ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ
Գնացի մարթի, հմի սա ամեն գիշեր կպչում ա, թե՝ արի ունենանք որդի: Տունն էլ՝ լիքը ժողովուրդ, մի երկու սենյակում լցված: Էդպես էլ քնում են, ով որտեղ պատահի ու ում հետ պատահի: Ու շուտ պատահի: Բա: Էս միամիտն էլ կպչում ա ու կպչում:
- Ա՜յ անամոթ, - կարմրատակած շշնջում եմ ես ականջին, - էսքան մարդու մոտ էդ ո՞նց կլինի: Կարող ա՞ Ես ձեր ազգի համար էրոտիկ ալիք եմ…
- Բա խի՞ ամուսնացանք, հը՞, - մորմոքվում ա էս էրոտիզը, - բա, բա հիմա, էնա չես ուզում, հա՞…
- Ուզում եմ, - ասում եմ, - բայց հլա որ տուն եմ ուզում, նորմալ, առանձին սենյակ, վաննա…
- Հա բա չէ, - անկյունից լսվում ա սրա մոր բոլորովին էլ ոչ քնահարամ ձայնը, -բա ո՜նց, հարսո ջան, երկու հատ էլ նեգր սպասավոր չե՞ս ուզում…
- Ես նեգրերից վախենում եմ, տատի, - իր շատ կարևոր գոյությունն ա հաստատում նաև սրանց ութամյա թոռը, - շատ են սև... համ էլ ես չիշիկ եմ ուզում:
- Աղջի, դրա հարցերը լուծի, - կարգադրում ա աղջկան մերն ու էլի դառնում ինձ, - …ըտենց, հարսո ջան, պայմաններ ես դնում՝ սենյակ, վաննա, հազար մհանա… իսկ ես քո էդ կողքի դեբիլին կարտոշկա հավաքելուց եմ, ամոթ ա ասել, իրար հավաքել… ու երևում ա՝ կիսատ…
- Դու մեզ բոլորիս ըտենց կիսատ հավաքեցիր, մամա ջան, - կծում ա մորը գիշերանոթի մեջ երեխուն չիշիկացնող տալս:
- Չէ, աղջիկ ջան, - քեզ որ լրիվ եմ հավաքել, - պատասխանում ա մերը, - դու իսկի էլ կիսատ չես, դու լրիվ թույն ես…, - ու շրջվում ա պատին խռռացնող ամուսինը, - այ մա՞րդ, տո վեր է, քեզ ըսկի չի՞ հետաքրքրում, թե քո տղան էստեղ ինչ ա ուզում…
- Լավ ա անում, ուզում ա, - մրթմրթում ա սրանց երեկվանից հարբած, վեր ընկած հերը, - ես իմ տղու ուզող ջանին մեռնեմ…, - ու իբր կամաց, միայն կնոջը, -…արդեն քանի՞ անգամ ա ուզում ա…
- Անընդհատ, - նեղսրտում ա մերը, - տուն ա ուզում, տուն, ջակուզի ու երեք տեղանոց մահճակալ, ու՜,ու՜,ու՜ֆ…, աղջի, մի վեր սուրճ դիր, էս անտեր գլուխս էլի սկսեց պայթել…
- Մի բաժակ էլ արաղ, - կենդանության նշանները սկսում ա շատացնել սկեսրայրս, - ոնց որ թե մտածելու գործ ա բացվել…
- Այ, ապրեք դուք, - բորբոքվում ա ամուսինս, - լավ ա... կարողա ա՞ էս գիշերվա կեսին մի հատ էլ բլոտ ու նարդի գցեք… Ի, տո, թողեք քնենք, այ մարդ…
- Հա, - երրորդ բաժակը գցելուց հետո հրամանատարական փայտիկն ա վերցնում սրանց հերը, - վերջ, ոչ մեկիդ ձենը չլսեմ… բացի էս էրո… էրոզավրների տնքոցներից, եղա՞վ… Քեզ էլ, այ տղա, լայնածավալ հարձակում, էշի մեկը, -հրաման ա տալիս չորրորդ բաժակի վրա արդեն մարշալ կտրած հերը, - ու ամենաշատը տասը րոպե՝ հրետանային նախապատրաստության համար…
- Տասը րոպեն շատ ա պապի, - մի երկու րոպեից լսվում ա նորից էն բոյմեռած լակոտի ձայնը, - երկար դասամիջոց ա՞, ի՞նչ ա… համ էլ իմ քունը տանում ա…
- Ի, քնի, անասուն,– համբերությունից դուրս ա գալիս ամուսինս, - կարող ա՞ հլը պտի նստես նայես...
- Նկարելու եմ, - ասում ա էս թուլեն ու բարձի տակից ինչ որ բան հանում, -թաքցրած տեսախցիկ ա, Գուգուշն ա տվել, մեր դասարանի, իրանց տանը լրիվ նկարել ա…
- Կսպանե՜մ, - ոռնում ա մարդս ու էն սուր կրունկով կոշիկս, առ հա, դեպի էդ լակոտը,- կսպանե՜մ…
- Վայ, մամա ջան, - լսվում ա լակոտի ծղրտոցը, - վայ, աչքս հանեցին…
- Ի՞նչ եղավ…, - տեղներից թռչում են սկեսուրս ու տալս, - վայ, ի՞նչ եղավ մեր քաղցր բալին…
- Հասե՜ք, - ղժժոցը շատացնում ա էս օրապակասը, - արի անբախտ տատի, արի անբախտ մամա, արեք տեսեք ձեր Կիկոսի գլխին ինչ զուլում են բերել…, - էդ հաստատ էդ քանի օրը դպրոցում վայ թե Թումանյան ա անցել, - փրկեք, սպանեցին ձեր բալին…
- Ի՞նչ եղավ, այ լակոտ, - փորձում ա կանգնել նաև հրետանու մարշալ սկեսրայրս, - շտապ օգնությու՞ն կանչեմ…
- Հա՜, - միալար ղժժում ա թուլեն, - «02» էլ կանչի, պապի ջան... էդ կոշիկին ու աչքիս էլ ձեռք չտաք, կարևոր մատնահետքեր կան…
- Հեսա ոտնահետքեր էլ կլինեն, ես քո…, - լրիվ կատաղում ա ամուսինս ու վեր թռչում:
էդ պահին դուռն էլ են սկսում ծեծել: Հոգատար հարևանությունն ա: Ամբողջ մուտքի: Իմանում են ինչ ա եղել ու թափվում են մեզ վրա՝ իմ ու ամուսնուս: Էլ խայտառակներ, էլ երեխեքից չամաչող փչացածներ, էլ սեքսուալ չգիտեմ ինչեր…
Շտապ օգնությունն էլ ա գալիս: Պարզվում ա էս լակոտի ականջն ա թեթև քերծվել: Ուրախանում են, աչքալուսանքի սեղան գցում: Մուտքի հարևանությունն էլ հետները: Բացի մեզնից, իմ ու խեղճ դեբիլ ամուսնուցս: Սուս ու փուս դուրս ենք գալիս տնից, քաշվում բակի պուլպուլակի մոտ, ծառի տակ ու ու ցրտից սրթսրթալով, իրար գրկած, ոնց որ էն վատ երազում անկապ մրմնջում ենք. «Վայ Կիկոս ջան, վայ բալա ջան»: