СТАНЬ VIP

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:24

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Varujan Nalbandyan.jpg
Varujan Nalbandyan.jpg (10.95 кб) Просмотров: 1578
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:25

ՎԱՅՐԻՎԵՐՈ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ


Խճողված տրանսպորտը արդի քաղաքակրթության մեջ մարդու ապրելակերպի ամենացայտուն պատկերն է: Ճնճղուկներին կերակրելիս` դու սովորում ես համարյա անշահախնդիր բարություն: Կա ընդդիմություն, որը ոչ կուսակցական է, ոչ էլ կարիերիստական է, այլ զուտ անհատական և բացառապես գաղափարական. դա բայրոնական ընդդիմությունն է: Երկրագնդին տիրապետող լեզուների միջև մրցակցություն է գնում, թե իրենցից ո՜ր մեկը շատ մարդ կընդգրկի: Պարզվում է` առաջին տեղը պատկանում է խուլուհամրերին, որոնց նմանակությամբ խոսում են և նորմալ մարդիկ ու նաև միմյանց լեզու չիմացողները: Կնոջ կոչումը սիրահարվելն ու սիրահարեցնելն է: ՙԱտում եմ քեզ և քո շառը, դիահեծան փորսող Չար՚: Մասնագիտական դաժանությունը Չգիտակցված սնանկացում է: Եթե ծերացած ու հաշմանդամ մորդ չսիրես, հայրենիքդ ինչպե՞ս պիտի սիրես: Հայը սիրել է արհեստն ու արվեստը, քանի որ ար-ն է վերցրել այդ բառի արմատը:Նույնպես սիրել է Արարչին, Արարատը, արբունքը, արորը, արագությունը, արգասավորությունը, Արազը, արարածին և այլն: Իսկ Արքային ինչո՞ւ չի սիրում:
Աղմկարարներին թվում է, թե խռովում են Տիեզերքի մեծ լռությունը: Ինչը մարդկայնորեն հնարավոր է, ինքդ էլ կկարողանաս: Երեխա դաստիարակել նշանակում է ստեղծագործել բնության սևագրության վրա: Հարգիր քեզանից փոքրին, առավելևս, եթե նրա տառապանքներն ավելի են եղել քան քոնը, որովհետև տառապանքների չափով է չափվում մարդու տարիքը: Երջանիկները բախտից երես առած երեխաներ են կամ իմաստուն երեխաներ:
Լեզուների մեջ տառ-հնչյուն հերթականության միջոցով կարելի է մի թեթև կողմնորոշվել, թե ինչպիսին է նրանց ազգային ֆենոմենը: Տառերի հերթականությունների ընդհանրության շերտերը վկայում են համամարդկային եղբայրության հանդեպ իրենց ունեցած նկրտումների մասին:
Գլխի փոխարեն ոտքերն են դասը սովորում, երբ ֆուտբոլասիրության վարակը կլանում է երեխաներին: Այնքան տափակ գրվածքներ սրբագրեց, որ եզրակացրեց, որ այդպես և ավելի լավ ինքն էլ կարող է գրել: Պանթեոնի հայերենը ծանր կորստավայր է: Անտեր մեռելների գերեզմանոցը ամենաթեթևագույն կորստավայրն է: Ագնի Յոգան սրտի տրամաբանությունն է: Թարգմանիչներն իրենց խորին երախտագիտությունն են հայտնում Բաբելոնի աշտարակի շինարարներին: Եթե աշխարհը չսիրելուց կյանքը չես սիրում, ինքնասպանությամբ կյանքդ չես ընդհատում, որպեսզի կրկնվի էլ ավելի ցածր մակարդակով իբրև ծանր ու տհաճ պարտականություն: Միայն ապրելով, այսինքն` չդասալքելով կարող ես հաղթել: Ստեղծվում է Հայաստանի հարաբերականորեն անմահ գրողների միություն, և ըստ Թումանյանի փերիների օրինակով, համահայկական սարի գլխին ՙկհավաքվեն գիշերով՚: Հիմնադիր առաջին համագումարի ամենածանր քարը շալակելու պատիվը կտրվի ըստ խաղարկության: Այդ միության պատվավոր անդամ կընտրվեն դեռևս կենդանի դասականներ, որոնք ավարտած լինեն կարիերա անելու դասընթացը: Երթուղային թռիչքը` հանրապետական Պանթեոնից: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել թաղման քաղբյուրո:
Մի պահանջի բավարարումն առաջացնում է մեկ ուրիշ պահանջ, մինչև որ պահանջատեր որդիները օրհասական ժամիդ կստանան իրենց հասանելիքն ըստ պահանջի: Սատանայապաշտները վավերացնում են, որ դևերը գոնե մինիաստվածներ են, որոնք սակայն դատախազությունում գրանցվելու հայտ չեն ներկայացրել: Հանճար ծնվելը հեշտ է: Դժվարն այդ դեպքում վաղաժամ Չմեռնելն է:
Փոփոխական ամպամածությունն այն է, որ արևը պայմանական է: Պրոֆմիությունները կոմունիզմի դպրոց էին, որովհետև պաշտպանում էին կոմունիստ դասատուների շահերը: Այժմ ստեղծված են նեոկապիտալիզմի համալսարաններ, որտեղ դասախոզում են քիլլերները` ի բարօրություն…
Խորապես թեթևացնելու համար իրենց կյանքը` ինքնասպանները փսխեցին մարդկանց երեսին, հոգեվարքն ընդունեցին իբրև պատրանքային ազատագրում: Մեռնելու կերպը վայրիվերո չպետք է լինի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:26

ԽՐՈՆԻԿ ԱՆՀԵՌԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Գայլին ի՞նչ, որ կովը կաթնատու է: Աղվեսին ի՞նչ, հավը ձու է ածում: Կաթը և ձուն քո երեխաների համար էր նախատեսված: Տեսությունը քիչ է, բայց հաճախ շատ բան ` տեսնելուց է, որ սկսում է: Մի եղիր չկամ, որ ամուլ Չդառնաս: Սատանայի հակաարարչագործությունը նրա Չկամությունից է, և նրա հարաբերական ամլությունը խրոնիկական է , սկսած անկյալ լինելու պահից: Ասում են` եթե Աստված կամենա… Չի կամենում միայն այն ժամանակ, երբ քեզ համար վնաս է: Օգուտն ու վնասը ավելի շատ հեռանկարային են լինում, անտեսանելի` գայլի և աղվեսի համար: ՙԵկա, տես, հաղթեցի՚,- ասաց Կեսարը: Նրա գնալը լիներ, գալը չլիներ: Ավելի ուշ` նա իր պարտությունը տեսավ, բայց միայն հասցրեց ասել` ՙԵվ դո՜ւ, Բրո՜ւտոս՚-, խոստովանելով իր անհեռատեսությունն այդ բարեկամի հանդեպ: Բռնակալի հանդեպ ամբոխի հիացմունքն ու պաշտամունքը նրանից է, որ այդ ամբոխի յուրաքանչյուր մասնիկի որովայնում բռնակալ լինելու երազանքն է ծվարած: Չհաշված` բռնակալին կամ նրա նմանակներին ծառայելուց իր քաղելիք հավանական օգուտները: Ծերունին մրսկան է, որովհետև նրա մարմինը հեռատես է դարձել գալիք ցրտերի նկատմամբ: Ուրիշների ատելությունը ճաշակիր փոքր դոզաներով, որպեսզի Չդիվոտես: Ոտքերդ են ցավում, թե գլուխդ` նախասիրության համար տեղ չի մնում: Օրը կամեցող է, բարի օր: Կամեցող են լինում բարի երեկոն ու բարի գիշեր, որովհետև քեզ կամեցողություն սովորեցնելու համար լույսը տեղափոխվում է մոտիկ ու հեռու հարևան երկրները: Չար մարդը քեզնից ձեռ չի քաշի, մինչև նրա ձեռքը Չչորանա: Այդ դեպքում էլ նա քո հաշվին բարձր թոշակ կստանա, թեպետ կողմնակի, բայց վերջին վատության տարբերակով: Ցելոֆանե տոպրակները բարիքներով են լցվում, հետո աղբով են լցվում: Երբեմն նրանց ցելոֆան են ասում, ՙտելեֆոնի՚ հնչյունակերպ կարոտանքով մի հեռախոսազանգի, որը բարի լույսն ու բարի իրիկունը կփոխարինի մի բարեհաճ ալո-յով: ՙԱլո… Ալեքսանդր Մակեդոնացի՞ն է՚: Բայց պարզվում է, որ սխալ համար են հավաքել: Ի՞նչ պիտի ասեիր նրան… այն, որ Ալեքսանդրապոլը Ալեքսանդրիայի քույր քաղաքը չէ, ոչ էլ Լենինականը Լենինգրադինը կամ Լենինաբադինը: Անունները թռչուններ էին: Վանդակում մնացած թռչունին երբեմն ուրիշ անուն են շնորհում, բայց ոչ Շնորհիկ:
Եղունգները նրա համար են, որ տակը կեղտ կուտակվի: Դրանով չես զարմացնի մանիկյուրին ու պեդիկյուրին: Դիմիր հոգեկյուրին: Տեր ու տիկին Կյուրիները պրոմեթեոսյան կրակ տվին հրձիգների ձեռքը, անշուշտ միամտաբար, բայց և անհեռատեսորեն: Եվ չոր ցախի նման այրվում է մարդկանց առողջությունը: Բարի գիշեր Պիեռ և Մարի, սակայն ցավերի պատճառով քունդ չի գալիս:
Էջը ճմրթվեց, էջը պատռվեց, էջն այրվեց… Վրան ի՞նչ կար գրված, որ ուրիշները չկարդացին: Ցելոֆանե տոպրակի գույնզգույն դեմքերը, մարմինները կնճռոտվեցին: Ատելիք մնացորդներով լցվելուց առաջ: Ժամանակը հակապլաստիկ վիրաբույժ էր, որն իր ծառայությունները մատուցում է անվճար, առանց անգամ սպասելու մի չոր շնորհակալության: Այդպես անշահախնդիր են վաղաժամ ծերացնող չարագործները: Լոմոնոսովը Վրաստան Ժամանելուց, հետո, այնտեղից հեռանալուց առաջ, ազգանունը դարձրեց Լիմոնոսով, իսկ անունը` Սիմոն, ըստ համապատասխան երգի հանգասիրության: Ինչպիսի՞ն պիտի լիներ մարդը, եթե նրա աղիքները ուղեղանյութ պարունակեին: Գիտությունը, սակայն, պիտի զարգանար զուգարաններում, և կոյուղիները պիտի դառնային Գիտությունների Ակադեմիաներ` բարեկամական սիմպոզիումների փոխայցելությամբ: Բայց մարդու գլուխը պարբերաբար պիտի դատարկվեր ի նմանե ներկա աղիքների: Ահաբեկիչները պիտի չզբաղվեին իրենց գործընկերների ուղեղի լվացումով, և Հուլիոս Կեսարը գիշերները հանգիստ պիտի քներ: Գրական ջուլհակությամբ խաղ եմ անում թելերի և գույների հետ այնպիսի անպատասխանատվությամբ, որ պիտի շարժեր Բրուտոսի ենթագիտակցական նախանձը: ՙԵկա, տեսա, գրեցի՚- ասաց Հակավանան: Ապա` նրա գրվածքներից մի խարույկ սարքեցին` մեջումեջ գրագողություն անելուց հետո: Հեռատեսությունը նրան ոչնչով չօգնեց, ոչ ավելի, քան հեռուստատեսությունը: Մեծ ժամանակի ոլորտում խրոնիկը սինխրոն է դարձել: Չարենցաբար ամփոփեմ, որ օ՛, Տիեզերք, գրքերի աշխարհ ես, որի մեջ Գրի են առնվում բազմամիլիարդ հոգիների արարքները:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:26

ԿԱ ՉԿԱ` ԵՐԵՔ ԽԱՂԱԹՈՒՂԹ


Կար չկար… հեքիաթի սկիզբ է: Այսօրը վաղվա հեքիաթն է: Կա եղելությունը, չկա եղելությունը: Կա նրա խորհուրդը, չկա խորհրդայինը: Գայլի գլխին Ավետարան մի կարդա: Գայլը խոզ է կերել, խոզացել է: Գայլը Մասիսի ետևն է: Ետևն ու առաջն իրար են խառնվել: Եվ խելոք են, երբ անտառները ոչնչացնում են, քանի որ գայլը ցամաք ձորի աղվես կդառնա, երբ անտառները երգեն` Հայաստան, երկիր աքսորավայր, իսկ սատանայապաշտները. ՙԴևը մերն է, մենք դևինը, պոչն ու կոտոշն են միշտ անմահ՚: Չա՞ր եմ… Ժամանակավոր է: Կգա ժամանակը, կներեք:
Բառը թող նախադասության տարողությունն ունենա: Նախադասությունը թող տարբերության տարողություն ունենա: Պարբերությունը թող հոդվածի տարողությունն ունենա: Հոդվածը թող գրքի տարողությունն ունենա: Գիրքը թող քո գրականության տարողության տարողությունն ունենա: Քո գրականությունը թող ողջ աշխարհի գրականության տարողությունն ունենա, իսկ գրականությունն ի՞նչ… Բանի համեմատությամբ ոչինչ է: Բանը կյանք է: Գրականությունը կյանքի խեղկատակությունն է:
Ծառը ինքնահրկիզումի չի դիմանում: Մանր փոքրատառ էր, խոշորացրին: Խոշորացրած տպագիր մեխատառ դարձրին: Մեծատառը գլխատառ դարձրին ու մեր գլխին նստեցրին: Մեր գլուխը տպարան դարձավ: Մեր լեզուն բազմացրեց տպաքանակը, թափեց ուրիշների գլխին, որոնք գլխապատառ վազեցին ծնրադրելու գլխապատառի հուշարձանին: Առաջադրում են, որ քաղաքական գրական և արվեստի մի շարք գործիչների դասեն սուրբերի շարքը: Թեկնածուների՞ն են ձեռ առնում, թե՞ սրբության կարգավիճակը: Այն էլ դա այնպես են անում, կարծես պառլամենտի դեպուտատների մրցարշավ լինի: Մարդկանց կողմից պատմականորեն սրբացած քանի՞ հոգի պիտի հրաժարական տային կամովին: Քավարանից համառոտ հեռագիր ուղարկելով երկայնորեն շահագրգռված առաջադրողներին: Տերը վաղուց ցրել է սուրբերի համաքրիստոնեական ժողովի մեծ մասը, որոնց հարկ է տեղավորել խելքի պտուկների մեջ: Մարդու հիմնական մեղքն այն է, որ իր մխիթարությունը սխալ տեղ է փնտրում:
Ի՞նչ տարբերություն` մեկ հոգի՞ է քո մշտական թշնամին, թե բոլորն են այդպիսին: Երկու դեպքում էլ հարկադրված ես դիմել մշտական ինքնապաշտպանության: Սովորաբար երեխան ավելին գիտե, քան ծնողը, երբ նրա տարիքին էր: Եվ այդ գիտելիքն աճում է նաև որպես պատնեշ երկու սերունդների միջև, որոնք հայտնվում են Չհայտարարված քաղաքացիական պատերազմի մեջ, բարիկադի հակառակ կողմերի վրա, ներառելով հակադարձված շահախնդրությունները: Եթե հարգանքը, սերը ծնողի նկատմամբ ինքնաբուխ ու համատարած լինեին, ապա չէր առաջանա այդ վերաբերմունքը դաստիարակությամբ ամրապնդելու պատվիրանային անհրաժեշտությունը: Բոլոր պատվիրանների կարիքն ու անհրաժեշտությունը բխում են դրանց հակադարձ երևույթները չեզոքնացնելու էթիկայից ու էսթետիկայից, ինչպես և առաջին հերթին` հասարակական հարաբերությունները կայունացնելու ձգտումից: Սովորույթներն ու բարքերը դառնում են հանրամատչելի զսպաշապիկներ` հավանական խախտումների մշտական ակնկալությամբ: Այնուամենայնիվ, սերնդեսերունդ չափանիշներն այլակերպվելու հարատև նկրտումներ ունեն` բարեփոխումներ թե սրբագրումների կցվածությամբ: Այս ամենը դյուրամարս պիտի Չլիներ, եթե ձանձրալի Չդառնար իր կրկնվող միօրինակությամբ: Այծամորուս սկսնակներն արածում են Պանթեոնում աճած խոտերը: Կա մի տապանագիր` ՙՊիտի պատասխանս տաս, հասկանա՞ս կոր՚: Երբ արդեն մեռած ես, չես վախենում մահից: Օգտվիր այդ առավելությունից, բայց ապուրն ապրեցնում է: Ծառայում ես, որովհետև քո պարտականությունն է. լավ է: Ծառայում ես, սակայն քո պարտականությունը Չէ. գերազանց է, բայց ուրիշների համար անհասկանալի, ուստի և քեզ համար վտանգավոր: Քո հոգսն ավելորդ էր, եթե պիտի հուսահատվեիր: Քո հուսահատությունն ավելորդ է, քանի որ անօգուտ է:
Տառապանքիդ մեծ մասը ուրիշների համար անընթեռնելի է: Ֆ-ն որպես Այբուբենի վերջին տառը, վատ զգալուց` սկսեց երգել և դարձավ միայնակության երաժշտական բանալի: Երբ աղվեսը մեռած ձևացավ, ագռավը նրան դիահերձեց: Երեք խաղաթղթով աճպարարություն են անում, դրամ են շորթում: Առաջին խաղաթուղթը քո ծննդյան վկայականն է: Երկրորդ խաղաթուղթը քո անձնագիրն է: Երրորդ խաղաթուղթը քո մահվան վկայականն է: Քո ներդրումը թող լինի երկրորդ խաղաթղթի վրա: Մնացյալը բախտը գիտի, վախտը գիտի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:27

ԱԽՏՈՐՈՇՈՒՄ


Երբ քո մահից հետո դեռևս քինոտված են քո նկատմամբ, ուրեմն դու մինչ այդ` իրոք ապրել ես և նույնիսկ հաղթանակել ես: Մինչդեռ Գոյություն ունեն պայմանականորեն ողջ մարդիկ, որոնք իրենց ինքնության կայանալուց են խոսում իզուր: Իմաստուն մեռնելը կյանքում գործած սխալների օգտակարության գործակիցն է: Փրկարար միտքն ինձ այնքան երկար սպասեց, որ հանդիպելուց ես նրան զգացմունք համարեցի:
Պետականությունը մշտական ինքնարդարացում է: Սեփականությունը սեպ է խրում մարդկանց միջև: Անպատասխանություն դեռ չի նշանակում, որ վերջիվերջո պատասխան չես տալու… Հարցաքննության ժամանակ քեզ տրվելիք հարցերի մեծ մասն այնպիսիք են լինելու, որ ինքդ քեզ նախապես պիտի տված լինեիր: Պահանջիր ուրիշի փոխարեն: Հույս են ներշնչում, ինչպես եթե հոգս ներշնչելիս լինեին. խոսքը տրվում է… Բայց հարցը տրվում է և խոսքը չի տրվում, դու մտածում ես. ՙՀացս ցամաք կերա՚:
Կյանքն այնքան թանկ է, որ տպագրվող ինքնակենսագրությամբ հավելում են նրա գինը, ավելի են թանկացնում: Եթե ուզում ես ավելին ունենալ, ուրեմն պակասավոր ես: Գրամոլությունը կբուժվի, եթե կարդացվելու համար գրողը պարտավորված լինի վճարել ընթերցողին: Սովածներն ու մուրացիկները ընթերցասեր կդառնան, պոլիգրաֆիստները կաղքատանան, հոնորարի բարձրացում կպահանջեն գրաքննադատները: Գրականությունը, վերջապես, կգնահատվի:
Չափահասների զայրացած դիմագծերը դառնում են ծիծաղելի, երբ վտանգը չի սպառնում: Երեխաների փեշակն է: Երբ տխրում ես, ուրախացիր, որ կոմունիստների ժամանակ իրավունք չունեիր տխրելու, քանի որ տխրությունդ պիտի գնահատվեր որպես քաղաքական հանցագործություն սովետական լավատես իշխանության դեմ: Նույն կերպ, երբ դժգոհում ես, գոհ եղիր… Աշխատանքի պարտադրանքից անցանք գործազրկության իրավունքին… պարտադիր ուսումը փոխարինվեց մանկական մուրացկանությամբ, գաղափարախոզությունը` գաղափարազրկությամբ կամ փոփոխականությամբ, պետական արհմիությունը` արհեստակցական մրցակցությամբ: Ինչպես տխրությունը, այնպես էլ մնացյալը նույնպես ընդմիջում է: Ամեն մի վեհասքանչ երևույթի ոտնակոխ հետևում է նրա ստվերը` գռեհկացումը: Քնարերգությանը հետամուտ է լինում պարոդիան, սիրահարվածությանը` շնությունը, ժպիտը վերածվում է ծամածռության, հեկեկանքը` լացկանության, անմեղ կատակը` խեղկատակության: Մոլորակը տիեզերական փոշու է վերածվում: Մեր երկրագունդն առայժմ տիեզերքի շինծու ժպիտն է: Երբ լուսացավ, կանաչ տերևներն անտեսեցին, որ իրենցից մեկը խավարի թագավորության ընթացքում գունաթափվել էր: ՙԳնացեք էն կողմը խաղացեք՚,- մանկամիտ աղմուկներից հոգնած կարգադրեցին ծերունիները: Ո՞ր կողմը:
Սերը կույր չէ. միակնանի է, կարճատես: Երրորդ գործողության ժամանակ Սերը տեսաբան է դառնում: Ինքնաներկայացումից հետո` առավել ևս թատերագետ: Ամենավերջում սերը դառնում է հուշագրության շինանյութ, ընթացքում գրականության և արվեստին իր ծառայությունը մատուցելուց հետո: Պոետի ականջը խոսի, երբ նրա ձայնը սսկվել է: Աչքերը մի ժամանակ խոսուն էին: Քիթը մի քիչ խոսել սովորեց. ամոթխածաբար նա իր ձայները թաքցնում էր թաշկինակի մեջ:
Հեռախոսը զանգում է, պարզվում է, որ հեռախոզ էր: Հայրենիք են վերադառնում` պատմելու համար: Պատմելուց հետո, նորից հեռանում են` նորից պատմելու նյութ հավաքելու համար: Պատմասիրությունն է մեղավոր: Եթե մահը մարմինը տաներ ու հոգին թողներ, ապա դեռևս ողջ մնացածները պիտի ազատվեին թաղման գլխացավանքից: Մյուս կողմից երկրագնդի բևեռը պիտի թեթևանար:
Եթե վիճում ես մտովի, նկատի ունեցիր քո խոսակցի առարկությունները: Տաղանդավորին ենթագիտակցաբար մեղադրում են, որ նման չէ մյուսներին: Բարի մարդուն` նմանապես: Չարագործին չէիր ատի, եթե խորապես ու մանրամասնորեն իմանայիր, թե որքան է արժանի կարեկցանքի: Հենց այնպես չի ասված, որ ՙ…Չգիտեն, թե ինչ են անում՚: Աթեիզմը խոցելի վահան է բարոյական մեղադրանքների դեմ: Աթեիզմն այն չարամտությունն է, որ համար հոդված չի նախատեսված քրեական կոդեքսի մեջ, թեև հակառակ դեպքում նրան ավելի լավ պիտի ճանաչեիր` հաղթահարելու հեռանկարով: Ինկվիզիցիան կորցրել էր չափի զգացումը: Ստրկությունդ քեզ ձրի են բաշխում: Ազատությունդ ինքդ ես ձեռք բերում թանկ գնով` այն ախտահանելուց հետո:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:28

ՄԵՐՁՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ


Հարատև առատաթյունը մարդկանց նույնքան շփոթության մեջ է գցում, որքան հարատև կարիքը: Առատության դեպքում՝ ձանձրույթն է, կարիքի դեպքում՝ գերհոգնածությունը: Եվ այս, և այն պարագայում անձնասպանությունների տոկոսը բարձրանում է: Կոմունիստներն իմաստուն էին, որ չիրականացրին կոմունիստական հա­սարակարգի կառուցման ավարտը:

Քեզ հաղթելու ցանկությամբ հիմարը հույսը դնում է հիմարություններ անելու քո հավանականությունների վրա և երբեմն չի սխալվում: Քաղքենիությունը քաղաքակրթական նորմալ պտուղն է: Պատահական չէ, որ այդ երկուսի բառարմատը նույնն է: Միայն թե պտուղը ճաշակելուց առաջ, հեգնալի հանդուրժողականությամբ կեղևել է հարկավոր:

Ինքնարդարացվող հանցագործը պոտենցիալ կրկնահանցագործ է: Նրանց հասանելիք պատժի չափի նվազեցումը՝ նույնպես դրդիչ է կրկնահանցագործության, բացի այն, որ զեղչված պատիժը հետաձգվում է ապագայի անկանխատեսելի ձևերի մեջ:

Բնության երևույթների մեջ ծվարած են բոլոր հասարակական երևույթների պատասխանները: Ահա թե ինչու դարեր շարունակ հասարակական մարդը կենցաղային թե խոհական, բանաստեղծական թե առակատիպ համեմատաթյուններին է դիմել՝ մակերեսային թե խորագիտորեն, նրբամիտ ու դեռևս ոչ լիովին բացահայտված: Ո՛չ ժողովուրդն է իմաստուն, ո՛չ էլ անհատը: Աթեիստի համար բնությունն է իմաստուն, հավատացյալի համար՝ այն ստեղծող Արարիչը: Եթե մարդն ինքնին իմաստուն լիներ, ապա լուծած պիտի լիներ բոլոր հասարակական հարցերը, առավել ևս առանց դիմելու բնության օրինաչափություններին՝ այդ հավերժական «շպարգալկային»:

Մայրամուտը տխրում է քո փոխարեն, արևը ծագում է քեզ համար: Երբ բառն զգում ես իբրև կենդանի էակի, նա կենդանաթյուն է տալիս քո մտքին: Երբ կենդանություն է տալիս քո մտքին, հույզերդ մի առ մի արթնանում են: Երբ հույզերդ արթնանում են, զգում ես քո ողջ լինելը լիարժեք: Երբ քեզ այդպես ես գզում, հասկանում ես, որ դա մի բանի համար է... դու փրկվում ես տարակուսանքից... քեզ սիրում է նա, ում սիրո կարիքն ես զգում... քեզ ատում է նա, ում ատելության կարիքն ես զգում: Եվ ահա սիրո և ատելության արանքում նորից ապավինում ես բառի կենսանակությանը, մինչև որ քեզ հետ մեկ­նում է քո վերջին բառը, որով կայացնում ես քո դատավճիռը: Եթե բառը լեզու ունենար, ինչ պիտի խնդրեր քեզանից:

Հաղթահարում ես ընտելանալուց... օրինաչափությանները հայտնաբերելուց... քո բախտավոր աստղին կամ ժամին հավատալուց... Տիրոջը ապավինելուց,.. քո ուժերի օպտիմալ կիրառումից... ինքդ քեզ վրա հույս դնելուց... ուրիշների հաղթահարման փորձը հաշվի առնելուց... այդ ընթացքում մեղսագործելիս հատուցումն արիաբար տանելուց... հաղթահարած լինելու ձևացումներից հրաժարվելուց... Իզուր մի՛ ճշգրտիր. ճշգրտելիքդ փոփոխական է: Երկդիմի, փոփոխական ճշմարտությունների լաբիրինթոսում միակ ուղեկցին՝ ինքն անկեղծությանը հաճախ ես թմրեցնում պարտադրված քնի մեջ: Հավատացյալներն են ավելի շատ հանդարժում անհավատների չհավատալու իրավունքը, թե՞ ընդհակառակը: Ճշգրիտ գիտությունների մասնագետները (բժիշկ, քիմիկոս և այլն) հաճախ աթեիստներ են:

Ամեն մի երկրային բացատրություն ունի իր միստիկ վերնաշերտը: Մարդն Աստծո աստիճանավորված արարչագործաթյանն է, ինչպես պահանջարկն ու առաջարկը միմյանց առաջացնում են, այնպես էլ գոյանում են առաքինություններն ու արատները:

Դռան կարծիքը հարցրին, երբ մեջը կողպեք էր խցկվում: Համախոհների մեծաքանակություն նվաճելով՝ ջանում են ամրանալ իրենց համոզմունքների իրավասության մեջ: Ինչքան քիչ ես քավել քո մեղքերը, այնքան շատ ես վախենում մեռնելուց: Իմաստուն դառնալու համար քեզանից տարրական խելք է պահանջվում, որ իմաստությունն ավելի լավ է, քան տխմարությունը: Մարդն իրեն զրկում է իմաստությունից՝ սկսած այն պահից, երբ հրաժարվում է բարեխղճությունից: Խոսք կա, որ սնայպեր է, խոսք կա, որ համազարկ է:

Վայելում են այն, ինչից հետագայում պիտի զզվեն: Զզվում են այն բանից, ինչը հետագայում պիտի վայելեն: Ես սիրում եմ, որ մարդիկ իրար սիրում են: Քեզ ոչ թե կին է պետք, այլ քեզ պետք է այն կինը, որ քեզ է պետք: Եթե քեզ ծեծում են, ուրեմն դարձել ես այն ծեծը, որին արժանի էիր դու, թեկուզ ոչ այդ պարագայի համար:

Ծխելը վնաս է, բայց ոչ առողջապահության ցանցի աշխատակիցների եկամուտի համար: Կինն իրեն պատվանդանի վրա է զգում, երբ հզորը նվաստացնում է նաև ուրիշներին: Բոլոր արվեստագետները ենթակա են քաղքենիացվելու վտանգին, քանի որ քաղքենիաթյունը քաղաքակրթական փոխկապն է: Շրթունքների խաղը ավելի դյուրընթեռնելի է, քան ականջներինը, որոնք զգուշորեն. անշարժ են մնում, այնքան են նրանց քաշել մանկաթյան առաջին իսկ տարիներից:

Պետք է մաքրություն լինի, որպեսզի այն պահպանելու խնդիրն առաջանա: Կանացի ճակատին ու դեմքին իջած մազափնջերը սեքսուալ կիսադիմակներ են, մոտավորապես ինչպես մահմեդական կնոջ երեսին քաշած քողը, որը շեշտում է աչքերի գայթակղիչ խոսունակությունը: Սեքսուալ փորձի պակասը և անճարակ հետախուզությունը հանգեցնում են լքված լինելու զարմանքին, որ բաց պատուհան է դեպի հմտությունը: Կարևորն այն չէ, որ ցուրտ է լինելու, այլ այն, որ դու մրսելու ես: Այս հմտությունը երբեմն առեղծվածորեն անհետանում է:

Երբ մազերդ տնկվում են սատանայի պոչի նման, ուրեմն մեջդ սատանայություն է մտել: Այն, ինչ անցնում է քո մտքով, դա դու չես. քո սատանան կամ քո հրեշտակն է, որոնք քեզ հուշում են: Կյանքն ի՞նչ է, Եթե ոչ մինչև մեռնելը հասնելու մի ժամանակամիջոց, խնդիրն այն է, թե հանուն ինչի՞... Ժամը 11-ն անց է 18 ժամ: Գեղեցկուհին առեղծված է, քանի դեռ չես բացահայտել նրա բարոյաքիմիական բաղադրությունը. հայտնաբերելը պայթյունավտանգ է: Փոխադարձ սիրո համար սպառնալի երկրաշարժ է սեփական շահագրգռությունների ճեղքվածքը: Պարտությունդ քեզնից երես կթեքի քմահաճորեն, երբ դու նրան սիրահարվես թեկուզ հետաքրքրությունից դրդված:

Ղեկավարել՝ նշանակում է ցավ պատճառել, երբեմն իմաստալից: Ձեռքերը երկար են, խելքը կարճ: Փոքր խաղի մեջ հասունանում ես մեծ խաղի համար, որի մեջ թերևս բորբոսնես... նրա հատակին: Կինը նախանձում է կնոջը, երբ նրա բացված պայուսակի մեջ տես­նում է նրա ստինքներին ու կոնքերին համա­պատասխանող մեծ գումարը: Քիթը բնավորության ուղեցույցն է, ինչպես որ աչքերը բնավորության ուղենիշներն են: Երջանկությունը շփոթում են կոմֆորտի հետ, և անհասկանալի է մնում նրանց համար երանության առեղծվածը: Երանությունը պարգևատրվում է եսասիրությունից հրաժարվելու արիության դիմաց: Ես չեմ քարոզում. ես իմ շալակած քարն եմ օծանում: Որքան շատ են քարերը Հայաստանում, ու մեկ քարն անգամ կամովին շալակողների թիվն առեղծվածային է: Մտավորականությունը ազգի ծաղիկն է թափվում է, որ­պեսզի ազգը պտղավորվի, մինչդեռ հասուն կանայք գրկում են չպտղավորած ծաղիկների փնջերը, և պտուղներից կոմպոտ են պատրաստում՝ օր ծերության վայելելու համար: Ժողովրդից շատ բան մի՛ պահանջիր. նա կորցրել է իր անձնագիրը, թեև քո անձնագիրը քո անձը չէ: Մեկը կարող ես կորցնել, մյուսը չի կարելի: Նույն հայն ենք, հարբում ենք տարբեր խմիչքներից, բայց մի՞թե մեզ վիճակված չէ նորից դառնալ խաղողի ողկույզ: Գարեջուրը օղու մխիթարությունը դարձավ: Ստրկությունը կուզիկացնում է: Կուզիկացողի վրա ծանրանում է մի վաղաժամ ծերություն: Քո առաքելությունը ճառագայթում է քո մահից այն կողմ՝ կենդանությանդ օրոք քո ծավալած մագնիսականության համա­պատասխան: Աղմկարարությունը պատառոտվող խոնարհությունն է: Քո ցավերի հետ դու մենակ ես, մահվան դեմ-հանդիման, նույնիսկ եթե կողքիդ կան բժիշկ, քահանա, հարազատներ, որոնք րնդամենը քո ժամանակավոր սեկունդանտներն են, հավուր պատշաճի, բազմերեսանի ու նաև իրենց մարմնի կալանավորը: Քո թվացյալ վերջնական պարտության միջից որոնում ես անդրաշխարհային պարզված մի ձեռք, մինչդեռ անտարբերաթյան փակ դուռը համազոր է թշնամիների: Հավերժաթյունը քեզ այնքան համբերությամբ է սպասում, որ սպասելիս անհամբերություն պիտի չցուցաբերես:

Համբավը գերգովազդ է իր գերներգործությամբ կնոջ և հասարակության վրա, և համբավի հասած մարդն ինքը իր ապրանքն է և ապրանքի տերը: Ովքե՞ր են հիվանդացնում ու վաղաժամ մեռցնում պետության մարդկային ռեսուրսները: Հասարակությունը եղել է և մնում է ատելության դպրոց: Երբ կղկղանքը լցվում է գանգը, աղեստամոքսային հա­մակարգն իրեն լավ է զգում: Այս է մեր ճակատանկարագիրը. խորհրդայինից խորհրդարան, ժողովրդի դիկտատուրայից՝ ագգային ժողովրդավարություն: Խոսափողն անջատվեց:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:28

ՆԵՏԱՂեՂ


Պետական գործիչը ոճրագործում է հանուն... անհատը ոճրագործում է իր անունից. նույնը մկրտվում է տարբեր անուններով, և միայնակ բառը նույնպես ստում է: Դահիճն իրեն ծածկել է ուսմունքի թիկնոցով: Դահիճը մահանում է, թիկնոցը մնում է... ուրիշի համար, որը գուցե գործի դահիճամերժ: Խլուրդին մի՛ մեղադրիր նրա ջանասիրության համար: Խլուրդին մեղադրիր նրա ջերմընտրության համար:

Սեռական ակտը սեփական մահը սերնդի մեջ հաղթահարելու ենթագիտակցական բնազդ է, նրա հաճույքը անմահության հաճույքի ակնթարթն է: Փառավորված անմահությունը հավիտենական օրգազմ է: Դու քննարկվելու ես անկախ քո կամքից: Մարդը սկսվում է իր առաջադրած վերնագրով, ավարտվում է իր ակամա ստորագրությամբ: Սեփական հավատարմությամբ ես ապահովագրում քո նպատակի բարոյական դրոշակը: Քո մահը ծրագրերի սնանկության վավերացումն է: Մտքերը համտեսիր կուտ աո կուտ, ինչպես փետրավորը: Թերևս դրանում է հեռավոր Արևելքի իմաստությունը: Առանց ծամելու կուլ տված մսի պատառներն ընդամենը որովայնն են լայնացնում: Կորցրել ես քո անցյալը, շահում ես քո ներկան, որ կորցնելու ես և հրապուրվում ես ապագայի հմայող ժպիտով: Դու ո՛չ շահել ես, ո՛չ կորցրել ես. դու ընդամենը խաղացել ես շահի և կորստի մարդկայնորեն տխմար խաղարկությունը: Ի սկզբանե անտի՝ քեզ ոչինչ չէր պատկանում: Բայց մի՛ վհատվիր. քո կյանքը նույնն է, ինչ երեխայի կաթնա­տամները: Շրջապատի ցուրտը յուրաքանչյուրիս ջերմության բացակայությունից է կամ նվազելուց է, թեև պայման է, որ չմեռնես մանկամիտ հասակում: Սեռական արարողությունը և հմայելու տաղանդը համապատասխանում են մարդկության ներկա տարիքին, մարդկություն, որն իմաստուններին գնահատում է ծերունականության տեսանկյունից: Ինչպես արդի քաղաքականությունը՝ նետաղեղի դարաշրջանը: Սխալի գիտակցման տրտմությունը ուղիղ համեմատական է զղջումի ուշացմանը: Իմացությունս ինձ տրված նախահայտնության մի մասն է, որ մոռացել էի գոռոզության հետևանքով:

Երկընտրանքից է սկսվում մեկընտրանքը: Խաղարկությանը հավատում են, Աստծուն չեն հավատում: Պատահում է, որ երազումս տեսնում եմ, որ արտասահման եմ գնացել, բայց վերադառնում եմ արթնանալուց առաջ: Վովա փղին էգից զրկեցին, փախավ գազանանոցից, տրոլեյբուսներ էր շուռ գալիս, մարդկանց չէր վնասում: Տանկերից կրակելով նրան սպանեցին: Սամուրն արձանագրեց. «Փղին վնասազերծեցին»: Սա մոդելն է այն հասարակաթյան, որն իր քաղաքացիներին զրկում է անհրաժեշտագույնից: Փորձված թանը մածուն չէ:

Թշնամանքը սպառվում է, հրե մասնագիտություն չէ: Եթե դու ընդամենը քո ինքնության ստվերն ես, քեզ լույս է պետք՝ այդ ստվերից ազատագրվելու համար: Հավերժական երիտասարդությունը տրվեց հրեշտակներին: Կոմունիզմի ուրվականից մնաց կոմունիստի ուրվականը: Կապիտալ շինարարությունից անցանք կապիտալիզմի շինարարությանը: Տնաքանդության քանդակագործները կանգնած են հերթի: Հայաստանը մարդկային ռեսուրս արտահանող երկիր է: Ժողովուրդը շատ է և շատակեր, ոչ մի թագավոր նրան չի դիմանա:

Ինքնասիրահարվածին դժվար չէ համոզել, որ սիրահարված ես նրան: Երբ տարակուսում ես, ինքդ քեզ վրա ես վերցնամ ամենամարդկային հոգեվիճակը: Մոլեռանդների գերկարողությունը իրենց տարակուսանքները թաքցնելու թե հաղթահարելու ունակության մեջ է:

Եթե ուզում ես ազատվել այս կյանքից, ապա մինչև վերջը պետք է ապրես: Անհաղթահարելի է միայն այն, ինչը անհաղթահարելի ես համարում:

Կիրակիս այնքան թեթև անցկացրի, որ երկուշաբթիս ակամա ծանրացավ: Երեքշաբթիս հայհոյանշան ցույց տվեց դժվարություններին: Չորեքշաբթիս գրաստավարի խեղճացավ: Հինգշաբթիս ափնիվեր ողորմածություն խնդրեց երկնքից: Ուրբաթս արժանացավ ռոբինզոնյան արիությամբ: Շաբաթս հրավիրված էր կերուխումի: Կիրակիս նորից անցկացրի թեթևամտորեն: Ինտերաղեղն ինտերնետ արձակեց, պատկերը խոցվեց, լուսաքամ եղավ, և խզբզանքն ստորագրեց նրա մահախոսականը:

Վանդակի մեջ երկու դեղձանիկ էին՝ էգ և արու: Խելոք թառել էին իրար կողքի: Ի՞նչ էին մտածում: Նման է բոլորին, նման չէ բոլորին՝ ճիվաղ է նա: Վիճում են, թե ով է իրավացի բոլոր տարիքներում: Երկու մահամերձ միմյանց կողքի՝ նմանապես: Դարձիր քո սկզբունքի հրեշտակը, անցյալ հրեշտակի գլխավերևում կսավառնի նրա սկզբունքը: Դագաղս լինի ձեր ուսերին, հիշատակս՝ նույնպես: Փողը թեթև լինի քո վրա, պարոն կաշառակեր: Կոմունիստները մեզ չէին զրկում աշխատանքից, քանի որ ցածր էին վճարում, բայց չգիտեինք, որ նեոկապիտալիզմն ավելի ցածր է վճարելու՝ աշխատանքը մատուցելով իբրև ողորմաթյան: Քաղաքակրթությունների տարբերականները մեր մոլորակի վրա, քաղաքակրթությունների տարբերությունները տարբեր մոլորակների վրա... ներկաները, անցյալները և ապագաները համատեղվում են իրարից տարբերվող զարմանազան զալակտիկաների վրա հուշելով սերն առ մակրոտիեզերքը:

Ծիծաղելուց քամակդ պիտի չճղես: Դու կորցրիր ամեն ինչ, բացի գլուխդ չկորցնելու ցանկությունից: Սպանում են ծաղկեպսակ դնելու ծախսի տակ ընկնելով:

- Քեզ ի՞նչ հրամցնեմ:

- Հրամցրու ինձ քո բացակայությունը:

Ստերը պատվանդան են ճշմարտաթյան համար, իրար վրա կատակվելուց բարձրանում են. ճշմարտությունը, ավելի ճիշտ՝ նրա հրաշալի պահանջարկը, մի անխոցելի ուրվական: Հորիզոնին պատասխանատու դարձրին արևածագի և արևամուտի համար: Աթեիստները հավատացյալներ են, քանի որ սադրանքի են ենթարկում ապաշխարողներին: Գեղեցիկը միջնորդ է քո և մարդկանց միջև: Արհավիրքն իր կոսմետիկայով նորաձևում է Երկրի երեսը, երբ այդ երեսը մռայլվել է չարագործություններից: Մեր վարորդների պես ենք պահպանում մեր ապրելակերպի երթևեկության կանոնները: Մտքերս կորչում են, ինչպես չվող թռչուններ, և հայտնի չէ ինձ, թե ով պիտի որսա:

Տիրոջ ուղերձը համատիեզերական է, և Լյուցիֆերը դրանից խեղված մեջբերում­ներ է անում: Սեփական մահվանը պետք է դաստիարակել յոթ տարեկան հասակից: Մահվամբ գեղեցկանում ու Երկրագնդի հոգին հմայում ես 33 տարեկան հասակում: Տերը մահվան է դատապարտում նրա բոլոր տարիքներում: Դժոխքը այս Երկրագնդի վրա կյանքն է՝ առանց այն հոգևորի, որով դու կկարողանայիր այլընտրանքով նրան ընդդիմանալ: Դժոխքն այն է, երբ ապրելու գինը միմիայն տառապանքն է: Ոջլոտած կարտոֆիլը ցեխոտ վիճակամ են իրացնում: Արվեստը բնածին այլախոհաթյուն է: Ապաշխարանքը սեփական մեղքերի կամովի փոխհատուցումն է: Պետաթյունը բռնագանձում է քո չվճարած հարկերը: Հակապետականությունը աթեիզմի սուռոգատն է: Հինգերորդ քաղաքակրթական աշնանային մի առավոտ ցրտերը զարմացած մնացին: Ի՞նչ բարոյական սկզբունք ակնկալենք ռամիկներից: Առաջարկվում է անվանի քննադատներին կարգել Պանթեոնի դռնապան:

Ամուսինները միասին են ապրում իրար սիրելուց... շահագրգռաթյանից դրդված... հանուն երեխաների...ճարահատյալ... սովորույթի ուժին անձնատուր... ազգուբարեկամների հանդեպ ունեցած ամոթից... ձևականորեն փոխզիջումների պայմանավորվածությամբ... պետական պատվեր կատարելու առաջադրանքով. մի խոսքով, ապրում են, ինչպես պարում են՝ ոտը գցելով ըստ հասարակական կանոնների: Ամուսիններին տրված է այլընտրանք շրջապատին համոզելու, թե ինչի համար են միասին ապրում: Լրագրողի, թե գրականագետի սնապարծություններից մեկը կդառնա «Երբ, որտեղ և ինչպես վախճանվեց Վանո Սիրադեղյանը» թեմայով արտադպրոցական շարադրա­կանը: Պաշտոնյա գրողը գաղափար չունի իր ստեղծագործության ճշգրիտ գնահատականի մասին, ինչպես հարուստ հարսնացուն չգիտե, թե իր հետ ինչու են ամուսնանում:

Մենք ատում ենք մեր լինելության բացակայությունը, քանի որ մեր թվացյալ լինելությունը թերի է: Նվազեցրած չափանիշներով մենք դարձանք այն թվացյալ ավելին, որին հիրավի պիտի արժանանայինք, եթե չափանիշները չխարդախեինք: Ամեն մարդ ամոթխած ու վախվորած հանցագործ է իր պոտենցիալ գայթակղելիությամբ: Նշան բռնելիս մի աչքը փակում են: Աղեղն արձակեց մի նետ, որի սայրին ամրացված էր ջերմամիջուկային մի ռումբ, և մշակույթը ծափահարեց:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:30

ՈՒՆԵՆԱԼ


Հին Հռոմի պատմության մեջ մի կայսր կար, ով ամենաքիչն էր կոտորել իր հպատակներից… որովհետև ուներ հումորի զգացում և այն սրսկում էր իր հպատակներին, և ինքն իրեն: այդպիսի սրսկվող բռնակալ ունենալու բախտը չվիճակվեց ոչ Նոր Հռոմին, ոչ էլ նրա մոտիկ ու հեռու հարևան ազգերին: Ունենում ես այն, ինչին արժանի ես, առավել ևս, երբ բարձր ես գնահատում քո արժանիքները, ավելի բարձր, քան քո շրջապատը քո արժանիքների հանդեպ: Լկտիությունը դրականապես է ազդում ինքնագերագնահատման դեպքում: Համեստությունը ձեռնտու է, երբ ուժդ չի պատում: Ո՞վ է տեղյակ իր ունեցած ուժերի պաշարի մասին: Դրա համար գոնե Շամբալայում ծնված պիտի լինեիր, ոչ թե Ալաբմաշում: Չարիք գործելու մենաշնորհի նրա ձգտումն այնպիսին է, որ երբ դա անում են նրևա նկատմամբ, տասնապատիկ զայրանում է: Մենք ծնվում ենք, որ մեծացնենք` մեծանալու համար, բայց քանդում ենք, ինչ կառուցել ենք` ի ժխտումն ապարդյուն ջանքերի, որոնք ուղղորդում էին մեր սկզբնավորման երազանքները: Մոմը հանգավ: «Աստ հանգչի բոցը»: Բոցը բարձրացել էր դեպի եթեր: Նույն ակունքից էին ջրերը: Միմյանց հետ շփվեցին, իրար ճանաչեցին ու չճանաչեցին, շոգիացան ու շոգին բարձրացավ եթեր` աջ ու ահյան ցողեր դառնալու համար: Պարզությունը ժպտում էր: Ժպիտն ինչո՞ւ տխրեց: Շրթունքները լռություն էին: Փնտրել էին, չգտան: Բախել էին, չբացվեց: Մնացին ափ ի բերան` տարակուսած իրենց թերահավատության մեջ: Ուզեցել էին, որ պարգևատրումը արագընթաց լինի: Հեքիաթից էին գալիս, և «Բացվիր, Սեզամ»-ը մնացել էր նրանց հիշողության մի մտերիմ անկյունում: Չափն արեգակից էր անձրևում. հասկը մնաց անչափահաս, քանզի հողից էր գտել իր արմատը: Հողը երկրագնդի տարիքն ունի, ու ոչ մի բան չի հիշում, գերեզմաններն իզուր են բուսնում` թունավոր սունկերի նմանությամբ, որպես հանգչելու մի պատրանք, երբ Տիեզերքը հարատևորեն անհանգիստ է, և իր հավերժության հետևանքով` զրկված մնացած մի գերեզմանափոսից: Ծիծաղելի է, որ փառավոր գերեզմանը դարձավ մարդու իմաստնության չափանիշը` հանձինս Քեոփսի բուրգի և նրա նմանակների, մումիակերպ մի հավակնոտ հիշեցում իր գոյության մասին, որն իվերջո ընդամենը ֆֆֆ վանկերի միացությունն է: Աթեիզմը տապալված հեթանոս աստվածների սնոտի ապստամբությունն է, որը ջանք թափեց զրկել մարդուն Աստված ունենալուց:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:31

ՕԳՏԱԿԱՐ ՎՆԱՍԱՏՈՒ


Առողջապահական նախարարն զգուշացնում է, որ այսպես ապրելը վնաս է առողջությանը: Ապրելու օգուտն այն է, որ մեռնելուց` հասկանում ես, որ չարժեր այսպես ապրելը: Ինչպես ապրելու ուսմունքային առաջարկներն առատորեն մատուցվում են գաղափարների սուպերմարկետում: Գնորդներից ջանքեր են պահանջվում որպես վճար: Ջանքը միակ արժեքն է, որ ինքդ պիտի ներդնես շրջանառության մեջ` դրամանենգ չհամարելով շրջապատի ներդրված ջանքերը, սկսած ծնողներից, վերջացրած մուրացկաններով: Ուսմունք արտադրող և վաճառքի հանողներն են իրավաբան օրենսգետները, աստվածաբան քահանաները, գրականության և արվեստի չնչին մնացուկները, հեքիաթները մանուկների համար, փիլիսոփաները և նրանց մանրադրամափոխները, շրջմոլիկ դերվիշները և մահամերձների վերջին խոսքերի հատընտիրը: Մանկական հիվանդությունները մինչև ծերունականները, միջանկյալ երիտասարդական ու բեղմնավորող հասակը ներառյալ, բժշկական հանրագիտարանների տառակեր սննդամթերքը և ճերմակ խալաթավորների կուլինարական ձեռնարկը: Ուտողը գիտե, Չուտողն ի՞նչ գիտե: Հիվանդությունները լինում են մի քանի տեսակի` բնական և արհեստական, ինքնագործ ու ներմուծողի, պարբերական ու վաղանցիկ, մասնակիորեն բուժելի մինչև վերջնականապես անբուժելի լինելու իդեալը: Բժշկի համար մատերիալիստ լինելը գիտականորեն համարվում է ամոթալի: Հիվանդի համար իդեալիստ լինելը` ոչ-նմանապես-հավատացյալ լինելը պայմանական է: Անշուշտ, բացառություններ պատահում են պատահաբար: Եթե մի շարք միջատներ թունավոր են լինում, մարդն այդ միջատներից ինչո՞վ է պակաս, առավել ևս, որ ինքը խելքը գլխին բանական կենդանի է, մինչդեռ մյուս կենդանիները պոչավոր են ծնվում, որովհետև չեն խորշում արնապղծությունից` գրգռելով մի շարք մարդկանց սեռական դելիկատեսի հանդեպ անասնահիվանդագին ախորժակը: Վարակը հասնում է նաև ժողովրդական երգին` «Սիրել եմ ու պիտի առնեմ, ջհանդամ, թե բարեկամ եմ»: Պարզվում է, որ թշնամական հրոսակները, այլացեղ երկրի ներխուժելով և պարտվածների կանանց ու աղջիկներին բռնաբարելով պրոֆիլակտիկ միջոցառում են անցկացնում բնիկների բնածին այլասերվածության դեմ: Այս համաշխարհային ու պատմաբանասիրական երևույթի օգտակարությունը բարձիթող է արված հումանիտար մասնագետների կողմից, ինչպես այն, որ հիվանդությունները համամարդկային են, որպեսզի մարդը մարդուն հիվանդացնի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

Сообщение Harutin » 05 окт 2010, 19:31

ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ


Այնքան խորը պետք է համակրես քո մոլորյալ հակառակորդին, որ քամահրանքդ նրա հանդեպ, առանց որևիցե ջանքի, փոխարկվի խղճահարության, առավել ևս անկեղծ կարեկցանքի, որ վեր է ամենայն մարդկային տրամաբանությունից: Այդ արդյունքին հասել են Շամբալայի մոգերը, ի նշան այն բանի, որ դա հասանելի կարող է լինել և ուրիշների համար, մի անհայտ ու անմեկնելի շնորհով, որ կտրվի ի վերուստ, հատկապես ըստ արժանավույն, թեպետ նաև պատճառազուրկ: Այդպես կարելի է ըմբռնել Հիսուս Քրիստոսի ողբը Հուդայի կապակցությամբ, ինչպես և Ագնի Յոգայի ու ուղղափառ Կրիշնայականության նախազգուշական ցավակցությունը չարագործների հանդեպ: Այդ բարեսիրտ փոխակերպմանը հակընթաց բարոյալքված ու բարոյալքող փոխակերպումներն են տիրակալում մանկան միամտությունից դեպի նենգամտությունը, հիասթափության ներգործության տակ բարեգործվողի սև երախտամոռությունը ճաշակելուց` շռայլությունից դեպի ժլատությունը,- բարեկամի դավաճանությունից հակումը դեպի համատարած թշնամանքը,- չգնահատվելուց առաջացող թևաթափումը և ծուլությունը... Այդ ինքնակործանարար փոխակերպումները, որոնց արտացոլումները տեսնում ենք դարեդար արտահայտված համաշխարհային գրականության ոլորտում, ընդունակ են կաթվածահար անելու Բարության ջանքերը` Չարագործներին դարձի բերելու դեպի մարդու նախամեղսագործական կարգավիճակը: Եվ այդ կաթվածահարության հաղթահարումն է, որ առաջադրվում է մեզ Կալի Յուգայի այս ողբալի դարաշրջանում, որը թեպետ ամենակարճատևն է մյուս Յուգաների համեմատությամբ, սակայն իսպառ չքանալու համար մարդկությունից պահանջում է ևս 140.000 տարվա ակտիվ համբերություն, վերամարմնավորումից վերամարմնավորում, մոտավորապես 2.000 վերամարմնավորում, եթե մի կյանքի միջին տևողությունը համարենք 70-ը, որի ընթացքում անպակաս են լինելու փորձությունները, թե գայթակղությունները` ինքնակատարելագործման սանդղակի վրա վերուվար անելու հավանականություններով... որպեսզի ի վերջո հանգենք Սաթյա Յուգայի ու նաև մնացյալ Յուգաների բանականության արքայությանը: Փոխակերպումների վտանգավոր շրջապտույտ է, ճակատագրականորեն անողոք` կարմայական կանոնակարգի համաձայն, թեև աստվածային ողորմածության ակնկալիքներով հանդերձ, մինչև որ Ֆաետոնի համանմանությամբ Երկրագունդը դառնա անտեսանելի և բացառապես անառիկ` դևերի նկրտումներին դեմ հանդիման: Այս է երկրագնդի գոյատևման Տիեզերական ծրագիրը, որի իրականացումը կկայանա վիթխարի աղետները շրջանցելով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՎԱՐՈՒԺԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ
    Вложения Harutin » 28 сен 2010, 20:48
    2 Комментарии
    615 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    29 мар 2011, 23:08

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0