Текст:
Շատ անգամ սիրտը բերանն էր գալիս, որ իր ցավերն ասի, ամա լեզուն չորանում էր, պապանձում, երեսը կարմրատակում, չէ՛ր գիտում, թե ի՞նչ ջուղաբ տա. դողդողալով սարերն ու ծառերն էր նրան նշանց տալիս: Ընկերքն էլ էին մնացել մաթալ, որ մի ֆռսանդ էր ճարում, էլ հաց ու ջուր միտքը չէ՛ր բերում, գլուխն առնում, կորչում, ու սար ու ձոր պետք էր ոտնատակ տված, որ նրան մեկ տեղ քնած քթել էին:
Մեկ օր էլ էսպես Մուսին ման էին գալիս, որ մեկ քարափի տակից էնպես մեկ ձեն էկավ, որ մարդ լսելիս՝ ջանը վրեն սրսռում էր: Քամին ձենը ձորն էր քցել, ու քարերն էին խոսքերը ետ ասում:
ԲԱՅԱԹՈԻ ԳՈԻՆՈՎ.
Հրեշտակ էիր, որ ինձ երևեցար, ա՜խ, ինձ երևեցար,
Երկրո՞ւմն ես ծնվել, թե՞ երկնքիցն էկար,
Մեկ ջան ունեի, էն էլ դու տարար,
Ա՜յ իմ սուրբ պատկեր, արի՛, հոգիս ա՛ռ: Ա՜խ, հոգիս ա՛ռ...
Մեռնիմ՝ չե՛ս տեսնիլ, կորչիմ՝ չե՛ս ման գալ,
Սո՛ւր կոխեմ սիրտս, դու չե՛ս իմանալ.
Ո՞ւր կորչեմ, որ էս անողորմ չանգալն
Սիրտս չխրվի, չթողա ինձ լալ: Ա՜խ, չթողա...
Երա՜զ թե քուն ինձ, ա՜խ, մահ են դառել,
Իմ սև օրս՝ գիշեր, կյանքս խավարել.
Ի՞նչ պետք է, անեմ, ո՞ւր եմ ապրում էլ,
Թե ոտիդ տակին մատաղ չե՛մ ըլիլ: Ա՜խ, մատաղ...
Ամպին իմ սրտիս դարդերը պատմում,
Ցրվում, գալիս չի՛ ու քեզ ետ ասում.
Քար ու սար աչքիս աղի արտասունքն
էլ ետ սիրտս ածում, էլ ետ ինձ էրում: Ա՛խ, ինձ էրում...
Քանդեցիր անմեղ իմ հանդարտ հոգին,
Կրակ քցեցիր իմ ջանն ու մարմին.
Թե հրեշտակ էիր, ո՞ւր էն սուրն, էն կրակն.
Խրի՛ր իմ սիրտս, թափի՛ր իմ գլխին: Ա՜խ, թափիր...
Կգա՛մ, հո՛գի ջան, կգա՛մ քո ոտքը,
Քեզ մոտ ա սիրտս, քեզ հետ՝ իմ միտքը.
Բայց ի՞նչ տեղ ես քո աննման դեմքը
Տեսնիմ կատարեմ իմ տված խոսքը: Ա՜խ, իմ խոսքը...
Որ ընկերքս էլ ինձ, ա՜խ, քոմակ չըլին,
Երես դարձնեն ու չըլին խոսքըմին,
Կընկնիմ սարեսար ու քո հավարին
Կըհասնիմ, դարդ չանես, քեզ մատաղ ըլիմ:
Ա՜խ, քեզ մատաղ...
Թո՛ղ մեկ էլ տեսնիմ քո սուրբ պատկերը,
քո սուրբ պատկերը.
Թո՛ղ մեկ էլ տա ինձ բաժակ քո ձեոը,
Մեկ շունչդ առնիմ, ընկնիմ սարերը,
Քեզ մատաղ անեմ իմ գլուխս, իմ օրը:
Ա՜խ, իմ գլուխս...
Ասեց ողորմելի պատանին ու սկսեց գլուխը քարին դնիլ:
Արեգակն ուզում էր մեր մտնի: Աղասին, որ թաքուն ետևիցը դուս Էկել մեկ թփի տակից անկաջ էր անում, սիրտը էրվում, չուզեց ողորմելու քունը խառնի, մնաց քարի վրա նստած ու աչքը իր ազիզ ընկերի աչքին քցած՝ սկսեց իր դարդերը միտքը բերիլ, իր ջահելությունը ֆիքր անիլ ու մտքումն ասել. «Ա՜յ ջիվան, ջիվան տղա՛, լավ իմանում եմ՝ ի՞նչ թուր ա Էկել, սրտիդ դեմ առել. ի՞նչ կրակ ա ընկել, լերդդ էրում ու ջիգյարդ. Բայց ի՞նչ անեմ, ընչի՞ չես սիրտդ ետ բանում, որ մեկ քո ցավդ իմանամ ու էլած կյանքս էլ քո ուղուրիդ մատաղ անեմ: Ա՜խ, լավ եմ իմանում, ա՛զիզ ջան, որ սիրո թևը երեսիդ քսվել, սիրո նետը քեզ էլ ա դիպել, բայց ընչի՞ չես պարզ ասում, որ գուխս ետ դնեմ, սիրածդ գետնի տակին էլ որ ըլի, հանեմ, ձեզ ձեր մուրազին հասցնեմ ու ես էլ ձեր ոտի տակին հոգիս տամ: Մեր ու նշանած գլխիս կրակ են ածում, սար ու ձոր ինձ, քիչ ա մնում, ուտեն, մեկ քար չունինք, որ գլխըներս վրեն դնենք, էլի դու, ո՜վ սեր, ո՜վ բնություն, ուզում ես ցույց տալ քո զորությունը: Ա՜խ, ո՞ւր կորչի մարդ, որ քո ձեռիցը պրծնի, քո ցավը չտեսնի: Առաջ վառում, բորբոքում ես մեր սիրտը, հետո էրում, խորովում, առաջ վարդի հոտով գալիս, մեր սիրտը մտնում, հետո փուշ ու սուր դառնում, մեզ կտրատում»:
Էս խոսքերը միտք անելիս՝ բիրադի անկաջն ընկավ.
— Հա՛, Հռիփսիմե ջան, քո ջանի՛ն ղուրբան, քո սրբի անունը կտամ ու էգուց, էգուց Ղարսա սարերումն ինձ կտեսնիս:
Աղասու էրված սիրտն էլ հենց է՛ս էր ուզում իմանա: էնքան կացավ, որ սիրելին քնից կշտացավ, ու իրան-իրան որ աչքը չի՛ բաց արեց Մուսեն, վրա թռավ, ճտովն ընկավ, կպցրեց նրան դոշին ու լալով ասեց.
— Ա՜խ, ա՛չքի լիս, որ սրտումդ էդպես դարդ ունիս, հենց իմանում ես՝ քա՞ր եմ, որ ինձանից բան ես թաքցնում: Չէ՛, էնպես ես կարծում, թե էս իմ խորոված ջիգյարը, որ էլ սաղ տեղ չունի, քո դարդի համար էլ տեղ չի՞ քթնիլ, քո ցավը չի՞ քաշիլ, էլած շունչս ու ումբրս քե՞զ չեմ տալ: Հենց իմանում էի՝ աստվածանից դու բան կթաքցնես, ինձանից չե՛ս թաքցնիլ: է՞դ ա քո սերդ ու սիրտդ: Հենց իմանում էիր, թե Աղասին էնպես մեռել ա, որ քեզ համար մեկ ա՜խ էլա չի՞ քաշիլ, քեզ համար մեկ կաթ արտասունք էլա չո՞ւնի: Հերնըմերս, ղորդ ա, մահվան դուռն են հասել, նշանածս, ո՞վ ա գիտում, հողի տակին ա, թե երեսին, ամա քանի նրանց ձեռս չի՛ հասել, ե՞րբ կթողամ ձեր մեկի աչքը ցավի, ձեր մեկի մազը թեքվի: Մինչև ես մեռնիմ ո՛չ, մինչև ինձ թիքա-թիքա չանե՛ն, ձեզ կթողա՞մ, որ մեկ ղուշ անց կենա գլխըներիդ վրա: Վե՛ր կաց, երեսդ սըրբիր, ինձ ուղիղ ասա՝ էդ քո ջանը հանող Հռիփսիմեն, էդ հրեշտակն ո՞վ ա, որ քեզ երևացել ա, քեզ տանջում, մաշում, ու դու մեզ բան չես ասում:
Հազար սար ու ծով մեր մեջն ըլի, էլի կթռչիմ, նրան կհանեմ, կբերեմ, թաք ըլի դու դարդ չանես, երեսիդ մեռնիմ: Ասում ես՝ Ղարս ա: Էդ հո երկու ոտը տեղ ա, դրա համար էդքան պետք է է՞րված: Վե՛ր կաց, դեռ երեխա ես, դեռ գլխիդ բաներ չի անց կացել շատ, որ մարդ ճանաչես: Վե՛ր կաց, էլ ամաչելու, գլուխը կախ անելու վախտը չի՛:
Մուսի աչք ու երեսը կրակ էր դառել ամոթու, չէ՛ր իմանում, թե իր մեծահոգի բարեկամի ո՞տներն ընկնի, թե՞ ձեռը համբուրի: Արտասունքն ու դամարի սաստիկ խփիլը ցույց էին տալիս, որ Մուսին ուզում էր ասի, լեզուն չէ՛ր բռնում, բերանը փակվում էր, պապանձվում, որ ձեն տա. ««Ա՛ղասի ջան, յա մորթի՛ր ինձ, յա սպանի՛ր Էստեղ. յա ասածս արա, իմ մուրազին հասցրո՛ւ. Հռիփսիմեն որ չըլի, էլ ինձ ո՛չ կյանք ա հարկավոր, ո՛չ օր. նրա շունչը որ չառնիմ, ես ինքս իմ շունչս բերնիցս կհանեմ, կկտրեմ, նրա աչքը որ աչքիս չառնի, աչքս կփորեմ, դեն կքցեմ: Դո՛ւ ես իմ տերը, իմ աստվածը. իմ ձեռս քո փեշն եմ քցել, յա ձեռս կտրի՛ր, յա գլուխս, յա իմ մուրազը անկատար պետք է չթողաս, պետք է ինձ սաղ-սաղ չէրես, չփոթոթես»:
էսպես՝ որ ձեռք-ձեռքի ետ էին դարձել, գալիս էին, Աղասին իր սիրելու զլուխը դոշին կպցրած քաշում էր նրան, քանց թե բերում, մյուս ընկերքն էլ, որ սաղ գիշերը չէին քնել դարդու, ուրախ-ուրախ վազեցին առաջ, հենց իմացան արեգակը նոր ա բացվում, էկան, էրկուսին էլ մեջ արին ու չադիրը գնացին: Սարըցիք էլ ուզում էին, որ ուրախությունիցը հոգիները տան:
Աղասին մտածման մեջ ընկած, աչք ու ունք կիտած` չադիրը մտավ թե չէ, տղերքանցը իշարաթ արեց, որ ձիանը հավաքեն, յարաղ-ասպաբ հազիր անեն, որ էն գիշեր դուս պետք է գնան: Չէ՛ր ուզում, որ մարդ իմանա, վախում էր, թե իրան բռնեն, չթողան: էն իրիկունը բոլոր սարըցոնցը գլխին հավաքեց, նրանց խոսքով արեց, որ կասկած չտանին, հազար բերնով իր շնորհակալությունը էնպես էր ուզում ցույց տա, որ նրանք ո՛չ նրա միտքը իմանան ու, թե փախած ըլի, չասեն, թե ի՞նչ վատ մարդ էր նա, որ մեկ դարտակ շնորհակալություն էլ նրանց չասեց: էնքան աղ ու հացըները կերավ, բոլոր ոտի տակ տվեց ու վեր կացավ, փախավ: Շատ էին նրան աղաչել ու լալով ասել, թե նա նրանց միջումը մնա, իրանք իրանց կերթան, կնյազին կխնդրեն, որ իրանց ուզբաշին, իրանց կառավարիչը նա ըլի, ու ասում էին.
— Մենք գիտենք, թե ի՞նչպես հոգի կտանք քեզ, որ արարած աշխարհ իմանա, թե հայի ազգումն էլ սիրտ կա, հայումն էլ ռաշիդ տղամարդին աստծու տեղ պաշտիլ գիտեն:
էս իրիկուն էլ գլխին ժողոված մեծ ու պստիկ էլի էն էին ասում ու վրա բերում, թե որ նա իրանց միջիցը հեռանա, աշխարք նրանց համար քանդված ա, ու նրանց աչքն էլ արեգակին ուղիղ չի՛ մտիկ տալ, նրանց սիրտն էլ լավ օր չի՛ քաշիլ: Քանի նրա ասած խոսքերը, նրա տեհած բաները տեսնին, կուզեն, որ էրթան, ջուրը թափին, նրանց օրն ու ումբրը կսևանա: Ամեն Էսպես խոսք լսելիս՝ ինչ Աղասու բերնիցն էր դուս գալիս, լեզու պետք է ըլի, որ պատմի. սիրտ պետք է ըլի, որ իմանա: Տեսավ, որ անմեղ սարըցիք հենց նրա բերնին են կարոտ, ուզում են, որ սաղ գիշերը նրա կշտիցը չհեռանան, նրա մոտին նստին: Հա՛, շատն էլ էկել, գլուխը նրա գոգին էին դրել ու երեսին մտիկ անում, ասածն իմանում. աղջիկ ու հարս էլ չադրի դուռն ու ղրաղն էին կտրել ու ա՜խ քաշում. տղերքանցն իշարաթ արեց, որ ձիանները հազրեն, առավոտը ֆորս պետք էր գնար, գան, մի քիչ քնին, դինջանան, ամեն բան հազիր ունենան, ու ինքն էլ գլուխը թեքեց, որ սաքի թե աչքը կպցնի, խալխը քաշվեցին, բարի գիշեր ասացին, ու ամեն մարդ իր չադիրը գնաց:
Հենց աղոթարանը կարմրատակեց, ու ամպերն սկսեցին գլխըները քիչ — քիչ սարերիցը բարձրացնիլ, տղերքը ձիանը թամքեցին, յարաղ — ասպաբ քցեցին, Էկան, չադրի դռանը կանգնեցին: Աղասու ձին ոտին-գլխին էր անում: Սարերի ծաղկըները ու ջուրը նրա միսը անկաջովն էին դուս բերել, Էնքան չաղացել էր: Ընչանք սարըցիք վեր կկենեին, որ իրանց կով ու ոչխար կթեն, նրանց ղոնաղները մնաք բարով ասացին, ձիանոնց գլուխը ծռեցին ու թռան: Աչք էր, որ ետևներիցը մայիլ էր մնացել, սիրտ էր, որ ասում էր իր միջումն՝ երանի՜ նրան, որ Էսպես զավակ, Էսպես փեսեք կունենա: Սարը բարձրացան թե չէ, Աղասին, որ ման էկած սարերին ու ձորերին, իր տեսած ծաղկներին ու աղբրներին, իրան սրբի պես պաշտող անմեղ սարըցոնց օրեքանցը մտիկ չարեց, խելքը թռավ, աչքերը լցվեց ու սկսեց բարակ ձենով էս բայաթին ասել:
Բարո՛վ մնաք, բարո՛վ, սարեր ու ձորեր,
Ալվան ծաղկըներ, սիրուն աղբըրներ,
Որ ինձ պահեցիք դուք էսքան օրեր,
Ա՜յ անմեղ հայեր, սիրուն աղջըկներ:
Աղասին բալքի ձեզ էլ չտեսնի,
Աղասին ձեր վրա, կըլի, էլ չքնի,
Ձեր հոտը չառնի, ձեր կշտովն չանցնի.
Ձեր ձենը չլսի, ձեզ կարոտ մեռնի:
Հալալ արե՛ք նրան ձեր աղ ու հացը,
Քանի նա ձեզ մոտ կանգնած՝ իր լացը
Ծոցն ա հավաքում, քանի աչքը բաց՝
Ձեզ միտքը բերի, օրհնի ձեր արածը:
Ա՜խ, ի՞նչ կըլեր՝ ոտս կոտրեր, էստեղ չգար,
Ձեր ազիզ երեսն չտեսներ, էսպես չլար.
Ի՞նչ կըլեր՝ աստված ամեն մարդի տար
Ձեր անմեղությունը, ձեր հալալ պաշարն:
Երաբ, յարալու սրտիս ասածը
Կպահե՞ք ձեր մտքումն, թփե՛ր բաց էլած.
Ձեզ վրա ման գալիս՝ ձեռ-ձեռի տված
Աղջիկ ու հարսներ, ձեր մոտին նստած:
Սիրո՛ւն աղբրներ, լաջվա՛րդ ծաղկըներ.
Երա՜բ, որ նրանք ձեզ քաղեն, ծոցերն
Լցնեն, հոտ քաշեն, զարդարեն դոշերն,
Իրար տան, կապեն փունջ ու պսակներ,
Մեկ-մեկու ասեն՝ մեզ չմոռանա՛ք.
Պահի՛ր էս ծաղիկն քեզ մոտ հիշատակ,
Երա՜բ, իմ լացս էլ դուք չե՞ք մոռանալ,
Ու ձեր հոտի հետ իմ սուգս նրանց տալ,
Նրանց իմ օրհնությունն, իմ խնդիրն ասիլ,
Որ ինչքան շունչս կա ու չեմ մեռնիլ,
Նրանց սերը կհիշեմ, նրանց կուզեմ պաշտիլ.
Ինձ չի՛ մոռանան, ես նրանց չե՛մ քցիլ
Մտքիցս, ու նրանց սերն սրտումս կպահեմ,
Հետս ման կածեմ, հողը կտանիմ.
Աստված թո՛ղ ձեզ տա, ինչ որ ես կուզեմ,
Մնաք բարո՛վ, սարեր, էլ ձեզ տեսնիլ չե՛մ:
8
Մեկ տափարակ, դուզ տեղ բաց ա ըլում հանկարծ տեսնողի առաջին մեկ մեծ դաշտ` չորս կողմը սարերով պատած, աջ ու ձախ սևին տալիս, ու քանի գնում ա մարդ, ամպ ու դուման քաշվում, պարզում են, ու հենց իմանում ես, թե առաջիդ մեկ էնպես քաղաք ա բաց ըլում, որ հազար-հազար կենող միջումն ունի, ու ցրտի յա շոգի ձեռից բեզարած՝ ուզում ես, որ շտապիս, գնաս, մեկ աստվածասերի դռան վեր գաս, դինջանաս, էլ ետ ճամփեդ բռնես, գնաս: Մեկ տեղից ահագին բերդի պարիսպն ա քեզ խաբում, մեկ տեղից՝ զարմանալի եկեղեցքանց գըմբեթն ու մեծությունը, մյուս տեղից՝ բարձր մինարեթքը, քոշք ու սարայի գլխները: Մտքումդ ասում ես, թե էս տեսածդ մեկ մեծ, զորեղ թագավորի թախտ պետք է ըլի. Էստեղ ոսկին ու արծաթն աղբի հետ պետք է խառը ընկած ըլի, Էստեղ օրը հարիր քարվան ներս մտնի, հարիրը դուս գա: Հենց իմանում ես, թե ցերեկը թոզն ու դումանն ա աչքդ բռնում, գիշերը մութն ու խավարն ա քեզ խաբում, որ ինս, ջինս, մարդ, անասուն չե՛ս տեսնում, հենց ջամդաքակեր ագռավներն են աչքերիդ սևին տալիս: Մարդ չի՛ կա մոտիդ, որ հարցնես, գիր չե՛ս կարդացել, որ իմանաս. մտքիդ հետ ընկած` տեսածդ հրաշք կարծելով յա աչքակապություն, որ հանկարծ գլուխդ չես բարձրացնում, ա՜խ, սի՛րելի իմ հայազգի, ջանդ դող ա ընկնում, կռներդ թուլանում: Հենց իմանում ես, թե մեկ վիշապ յա մեկ հարամի հենց Էն սհաթին ա մտել ու բոլոր կենողներին յա կուլ տվել, յա սուրը քաշել, յա գերի արել, ինքն էլ փախել: Ուզում ես, որ աչքդ խփես, ետ դառնաս;
Ա՜խ, չէ՛, չէ՛, ետ մի դառնալ, էստեղանց ծուխը հազար տարուց ավելի ա, որ կտրվել ա. Կա՛ց, մի վախենալ, անշունչ քարերն ու եկեղեցիքը մարդակեր չե՛ն: Աչքդ բա՛ց արա, սիրտդ քե՛զ հավաքիր ու գըլխիդ վա՜յ տուր: է՛ս սրբատաշ տաճարները, է՛ս ահագին բերդը, է՛ս քարերը քեզ կասեն, թե սա է գոռոզն Անի, քո թագավորների հզոր մայրաքաղաքը, որ էնքան էր իր հարստությունովը, իր փառքովը փարթամացել, ճոխացել, մեծամտել, որ չոբանն էլ եկեղեցի էր շինում, ոչխարածն էլ արծաթե նալչով, սաղրի քոշերով ման գալիս, ուզվորն էլ հացի տեղակ` փլավ, ղանդ ու շաքար, սև փողի տեղակ արծաթ ու ոսկի պահանջում, որ եկեղեցի մտած ժամանակ էլ էնքան էին նրանք աստված մոռացել, որ կարճ վարդապետ գալիս՝ բարձր գրքակալ էին գնում, բարձր եպիսկոպոս ըլելիս` ցած գրքակալ դուս բերում, որ յա ձգվին, յա կռանան, յա չոքին, յա գիրքը չտեսնին, ու իրանք ծիծաղին, աստուծո տաճարումը քեֆ անեն: Բայց սուրբն Հովհան Երզնկացի հանաք չվերցնելով` մեկ օր օրհնած բերանը բաց արեց, երկիրը տրաքեցավ, տակըվեր էլավ, խալխը ցրվեցին, փախան՝ որը Ղրիմ, որը Պոլշա. Էս անշունչ քարերը մնացին ցից-ցից, հազար եկեղեցուցը հինգը մնացին շեն. տաճարք, ապարանք, գանձ, հարստություն անեծքի փայ էլավ, հողը մտավ հայոց ազգի մնացած փառքն էլ, ու մինչև էսօր էլ երկրի ձենը գալիս ա: Գող, ավազակ են միջումը բուն դնում, նրանց բանն աստված հաջողում ա, նրանք չե՛ն տակով ըլում, ու աստված էնքան իր գութը հայերիցը պակասացրեց, որ էնքան անմեղ հոգիքը, էնքան միլիոնավոր մարդիկ մեկ սհաթումը մեկ սևագլխի խոսքով ջնջեց, Հայոց Տունը քանդեց, էլած փառքն էլ ձեռիցը խլեց, որ գնա, էսպես երերյալ, տատանյալ մնա աշխարքիս երեսին:
— Լա՛ց գլուխդ ա՛նցավոր, տե՜ս, թե աստուծո դատաստանն ի՞նչպես արդար է. կարգավոր տեսածին պես ոտները ջուր արա՛, խմի՛ր, որ էսպես քաղաքը անեծքով քանդեցին, ու էսօր էլ քանդողին եկեղեցումը տոնում են: Դու չե՛ս իմանում, որ նրա անունը տաս, սուրբ աղոթքն ու բարեխոսությունն հիշես, որ քեզ էլ չանիծի, քու որդիքը պահի, մեծացնի: Նրա տոնի օրը լավ մտքումդ տպավորի, ի՞նչ կանես Անի քաղաքի անունը: Նա քանդվեց, պրծավ, ամա սուրբը քեզ միշտ օգնական ու բարեխոս կըլի:
Ղրաղին կանգնել ես, ձեռդ ծոցդ դրել,
Խելքդ ցնորվել, լեզուդ պապանձվել.
Ո՞վ էսքան հրաշք տեսավ, վայելեց:
«Երա՞զ եմ տեսնում, քնա՞ծ եմ, ա՞չքս ինձ խաբեց»,
Ասում ես մտքումդ, ուշագնաց ըլում:
Հո նո՞ր են սրանք, բաս սրանց միջումն
Ընչի՞ չկա ձեն, ընչի՞ են լռվել—
Ա՜խ, թշնամյաց սուրն ա նրանց վերջացրել:
Հմիկ հավատո՞ւմ ես, ա՜յ իմ խեղճ ազգ,
Թե քո երկրումն բյուր էսպես քաղաք
Կամ կրակով փչացան, կամ սուրը քաշվեցին,
Ու քեզ չոր քարեր մենակ թողեցին,
Որ տեսնիս ու լաս, տաս քո գլխիդ վա՜յ.
Խելքդ ժողովես, լինիս կտրիճ հայ,
Ռուսաց հզոր, քաջ ձեռի տակին
Փոքր դինջանաս ու քո աշխարքին
Մուղայիթ կենաս, արյունդ թափես,
Քո ազգը պահես, քեզ անուն ճարես:
Հանգստարանի ձեն էր գալիս, որ մեր ճամփորդքը գիշերվա կեսին էստեղ հասան: Լավ կտրիճ մարդ պետք է ըլի, որ էս ժամանակին Էսպես չոլ, յաբանի տեղը սիրտ անի, մտնի: Կարելի է, թե մեր բեզարած ճամփորդքն էլ էստեղ չէին հասել, թե գիշերվան լիսնյակի լիսը, էս տաճարների, բրջերի գլուխը ու իրանց տգիտությունը նրանց չէին խաբել, էս տարտարոսը քցել: Անու քաղաքի անունն էլ չէ՛ին լսել, ո՞ւր մնա իմանային, թե նրա խարաբեքը դեռ աշխարքումս կան: Հեռըվանց որ ցից — ցից տների գլուխը չտեսան, ռսի հողիցը դուս էին Էկել, հարամու հողը էլ ետ մտել: Ղորդ ա, աքլորի ձեն չէ՛ր գալիս, ամա սարերի չոբանի շների ձենը լսելով՝ էլ մտիկ չարին, զո՛ւ քաշեցին ու, քու դուշմանի գլխին չի գա, որ չմտան էս լուո, տխուր պարսպների մեջը, հենց իմացան, թե մեկ մեռլատուն կամ գերեզմանատուն ընկան, ու ամեն մեկ ձիու ոտի շփլթոցը յա իրանց քաշած շունչը սար ու ձոր կատաղացնում ա:
Ամեն մարդ փորձած կրլի, որ մութը ժամանակի մարդ, որ մեկ գերեզմանատան կամ մեկ քանդված եկեղեցու ղրաղով էլ ա անց կենում, սիրտը թուլանում ա, ջանը զարզանդում, հազար միտք հոգին կտրատում, քարերն էլ դև համարում ա հարամի, որ իրան կամենում են ուտիլ, շատ անգամ ուշագնա էլ ա ըլում: Սրա պատճառը բոլոր էս ա, որ մարդ սովոր ա, ինչ տեղ տուն ա տեսնում յա շինություն, կարծելով, թե մարդ էլ կըլի, ու ետո, որ ձեն չի լսում, էնպես կարծում ա, թե անպատճառ չար հոգիք են էնտեղ բնակում. թե չէ մեռելի չոր մարմինը յա խարաբա պատերը ի՞նչ զորություն ունին, որ մեզ ի՞նչ անեն: էլ ո՞վ սիրտ կաներ ապա կամ եկեղեցու մոտանա, յա մեկ բուրջ մտնի, էն էլ է՛ն երկրումը, որ ամեն քարի տակի հարիր գլուխ էր կտրվում, ամեն մեկ ձորում հազար լաշ հոգին զոռով տալիս:
— Տղե՛րք, չար սատանի թուրը գլխըներիս խաղում ա, — ձեն տվեց պինդ սրտով քաջն Աղասի: — Տղամարդությունն էսպես տեղը մալում կանի. Յարաղ — ասպաբ հազրեցե՛ք, ձիանոնցը դինջացրե՛ք, որ թե աստված տա, մինչև առավոտը գլխըներս վրըներս ըլի, տեսնինք, թե էս ո՞ր գեդարգյալմազն ընկանք: Նամարդությունը էլ ձեռք չի՛ տալ. Ձիանները ջրեցե՛ք, քաշեցե՛ք մեկ պատի տակ, ես մեկ շունս առնիմ, յավաշ-յավաշ մեկ աչք ածեմ, տեսնիմ, թե տեղըներս ռահա՞թ ա, թե՞ էլի սրով ու արնով պետք է յա գլուխ պահենք, յա գլուխ կտրենք:
Շատ էլ խնդրեցին ընկերքը, որ չանի, անկաջ չարեց, թվանքն ուսին դրեց, փշտոբերը հազրեց, սուրբ Սարգսի անունը տվեց ու ոտը փոխեց:
Գիժ կըլի Էն տղամարդը, որ իր գլուխը մահու կտա, ամա Աղասին իր գըլխիցը վաղուց էր, ձեռք վեր առել: Հավատարիմ շունը գլուխը նրա ոտիցը չէր հեռացնում, մեկ հոտ առնելիս յա շփըլթու իմանալիս կանգնում էր, ետի ոտների մինն էլ ցցում, երկար վախտ անկաջ դնում, հետո երըմիշ ըլում:
Հենց մի քիչ հեռացան թե չէ, մեկ եկեղեցու դռնից կրակի լիսն ընկավ Աղասու աչքը. արինն աչքն առած՝ էլ միտք չարեց, թե էսպես տեղը, գողից, հարամուց ավելի ուրիշ օքմին չի՛ ըլիլ, թուշ կրակի վրա գնաց: Աստված հեռու տանի, ինչ նա տեսավ, տասը քուրդ եկեղեցու մեջտեղը կրակ էին արել, չորս կողմը նստել, խորոված էին անում, շամփըրներով բերանները քաշում, ուտում, խնդում ու աչքըները օյաղ որսկանի շան պես յա դուռը քցում, յա պուճախը: Հարամին ինչքան գազան էլ ըլի, շատ անգամ իր շվաքիցն էլ կվախենա: Ընչանք նրանք կրակի մոտիցը ձեռները աչքըներին կդնեին ու դռան ղարալթուն կտեսնեին, Աղասին յավաշ — յավաշ ներս մտավ, ծանր դեմքով, առանց բարով տալու կրակին մոտացավ ու ձեռը մեկնեց, որ մեկ խորովածի շամփուր էլ ինքը քաշի: Նրա դեղնած, մեռելի պատկերը, նրա անահ շարժմունքն ու էնպես անժամանակ վախտը ներս գալը որ չտեսան քրդերը, հենց իմացան, թե նա էն աշխարքիցն ա վեր էկել, լեզվըները չորացան, ձեռըները թուլացավ: Ի՞նչ կկարծեին, թե էն հադաղին ինսանաորդի մեն մենակ սիրտ կաներ էն ավազականոցը մտներ, որ ցերեկն էլ հարիր մարդ զարզանդում էին՝ մոտովն անց կենան, որ հազար տարուց ավելի՝ էր ինսանաորդի սիրտ չէր անում, որ գա, էն հազիր շինած տներումը կենա: Հենց գիտես, թե մարդիկ չըլին առաջին. աչքը խոժոռած` մեկ դես քցեց, մեկ դեն, քրդերեն էլ չգիտեր, որ մեկ բառ էլա խոսի, բայց է՛ս էր, որ նրան պրծացրուց, չունքի թե խոսացել էր, կիմանային, որ մարդ ա, դև չի՛, թիքա-թիքա կանեին, մեկ շամփուր խորովածի որը կերավ, որն էլ ետ կրակը քցեց, տաճարի հիանալի շինվածքին ու գեղեցկությանը մտիկ արեց ու գլուխը ժաժ տվեց. քրդերը փետացած՝ մնացել էին նստած, աչքը որ հանկարծ նրանց վրա չխոժոռեց, ամեն մեկը տեղնուտեղը ուզեցավ, որ հալչի, էնքան էսպես նրանց աչքը մոխիր ածեց, որ ընկերների ոտի շփլթուն իմացավ, ու շունը ուրախ — ուրախ ներս ընկավ, ոտներովը փաթաթվեցավ: Հենց շունը տեսան հարամիքը թե չէ, աչքըների փառը վեր ընկավ, ամեն մարդ թրին վրա վազեց, որ նրան փառչալամիշ անի. առաջի թուր վրա բերողի գլուխը կես էլավ. փշտովների երկուսն էլ իրանց ֆորսը ճարեցին, ու ղամեն ձեռն առած որ գոռաց ո՛չ`
— Տղե՛րք, ձեր արևին ղուրբան, աստված մեր կողմն ա. դուռը կըտրեցե՛ք, որ սրանց մատաղն էս գիշեր անե՛նք...
Հայի լեզուն որ բաց չէլավ, հենց բռնես, պատերը լեզու առան:
— Ամա՜ն, ձեր էկած հողին ղուրբա՛ն, ճար ունի՞ք, տեսե՛ք, մեզ ազատեցե՛ք, տնով — տեղով ձեզ եսիր կդառնա՛նք:
Տասը-տասնըհինգ քրդստանցի հայ էլ որ էս կողմից, էն կողմից գլուխ չի՛ բարձրացրին ու քրդերի մնացած թրերն ու մզրախները ձեռք առան, քրդերի աստղը թեքվեցավ. ութը կոտորվել էին, երկուսը մնացել յարալու ընկած: Սրանց էլ կապեցին մեկ ձիու բհրի վրա, ու աչքդ բարին տեսնի. ոչինչ սհաթի մարդի քաջությունը էն բարերարությունը չի՛ արել, ինչպես հիմիկ: Աղջիկ ասես, տղա, հարսը, երեխա, ծծկեր հազար չվանով կապած տուն էին արել, Ղարսա գեղերիցը եսիր բերել, որ տանին յա սարդարին փեշքաշ անեն, յա Ախըլցխա ծախեն: Ո՞ւմ էսպես սհաթին մարդ կյանք տա, որ նրա առաջին ծունր չդնեն, երկրպագություն չանեն: Բայց հսկայն Աղասի ինքն էր ընկնում նրանց ճտովը. ինքը նրանց կապը ետ անում, ինքը երեխին ջոկ, մորը ջոկ սիրում, գուրգուրում, որ աստծուն փառք տան, սուրբ Սարգսին խունկ ու մոմ վառեն, թե չէ էս իր հունարը չէ՛ր: Ոչի՛նչ գիշեր էն լիսը, էն կյանքը չի՛ տեսել, չի՛ քաշել, ինչպես` էս: Ազատվողք թե ազատողք, իրար տեսնելիս, հենց իմանում էին, թե երկընքումն են ու ո՛չ երկրումս:
Փոքր-ինչ որ դինջացան, աչքդ բարին տեսնի: Քրդերի շորերն, ասպաբն, ձի ռախտը ու խուրջինները որ բաց չարին, հազար արնի գին կար միջըներումը, ամեն մեկի վրա հարիր թումանի զինքս, արծաթ ու ոսկի, թո՛ղ նաղդ փողը: Աղասին ո՛չ մեկին էլա մտիկ չարեց, ղրկեց, ձիանը բերել տվեց, ներս քաշեց ու քրդստանցի հայերին հարցրեց, որ իրան միամտացնեն, թե էն գիշերը կարո՞ղ են էնտեղ ռհաթ մնալ, թե ո՛չ:
— Աղա՛, գլուխդ, արևուդ ղուրբան, վալլախա, չընք գինա, թե էս շան լաջերիցն էլ կա՞ն, թե՞ չէ. ամա օյաղությունն աղեկ է: Սրանց չանգիցը շունը չի՛ խլսի, մարդն իմ ա՞լ կխլսի: Մգա աստծուն փառք, խազար էնպես ջանավար մեր առաջը գան, զէնոնց խերն անիծեմ, մեկ թուր տո՛ւր մեր ձեռը, մենք գինանք, թե իմա՞լ քո ճակատը պարզ կէնենք: Մեր ամեն մեկը, սուրբ Կարապետ գինա, էսոնց տասնին խավի պես կծալի, տակը կքաշի: Դու դարտ մի՛ արա: Ռահաթ պարկի, մեր երեսը ոդացդ հողն ըլի: էսոնց քոքը կտրվի. քանց շուն շատ են, քանց գել` առավել: Թե մեզ կխարցնես, մենք էմլա խեյրաթ կտեսնինք, որ մեր կես պարկի, կես ղարավուլ քաշի: Էս ձորեր խանա լիքն են:
Հենց էս մասլըհաթին էին, մեկ էլ էն տեսան, որ ձիավորի ոտի ձեն ա գալիս: Արիասիրտն Աղասի միտք արեց, որ սրանք նրանց ընկերները պետք է ըլին, ական թոթափել, երեխա, օղլուշաղ ղրաղ քաշեց, հազար անգամ ձեռն էստուր «Էնտուր» բերնին դրեց, որ ձեն չհանեն, երկու քրդին էլ բերան, ձեռ, ոտք դհա ղայիմ կապեց ու մեկ իգիթ քրդստանցու՝ թուրը հանած, վրըները կաղնացրուց, մյուս քրդստանցոնցը կրակի չորս կողմը նստացրուց, որ կարծիք չընկնին, ու ինքը իր ռաշիդ տղերքանցովը եկեղեցու դռան աջ ու ձախ կողմը կտրեցին, թուրները հանած պատնըդուս ցցվեցին ու թշնամուն ճամփա տվին:
«Լո՛, լո՛ ...» ձեն տալով` քսանից ավելի ձիավոր ժամի դռանը վեր Էկան, բալուր տվին մեկ-երկուսի ձեռքը, որ ման ածեն: Հայի երեխեքանց ու կնանոնց սուգ ու շիվանի ձենը որ ժամը չէ՛ր ընկնում, պատերն էլ սուգ էին անում. բայց խեղճերը չէին իմանում, թե ի՞նչ բարի հրեշտակ ա աստված նրանց համար ուղարկել: Հենց գյուռ արած, որ ղալմաղալ անելով ներս չընկան, էլ չիմացան, թե մարդ ա, որ իրանց գլուխը կոտրում ա, դև կարծեցին կամ սուրբ. էլ թրի, մզրախի յա ղալխանի վախտ չէ՛ր: Քրդստանցի հայերը մաջալ էլ չտվին աջամի հայերին, շատին հենց կրակի շամփուրն կամ թերէրեցն էին բերանը կոխում, գլխին, դոշին քարով, փետով ծեծում, որ շուտ չմեռնին ու տանջվին: էլի Աղասին էր, որ էս կատաղությանը չափ դրեց, սպանածներին դուս ածիլ տվեց, ու որը սաղ էին յա յարալու, ձեռ ու ոտք կապիլ տվեց ու ղրաղ քաշիլ տվեց:
— Աղա՛, մեր տուն քագող էսոնք են, էսոնց խոր տունը քագվի, էսոնք մեր ճիժը ու մանչ խատացրին, թո՛րկ, թո՛րկ, Էսոնց սատանի կեր անենք, Էսոնց խոր գաղտը գյոռբագյոռ ըլի:
Թո՛ղ կարդացողը ինքը միտք անի, թե էս գիշեր ի՞նչ գիշեր կըլեր էս ջրատար եսրների համար, որ ամեն մեկ ոտք փոխելիս` իրանց մահն էին տեսել, իրանց մահին էին սպասում, թե ի՞նչ սրտով նրանք աղոթք կանեին, ի՞նչ հոգով իրար կնայեին ու աստծուն փառք կտային: Հենց էն կոտորելու ժամանակին էր Աղասին դուս թռել, Էն դռան երկու քրդի մընին էլ սպանել, մյուսը փախցըրել, ու խեղճ հայի էրեխեքանց աչքերի ու ձեռների կապը իրան ձեռովն ետ արել, իրան ուսին ներս տարել: Զարմացած, մահի դուռը գնացած ու ետ եկած հայերը որ աչքըները բաց չարին, իրանց ազատողին տեսան, ուզում էին ոտներն արտասնքով լվանան, բայց համեստ պատանին հենց էն էր խնդրում, թե աստծուն փառք տան, սուրբ Սարգսի անունն հիշեն: Տեսնելով, որ քրդստանցիք սուրբ Կարապետին ավելի են ճանաչում, ասեց.
— Թո՛ղ էդպես ըլի, սուրբ Կարապետին հիշեցե՛ք: Սրբերը չե՛ն խռովիլ յա նախանձ պահիլ: Ո՞վ ըլի՝ նրա զորությունն ու բարեխոսությունն շատ ա:
Աղասու սիրտը վկայում էր, թե էն գիշերը էլ փորձանք չի կա. բոլորին էլ խնդրեց, որ չոքին, աղոթք անեն: Նրանց բախտիցը՝ եսրների միջումը տերտեր էլ կար, տիրացու էլ: Սրանք սկսեցին առավոտվան ժամը, ու Անի քաղաքը, հազար տարուց ավելի, որ ո՛չ ժամ էր տեսել ո՛չ աղոթքի ձեն լսել, էս գիշեր հենց իմացավ, թե իրան երևելի, շքեղ թագավորազունքը կրկին վեր են կացել, իրա հողն օրհնում, իրա ջուրն գովաբանում, որ հայ ազգը էլ չհավատա, թե իրան աստված էնպես ա անիծել, որ էլ մարդ չի՛ կարող նրա միջումը կենալ: Ո՛չ երկիրը քանդվեցավ, ո՛չ երկինքը փուլ Էկավ: Քրդստանցիք իրանք էլ էին մնացել զարմացած, թե էն ի՞նչ անճոռնի ասություն պետք է ըլեր, որ մինչև Էն օրը սրտըներումը հաստատ տպավորել էին:
Առավոտը որ լուսացավ, Աղասու աչքը մնացել էր սառած: Չէ՛ր իմանում՝ աչքին հավատա, թե ո՛չ: Եկեղեցի, պարիսպ, բերդ, մինարեթ՝ էնքա՛ն նոր, էնքա՛ն պայծառաշեն ու անբնակ: Կարդալ չէ՛ր գիտում, որ միտքը բերի, թե էս ի՞նչ քաղաք պետք է ըլի. տերտերին որ չի՛ կանչեց ու պատմությունն իմացավ, խելքը գլխիցը թռավ.
— Վա՜յ իմ օրին, արևին, մեր ազգն էսպես քաղաքներ ա ունեցել, էսպես մեծություն ու հմիկ ամենն էլ կորցրել, հարամու ձեռին գերի ա մնացել, — ասեց հսկայն լալով: — Չէ՛, տեր հա՛յր, մեզ աստված ա բերել էստեղ. աստված մեր թրին, մեր կռանը ղվաթ տվե՛ց, որ մեկ գիշեր էսքան բաներ արինք, էն աստվածն էլ էնքան կարողություն ունի, որ մեզ միշտ հաջողի. հարամություն հո չե՞նք անում, որ նա բարկանա, հարամու ոտն ենք կտրում, աստուծո ստեղծվածը ազատում: Մնանք էս սուրբ հողումը, մեր սուրբ թագավորաց գերեզմանը, մեր սուրբ եկեղեցիքը ազատենք գողի, ավազակի ոտքից: Հարըրից ավել ենք հիմիկ: Ի՛նչ ձեռք ենք քցել, ձեզ ըլի: Մնա՜նք էստեղ, յա մենք էլ մեր արինը մեր սուրբ թագավորաց հողի վրա թափենք, յա քիչ-քիչ նրանց քաղաքն էլ ետ պայծառացնենք: Տուն կա, ջուրը՝ բոլ, հանդը, դաշտը՝ մեծ, մեկի տեղակ հինգ զարմանալի եկեղեցիք. քարի տակիցը ոզղ կհանեմ, ձեզ կպահեմ:
Բայց՝ թե քարին ասած, թե մեր քրդստանցի հայերին: Կռվում, ղորդ ա, ամեն մեկը մեկ աժդահա, բայց ինչ գրումը գրած ա, նրա շլինքը տու՛ր, նրան ուրիշ բան մի՛ ասիլ: Մեռնիս էլ, նա իր ասածը կանի, էնքան կողքը հաստ ա:
— Իմ ա՞լ կեղնի, անիծած խողում վո՞վ կմնա՜: Հայսմավուրքն սուտ իմա՞լ կխոսի: Մեր վիզը զարկես, մեր ջանը խանես, վալլախա, էս չոլում կեցող հմլա մեկն էլա չեղնի, չեղնի: Խազար տարի խա ասա՛, խա գլուխդ ի քարին զարկի: Մենք չընք կենա, չընք գինա: Ինչ կասես՝ ասա՛: Մենք մեր խողը չընք թողա:
— Չե՛ք թողալ, աստված ձեզ հետ: Մեր աստղը մեկ անգամ ծռվել ա: Մարդ ինքն իր գլուխը որ թրի տակը դնի, էլ ո՞ւմ բանն ա կտրվել նրան քոմակ անի: էսպես արինք, որ մեր տունը քանդվեց, է՜: Գնացե՛ք աստված բարի ճանապարհ տա ու ձեր սիրտը մեկ լիս քցի, որ ձեր խերն ու շառն իմանաք: Ես իմ տղերքանցովն էս տեղանց էլ դուս գալու չե՛մ: Թե ձեզանից էլ ուզող կըլի, որ ինձ հետ միանա, իմ ախպերն ա, իմ աչքի լիսը: Մեկ թիքա ունենամ, կեսը նրան կտամ, ինձ համար աշխարքն յա ըլի, յա չըլի:
Ասեց ու հրամայեց, որ ինչ ճարել են, հավասար ճոթ անեն: Ինքը մատն էլա մի բանի վրա չդրեց, բայց թուր ու ասպաբ հրամայեց, որ վերցնեն, բոլոր ընկերներին մեկ-մեկ ձեռք քրդի շոր հաքցրեց, որ շուտով չճանաչեն, ամեն մեկին մեկ ձի էլ բաշխեց: էս որ տեսան, քսանից ավելի ջահիլ, կտրիճ տղերք կանգնեցին, խնդրեցին, որ իրանց էլ ընկեր շինի, նրանց էլ գլխին հավաքեց, սրբություն առավ ու մյուսներին լալով խելիմ տեղ էլ տարավ, ճամփու քցեց ու ինքը իր ընկերտանցովը ետ դառավ, փոքր հաց կերան, պարիսպ, եկեղեցի բոլոր իսկույն ման էկավ, ու հարավային քարափի գլխի բուրջը իստակել տվեց, մեկ-երկու հոգի Շորագյալ ուղարկեց, որ գնան, հաց առնեն, ու ինքը` սիրտն ու թոքն էրված պատանին, ընկավ քաղաքի ամեն ճամփեն ու խոռը, ամեն քունջն ու պուճախն աչքի տակ առավ, տեղի ղայիմությունը ու վտանգավոր կողմը լավ վարավուրդ արեց ու բեզարած, ջարդված էլ ետ վեր էլավ, ձորիցը դուս էկավ, ղրաղ քաշվեց, մեկ բրջի վրա նստեց, Արփաչային ու արեգակի մտնելուն նայեց, աղլուխը ձեռն առավ ու էս բայաթին ասեց.
Ա՜խ, վաթան, վաթան, քու հողին ղուրբան,
Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան.
Է՞ս փառքն ունեիր, է՞ս պատիվն առաջ,
Որ հմիկ ավերվել, մնացել ես անջան:
Ե՞րբ միտք կանեի, թե էս հողերը,
էս դաշտն ու սարեր, էս սուրբ ձորերը
էնպես մեծություն, էնպես լավ օրեր
Քաշել են, մնացել, ա՜խ, հիմիկ անտեր:
Ո՞ւր ձեր տերերը, թագավորները,
Ձեր պահողները, ձեր իշխանները.
Ընչի՞ մեզ թողին իրանց որբերը
Ու ձեռք վերցրին, թողին էս քարերը:
Ձեր գերեզմանը, ա՜խ, ձեր լիս հողը,
Որ հմիկ չի տեսնում ձեր կորած թոռը,
Կրակ է ընկնում ջանն ու ոսկերքը,
Ուզում ա ձեզ հետ պարզի իր ոտքը:
Ընչի՞ ձեր վախտը աչքս բաց չարի,
Մարմինս հողին, ջանս ձեզ չտվի,
Որ հմիկ էսպես չթռչեի, չգայի,
Ձեր հողը չտեսնեի, ձեր վրա չլայի:
Հող ունինք՝ խլած, կյանք ունինք՝ մեռած,
Ա՜խ, թրի, կրակի մենք եսիր դառած.
Ո՛չ երկինքն տեսնի մեր սուգն ու լացն,
Ո՛չ երկիրն պատռվի, մեզ տանի ցած:
Ի՞նչ կըլի մեկ էլ գլուխ բարձրացնեք,
Ձեր որդիքը տեսնեք, նրանց ցավը քաշեք,
Ձեր արինախառն աշխարհն ազատեք,
Յա մեզ էլ ձեզ հետ հողը տանիք, պահեք:
Աչքս բաց արի, խարաբա տեսա.
Ա՜խ, ո՞վ գիտեր, թե մեր ազգի վրա
Սարեր են էլել, հիմիկ բրիշակ,
Մեզ տակով չարել, որ էլ խեղճ չմնանք:
Ա՜խ, մեր սիրտն էսպես ընչի՞ հովացել,
Արինը ցամաքել, մեր կուռը թուլացել,
Երաբ կտեսնի՞մ, ա՜խ, ես մեկ օր էլ,
Մեր սուրբ երկիրը թշնամուցն ազատիլ:
Էն ի՞նչ շունչ կըլի, որ էս նոր հոգին
Փչի՛, վեր կացնի ք՛նից մեր ազգին.
էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին
էլ ետ սիրտ տա ու կանգնացնի՛ կրկին:
Ա՜խ, ես էն ձեռին կյանքս ղուրբան կանեմ.
էն կոխած հալին երեսս կքսեմ.
Ապրիմ, իմ արինս նրան մատաղ կանեմ.
Մեռնիմ, հողիցն էլ ես նրան միշտ կօրհնեմ:
Կանգնել ես էդպես, գլուխդ ամպին խփած՝
Ա՜յ խեղճ հալևոր, երեսդ փակած.
Ի՞նչ կըլեր, Մասի՛ս, ա՜խ, դեռ աչքդ բաց
Սրի չտայիր քո որդիքն էրված:
9
Արեգակն սկսել էր, որ մեր մտնի: Մութն էն ա գետինը առավ: էսպես նստած սուգ էր անում մեր տարագիր Աղասին ու իր ու մեր սև օրը լաց ըլում, որ հանկարծ աչքը ձորին ընկավ, աչքը սևացավ: Հինգ հարիր ձիավորից ավելի` թարաքյամա, քուրդ, Ղարսա դզիցը հազարից ավելի քյուլֆաթ, մալ, իլխի, ոչխար առաջ էին արել ու վեր հատելով՝ սարիցը ձորն արին, որ տանեն Երևան` յա սպանեն, յա ծախեն, յա թուրքացնեն: Շատին էնքան թակել, հետ էին ածել, որ ջանումն էլ թաղաթ չէ՛ր մնացել: Ամեն մեկ ձիավոր մեկ ջահել տղա կամ աղջիկ գավակն էր առել, ձեռն ու ոտ հազրել, որ Էն գիշերը յա նրանց անմեղ հոգին ապականի, յա սրի, կրակի ղուրբան անի: Հենց նստած տեղիցը ընկերներին ուսուլով ձեռով արեց, որ տեղըներիցը չշարժին, ինքն էլ քարափնըվեր կուզըկուզ նրանց մոտ հասավ, որ հարամին չտեսնի, իր պատրաստությունը չանի:
Էնքան կացան, որ թշնամիքն Էկան, գետի ղրաղին վեր Էկան, թրըները, երեսները լվացին, նամազները արին ու իրանց Սադայելի նոքարներին հրամայեցին, որ ինչ բեզարած, հալևոր, պառավ մարդ ու կին կա, աչք ու ձեռք կապեն, բերեն իրանց առաջին, կարգավ չոքացնեն, որ իրիկնահացն ուտեն, պրծնին ու նրանց անմեղ գլուխը իրանց մուռտառ սրտին մատաղ անեն:
էլ չթողին էլա, որ հեր ու որդի, յա մեր ու աղջիկ, իրանց ետին բարովն ասեն, իրար մի համբուրեն, մի օրհնեն, իրար մի փարվին. թրի ոռքով վեր հատելով՝ հրամանը կատարեցին ու բերին, ողորմելիքը իրար մոտ չոքացրին:
Աստված ո՛չ շհանց տա, ի՞նչ նրանց քոռփա էրեխեքն անում էին. ջուրն էին ուզում ընկնիլ, քարերը պոկում, գլխըներին էին տալիս, բողազները թրին դեմ էին անում, որ մեկ թողան էլա, իրանց հորնըմոր երեսը յա ձեռը համբուրեն, բայց շատի թևից որ չէին վեր քաշում, գետնին խփում, հենց էն սհաթը հոգին հետը յա դուս էր գալիս, յա էնպես բանհոգի մնում վեր ընկած, գետնին կպած: Ողորմելի ծնողքն էն հալին էլի է՛ն ասում, աղաչանք անում, որ որդիքը մեռնին, սրին, կրակին տան իրանց գլուխը ու իրանց հավատը չուրանան: Էսպես`հեռըվանց խոսալիս էլ էնպես էին խփում գլխըներին, որ աչքըների լսին կրակ էր տալիս: Ընչանք նրանք մեկ քանի ոչխար կմորթեին, կքերթեին, ու կրակը չաղ կըլեր, սար ու ձոր մութն առավ. մեր քաջ հայեր՛ը թուր ու թվանք հազիր արին, չոքեցին, աղի արտասնքով իրանց աղոթքն արին, վեր կացան, իրար ճտով ընկան, իրար ետին բարովն ասացին, ձիանները թամքած` մեկին պահ տվին, ու իրանք աստծու անունը տվին, ճամփու ընկան, ամա էնպես ճամփով, էնպես տեղով, որ ղուշը չէր իմանալ: Հինգը մեկ կողմից գնաց, հինգը՝ մյուսից, էն մնացած տասը հոգին էլ էնպես պետք է գային, որ բոլոր մեջ անեին, թրի առաջը ընկածը կոտորեին, սաղ բռնածը եսիր անեին ու, որքան կարելին ա, հայերին արձակեին, որ քոմակ անեն, իրանց թուր ու թվանք տային, չունքի ամեն մեկը ամեն յարաղիցն էլ ջուխտ-ջուխտ ունեին: Չորս քուրդ էլ, որ բռնել էին, Աղասին ինքը վերցրեց, չունքի նրանք օրթում էին կերել մինչև մահը նրա ձեռի տակիցը չհեռանան, ու նրանց միջումը օրթումը սուրբ ա: էսպես բոլորը քսանըչորս մարդ, պետք է հինգ հարիր մարդի հախիցը գային: Լսողը չի զարմանա, թե ի՞նչպես կարելի ա: Քաջությունն սրտիցն ա կախված. մեկ էլ որ ինչ. — «քան» կուզե թշնամին շատ ըլի, հանկարծ վրա տալիս, է՛ն էլ գիշերը, ի՞նչ ա իմանում դիմացի կռվողի շատությունն ու քչությունն: Սրանից գյուման, Աղասին պատվեր էր տվել, որ հայերեն յա թուրքերեն հեչ չխոսան, քրդերեն հարայ տան, հավար կանչեն, ու էնքան եսիր արած հայի միջումն ի՞նչպես կըլեր, որ մեկ-երկու հարիր տղամարդ չըլեր, որ սուր չունեին էնդուր համար էին խղճացել: Հենց էն սուփրի ու խորովածի չաղ ժամանակը, էն վախտը, որ ամեն մարդ յարաղ-ասպաբ վեր քցած՝ իր ֆորսի ետևիցն էր ընկել, որ նրան ձեռք քցի, թվանքների տրաքիլը, տասնըհինգ-քսան հարամու հոգին տալը, ձիանոնց խառնվիլը ու հարամու փախչիլը մեկ էլավ: Աղասին, իր ընկերների կեսը վրեն, ձորի ճամփեն էր կտրել մյուս կեսը՝ հարիրից ավելի հայ բաց արած, քամակներին քցած, ձորի ետևը: Մեկ քսան-երեսուն մարդ էլ վրա թռան, էն խեղճ չոքածների աչք ու ձեռներ ետ արին, ու էս հալևոր աժդըհեքը, որ կռվումն էր մազերն սիպտակել, թուր որ չտեսան ձեռըներին, ասլան դառան. որը միջիցը, որը ձորի քամակիցն ու ետևիցը էն կարկուտն ածեցին թշնամու գլխին, որ աստված ո՛չ շհանց տա:
Ղարսցի հայերը էս ձորերի քարերն էլ ունեին համարած, ինչ տեղ փշտով, թվանք էր տրաքում յա թուր խաղում, առանց դոշի ու գլխի չէ՛ր անց կենում: Մենակ Նաղի խանը ու Օքյուզ աղեն, ինչպես որ էլավ, գլխըները թափեցին, ձիանները ձեռք քցեցին ու մեկ քանի մարդով դուս փախան: Մնացածը, ինչ կոտորվել էին՝ կոտորվել, ինչ չէ, մնացել ձորի միջումն, ոչխարի պես չոբանը կորցրած, կանգնած: Ընչանք էսպես պահեցին մեր տղերքը, մինչև ծեգը բացվեց, ու աչքդ բարին տեսնի, տասնըհինգ թուրքի մենակ էն չորս քրդերն էին սպանել, տասից ավելի ղուղ մենակ Աղասին էր ցրվել ու փոր վեր ածել:
Լսողը կարելի ա զարմանա, թե ի՞նչպես է՛սքան բաներ մեկ օր ու գիշեր անց կացան: էնդուր համար, որ ղզլբաշը էս միջոցումը Ղարսա վրա կռիվ էր դուս գնացել, ու ասածս քսան ու մեկ թվին էր, որ սար ու ձոր, մանավանդ Անի, հարամի ու յաղի էր դառել:
Առավոտը լուսացավ. էն առավոտը երանի՜ ամեն խղճի ու տառապելո ռաստ գա: Հինգ հարիր հոգուցը վաթսուն հոգի չէ՛ր մնացել, էն էլ ոչխարի պես մեջ արած, շատը անյարաղ-ասպաբ: Ձիուն, շորին, ասպաբին թիվ ու համար չկար: Լեզու պետք է ըլի, որ պատմի է՛ն փարվիլը, է՛ն ուրախության արտասուքը, որ էսօր Անի տեսավ: Ղարսըցի հայք դեռ չէին հավատում իրանց աչքին, թե ղորդ, թշնամու ձեռից ազատված՝ էլ ետ իրանց աշխարքը պետք է գնային: էնքան շշկլել էին, որ չէին էլա միտք անում, որ մեկ հարցնեն, թե ո՞վ էր նրանց ազատողը: Գեջդանգեջ որ Աղասու մարդիկը ձիանը չէին վեր բերում բերդիցը, աշխարհն իրարոցով դիպավ. հենց կարծեցին, թե թշնամի են. թվանք վեր առան. բայց Աղասին բոլորին էլ հանդարտացրուց ու հսկայական քայլիվ որ առաջ չի գնաց փոքր ու իր ընկերներին կանչեց, ամենի աչքն էլ մնաց նրա պարթև բոյի, նրա ազնիվ շարժվածքի վրա հիացած: էլ էնքան նրանց փարվելուն ու օրհնելուն չմտիկ արեց, երբ իմացավ, թե Հասան խանը ղոնշունով Ղարսից ետ ա գալիս (ղարսըցիք ասեցին նրան), շուտ ական թոթափել՝ մեկ-երկու ձիավոր Գյումրի ղրկեց, մյուսներին հրաման արեց, որ էլ ժամանակ չկորցընեն, օղլուշաղն տանին, բերդումը յա ձորումը ամրացնեն, մալն ու ոչխարը ձորնըդուս քշեն, Շորագյալու հանդը տանին, ու ինքը, ինչքան թվանք, թուր բռնող տղամարդ կային, գլխին հավաքեց ու սարնըդուս վեր էլավ: Տասը-տասնըհինգ տարեկան տղերքն էլ ասլան էին դառել, ուզում էին իրանց արընի ջիգրը հանեն: Գերի արած թուրք ու քրդերիցն էլ յարաղ-ասպաբ ետ արին, իրար կապեցին ու բերդը տարան: Աղասին չէ՛ր էլել, ղարսըցիք ուզում էին նրանց քարով սպանեն յա ջուրն ածեն:
Հուլըսի 23-ին 1821-ին էր, որ հայոց երևելի հին քաղաքն Անի իրեք հարրից ավելի կտրիճ զորք, թողունք ջահել տղերքը, զրահավորված, զարդարված՝ աչքը բաց տեսավ. որ մտան ո՛չ իրանց որբ մայրաքաղաքը, աչքըները ծով դարձավ, մեկ սհաթ քիմի տաճարի միջումն ընկել երեսի վրա, գետնիցը պոկ չէին գալիս:
Բայց գլուխը պահելու ժամանակ էր. Աղասին խնդրեց, որ ինչ սրտներումն ունին, ետո ասեն, ետո անեն, ու զորքը կես արեց, կեսը տվեց Կարոյի ձեռքը, որ էս կռվըներումն եփվել, հասել էր, կեսը ինքը ձեռի տակն առավ, ամեն մարդ, ինչ ուտելու էր, ջեբը դրեց, երեսնաչափ մարդ էլ օղլուշաղի հետ դրեց, ինքը բերդումը ղայիմացավ, Կարոն՝ արևմտյան ձորումը, Մուսեն` օղլուշաղի հետ: Աստուծո ողորմությունիցը՝ բարութ-գյուլլեն էլ լավ վախտին հասավ: էնպես էին պայման կապել իրար միջում, որ թե Հասան խանը ձորը մտնի, էնքան թողան, որ բոլոր ղոնշունի ոոքը կտրվի, ետո շենլիկ անեն, թե թուշ բերդի վրա գա, էնքան դուս չի գան, մինչև բոլորը նրանց գլխին հավաքվին, ետո կեսը ձորի մեկ կողմիցը, կեսը մյուսիցը, կռվի չաղ ժամանակը, վրա տան, որ էնպես շըշկըլացնեն թշնամուն, որ փախչելուց գյուման էլ ուրիշ ճար չքթնին, ու թե աստված էս հաջողությունը կտար, Մուսեն օղլուշաղը թողար մեկ ղայիմ տեղ ու ձիանը դուս բերեր իր մարդկերանցովը, որ բալքի թե հնար լինի, բոլորին էլ ջարդեն:
Առավոտյան հովն անց էր կացել, որ ամեն մարդ հեռացավ ու իր տեղը քթավ: Ճաշն էլ եկավ, հասավ: էնքան շոգը չէ՛ր գետինն էրում, ինչքան քաջ հայերի արինը, իրանց սիրտն ու դամարները, որ իրանց ազգի իշխանաց, թագավորաց հողի վրա արին թափիլն ու քաջությամբ մեռնիլն էլ իրանց համար անմահություն էին համարում: Արեգակը երկնքի միջիցը երկու գազաչափ թեքվել էր, ու բերդիցը մեկ թոզ տեսան. քիչ-քիչ շատացավ ու ամպի պես Անու սաղ ղուզը կոխեց: Ձորիցն էլ էին տեսել ու իրանց տեղը անսասել: Դամար էր, որ ուզում էր տրաքի, սիրտ էր, որ ուզում էր պատռի, շատն ուզում էին բերդ ու ձոր թողան, մեյդան դուս գան, իրանց տղամարդությունը ցույց տան: Աստուծո ողորմածությունիցը` էնպես էր երևում, որ թշնամին բանից խաբար չի, ու հենց էնդուր համար ա էնպես ոտն առել, որ գան էնտեղ, մի քիչ դինջանան ու ետո, իրիկնահովին ճամփու ընկնին: Հետըները ո՛ չ թոփ էր երևում, ո՛չ ջաբախանա. հենց սուբահ ձիավորներն էին առաջ ընկել, որ հասնին Երևան, ավետիք տան, թե Ղարս առան, քանդեցին, բոլոր գեղարենքն էլ քոչացրել, թրի առաջ են արել, բերում են: Էնպես՝ մարդաշատ երկրները քանդող Հասան խանն էլ ի՞նչ կասկած կտաներ, թե մեկ խարաբա տեղում, ուր չոբաններն էին անց կենում, ագռավները բուն դնում, գլխին փորձանք պետք է գար:
Թոզ ու դումանի տուտը քաղաքը բռնեց, խարաբա պարիսպն ու բըրջերն էլ, հենց գիտես, իրանց քանդողներին տեսնելով՝ աչքըները խփում էին, չէին ուզում թամաշ անիլ: Աստուծո աչքը որ քաղցր լինի, մատաղի գառը իրան ոտովը կգա դուռդ՝ ասած ա: Հենց էս օրինակին բանը պատահեցավ. քաղաքը մտնիլն ու Հասան խանի ձիուց վեր գալը, չադիր խփիլը մեկ էլավ: Ղզլբաշի սովորությունն ա՝ ձիուց վեր էկավ թե չէ, թվանք, ասպաբ, յափնջի կքցի թամքի ղաշը, ձիանը ման ածիլ կտա՝ չորս — հինգ մեկ գյադի ձեռք տված, ինքը, թե նամազի վախտ ա, նամազը կանի, թե հացի ղայլանը կքաշի ու հացի կնստի ծալապատակ: էս անգամ երկուսի վախտն էլ էր. ճամփից էկած, ջարդված՝ քսանը մեկ տեղ, հարիրը` մեկել, յափունջին փռեցին, կոլոլ քարըները ու սանդրիրը՝ ծոցըներիցը, թրերը բնիցը հանեցին, առաջներին դրին, ու, հենց իմանաս, սև՛ սև հոգիք են, լեզու, բերան փակած բարձր ու ցած անում, երեսները դնում քարի, թրի վրա, փոքր ժամանակ մնում գետնին կպած, էլ ետ գլխըները վեր քաշում, էլ ետ երեսի վրա ընկնում, գդակը գլխըներին. Ետո բարձրանում, կիսով չափ գլխըները կախ քցում, աղոթքները մունջ քնթըների առաջին Էնպես ասում, որ իրանց անկաջն էլ չէ՛ր իմանում, ետո ձեռըները ծընկների վրա դնում, քարին, թրին կռացած մտիկ տալիս, էլ ետ չոքում, գլխըները գետնին կպցընում: Մահմեդականին նամազ անելիս որ գլուխը կտրես, ամեն մարդ էլ գիտի, որ երեսը թեքիլ չի, էնքան իր աղոթքի զորությունն զգում ա, բայց մի բառ էլա չի հասկանում, չունքի բոլոր աղոթքները արաբերեն ա:
Հենց առաջին չոքելումը ուզեցան մեր տղերքը, որ վրա տան, բայց քաջն Աղասի մատը բարձրացրեց, որ տեղըներիցը չեռան, թուրքերն ուզում էին իրանց կտրատեն, որ իրանց հավատակցի հավարին չէին կարում հասնիլ: Մեկ — երկուսի փորը տեղնուտեղը վեր ածեցին, որ էս բանը վարավուրդ արին, մյուսներն էլ շուն դառան, ձենըները փորըները քցեցին: Աղասին դզլբաշի միջումն մեծացած՝ գիտեր լավ, որ նամազը ընչանք կես չըլի, վախտը «չի»: Ձորի տղերքն էլ տեսնելով, որ թվանքի ձեն չէկավ. իմացան, որ գելը ինքն իրան ա ականաթի մեջն ընկել, էրերը թողին ու քարափե-քարափ Էկան, քաղաքին մոտացան: Շատը ղզլբաշի նոքարների աչքըներովն էլ ընկան, ամա ի՞նչ կարծիք կտանեին, իրանց մարդիկն էին կարծում, որ Էնպես վախտին ֆորսի են մանգալիս, որ բերեն, խաներին, բեկերին փեշքաշ անեն, խալաթ առնեն: Նրանց շարժմունքը բերդըցիքն էլ էին տեսել ու ջաննեըը դող ընկել. էլ վախտը կորցնիլ չէ՛ր հարկավոր, թե որ իմացել էին թշնամիքը, բանը խարաբ կըլեր: Հեռըվանց էլ Երևանու կողմիցը մեկ-երկու ձիավոր, ձիանոնց անկաջը մտած` թոզին, փափախին անելով գալիս էին:
Թշնամին նամազ էր անում, ի՞նչ մտիկ կտար, թե աշխարքն էլ փուլ գար: Հենց մեկ էլ ձեռըներն անկաջներին դրին, չոքեցին ու գետնին կպան, թվանքները բերդիցը ճռռացին, սար ու ձոր թնդացին, եկեղեցիքը գլուխ բարձրացրին, ձիանքը թոկ ու ղանթարղա կտրեցին, երկու հազարից ավելի՝ յափունջի, թուր, թվանք, գետնի վրա մնացին, ու ղզլբաշի շատը անգդակ, բոբիկ ընկավ ձորնըվեր, չունքի հրաշքից յա քաջքից ավելի ո՛չինչ չէին կարծում: Ղոչաղ հայի տղերքը քար ու ձոր բռնած՝ էլ էնքան թվանքին չէին զոռ տալիս, որքան թրին ու ղամին: Գազան Հասան խանի լավ աջալն էկել, հասել էր, ամա նրա բախտն էր, որ էն Երևանից էկած ձիավորները հենց էս սհաթին ձորաբաշը հասան, մինչև փիադա հայի տղերքը նրան կհասնեին, սրանք ներքև էկան, Հասան խանին ձիու վրա դրին ու թռցրին: Ողորմելին ձորի էս կողմիցը որ աչքը չի քցեց ու իր ջրատար օրդուն տեսավ, երեսը կալավ ու ձիուն օրզանգվիլ տվեց: Հազար մարդից ավելի հոգին տվել էին էսօր, մյուսքը՝ որը քարափի, քարերի գլխով վեր ընկել, փառչա-փառչա էլել, որը բանհոգի էլած՝ վերընկած մնացել, որն էլ քարի, քոլի տակի տափ կացել, ճապաղել: Շատին հենց էսպես տեղերից հանեցին, կռները կապեցին ու դարիդուս տարան: Թո՛ղ նրանց ուրախությունը նա զգա, իմանա, ով սիրտ ու երևակայություն ունի: Հարիր ավելի գերի էլ էս օր ձեռք բերին:
Փոքր ժամանակի Անի էն անունը հանեց, որ սաղ Երևան դողում էր: էն ժամանակը ես ինքս էջմիածին էի, որ Հասան խանը էնպես փախած էկավ, անց կացավ: Առաջուց մարդ էր ուղարկել, որ էջմիածնա միաբանքը առաջը չգնան խաչ ու խաչվառով, ինչպես միշտ անում էին: Բայց ձեն հանեցին, թե քրդերը ճամփին վրա են տվել, ու Ղարս ցավ էր ընկել:
Աչալուրջն Աղասի, երբ բոլոր խալխը էկան, հավաքվեցան, ամեն բանը թողաց, հրամայեց, գնացին եկեղեցին, րիգնաժամն ասեցին, աստծուն իրանց շնորհակալությունն արին, ու ժամը որ դուս էկավ, մարդ քցեց ամեն տեղ, որ ղարավուլ քաշեն, տեսնին, թե հարամու ոտքը կտրվե՞լ ա, թե՞ էլ ահ կա: Գոհություն աստուծո, ոչինչ չտեսան, ետ դառան: Մեռած մարմինները որը քարափնըվեր ձորը շպրտեցին, որը՝ հորերը. մնացած ձի, հարստություն ճոթ արին: Շորին, ձիու, ասպաբի մտիկ անող չկար: Մութը գետինը չառած՝ ամեն տեղ պահապան դրեց ու մնացած խալխը բերդը հավաքեց: Րիգնահացը որ կերան, Աղասին սկսեց խորհուրդ անիլ, թե ի՞նչ ա նրանց միտքը, ո՞ւր են ուզում գնալ: Նրա միտքն Էն էր, որ բալքի սրանց էլա ճամփու բերի, մնան Անի՝ իրանց հին աթոռանիստ քաղաքը, ուրտեղ որ նրանց կյանքը ազատվել էր, կրկին շեն քցեն, գրեն Գյումրի, ռսի ռահաթ դառնան ու Էստով աշխարքումը հավիտենական անուն ճարեն:
Բայց սնապաշտությունն ու սուրբ Հովհան Երզնկացվո անեծքի սուրը էնպես էին նրանց սրտումը ցցվել, որ հազար քարոզ ու Քյալփաթին ըլեր, չէր կարող հանել: Աստված մի՛ արասցե, որ մարդի գլուխը մեկ անգամ ծռվի, էն ժամանակը հազար կարգավոր ու բժիշկ էլ որ հավագվին, խեր չի անիլ. քանի դզես, էլի կծռվի, ու վերջը, թե զոռ արիր, իսպառ կկոտրվի: Գիժն, ասած ա, մեկ քար քցեց ծովը, հազար խելոք վրա թափեցին, չկարացին հանիլ: Աղասին տեսավ՝ ասածը չվանի վրա չե՛ն դնիլ զուր տեղն անց կկենա, քաշվեց մեկ ղրաղ, աղլուխը դրեց աչքին ու բերանը բաց արավ.
— Փաոքդ շատ ըլի, ո՜վ արարիչ Աստված. էլ ո՞ւր ենք ասում, թե մարդ քո սուրբ հոգին ունի, քո պատկերն ա, որ քարից էլ շատ անգամ միտքը պինդ ա, գլուխը հաստ: Գող ու ավազակ էստեղ տարերով բուն են դրել, էլի քո երկիրը նրանց տակով չարել, վրեն պահել ա, հենց մեր ազգին ա քո զուլումը հասել, որ չես թողում իրանց աշխարքը շեն անեն, քո սուրբ անունը փառաբանեն, կյանք ազատեն ու կյանք վայելեն: Չէ՛, ամենակալ Արարիչ, դու քո ստեղծվածը, քո որդին էդքան չե՛ս անարգիլ չե՛ս ոտնահարիլ: Մարդս որ ծնվում ա, մեկ գունդ մսից ավելի էլ ո՛չին չ չենք տեսնում: Տարիք են անց կենում, որ քիչ-քիչ ոտն ա ըլում, քիչ-քիչ լեզու, ուշ ու միտք գալիս, ձեռը բերանը տանիլը ու դարտակ հաց ուտիլն էլ ա, հաց դատիլը չե՛մ ասում, սովորում: Բայց վա՜յ էն էրեխին, վա՛յ էն ազգին, որ աչքը էնպես գոգում բաց կանի, որ լսի տեղ խավար կտեսնի: Աչքը բաց՝ դուզ ճամփեն կթողա, քարեքար կընկնի: Վա՜յ էն ազգին, որ բնական օրենքը կթողա, անբնականին կհետևի, որ էնպես խրատ տվող չի՛ ունենալ, որ նրան հոգի տա և ո՛չ՝ հոգին էլ հանի: Երաբ, որ լավ կարդացող էր էլել, երեխեքանց ջոկ, ժողովրդին ջոկ գիշեր-ցերեկ խրատ էր տվել, կարդացրել, լուսավորել էր, հիմիկ մեր ազգը է՞ս հալին կըլեր, է՞ս տեղ կընկներ: Սարի հայվանն էլ մեզանից լավ ապրում, հարամուց, ֆորսկանից յա փախչում, յա վրա թռչում, կտրատում, գլուխը պահում: Ծտի բունն էլ որ քանդում ենք, ղժվժում, թևին-գլխին ա անում: Մենք ծտի ղդար էլա չկա՞նք, որ մեր բունը պահենք: Ի՞նչ օգուտ էն գիրքն ու ավետարանը, էն խաչն ու երկրպագությունը, որ մենք չենք հասկանում: Գետնի տակին էլ շատ գանձ կա, մեզ ի՞նչ: Ա՜խ, մեր կարդացողներ, մեր կարդացողներ. ինչ կըլի, որ ինչքան ժամանակ քնի, քեֆի հետ են անցկացնում, ավելի փողի թամահ անում, էսպես բանի թամահ անեն, մեզ լուսավորեն, իրանք էլ թշնամուց, հարամուց ազատվին, մեզ էլ ազատեն: Մարդս մեկ անգամ է աշխարք գալիս, էնպես պետք է անի, որ դուս գալիս՝ էս դինումը անունը հիշվի, տոնվի, էն դինումը հոգին փառավորվի, լսի փայ ըլի: Բայց ի՞նչ օգուտ, որ ասածս քարերն են իմանում: Ասենք, թե տգետ խալխը էսպես բանը լսել, ասում ա, կարգավորին ի՞նչ ա էլել, որ նա էլ ա հաստատություն տալիս, թե էսպես հրաշալի քաղաքը անեծքով ա կործանվել: Առաջինը՝ սուրբ մարդի բերնից անեծք, դառը խոսք չի պետք է դուս գա, դուս էլ էկավ, Արարի՛չ, երեսս ոտիդ տակը, դու պետք է մեկ մարդի խաթեր միլիոն հոգի կորցընե՞ս: Թե պետք է կորցնեիր, ինչի՞ ստեղծեցիր: Ա՜խ, հազար էսպես ցավեր կա սրտումս, ամա բերանս փակում են, չե՛մ կարում ասիլ:
Էս մտատանջության միջումն էր, որ աչքը հանկարծ որ չի՛ բարձրացրեց, Անու բոլոր դուզը կրակ էր դառել: Նա իմացել էր, որ Ղարսա էլիգը Հասան խանը քոչացրել, ուզում էր, որ բերի, Երևան ածի: Լավ իմանում էր, որ սրանց վրա թե ղոնշուն էլ ըլին, էնպես մարդիկ չեն ըլիլ, որ իրան դեմ կենան: Հասան խանին որ կոտրեց, ի՞նչը նրան կդիմանար: Նրա համար կռվիլը խաղալիք էր դառել. մինչև առավոտն սպասիլ չէ՛ր ուզում, կասկածում էր, թե նրանց գլխին էլ է՛ն բերեն, ինչպես մյուս հայերի, ծեր ու պառավ սուրը քաշեն: Երկու հարրաչափ ընտիր ձիավոր քամակը քցած ընկավ դուզը: էն հադաղին վրա հասավ, որ նոր էկել, վեր էին Էկել, ու շունը տեր չէր ճանաչում. Քոչ-քոչ «ի» վրա վեր էին թափել ամեն մարդ իր գլխի ցավն էր քաշում: Թշնամին էնպես ցրվեց, տաղըթմիշ էլավ, որ մեկը չմնաց: Հայերին որ չարձակեցին ու մեկ տեղ հավաքեցին, նրանք իրանց դարդը մոռացած ձեն տվին էկողներին, որ թոփ ու ջաբախանեն ձեռք քցեն ու սարվազներին հետ ածեն: Երկու հազարից ավելի սարվազ, որ Հասան խանը թողել էր, որ էլլիգը յավաշ բերեն, շատը հայ, ղալմաղալը որ ընկավ, հենց իմացան, թե էկողները ռուս են, բոլորն էլ թոփ-թոփխանա թողին ու ձորը թափեցին: Մեկ քանի երևանցի թոփչի ու սարվազ ձեռըներն ընկավ, էլ ի՞նչ էր պակաս, որ Անի քաղաքին հարամի մոտանա:
Ինչպես որ էր, գիշերն անց կացրին: Առավոտը որ լուսացավ, աստուծո լիսն ընկավ հայերի սիրտը: էնքան բարութ, թվանք, թոփ էին նրանք ճարել, որ սաղ աշխարքը պոկ գար, նրանց վնաս չէ՛ր ըլիլ: Բայց ինչքան Աղասին խրատեց, ասեց, խնդրեց, չէլավ, չէլավ, հայքը ետ չի՛ դարձան, անիծած տեղը չուզեցան մտնիլ ու շատը երեսները էլ ետ դեպի Ղարս շուռ տվին: Աղասին շատ ուզեց, որ ռսի հողն էլա գնան, չէլավ. որը կամենում էր, որը չէ : Ընչանք էսպես կղռվռային, Ղարսա փաշեն ղոնշուն հավաքած գալիս էր, որ իր ռհաթը ետ դարձնի: Պետք է ասած, որ թե Ղարսա, թե Բայազդու փաշեն հայերին իրանց որդու պես էին սիրում փաշեն մնաց սառած, երազ էր կարծում աչքի տեսածը: Նա էնպես էր կարծում, թե իր գլուխն էլ սաղ չի դուս տանիլ էս ձորերիցը բայց ի՞նչքան զարմացավ, որ երբ կամենում էր վրա տալ, խալխը հազար տեղիցը ձեռըները բարձրաց «ր»ին, անունը տվին ու խնդալով առաջը վազեցին: Հոր պես, որդվոց ազատությունը տեսնելով՝ սկսեց փառք տալ աստուծո, երեսը գետինը քսել ու դեռ բերանը չբաց արած, որ հարցնի, թե ախր էս հրաշքը ի՞նչպես էր պատահել, Աղասուն ձեռըների վրա բռնած՝ առաջին կանգնացրին, ու հազար բերան ձեն տվեց.
— էսու՛ր, էսու՛ր մեզ, մեր որդիքը ղուրբան էրե՛, փաշա, գլխիդ ղուրբան: Մեր ազատողը, մեր երկրորդ աստվածը սա է:
Ազնիվ երիտասարդը, որ ամեն մեկ սրտի ցավը հազար անգամ երեսի գունը Էնքան փոխել, ներկել էին, Էնքան աչք ու թուշ կարմրացրել, սպիտակացրել, որ շարմաղի պես, մեկ ձեն անկաջն ընկնելիս, իսկոյն աչքի աղբրները գետ էին դառնում, երեսի գունը՝ ղրմզ, — ձեռը անլեզու երկինքը քցեց ու առանց խոսալու ցույց տվեց, որ նրա հաջողողն ու զորություն տվողը երկինքն էր, և ո՛չ իր ձեոի հունարը:
Ազնիվ փաշեն առաջին անգամ իր կենաց միջումը մեկ հայի տղի ճակատը Էնպես համբուրեց, ինչպես իրան նամազի քարը, դոշին քաշեց, էլ ետ գլուխը ձեռն առավ, էլ ետ համբուրեց ու իր քաջության բոլոր ըխտիարը նրան խոստացավ, որ հետը գնա Ղարս ու իր ձեռի տակին մնա. Աղասին ընկավ փաշի ոտը, շնորհակալություն արեց ու ասեց, որ աշխարքի թագավորությունն իրան տան, նա Անուցը ձեռք վերցնողը չի. նրա միտքն Էն ա, որ Անի շինություն քցի: Ի՞նչն էր փաշի ձեռին հեշտ քանց էս. միմիայն խնդրեց, որ հմիկ հետը գնա Ղարս, ոտը խաղաղվի. Էն ժամանակը նրա բոլոր մուրազը կկատարի, ինչքան տուն, մալ, ապրանք ուզում ա, կտա ու ինքն էլ հետը քոմակ կանի: Արտասունքն աչքերը լիքը՝ կրկին ընկավ Աղասին փաշի ոտը.
— Է՛ս գլուխը, որ ինձ էլ պետք չի, է՛ս դոշը, որ հազար անգամ կրակումն էրվել, խորովվել ա, է՛ս ձեռը, որ հազար անգամ ուզել ա իր թուրն իմ սիրտս խրի, բոլոր, բոլոր քեզ մատաղ, փաշա՛, յա էս սհաթին ինձ սպանի՛ր, յա ասածդ արա՛, որ ես իմ ազգի մայրաքաղաքը էլի շեն տեսնիմ, ետո գետինը մտնիմ:
— Անխավատ աջամ, — քրդստանցիք հազար տեղից ձեն տվին, — ծո՛, ի՞նչ կզրուցե, ծո՛: Գիր չգինա՛, կարդալ չգինա՛. փաշություն կտան, հմլա էլ իր սազ կածե: Ո՞վ է խելք, իման կորցրել, որ էմալ անիծած տեղ դա, բուն դնե: Շիդակ ա՛ջամ, աջամի լաճ: Ի՞նչ կուզես, էրե՛, աքլոր — մաքլոր չի խարցնիլ, հմլա կբոռա՝ մեր ճետ խանչեց, մեր ճետ խանչեց (մեր աքլորը կանչեց):
Խնդալով, պար գալով ղարսըցիք էլ ետ իրանց հողը մտան, ա՛խ քաշելով, աչքը սրբելով՝ Աղասին Անի թողեց: Փաշի կողքին, հազար խոսք, գովասանություն անկաջն էր ընկնում, հենց գիտես, քառացել էր: Հազար անգամ շուռ էկավ, էլի որ դեռ Անու պարիսպքը, եկեղեցիքը աչքին երևում էին, սիրտը մի քիչ հանդարտում էր, դոշին խփում էր, ա՜խ քաշում, կրակ վեր ածում: Հենց սարի գլուխը վեր էլան, որ էն կողմն անցնեն, ու Անին պետք է աներևութանար, էլ չկարաց իրան պահիլ. թուլացավ, ձիուց վեր ընկավ, չոքեց, ձեռները երկինքը քցեց, աչքերը՝ Անու վրա, ու գոոաց.