СТАНЬ VIP

Վարդան Հակոբյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վարդան Հակոբյան

Сообщение Harutin » 04 дек 2011, 13:32

Վարդան Հակոբյան
(90.28 кб) Просмотров: 3249


Վարդան Սարգսի Հակոբյանը ծնվել է 1948թ. Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում, մանկավարժի ընտանիքում: Սովորել է հայրենի գյուղի յոթամյա, Բաքվի թիվ 152 և հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում: Բանաստեղծություններ սկսել է գրել տասնմեկ տարեկանից: Դպրոցական տարիներին զբաղվում էր նաև գեղանկարչությամբ («Եղնիկն ու լիճը» գեղանկարի համար ստեղծագործող դպրոցականների մարզային օլիմպիադայում առաջին մրցանակ է ստացել):
1969թ. ավարտում է Բաքվի մանկավարժական ինստիտուտը և աշխատանքի անցնում Ստեփանակերտում` «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ` որպես գրական աշխատող, ապա` բաժնի վարիչ, այնուհետև` խմբագրի տեղակալ:
1983թ. մինչև հիմա աշխատում է Արցախի գրողների միությունում` որպես կազմակերպության ղեկավար:
Հիմնադրել և խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս», «Պըլը Պուղի», «Հարություն», «Նարեկ» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը:
Բանաստեղծական, գրականագիտական և մշակութաբանական բազմաթիվ ժողովածուների հեղինակ է, ստեղծագործությունները տպագրվել են Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում և Բաքվում:
Իր ստեղծագործությունների համար արժանացել է ՀԳՄ «Գրական թերթի», Ավ. Իսահակայանի անվան, ինչպես նաև համահայկական «Վահագն» մրցանակներին:
Մի շարք պիեսների («Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» և այլն) հեղինակ է, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ մայր Հայաստանի պետական և ժողովրդական թատրոններում:
Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով, հիշատակության արժանի են նրա ռուսերեն («թսՈջՈ ԽՈՐՈոՈւՈ», Մոսկվա, «Սովետսկի պիսատել», հրատ., 1991թ.) , անգլերեն («101 POEMS», Երևան, «Հայաստան» հրատ., 2005թ.) և ֆրանսերեն («LA RESPIRATION DE LA PIERRE») լեզուներով հրատարակված բանաստեղծական ժողովածուները:
ԼՂՀ պետական օրհներգի հեղինակն է:
Վ. Հակոբյանը բանասիրական գիտությունների դոկտոր է (թեման` «Հայ նորագույն բանաստեղծության զարգացման հիմնական ուղղությունները» ), պրոֆեսոր:
Վ. Հակոբյանը պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն` Արցախի քաջորդիներին», Ֆ. Նանսենի, Գարեգին Նժդեհի, Մ. Շոլոխովի, ՀՀ. Մշակույթի նախարարության ոսկե մեդալներով, ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Վ. Հակոբյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վարդան Հակոբյան

Сообщение Harutin » 04 дек 2011, 13:34

Պըլը-Պուղու հեքիաթը

Изображение

Текст:
Հայոց թագավորությունը Արցախում շարունակվում էր մելիքության ձեւով, ամեն ինչ բարեհաջող էր ընթանում, բայց... եղավ մի պահ, որ վարդի կոկոնը չբացված՝ թերթերը թափվում էին, ծիլը հողից գլուխը չհանած՝ թորշոմում էր, առուն մարգերին չհասած՝ ցամաքում էր: Եվ դրա հիմքն ու պատճառը պարզ էր հինգ մատի պես՝ Մելիք Շահնազարը պառակտում էր գցել մելիքությունների մեջ, ուխտը դրժել եւ դաշնություն կնքել հարեւան օղուզների ցեղապետ Փանահի հետ, ծախել Շուշին: Երկիրը ծանր էր տանում այս ամենը, ազգի նվիրյալները կորցրել էին քուն ու դադար:
-Նամուսը շանն են տվել՝ չի կերել,- տրտնջում էր Պըլը-Պուղին,- բա սա մեզ սազակա՞ն բան է:
Տեսնելով, որ ժողովուրդը հերսից պլթպլթում է, Մելիք Շահնազարը փորձում է Պըլը-Պուղու միջոցով մեղմել նրա զայրույթը, իր մոտ է կանչում իմաստնախոսին ու չի իմանում, թե խոսքը որտեղից սկսի, որ ստացվի: Պուղին հասկանալով նրա միտքը, վրա է բերում դժգոհությամբ.
-Մելիքը ասելի՞ք ունի...
-Հա, ունի, Պուղի... Միայն թե չգիտեմ որտեղից սկսել, որ ինձ հասկանաս... Ախր, խոսքի վարպետը դու ես: Դու միշտ ինձ ձեռք ես հասցրել, հիմա լռում ես:
-Եթե կարողանայի գոնե լռել, Մելիք Շահնազար, դա էլ կլիներ մեծ օգնություն: Ցավը այն է, որ լռելն էլ է դժվարացել, ժողովրդի աչքամեջին չի նայվում, բոլորը թքոտում են քո վարմունքի վրա:
-Բոլորն ուրիշ են, Պուղին՝ ուրիշ:
-Ի՞նչ, ուզում ես ճշմարտությունը չասե՞մ:
-Որ ճշմարտությունը չսիրեի՝ քեզ չէի պահի:
-Այդ դեպքում քծնող-կեղծող նազիր-վեզիրների բանակը ինչո՞ւ ես պահում ապարանքում: Որ դավաճանական ու սխալ գործերդ գովե՞ն:
-Պուղի, սահմանը անցնում ես: Դավաճանս ո՞րն է: Նրանք իմ դեմ չեն խոսում:
-Մելիքն ապրած կենա,- հեգնանքը շեշտում է Պուղին,- ինձ պահում ես ոչ թե նրա համար, որ ճշմարտությունը սիրում ես, այլ նրա համար, որ ճշմարտությունը լսես ու հակառակն անես:
-Պուղի,- խեղճացած խոսում է Մելիք-Շահնազարը,- տեսնում եմ, որ խոսքը մեզ հեռուն է տանելու, բայց ժամանակն այսօր քիչ է, հյուրեր եմ ընդունելու: Խնդրում եմ նրանց մոտ լեզուդ քեզ պահես: Խաղք-խայտառակ չդառնանք աշխարհի բերանում:
Պուղին լսում է ու չի պատասխանում: Մելիքը ոգեւորված շարունակում է.
-Իսկ Շուշին ծախելն ու չծախելը վերջում կիմանանք, ես եմ ճիշտ, թե ինձ մեղադրողները:
-Ուրեմն՝ կասկածում էլ ե՞ս...
-Վերջին անգամ եմ ասում՝ ղոնախներիս մոտ ինձ էրկու շահանոց չդարձնես: Հետո էլի կխոսենք ես ու դու,- ասում է Մելիքն ու գնում՝ համոզված լինելով, որ Պուղին, քանի որ մտքինը պարզ-պարզ արտահայտեց (ախր, քանի օր է Մելիքի հետ խոսք փոխանակելուց խուսափում էր), ուրեմն՝ հասկացան իրար:
Շատ չանցած՝ օղուզների մի շքերթ՝ Փանահի գլխավորությամբ, հրացանների տրաք-տրաքոցով, զուռնով-դափով մոտենում են Մելիքի ապարանքին: Խնձորենի ծառի վրա Պուղու սարքած թռչնաբնից աղավնիները միանգամից դուրս են թռչում ու կորչում Քիրսի վրա թանձրացող ամպերի մեջ: Նման բան Պուղին չէր տեսել, գոնե մի աղավնի էլ չմնաց: Դա կարծես քիչ էր, օղուզների աղմուկի վրա գոմերից ոչ հեռու կապված գամփռները գռմռալով-կաղկանձելով, ասես գայլ էին տեսել, կտրեցին իրենց շղթաներն ու հարձակվեցին օղուզների թափորի վրա:
-Էս շները հյուրի վրա առաջին անգամ են հաչում,- խոսեց Պուղին:
-Պուղի, այ անաստված, այդ ի՞նչ արիր,- մռլտաց Մելիքը: Եվ տեսնելով, որ Պուղին իր մոտ էր այդ պահին եւ ոչ մի մեղք չունի, երկու ձեռքով գլխին խփեց.
-Խայտառակվեցինք...
Բայց Փանահը իրեն չկորցրեց: Հրացանավորները միանգամից վրա տվին ու շներին գյուլլաթակ արին՝ հենց Մելիքի դռան առաջ: Մի աղավնի եւս, որը դեռ չէր հասցրել անհետանալ երկնքում, օղի մեջ արձակված գնդակից խոցված, ընկավ Մելիքի բակում: Այնպես որ՝ Մելիքն իր հյուրերին ընդունեց խառնաշփոթ ու գլուխը կորցրած վիճակում: Եվ անընդհատ ասում էր.
-Բարով եք եկել... Ներեցեք, որ այսպես ստացվեց... Էս փուչ Պուղին ուրախությունից մոռացել էր, որ շներին պիտի պինդ կապի, աղավնատան դուռն էլ բաց էր թողել. ես էլ չհետեւեցի, ուրախությունից գլուխս կորցրի...
-Ոչինչ, պատահում է, ուրախությունից ո՞վ չի գլուխը կորցնում,- հուսադրելով, Փանահը նայում էր արյունլվա աղավնուն...- Ուրախությունից մարդ թեւ էլ է առնում, թռչում, ուր մնաց գլուխը չկորցնի...
Փանահը տեսնելով մի կողմ կանգնած Պուղուն՝ փորձեց զվարճախոսել.
-Դու ի՞նչ կասես, Պուղի...
Պուղին խեթ-խեթ նայեց Փանահին ու դարպասով արագ դուրս թռավ.
-Որ գամ՝ կասեմ:
-Ո՞ւր...,- ետեւից կանչեց Մելիքը:
-Գնում եմ հանդերը մի քիչ ման գամ, տեսնեմ գլուխդ որտեղ ես կորցրել, գտնեմ՝ բերեմ:
Հյուրերի ծիծաղը միանգամից փռթկաց: Օգտվելով դրանից, Մելիքը փորձեց շարունակական դարձնել նրանց ուրախությունը եւ արագ-արագ վրա բերեց Պուղու ետեւից, համարյա արցունքն աչքերին.
-Իմ կատակաբանն է: Որ խոսում է՝ փորդ բռնիր ու ծիծաղիր...
-Հա, երեւում է, որ շատ սուր միտք ունի... Կյանքն ինչի նման է՝ եթե կատակ չկա...
Կամաց-կամաց Մելիքը հյուրերին տեղավորում է երկրորդ հարկի իր շքեղ սրահներում, ծառաներին հրամայում շների լեշերը հեռու տանել, նետել բարձրադիր քերծերից, մաքրել բակն ու այգին, իսկ ինքը իր գործին է գնում: Շատ ժամանակ չանցած՝ սկսվում է մի այնպիսի քեֆ, որի նմանը ոչ ոք չէր տեսել դեռ: Թե քանի ցուլ ու հորթ է մորթվում այդ օրը, քանի աղավնի ու հնդկահավ, քանի եղնիկ ու գառ... Ոչ ոք թիվը ստույգ չէր իմանում, ուտում-խմում էին բոլորն այնպիսի մի ախորժակով, որն ասես երբեք չի փակվելու, քանի որ իրենց կյանքի իմաստը հենց ուտելն էր դարձել: Փանահը արդեն գինով էր եւ խոսում էր տանտիրոջ իրավունքով, այնքան որ՝ սպասարկող խոհարարին սկսեց խրատ տալ.
-Ղազանի խորովածին տաքդեղ ցանել չի թույլատրվում ղուրանի օրենքով, նռան քաղցր հյութ են խառնում... Բայց ոչինչ, կամաց-կամաց կսովորես... Ամենագլխավորն այն է, որ ձեռքդ խոզի մսի չդիպչի, թե չէ...
-Խանը ապրած կենա,- գինուց, թե շողոքորթությունից ծռմռվել է Մելիքի դեմքը,- մեր ապարանքում խոզի միսը կտրականապես արգելել եմ այն օրից, երբ իմ բարեկամը դարձավ Փանահ խանը:
Արդեն մութն ընկել էր, ապարանքի ներսում քեֆը շարունակվում էր, իսկ դրսում Պուղին մատներով շոյում էր գնդակված աղավնուն ու շշնջում անլսելի.
-Արթնացիր, աղավնյակս, արթնացիր...
Պուղու աչքից արցունքն ընկնելու ժամանակ իր մեջ առավ հեռու-հեռվից նայող աստղի լույսը ու կաթեց ուղիղ աղավնու վերքի մեջ: Պուղին ինքն էլ չիմացավ, թե թռչունն ինչպես կենդանացավ: Ուրախությունից չգիտեր, թե ինչ աներ Պուղին: Աղավնուն տեղավորեց թռչնաթառի վրա, խնամքով, ասես երեխայի էր դիպչում, ինքը նորից գնաց գյուղամեջ: Չուզեց սակայն որեւէ մեկի աչքին երեւալ, քայլերն ուղղեց դեպի Շռշռանի քերծը, որտեղից սպանված շներին ձորն էին նետել Մելիքի ծառաները: Դեռ քերծին չհասած՝ մի վնգստոցի ձեն հասավ ականջին: Լսողությունը լարեց, այս անգամ ավելի պարզ լսեց ձայնը:
-Վազանիկն է...,- ճանաչեց Պուղին ու մոտեցավ վիհին: - Վազանիկ...
Շունը տանջվում էր: Ի՞նչ անել: Եվ որքան էլ դժվար լինի, Պուղին որոշեց վիհն ի վար իջնել, օգնել... Ձեռքը մեղմորեն սահեց Վազանիկ շան թավիշ մազերով՝ մեկ, երկու, երեք անգամ... Շունը ցատկեց տեղից ու ոտքի կանգնեց: Եվ այնպես էր լիզում Պուղու ոտն ու ձեռը, եւ այնպես էր գորովանքով քսմսվում նրան: Բայց անշունչ ընկած էին նաեւ Վազանիկի ընկերները՝ Զանգին ու Բասարը: Պուղին ու Վազանիկը նրանց մոտեցան: Պուղին շոյեց շներին, Վազանիկը նրանց վերքերը լիզեց... Եվ սպանված երկու շները եւս կենդանացան:
-Դուք իմ հավատարիմ ընկերն եք, դուք շուն չեք,- նրանց ասաց Պուղին,- շունը Մելիք Շահնազարն է, որ Շուշին ծախեց...
-Համաձայն ենք,- խոսեցին շները գրեթե միաբերան,- մենք քո ընկերներն ենք, դու՝ մեր, բայց Մելիքին շուն մի անվանիր, դա ամեն շան համար էլ վիրավորական է...
Պուղին համաձայնեց: Շները որոշեցին այլեւս գյուղ չգալ, չտեսնել Մելիքի երեսը, գլուխ վերցրին, գնացին դեպի հեռուները, երեւի մի հասարակ հովվի մոտ հովանավորություն կգտնեն: Իսկ Պուղին գլխիկոր եկավ տուն: Քեֆը դեռ շարունակվում էր:
Պուղին բարձրացավ հանդիսությունների դահլիճ եւ Փանահի առաջ դրեց մի կիպ-կապված բոխչա:
-Էս ի՞նչ ա...
-Գլո՛ւխ...
Փանահն ու Մելիքը քրքջացին հարբածի բացսրտությամբ.
-Պուղու կատակներին վերջ չկա...
-Բայց ի՞նչ գլուխ է,- հազիվ բառերն իրար բերեց Փանահը,- երեւի Մելիքի գլուխն է, որ կորցրել էր մեզ տեսնելու ուրախությունից... Հա՞, Պուղի...
Պուղին չէր խոսում, թողնում էր, որ բոխչան բացի Փանահը: Վերջինս հենց կապոցը արձակում է թե չէ, ձենը երկինք է հասնում.
-Էս ինչ ծաղր է... Էս ինչ տնազ է... Սա արդեն կատակ չէ, սա...
Հյուրերը միանգամից բարձրանում են տեղերից՝ խմած-չխմած, կիսաքուն, օրորվելով ու Մելիքի թախանձանքներին չնայելով, հեռանում են այնպես, ինչպես որ եկել են: Մելիքը շտապում է իր աչքով տեսնելու բոխչայի «հարստությունը»: Եվ ինչ է պարզվում: Սեղանին դրված կապոցի մեջ խոզի գլուխ է:
-Պուղի, ա տնաքանդ, էս ի՞նչ ես արել,- Մելիքը զգաց, որ հյուրերի փախուստն իր վրա թեթեւ չի նստի:
-Մելիքն ապրած կենա, տեսա, որ թանկագին ղոնախներ ունես, ասի՝ գնամ կորկոտացու բերեմ, որ վաղ առավոտյան էլ անուշ անեն:
-Արա, ա տափը մտած, բա դու չգիտե՞ս, որ նրանք խոզից զզվում են:
-Բա որ խոզից զզվում են, ինչո՞ւ են ուզում Մելիքի գլուխն ուտել...
Չէ, Պուղուն չէ, որ կարող ես բան սովորեցնել, նա ինքն է ուրիշներին բանուխելքի դնում: Տեսնելով, որ դանակը ոսկրին է հասել եւ Պուղին տանը թե դրսում իրեն խայտառակում է, Մելիք Շահնազարը մտքում որոշեց, որ հաջորդ օրը մի բան կմտածի ու Պուղուց կազատվի:
-Ոչինչ,- մտածեց Մելիք Շահնազարը,- էս գիշեր էլ կդիմանամ նրա «կատակներին»:
Իսկ գիշերվա կատակները որո՞նք էին: Պուղին հենց անկողին էր մտնում, աչքը փակում, սկսում էր երազի մեջ ճչալ.
-Ժողովուրդ, աչքերդ բաց, Մելիք Շահնազարը Շուշին ծախում է... Ժողովուրդ...
Մելիք Շահնազարը շտապեց պատուհանները փակել, որ դրսում լսող չլինի: Գիշերն անցավ ծանր: Մելիքի երեսը ոչ այն է խմիչքից, ոչ այն է անքնությունից ուռել էր, բայց նա ջանում էր սովորականից սիրալիր երեւալ Պուղուն:
-Մելիքն ապրած կենա,- խայթեց Պուղին,- որ լեզուդ քաղցրացել է, ուրեմն՝ մի վատ մտադրություն ունես:
-Չէ՛, Պուղի, միայն թե երեկվա քո արածը լավ չէր: Վերցրու, վերցրու մի կտոր հաց կեր, էսօր գնալու ենք ծմակից տանձ բերելու:
Մելիքին նոր չի ճանաչում Պուղին: Ժլատության այդպիսի կերպար ոչ մի տեղ չես գտնի: Եվ հանկարծ սիրտը փափկել է. «Մի կտոր հաց կեր, Պուղի»: Անշուշտ, մտքում թույն է կուտակվել, ուզում է Պուղու վրա թափել: Նույնիսկ ժպտում է: Իսկ երբ ներսում օձ կա, դեմքը փոխվում է: Եթե կողքին խոսք է գնում տեսնելու մասին, աչքերը կկոցվում են՝ առանց դեմքի մյուս մասերի մասնակցության, եթե համբույրի մասին է խոսքը՝ շուրթերն են շարժվում՝ առանց դեմքի մյուս մասերի մասնակցության, եթե լավ կամ վատ հոտի մասին է խոսքը՝ քիթը վերուվար է անում՝ առանց դեմքի մյուս մասերի մասնակցության, եթե լսողության մասին է խոսքը՝ երկու ականջները վեր են տնկվում մի շարժումով՝ առանց դեմքի մյուս մասերի մասնակցության... Այսինքն՝ դեմքի բոլոր մասերից յուրաքանչյուրն իր առաքելությունը կատարում է առանձին, մեկը մյուսի «գործերին» չեն խառնվում, չի ուզում Մելիքը, որ ավելորդ էներգիա ծախսի: Անգամ մի աչքն է մյուս աչքի ժպիտ ու թախծից անտեղյակ լինում: Էդպես էլ տան անդամներին է հանձնարարություններ տալիս, յուրաքանչյուրին՝ իր տեղում: Մեկը մեկի մոտ են ու մեկը մեկից օտար, հեռու, անմասնակից...
-Հա՛,- համաձայնեց Պուղին,- ձմռան չիրի համար տանձը լավ հասած կլինի Կանաչ տափում, ամա... Հիմա ամեն տանձի ծառի տակ երկու ծուռթաթ է լինում, ամեն ծառի վրա՝ ծուռթաթի յոթ քոթոթ:
-Էհ, Պուղի, տանձն այս տարի այնքան առատ է, որ ծուռթաթն իր բաժինն ունի, մենք՝ մեր բաժինը,- փորձեց սրախոսել Մելիքը,- այնպես որ՝ ամեն մեկիս ճակատին մի բան է գրված:
Ավետարանոցում այդ օրերին խոսք էր գնում այն մասին, թե արջը ոնց է երկու որսորդի պատառ-պատառ արել ծմակում՝ տանձի համար: Մելիքը դա լավ գիտեր, բայց, չգիտես ինչու, մտածում էր, թե արջը հո Պուղուն չի թողնելու ու իրեն մոտենա... Ինքը մելիք է վերջապես... Եվ բացի դա ինքը թվանքով ու ամենաարագավազ ձիով կլինի, Պուղին՝ էշով: Հարկ եղած դեպքում ինքը չափ կտա ձիուն, կփրկվի, արջը ինչ է, որ ձիու ետեւից հասնի, իսկ Պուղին ծուռթաթի բաժին կդառնա իր էշով: Մելիքը գիտե, թե ոնց պիտի անի, հո երեխա չէ: Մի խոսքով, Պուղին չի հակաճառում: Գնում են ծմակ՝ տանձի:
Պուղու էշը ետեւից էր քայլում, Մելիքի ձին՝ առջեւից, որ կարողանա Պուղին հսկել Մելիքի անվտանգությունը: Այս էլ ասեմ՝ Պուղու էշը Մելիքի ձիուց ժիր էր քայլում: Բայց, չգիտես ինչու, հրացանն ինքը՝ Մելիքն է կախել ուսից: Հասնում են անտառ, տանձուտի հովիտը: Պուղին ձիուն եւ էշին կապում է թփուտներում՝ իրար մոտիկ, ինքը Մելիքի հետ մոտենում հսկա տանձենուն, որի վրա հասած միրգը դեռ հեռվից պսպղում էր, իսկ վայրի հավքերի կտուցներով ճլատված տանձերից մեղրի հյութ էր կաթում չոր խոտերին:
-Սա է՝ որ կա,- փորձեց ուրախ ձեւանալ Մելիքը, բայց ոտքի տակ, երեւի, ծուռթաթի թարմ աղբն էր, սայթաքեց ու վրա հասած Պուղին մի կերպ կարողացավ փրկել նրան, թե չէ բոյով մեկ տալու էր ձորին:
-Զգույշ կաց, Մելիք...
-Ոնց որ հասած տանձ էր ոտքիս տակ,- իրեն սիրտ տվեց Մելիքը:
-Չէ մի՝ չէ... Հնդստանի մարգարիտ էր...,- Պուղին նորից չխնայեց:
Մելիք Շահնազարի հույսը թվանքն էր: Որոշեց ինքը բարձրանա տանձենու գագաթը, Պուղուն թողնի ծառի տակ, որ արջը գա ու իր գործը տեսնի: Ինքը ծառի վրա, հրացանը՝ ձեռքին... Ինչ պիտի լինի իրեն: Այսպես էր մտածում նա:
-Պուղի, օգնիր ես ծառը ելնեմ, իմ ձեռքով քաղած մի տանձ ուտեմ...
-Աչքիս վրա, Մելիքի խոսքը բա ես ե՞րբ եմ կոտրել:
-Աչքդ ապրած կենա...
Մելիքը տեղավորվեց ծառի ամենավերին ճյուղի վրա: Իր համար տանձ էր ուտում, չէր էլ նկատում, որ իրենից վերեւ, փոքրիկ ճյուղի վրա կուչ էր եկել մի փոքրիկ, շատ փոքրիկ, կաթը դեռ բերանին քոթոթ: Չէր նկատում, այլապես ինքը քոթոթից ավելի շատ կվախենար: Բայց քոթոթը հո մենա՞կ չի տանձ ուտելու գալիս: Նրան հայացքով հետեւող ծուռթաթը, զգալով, որ վտանգ կա, մի աչքաճպոցում հասավ տանձենու մոտ: Մելիքն ինքն էլ չէր հիշում, թե որերորդ տանձն էր բերանին տանում, երբ ծառի տակ անսովոր խոսակցություն լսեց, իր անունն էլ՝ ոնց որ վրադիր զրույցում: Ներքեւ նայեց Մելիք Շահնազարը ու վախից գույնը թռավ, տանձի գույնից էլ սպիտակ-դեղին դառավ: Ծուռթաթն արդեն մոտեցել էր Պուղուն: Մելիքը դողացող ձեռքերով հրացանը լարեց: «Հենց որ արջը Պուղու հարցը լուծի, պրծնի, թվանքով կսպանեմ արջին». մտածում էր նա: Բայց դեռ հրացանի փողը ներքեւ չէր ուղղել, երբ կաթնակեր քոթոթը թաթի մեջ առավ հրացանի ծայրը, կարծես կռվի միտք չուներ եւ միայն երեխայի չարաճճիությամբ ասում էր՝ էս խաղալիքն իմն է, ինչո՞ւ ես վերցրել: Մելիքի վախը կրկնակի էր, դարձավ բազմակի: Սսկվեց: Իսկ ծառի տակ այսպիսի խոսակցություն էր գնում:

-Չեմ ուտում, Մելիք արջը ապրած կենա, հավաքում եմ, որ Մելիք Շահնազարը ձմեռն անուշ անի, չիր շատ է սիրում մեր Մելիքը:

-Հիմա որ քեզ պատառ-պատառ անեմ, լավ կլինի՞,- զայրանում է արջը:

-Չէ, արջն ապրած կենա, հաստատ՝ վատ կլինի, ես քեզ նման անմեղ եմ:

-Բա մեղավորն ո՞վ ա...

-Էդ էլ իմ ասելու բանը չէ,- ելքը գտավ Պուղին,- տեսնում եմ, որ դու էլ արջերի մելիքն ես, ես հասարակ մարդ եմ... Գնա, այ, մեր Մելիքը ծառին, նրան հարցրու:

Մելիքի մասին արջը լսելուն պես ոռնում է ու ծուռ թաթը դնում ծառի բնին, որ բարձրանա: Այդ պահին ուրիշ, ավելի փոքրամարմին մի արջուկ մոտենում է տանձենուն: Մելիք արջը նրան հանձնարարություն է տալիս.

-Դու ծառի տակի տանձը հավաքիր, Պուղու ճաշն էլ եփիր, Մելիք Շահնազարի հարցը կպարզեմ ինքս...

Պուղու թուքը բերանում չորանում է: Ինչ անի, որ ազատվի: Նման դեպքերում միշտ էլ նա հաղթել է իր խելքով, սրամտությամբ, բայց ծուռթաթի մոտ սրամտելս որն է, կբռնի ու բզիկ-բզիկ կանի: Պուղին հանկարծ հիշեց Վազանիկ, Զանգի եւ Բասար շներին, նրանց վերջին խոսքը. «Պուղի, մենք քեզանից չենք հեռանում, մենք հեռանում ենք Մելիքից: Հենց որ տեղդ նեղ լինի, մի փոքր ձեն հանիր, գետնի տակից էլ լինի, դուրս կգանք, կհասնենք»:

-Վազան, Զանգի, Բասար...,- Պուղու ձայնը դողաց, թեպետ, ճիշտն ասած, արդեն հավաքում էր իրեն, որ դիմադրի, կռվի մեջ մտնի:

Հանկարծ այնպիսի մի որոտ եղավ, որ հող ու երկինք դղրդացին, ծառերի վրա տանձ չմնաց՝ թե հասած, թե խակ, բոլորը թափվեցին տերեւների հետ: Միանգամից, ասես հողի տակից, արջի եւ Պուղու արանքում հայտնվեցին հավատարիմ շները: Ինչ շներ, ամեն մեկը՝ մի առյուծ: Արջուկը հասցրեց միայն դեպի ծառը ցատկել, ինքն էլ տեղավորվեց մի բարձր ճյուղի վրա: Պուղին ուրախ-ուրախ նայեց տանձենուն ու բարձրաձայն ասաց.
-Էսքան մեծ-մեծ տանձերով ծառ դեռ իմ օրում չէի տեսել, ինչ չիրացու մրգեր են հա՜...
Եվ որովհետեւ «էն գլխից» էր Պուղին հասկացել Մելիք Շահնազարի մտադրության մասին, հեծավ նրա ձին, էշի սանձը կապեց ձիուց, որ հեռանա, բայց խիղճը տանջեց էլի: Դարձավ շներին.
-Մելիքին էլ փրկեցեք, թող իր երեսը սեւ մնա բոլորիս առաջ...
Շները լսելով Պուղուն, հարձակվեցին արջերի վրա: Մելիքն իր հրացանը միանգամից ազատելով քոթոթի ճանկերից, նետեց Պուղու կողմը, վերջինս վերցրեց այն ու, ոնց ասում են, մի իսկական կռիվ սկսվեց: Վիրավոր արջերը սկսեցին դեպի մոտակա ձորի ջուրը վազել, Մելիք Շահնազարն էլ լխկած տանձի պես թրմփաց հողի վրա՝ ամբողջովին արյան մեջ շաղախված: Ուշքի բերեցին մի կերպ, Մելիքին կապեցին ձիու մեջքին ու ճանապարհ ընկան: Գյուղ չհասած՝ շները ետ դարձան.
-Պուղի, մենք Մելիքի բակում ոտք չենք դնի...
Մելիք Շահնազարը, որ նոր-նոր խելքը տեղն էր բերում, թախանձեց.
-Բասար ջան, Վազան ջան, Զանգի ջան... ինձ ներեցեք... Ինչ որ եղել է՝ եղել է, գնանք տուն...
-Չէ, մեր պահած օջախն ու տունը, անգամ քո հոգին որ ծախել ես, մեզ էլ կծախես, հո կծախես... Գանք՝ ինչի՞ վրա պահակ կանգնենք,- ասացին շներն ու հեռացան:
Օրեր, թե տարիներ անցան (մեծ ժամանակի համար դա մի հաշիվ է), Պուղին եւս լքեց Մելիք Շահնազարին ու ճգնավոր դարձավ: Շոշ գյուղի մոտ մի քարայր կա, Պուղին տեղափոխվեց այնտեղ: Մի օր էլ Զանգին, Վազանն ու Բասարը եկան ու պահակ կանգնեցին քարայրի առաջ: Շատ ուրախացավ Պուղին, մենակ չէ վերջապես: Վատառողջ էր: Սովի տարի էր տարին էլ: Մի անգամ էլ ինչ տեսավ՝ մի սպիտակ աղավնի, կտցին մի կտոր ջաղացի բաղարջ առած, բերում է իր համար: Արդեն հարյուրամյա Պուղու դեմքը բացվեց.
-Չէ, փառք Աստծո, բարին էլի հզոր է աշխարհում, թե չէ բոլորս կուլ կգնանք չարին:
Շատ օրեր են անցել հիշյալ ժամանակներից: Պըլը-Պուղին էլի ապրում է, իսկ Մելիքն ու Փանահը, ով գիտե, քանի-քանի պատան են մաշել... Եվ յուրաքանչյուր արցախցի, երբ ուզում է իմաստնախոսել, Պուղու խոսքով է քաղցրացնում իր լեզուն ու դիմացինի ականջը:
Ձեր կյանքն էլ Պուղու կյանքի նման երկար ու արդար լինի: Ձեր սիրտն էլ նրա սրտի նման Արցախով միշտ լցված լինի: Ձեր միտքն էլ նրա մտքի նման լինի լուսավոր ու զվարթ: Ահա այս երեք օրհնանքներն էլ այն երեք խնձորներն են, որ հեքիաթի վերջում սովորաբար ընկնում են երկնքից: Վայելեցեք բարով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Հեքիաթներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0

⇑ Наверх
⇓ Вниз