ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

Վարդան Հակոբյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վարդան Հակոբյան

Сообщение:#1  Сообщение Harutin » 04 дек 2011, 11:27

Վարդան Սարգսի Հակոբյան
(90.28 кб) Просмотров: 2247


Վարդան Սարգսի Հակոբյանը ծնվել է 1948թ. Արցախի Հադրութի շրջանի Արփագետուկ (Քարինգ) գյուղում, մանկավարժի ընտանիքում: Սովորել է հայրենի գյուղի յոթամյա, Բաքվի թիվ 152 և հայրենի շրջանի Հին Թաղերի միջնակարգ դպրոցներում: Բանաստեղծություններ սկսել է գրել տասնմեկ տարեկանից: Դպրոցական տարիներին զբաղվում էր նաև գեղանկարչությամբ («Եղնիկն ու լիճը» գեղանկարի համար ստեղծագործող դպրոցականների մարզային օլիմպիադայում առաջին մրցանակ է ստացել):
1969թ. ավարտում է Բաքվի մանկավարժական ինստիտուտը և աշխատանքի անցնում Ստեփանակերտում` «Սովետական Ղարաբաղ» թերթի մշակույթի բաժնում, նախ` որպես գրական աշխատող, ապա` բաժնի վարիչ, այնուհետև` խմբագրի տեղակալ:
1983թ. մինչև հիմա աշխատում է Արցախի գրողների միությունում` որպես կազմակերպության ղեկավար:
Հիմնադրել և խմբագրել է «Արցախ» հանդեսը, «Եղիցի լույս», «Պըլը Պուղի», «Հարություն», «Նարեկ» պարբերականներն ու «Արցախ» հրատարակչությունը:
Բանաստեղծական, գրականագիտական և մշակութաբանական բազմաթիվ ժողովածուների հեղինակ է, ստեղծագործությունները տպագրվել են Երևանում, Ստեփանակերտում, Մոսկվայում և Բաքվում:
Իր ստեղծագործությունների համար արժանացել է ՀԳՄ «Գրական թերթի», Ավ. Իսահակայանի անվան, ինչպես նաև համահայկական «Վահագն» մրցանակներին:
Մի շարք պիեսների («Հայելիներ», «Քո սերը քո տունն է», «Ես հրաժարվում եմ ինձանից», «Արցախյան բալլադ» և այլն) հեղինակ է, որոնք բեմադրվել են ինչպես Արցախի, այնպես էլ մայր Հայաստանի պետական և ժողովրդական թատրոններում:
Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով, հիշատակության արժանի են նրա ռուսերեն («թսՈջՈ ԽՈՐՈոՈւՈ», Մոսկվա, «Սովետսկի պիսատել», հրատ., 1991թ.) , անգլերեն («101 POEMS», Երևան, «Հայաստան» հրատ., 2005թ.) և ֆրանսերեն («LA RESPIRATION DE LA PIERRE») լեզուներով հրատարակված բանաստեղծական ժողովածուները:
ԼՂՀ պետական օրհներգի հեղինակն է:
Վ. Հակոբյանը բանասիրական գիտությունների դոկտոր է (թեման` «Հայ նորագույն բանաստեղծության զարգացման հիմնական ուղղությունները» ), պրոֆեսոր:
Վ. Հակոբյանը պարգևատրվել է ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ», «Երախտագիտություն` Արցախի քաջորդիներին», Ֆ. Նանսենի, Գարեգին Նժդեհի, Մ. Շոլոխովի, ՀՀ. Մշակույթի նախարարության ոսկե մեդալներով, ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:
Հայ գրականության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Վ. Հակոբյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության Մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#2  Сообщение Harutin » 04 дек 2011, 11:31

ԼՌՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հանկարծ զգացի, որ
բառիս մեջ կրակող
զինվոր կա, և երգս
դառնում է երկրապահ:
Հողը փրկեցինք
«բարեկամներից»`
ապահովելով լուսնի
խաղաղ ընթացքը
քարերի, ծառերի ու սարերի
բարձր գագաթներով:
Երևի զոհվածները
ապրողներին հիշում են
մեկ րոպե… խոսելով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#3  Сообщение Harutin » 04 дек 2011, 11:31

ՓԱԿԻՐ ԱՉՔԵՐԴ` ՉԵՐԵՎԱՍ

Ձուկը` ջրում, հավքը` երկնքում, գրիչը` թղթին,
սլանում են նույն ուղղությամբ: Փակիր աչքերդ`
աշխարհը չերևա: Հողը լափում է զավակներին:
Հաճախ այն, ինչ ուզում եմ բացել քո մեջ, դու
ինձ ընդառաջելով` ավելի խորն ես թաքցնում: Ես
դռան վրայից ետ եմ վերցնում իմ թակոցները:
Դու ինձ չես լքել` ինձ լքելով, դու լքել ես քո մեջ ապրող
աստվածուհուն: Վկա աչքերդ` ինձ մոռացող: Սովածների
փիլիսոփայություն` արդարությունը հաց է ավելի, քան հացը:
Աղեղնավոր բառեր: Աներկինք թևեր: Բոզալաց տվող քամի և
պատառոտված ներքնաշորերով արևալույս: Իմ կորած պոռնիկ:
Կնաքարշ որձերի ոհմակը հոտոտում է մթնահունց էգերին:
Շուրջս պտտվում է ինչ-որ մի ճախրուկ: Ես արդեն
ճեղանվում եմ ճանապարհի նման: Թունավոր
բույրերի հյուսակը խեղդում է` շուլալված
պարանոցիս: Փակիր աչքերդ` չերևաս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#4  Сообщение Harutin » 04 дек 2011, 11:31

ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԱՉՔԵՐ

Աղավնին պատուհանս տարավ թևին: Ֆլորենտինո Արիզան
ինքն իրեն ծրարներ էր հղում` մաքուր, չգրոտված թղթերով, որոնք
այնքան լավ է ընթեռնում Գաբրիել Մարկեսը: Բառերը
նույնպես հունցվում են կավից: Ինչպես և հարյուր տարվա մենությունը`
խոլերայի ժամանակ, թեև դա մի քիչ էլ այդպես չէ:
Իսկ իմ հիշողության մեջ դու ավելի դու ես, քան եթե կանգնես
աչքերիս առաջ: Գիշերվա կեսին ոտաբոբիկ վազում էի
ձեր տուն և ուզում էի ճանապարհի փշերը սուր,
շատ դաժան լինեին, բայց վարդերը խանգարեցին:
Ես ուզում էի բառեր, որոնցով չի խոսել
ոչ մի ճանապարհ:
Ճտերը հաշվում են աշնան
ատամները: Եվ պահն` առանց մեռնելու, չի կարող
ապրել: Երկինքը սպիտակ է դարձել, երևի
լեռան ձյունից, և գիշերն արթուն մնացած
ծառերը առավոտի պատրանքն են որոճում: Որպես մի
սելադոն` քամին խփում է մոշենու փշառատ շյուղերին`
հնչեցնելով փանդիռն ամայության: Մարդը սովոր է
բերման ենթարկել, մինչդեռ ինքը միայն ու ինքը
պիտի գնա ամեն ինչի մոտ: Վաղուց
սև վարդեր են աճում այնտեղ, ուր Չարենցի և Նավզիկեի
ոտնահետքերը փորձում են ծածկել օզանով: Իմ երգը
կացարան է մի կիսավեր, որտեղ չի ուզում այլևս ոտք դնել
(ասում են` ստվերները չեն մահանում) դուստրը «Երգ երգոցի»:
Յուրաքանչյուր բառ յուրովի խռովարար է, իսկ մութը
սև լույս է պարզապես: Անձրևը քարերի վրա
վարդեր է հյուսում արծաթե թելերով և ձեռագործում է
աղավնիներ ու աչքեր. «Ներիր, որ
ես չեմ կարողանում քեզ ներել»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#5  Сообщение Harutin » 04 дек 2011, 11:32

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

Ես սիրում եմ իմ հայրենիքն անկեղծորեն` ինչպես բոլորը,
և անասելի խորշում եմ
հայրենասիրության մասին խոսքերից, ինչպես, իհարկե, ոչ բոլորը:
Զոհվածնե’ր, հրաժարվեք նրանց ծաղիկներից, ովքեր
պսակներ դնելու պահին հատուկ նկարահանվում են`
հուշարձանները դարձնելով ինչ-որ մի տարրն իրենց քարոզչության…
Ռամիկնե’ր, մերժեք ձեռքսեղմումները նրանց, ովքեր
միևնույն պահին ժողովրդի մեջ հատուկ նկարահանվում են`
նրան դարձնելով մասն իրենց քարոզչության…
Աստվա’ծ, մի ընդունիր մոմավառությունը նրանց, ովքեր
հաղորդության պահին խորանում վանքի
հատուկ նկարահանվում են` աղոթքը դարձնելով
ինչ-որ մի տարրն իրենց քարոզչության…
Հանրությու’ն, մի վստահիր նրանց, ովքեր
սարեր են խոստանում անվերջ` մոռանալով, թե քանի
սար է մնացել հայոց աշխարհում…
Տանել չեմ կարող հայրենասիրության մասին ճառերը,
իսկ երբ ճգնում են սերը բառավորել,
սկսում եմ արդեն չսիրել`
ոչ ինձ,
և ոչ էլ անգամ
հայրենիքը…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#6  Сообщение Harutin » 04 дек 2011, 11:32

ԻՍԿ ԷՄԵՐՍՈՆԸ ՁՈՒ ԷՐ ԽԱՇՈՒՄ ՀՐԱԲՈՒԽՆԵՐԻ ՎՐԱ

Մութի ճյուղերին ծանրանում է լույսը, և ծաղկած
խնձորենիները քեզ առաջնորդում են դեպի
արևելքն անիմանալի:
Կռունկն ինքն է ընտրում չվելու գիշերն ու երկինքը:
Դու սպիտակ ձյուն ես, սև աղջիկ, Երուսաղեմի
դաշտերից բերված երկնային մանանան կրկնակի անուշ է
մերկ մարմնիդ վրա, և աստվածները քեզ ունկնդրում են
անգամ այն ժամանակ, երբ դու լուռ ես լինում
կամ գրեթե անխոս:
(Տե’ր, ինձ փրկիր սիրուց):
Քո ափից ջուր է խմում չգիտեմ ով, ես միայն
կորդացած հող եմ, որ ծաղիկների
գուրգուրանքներն է կիսում` գրկելով ոտքերդ, ընդունում մատներիդ
արանքով շիթ առ շիթ ծպտված կաթիլները:
Վիրավոր խոտեր,
արնահամ քամի:
Ոչ ոք չէր բացում դուռը: Եվ ես ջարդեցի այն:
Եվ երբ ներս մտա, բոլորը հարգանքով ոտքի ելան`
բարի գալուստ: Ապոլիները կանգնել անկյունում
և ուշի ուշով հետևում էր ինձ:
Աստղոտ իրիկուն` մեղսոտ ու գեղեցիկ` որպես կնոջ
ձեռք, որը ձգվել է դեպի անմեղավոր խնձորը:
Ես ինձ մատուցում եմ լույսին, ես շնչում եմ քեզ:
Եվ սիրո հրեշտակն այդ պահին իջնելով երկնքից,
ներս է մտնում վանք, թևը համբուրում է խաչը
խորանի, որը փայլում է սուրբ ու անօրինակ
անուշահոտությամբ: Իսկ եկեղեցու ներսում մոմի
բոցերը ոստոստում են պատերին, մի երեխա սպիտակ
աղավնիներ է թռցնում երկինք:
Հեռավոր, անհայտ, անորոշ ու դիք ճանապարհներին
ծաղիկը խտուտ է բերում, և առյուծի մեջ
արթնանում են գարնան բնազդներ: Ես հարբել եմ
սպիտակ մութով: Ես սպիտակ
մութով եմ հարբել: Ես հարբել եմ
մութով սպիտակ: Հիշո՞ւմ ես, երբ ուզում էի
համբուրել քեզ, երկնքով անցնում էին անթիվ կռունկներ:
Նույնիսկ մոռացել էինք, թե առաջին անգամ
երբ ենք ծնվել: Իսկ Ռալֆ Էմերսոնն իր համար հանգիստ
ու անվրդով ձու էր խաշում տաք
ածուխների վրա հրաբուխների: (Հիշում եմ երանական
օրն այն, երբ դեռ չկայի ես):
Ես դառն անապատների ավազահողմ ու փոթորիկներ եմ կտրել,
դժվար աղջիկ Երուսաղեմի, և սիրում եմ
ներս մտնել միայն փակ դռներով:
Դռներն իմ առաջ հանկարծ չբացես, թե չէ ետ կգնամ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#7  Сообщение Harutin » 04 дек 2011, 11:32

ՀԱՐՑՈՒՄ

Երբ հանկարծ քեզ թվում է, թե սիրում ես,
մի շտապիր ասել, որ սիրում ես,
որովհետև, ի՞նչ գիտես, գուցե չե՞ս սիրում:
Ձկները սնվում են ջրերում սուզված աստղերով: Եվ աշխարհը, որ
ավարտվում է ոտքերիս ծայրին` սրտիս մեջ դեռ
շարունակվում է: Եվ ես, անշուշտ, կսիրեի
նաև նրանց, որոնց ատում եմ:
Երբ իսկապես գալիս ես,
մի ասա, որ գալիս ես,
որովհետև, ի~նչ գիտես, գուցե գնո՞ւմ ես:
Ես իմ ոճը հաստատելու համար մեկ-մեկ խախտում եմ այն,
լավ իմանալով, որ խորհուրդը կատարելու
բազում ձևերից մեկն էլ այն չկատարելն է: Կյանքը
զոհասեղան է, ուր մենք ամեն օր
քիչ-քիչ ուտում ենք մեր սիրելիներին:
Երբ տխուր ես իսկապես,
մի ասա, որ տխուր ես,
որովհետև հատիկը ծիլ է դառնում «հանգչելով»:
Յուրաքանչյուր անդունդ անբավականության
զգացում ունի` ինչո՞ւ ավելի խորը չէ: Գիտենք, որ
մեռնողի հոգին բարձրանում է երկինք, իսկ
ով երկնքում է, նրա հոգին տեսնես ո՞ւր է գնում:
Առավոտն ընդառաջ է վազում մարգում բացվող խոտին,
երբ արև է, հարցում արա`
գուցե անձրև՞ է գալիս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#8  Сообщение Harutin » 04 дек 2011, 11:33

ՈՒՇԱՑԱԾ ԹՈՒՂԹ ՄԻ ԱՂՋԿԱ, ՈՎ ԻՆՁ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԻՇՈՒՄ

Անմեղությամբ նայիր ինձ` հեռվի~ց-հեռու, որ հանկարծ
մեղավոր չերևամ: Ինձ մոտ չեմ: Մենություն,
ուր բարձրանում է տատասկը վայրի, իսկ հույսը
ձգվում է ավելի, քան իմ ճամփան է:
Ինձ թվում է, թե արևը սերվել է լեռան
գագաթին բուսնող ծաղիկներից և իր մենությամբ
լցնում է երկնքի անափ անապատները:
Մինչև մի հավք չի կանգնում ինչ-որ թփի վրա
ադամամութին ու չի երգում, արևը
դուրս չի գալիս: Վաղը միշտ ուշ է լինում:
Ու չեմ զարմանում, թե ինչպես է գինու
բաժակը հանկարծ սկսում ջերմանալ`
քո տաք շուրթերին դեռևս չհասած:
Թեև մեր բոլոր դաշտերը հիմա
ռազմադաշտեր են, սակայն դա ամենևին էլ
չի նշանակում, թե այնտեղ
ծաղիկներ չեն բուսնում:
Ես մի օր կգամ: Իսկ երբ գրիչ եմ վերցնում,
ուրեմն արդեն ճանապարհ եմ ընկել և կարող եմ
այս աշխարհում հասնել ամենուրեք, բացի
այն տեղից, ուր դու փնտրում ես ինձ:
Քարտեզներին չեմ դիմում իմ ճանապարհին, ոչ էլ
նշաններին երթևեկության, բանաստեղծությունը
դրանք շպրտել է մի կողմ` վաղուց, շա~տ վաղուց:
Ես առաջնորդվում եմ հոգու սլաքներով:
Ես հրաժարվում եմ քեզ մոտ բերող բոլոր
ճանապարհներից, որ բաց են արդեն,
ես ուզում եմ հայտնագործել մի նոր ուղի,
որով առաջինը ես եմ գալու դեպի քեզ:
Իմն են աշխարհի բոլոր չբացված ճանապարհները:
Ի~նչ լավ է, որ այլևս
ինձ չես հիշում, այդպես
ավելի անմեղ ես:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#9  Сообщение Harutin » 04 дек 2011, 11:33

ՆԵՐԻՐ, ՈՐ ԻՆՁ ՉԵՍ ՍԻՐՈՒՄ

Ես խրախուսում եմ լույսը, երբ
նրա մեջ միտք է հղանում
ծաղկի մեջ բացվելու:
Ներիր նվաստիս, որ ինձ
չես սիրում: Բայրոնի այգում
քայլելիս, ձախ ոտքս, ակամա,
սկսում է կաղալ:
Խժդժությունների անպարագիծ
վիհին քանի~ միլիոն արև է
կուլ գնացել տիեզերքում:
Արյունափրփուր ալիքները մոտենում են
ծովեզերքին, և ափով վազում են
մուգ կարմիր նժույգները:
Բառերը չվիրավորելու համար
եկեք խոսենք նշանացի:
Քամին ձմռան ծառերի մեջ
զրնգում է բոլորովին մերկ, քանզի
ձյան տակից միակ տերևը
փշուր-փշուր է լինում ձեռքերում:
Գիշերը ուշացած այցելու է`
հարսնախոսության համար: Առարկաները
դուրս են մնացել իրենց անուններից, որ
մենք ենք տվել, պիտի մոտեցնել
նրանց ճշմարիտ բառով, որը
խորքեր ունի անսահմանելի:
Աշխարհում ոչինչ արժանի չէ
իմ անվերապահ նվիրումին: Ես
քաջալերում եմ քաոսը`
սերն արժեքավորելու համար: Ափիս
ջերմությունը մի հավք է դարձել
ու հիմա ոստոստում է ուսիդ վրա:
Ես անընդհատ մեռնում եմ և տեսնում եմ, որ
առանց դրա չեմ կարող ապրել: Եվ տեսնելիս
չեմ պատկերացնում, պատկերացնելիս
տեսնում եմ սակայն: Եվ արհամարհում եմ
սիրո մոտավորը, և ահավոր է,
երբ ծաղիկը դառնում է խորհրդանիշ,
թեկուզ` սիրո…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վարդան Հակոբյան

Сообщение:#10  Сообщение Harutin » 04 дек 2011, 11:34

ՊԱՐԱՆՈՅԱ

Հիշողություններս
նախապատրաստում են իմ
ապագան,
հոգալով և այն օրերի մասին,
որ անցնելու են առանց ինձ:
Սաղարթների միջով սողոսկած շողը
կտցահարում է
մութը: Եվ գեղեցկությունը
փորձում է փրկել
աշխարհը, առաջին հերթին` իրենից:
Իմ ներկայության շարունակությունն է
բացակայությունս: Ճանապարհը
հերքումն է ճանապարհի: Եվ ինձ
գլխարկ պետք չէ ամենևին, երբ
երկինք կա գլխավերևում:
(Քամու մեջ բնակվող տերևներ, որ
ճանապարհ եք ընկել
երազի կացարանը հասնելու համար,
մի՞թե ոչինչ չունեք ասելու ինձ):
Տխրել են Փարվանայի թիթեռները:
Ուղին քայլ առ քայլ
ոչնչացնում է ուղևորներին, և
արևի ու սիրո թույնը
կործանում է ամեն-ամեն ինչ:
Ո՞ւմ էր պետք խաղաղությունը, երբ
պատերազմ չկար: Աշխարհում ամենքը
միանման են սիրում, դրա
համար էլ ամենքն իրար սպանում են
միանման: Ձայն` խոնարհեք բոլոր
դրոշները` մոտենում է կինը:
Լույսը, որ արթնացել է
դեմքիս վրա, շատացնում է
ստվերները մտքերի շուրջ, որոնք
առավել վարակիչ են, քան
Էզրա Փաունդի հոգեկան
հիվանդությունը: Իսկ մարդ
ապրում է այնքան ժամանակ,
քանի դեռ չի մեռել ճանապարհը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 5


⇑ Наверх
⇓ Вниз