СТАНЬ VIP

ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ

Сообщение:#1  Сообщение hasmikhasmik » 28 апр 2011, 16:18

ՊԱՏՈՒՀԱՆԻՑ ԱՅՆ ԿՈՂՄ

Օրը թաց էր, անսպասելի տեղացած ցանցառ ձյունից դեռ գիշերն էր թրջվել տաք մարմինը:Օրվա ոտքերի տակ թացից մուգացած գետինն էր:Երկինքն ամպել էր արդեն կեսօրվա գլխին, քնից ելած թեթև քամին վզին էր փաթաթել մառախուղը:Քամին ծառերի ցավն էր տանում ուշացած`մերթընդմերթ խաչվելով կիսամերկ ճյուղերին:Չորացած մատները երկինք պարզած բարդին թևերից բաց չէր թողնում սրտի թրթիռը օդի մեջ ծածանող կարմրադեղին տերևները:Թթենու ծառը երեկ թափ տվեց քամին,դեղնականաչավուն տերևները որ շռայլորեն ծածկել էին ծառատակը,այսօր չկային:
Հիշեց,ինչպես էր ինքը թափ տալիս իրենց այգու փարթամ ու միակ տանձի ծառը ու հետո հասած տանձերը փնտրում ծառի տակ աճած թփերի մեջ:
Ձմռան օրը տաք էր…
-Ձյուն է գալիս,-պատուհանից դուրս նայելով ասաց մորը:
-Օգնիր անկողնուց բարձրանամ,-կանչեց աղջկան մայրը:Շալը պինդ կձգես,բժիշկն է պատվիրել,-ավելացրեց նա:
Առանց մոր հուշելու էլ գիտեր,թե ինչ պիտի աներ:
Նա հեռանալով պատուհանից, մոտեցավ մահճակալին,կռանալով մոր վրա` ձեռքի շալը մի քանի անգամ անցկացնելով պառկած մոր մեջքի տակով `ձգեց նրա որովայնի վրա:Մայրը ձեռքը գցեց աղջկա վզով և փորձեց վեր կենալ:Վաթսունն անց,մարմնեղ ու գեր կին էր մայրը:Դժվարությամբ, բայց կարողացավ նրան ոտքի հանել:Մի քիչ պիտի նստեր ու փորձեր քայլել:Վիրահատությունից արդեն մի քանի օր էր անցել:Որովայնից հեռացված ուռուցքը` պարզվել էր, բարորակ է:Հիմա մնում էր աղիները նորմալ գործեր:
Աղջիկը նորից մոտեցավ պատուհանին,վերևից ասես ալյուր էին մաղում:Մարմանդ տեղացող ձյունը հասցրել էր նստել ծառերի պահած-պահպանած հնացած տերևների վրա:Հիշեց Երկրաշարժի օրը`նորից դեկտեմբերի յոթ էր,ինչպես այսօր,բայց օրը չոր էր,արևոտ:Երեխաներին առել` մտել էր մոր այգում կառուցված ջերմոցը:Ջերմոցի ապակիների կեսը կոտրվել էին,բայց դե էլի պատսպարվելու տեղ էր:Իրենց ու ուրիշների տները քանդվել էին:Հարևաններից շատերն էին եկել-ծվարել ջերմոցում:Սրտների դողը սաստկանում էր հողի չդադարող դողի հետ:Չէ,դա մրսելու դող չէր,թեպետ կուչ էին եկել ցրտից:Գետինը բերքառատ ծառի պես թափ էին տալիս…
-Նինային եղբայրդ գտավ,մնացին երեխեքը,-ասաց ջերմոց մտած մայրն ու նորից դուրս եկավ:
Նինան եղբոր կինն էր,դպրոցում դասատու էր աշխատում:Ուրախություն էր մեռածի դին գտնելը,անհետ կորած չէր լինի:Ոչ մեկը լաց չէր լինում`լացի ձայն չկար:Մութը գնալով թանձրանում էր:Եղբայրը գնում էր ու որոշ ժամանակ հետո վերադառնում:Դրսում դրված վառելի գերանների վրա շարել էին մահացածների փայտացած դիերը:Դրանց մեջ էին եղբոր կինը,նրա անչափահաս աղջիկն ու տղան:Իր ամուսնուց դեռ լուր չուներ…
Մայրը տնքտնքաց`ուզում էր նստած տեղից բարձրանալ:Աթոռը ճոճվում էր նրա տակ :Վայր ընկնելու վախը մեծ էր:Մոտենալով`ճոճվող աթոռը երկու ձեռքով սեղմեց գետնին,մայրը կառչելով իրենից`ոտքի կանգնեց:Սենյակի մի ծայրից մյուսը մի քանի անգամ դանդաղ քալքով գնաց ու եկավ:
-Հոգնեցի,-դիմեց նա աղջկան,-օգնիր մտնեմ անկողին:
Հիշեց ինչպես էր մայրը փրկվել փլատակներից:Խանութ էր գնացել գնումների համար,հետո չէր հասցրել դուրս գալ խանութից:Մնացել էր փլվածքի տակ:Լսել էր տղամարդու մի ձայն Հասմիկ է կանչում:Մայրն էլ էր ձայն տվել,օգնություն էր կանչել:
-Հասմիկ դու ես,-հարցրել էր ձայնը:
-Հա, հա,ես եմ,-պատասխանել էր մայրը,ում ինքը Ժենյա գիտեր իր ծնված օրից,ով Ժենյա էր եղել նաև իր ծնվելուց շատ առաջ:Այդ պահին մորը հարմար էր եղել Հասմիկ լինելը,խաբելով արժեվորել էր կյանքը:
Իսկ սա,լսել էր իր դեռատի կնոջ`Հասմիկի ձայնը:Որովհետև այդ ձայնը իր ներսում էր,որովհետև այդպես էր ուզում,իր Հասմիկին էր ուզում կենդանի տեսնել:Ու երբ այդ երիտասարդը իրար վրա թափված քար ու փայտի բացված անցքից դուրս էր հանել իր մորը,նրան բոլորովին անծանոթ իր հարազատ մորը, ում այդ ամբողջ ժամանակ հուսադրել էր գորովալից խոսքերով,այդ երիտասարդը ձեռքերի մեջ էր առել գլուխն ու վշտահար ոռնացել…Մայրը,երբ սկսում է այդ մասին պատմել,ձայնի մեջ դժգոհություն է զգացվում:Դե,նա ուղղակի դժգոհում էր.
-Ինձ չէր օգնի այդ տղամարդը,եթե չխաբեի նրան`ասելով Հասմիկը ես եմ:Հաստատ չէր հանի փլվածքի տակից,-համոզված պնդում էր մայրը` գոհացած արածից:
-Ամբողջ աշխարհի գութն էր արթնացել,կօգներ-կհաներ,անպայման կօգներ,-ուզում էր համոզած լինել մորը,-բայց չգիտես ինչու ամեն անգամ հապաղում էր:
-Տեսնես գտավ իր Հասմիկին,-միտքը շուռումուռ էր տալիս հիշողությունը:Երևակայության մեջ նրանք ողջ-առողջ էին:
Եփած մսի ախորժալից բուրմունք կար սենյակի օդում:
-Դեռ չհովացավ ,տուր խմեմ,-դիմեց նա աղջկան:
-Հիմա կնայեմ,-համբերատար դառնալով նրան ասաց աղջիկը:
Արգանակով լի բաժակը ձեքում մոտեցավ մորը:
-Ես խմացնեմ,թե դու կխմես,ինչպես ես ուզում:
-Տուր,ես կխմեմ,-ձեռքը նրան պարզեց անկողնու մեջ կիսանստած մայրը:
Նա կում-կում վայելում էր թարմ մսի բուրումնալից արգանակը:Խմած արգանակի ոչ մի կաթիլ քթից չեկավ`ամրացված պլաստե խողովակը չոր էր:
-Վերցրու,-ձայնեց աղջկան` դատարկ բաժակը մեկնելով նրան:
Աղջիկը պատրաստակամ մոտեցավ ու ձեռքից առած բաժակ դրեց լվացարանի տակ:
Լավ էր,տաք ջուրը դեռ գալիս էր:
-Ես պիզիկ արեցի,ուրեմն աղիներս գործում են,- որովայնով մեկ տարածելով ուրախությունը սկսեց բարձրաձայն ցնծալ մայրը:Լսեցիր,աղջիկս,ես օդ բաց թողեցի,ուրեմն աղիներս գործում են,ես….
Աղջիկը շրջվեց դեպի մայրը,որ սրտանց ուրախանում էր:
-Լսեցիր,ես…,-փորձեց շարունակել մայրը:
-Չէ,չլսեցի,ջրի չլթչլթոցը չթողեց,որ լսեմ,-շտապով պատասխանեց աղջիկը…
Դրսում ահագին ձյուն էր նստել:Պատուհանից այն կողմ օրը քիչ քիչ սառչում էր….


ՄԻՆՉԵՎ ԶՈՀԱՍԵՂԱՆ

Առաջին քարն ով գցեց`չէր իմանում:Քար գցողներ շատ կային`ով ինչքան ուժ ուներ,ով ինչպես կարող էր….
Դրախտի պես անարատ էր մարմինը:Մատներն ասես մոմեր լինեին այրվելու տենչով:Աչքերից ծավի անմեղություն էր կաթում, մազերն ասես նոր վարած սևահող լիներ մեջքն ի վար,մաշկը մանկան պես անուշահոտ էր ու նրան ձգվող ձեռքը հազիվ էր զսպում շոյելու ցանկությունը…..
Առաջին քարն ով գցեց:
Պղտոր է մարդու չարակամ միտքը:Գողի նման` վախենալով լույսից ու բացահայտվելուց ,մութի փեշերից է կախվում: Պտղի համտեսի համար ճղակոտոր արեցին ծառը` այգին թողնելով անարգված ու վիրավոր :
Փախչող ստվերներից կառչել չցանկացավ`անսիրտ էին,կսպանեին:Իսկ ինքը լի էր կյանքով:Երկար պիտի ապրեր, մինչև զոհասեղան ճանապարհ ուներ անցնելու…
Գալիլեյի Մագդալա քաղաքից էր:Ապրում էր ակամա, դա չէր ուզածը:Մի օր պիտի վճարեր ապրածի համար:
-Առ,կեր այս հացը,որ սոված չմնաս,-լսում էր ու չէր հիշում ասողին:Աղի արցունքով էր թրջում հացը,որ ուտելիս կուլ չէր գնում` կանգնում ,մնում էր կոկորդում,քաղցից պիտի չմեռներ:Անուշահոտ ու գեղեցիկ պիտի ապրեր`դրամ ուներ դրա համար:
Ինքն իր հետ անհաշտ էր`մի ձայն աղաղակում էր ներսում:Ընդիմանում էր սովոր շան պես կեղտոտ ճանապարհին`մաքուր էր ուզում գնալ:Ցավից տնքում էր լույսի նման թափանցիկ հոգին…
Ուզում էր երջանիկ ապրել,վանել տխրությունը:Որքան փախչում էր տխրությունից,այնքան սա ավելի էր ընկնում իր ետևից…
Լսել էր նազովրեցի Հիսուսի մասին.Աստծո որդին էր,հայրը երկնքում էր,մայրը`երկրի վրաՀայրը Աստված էր, մայրը`երկրային էակ,կին,մարդ:Լսել էր Ասծո որդու կատարած բազում հրաշքների մասին:Ու հիմա ինքը փրկություն էր որոնում:Լսել էր նրա սահմաններ չճանաչող սիրո մասին,որ կարող էր ներել:Հայտնություն էր ուզում լինել թողության պահին:Հավատալ էր ուզում:Ենթակա էր ուզում լինել,նաև`ներկա:
Ներս մտավ անհուն մի դող սրտի մեջ,վախվորած հայացքը գցելով գետնին:Հյուրընկալ Փարիսեցու տուն էր` Աստծո որդին հյուր էր:Հիսուսը նստած էր մեկնած ոտքերով:Հայացքով գտավ նրան`դեռ կորած չէր ինքը:Ծնկեց ու փուլ եկավ լացի պատը:Արցունքի հեղեղ էր ասես` հորդեց նրա աչքերից:Խոնարհված համբուրում էր ու մազերով չորացնում Տիրոջ արցունքաթաց ոտքերը:
-Մարիամ է անունս,-կարողացավ ասել և պարզված հայացքով նայել Հիսուսի աչքերի մեջ:Տիրամոր անունից էր անունը,ինքն այստեղ մեղք չուներ.
Հասկացավ,որ ընդունելի է նրա կողմից:Փեշի տակից հանեց անուշահոտ յուղով մի սրվակ ու խաղաղված օծեց նրա ոտքերը:Մյուռոնվեցին և իր մտքերը,խիղճն էլ իրեն չէր տանջում:Միակը,Փրկիչը,ով կարողացավ տեսնել իր մեջ ապրող կույսին:Այլևս ինքը կույս էր,իր մնացյալ կյանքը պիտի ապրեր Տիրոջը փառաբանելով:Պիտի լիներ ներկա Աստծո որդու խաչելությանը:Ինքը պիտի առաջինը տեսներ ու վկայեր հարուցյալ Քրիստոսին:Ափի մեջ հավկիթը պիտի կարմրեր,որպեսզի հրաշքի սովորեր անհավատ աչքը, Զատիկը տոն լիներ սովորական…..
Մինչև զոհասեղան` իր խաչի զորությունը գիտենալով, պիտի մեկուսի ու ոտաբոբիկ մաշեր անհաշիվ ավազը անապատի, կիսամերկ ու տանջահար մարմինը ծածկած արձակ մազերի անհալ ձյուներում….

ԵՎ ՄԱՀՎԱՄԲ ՓԱՌԱՎՈՐՎԵՑ....

-Կմեռնեմ,եթե ուզածս պտուղը չուտեմ,-ասաց մարդը և կերավ սրտի ուզածի չափ:Մահն այդ ժամանակ ըմբռնումով մոտեցավ նրա խոսքին, մտածելով` խակ է նրա միտքը տիրոջ նման և չի հսկում բերանից դուրս եկածը և լեզվի տակ ասեղ չկա,որ ծակի: Եվ մարդու սրտովն եղավ:Եվ նա շարունակեց ապրել:Եվ անցավ ժամանակ:
-Կմեռնեմ,եթե փառքը ոտքերս չընկնի,-ասաց մարդը և նա հասավ փառքի ետևից ու բարձրացավ նրանից վեր:Եվ մահը աչք փակեց նրա հասած տեղին և նորից նրա սրտովն եղավ:Եվ անցավ ժամանակ:
-Կմեռնեմ,եթե փառքից զրկվեմ,մտածեց մարդն ու ծանրացավ փառքի ուսերին:Եվ փառքը գլորվեց գետնին:Եվ մահը ականջի ետևը գցեց լսածը`տեսնելով ինչպես է տանջվում անօգ մարդը:Եվ անցավ ժամանակ:Եվ մարդը շարունակեց ապրել:
-Մեռնեմ, ազատվեմ անարժան կյանքից,-կիսասիրտ ասաց այլևս ուժասպառ մարդը:Եվ մահը համբերատար առավ նրա միտքը:Բայց նրա սիրտը շարունակեց բաբախել:
-Մահը փառք է, լավ կլինի շուտ մեռնի -պրծնի,-ցանկացան բարի մարդիկ:Եվ մահը լսելով` բոլորի կամոք, նստեց նրա շնչին:
Եվ մահվամբ փառավորվեց նրա հոգին….


ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

Օրհնեցեք, Տեր Հայկազուն,-մոտենալով եկեղեցու մուտքից քիչ հեռու նստած քահանային,խոնարհաբար ասացի ես:
-Աստված օրհնի,-հնչեց նրա գորովալից ձայնը:
-Ինչպես եք,-մտերմաբար հարցրեցի ես:
-Դու ինչպես ես,էլի բանաստեղծություններ ես գրում,-հարցրեց նա:
Ասել կուզեր,որ ինձ հիշում է դեռ տարիներ առաջ առաջնորդարանում հոգևոր դասերի իմ հաճախումներից:
-Հա, բանաստեղծություններ եմ գրում,-շոյված պատասխանեցի ես:
-Բա ինչու արձակ չես գրում,-սպասողական նայեց դեմքիս:
-Քանի հույզերս առատ են, բանաստեղծություններ եմ գրում,արձակ հետո կգրեմ,-ասացի ու կասկածեցի ինքս իմ ասածի վրա:
Նա գլխով հավանության նշան արեց:Ես էլ հարգանքով գլուխ տվեցի,ասելով,որ եկեղեցի պիտի մտնեմ:
Սուրբ Սարգիս եկեղեցին իմ եկեղեցին է,ինձ ասես իմ տանն եմ զգում:Ներս մտնելով խաչակնքեցի:Կենտրոնում դրված սև գույնի սեղանիկի վրա պլպլում էր կիսահալ մոմի լույսը,անկանոն թափված էին թղթի կտորներ:Գիտեի, որ հանգուցյալների անուններ էին այդ թղթերի վրա:Սեղանիկը ժամանակավոր էր կենտրոնում դրված....
Մոմավաճառից իմացա,որ հանգուցյալների անունների ընթերցումը քահանան ավարտել է:Մոմ և խունկ գնեցի`վառելու վաղամեռիկ ամուսնուս հիշատակի համար,խունկի փաթեթը տվեցի սպասավորին, մտածելով,որ մի օր կավելացնեն բուրվառում ծխացող խնկի վրա:Իմ վառած մոմերի պլպլոցը դիպչում էր հայացքիս:Եկեղեցում քիչ թվով հավատացյալներ կային,ծիսակարգի ավարտից հետո ցրվել էին:Նստարանների մեծ մասը ազատ էին:Նստեցի:Գլուխս խոնարհելու տեղ,աչք էի ածում աջ ու ձախ, վեր ու վար անում հայացքով,ասես առաջին անգամն էի եկեղեցում:Եկեղեցու ներսի չորս սյուներից մեկի վրա գտնվող նկարում պատկերված էր ս.Սարգիսը իր զավակի հետ:Աջ ձեռքում բարձր բռնած ուներ խաչը, գոտկից կախված սուրը զորավարի բազում սխրանքների լուռ վկան էր:Ձիու սմբակի տակ անհուսալի էր հոգեվարք ապրող վիշապի կյանքի ճիգը:Խաչակնքեցի,շարունակելով պտտել հայացքս:Եկեղեցու վեր խոյացող գմբեթի շրջանափակ գրությունը սկսեցի կարդալ դասը նոր սովորող աշակերտի պես. >:
Ձեռնափայտի պես կորացած մի փոքրամարմին տատիկ ջանասիրաբար մաքրում էր հատակը:Մի ձեռքում բրիչը,որով քերում էր հատակին սառած մոմի կաթիլքը,մյուսին` ավելն էր:Ես, որ կարդալուց ոտքի էի կանգնել,մոտեցա տատիկին, կռացա, որ դեմքը տեսնեմ:Դրամը,որ ես մեկնեցի նրան,վրդովմունքի առիթ տվեց.
-Ես փողի կարիք չունեմ,-մի շնչով ասաց տատիկն ու արմունկով հրեց ինձ:
Ես անհարմար զգացի արածիցս:Հարցրեցի,թե քանի տարեկան է,չպատասխանեց,նույնիսկ գլուխը վեր չբարձրացրեց:
-Տատիկը չի լսում,-ասաց մոմավաճառ կինը,-ութսունն անց է:Ամեն երկուշաբթի գալիս է,ինքնակամ վերցնում ավելն ու գործի անցնում,ասում է իր պարտքն է կատարում եկեղեցու հանդեպ:Տնեցիներին դուր չի գալիս,բայց արգելել չեն կարողանում:Տատիկը գտնում է,որ ինքն իրեն ավելի առողջ է զգում այստեղ աշխատելուց հետո:
Մտածեցի,որ գուցե ձանձրույթից փրկվելու միջոց է գտել տատիկը:
Սիրտս լցվեց,մոտեցա,ձեռքիս երեսի մասով հպվեցի տատիկի բաց թևին,ցամքած մաշկը ճմռթած թղթի էր նման:Կայծոռիկների պես աչքերը ինձ հառեց.
-Վախեցա,մի արա,-հրամայական տոնով ասաց նա:
-Քեզ սիրում եմ,տատի ջան,-ասացի`մոռանալով ,որ խուլ է:
Սիրտս փլվեց աչքերիս մեջ,արտասվում էի ինձանից անկախ:Տատիկը քերում էր արդեն մաքուր հատակը`նույն տեղը գնալ-գալով:Եկեղեցուց դուրս գալ չէի ուզում,լավ էր:Նրա քերիչի կտկտոցները կախիչների պես պահում էին հոգուս անդորրը...
Նորեկը գրավեց ուշադրությունս:Երկար մազերը երկու մասի բաժանած,աղջկական պոչիկներ արած, միջահասակ,անմեղ հայացքով տղամարդ էր:Նստեց դիմացիս նստարանին:Տեր Հայկազունի ներս մտնելուն պես` ճամփան կտրեց:
-Հա,հա էլի,ասեցի,-խոստումնալից գլխով էր անում քահանան`ջանալով պոկվել նրանից:Ես նոր նկատեցի նրա կեղտի մեջ կորած վարտիքը:Հավատս չէր գալիս,որ բոմժ է:Եթե մաքուր հագնված լիներ,կմտածեի,որ...արվեստագետ է:Դեռ նոր էր ինքնագոհ նստել նստարանին,երբ երեք երիտասարդ ոստիկաններ մոտեցան նրան.
-Չեմ գալիս,ես բան չեմ արել,-դիմադրում էր նա:
Ոստիկաններից երկուսը բռնելով նրա թևերից`դուրս տարան:Երրորդ ոստիկանը քթի տակ խնդմնդալով գնաց նրանց ետևից,ասես ուրախություն գտած լիներ:
-Ախ,մամա ջան,օգնեցեք,ա~ա~ա,աղաղակի վրա եկեղեցում եղած մարդիկ առաջացան մուտքի կողմը:Գետնին պառկած բոմժին երիտասարդ ոստիկանները թեթևակի հարվածում էին ոտքով,ցուցափայտով բզում:Ես չկարողացա համբերել,մոտեցա,հանդիմանեցի ոստիկաններին:
-Եկեղեցի մտնելուց առաջ բղավում էր,թե իրեն ուզում են դանակով խփել,պարզաբանելու բան կար,-ասաց ոստիկաններից մեկը`փորձելով արդարանալ:Բոմժը պահը չկորցնելով`փախավ ոստիկաններից: Ես կռացա եկեղեցու բակում գտնվող ցայտաղբյուրի ջրին`հպելով դեմքս:
Ինչ լավն էր ջուրը,ուզում էի շարունակվել դրա սառնությամբ,չկարողացա:Եկեղեցու բակ մտավ հարսանեկան ծաղկազարդ մեքենան:Հարսանքավորը գրավեց եկեղեցու բակը,ուրախ իրարանցում սկսվեց:
-Այսօր մեռելոց է, տաղավար տոներից`Խաչվերացի երկուշաբթի ու...պսակադրություն?,-մտածեցի ու հետո մեղա գալով մրմնջացի.-Տխրությունն ու ուրախությունը մի դեմքի երկու երեսն են:
Գլուխս ետ գցելով վեր նայեցի:Աշնանային երկնքի կապույտը իմ շնչած օդի հետ ուռեցրեց թոքերս:Ինչ քիչ բան էր պետք հոգուս խաղաղությունը գտնելու համար:
Տեղ-տեղ ամպի ծվեններ կային, ասես փյունիկ թռչունն էր փետուրներ թողել:


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՊԻՏԻ ԾԱՌԱՅԵՄ…
Սիրտս փորիս մեջ կտոր-կտոր է լինում,դանակ տաս`արյուն չի գա,-մրմռոցից մղկտում է Հերիք տատը ու երեսն ինձանից թեքում,որ աչքից գլորվող արցունքը չտեսնեմ:
-Շատ մի հուզվեք,-ասում եմ,-Աստված մեծ է, լավ կլինի:Համ էլ`որտեղ հաց, էնտեղ կաց:
-Էհ,ինչ իմանամ,դրսի կանչը զորեղ է,կարծում ես օտարության մեջ յուղ ու մեղր են բաժանում,-ասում է ու հարցական հայացքը թեքում ինձ:
-Ջահել են, մի գործ կանեն,գումար կաշխատեն,կլավանան ու էլի կգան տուն,-փորձում եմ հուսադրել ես:
-Հա,բա ոնց,օտարների շաղ տված դոլլարները սպասում են,որ հավաքեն ու գան,-հոգոց է հանում Հերիք տատը:
Մի տարի էր տղան Մոսկվայում է,հարսն ու թոռնիկը` Երևանում:Մեղքը հարսից գալիս էր:Ջղային էր դառել հարսը,հետը խոսել չէր լինում: Գոնե աշխատանք ունենար` ներս ու դուրս կաներ:Գոնե օրը հետաքրքիր կանցներ,գոնե մի ընկերուհու տուն գնար,որևէ ներկայացման կամ համերգի:Չէ,էրեխու դասերն ու տան հոգալու հոգսերն էին միայն ու ինքը:Հարսը թոռան հետ Հայաստանում էր մնացել, որդին`ռուսաստաններում:Հացի խնդիր էր`կնոջ ու երեխայի խաթեր:
Շատ ժամանակ Հերիք տատի հաց ուտելն էլ չէր գալիս,երբ միասին հացի էին նստում:Հարսը հրաժարվում էր հացից,իր ախորժակն էլ էր փակվում:Հիմա տղան տուն է վարձել,մի ամիս առաջ կնոջը կանչեց,տարավ:
Հարսի ու թոռի բաժանումը երկնքի փլվելու էր նման:Երեխան ինչքան էլ զսպեց –զցպեց իրեն,բաժանման պահին չկարողացավ`հեծկլտաց.
-Իմ մայրիկը մինչև հիմա ինձ մի օրից ավել չի թողել,ես առանց մայրիկ չեմ կարող ապրել,-հեկեկում էր ութ տարեկան թոռնիկը…
Խոստումներով հանգստացնում էին երեխային,թե` էսօր-էգուց է`կուղարկեն ծնողների մոտ:
-Գնամ տեսնեմ ոնց է,ես էլ մի աշխատանք գտնեմ,նոր երեխային դպրոցից հանեք,-պատվիրել էր հարսը…
Ամիս ու կես կլինի,ինչ թոռն իր մոտ է մնում:Հարսը զանգել է, աշխատանք է գտել ` թոռնիկին արդեն պիտի ուղարկի:
-Էլ մայրենի լեզվով չպիտի կարդա ու գրի թոռնիկս,-մղկտում էր Հերիք տատը:Ախր շատ խելացի է,լավ էլ սովորում է:Մեկ-մեկ էնպիսի խելոք բաներ է ասում, որ զարմանում եմ:Ինձ թվում է,թե իր բերանով իմաստուն մեկն է խոսում:Բա էսպիսի էրեխուն հայրենիքից կհանեն,-չէր դադարում Հերիք տատը:
-Բան չկա,մի օր ճանաչված ու մեծ մարդ կդառնա,Հայրենիքը կիմանա,-կես կատակ` կես լուրջ ասում եմ ես:
-Ոնց չէ,կասեն մերնա,մեր հայնա,-բորբոքվեց Հերիք տատը:Ռուսները հարսիս վրա զարմանում են,որ դասատուի դիպլոմով համաձայնել է մանկապարտեզում դայակ աշխատել…
Ոչինչ,երևի հայրիկի գործը շատ ավելի լավ ու շահութաբեր է:Կարևորը` ընտանիքը հավաք կլինի,հայրիկն էլ,մայրիկն էլ թոռանդ հետ կլինեն,-փորձում եմ լավ տրամադրություն հաղորդել ես:
-Հա,էդպես լավ կլինի,ծախսն էլ մի տեղ կլինի:էստեղի վարձով տունն էլ երեկ հանձնեցինք:Թե չէ էստեղ վարձ տար,էնտեղ վարձ տար խեղճ էրեխես,-հոգոց է հանում Հերիք տատը մտահոգ:
Օրը կիսվել էր արդեն,երբ դպրոցից տուն եկավ թոռնիկը:
-Տատի, էլի լացում ես,-նայելով տատի դեմքին նեղսրտեց նա:
-Չէ,չեմ լացում,-աչքերը սրբելով փորձեց ժպտալ տատը:
-Տատ,գիտես,ես այնտեղ երկրորդ դասարան եմ նստելու:Մայրիկն ասում է,որ այդպես ինձ համար հեշտ կլինի:Իմ անցած դասերը պիտի նորից սովորեմ:
-Ոչինչ, թե մի տարի ուշ ավարտես էստեղի քո դասընկերներից,բան չկա,-հուսադրում է տատը ու ավելացնում,-իրիկուն-առավոտ ծնողների մոտ գնալուց է խոսում:
Ես նայում էի Հերիք տատի փոխված տրամադրությանը`թոռան ներս գալու հետ ժպտում էր,աշխուժացել էր:Թոռան ուզած հաց ու ջրով սեղան էր բացել:
-Իրեն ուզածը թե չեղավ,հաց չի ուտի,-դեմքիս նայելով մեղավոր-մեղավոր ասաց Հերիք տատը:Մեծ ուտող էլ չի,հա,էնքան որ,-ձգեց նա:
-Տատ,գիտես-ձայնեց արդեն կշտացած թոռնիկը,- որ մեծանամ,ես ետ եմ գալու Հայաստան , Հայկական բանակում պիտի ծառայեմ: Մամային ու պապային էլ եմ ասելու….
Հեռուստաէկրանին անցած օրվա տոնակատարության զինվորական շքերթի կրկնությունն էր…..


ԲԼՐԱՉԱՓ ՄԵՂՔ


Ասում եմ հենց սկզբից. մեղքի ամբողջ բաժինը իմն է: Փոքր մեղքի մեծ, զգայական ծանրությունը ինձ խանգարում է ապրել: Տպավորություն չստեղծվի,թե ուզում եմ մեռնել,երևի ուզում եմ...մեկ-մեկ:երևի փոքր մեղք չկա:Ուրեմն ,մեղքի զգացողությունն ինձ խանգարում է ապրել հանգիստ խղճով ու խաղաղ երազներով, զավեշտ է?,դե չէ: Մարդը քնած ժամանակ գոնե պետք է ապահով լինի տառապանքից, որը կարող են պատճառել անհանգիստ երազները, որոնք էլ հաճախ կառչելով արթուն մտքերից, իրենց կնիքն են դնում ամբողջ առօրյայի վրա:
Իմ տեսած այս երազը թևավոր էր,բայց այն ընդամենը մի կարճ պահի առկայծում էր իմ հոգում`` երկնագույն մարմինը այրելու համար....
Տարիներ հետո, արդեն իմ մեղավորության զգացումը փորձում եմ մեղմել սևով սպիտակի վրա խոստովանությամբ, թեպետ կապույտ գույնն է հոգուս հարազատ:
Ցուրտ ձմեռ էր:Սպիտակում ձմեռները խիստ են: Սառնաշունչ քամու գազազած, կրքով լի հարձակումները երեկոյան յոթից հետո թույլ չէին տալիս այլևս ներս ու դուրս անել: Նորակառույց թաղամասի առաջին շարքում էր մեր տունը:Հենց շեմից փոքրիկ փողոց էր ձգվում , որը գնալով բախվում էր տան քթի տակ գտնվող սարին ու երեսնիվայր փռվում սարալանջին:Սարի թևը պինդ բռնել էր ծնրադիր դաշտը` գլուխ չդնելով ինքնահավան քամուն: Ինչ-ինչ, կեղտոտ քամին չէր դժգոհում , գալարվում էր ուզածդ ուղղությամբ, սպառնալիքի պես կախվում էր լվացքի պարաններից, էլեկտրալարերից, փաթաթվում էր պատահական անցորդներին` նրանց աչքերի մեջ իրեն տեսնելու ակնկալիքով...
Մեր տունը` նոր,երկաթբետոնյա շինություն էր, նրա առաջին բնակիչն էինք, որ պիտի ջերմացնեինք մեր ներկայությամբ նրա սիրտն ու հոգին: Վառարանը լավ չէր տաքացնում, փայտը թաց էր: Նստում էինք վառարանին շատ մոտիկ, բայց նա էր մեզանից տաքություն ուզում` երկար ու բարակ սառույցի պես ցուրտ գիշերը կարճելու համար: Ցուրտն ասես իմ կողերից մեկն էր ուզում վերցնել, բայց ոսկորներիս սվսվոցից շփոթված վզվզում էր անորոշ: Ցրտից դողդողալով` մտնում էի անկողին ու անիծում ձմռանը: Հա, անիծում էի, ուղարկում գրողի ծոցը: Այնպիսի զգացում ունեի, որ եթե ձմեռը հանեմ, ուրեմն ողջ տարին կապրեմ: Ախր անընդհատ հիվանդանում էի, կարող է հիվանդ լինեի ամբողջ ձմռանը: Օրերը տաքանալուն պես հաղթանակած ճչում էի.
-Հաղթեցի, ես քեզ էլի հաղթեցի...ապրեցի:
1997թվականի հունվար ամիսն էր, ես կրկին հիվանդ էի: Եղբայրս առաջարկեց գնալ իրենց տուն: Համաձայնեցի, բայց...
Բայց մեր տան նկուղային հարկում մեզ հավատող ու սպասող փոքրիկներ կային...
Միջնեկ տղաս ինձ երկար էր համոզել նրանց մեր տուն բերել` պահելու համար: Չեմ սիրում > փաղաքշանքով կապել ու հետո քացով տալ, թե հեռացիր, գնա ուրիշ լավ տեր գտիր, ես էլ չեմ ուզում քեզ պահել: Ազնիվ, բարեկիրթ,-չէ, սրանք չես բացատրի: Բարեկիրթ վերաբերմունքից նույնիսկ մարդն է շփոթվում, սիրո տեղ ընդունում...
Տղայիս վրա կասկածում էի, բայց հետո տեսա` կարգին տիրություն է անում: :
Ասացի `մեր տան ներքնահարկում փոքրիկներ կային. նրանք չորսն էին-ճերմակ, աղավնուց մի քիչ մեծ ճագարի ձագեր էին:Տղաս նրանց համար տեղ էր առանձնացրել,չոր ծղոտ էր փռել, ցանցապատել ճագարների զբաղեցրած տարածքը: Նրանցից քիչ հեռու կաղամբի թփի հսկա բլուրն էր, որը տղաս բերել էր հարևանի հողամասից, ճագարների քաղցը վստահելի ափերում էր:Այն միտքը,որ մենք գնալու ենք քեռու տուն,ոգևորեց տղաներիս:Միջնեկ տղաս վազեց ճագարների մոտ, ըստ երևույթին `կերակրելու:Երբ տնից դուրս էինք գալիս, որդուս հիշեցրեցի նրանց մասին:Ասաց,որ կերակրել է:
Մի շաբաթ մնացինք եղբորս տանը:Ներսումս անբացատրելի անհանգստությունը տեղ էր բռնել:Խնդրեցի եղբորս մեզ մեր տուն տանի:Մեր բացակայությունից էր կարծես,որ տունն ավելի սառն էր ու անկյանք:Մինչև ես փորձում էի վառարանը տաքացնել,տղաներս իջան ներքնահարկ:
-Մամ, ճագարները սատկել են,-քիչ անց կողքիս հայտնվելով ասաց միջնեկ տղաս,-շաղված հայացքով նայելով ինձ:
-Ինչպես,-ականջներիս չհավատացի ես,-գնանք`տեսնեմ,-ասացի ու ցուրտն արհամարելով դուրս եկա:Ներքնահարկի մուտքը դրսից էր, տունը շրջանցելով հասանք մուտքի դռանը,սիրտս ուժեղ խփում էր:
Երկրաշարժ տեսած մարդ եմ,ասել կուզեմ` մի քանի օր փնտրելուց հետո միայն ամուսնուս գտանք փլատակների տակ, իսկ աչքիս առաջից չեն հեռանում փլված մանկապարտեզի փոքրիկ բնակիչների դիերը...Ցավով եմ խոսում, ասածս նորից տեսնում ու չեմ խելագարվում:
Թվում էր, թե այդ չորս ձյունաթույր, ճերմակ արարածների անշնչացած ,փոքրիկ մարմինները,որ փայտացած ընկած էին կողք-կողքի,ինձ վրա չպետք է ցավագին ազդեին, ասում են`ցավից կոփվում է հոգին:Հիմա էլ հուզվում եմ,մինչդեռ հույս ունեի թեթևություն զգալ,ազատվել մեղավորության զգացումից`գրավոր խոստովանությամբ քավել մեղքս...
Հիստերիկ լացից ցնցվում էր ամբողջ մարմինս,առատ արցունքներս ողողել էին դեմքս,աչքս առաջն էլ չէր տեսնում:Իմ հիստերիկ ծղրտոցից տղաս,որի տասներկուսը դեռ չէր բոլորել,շփոթվել էր վախվորած:Նրա վտիտ ուսերից կախ ընկած մարմինը էլ ավելի սեղմվել,կուչ էր եկել`թաքնվելու ,պատսպարվելու անհուն ցանկությունից:Մի բուռ երեսին չռվել էին վախվորած,մանրիկ աչքերը:Ասես սպասում էր,որ ուր որ է,իր վրա կհարձակվի կատաղած գազան:
-Ինչու քեզ վստահեցի,ինչու ինքս չկերակրեցի, գոնե ցանցե դուռը բաց թողնեիր,ման կգային,կաղամբի թփից կուտեին,-վրա էի տալիս ես ինձ կորցրած:
Թփի ոչ մի կտոր չկար ցանցի ներսում,չոր ծղոտներ էին,որի վրա փռված, ընկած էին սատկած ճագարները քարի կտորի նման:Կարծես ամբողջ ժամանակ տեսել էի,թե ինչպես են հոտոտել այդքան մոտ ու անհասնելի կաղամբի թփի բլուրն ու...սատկել սովից,այս փաստն ինձ ուղղակի սպանում էր, օձի նման խայթում խիղճս:
Տղայիս կուչ եկած, վախվորած տեսքն ինձ ստիպեց փոքր ինչ հանդարտվել:
-Տուն գնա,դե, գնա, դու մեղավոր չես, դու էլ չէիր ուզենա,որ նրանք սատկեին:Ես պետք է քեզ զգուշացնեի,որ շատ կեր դնեիր նրանց ցանցից ներս,կամ էլ բաց թողնեիր ներքնահարկում,թող կաղամբի թփի բլրից ուզածների չափ ուտեին,-խոսում էի ես հնարավորինս մեղմ ձայնով,ձեռքիս երեսի մասով սրբելով արցունքներս:Գիտեմ,որ եթե այդ պահին որդիս ուզենար էր,չէր ասի:Չէր ասի,որ դռնակը բաց չի թողել,որովհետև վախեցել է ինձանից:Վախեցել է լսել հերթական ծղրտոցս,եթե ճագարները կեղտոտեին ներքնահարկը:
Արտասվելով,սատկած ճագարներին գցեցի պարկի մեջ ու տարա դրեցի փողոցի ծայրում գտնվող աղբարկղը:Տունդարձին դեմքով շուռ եկա աղբարկղի կողմը. քամին մրրկվող հետաքրքրությամբ փորփրում էր այն,օդն էր հանում ձեռքն ընկածը ուժը պատածի չափ ու անփույթ շպրտում...Լաց էի լինում ամբողջ սրտով:Ինչ պետք է անեի կաղամբի թփի հսկա բլուրը,թողեցի հետո դուրս թափելու միտումով:
Գնացի տուն:Մտա անկողին,որն արդեն միջնեկ որդիս պատրաստել էր:Խղճում էի նրան,էլ ոչինչ չասացի:
Անցան օրեր, մեղքի զգացողությունը ինձ չէր լքում,թեպետ բարձրաձայն էլ չէի խոսում ճագարների մասին:Գուցե կեր չունենայինք տալու`սատկեին, այդքան ինձ վրա չազդեր,չգիտեմ: Մի օր քնից արթնացա ուրախությամբ լցված սրտով:Երազս այնքան իրական էր,որ մոռացության տվեց իրականությունը. ճագարները չորսն էլ կենդանի վազվզում էին ներքնահարկում:
Ուրախությունս երկար չտևեց:Արթնացած միտքս հուշում էր,որ դա միայն երազ է:
Մեղավորությանս զգացումը դեռ ինձ հետ է, մնում է ճիշտ և ճիշտ կաղամբի թփի բլրի չափ, որն այսօր փորձեցի ցրել ճերմակ էջի վրա...


ՍԱՌԸ ԼՈՒՍԱՏՈՒ

Լույսի տենչը զորու չէր հասնելու աղոթքի ետեվից:Տեր,արա այնպես,որ աղաչանքս բարին լինի,և որ իմ սիրտը խռովքի պահին ինձ չմոռանա….
Խռոված էր հոգին, ձեռքերի դողը` նկատելի:Աննայի մահվան լուրը թողել էին առավոտ լուսո: Տան մեջ ետ ու առաջ էր անում,քայլում սենյակից սենյակ:Պիտի գնար հուղարկավորությանը,բայց ինչու էր իզուր ժամանակ կորցնում:Մայրաքաղաքից ծննդավայր երկու ժամվա ճանապարհ կլիներ:
Արդեն քանի տարի հիվանդ էր հորաքրոջ թոռնուհին:Բժշկական էր սովորում,ամեն ինչի դեղ ու ճարը գիտեր,բացի իր հիվանդությունից փրկության տեղը: Ասում էին, եթե շուտ իմացած լինեին,գուցե կարողանային կյանքը երկարացնել:Ասում էին,որ էդ խեղճի բախտն իր հետ է եղել:Դպրոցում բժշկական ստուգումների ժամանակ լույսերը գնացել են,սարքավորումները`անջատվել:Մի ուրիշ անգամ էլ` ինքն է բացակա եղել հիվանդության պատճառով:Դե,գյուղական դպրոց,գյուղական վերաբերմունք ու պայմաններ:Հետո բժշկական ուրիշ ստուգումներ էլ չեն եղել:
Ծնողների մտքով չէր էլ անցել բժշկի տանել:-Հիվանդանա էլ,լավանա էլ,-մտածել էին:Իսկ մայրն արդեն քանի տարի էր չէր լավանում հոգեմետ դեղեր խմելով:Երկրաշարժին փլատակներից էին հանել մորը, որ այն ժամանակ դեռ իր նման օրիորդ էր: Հիմա հայրն ուրիշ կնոջ մոտ էր գնում:Պատճառաբանում էր,որ կինը հիվանդ է ու ինքը ջահել տղա է:Կռվտուքը շատ էր տան համար:Իսկ երեխաները,ով պիտի մտածեր նրանց մասին:Երկու քույր էին`երկու տարվա տարիքային տարբերությամբ, որն այնքան էլ նկատելի չէր`Լուսերես ու Վարդերես էին :Վագոն տնակում էին ապրում, ասես ջրի մեջ,պատերից միշտ հոսող ջրի կաթիլներ կային:Ուրիշներն էդ էլ չունեին,քաղաքն ավերվել էր,շեները`քանդվել:Վիրավոր էին բոլորը,ով ֆիզիկապես,ով`հոգեպես: Քսանմեկ տարի է անցել երկրաշարժից,բայց ցավի մորմոքը ուրանի միջուկի ռեակցիա էր հիշեցնում:Մարդկանց մտքերը մռայլ էին իրենց ճակատագրի նման:Չչարանալ չէր լինում….
Հագնվեց,պետք էր արագ դուրս գար,որ հասցներ…. Մեկ է,մահացյալին էլ ինչ,նրա համար միևնույնն էր արդեն`ետ չես բերի: Այնքան հուզառատ էր Աննան,այնքան զգացմունքային:Սիրած տղան`Լևոնը,վիրաբույժ պիտի դառնա,նա էլ չկարողացավ օգնել :Համակուրսեցիներ էին,մինչ այդ էին ծանոթացել:Ապրել էին նույն քաղաքում, հարևան բակերում,բայց իրար չէին ճանաչել:Ինտերնետով գտել էին իրար,խոսել ու խոսել,հետո հասկացել էին որ սիրահարվել են խենթի պես:Սկսել էին գժվել միմյանց համար:Հասկացել էին,որ չեն կարող ապրել առանց մեկ մեկու….Միասին էին,ոչ մի աղջկա չէր հաջողվել խափանել նրանց սերը,ոչ էլ Լևոնի ծնողներին…. Գիտեին,որ անբուժելի հիվանդ է, որ նրան քիչ է մնացել ապրելու:Խղճում էին իրենց տղային,չէին ուզում տառապեր… -Գնա,հեռացիր ինձանից,դու ինձ չես սիրում,խղճում ես ուղղակի,-մի օր ասել էր Աննան: -Չէ,աննման Աննա,ես քեզ սիրում եմ,-պատասխանել էր Լևոնը ու չգիտեր էլ ինչպես սիրեր:Կողքից չէր հեռանում,հոգ էր տանում:Սիրում էր նրան Լևոնը:
Նշանվելու մասին լսել չէր ուզում Աննան, թեպետ բամբասանքներից նեղվում էր:Լևոնի բերած մատանին մատը չէր դրել:Բայց միասին էին համարյա միշտ,դաս էին պատրաստում,գիտելիքներ փոխանակում:Ուսման անհագ փափագ ուներ:Հիվանդությունն անգամ զորու չէր պոկել նրան գրքերից… Ամռանը վիճակն ավելի վատացավ,արյուն ներարկեցին:Մի շաբաթ էլ չանցած, սկսեց արյուն թքել: -Սա պիտի լիներ,բայց ինչու այսպես շուտ,-ասել էր տխուր ու մտահոգ:Մահվան տխրությունը նրան էլ չէր լքել:Քեռու կինը խոստացել էր ծննդյան օրվա տորթը թխել,վարդերով զարդարել:Ուրիշների համար անում եմ,-ասել էր,-քո քսանամյակի տորթն էլ ես պիտի թխեմ:Ինչ է որ մնացել ծնունդիդ,մի ամիս ու մի քանի օր: Աչքդ փակես-բացես` կանցնի: -Հա,կթխես,ինչու չէ,-ասել էր,-բայց մոմերը ես չեմ փչի: -Աննա,-ոնց էլ կարդամ Աննա ես,-մորատատի մղկտոցն էր: Ասես ինքը չէր առաջանում դեպի մահացյալը,այլ իրեն հրում էին դեպի նա: -Լույսի կտոր լինի կարծես,-չասել չկարողացավ,- աղջիկ, քո ինչին էր պետք այդ ճամփան: Բարձր ճակատով ,նուրբ դիմագծերով դեմքը անխռով էր: Այտերը ներկել էին թույլ վարդագույնով:Շականակագույն գանգուրները հնազանդ փռվել էին բարձին: -Իրա ուզած շորն ենք հագցրել,պատվիրելա փիրուզագույն շորով իրեն ճանապարհենք,-նորից նվաց տատը:Ես իրա համար շատ բան եմ արել,շատ եմ օգնել,նվերներ եմ առել,պահել եմ,իմ էրեխու էրեխենա,-լացախառն խոսում էր մորատատը:Արդարանում էր ասես,որ ինքն ապրում է,իսկ նա արդեն չկա:Հորական տատը ձայն չէր հանում,խռով էին խնամիներով: Համակուրսեցիներ եկան,սիրած տղան չկար:Չէր ցանկացել նրան այդպես տեսնել,թեպետ վերջին պահին ինքն էլ էր մոտը եղել:Հարազատներին ներողություն խնդրելով դուրս էր հրավիրել Աննան,միայն մորն ու Լևոնին էր թողել մնան կողքին:Ինչ կարող էր անել Լևոնը,ինչ կարողացել էր`արել էր:Ոնց կարող է մոռանալ նրա աղերսանքը,էլ ուսում էլ չէր ուզում, մի քիչ էլ էր կյանք խնդրում:Արյունը ջուր էր առել, ինչ աներ Լևոնը,ոնց վերադարձներ սիրելիին կյանքի: Փիրուզագույն զգեստը չէր կարող ծածկել հալված մարմինը:Ասում են շատ էր ամաչում դրանից,մանավանդ երբ բուժքույրը մկանային սրսկում պիտի աներ:Կաշին ու ոսկորն էր մնացել ու… այնքան լույս:Սառը լուսատու`մատները ճերմակ մոմեր լինեին ասես,որ ջերմության պետք ունեին:Սիրտը,որ այնքան մղկտացել էր մոր համար,էլ անտարբեր էր:Մայրը դեղերի ազդեցության տակ,կիսաուշաթափ նստած էր:Որքան էր տառապել մոր համար:Մի օր պատահական լսել էր հոր ու հորատատի զրույցը:Արյունը գլխին էր խփել.ոնց թե հայրը նոր կին առնի,իսկ մայրը:Եկել ու մորը ստիպել էր տունը անվանափոխել,-տես,առանց տանիք դռներում չմնաս,-ասել էր ,-տան փաստաթղթերը քո անունով դարձրու,որ հետո մեղք չլինես: Տունն էլ տան նման լիներ,վագոն տնակ էր քարե նախամուտքով:Տունն էլ էր տխուր… Հավաքվածները վերջին հրաժեշտն էին տալիս, օրն ամպամած էր: Գերեզմանոցում ,երբ մորական տատը առաջ էր անցել, հորական տատը հաջողացրեց մոտիկ կանգնածներին լսելի ասել,որ վզի շղթան ու խաչը դպրոցի -ի իր նվերն է:Բարակ շղթա էր վզին` թիթեղի կտոր հիշեցնող խաչով: Թափորը ձգվեց ու կանգ առավ գերեզմանափոսի մոտ:Բոլորը անակնկալի եկան,երբ տեսան աղջկա մորը,որ չգիտես ոնց բարձրացել էր մետրաչափ գերեզմանապատը ու փոսի վրա կռացած չէր կողմնորոշվում` նետվել, թե ինչ անել:Թևերից բռնած իջեցրին նրան` հեռացնելով գերեզմանից: Լսվում էր փոսը լցվող քար ու հողի ձայնը:
Ուժեղ անձրև սկսվեց: Երկնքի փորը պատռել էր :Ընկած գետեր էին հոսում փողոցներով: Ջրի երեսին պայթող պղպջակները այլ մոլորակայիններ լինեին ասես, որոնց ժամանակը երկրի վրա սպառվել էր:


ՎԱՐԴԱՊԵՏ, ՎԱՂԸ ԿԳԱՄ ՆՎԱԳԱՀԱՆԴԵՍԻՆ...

Հատուկենտ էին անցորդները,
աչքերը կկոցած ցրտակեզ մայթերին,
և Կոմիտասին ուշ դարձնող չկար:
Իսկ նա,աննահանջ սպասում էր....
Մ. ԳԱԼՇՈՅԱՆ

Դրամապանակս շատ փնտրելուց հետո գլխի էի ընկել,որ կորցրել եմ:Հնամաշ էր թեպետ ու քիչ փող կար մեջը,բայց հայտնի բան է`մարդու միտքը գնում է կորած իրի ետևից:Մտածում էի,որ հիմա մեկը գտած կլինի ու...Չէի հավատում,որ դրամապանակս գտնողը ետ կվերադարձնի:Ինձ հետ մի անգամ էլ էր պատահել,միայն թե այն ժամանակ ես դեռ տասնութ տարեկան էի:Նշանիս ժամացույցը`ոսկյա շղթայով,պինդ չէր օղակում թևս:Երթուղայինից իջնելուց առաջ ժամին նայեցի:Հետո իմ անցած ճանապարհը մի քանի անգամ գնացի ու եկա:Ոչ մեկին չհարցրեցի`ժամացույցս չեք վերցրել:Ոչ ոք չկարդաց իմ դեմքի շփոթմունքը,ոչ ոք չհարցրեց`բան ես կորցրել: Ոչ մեկի պետքը չէր,որ ես առանց ժամի էի մնացել…Ոչ մեկն ինձ ասելու բան չուներ:
Ամուսնուս մեծահոգությունը ինձ մինչև հիմա էլ զարմացնում է:Գոնե հանդիմանական մի խոսք ասած լիներ...
Էդ դրամապանակից առաջ շատ բան եմ կորցրել,ու հիմա եթե չգտնեմդրամապանակս` կհաշտվեմ:Ու հետո կդառնամ խնդրանքով Աստծուն`Տեր,ազատիր վատթարից:
Մարդկային կորստից մեծ կորուստ`չկա:Երևի գլխի ընկար`ես էլ եմ որբ:Երբեմն-երբեմն բանաստեղծություններ եմ վաճառում ջրի գնով:Ու բախտս էլ միշտ չէ որ բերում է,բայց էլի հավատում եմ...
Դու գիտեիր,որ ես կգամ դրամապանակիս ետևից,դրա համար էլ սպասում էիր:Ուրախ էիր,որ դու ես գտել:Ոնց կարող էիր մտահոգությունս թողնել բախտի քմահաճույքին,մտածելով թե`անտեր դրամապանակ է,ով ուզում է,թող վերցնի,-ու անտարբեր հեռանալ:
Ոչ,ոչ,,միայն դու կարող էիր սպասել,երկար սպասել դրամապանակի տիրոջը`անվերջ հուսալով:Խղճիդ վրա ծանրություններ դնել չես սիրել:Քաշ չուներ հնամաշ դրամապանակս ու գին չուներ մեջը եղած գումարը:Մի քանի ժամն ինչ էր,որ չսպասեիր ինձ:Թե չէ հետո կյանքիդ չափ մեղքի զգացումից կարող էիր քեզ տանջել:Ցրտից ճաք տված ձմեռային այս օրը ինչ էր `հոգու տաճարի արևշատության դիմաց:Մի թե մարմինը ծակծկող ցուրտը զորու էր ցավեցնել խլացնելու չափ`տաճարում հնչող երաժշտության անդրադարձը:
Գիտես, սիրում եմ երգել ինձ համար`առանց նվագարանի,շատ եմ սիրում քո հոգու մոտիկությունը....
Տեսնում եմ քեզ:Հասկանում ես`դրամապանակիս ետևից եմ եկել:Կարող էի չգալ,ինձ համար արդեն արժեք չուներ չնչին այդ կորուստը:Բայց գիտեի,որ սպասում ես,եկա: Եկա,որ դու գնաս ճաշելու հանգիստ խղճով:Իսկ դու չես շտապում գնալ:Առանց ճաշելու էլ կարող ես ապրել`հաց ու ջրով:Մի կտոր հաց ու մի բաժակ ջուր,արդար ու ազնիվ,որ կարող է շռայլություն թվալ աչքից հեռու քաղցող մարդկանց հանդեպ:
-Սիրտս նման է էն փլած տներ,-չեմ ասում:Իմ շուրթերով մեկ էլ մի մղկտա:Դու գարնան նման աշխարհում տարածիր հայոց ոգեղեն երաժշտությունը:
-Էս առուն ջուր է գալիս,մի տեսեք ով է գալիս,-երգդ սիրողներին չես կարող անտեսել,ընդառաջ չգնալ ` ոգեղենը խնդության սինիիդ մեջ մատուցելով,քեզ համար`քեզ չխնայելով:
-Սիրունիկ,սիրունիկ,սիրունիկ նախշուն կաքավիկ,-արևոտվում են աչքերս անգամ թուխպ օրերին:Ձմռան ցրտերից գարունը չի նահանջում,իրավունք չունի,կամ էլ`կյանքի իրավունքը նրանն է:
Որտեղից գիտեի,որ ձեռքով չեմ կարող սիրտդ շոյել:Գիտեի,լույսի պես թեթև պիտի լինեմ:Ուզում էի:
Ազգիդ ճակատագիրը քեզ ավելի շատ էր հուզում`խելագարեցնելու չափ շատ:
Քեզ չկարողացա պահպանել ինձ համար:Ոգեղենի համար էիր,որ Աստծո ձեռքը մոմ թափեր քո ուղին վեր պահելով երկրային գորշությունից:Հագուստիդ սև գույնը երբեք սրտովս չէր:Դու աշխարհինն էիր:
Ինչպես,ինչպես էիր կարողանում ավելիով տալ:Հիմա էլ իմ տասը ` հարյուր և տասով ես վերադարձնում:Դու ինձ պարտք չէիր,իսկ ինձ պարտքի տակ ես գցում:Գիտեիր,որ անօգնական եմ,նաև`անհաջողակ,թե չէ ինչու պիտի կորցնեի:Շատ ես աղոթել ինձ համար:
-Աղոթքս քեզ հետ,զավակս,-լսել եմ քեզ ու չեմ ուզեցել կորչեմ:
-Աստված օգնական,Կոմիտաս վարդապետ,-միտքս կարդացիր:
-Աստված պահապան,Աստված պահապան,-կրկնեցիր` հավաստի լինելով:
Հայ եմ,գիտեիր:Պահելու բան չէր:Շարունակվելու երկինք ունենք,Երկիր էլ ունենք:Միայն թե մի զարմանա,Վարդապետ,կին եմ`տղամարդու տաբատով,տղամարդու հոգսերով:Իսկ կարոտս կանացի քնքշություն ունի,չեմ կարողանում տեղը չհիշել:Դժվարությունների, հոգսի մատնությունից պահում եմ թաքուն,իմ խոցելի տեղն է:Բայց քո աչքից պահել չկարողացա:Քննախույզ հայացքդ զորեղ էր պահապան ծնողի պես:
-Պաշտպանության կարիք ունես`ինչքան էլ ջանաս թաքցնել,-հաստատ մտածեցիր:
Հայկական եկեղեցում հայկական նվագահանդեսի հրավերքդ սրտովս էր:
-Մեր ամոքումի բոլոր ափերում անմահությանդ պատգամն է վերին,-չհավատալ չեմ կարող:
Հեռանալով `մերթ ընդ մերթ շրջվում էիր դեմքով ինձ:
-Վաղը կգամ նվագահանդեսին,Կոմիտաս վարդապետ,-հուզմունքով խոստացան շրթունքներս:
Մրսած բառերս արդեն քեզ չէին հասնում..
Последний раз редактировалось hasmikhasmik 17 дек 2011, 17:57, всего редактировалось 33 раз(а).
Аватара пользователя
hasmikhasmik (Автор темы)
Частый гость
Частый гость
Информация: Показать детали

ՀԱՍՄԻԿ ԱՋԱՄՅԱՆ

Сообщение:#2  Сообщение hasmikhasmik » 28 апр 2011, 16:24

ԴՈՒ ԻՆՁ ՍԻՐԻՐ
Ես ինձ էլ չեմ սիրում,
Դու էլ ինձ մի սիրիր,
Կյանքի-մահվան ծովում
Ջրահարս մի փնտրիր:
Ես ինձ էլ չեմ գտնում,
Ես մի կորչող փաթիլ,
Ծով կաթիլների մեջ`
Ես խենթացած կաթիլ,
Ես հույզերով իմ տաք
Ցավիդ մեջ եմ հառնում,
Դու ինձ սիրիր,սիրիր,
Ես ծաղիկ եմ դառնում:
Аватара пользователя
hasmikhasmik (Автор темы)
Частый гость
Частый гость
Информация: Показать детали



Вернуться в Պատմվածքներ