջանը հանեցիր, իմ սիրտը մաշեցիր, քո հալևոր հորը խեղճ արի՛, էս սպիտակ մազերը քեզ ղուրբան, բա՛լա ջան: Թո՛ղ մեկ շունչդ էլա առնիմ, է՜. վա՜յ իմ գլխիս, արևիս: Մո՛սի, Ա՛ղասի, երկի՛նք, քանդվեցե՛ք, աշխարք, հիմքըդ կործանվի՛: Հա՛սան խան, դժո՛խք, դժո՛խք, ինձ տարե՛ք, ինձ կերե՛ք: Մո՛սի ջան, բալա՛ ջան, դու ինձ թողիր, դե՛, կշտացի՛ր, ե՞ս պետք է քո հողը բուռն անեմ, էս չորացած ձե՞ռները պետք է քեզ թաղե՞ն, ընչանք ես գետինը չմտնիմ, քեզ երկնքումը տե՞ղ կանեն: Գնա՛ք բարով, ազիզ ո՛րդիք ջան, գնա՛ք բարով, սիրով ինձ էրեցիք, ես էլ էս սրով հոգիս ձեզ կտամ, մարմինս՝ հողին, որ ձեր առաջին, աստուծո բեմին, իրար հետ խնդանք, իրար հետ ցնծանք, իրար հետ տանջվինք, իրար հետ մաշվինք. գնա՛ք բարով՝ հերնըմերով, — ասաց ողորմելին:

Թուրը պսպղաց, արինը շռռաց, ամպը գոռաց, օրը խավարեց, թվանքները ճռռացին, դագաղները բարձրացրին, շարական ու երգ վերջացրին, ու Քանաքռու Վերի եկեղեցին էրկու հեր, էրկու որդի մեկ օրում, մեկ տեղում մինչև էսօրը առել՝ պահել ա իր սուրբ ծոցումը, որ դատաստանի օրը լիս քցի, իրանց փառքին հասցնի:

Գերեզմանն կորած, հողումը թաղված,
Աչքից հեռռացած, մտքից մոռացած,
Իրանք անլեզու, աշխարհն անիրավ,
Որ հայոց ազգիցն անթիվ ու անբավ
Էսպես քաջ որդիք խլեց, չկշտացավ.
Ո՛չ մատուռ նրանց գլխին կանգնեցավ,
Ո՛չ արձան նրանց անունը թողեց,
Ո՛չ ազգի միջումն հիշատակն լսվեց:
Դո՛ւ, քնքուշ Մուսա՛, որ ինձ շարժեցիր,
Իմ էրված սրտին զորություն տվիր,
Ա՜խ, Էնքան չառնիս հոգիս, չմեռնիմ,
Որ իմ ազգի սուգն անեմ, հետո մտնիմ
Քո թևի տակը, նազելի՛ Մուսա:
Քեզ թո՛ղ Աղասին, իմ սիրուն Մուսա,
Էնքան ամանաթ մնա, որ սրտիս
Մուրազն, ա՜խ, առնիմ, հետո ես գալիս՝
Իմ ագգի հսկայքն ինձ որ ճանաչեն,
Ինձ իրանց կշտիցն չզրկեն, չասեն.
