***
... Ծիծեռնակաբերդից քայլեցի դեպի Լոռի, ուր լեռան գագաթին մի փոքրիկ լճակ կար, սքանչելի մի ավազան։ Դա իսկական ալպինիստական բարդություն էր, ու ես կասկածում էի՝ կհասնեմ լճին, թե ուժս չի հերիքի, բայց նույն պահին հասկացա, որ այս ամենը ոչ մի կապ չունի տրամվայի դատարկ գծերի հետ ու փորձեցի հասնել սկզբին... Տրամվայի գծերի հատվածում հաճելի խավարը մնում էր իր տեղում։ Ես արդեն լավ խուզված, կանաչ մարգի վրա էի. որը բարձրանում էր դեպի վեր, այնքան, մինչև թեքությունը վտանգավոր դարձավ։ Կանաչ խոտից վեր հիասքանչ սպիտակ շենքեր էին, բարձրահարկ ու շքեղ, ֆելզիտե ու մարմարե հրաշքներ, և դրանց հետզհետե նեղացող մայթեզրերով քայլեցի առաջ, հույս ունենալով՝ մի քանի սպիտակ շենք շրջանցելով, հասնել տրանսպորտի։ Ես չէի ուզում այդտեղից հեռանալ, ոչ էլ ուզում էի շենքերում լինել։ Թեև խավար էր, գիշեր, բայց շքեղ շենքերն ու կանաչ, խնամված սիզախոտը շատ պարզ էին երևում: Ես լրիվ մենակ էի, ու շենքերը դատարկ Էին (ես դա հաստատ գիտեի), բայց ինձ շատ հաճելի էր վիճակս ու անդունդի եզրին, հազիվ կառչած շենքի պատից, ես չէի ուզում լքել այդ հրաշք աշխարհը... Նա շատ գեղեցիկ էր։
Ես ինքս առանց պատճառի արթնացա ու մեծ ափսոսանքով, երկար, երազիս չափ երկար փորձում էի փակել աչքերս, որ նորից վերադառնամ ճերմակ շենքերով, խավարի մեջ թաղված օտար ու հարազատ քաղաքը...
Լոռվա լեռնագագաթի սքանչելի լճում ես էլի եղա, բազմաթիվ անգամներ, և ոչ մի կերպ չհաջողվեց ինձ այնտեղ լողանալ, ջուրը մտնել, նույնիսկ մոտենալ, թեև ջրում լողում էին իմ ընկերևերը, որոնց բացակայությունը ես զարթնելուց հետո էի հասկանում...
Երկար քայլում էի ճերմակ ժայռի ստորոտով։ Հետո կանգ առա։ Սպիտակ ժայռի տակ շքեղ լուսավորված մի վիթխարի քարայր էր, ճերմակ ժայռասյուներով, պայծառ լուսավորված։ Քարայրի սրահի խորքը գրեթե չէր նշմարվում։ Այնտեղ խմբերով ու զույգերով շրջում էին ժպտադեմ, գեղեցիկ մարդիկ, հիմնականում ջահել։ Դրանք հազարներ էին և բոլորն էլ ինձ ծանոթ։ Ես հենց ժայռի եզրին էի կանգևած, ուր սկսվում էր վիթխարի հրաշք-քարայրը... և այստեղ, իմ կանգնած տեղում խավար էր։ Ես ուզում Էի լինել այնտեղ, զբոսնող մարդկանց, լույսերի մեջ, բայց ինձ արգելված Էր այդ միակ քայլը կատարել։ Երբ արդեն վճռել Էի ամեն գնով մտնել ներս, ինձ հմայած, կախարդած դրախտ-քարայրը, արթնացա մենակ։
Արդեն չորս տարի է անցել ու ամեն անգամ, Երբ հոգիս ցավում է, երբ ծանր է ինձ համար, ես ինձ ստիպում եմ հիշել ճերմակ, վիթխարի ու լուսավոր այդ անձավն ու անմիջապես տրամադրությունս դառնում է մեղմ, հանգիստ, ապագան՝ գրավիչ ու ցանկալի, և ես սկսում եմ ժպտալ ճիշտ լուսավոր անձավում զբոսնող հարազատներիս նման...
Երբ ես հասկացա ամեն ինչ, իմ առաջ ծանր ընտրություն է դրված՝ ու՞ր գնալ, գիշերային ճերմակ քաղաքը, հրաշք-կի՞րճը, պայծառ քարայրնե՞րը...
Չգիտեմ ու՞մ է բախտ վիճակվել իր հոգում շարել նման լայն մի ընտրանի։