СТАНЬ VIP

ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Сообщение Harutin » 28 сен 2010, 20:55

ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Vrej Israyelyan.jpg
Vrej Israyelyan.jpg (12.04 кб) Просмотров: 2288
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Сообщение Harutin » 28 сен 2010, 20:56

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԻՆԱՎՈՒՐՑ ԽԱՂ


Գրեթե հարյուր տարի առաջ մի թուրք ուզեցավ տարբերվել մյուս թուրքից. հայ գաղթական կնոջը օրորոցային երկվորյակների հետ քարանձավում հայտնաբերելով: Նա զսպեց իր արյունակիցների մոլուցքը և փորձեց ստեղծագործական լիցք հաղորդել իր գործողություններին: Այդ «ստեղծագործության» արդյունքում այսօր ես կամ: Թուրքի այդ տեսակը գաղթական կնոջը փոխշահավետ գործարք առաջարկեց. եթե կինը խեղդի իր երեխաներից մեկին, ինքը խոստանում է պահպանել կնոջ և մյուս երեխայի կյանքը: Երևի կռահեցիք, որ տատս «ընդունել է» գործարքի պայմանները:
Արևելյան Հայաստան հասնելուն պես, հենց Էջմիածնում, մայր տաճարի դեմ հանդիման, տատս խելագարվեց: Հայր, որբանոցներում գոյատևելով, իր կյանքը բերեց-հասցրեց ինձ:
Այլ բաների հետ նա ինձ կտակեց նաև այս պատմությունը: Իմ կյանքի շատ ու շատ դրվագներ մոռացել եմ, բայց սա հիշում եմ:
Գրեթե հարյուր տարի անց, Ղարաբաղյան պատերազմի մասին պատմվածք մտմտալիս, հանկարծ հայտնաբերեցի, որ ցավը երևակայության թշնամին է: Ես պատերազմին չեմ մասնակցել, բայց տեսնում եմ, թե ինչպես է ծարավ հողը արյուն խմում, թե ինչպես են արեգակի շողերը խտտում սպանվածի դեմքը, և ինչպես է դրսից սողոսկող ջերմությունը դուրս մղվում նրա սառչող երակներից: Տեսնում եմ, թե ինչպես է վախը արիություն ծնում, և ինչպես են վաղվա հերոս հռչակվողները վախից թրջում իրենց տաբատները: Պատերազմը մարսելու համար խելք պետք չէ. մի քիչ հանդգնություն, մի քիչ էլ չտեսություն: Սխալ բան պիտի ասեմ, բայց ապացուցելու եմ, որ ճիշտ է. պատերազմ չտեսած գրողը ավելի լավ է զգում այն, քան այդ ողբերգության միջով անցածը: Ականատեսները միշտ պատերազմի մեջ սխալ բան են փնտրում և այնքան են խորանում այդ զբաղմունքի մեջ, որ կորցնում են ամենաէականը: Այնպես որ, առանց խղճի խայթ զգալու, սեփականել եմ այն, ինչ ուրիշին է պատկանում, ինչպես մեծն Տոլստոյը սեփականեց իր նախնիների պատերազմն ու խաղաղությունը:
Այն, ինչ պատմելու եմ, հորինվածք է, գրողի երևակայության արդյունք: Հայ և թուրք ազգայնականներին, այս և այն կողմի ականատեսներին խնդրում եմ` գլուխս ջարդելուց առաջ բարի եղեք մի քանի ակնթարթով մտնել հարյուրամյա այն քարանձավը, որտեղից ես չեմ կարողանում դուրս գալ:

* * *
Քամին ազգային պատկանելիություն չուներ. հայ երկրապահների դիրքերը հոտոտելով… Աշոտի աչքերին թոզ փչելով, անարգել խախտեց հայ-ադրբեջանական ռազմաճակատային գիծը և հայտնվեց ազերի կամավորականի մորուքի մեջ: Իր զորությունը գիտակցելով` քամին հանդգնեց ծաղրել հակառակորդների մարտավարական ծրագրերը, նրանց հայրենանվեր նկրտումներն ու հայեցակարգերը, սողոսկեց թշնամիների ինքնաձիգների փողերի մեջ, սվսվացնելով մերթ հայկական, մերթ թուրքական մեղեդիներ, որոնք մերթընդմերթ միաձուլվելով հավասարակշռում էին ազգերի ինքնորոշման իրավունքի և պետությունների տարածքային ամբողջականության ճանաչման միջազգային դրույթները: Հաշտարարի իր առաքելությունը քամին շարունակեց հարևան երկրների խաղաղ բնակավայրերին փոխանցելով իրենց քաջազուն զավակների հաղթական տրամադրությունները:
– Էս քամին էլ բռնաբարեց-թողեց,– ցաք ու ցրիվ եղած մորուքը հավաքելով ասաց ազերի կամավորականը:
Նույն պահին, հակառակ դիրքում, Աշոտ անունով հայ երկրապահը,սրտնեղելով քամուն իր սրածայր բեղերի դիմակայությունից, հայհոյեց.
– Ես քո տիրոջ մերը...
Քամին հայհոյանքներին պատասխանելու ցանկություն չուներ. մի քիչ հող հայկական դիրքերից, մի քիչ հող ադրբեջանական դիրքերից գողացավ, խառնեց-խառնշտեց, դես փչեց, դեն փչեց, հայ-ադրբեջանական մի փոշու ամպ սարքեր ու հավասարաչափ բաշխեց հակառակորդներին:
– Պարոն գնդապետ,– փոշի կուլ տալով ասաց ազերի կամավորականը,– մի հայ քածի ենք ճանկել: Խոսքը մեր մեջ, շատ համովն է: Ասում եմ` դեսերտի փոխարեն...
– Ռեստորանում չես, Մաքսուդ,– ասաց գնդապետը,– հետո էլ` ճաշակելուց առաջ գոնե մորուքիդ ոջիլներից ազատվիր: Հայերը ոջիլից զզվում են:
– Գերու զզվանք հարցնո±ղն ով է: Մենք մեր գործը ոնց-որ պետք է կանենք... Դժգոհ չի մնա...
Գնդապետ Մեհմեդ Ամիրօղլին զտարյուն թուրք լինելուց զատ, այլ առաքինություններ էլ ուներ: Չուլ ու փալասի մեջ կոլոլված այս կամավորական կոչեցյալ խաժամուժից զզվում էր.
«Իբր հայրենասեր են: Շան հոտ է գալիս նրանցից: Եվ սրա±նք պետք է հայերի վերջը տան»: Նա աշխարհ տեսած մարդ էր: Գիտեր սեփական արժանապատվությունը որպես ազգային արժանապատվություն հրամցնելու նրբությունները: Գիտեր անգլիացուն, հնդիկին, ռուսին ու ճապոնացուն, մյուսներին: Ապրել էր հաղթելու և պարտվելու քաղցրություններն ու դառնությունները: Նրա պատվին թուրքական կիսալուսինը փողփողացել էր աշխարպի ազդեցիկ ասպարեզներում: Նա առաջին թուրքն էր օսմանյան կայսրության պատմության ընթացքում, որին հաջողվել էր նվաճել հրաձգության աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Դրան նա արժանացել էր եզրափակիչում մի հայ մարզիկի հաղթելով:
Այդ փաստը իր ազգակիցներին ավելի էր ոգևորել, քան բուն տիտղոսը: Հայրենիքում նրան դիմավորել էին որպես ազգային հերոսի, ինչը շոյում էր նրա ինքնասիրությունը, շեշտում նրա յուրահատուկ մարդկային կերտվածքը: Ինչինչ... թուրք հասարակությունը գնահատում է իր այն զավակներին, որոնք ամենադիպուկն են խոցելու արվեստի մեջ: Ըստ գնդապետի` թուրքական պատմությունը միտված է դեպի թիրախները. դրանք են օսմանյան կայսրության տեսլականի թափանիվները: Գուցե դա էր պատճառը, որ Ղարաբաղյան պատերազմի առաջին իսկ օրերից նրա մեջ ծնվեց իր արյունակից ազերիներին մարզելու առաքելությամբ, ռազմաճակատ գործուղվելու մտադրությունը:
«Ես չկորաղացա այս թափթփուկներին հասկացնել, որ թիրախը վերազգային բան է: Ամեն ինչի վրա գրում են «հայ» և կրակում այդ ուղղությամբ: Դրա համար էլ հաճախ են վրիպում: «Եթե ուզում ես խոցել` մոռացիր, որ թուրք ես, մոռացիր որ նա հայ է» ասում եմ նրանց: Իսկ նրա±նք... «Ախր ո±նց մոռանանք, պարոն գնդապետ»: Ես չկարողացա հասկացնել, որ հային գլխավոր թշնամի հռչակելով, մենք վիրավորում ենք մեր ինքնությունը, նսեմացնում մեր նախնիների երազանքները»,– մտածում էր գնդապետը, և այդ պահերին հուսահատությունը պատում էր նրան: Նույնիսկ Թուրքիա վերադառնալու որոշում էր կայացրել, սակայն ինքնասիրությունը համառել էր: Մեհմեդ Ամիրօղլու հռչակը միանգամից տարածվեց ադրբեջանական զորքերի մեջ: Գնդապետը կամավորականների վստահությունը շահելու ջանք գրեթե չգործադրեց: Ալլահի կողմից նրան շնորհված մարզական տաղանդը, որպես հաղթանակի խորհրդանիշ, ներծծվեց պատերազմի տրամաբանության մեջ:
– Պարոն գնդապետ,– շարունակեց Մաքսուդ անունով կամավորականը,– ղարաբաղցի տղաներից մեկը ոնց որ թե ճանաչում է այդ քածին, ասում է հայերի հրամանատարի քույրն է:
Գնդապետը իր այտոսկրերը ծամծմելով ասաց.
– Լավ է, շատ լավ է:
– Ասում եմ` խրտվիլակ սարքենք ու էն բարձունքին տնկենք: Թող տեսնեն իրենց ապագան:
– Հայերին սեփական խրտվիլակով չես վախեցնի,– ասաց գնդապետը,– նրանք իրենց արյունից էլ գինի կեփեն: Նրանց հետ ուրիշ լեզվով պիտի խոսես:
– Հայերի հետ խոսելու միայն մեկ լեզու գիտեմ,– ասաց կամավորականը,– քրտվիլակի լեզուն:
Նրանք դեռ անցյալի մեջ են, օգնենք թող այնտեղ էլ մնան:
– Իսկ մե±նք, մենք հիշելու բան չունե±նք,– զայրացավ գնդապետը:
– Ո±րն է լավ, հիշեցնե±լը, թե± հիշելը,– շարունակեց Մաքսուդը:
– Ալլահը վկա,– ասաց գնդապետը,– հայ թե թուրք, նույն բաներն են հիշում և մոռանում:
– Ատում եմ հայերին,– բորբոքվեց կամավորականը,– ճանճի պես միշտ հայտնվում են այն կաթսայի մեջ, ուր մեր երազանքն է եփվում:
– Ատելությունը նույնպես սնունդ է,– ասաց գնդապետը,– հրեաներին և հայերին պետք չէ ատել` զորեղանում են:
– Ուրեմն, սրբել է պետք աշխարհի երեսից,– ներեց կամավորականը:
– Դե սրբիր,– հեգնեց գնդապետը,– էս` դու, էն էլ` հայերը: Թե± ուժդ միայն մի աղջնակի վրա է պատում:
– Մաքսուդը մեր գլխին հայագետ է դարձել,– գնդապետին դուր գալու միտումով ծաղրեց մեկ այլ կամավորական:
– Ցավդ տանեմ, էս ի±նչ լավ բան ասացիր. հայագե¯տ... իսկական անուն է, թե չէ` Մաքսուդ... Մաքսուդ... չի էլ հնչում,– խառնվեց մեկ ուրիշը:
– Այո¯,– ծոր տվեց գնդապետը,– չի հնչում:
– Ահա°,– վախից կծկված աղջկան ցույց տալով` ասաց նոր-նոր «Հայագետ» մականունը վաստակաց Մաքսուդը,– ընդամենը սա է հայ կոչվածը: Թույլ տուր վախը չափեմ, արյունս ղզղնել է:
– Ո°չ,– սրտնեղեց գնդապետը,– այս գեղեցկուհին իմ խաղընկերն է:
– Խաղընկե±ր,– ուսերը թոթվեց Մաքսուդը,– ի±նչ խաղընկեր:
– Ես ռազմաբենի արտիստ եմ,– ասաց գնդապետը,– սիրում եմ լեփլեցուն դահլիճներ և անսահման երևակայություն:
Թե ինչեր էր մտածել Ամիրօղլին, կամավորներից ոչ ոք չկռահեց: Ընդունում էին նրա հեղինակությունը, անձը, ավելի քան իրենց լպրծուն գեներալներին, որոնց ռուսահունչ ադրբեջաներենից զզվում էին նույնչափ, որչափ քաղաքական ճարտասաններից:
– Ինձ մենակ թողեք,– սենյակ մտնելով կարգադրեց գնդապետը:
Նստեց սեղանի առջև, հայացքը հառեց ճերմակ թղթին:
«Նամակ հայ կամավորական ջոկատի հրամանատարին»,– բարձրաձայն արտասանեց ու սկսեց գրել` ցուցադրելով վայելչագեղության իր տաղանդը:
«Պարոն հրամանատար, եթե ադրբեջանական դիրքերից մի թուրք գնդապետ նամակ է հղում հայ հրամանատարին, ուրեմն ինչ-որ բան այն չէ: Ես ազերի չեմ, ոչ էլ ազերին է թուրք (ինչպես դուք եք պնդում). պարզապես մեզ միավորում և մեկ ազգ է դարձնում հայերի հանդեպ ունեցած մեր նույնական ատելությունը: Ես չեմ առաջարկում քանդել մեր և ձեր միջև եղած այդ պատնեշը, բայց հավատացնում եմ, որ այս պահին ատելությունը չէ, որ ինձ մղում է գործարքի առաջարկով Ձեզ դիմել: Մեզ մոտ մի հայ աղջնակ կա: «Գերություն» բառը նրան չի սազում, դրա համար էլ չեմ շեշտում: Ես խոսքի մարդ եմ, այն ինձ համար ավելին արժե, քան ազգային պատկանելությունն ու ատելությունը: Գիտեմ, որ հայերդ պատվի մարդ եք: Ես Ձեզ հնարավորություն եմ տալիս փրկել աղջնակի (մեր տվյալներով Ձեր քույրն է) կյանքն ու պատիվը: Առաջարկում եմ հինգ մենամարտ նրա համար` ինչպես հին, երանելի ժամանակներում էին անում, երբ խոսքը խոսք էր, պատիվը` պատիվ: Ընտրեք Ձեր լավագույն դիպուկահարներին: Նրանց հետ առանձին-առանձին մենամարտելու եմ ինքս, եթե կենդանի մնամ: Եթե սպանվեմ որևէ մենամարտի ընթացքում, աղջնակը անվնաս Ձեզ կհանձնվի: Եթե հինգին էլ հաղթեմ` դարձյալ կստանաք նրան: Որպեսզի չկասկածեք, որ ծուղակ է, չեզոք տարածքում առաջինը ինքս կհայտնվեմ: Կկրակենք ատրճանակներով. 40 մետր հեռավորությունից: Որպեսզի խաբեություն չփնտրեք վարքիս մեջ, պարզեմ իմ նպատակը. ես լավ եմ կրակում և վստահ եմ, որ հինգ մենամարտում էլ կհաղթեմ: Իսկ դուք, ուզած ելքի դեպքում էլ, աղջնակին փրկելու հարյուր տոկոսանոց հնարավորություն եք վաստակում: Փոխշահավետ առաջարկ է` ես հայրենիք կվերադառնամ իմ կենսագրությունը հարստացրա, իսկ դուք` հայի Ձեր տեսակը կպահպանեք: Վստահ եմ, որ ճիշտ որոշում կկայացնեք: Եթե ընդունենք, որ այս գործարքը հայ-թուրքական հինավուրց խաղ է, ապա ինձ իրավունք եմ վերապահում ստորագրել այսպես. Ձեր խաղընկեր, գնդապետ Մեհմեդ Ամիրօղլի»:
Այս անգամ քամին հակառակ կողմից էր փչում. ադրբեջանական դիրքերը հոտոտելով, Մաքսուդի աչքերին թոզ փչելով, նա անարգել կտրեց ադրձեջանա-հայկական ռազմաճակատային գիծը և հանդիպեց հայ երկրապահ ջոկատի հրամանատար Աշոտ Վարդանյանի սրածայր բեղերի դիմակայությանը:
– Կամանդիր,– ասաց երկրապահներից մեկը,– թուրքը նամակ է ուղարկել:
Ռուսական բառեր օգտագործելով` հայ երկրապահները փորձում էին իրենց զինվորական կեցվածքին լրջություն հաղորդել:
Թուրքը նամա¯կ է ուղարկել...– փոստատար քամին լուրը տարածեց խրամատի երկայնքով:
– Ավետի±ս է, թե գույժ. ջոկատը այն ընդունեց խանդավառությամբ: Նամակագրությունը միշտ էլ հայ-թուրքական հարաբերությունների ամենաարհա¬մարհված ժանրն է եղել:
– Եթե թուրքը նամակ է գրում, ուրեմն, թուրք չէ,– ասաց դեռ քսանը չբոլորած մի տղա, որին երգիծելու տաղանդի համար «Մեղու» մականունն էին կպցրել:
– Եթե թուրք չէ, ուրեմն ազերի էլ չէ,– ասաց մեկ ուրիշը:
– Եթե ազերի չէ, ուրեմն խարտոցն է,– հանրահայտ անեկդոտըը ակնարկելով խայթեց «Մեղուն»:
«Կամանդիր» տիտղոսով մեծարված երկրապահը, որի աչքերին ժամեր առաջ աներես քամին թոզ էր փչել, սրածայր բեղերը ոլորեց, սփյուռքահայերից նվեր ստացած առաջնակարգ սիգարը վառեց, խորը շնչեց ախորժալի ծուխն ու ասաց.
– Չմեռանք` թուրքի նամակին էլ արժանացանք:– Բացեց նամակն ու զարմացած ասաց,– ի¯նչ գեղեցիկ ձեռագիր ունի:
Ձեռքով մոտ կանչեց երկրապահներից մեկին:
– Մոտեցիր ծանրաձողին, «Լեզվաբան»,– ասաց նա,– ճիշտ կթարգմանես, շեշտի տեղը` շեշտ, բութի տեղը` բութ:
– Թուրքերը կետադրական նշաններ չունեն,– ասաց «Մեղուն»,– նախադասությունը սկսում է Ալին, շարունակում է Վալին:
Նամակը, որ շեքսպիրյան հերոսներին վայել ճարտասանությամբ արտասանեց «Լեզվաբանը» ցնցող տպավորություն թողեց հայ երկրապահների վրա: Ազդեցիկ էին թե Մեհմեդ Ամիրօղլու գրելաոճը, թե աղջնակի գերության փաստը, ինչին անտեղյակ էր ջոկատը, թե գնդապետի գործարքի լրջությունն ու նրա ինքնավստահությունը:
– Արա, «Լեզվաբան»,– ասաց երկրապահներից մեկը,– ոնց որ թուրքի նամակ կարդալու համար ծնված լինես: Չլինի± շպիոն ես:
Ջոկատը սրամտելու տրամադրություն չուներ: Լրջացել էր նույնիսկ «Մեղուն»:
– Կամանդիր,– ասաց նա,– դու գիտեի±ր...
– Ե±ս... Կարևոր չէ,– կմկմաց Աշոտը:
– Ի±նչ ենք անելու,– տխուր հարցրեց երկրապահներից մեկը:
– Թակարդ է,– ասաց մեկ ուրիշը:
– Անիծյալ թուրք,– նետեց «Լեզվաբանը»,– ինչ էլ խելոք է շարադրել:
– Ես կմենամարտեմ,– առանց շրջվելու ասաց մի երկրապահ:
– Ես էլ:
– Ես էլ:
– Դու կրակել չգիտես,– ասաց «Մեղուն,– ձգանը ատամով ես քաշում:
– Ռուսների հրաձգարանը մեր տնից հարյուր մետրի վրա էր,– ասաց մի ղարաբաղցի,– նրանց մթերք էինք տանում, փոխարենը մեզ` երեխաներիս կրակել էին սովորեցնում:
– Ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան կարծում եք,– տխուր ասաց հրամանատարը:
– Մեր պատվի հետ է խաղում շունը և ոչ միայն պատվի...– ասաց «Լեզվաբանը»:
– Ես գիտեմ այդ գնդապետի մասին,– ասաց հրամանատարը,– նա մեր հինգին էլ կսպանի:
– Կամանդիր, էդ ի±նչ ես ասում,– բորբոքվեց երկրապահներից մեկը,– հո մենք սոխի գլուխ չե±նք: Էդ գնդապետ է, ինչ զիբիլ է, թուրք է, չէ±, հո Ալլահը չի±:
– Եթե համաձայնենք` մեր հինգին էլ կսպանի: Նա աշխարհահռչակ հրաձիգ է, աշխարհի բազմակի չեմպիոն:
Հրամանատարի խոսքերը ռումբի պայթյունի պես տակն ու վրա արեցին խրամատը: Բոլորը սսկվեցին:
– Մեհմեդ Ամիրօղլին անկեղծ է, սա «հայ թուրքական հինավուրց խաղ է»,– լռությունը խախտեց հրամանատարը:
– Խաղը` խաղ, հասկացանք,– բորբոքվեց տարեց երկրապահը,– չկա± այնպիսի «խաղ» որտեղ աշխարհահռչակ հրաձիգը հայը լինի:
– Կա այդպիսի խաղ,– ասաց հրամանատար Աշոտ Վարդանյանը,– ինքը` թուրք գնդապետն է հուշում. «հայի ձեր տեսակը կպահպանեք»:
– Ի±նչ իմանանք, ո±րն է «հայի մեր տեսակը», էն ինչ-որ կանք, էդ ենք:
– Մեհմեդ Ամիրօղլին նենգ գործարք է առաջարկել` հինգ մահ մեկ կյանքի դիմաց: Հա, ասեմ, որ այդ աղջնակը իմ քույրը չէ, ես քույր չունեմ: Բայց դա չէ կարևորը: Նա ուզում է մեկ անգամ էլ ճանաչել իր թշնամուն: Ուզում է իմանալ, հայը ընդունա±կ է հինգին զոհել մեկին փրկելու համար: Ճիշտն ասած, ես էլ չգիտեմ: Հենց դա պետք է պարզենք: Պատերազմական օրենքներով եթե դատենք, ճիշտ որոշում կկայացնենք, բայց հայի մեր տեսակը չենք պահպանի: Եթե հայի մեր տեսակը պահպանենք, Մեհմեդ Ամիրօղլուն կօգնենք, որ նա էլ թուրքի իր տեսակը պահպանի և հայրենիք վերադառնա «իր կենսագրությունը հարստացրած»: Սա է խնդիրը: Մտածենք: Կես ժամից պատասխան եմ գրելու:
Կես ժամից հայ երկրապահ ջոկատի հրամանատարը «Լեզվաբանի» օգնությամբ գրեց պատասխանը: Ընդհանուր համաձայնությամբ բարձրագույն հրամանատա¬րության հետ այդ հարցը չքննարկեցին` վերադասին փրկելով «հայի իրենց տեսակը» պարզելու տանջալից փնտրտուքից: «Լեզվաբանը» ջանք չխնայեց վայելչագրության նույնքան պատշաճ մակարդակ ապահովելու համար: Պահպանվեց նաև թուրք գնդապետի հրամցրած հարգալից ոճը:
«Թուրք գնդապետ Մեհմեդ Ամիրօղլուն:
Պարոն գնդապետ, Ձեր նամակը ընթերցվեց ամոբողջ ջոկատին: Որոշումը կայացրինք քվեարկությամբ` շրջանցելով ռազմական օրենքները: Դուք խնամքով թաքցրել էիք Ձեր հրաձգության աշխարհի չեմպիոն լինելու փաստը: Իզու¯ր... Այդ փաստը ավելի հաստատակամ դարձրեց մեր վճիռը: Ձեր «կենսագրությունը հարստացրած հայրենիք վերադառնալու» զուտ թուրքական երազանքը և «հայի մեր տեսակը պահպանելու» հորդորը ավելի քան անկեղծ էր: «Հայ-թուրքական հինավուրց խաղի» Ձեր առաջարկը ընդունում ենք չնչին հավելումով` հինգերորդ մենամարտողը ես եմ լինելու (համոզված ենք, որ նախորդ չորս մենամարտերում Դուք հաղթելու եք) և կրակելու ենք երեք մետր հեռավորությունից: Այն բավարար է միմյանց աչքերի մեջ նայելու համար: Ատելության այն պաշարը, որ դարեր շարունակ գոյացել է մեր միջև, կսպանի և° ինձ, և° քեզ: Կենսագրություն հարստացնելու ավելի գեղեցիկ ձև ես չգիտեմ: Ցանկալի է «խաղը» սկսել առավոտյան, որպեսզի ձերոնք և մերոնք առջևում մտածելու օր ունենան: Եթե Ձեր առաջարկած խաղին իմ չնչին հավելումը Ձեզ չի վախեցնում, ապա ինձ իրավունք եմ վերապահում ստորագրել այսպես.
Ձեր մահընկեր, հայ երկրապահ ջոկատի հրամանատար`
Աշոտ Վարդանյան»:
Քամին, եթե ռազմական փորձագետ լիներ, չէր հաջողելու տարբերակել հակառակ դիրքերում ամրացած թշնամական բանակները միմյանցից. նույն համազգեստները, նույն բեղ-մորուսները, նույն տանջահար, բայց մարտականորեն տրամադրված դեմքերը, նույն անհամ, երբեմն` համով կատակները, նույն զենքերը, որոնց արձակած պայթյուններից թշնամու չափ իրենք էին վախենում: Ի±նչ իմանա քամին, թե սրանցից որն է թուրք, որը` հայ: Ախր, գաղտնիք էլ չկա, որ մեկից առնես` մյուսին տաս: Երկուսն էլ թիրախ են. անձրև եկավ` երկուսն էլ թրջվում են, կայծակը երկուսին էլ խփում է, անտեր շունը երկուսի վրա էլ հաչում է: Մեկն էլ չկար, որ ասեր. «Քամի, այ քամի, մարդկանց գործերին մի խառնվիր», ոչ այս կողմից, ոչ այն կողմից մեկն էլ չկար, որ քամուն ժողովուրդների հերոսական պատմություններից դրվագներ հիշեցներ, Օսմանյան կայսրության և Մեծ Հայքի քարտեզները անձամբ քջջելու պատեհություն ընձեռեր: Բայց դե քամին հենց նրա համար է քամի, որ լսելու ընդունակ չէ, իր գործի տերն է` մեկ այս կողմից, մեկ այն կողմից փչում է ու փչում...

* * *
Պատմվածքի սկզբում խոստովանեցի, որ այսպիսի դեպք չի եղել, այն գրողի երևակայության արդյունքն է: Եղել է, թե չի եղել` այն իր տրամաբանական ավարտը պետք է ունենա: Ընթերցողը պարտավոր է իմանալ. կատարե±ց արդյոք Մեհմեդ Ամիրօղլին իր զուտ թուրքական երազանքը` հարստացնել իր կենսագրությունը: Հաջողվե±ց, արդյոք, հայ երկրապահ ջոկատի հրամանատար Աշոտ Վարդանյանին երեք մետրից նայել թուրք գնդապետի աչքերի մեջ. և ի±նչ տեսավ այնտեղ: Արդյո±ք հինգի մեջ էին «Մեղուն», «Լեզվաբանը»: Իսկ աղջնա±կը...
Վերջիվերջո ինչպե±ս ավարտվեց հայ-թուրքական հինավուրց խաղը...
Գրողի ճակատագիր է, ինքն իրեն փորձանքի մեջ է գցում և ամբողջ կյանքում փորձում է այդ փորձանքից դուրս գալ: Եթե ճշմարտությունն ասեմ` կամ այս կողմից, կամ այն կողմից գլուխս կջարդեն. ընդամենը արձանագրում եմ փաստը` հայ ժողովուրդը փառահեղ հաղթանակ տարավ այդ պատերազմում (սա արդեն իմ երևակայության արդյունքը չէ): Իսկ «հայ-թուրքական հինավուրց խաղի» մասին կասեմ հետևյալը. այն շարունակվում է: Ինչու± է շարունակվում, այդ էլ կասեմ. աղջնակը գերությունից ազատագրվելուց հետո ծնողների հետ արտասահման է մեկնել և, ըստ լուրերի, ամուսնացել է թուրքի հետ (երդվում եմ, սա նույնպես գրողի երևակայության արդյունքը չէ):
Ամեն ինչ խառնվեց իրար. եթե Մեծն Տոլստոյին հաջողվեց սեփականացնել իր նախնիների պատերազմն ու խաղաղությունը, ես ընդամենը կարողացա մտնել հարյուրամյա մի քարանձավ ու այնտեղից դժվար թե դուրս գամ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎՐԵԺ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Сообщение Harutin » 28 сен 2010, 20:57

Երեք օր առանց նախարարի


Սուտ է: Բառը գրեցի ճերմակ թղթին, հետո սկսեցի մտածել՝ ի՞նչը: Դժվար թե կյանքը նկատի ունենայի: Ես վաղուց արտասովոր բաներ չեմ մտածել: Ինչը որ կա՝ այն է: Բրիջիդ Բարդոն սուտ է, այդպիսի կին չկա աշխարհում. ֆրանսիացիներն են հորինել, որ հայ տղամարդկանց հոգու հետ խաղան: Նույնքան սուտ է Ռիո դե Ժանեյրոն. այդպիսի քաղաք չկա. Իլֆն ու Պետրովն են մոգոնել, որ Օստապ Բենդերին հունից հանեն: Ճիշտը տղամարդու այս տեսակն է, որին նախախնամությունը հրամցրել է ինձ որպես նախարար: Ինքն իրեն հարգող յուրաքանչյուր անկախ մարդ կամ ինքն է ձգտում նախարար դառնալ, կամ ունենում է իր նախարարը: Երկու դեպքում էլ աշխատավարձը ապահովված է: Աշխատավարձը ճիշտ բան է՝ բարձրացնում է տղամարդու տրամադրությունը և քնքշացնում կանանց: Աշխատավարձի վատն այն է, որ իր հետ կողմնակի բաներ է բերում՝ պարտավորություններ, նախարար, սրտնեղություններ և այլ անմիտ բաներ: Լավ է, երբ աշխատավարձը վերածվում է գինու: Վատ է, երբ այն քեզ մատուցում է տղամարդու, երբեմն նաև կնոջ այն տեսակը, որը հայերեն նախարար է կոչվում: Թուրքերեն, ճիշտն ասած, չգիտեմ թե ինչ է կոչվում: Ուզած պահին հայերեն նախարար կոչվող այդ տեսակը քեզ մատուցվող գինու գավաթը հետ է քաշում: Այդ պահին զայրույթը քեզ խեղդում է. և ուզում ես արևելյան լեզուներից մեկով նախախնամության հերը անիծել: Չի կարելի նախկին գրողի շուրթերին հպված գինու գավաթը հետ քաշել, պարո՛ն (գուցե տիկին) դա հղի է անկանխատեսելի հետևանքներով: Եվրոպան ձեզ չի ների. արևելքը՝ գուցե:
Բրիջիդ Բարդոն և Ռիո դե Ժանեյրոն ինձնից չեն նեղանա, որ մի նախարարի պատճառով կասկածի տակ առա իրենց գոյության փաստը: Այն երկրում, ուր ես նախկին գրողի ունուն եմ վաստակել, նման բաներ պատահում են: Աշխատավարձի դիմաց երբեմն ստիպված ես լինում ինչ-որ բաներ, որ կատարվել են, մոռանալ, ինչ-որ բաներ էլ, որ չեն կատարվել՝ հիշել: Երբեմն մոռանալու դիմաց ավելի են վճարում, քան հիշելու: Պատահում է նաև հակառակը: Եթե մի օր Բրիջիդ Բարդոն նախկին փառքը թողի Փարիզում և Երևան գա, ես նրան այնպիսի բաներ կպատմեմ, որ աշխարհի թափառական շների պաշտպանությանը ուղղված իր առաքելությունը իրեն անմտություն կթվա: Օստապ Բենդերին չեմ հրավիրի, գիտեմ, որ չի գա, նա իր Ռիո դե Ժանեյրոն է կառուցում:
Սա ոչ նախաբան էր, ոչ էլ վերջաբան: Համարենք նախավարժանք: Պարզապես ես փորձում եմ թակել այն պատմվածքի դուռը, որը ինքս իմ երեսին եմ շրխկացրել ավելի քան 15 տարի առաջ:
– Հետո՞, - հարցրեց կինը, - տեսա՞ր:
– Ո՞ւմ, - իմանալով հանդերձ, թե ում է ակնարկում կինը, հարցրեց տղամարդը:
– Ուրիշ էլ ո՞ւմ, - սրտնեղեց կինը, - նախարարին:
– Տեսա՛: - անտարբեր ասաց տղամարդը:
– Հետո՞:
– Հետո ի՞նչ:
– Լավ էլ գիտես, թե ինչ եմ հարցնում:
– Ասացի՝ թույլ տվեք արտահայտվել:
– Հետո՞:
– Արտահայտվեցի:
– Ի՞նչ ասացիր:
– Ասացի՝ ողջույն, պարոն նախարար:
– Հետո՞:
– Ասաց՝ հոգնած ես երևում, Հակոբ Արտաշեսի:
– Այսինքն:
– Այսինքն, Հակոբ Արտաշեսի անուն հայրանունով մարդը հոգնած է:
– Ոչ մի վատ բան չեմ տեսնում նախարարի ասածի մեջ: Հոգատար մարդ է, ասել է, որ հոգնած ես:
– Քո կարծիքով ես հոգնա՞ծ եմ: - հարցրեց տղամարդը:
– Հասկանո՞ւմ ես, - ասաց կինը, - նախարարը իրավունք ունի կարծելու, որ իր ենթական հոգնած է:
– Ես հոգնած չեմ, - ասաց տղամարդը:
– Նա իրավունք ունի մտածելու, որ հոգնած ես: Հասկանո՞ւմ ես, նա նախարար է:
– Ինչո՞ւ պետք է ես հոգնած լինեմ, միայն այն բանի համար, որ այդպես է մտածում մի ոմն պաշտոնյա:
– Եթե չես ուզում, որ ինչ-որ մեկը կարծի, որ դու հոգնած ես, ինքդ նախարար դառնայիր, - խայթեց կինը:
– Ես թքած ունեմ նախարարի պաշտոնի վրա, - ջղաձգվեց տղամարդը:
– Աստված իմ, - ասաց կինը, - այս մարդը որպեսզի ուրիշին չսիրի, ինքն իրեն է ատում:
Պատմվածքը, որի դուռը 15 տարի առաջ կողպեցի, «Ընտանի կենդանի» էր վերնագրված: Այն ժամանակ նույնպես նախարարները ազատ ել ու մուտ էին անում մեր տները: Մեր ընտանեկան վեճերի մեջ նրանք դատավորի, երբեմն նաև` դահճի դերն էին ստանձնում: Երբ հարբած տուն էի գալիս և ամբողջ զայրույթս աշխատավարձի մնացորդի պես կնոջս երեսին շպրտում, նախարարը ուսերս գրկում էր և դեպի անկողին առաջնորդում: Թե ինչ քնքշությամբ էր նա կոշկակապերս արձակում, պատմելու բան չէ: Հետո նա կնոջս հետ հաշվում էր աշխատավարձի թերմացքը, քաջալերում էր նրան և դուրս գալիս՝ մեկ այլ հարբած ենթակայի տուն հասցնելու վճռականությամբ: Նրանց գործի բնույթն էր այդպիսին՝ մեր աշխատավարձի տերն էին ու ծառան: Մեծահոգությունը, որ այն ժամանակ մատուցվում էր Խորհրդային հասարակարգի սոուսի մեջ, կոմունիստական համեմունքով, նույնքան ախորժալի էր, որքան Ազատ-Անկախ (տեղ-տեղ նաև՝ միացյալ) Հայաստանի ազգային մեծահոգությունից հունցված ուտեստը: Եթե ասեմ, որ նախարարը որդուս ձեռքը բռնած ամեն առավոտ մանկապարտեզ էր տանում, բառացի կհասկանաք, ինձ կմեղադրեք կոմունիզմի կարոտախտին տրվելու մեջ: Ասելս այն է, որ թե առաջ, թե հիմա և թե` ապագայում նախարարները եղել են, կան ու կլինեն: Մենք ենք, որ փոխվում ենք: Այնքան արագ ենք փոխվում, որ նախարարները մեզնից գլուխ չեն հանում: Հիմա՛ էլ նրանք հարբած գրողի են փնտրում, որ ուղեկցեն տուն, բայց չեն գտնում: Չեն գտնում ոչ թե այն պատճառով, որ գրողները այլևս չեն հարբում, քավ լիցի: Այլ... որովհետև գրողները գաղտնի են պահում իրենց կոչումը, ինչպես նախկին ԿԳԲ-ականները, կամ ավելի նախկին չեկիստները: Չեմ ասում , որ չեկիստները ու գրողները նույն բանն են, պարզապես երկուսն էլ ամաչում են իրենց մասնագիտությունից: Հարցը պետական մոտեցումն է. չեկիստների ամաչկոտությունը գնահատվում է և խրախուսվում, գրողներինը՝ ոչ: Ինչո՞ւ է այդպես. երևի տարին չորային էր, կամ էլ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ակունքները Սերվանտեսից են սերվել. Դոն Քիշոտն ու Սանչո Պանսան մսխել են համաշխարհային գանձարանի փողերը:
– Գնում եմ, - ասաց տղամարդը, - առողջարան եմ գնում:
– Առողջարա՞ն, - զարմացավ կինը, - հենց այդպե՞ս, միանգամի՞ց...
– Հենց հիմա:
– Իսկ նախարա՞րը, նա տեղյա՞կ է...
– Նախարարի հրամանով եմ հանգստանալու, - ասաց տղամարդը:
– Նախարարի հրամանով աշխատելու մասին լսել եմ, հանգստանալու մասին առաջին անգամ եմ լսում, - հեգնանքով խոսեց կինը:
– Նախարարը ասաց՝ հոգնած ես երևում, Հակոբ Արտաշեսի...
– Աստված իմ, - հեգնախառը ցավով ասաց կինը, - ամեն ինչ կրկնվում է: Քսան տարի առաջ և քսան տարի հետո, ամեն ինչ կրկնվում է: Աշխարհի բոլոր նախարարներին թվում է, որ դու հոգնած ես: Աստված ինչո՞ւ է քեզ այդպիսի հոգնած տեսքով ստեղծել:
– Նախարարն ասաց՝ երեք օրով Դիլիջան գնա, երեք օր առանց նախարարի ապրիր, թող ուղեղդ շնչի:
– Իսկ դո՞ւ:
– Ես ի՞նչ:
– Մենա՞կ էիք:
– Դահլիճում, կոլեգիայի նիստի ժամանակ:
– Եթե նախարարը հետին մտքեր չունի, ինչո՞ւ պետք է դահլիճում կոլեգիայի նիստի ժամանակ նման բաներ ասի:
– Նա շատ բարեհամբույր էր, ընդգծված քաղաքավարությամբ ասաց. «Հակոբ Արտաշեսի...» Միայն ինձ է այդպես դիմում:
– Որովհետև ամբողջ կյանքում «Հակոբ Արտաշեսի» ես, քո նման ուրիշը չկա... Բոլորի դեմքին լափելու, խժռելու վայրի բնազդն է շողում, իսկ քո դեմքին հոգնածությունը... Երեխայիս էլ քո պես ընտանի կենդանի ես մեծացնում:
– Ես քո ուզածն եմ, - սառը ասաց տղամարդը, այսպիսին էիր ինձ ուզում տեսնել, տեսա՛ր:
– Երեք օր առանց նախարա՛րի, - երգեցիկ ասաց կինը, - իսկ գուցե սա երկնային պարգև է, հա՞: Գուցե պատի՞ժ է...
– Տիգրանիկին հետս եմ տանելու, - ասաց տղամարդը, - միասին կշնչենք:
Միասին շնչելու գաղափարը իմն էր, նախարարը դրա մասին չգիտի: Չեմ ուզում, որ այդ մասին իմանա: Սովորաբար նախարարները չեն սիրում, երբ իրենց հրամանից դուրս ինչ-որ մեկը շնչում է: Թեկուզ այդ մեկը երեխա լինի, միևնույնն է, չեն սիրում: Հրամանի մարդ են՝ եթե այդպես է պահանջվում, այդպես էլ պետք է լինի: Չկարծեք, թե չարացած եմ նրանց դեմ, չէ՛: Եթե ես լինեի նախարար, նույնն էր լինելու: Բոլոր նախարարներն էլ նույն մարդկանց են ուզում տեսնել իրենց շրջապատում, նույն ժպիտները: «Հակոբ Արտաշեսի» անուն հայրանունը, որով պատմվածքի տղամարդուն էր մեծարում նախարարը, ամենքիս անուն հայրանունն է: Այնպես որ, եթե ամբոխի մեջ գոռաք. «Հակոբ Արտաշեսի» և ամենքը, կին թե տղամարդ, արձագանքնեն, չզարմանաք: Թե ժամանակ ունեք, նկարիչ Արմեն Սավայանի պատմությունը լսեք: Եթե շտապում եք, մեկ ուրիշ անգամ կպատմեմ: Կա՞րճ եք ուզում, կարճ կպատմեմ: Ուրեմն երբ մի անգամ էս նկարիչ Արմեն Սավայան անունով փառահեղ տղան իր արվեստակից ընկերների հետ ուտել-խմելիս են լինում, մի կարճլիկ արվեստաբան նրա ականջին շշնջում է. «Ախր Արմեն ջան, սրանք ով են, է՛, քո ճկույթն էլ չարժեն»: Էս նկարիչ Արմեն Սավայանը սաստում է նրան. «Սուս, արա, թե չէ...»: Քիչ հետո էս կարճլիկ արվեստաբանը նորից է շշնջում. «Արմեն ջան, դու հանճարեղ նկարիչ ես, սրանք «ճ» կլասի թուղթ ներկող են»: Արմեն Սավայան անունով փառահեղ տղան դատարկ շիշը բարձրացնում է, որ էս կարճլիկ քծնողի գլխին տա: «Արա, - ասում է նկարիչը, - գլխի չընկա, թե հետս ինչ կատարվեց: Հանգիստ շիշը սեղանին դրեցի: Արա, մեկ էլ զգացի, որ էդ շողոքորթությունը ինձ դուր է գալիս»: Այս է ամբողջ պատմությունը: Այնպես որ, ամենքս էլ մի երեք օրով Դիլիջանի առողջարանում օդ շնչելու կարիք ունենք, նախարարի հրամանով կամ առանց հրամանի:
– Խոսի՛ր, փոքրիկս, - երեխայի մազերը շոյելով ասաց կինը, որը անաղմուկ հայտնվել էր նրա կողքին:
– Թույլ կտա՞ք արտահայտվել, - մեծերին վայել լրջությամբ ասաց երեխան:
– Փոքրի՛կս, այդպես չի կարելի, խոսիր, ինչպես երեխաներն են խոսում:
– Իսկ ինչպե՞ս են խոսում երեխաները, - հարցրեց տղան:
– Բառերը չեն ընտրում, - ասաց կինը:
– Ես այդպես չեմ կարող, - ասաց երեխան, - հայրիկս արգելել է:
– Դու լավ տղա ես, արի միասին անտառ գնանք, - մտահոգ զննելով երեխային, ասաց կինը:
– Շնորհակալ եմ,- ասաց երեխան,- գնամ հայրիկից թույլտվություն վերցնեմ:
– Ո՞վ է հայրիկդ:
– Նախարարը հայրիկիս Հակոբ Արտաշեսի է ասում:
– Նախարա՞րը, - զարմացավ կինը, - ի՞նչ նախարար:
– Հայրիկս ամեն օր տեսնում է նախարարին:
– Մեծ բա՛ն... ես էլ ամեն օր ծառ եմ տեսնում:
– Ծառերը շատ են, իսկ նախարարները քիչ, - ասաց երեխան:
– Քի՞չն է լավ, թե շատը, - հարցրեց կինը:
– Չգիտեմ, - ասաց երեխան, - հայրիկս ասում է՝ շատերը ցանկանում են, բայց քչերին է հաջողվում: Հետո ծառերը խոսել չգիտեն:
– Քեզ ո՞վ ասաց, որ ծառերը խոսել չգիտեն, հայրիկիդ նախարա՞րը:
– Ես նախարարին չեմ տեսել, իսկ հայրիկն ամեն օր տեսնում է: Եթե ինձ խելոք պահեմ, հայրիկս խոստացել է նախարարին ցույց տալ:
– Նախարարի մո՞տ է քեզ տանելու:
– Չէ, հեռվից է ցույց տալու: Մի անգամ էլ մայրիկին է ցույց տվել:
– Եվ ի՞նչ:
– Մայրիկը ասում է՝ ուրի՛շ մարդ է երևում:
– Ինչի՞ց է երևում, որ ուրիշ մարդ է:
– Ամեն ինչ գիտի, - ասաց երեխան:
– Գիտի՞, թե ինչ է մտածում այս ծառը:
– Ծառի մասին հայրիկը ոչինչ չի ասել:
– Իսկ քո հայրիկը գիտի՞ ծառի մասին, - հարցրեց կինը:
– Իմ հայրիկը մինչև իմ ծնվելը գրքեր է տպել:
– Իսկ ինչո՞ւ քո ծնվելուց հետո չի գրում, - զարմացավ կինը:
– Չգիտեմ, - ասաց երեխան, - նա ասում է, որ երբ մեծանամ նախարար եմ դառնալու:
– Իսկ դու ի՞նչ ես մտածում:
– Ինչ հայրիկս է մտածում, այն էլ ես: Նա ասում է՝ եթե նախարար դառնամ, հավը ափիս մեջ ոսկե ձու կածի:
– Քո ինչի՞ն է պետք ոսկե ձուն:
– Հայրիկն ասում է՝ հավերը կչկչալով հերթի են կանգնում, որ նախարարի ափի մեջ ոսկե ձու ածեն:
– Գնա փոքրիկս, գնա թույլտվություն վերցրու հայրիկից, հետո հարցրու՝ արդյո՞ք անտառ գնալու արտոնություն շնորհել է իրեն նախարարը:
– Արտոնությունն ի՞նչ է, - շրջվելով հարցրեց երեխան:
– Երբ վերադառնաս, կասեմ, - ասաց կինը:
– Լսում եմ, - ասաց երեխան ու համաչափ քայլերով գնաց:
Հա, մոռացա ասել՝ վերջերս հայ-թուրքական հարաբերությունները առողջանալու միտում են գրանցել: Մեր պատմվածքին չի առնչվում, բայց հետաքրքիր փաստ է: Հայ և թուրք նախարարները հավասարների պես նստել են դեմ դիմաց և դարդերը իրար պատմել: Թուրք նախարարը ասել է, որ հոգնել է լսելուց, հայ նախարարն էլ խոստովանել է, որ խոսելուց է հոգնել: Երկու հոգնած հարևաններ միմյանց խոստացել են ՝ մեկը չխոսել, մյուսն էլ՝ չլսել: Հանճարե՛ղ դիվանագիտություն, որի արդյունքում «լռությունը ոսկի է» ժողովրդական ասացվածքը հայ և թուրք ժողովուրդների օրվա հացն է դարձել: Ոգևորված այդ հաջողությունից երկու նախարարները, գրեթե միաժամանակ, որոշել են իրենց ենթակաների հետ անուն հայրանունով խոսել: Թուրք նախարարը իր ենթակային դիմում է Ալի Մեհմեդօղլի պատվանունով, հայ նախարարը՝ (ճիշտ գուշակեցիք) Հակոբ Արտաշեսի: Այս երկուսը միմյանց հետ ոչ խոսում են, ոչ լսում: Երկուսն էլ հավասարաչափ օդ շնչելու կարիք են զգում. մեկը՝ Դիլիջանում, մյուսը՝ (Աստված չանի) Դիլիջանում: Գրողները ագռավ չեն, բայց ագռավի պես կռկռալ գիտեն: Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը գրող Սերվանտեսի օրացուցային խաղալիքն է և գրողը սիրով այն նվիրում է համայն աշխարհի նյութապաշտներին: Այնքա՛ն բան կա ասելու, բայց մի մոռացեք, որ վերջաբան կա: Եթե, իհարկե, այդպիսի բան ընդհանրապես կա:
– Բաց թող երեխայի ձեռքը, - չոր ու անսպասելի ասաց կինը, - և մի հուզվիր:
– Դուք ինձ ճանաչում ե՞ք, - զարմացավ տղամարդը:
– Մի հուզվիր, քեզ վտանգ չի սպառնում:
– Ի՞նչ վտանգ, - վախեցած հարցրեց տղամարդը և շրջվեց երեխայի կողմը, որն անհաղորդ ականջի բլթակի հետ էր խաղում: - Տիգրանիկ, գնա զբոսնելու:
– Լսում եմ, - ասաց երեխան:
– Ի՞նչ վտանգ, - կմկմալով կրկնեց տղամարդը:
– Ես վտա՞նգ ասացի, - իբր շփոթահար ասաց կինը:
– Այո, դուք ասացիք՝ վտանգ:
– Բերնիցս թռավ: Ուզում էի հարցնել՝ այս ի՞նչ է կատարվում աշխարհում, ստացվեց՝ վտանգ:
– Աշխարհո՞ւմ... չգիտեմ: Գուցե և ինչ-որ բան կատարվում է, ինչ իմանամ, գուցե արդեն կատարվել է:
– Երեխային հանգիստ թող, լսո՞ւմ ես, նրա հետ գործ չունես:
– Այսինքն, ինչպես թե գործ չունեմ... Նա իմ որդին է, - ապշահար ասաց տղամարդը:
– Ճիշտ այդպե՛ս, - հեգնեց կինը, - քո որդին է: Երբ մեծանա նրան կոչելու են Տիգրան Հակոբի:
– Դուք գիտեք իմ անո՞ւնը:
– Ոչ միայն... նաև հայրանունը գիտեմ՝ Հակոբ Արտաշեսի:
– Այդպես միայն նախարարն է ինձ կոչում, - վախեցած ասաց տղամարդը, - դուք...
– Ասացի, չէ՞, ձեզ վտանգ չի սպառնում:
– Ի՞նչ վտանգ:
– Ես վտա՞նգ ասացի, դարձյալ բերնիցս թռավ:
– Դուք ինձ ծաղրում եք:
– Նայիր անտառին, հետո նայիր աչքերիս մեջ ու անկեղծորեն ասա, դու այնտեղ ծաղր տեսնո՞ւմ ես:
– Չգիտեմ, - կմկմաց տղամարդը, - հազար տարի է ուրիշի աչքերի մեջ չեմ նայել:
– Ինչո՞ւ այդպես եղավ: Չէ՞ որ գրողը կյանքի ու մահվան արանքում տեղավորված մարդը չէ:
– Ի՞նչ իմանամ, - տխուր ասաց տղամարդը, - ի՞նչ իմանամ, թե որտեղ են ապրում գրողները:
– Անտառի մեջ, - ասաց կինը:
– Նա ասաց. «Հոգնած ես երևում, Հակոբ Արտաշեսի, երեք օրով Դիլիջան գնա, ուղեղդ թող շնչի և նայեց դահլիճին:
– Իսկ դահլի՞ճը:
– Դահլիճը արձագանքեց՝ թող շնչի...
– Իսկ դո՞ւ:
– Ես ի՞նչ... անուն հայրանունս որպես պարգև խլեցի նախարարի շուրթերից և երախտագիտությամբ արտաբերեցի. «Շնորհակալ եմ, պարոն նախարար»:
– Տխուր է, երբ գրողները դահլիճ են դառնում, - ասաց կինը:
– «Տխուր է, երբ գրողները դահլիճ են դառնում», - կրկնեց տղամարդը:
– Լսո՞ւմ եք, - հարցրեց կինը:
– Շների կլա՞նչը...
– Քո վնգստոցն է, - ասաց կինը, - խնամակալիդ ես կորցրել, ցավից վնգստում ես:
– Ուրիշներին խոցելը քեզ հաճո՞ւյք է պատճառում, - հարցրեց տղամարդը:
– Ուրիշի ցավը ինձ բալասան չէ, - ասաց կինը, - երեխային եմ խղճում:
– Հասկացա, - ասաց տղամարդը, - դու մենակ ես:
– Որտեղի՞ց հնարեցիր, որ մենակ եմ, - բորբոքվեց կինը, - իսկ այս անտա՞ռը, երկի՞նքը...
– Գիտե՞ս, - ասաց տղամարդը, - այն ժամանակ, երբ ես գրող էի, իմ մականունը «թռչուն» էր:
– Գեղեցիկ կանանց սրտե՞րն էի կտցահարում:
– Տնից տուն էի թռչում, սեղանից սեղան, բաժակից բաժակ, տողից տող, նաև՝ հրապույրից հրապույր:
– Հոյակապ է, - ասաց կինը:
– Ի՞նչը:
– Անկախությունը, սիրելիս, անկախությունը:
– Ընթրիքի ժամն է, - ասաց տղամարդը և ձեռքով որդուն մոտ կանչեց:
– Հայրիկ, ո՞վ էր այդ կինը, - հարցրեց երեխան:
– Ոչ մի կին էլ չկար, - ասաց հայրը, - ես էի, դու և մեկ էլ անտառը:
Ասելու բան չմնաց: Մնացածը կասեն Սանչո Պանսան և Դոն Քիշոտը, յուրաքանչյուրը իր բառապաշարով: Հայ և թուրք նախարարները համաշխարհային ֆինանսական և այլ ճգնաժամերից դուրս գալու ելք, խոսելով թե լսելով, հավանաբար, կգտնեն: Գրողների և չեկիստների հավերժական հակամարտությունը, որը մեր կյանքի առանցքն է, հավանաբար, կշարունակվի ստանալով նոր հնչերանգներ և ընդգրկելով նոր հարթություններ: Հաղթողներ և պարտվածներ չեն լինի՝ ամենքը կունենան նույն անուն հայրանունները, զորօրինակ՝ Հակոբ Արտաշեսի: Աստված երկար կյանք տա մեր նախարարներին, իսկ մեզ՝ երեք օր առանց նախարարի ապրելու բախտավորություն:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0