«Անիրա՛վ որդի, մեր հողի վրա
Էնքան կանգնեցիր, կացար համեշա,
Մեր արի՞նը չէիր, որ չի՛ ցավեցիր,
Մեր արինը տեսած՝ դու մեզ չհիշեցիր»:
Ո՛չ, քեզ՝ Ա՛ղասի, սիրուն իմ Մուսա,
Որքան շունչս, արինս դեռ իմ վրես ա,
Ինձ քուն ու հանգիստ, ինձ փառք ու պարծանք
Ես էն կհամարեմ, որ իմ բոլոր կյանքն
Զոհ տամ իմ ազգին, որ ձեր առաջին
Ես, ա՜խ, պարզերես լինիմ, երևիմ,
Ձեր գերեզմանին, սուրբ հողին մեռնիմ:



ԶԱՆԳԻ



Ինչպես մեկ կատաղած վիշապ՝ երկնքիցը թռած, գլխիվեր ճոլոլակ, մեկ տուտը Սևանի հանդարտ ծովումը, մեկ տուտը Արազի քրքրված ղրաղումը, սար ու ձոր կխչոր տալով, քանդելով, տապալելով, քափ ու քրտինքը բերանը կոխած, գզզված, մազերը քյալլին ցցած, կապը կտրած, գժված, ռեխն ավազով, քարով, զիբիլով լիքը, էս կողմն, էն կողմն փընչացնելով, ճոթռելով, ջարդելով, տակ ու ղրաղ ծամելով, բրդելով՝ մեկ թևն իր ծոցի, էն սև՛, մութն ու չանգը կոխած, խևանդ-խևանդ կտրատած փորն ու դոշը բաց արած, ծառով, թփով զարդարած ձորի գլխովը քցած, մեկ թևն էն նե՛ղ, չո՛ր, տխո՛ւր կաքավասարի տակիցը որ ական թոթափել դուս չի՛ պրծնում, վազում, — ու հրո՛վ, սրո՛վ, բոցո՛վ, բրո՛վ, փռնչալով, մռնչալով, խոնչալով, քարի, քարափի գլուխ վե՛ր հատելով, իր փորը խցկելով, վեմ, ապառաժ իրար ծեծելով, կայծակին տալով, ճչալով, ճռնչալով, թնդալով, դղրդալով, — ցած ափները, սասանահար գետինը պոկելով, պռճոկելով, քրքրելով, քրքրվելով, կենդանի, անկենդան, իսան, հայվան գետնին զարկելով բամբաչելով, խլացնելով, քառացնելով, սրսրթացնելով, վրվրթացնելով՝ վառված, կրակված աչքերը արնով լիքը, յալը ցցած, ատամները ղրճտացնելով, կրճտացնելով, դաշտ ու տափ դրմբացնելով, դրնգացնելով, դմբդմբացնելով, դնգդնգացնելով, ու կայծակի թուրը բերնին բռնած, վրա պրծած որ չի՛ գալիս ամեհի Ջանգին ու Ձորագեղ մտնում, որ Հայաստանի սուրբ գետինը ոտնատակ տվողին, մեր նախնյաց մաքուր գերեզմանները քանդողին, կործանողին, մեր նահատակաց սուրբ, անմեղ, արդար արինը թափողին, կխչորողին, մեր Աստվածաբնակ տաճարները, եկեղեցիքը ավերողին, ապականողին, մեր հոյակապ թախտերը, քաղաքները խլողին, փչացնողին, մեր անճար, օրվան հացին կարոտ, եթիմ, ցրված, սասանած, գերի ընկած, հարամու, թշնամու ձեռին կոտորված, երկրե-երկիր կորած, փչացած, խեղճ, անտեր ազգի տունը քանդողին, հողի հետ հավասարողին՝ ու մեր չար հարամու բունը, անօրեն թշնամու տունը, մեր արինը խմողի թախտը, մեր աշխարքը քանդողի ամարաթը, նրա արինաշաղախ բերդը, նրա ոսկորաշեն բուրջը, նրա գողաբնակ տեղը, նրա գազանաբնակ հողը՝ քանդի՛, տապալի՛ Փշրի՛, ավերի՛, տակ ու գլուխ, գլուխ ու տակ անի՛, քարեքար, պատեպատ տա՛, հիմնատակ, բրիշակ անի՛, կլանի ու՝ նրանց միջի ըլողներին, դրսի, թաղածներին, գլխումը բուն դնողներին, տակումը քուն մտնողներին՝ քշի՛, տանի՛, սրբի՛, ողողի՛, թիքա-թիքա, փառչա-փառչա անի՛ ու մեր խեղճ աշխարքի, մեր ողորմելի ազգի աղի արտասունքը սրբի՛, էրված, խորովված սիրտը հովացնի՛, զովացնի՛, մեր հազար տարվան թունալից, անբժշկելի յարեն կտրի՛, վերջացնի՛, որ հազարների, բյուրավորների ցավամաշ հոգին ուտում, կեղեքում, մաշում, տոչորում, սաղ-սաղ, դալար ու զվարթ՝ էս անգո՛ւթ ազգին, անողո՛րմ գազանին շատ տարի, շատ դար ղուրբան էր տալիս, վերջացնում:

Գիշերվան մութը գետինն առած ժամանակին, որ մարդ իր շվաքիցն էլ սասանում, սարսափում ա, ու բազի դիվահալած, մահատագնապ անցավոր՝ երեսին խաչ հանելով, Հավատով խոստովանիմն ասելով, սրբոց, մարգարեից անունը տալով որ Զանգվի կարմնջի վրովը անց չի կենում ու Կոնդի չոր դարդուսը նի ըլում, սարսափը ջանն աոած, լեզուն բերնումը սառած, աջու կողմն՝ Երևանու զարհուրելի բերդն ու թուրքի գյոռխանեքը (գերեզմանատուն), ձախու կողմն՝ գնդերը, ջաղացները, որ չեն ձորումը թխթխկացնում, չխչխկացնում, ու փոքր ինչ հեռու չանգը կոխած, կամարակապ համամները ու տխուր Ձորագեղը՝ փոսումն ընկած, ձենըները փորըները քցած, առաջին՝ Երևանու Շհարը, տրտում, դառնավարամ սգի քողն երեսին փռած, — որ չե՛ն երևում, հենց իմանաս, բոլորն անդունդն ա գնում, բաթմիշ ըլում, քանի մարդ բարձրանում ա, վեր ըլում, — ու հեռըվանց որ արթուն շները տների կտրներիցը չեն վնգվնգում, օռնում, հաչում, ղշղրու տալիս, էլի ձենները փորըները քցում, բարակ ձգում, զլում ու քթերիցը իրանց տխուր, սարսափելի կոնգոռնալը դուս թողում, նվում, -որ սուր — սուր սարերի, թափեքանց գլխներիցը, տակըներիցը սովամահ գիլանը ֆորսի հոտն առած, փրփրած, անկուշտ բողազներն ու ռխըները չե՛ն բան քցում, ոռնում, շան պես կոնձկոնձում, որ նրանց խաբեն, մոտ գան, ներս մտնին՝ կամ իրանց գզգզեն, պատառեն, խեղդեն, դաղըթմիշ անեն, կամ մեկ անմեղ գառն, մեկ կաթնակեր, ճամփեն մոլորած, տունը կորցրած ֆորթ, կամ մեկ նախրիցը ետ ընկած, քուչում կամ քարի տակի կուչ էկած արդար կով, կամ առըխ յաբու, կամ ծնած ղսրաղ, կամ մեկ բեզարած, իրան համար հանգիստ, խաթրջամ նստած արոճող ոչխար գտնեն ու լափեն, կամ մեկ շատ բանացրած, հալից իսպառ ընկած, տիրոջիցը խռոված, տանից դուս արած, էստեղ-Էնտեղ չոր-չոփ, ծերը սուր փուշ կրծելով, ծամելով, ղոթուր անկաջները թափեթավ, տալով, իր սև օրիցը բեզարած, ձեոք վերցրած, անատամ, անպոչ, անլեզու, հայվան՝ մեկ խղճալի է՛շ, պարապ ռաստ բերեն, հետը խաղան, ծլունգ-ծլունգ ըլին, ջահելությունը միտքը քցեն, որ մեկ քեֆը բացվի, սազը քոքի, ու հետո իրանք իրանց բանը տեսնին, մաքրազարդեն: Սրանց սոսկալի ձենի հետ էլ որ ձորերի միջիցը, քարափների արանքներիցը, ապառաժների գլխներիցը, բաշերիցը, թփերի, քոլերի տակերիցը, դզերիցը, չոլերիցը, բներիցը մեկ կատաղած արջ կամ խորամանկ աղվես, կամ վախլուկ չախկալ, կամ մեկ ամեհի քաֆթառ, կամ գլխիցը ձեռք վերցրած ալապաստրակ իրանց սոսկալի, զարզանդելի ձեներն իրար չեն խառնում, գոռում, մոռում, բըռռում, մնկմնկում, ճնկճնկում, ճչում, խառանչում, բառանչում, բղղում, ճղղում, — կամ անքուն աքլորները իրանց տիրոջը կամենալով արթուն պահպանիլ լեղապատառ, սասանահար վախտ-բեվախտ որ չեն թրպըրտում, թևըները թափեթափ տալիս ու ճղլանի ձենները նեղ բողազներիցը՝ մեկ խոր ձորից, մեկ փոսից, մեկ բաշից յա կտրից հանում, կանչում, անկաջ դնում, էլ ետ ծղրտալով կանչում, — կամ հիմիկ ռսի սալդաթը, էն ժամանակը թուրքի ղարավուլ սարվազը, ինչպես գերեզմանիցը նոր դուս էկած, դիվանոնց ճանկն ընկած, ոտ ու ձեռը կապած, սարն առաջին հանած, մահապարտ մեղավորի պես որ ուզում ըլին՝ հոգին հանեն, թե բերանը բաց անի յա ծպտա, սևամորթ փափախը խոր, քիթը քցած, աչք ու ունքը կալած, ծանր, կամաց, սուս, փուս ոտները փոխելով, աչքերը տրորելով, քնահարամ արշտոտալով մեկ մութը պուճախից կամ մեկ բուդկի տակից որ գլուխը չի՛ հանում ու խուլ, խոր, զարհուրելի, փորն ընկած ձենով «Սլո՜ւ-շա՜յ» կամ «խաբա՜ր-դա՜ր, սա՜ր-հե՜-սա՜բ» գոռում, կանչում, որ քամին մեկ կողմից, բուքն ու բորյազը մյուս դեհից, ինչպես կատաղած դահիճ, սրարձակ ղամշով, մաթրախով, թոփով, մզրախով՝ սարերի գլխըներիցը, ձորերի միջիցն թո՛զ, ա՛վազ, հո՛ղ, ա՛ղբ, զի՛բիլ առաջն արած՝ փոսերիցը հանում, պատեպատ չի՛ տալիս, գետնիցը պոկում, քարափին խփում ու՝ ծառերը ջարդելով, խոտերը ճոթռելով, գետինը ճղելով, մեկ ճուղք մյուս ճղքի, մեկ պատ մյուս պատի, մեկ տախտակ մյուսին չի՛ սաստիկ կպցնում, թրխկթրխկացնում, զրխկզրխկացնում, մեկ էս քարափին քարով բռնցքում, մեկ էն սարի գլխին դմբզում, բամբաչում, զրխկացնում, թրխկացնում ու մեկ կիտուկ հող, ավազ՝ շունչդ քաշելիս կամ աչքդ բանալիս, էրկու ձեռով բերանդ ու բաց քիթդ չի՛ խցկում, լցնում, շունչդ կտրում, քիթդ կալնում, փակում, աչքերդ խավարացնում ու անկաջիդ տակին թոփի գյուլլի պես կամ սուր նետի նման վզվզալով, դզդզալով ետ դառնում շուտով, երեսիդ Էնպես խփում, որ աչքերդ մթնած՝ կեծակին են տալիս, ու դու տեղնուտեղդ չե՛ս շշմում, շշկլում, թմբըրում, սասանում, քար կտրած մնում ու սառած կանգնում, ու աներևույթ թշնամիդ էլ ետ ձին չափ քցած, էլ ետ հրեղեն բոցով որ չի՛ սարերի, ձորերի ջանին ղաստ անում, հասնում, թակում, մեյդանը բաց անում ու՝ թնդում, դղրդում, շաչում, շառաչում, ճայթում, կատաղում, փրփրում, խռնչում, դռնչում, գլուխը թափեթափ տալիս, նայում, ձենը կտրում, որ աչքդ կիրացած, ջանդ սասանահար, խելքդ թռած՝ հանկարծ, ինչպես մեկ խոր քնից, գլուխդ ահիվ, սասանմամբ չե՛ս բարձրացնում, առաջըդ քցում ու՝ ամեն մեկ խորից, փոսից, ամեն մեկ ճեղքից, մութը արանքից էս կողմն, Էն կողմն՝ հեոու տեղերից, ծառերի տակից, բաղերի միջից, սարերի գլխից, զանգվի ղրաղներիցը ծիրանի փետի չաղ ալավը, կրակի վառ բոցը հրեղեն ձողու պես վռվռալով, խավար գիշերը թրի պես ճղելով, սև մութը, թանձրամած ծուխը, պեծն ու վառ կայծակը վերըվեր չե՛ն խփում, ձորերն ու երկինքը կրակում ու՝ խավարը կոխած սև խոռոչների, բերանները բաց էրերի, օձի պես ոլորված ճեղքերի, քաջքի պես ճոլոլակ էլած, չանգըները դես ու դեն քցած, մազերը խճճված, ծամերը կախ ընկած, դոշ ու ծիծ ետ ճոթռած՝ բարձր ծառերի, դիվի պես երեսը դեմ տված կանգնած, անահ, անվախ, սուր, ցից, իրար վրա թինկը տված, երես-երեսի դրած, բերան-բերնի խփած, խավարադեմ ծոցըները բաց արած, ատամները սրած զարհուրելի քարափների սոսկալի սֆաթները չե՛ն բաց անում ու էլ ետ խփում, ու էլի՝ խելքը ցնդած, ընկնավորի (թուլացկոտ) պես շատ թրպրտալուց, ծեծվելուց, դես ու դեն գլորվելուց, ղրճտացնելուց, ղնջռտացնելուց հետո իրանց-իրանց էլ ետ աչքըները չեն խփում, տազ անում, անշունչ, անսաս մնում, դադարում:

Ու է՛ս հադաղին, է՛ս սարսափելի սհաթին, որ բազի վախտ էլ երկինքը իր ալեկոծությունը չի՛ սկսում, սարերը ջարդում, ամպերը տրաքացնում, կեծակի լախտին աշխարքի չորս կողմի գլխին վեր հատում, փշուր-փշուր անում, ու Զանգին, սարսափելի Զանգին էլ որ մեկ կողմից չի՛ գոռում, մռնչում ու թուլ ձեռները, անկազմ ոտները քարեքար տալիս՛ թոզ, դուման անում, բառանչում, ու քամու վզվզոցը, երկնքի տրաքոցը, քարափի ճռճռոցը, սարերի դրմբդրմբոցը, ձորերի դրնգդրնգոցը, ծառերի խշխշոցը, էրերի խռնչոցը, դնգերի, ջաղացների թրխկթրխկոցը, գետնի զրզնդալը, տների թնդալը, պատերի տրաքտրաքոցը, շների, գիլանոնց, արջերի, ղարավուլների, աքլորների ծղրտալը, ճչալը, ծվալը, բառանչիլը, խառանչիլը, վնգվնգոցը, կոնձկոնձալը, ճնկճնկալը իր ահագին ձենի հետ չի՛ խառնում, ոլորում, փորը քաշում, էլ ետ, մեկ րոպեից հետո, հազար կողմերով դուս փչում, ցանում ու սարերի, ձորերի, քարափների բերանը էլ ետ լեզու դնում, էլ ետ շունչ տալիս, որ իր քաղցր ձենը քաշեն, դամ անեն, իրանց դժոխային քեֆն արամիշ անեն, պար գան, ծափ, ծիկա տան, ծղրտան, ղիժինա քցեն, քեֆ անեն, խնդան, ցնծան, էս հադաղին, որ աստված ո՛չ շհանց տա, մեկ անծանոթ անցավոր որ Կոնդի դուզը չի՛ նի ըլում յա Ապրանքափոսիցը վեր գալիս, որ Զանգվի վրովն անց կենա, աչքը շաղվում ա, գլուխը շվարում, ու հենց իմանում ա, թե մեկ ահագին սար վրեն փուլ Էկավ: էլ ո՛չ աոաջն ա տեսնում, ո՛չ ետևը: Քարացած, փետացած՝ մնում ա տեղնուտեղը սառած, ցցված: Ինչպես երազում՝ մեկ հեռու, խոր տեղից մեկ խուլ ղղրդոց անկաջդ ընկնի, ու հենց իմանաս, թե երկինք, արեգակ, լուսին, աստղեր իրարոցով դիպան, փշրեցին, փշրվեցին, կոտրեցին, կոտրվեցին ու գռգռալով, գոռռգոռալով, պատռելով, պատռվելով վեր թափեցին, ու՝ անդո՛ւնդ, դժոխք, արքայություն, տարտարոս, հրեշտակք, դիվանք, սերովբեք, քերովբեք, Սադայել, Սադանայել, սասանած, սփրթնած՝ հրեղեն սրով, բոցեղեն թրով, ամպով, կայծակով թոթափում են, վեր ընկնում, որ աշխարհս վերջացնեն ու հետին դատաստանի տեղը պատրաստեն, որ Աթոռ աստվածությանը իջանի, բազմի ու անիրավ մարդիցը հեսաբ պահանջի, որ հենց իմանում ա, թե աշխարքն իրն ա, ինչ ուզենա, է՛ն պետք է անի,— էսպես ա ողորմելի անցավորի հոգին ու սիրտը խառնվում, երկրից երկինքը գնում, իր վախճանը տեսնում ու արյան քրտինքը երեսիցը՝ մեղա, ասելով, իր մեղքն հիշելով սրբում, երբ աչքի առաջին կամ Քանաքեռ ա բացվում, կամ Նորագեղի դուզը:

էսպես մեկ սարսափելի գիշեր էր, որ Ապովենց Հարությունը՝ Քանաքռու ազնվական անձանց մեկը, Ապրանքափոսիցը դուս էկավ, մտավ իրանց մենծ իգին, տեսավ կատեպանները (բաղմանչի) բոլոր քնած են, էլ ղիմիշ չարավ, որ նրանց վեր կացնի, ինքը, քյահլան ձին տակին, ասեց՝ մեկ Գորգոչանը դիպչի յա բանդը գնա, տեսնի, թե ջուրն ընչի՞ չի՛ գալիս: Մութն էնպես էր գետինն առել, որ մատդ կռխեիր մարդի աչքը, չէ՛ր իմանալ: Բայց բոլոր քարերն էլ, որ բերանները բաց անեին, նրան չէ՛ին կարող վախացնիլ, է՛ն աներկյուղ սիրտն ուներ մեր քաջ հայազգին: Թուրք ու հայ էսօր էլ կասեն, թե նրա ո՛չ սրտին, ո՛չ լեզվին սարն էլ չի՛ դիմանալ: Բաղերի գլխովը տվեց մեր սրտոտ իգիթն ու հասավ Գորգոչանի գլուխը, ջրի բաժանվելու տեղն էս էր: Տեսավ, որ էստեղ էլ ա ջուրը պակաս: Հենց Վերի եկեղեցու գլխովը պտտեց, որ մեկ բանդին հասնի, ջուրը կապի, աչքը որ ետևը չքցեց, մնաց տեղնուտեղը սառած: Չէ՛ր գիտում, թե ի՞նչ տեղ ա: Ուզում էր ետ դառնա, սիրտը չէ՛ր տալիս, ամոթ էր համարում իր գլխին. ձիուն էր զոռ անում, ձին անկաջները խլշացնում, փընչացնում էր, ետ վազում: Չորս կողմը բոլոր մութն ու խավարը կոխել էր, բայց եկեղեցու գլուխը արեգակի պես փայլում, ճաճանչում էր:
Аватара пользователя
Lusine1101 (Автор темы)
Частый посетитель
Частый посетитель
Информация: Показать детали



Вернуться в Վեպեր



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз