ՔՈ ՇՈՒՐՋԸ
Քո շուրջն ուսմունքների վտանգավոր առատություն է, թափթփուք, սակայն դու Մեծ Ճշմարտությունը չես գտնի աղվբանոցում: Շեքսպիրը, թե Դոստոևսկին քեզ լաբիրնիթների սիմֆոնիան են առաջարկում, մինչ ականջներդ խոնարհել ես էժանագին էստրադայի առաջ, պարզ, հանրամատչելի, բնազդամերձ` ի ծառայություն դփդփացող ոտքերին ու դատարկված գլուխներին: Հին Հռոմեական ձեռնտու տարբերակ` նորանալու դիվանագիտությամբ:Ուսմունքներն, ի նմանություն տախտակների, լող են տալիս ջրի երեսին ու ոտքից գլուխ իրենց ծառայությունն են մատուցում թևերի ու ոտքերի հոգնածությունից թուլացած մարդակերպ լողորդներին: Որտե՞ղ է ափը, որտե՞ղ է նավահանգիստը, որտե՞ղ է փրկարար ինքնաթիռները, այդ ի՞նչ օդաչուներ են, երբ են ջրերը ինքնակամ նվազելու: Այս ռոմանտիկան գալիս անցնում է տագնապալի շնչառությունների վրայով: Բայց և այնպես, հանիրավի շարունակվում են ծնունդնեռը, դրանց տարեդարձների հորթային ուրախությունները, թույլատրելի արբեցումներով ու ձևականությունների ծիսակատարությամբ: Կղզյակներ կան ցաքուցրիվ, սուզվելու ենթակա` երկրաշարժերի քմահաճությամբ: Ապոկալիպսիսի խլրտումներ կան ծովերի խորքերում, և փրփուրը բերանին` ալիքները բամբասում են ինչ-որ մշուշապատ ապագաների մասին: Միրաժներն անապատներից գաղթել են դեպի օվկիանոսները` տեսապատրանքներով նավահանգիստների և անդորրավետ ստվերներոտ փաղաքուշ լողափերի` հյուրընկալող փափկավազուտ, հավերժահարսերի բնակությամբ, ծովահարճերի գայթակղություններով: Կարծես բնությունը մայրացել է` իր արգանդի մեջ նորից ընդունելու համար թրջված հավքերին, որոնք մեկնել էին արկածախնդիր թպրտումներով դեպի անհայտ հորիզոնները: Հավատա երազներին,թեպետ երբեմն նրանք ստում են, ինչպես ծնող, որ հեքիաթներով է սնում կիսաքաղց զավակներին: Մի ստինքն իր բարությամբ է պիրկ ու շռայլ, մյուս ստինքը չարությամբ է լեցուն: Եվ կիսաքաղց լաճերը սնվում են պատահաբար, անկուշտ ու քինոտ, չորացող արցունքներ այտերին ու վախեցած նաև երազներից,որոնք պղտորում են իրենց հարաբերական անմեղությունը,որ տենչում է անդորրը, խաղաղված ստինքակերպ ալիքների օրորոցայինը: Եթե Աստծուն հավատում ես,դառնում ես աստվածային` ի հակադրություն աթեիստի,որը համարելով , որ Աստված Չկա, ինքն իր անձը աստված է հռչակում: Աստվածայինն իր անձի նկատմամբ պաշտամունք Չի ակնկալում, ինչպես Լուցիֆերատիպ ինքնակոչը: Աստվածայինը և ուզուրպատորը քո շուրջն են և քո ներսում,ինքդ ես քո բժիշկը կամ քո դահիճը: