СТАНЬ VIP

Վահան Իշխանյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վահան Իշխանյան

Сообщение:#21  Сообщение Harutin » 28 июл 2011, 12:16

Պրոֆիլակտիկա


Текст:
Ժոժոն մեքենան վարում ու շվացնում էր: Նա շվացնում էր մեղեդին, որի տակ նախորդ օրը պարել էր Լիլիի հետ : Մի քանի րոպեից պիտի հանդիպեր նրան ու զգար նրա մարմնի բույրը, ու այդ մտքից Ժոժոյի սուլոցը վերածվեց ժպիտի: Երբ շրջադարձն անցավ, դիմացը հայտնվեց Ճանապարհային ոստիկանության մեքենան և ոստիկանը կանգնելու նշան արեց Ժոժոյին: Ժոժոն տհաճություն զգաց և նրա ժպիտը վերացավ: Բայց հիշելով, որ փաստաթղթերը կարգին են, խախտում չի արել և մի քանի րոպեից հանդիպելու է Լիլիին կրկին ժպտալով մեքենան աջ քաշեց, կանգնեցրեց ու մոտեցավ ոստիկանին:
- Ձեր փաստաթղթերը,- պահանջեց ոստիկանը:
Ժոժոն պատրաստակամորեն նրան հանձնեց վարորդական իրավունքը և մեքենայի վկայականը:Ոստիկանը առանց բացելու փաստաթղթերը դրեց ուսից կախված զինվորական պայուսակը և մի փոքր հեռու կանգնած ոստիկանին կանչեց.
- Սերժանտ Բադալյան արի, զբաղվիր այս քաղաքացիով:
Սերժանտը ծուլորեն գրպանից հանեց ձեռնաշղթաները, հետո կոկորդից աղմուկով բերանը հավաքեց խորխը, թքեց ու դանդաղ քայլերով մոտեցավ:
- Ձեռքերդ հետ տար,- կարգադրեց սերժանտը: Ժոժոյի մարմնով դող անցավ : Նա երկու քայլ հետ գնաց ուշփոթված հարցրեց.
- Բայց, չեմ հասկանում ինչի՞ համար:
- Մի փախի, քեզ ասինք ձեռքերդ հետևդ տար, – ասաց սերժանտը:
Ժոժոն արագ մոտեցավ ավագ ոստիկանին, որը շարունակում էր հետևել ճանապարհին.
- Ինչու՞ եք ինձ ձերբակալում:
- Հանգիստ:Չենք ձերբակալում,- առանց Ժոժոյի կողմը նայելու ասաց ոստիկանը:
- Բա ինչու՞ եք ձեռքերս կապում:
- Շատ եք հարցեր տալիս: Կտանենք, կստուգենք, բաց կթողնենք:
- Ես ոչինչ չեմ արել, որ ստուգեք:
- Արա դե ստուգում ենք հիվանդ ես, թե չէ: Սերժանտ Բադալյան սրան հավքի ստուց,- ջղայն գոռաց ոստիկանը:
Ժոժոյի մարմնով կրկին դող անցավ: Նա նետվեց իր ավտոմեքենայի կողմը, սակայն սերժանտը մի ոստյունով նրա ուսից քաշեց ու այնպես հարվածեց ծնոտին,որ Ժոժոն փռվեց ասֆալտին: Հետո մինչև Ժոժոն ուշքի կգար, արագ ձեռքերը մեջքից շղթայեց: Մյուս ոստիկանը արհամարական հայացքը Ժոժոյին հրամայեց.«Սերժանտ Բադալյան արագացրու, ժամանակ չմնաց» ու կրկին շարունակեց հետևվել ճանապարհին: Սերժանտը Ժոժոյին թևից բռնած ոտքի կանգնացրեց ու տարավ նստեցրեց նրա մեքենայի մեջ, ինքը նստեց ղեկին ու քշեց:
Մի քանի րոպեից Ժոժոն սթափվեց ու զգաց, որ շրթունքների անկյունից արյուն է ծորում: Ուսով սրբեց արյունը: Սերժանտը նկատելով Ժոժոյի շարժումները, ձախ
ձեռքով ղեկը պահած աջով գրպանից հանեց թաշկինակը ու սկսեց սրբել արյունը.
- Այ որ քեզ հանգիստ պահեիր հո տենց չէր լինի:
Ժոժոն ձայն չհանեց: Միայն, երբ մեքենան կանգնեց ինչ-որ շենքի դիմաց հարցրեց.
- Էս ինձ ու՞ր եք բերել:
- Հիվանդանոց: Մի վախենա, կտեսնես, որ ամեն ինչ լավ կլինի,- ասաց սերժանտը ու մեքենայից դուրս գալով ավելացրեց,- մենակ դու քեզ խելոք պահես:- Հետո գնաց բացեց Ժոժոյի դուռը ու թևից դուրս քաշեց,-Արի ներս գնանք: Ժոժոն հնազանդվեց և առաջն ընկած Մուտքից ներս մտավ: Խավար միջանցքում սերժանտը թակեց առաջին դուռը: Բացեց մի երիտասարդ: Ընադարձակ սենյակում ամեն ինչ սպիտակ էր՝ պատերը, կահույքը,գրասեղանը դիմացը նստած մի տարեց մարդ սպիտակ խալաթով ու գլխարկով: Սերժանտը իր հետևից դուռը փակեց ու արձակեց Ժոժոյի ձեռնաշղթաները.
- Խորեն Սերգեյիչ էլի հիվանդ եմ բերել:
- Էհ, երբ եք վերջացնելու էս պատմությունը,- Հոգոցով ասաց Խորեն Սերգեյիչը:
Սերժանտը դուռը բացեց որ գնա, Ժոժոն նրա թևից պահեց.«Ես մնում եմ ստե՞ղ»:
- Ասի մի վախենա էլի: Հիմա իրանք են քեզնով զբաղվելու,- թևը քաշելով ասաց սերժանտը:
- Բա Մեքենա՞ս:
- Հենց որ դուրս գրվես մեքենադ կտան,- արդեն միջանցքից պատասխանեց սերժանտը: Ժոժոն հարցական հայացքը շրջեց Խորեն Սերգեյիչին.
- Ես չեմ հասկանում ի՞նչ է կատարվում:
- Է~հ, ի՞նչ իմանամ,- հոգոց հանեց Խորեն Սերգեյիչը,- օրական քեզ նման հարյուր հոգի բերում են: Բոլորին էլ մի շաբաթից դուրս ենք գրում:
- Բայց ի՞նչ հիվանդություն եք բուժում:
- Հիվանդություն չկա: Ողղակի Կառավարությունը ժամանակ առ ժամանակ քաղաքացիների առողջության համար պրոֆիլակտիկ ստուգումներ է անցկացնում: Ձևական բան է: Տարին մեկ-երկու ոստիկանները որոշակի քանակով մարդ են հավաքում: Քո բախտից ռաստ ես էկել:
- Գոնե Դուք ինձ բաց թողեք, ես կարևոր ժամադրությունից եմ ուշանում,-խնդրեց Ժոժոն:
- Չէ, իրավունք չունեմ: Համբերի ընկեր ջան մի շաբաթից դուրս կգաս:
- Բժիշկ, ես ինչպես որ պետքն է շնորհակալ կլինեմ,- ու Ժոժոն ձեռքը տարավ գրպանը:
- Ասենք ես քեզ թողեցի,-ասաց Խորեն Սերգեյիչը ու բութ մատով թիկունքի լուսամուտը ցույց տվեց,-Պահակակետում պարեկը կանգնած է, հենց քեզ տեսնի տեղում կգնդակահարի: Ես քեզ խոստանում եմ ամեն ինչ լավ կլինի,-հետո դիմեց դուռը բացող տղային,- Վալերիկ զբաղվի կլիենտով:
Վալերիկը վեր կացավ, պահարանի մի դարակից հանեց սրսկիչը, վերեւի դարակի մի լիտրանոց սրվակից հեղուկ քաշեց ու դիմեց Ժոժոյին.
- Մի վախեցեք, սա քնաբեր է,- ու բռնեց ձեռքը: Ժոժոն չդիմադրեց, երբ Վալերիկը բազկից սրսկեց:
* * *
Ժոժոն աչքերը բացեց փոքրիկ սենյակում, մահճակալին պառկած: Հայացքով շուրջը զննեց ու փորձեց գլուխը բարձրացնել , երբ դուռը բացվեց եւ ներս մտավ բարձրահասակ, գեղեցկադեմ մի աղջիկ բժշկական կանաչ վարտիքով ու վերնաշապիկով.
- Բարև ձեզ, ես ձեր բուժքույրն եմ:
- Բարև,- պատասխանեց Ժոժոն ու գլուխը իջեցրեց բարձին:
Քույրը վերնաշապիկի գրպանից հանեց սրսկիչը: Ժոժոն կրկին գլուխը բարձրացրեց.
- Էդ ի՞նչ եք անում:
- Ձեզ բուժման կուրսը ես պետք է տամ: Ի՞նչ է դեմ եք,- ժպտալով հարցրեց քույրը:
- Ես բացարձակապես առողջ եմ: Ավելորդ դեղերով օրգանիզմս կթունավորեք:
Քույրը նստեց մահճակալի եզրին ու իր նուրբ մատներով թեթև սեղմեց Ժոժոյի ափը.
- Ավելորդ չի, – ասաց քույրը քնքուշ ժպիտով,-մի անհանգստացեք,այս դեղերը ձեզ ոչ մի վնաս չեն տա, հակառակը, սրանք վիտամիններ են և շատ առողջարար: Բուժքրոջ մատների հպումից Ժոժոյի մարմնով հաճելի դող անցավ. վիտամինները հաճախ առողջարար են: Նա մեկնեց ձեռքը: քույրը երակից սրսկեց ու ոտքի կանգնելով կրկին քնքուշ ժպտաց.
- Մի փորձեք վեր կենալ: Լավ չի՞, Հանգիստ, ձեզ համար…-և դռան մեջ ավելացրեց,-Ես այսօր մեկ էլ երեկոյան կանցնեմ:
Մի րոպեից մի ծեր կին սենյակ գլորեց սայլակ՝ մեջը երեք հարկում շարված կոտելոկներ: Հանեց մի կոտելոկ ու գդալ ու մեկնեց Ժոժոյին՝
- Կեր, շատ համով ա:
Ժոժոն վերցրեց կոտելոկը: Կինը սպասեց մինչև նա կերավ ճաշը, կոտելոկը վերցրեց ու դուրս եկավ սենյակից: Հետո Ժոժոն չզգաց թե ինչպես քնեց: Նրան արթնացրեց բուժքույրը: Սենյակը լուսավորում էր առաստաղից կախված լամպը. դուրսը մութ էր:
- Ոնց որ թե ձեզ հիանալի եք զգում. արդեն չորս ժամ է քնած եք,- իր քնքուշ ժպիտը շարժելով ասաց քույրը: Ժոժոյի ներսը հաճելիորեն թրթռաց.
- Իհարկե,- ուրախ պատասխանեց նա: Քույրը սրսկեց Ժոժոյին, հետո շոյեց նրա ճակատը.
- Բարի գիշեր, մինչև վաղը,- նույն ժպիտով ասաց քույրը ու դուրս եկավ:
Նրա ետևից եռահարկ սայլակը գլորելով սենյակ մտավ կերակրող կինը, կերակրեց Ժոժոյին ու գնաց:
Լուսամուտից արևի ճառագայթները ընկան Ժոժոյի աչքերին: Նա արթնացավ ու արագ նստեց անկողնում: Մի պահ փորձ արեց ոտքի ելնել, սակայն համարձակությունը չհերիքեց ու ինչ որ բանի պակասից տհաճ զգացողություն ունեցավ: Երբ Բուժքույրը եկավ, հաճելի թրթիռը կրկնվեց ու թվաց, թե սպասում էր նրան:
Ամեն անգամ Բուժքրոջ գալուց առաջ Ժոժոն ընկճված էր լինում: Երբ քույրը գալիս էր ու քնքուշ ժպտում Ժոժոն առույգանում էր: Նա ամեն անգամ երանությամբ սպասում էր, որ քույրը նոր՝ ևս մեկ հատ սրսկում ավելացրած կլինի, ու դրա շնորհիվ մի փոքր երկար կնստի մահճակալի եզրին: Յոթերորդ օրը, երբ քույրը դուռը բացեց սովորականի պես Ժոժոյի դեմքին հրճվանք գծվեց: Նա ինքնաբերաբար ձախ ձեռքը մեկնեց ներարկման համար:
- Դուք արդեն բուժման կուրսն ընդունեցիք,այսօր դուրս եք գրվում,- քնքուշ ժպիտով ասաց քույրը ու մեկնեց շորերը,- արագ հագնվեք, որ իջնենք: Բժիշկը շտապում է:
Ժոժոն արագ հագնվեց ու բուժքրոջ հետևից դուրս եկավ: Միջանցքի ծայրում նրանք աստիճաններով իջան առաջին հարկ: Մուտքի մոտ կանգնած էր Խորեն Սերգեյիչը.
- Աա~ դու էկա՞ր: Տեսա՞ր՝ ոչ մի անհանգստանալու բան չկար: Մի շաբաթ՝ սանատորիա,- ասաց նա ու Ժոժոյին ինչ-որ թուղթ ու գրիչ մեկնեց,- Ստորագրի էստեղ:
Ժոժոն ցույց տված տեղը ստորագրեց ու թուղթն ու գրիչը վերադարձրեց: Խորեն Սերգեյիչը սեղմեց նրա ձեռքը ու մուտքի դուռը բացեց.
- Հիմա ազատ ես, քեզ հաջողություն:
Ժոժոն շուրջը նայեց. Բուժքույրը գնացել էր: Շրջվեց հետ նայեց՝ չկար: Նա իրեն ընկճված զգաց: Հայացքն հանդիպեց Խորեն Սերգեյիչին ու շենքից արագ դուրս եկավ: Բակում Ժոժոն կանգնել ու չէր կողմնորոշվում, թե որ կողմ գնա: Դիմացը՝ այգում մի խումբ տղաներ ծառերի տակ նստած շշից գարեջուր էին խմում: Նրանցից մեկը Ժոժոյին ձեռքով կանչեց. « արի, արի ստեղ»:Ժոժոն աշխուժորեն մոտեցավ նրանց: Տղաները պպզած էին արկղի շուրջը, որի վրա գարեջրի լիքը շշեր էին ու ծխացրած ձկան մնացորդներ:
- Դու ո՞վ ես որ,-հարցրեց կանչող տղան, որի հագին ծաղկավոր վերնաշապիկ էր ու մազերի խոնավ սանրվածքը փայլում էր:
- Ես Ժոժոն եմ:
- Կուտե՞ս,- ձկան մնացորդները ցույց տալով հարցրեց տղան: Ժոժոն ուսերը թոթվեց:
- Ի՞նչ կարաս անես:
Ժոժոն կրկին ուսերը թոթվեց:
- Դե մի հատ սկոռիի ձեն հանի,- բերանը ծռելով ասաց տղան: Ժոժոն կոկորդը հազալով մաքրեց ու շտապօգնության ձայն հանեց: Տղաները հռհռացին:
- Մի հատ էլ,- կարգադրեց տղան:Ժոժոն կրկնեց ազդանշանը ու իր վարպետությունից ուրախ ծիծաղեց:
- Հիմա չոքած մեր վրա հաչա,-ծիծաղի միջից ոսկի ատամները ցույց տալով ասաց մի ուրիշը: Ժոժոն չորեք թաթ արեց ու սկսեց հաչալ: Տղաները ավելի բարձր հռհռացին: Ժոժոն հաչում էր տղաները հռհռում, մինչև որ նրանցից ամենատարիքովը՝ հիսունի մոտ ցածրահասակ ու գեր մի մարդ, ոտքով հարվածեց Ժոժոյի կողերին ու գոռաց.
- Հերիք ա, արա, հելի ու ստուց սիկտիրդ քաշի:
Ժոժոն վատ զգաց: Կանգնեց ու արդեն հեռանում էր, երբ իրեն կանչող տղան կանգնեցրեց:
- Սպասի, սպասի: Կգնա էլի: Հիմա լսի, կարա՞ս աջ ականջդ ուտես:
Ժոժոն ձեռքը տարավ ականջին և տհաճ զգացողություն ունեցավ: Նա շոշափեց ականջը ու չիմացավ ինչ անել: Շրջվեց հիվանդանոցի կողմը ու նրա հայացքը ուշադիր լուսամուտների վրայով պտտվելով կանգնեց երկրորդ հարկի լուսամուտին. այնտեղից բուժքույրը քնքշորեն ժպտում էր ու իրեն ձեռքով անում:
1994թ., հունիս
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

Վահան Իշխանյան

Сообщение:#22  Сообщение Harutin » 28 июл 2011, 12:17

Ծալովի դանակը


Текст:
Լուսաբացին հասանք սարի գագաթը: Այստեղից արդեն պարզորոշ էր երեւում քաղաքը, որը մեծ գյուղի էր նմանվում. միհարկանի տների շարքերի մեջ ցցված էին երեք-չորս հարկանի շինություններ: Դրանցից մի երկուսն էին բնակելի շենքեր: Մյուսները հրապարակ համարվող մեծ փողոցի վրա հավանաբար քաղաքի հյուրանոցն էր, կենցաղի տունը, կինոթատրոնը, մշակույթի տունը, ունիվերսամը եւ նման բաներ:
Քաղաք մտնելուց առաջ որոշեցինք նախաճաշել: Ստեփանը ուսապարկից հանեց հացը եւ վերջին երկու տուփ ձկան պահածոն: Ես գրպանիցս հանեցի ինձնից անբաժան ծալովի դանակը, որը հացը կարագի նման էր կտրում: Ամեն անգամ երբ նստում էինք ուտելու, ներքուստ հրճվում էի, որ կրկին պետք է հանեմ դանակս, բացեմ եւ կարագի պես փափուկ կտրեմ հացը: դանակի սրությունից անտանելի հաճույք էի զգում:
Դանակը միայն հացը եւ սննդամթերք կտրելիս էի օգտագործում, եւ ընկերներս, երբ դանակս ուզում էին փայտ տաշելու ու նման բաների համար, միշտ կտրականապես մերժում էի:
Վերջին անգամ դանակով կտրեցի հացը, հավեսով նախաճաշեցինք ու իջանք սարից: Քաղաք մտանք արեւի ծագելուն զուգընթաց, երբ գյուղացիները նոր էին սկսել աշխատել հողամասերում: Շրջապատը զննելով ու գյուղաքաղաքի տպավորությունների մասին զրուցելով` հասանք հրապարակ: Այստեղ հյուրանոցն էր, որտեղ մենք պատրաստվում էինք գիշերել:
Հրապարակի մյուս ծայրում իրար գլխի բազմություն էր հավաքվել եւ աղմկում էր, որ այդ վաղ ժամին մեզ տարօրինակ թվաց: Քայլերս արագացնելով ընկերներիցս առաջ ընկա ու մոտեցա բազմությանը: Ստեփանն ու Ջուլիան հետեւիցս հասան: 4-5 մետրից պարզորոշ երեւում էր թե ինչ է կատարվում. գետնի ընկած էր մի 17-18 տարեկան տղա, որին շրջապատած կոպիտ եւ չսափրած դեմքերով մի քանի տղամարդիկ իրենց ամբողջ ուժով հարվածում էին ու հայհոյանքներ տեղում: Մի փոքր հեռու կանգնած ` մոտ 20 գյուղացի անտարբեր հայացքով դիտում էին ծեծը:
Տղան ոտքի կանգնելու համար որոշակի շարժումներ էր անում, բայց դա նրան չէր հաջողվում: Հերթական հարվածը հազիվ ծնկի բարձրացած տղային կրկին տապալում էր գետնին:
- Էս ինչի՞ համար են ծեծում,- հարցրեցի կողքիս կանգնած բիձուն:
- Խուսափում է,- առանց իմ կողմը գլուխը շրջելու պատասխանեց նա:
- Ինչի՞ց:
Բիձան ուսերը թոթվեց եւ կասկածոտ հայացք գցելով վրաս մի քանի քայլ հեռացավ ու շարունակեց նայել ծեծի տեսարանը:
Կտրուկ քայլ արեցի, որ մոտենամ տղային, բայց հետեւս կանգնած Ստեփանը բռնեց ձեռքս.
- Չարժի, մեկ է չես օգնի,- ասաց նա:
Տղայի վերջին ուժերը սպառվում էին եւ նա արդեն չէր կարողանում իր ընկած դիրքից մի փոքր նույնիսկ բարձրանալ, միայն փորձում էր ձեռքերով գլուխը պահել ու կծկվել: Սաիկայն տղայի ուժասպառ լինելուն զուգահեռ մարդիկ ավելի վայրենացած հարվածներ էին հասցնում նրան եւ այդպիսով թույլ չէին տալիս, որ նա հարմար կծկվի:
Ծեծողների միջի ամենաերիտասարդը հանկարծ դուրս եկավ շրջանից, ուղղվեց կողքի շենքը եւ քիչ անց մի ծանր քար գրկած վերադարձավ: Նա բարձրացրեց քարը գլխից վեր եւ այդպես մի պահ կանգնեց: Երբորոշակի ձեռքերին ու մատներին ուղղված հարվածներից հետո տղայի ձեռքերը թուլացան ու բացեցին երեսը երիտասարդը քարը թափով նետեց նրա գլխին: Տղայի մարմինը մի պահ իրար եկավ ու անշարժացավ: Արյունլվա դեմքը հարվածից մի փոքր տափակեց եւ զրկվեց որեւէ արտահայտությունից:
Ոչ ոք էլ չհարվածեց. բոլորը հասկացան, որ տղան մեռած է: Ծեծողները գործն ավարտածի պես ձեռքերն շփելով թափ տվեցին ու զրուցելով սկսեցին ցրվել: Նրանցից երկուսը վերցրին տղայի անկենդան մարմինը ոտքերից ու ձեռքերից ու նետեցին հրապարակի մեջտեղը:
Ես հիշեցի ընկերներիս: Ստեփանը ծառին հենված փսխում էր, իսկ Ջուլյայի դեմքը քարացած էր: Նա բերանը բաց, սովորականից չռված աչքերով նայում էր արդեն հրապարակի կենտրոնում ընկած տղայի դիակին:
- Գնանք,-Ստեփանի ձեռքից քաշելով ասացի ես:
Հյուրանոցում մի գիշերվա համար սենյակ պատվիրեցինք: Հետո դուրս եկանք հյուրանոցից եւ անխոս քայլեցինք եկեղեցու ուղղությամբ, որը ենթադրում էինք քաղաքի միակ տեսարժան վայրն էր: Որոշ ժամանակ անց միայն Ստափանը օդի մեջ հարցրեց` բայց ինչի՞ համար: Իմ մտքով անցավ ինչ որ պատասխան տալ, բայց ձայն չհանեցի:
Փողոցով անցնող մարդկանց կեցվածքները շատ առօրեական էին, կարծես հրապարակում մի կես ժամ առաջ մարդ չէին սպանել: Երբ հասանք խաչմերուկ, թեքվեցինք աջ` եկեղեցի տանող փողոցը, մեր դիմաց դուրս եկան երեք հոգի, որոնցից մեկը հենց մեզ նկատեց մյուսներին կանգնեցրեց, եկավ ուղիղ դիմացս կանգնեց, ուղիղ աչքերիս մեջ նայելով ասաց` սա էլ է խուսափում: Ես տեղում քարացա. նա հրապարակում ծեծողներից մեկն էր: Ընկերներին նշան ձեռքով արեց, որ մոտենան, հետո բռունցքը տարավ որ ինձ խփի: Ես մեքենայորեն այնպես թափով հրեցի նրան, որ ընկավ ասֆալտին: Մեկ էլ տարբեր անկյուններից մարդիկ վազելով կամ արգաքայլ սկեսցին գալ մեր ուղղությամբ:
Ես ետ-ետ գնացի ու մեջքս դեմ առավ ցանցի, այգու ցանցին: Ինձ հայտնաբերողը ոտքի կանգնած սպասում էր մյուսներին, որ նրանց հետ հարձակվի վրաս: Արդեն մի երկու մետր էր ինձ բաժանում բազմությունից, երբ ես հենվելով ցանցին, մեջքս ետ տարա ու շրջվելով գլխիվայր ընկա եւ հայտնվեցի այգում:
Գյուղացիները տեսնելով որ ես բարձր, մոտ մեկուկես մետր կլիներ, ցանցի հակառակ կողմում եմ, աղմուկով ու իրար հրհրելով սկսեցին հաղթահարել պատնեշը: Ես վայրկենական ոտքի կանգնեցի ու վազելով հասա այգու մյուս ծայրը: Բացեցի հանդիպակաց դուռն ու այգուց դուրս նետվելով փողոց , հնարավորին չափ արագ, առանց ետ նայելու սկսեցի վազել: Ոտքերս թուլանում էին ու խմորի պես ծալվում, ծոծրակս սառել էր, բայց զարմանալիորեն արագությունս չէի կորցնում:
Փողոցի ձախ կողմում տների շարքերն էին իրենց այգիներով, իսկ մյուս կողմում հոսում էր գետը, որի ափից մինչեւ մայթը հինգ-վեց մետրանոց ցեմենտե պատ էր բարձրացված: Երեւի մի հինգ-վեց րոպե վազել էի արդեն, երբ նկատեցի դեպի գետի ափն իջնող աստիճաններ: Հասա աստիճաններին եւ առաջին անգամ հետ նայեցի: ոչ շատ հեռվից մոտենում էր աղմուկով ինձ հետապնդող բազմությունը:
Ասիճանների վրայով թռչելով արագ իջա ցած ու գետի ափով նույն ուղղությամբ շարունակեցի վազել: Ափին միակ շինությունը մի մի փայտյա փոքրիկ տնակ էր, որ կարծես արհեստանոց լիներ: Դռան մոտ ժպտադեմ մի մարդ էր կանգնած: Երբ հասա տնակին, նա նետվեց դիմացս ու ամուր բռնեց ձեռքիցս.
- Էդ սրիկաները հիմա էլ քո հետեւից են ընկել: Մի վախենա ես էնպես կթաքցնեմ քեզ, որ ոչ ոք չի գտնի,- ասաց նա ու ձեռքիցս քաշելով մտցրեց տնակը:
Սենյակում պատի տակ մի մահճակալ էր դրված, վրան բարձ եւ սեւացած դոշակ: Միակ պատուհանի տակ սեղան, վրան օղու կիսատ շիշ, երկու բաժակ, հացի փշրանքներ ու երշիկի կլեպներ: Մոտեցա սեղանին ու առանց տանտիրոջը հարցնելու բաժակը լիքը օղի լցրեցի ու մի ումպով խմեցի: Օղին ջերմացրեց մարմինս ու ամրացրեց ոտքերս: Մարդը դեմքի ժպիտը մի փոքր լայնացրեց ու անխոս բացեց հատակի դուռը:
- Արի,- ասաց նա,- իջիր ներքեւ, էստեղ քեզ ոչ ոք չի գտնի:
Աստիճանով իջա նկուղ: Դուռը դրխկալով գլխիս փակվեց: Մի պահ անց աչքերս խավարին սովորեցին: Կարծես մի լայն արկղում հայտնված լինեի: Մի անկյունում հատակին նստեցի ու խորը շունչ քաշեցի: Մի փոքր ուշքի գալով հիշեցի դանակս ու անմիջապես գրպանիցս հանեցի: Բացեցի շեղբը ու այդպես կոթն ամուր ձեռքումս սեղմած մնացի: Այժմ ինձ ավելի ապահով էի զգում:
Դրսից սկսեց լսվել բազմության աղմուկը, որը գնալով մոտենում էր: Երբ արդեն պարզ էր, որ ինձ հետապնդողներն տնակի շուրջն են, հանկարծ բացվեց նկուղի դռնակը ու վերեւից կախվեց ինձ թաքցնող մարդու ժպիտով դեմքը.
- Էստեղ է,- ինքնագոհ ասաց նա:
Երկու հոգի իջան նկուղ ու բազուկներիցս բռնած ինձ քարշ տվին վերեւ ու տնակից դուրս գցեցին: Գյուղացիները` մի երեսուն հոգի, ինձ միանգամից շրջանի մեջ առան: Նրանցից երեւի ամենահեղինակավորը ջղայն գոռաց վրաս` ուզում էիր փախնել, հա՞, ու արդեն բռունցքը իջնելու էր ծնոտիս, երբ անկախ կամքիցս ձեռքումս ամուր սեղմած դանակը խրեցի նրա դուրս ընկած փորն ու միանգամից հետ քաշեցի: Այդ պահին ապրեցի հացը կարագի նման փափուկ կտրելու զգացումը: Այնպես արագ նրանք ուզեցին հաշվեհարդար տեսնել, որ չնկատեցին ձեռքիս մեջ բացված դանակս:
Գյուղացու բռունցքը օդում բացվեց ու ձեռքն իջավ-բռնեց արյունոտ փորը: Նա չոքեց ու սարսափահար հայացքով նայեց բազմությանը: Մի պահ լռություն տիրեց: Հետո գյուղացիներից մեկը քացով հարվածեց չոքածին: Նա փռվեց գետնին: Հետո մեկ ուրիշը բարձր հայհոյելով հարվածեց ու ես դուրս մնացի մարդկանց օղակից: Ինձ այլեւս ոչ ոք չէր նկատում ու բոլորի ուշադրությունը օղակի կենտրոնում քացիների տակ ընկած գյուղացին էր:
Ես դանդաղ մոտեցա դեպի վեր, փողոց ձգվող ցեմենտե պատին ու գլուխս վեր բարձրացրի: Վերեւում, պատի վրա կանգնած էր Ջուլյան ու ինձ էր նայում:
- Ջուլյա, կարծես ես փրկվեցի,-ամբողջ կոկորդով մեկ գոռացի ես, բայց նա տխուր ժպտաց եւ ոչինչ չասաց: Ինչու՞ էր Ջուլյան մենակ: Մի սարսուռ անցավ միջովս.
- Ստեփանն ու՞ր է,-հարցրի ես:
Ստեփանին սպանեցին,- ձայնը դողալով ասաց Ջուլյան: Ես չլսելու նշան արեցի.
- Ի՞նչ:
Ջուլյան ավելի բարձր կրկնեց.
- Ստեփանին սպանեցին: Նա փողոցներով ընկած քեզ էր փնտրում ու հանկարծ հայտնվաց ամբոխի դիմաց: Ինչ որ մեկը նկատեց նրան ու գոռաց` սա նրա ընկերն է: Գյուղացիները հասան Ստեփանին ու ծեծելով սպանեցին: Նրա մարմինը հիմա փողոցում ընկած է:
Ես հետ շրջվեցի, տեսնեմ Ստեփանին սպանողներին: Գյուղացիները ցրվում էին: Նրանցից մեկը մոտեցավ ինձ ու ուսիս թփթփացնելով ասաց.
- Դու քաջ տղա ես: Ապրես, միշտ պետք կգաս:
Սպանվածի դիակը նետել էին գետը, որը ջրերը տարուբերելով տանում էին: Դանակը ծալեցի-դրեցի գրպանս ու բարձրացա փողոց: Հետո ես ու Ջուլյան քայլեցինք դեպի հյուրանոց, որ իրերը վերցնենք ու հեռանանք քաղաքից:
Իմ սիրելի դանակը հիմա էլ միշտ գրպանումս է, բայց նրանով այլեւս հաց չեմ կտրում: Դանակս միայն կռիվների ժամանակ եմ օգտագործում, որը մտնում է մարդկանց որովայնը, ինչպես կարագի մեջ կմտներ:
1994թ., մայիս
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Պատմվածքներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение