ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 11 апр 2011, 23:25

ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ

Vache Yepremyan.jpg
Vache Yepremyan.jpg (4.9 кб) Просмотров: 539
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 11 апр 2011, 23:26

ՉԳՐՎԱԾ ԳՐՔԻ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


1.
Պատմության էջերում իմաստ, գաղտնիք, խորհուրդ փնտրելն անօգուտ զբաղմունք է։ Որովհետև էջերն իրականում չկան, եթե կան էլ՝ ապա դատարկ են, անգիր են։ Եթե, այդուամենայնիվ, շարադրանքի նմանվող բաների հանդիպես, համոզված եղիր՝ հորինվածքներ են, սուտ ու գեղեցիկ, դաժան ու չեղած։ Այսպես է, քանի որ մարդկանց կյանքում ու մարդկանց աշխարհում իրապես ոչինչ է կատարվում, նշանակալի իրողություններն ու ընթացքները պատմությունից դուրս են կամ չեն տեղավորվում հորինված, երևակայված գրությունների շրջանակում։
Պատմությունը հորինվածք է, ինչպես մարդուն առնչվող ամեն ինչ. եռոտանին, ծխնելույզը, ապահարզանը, բորսան, թատրոնը, զգեստամոլությունը… Միով բանիվ՝ Պատմությունը նաև մոդա է կամ պարզապես մոդա է՝ Ադամ Եվայի թզատերևներից մինչև Մադլեն Օլբրայթի հռչակավոր «բրոշկաները»։ Հազարամյակների տևողություն ունեցող իրադարձների, խարդավանքների, հաղթական ու պարտված ճակատամարտերի, զզվեցնելու չափ կրկնվող կամ նորահայտ գաղափարների թիկունքում միշտ ներկա է խորամանկ ժպտացող Կեցվածքը, խիստ Անձնական Կեցվածքը, իսկ պատմության տրամաբանությունը, փոքրացող-ընդարձակվող սահմանները, պետությունների անունները, հռչակագրերն ու խարտիաները, կուսակցություններն ու կոմպ յուտերները ստեղծվում-ոչնչացվում են միայն ու միայն խիստ Անձնական Կեցվածքին կամ Պատմություն-Մոդային բավարարելու նպատակով…
Երկանիվ կառքդ, որը նորաձև էր միանիվ կառքի համեմատ, խելահեղ արագությամբ քշիր Հին Եգիպտոսի ավազուտներով, թոզ ու դուման հանելով հասիր փարավոն-թագուհու գահավորակի մատույցներին… Երբ հավաքական փոշին երկինք հեռանա, եւ թագուհի-փարավոնը նկատի (անհոգ կաց՝ անպայման նկատելու է) գլխանոցիդ մեջ խրված տաշեղի անսովոր թեքությունը, վերջ՝ համարիր, թե հենց այդ պահին մի շնչում գրավոր դարձավ պատմության ևս մի փառավոր էջ. տաշեղի անսովոր՝ մոդայիկ ընկալված թեքությամբ մանրամասնված գլխանոցիդ տեսքից հևացող Նեֆերտիտին քիչ անց ուշքից կգնա, կհալվի, զմուռսանյութ կդառնա։ Ի՞նչ Եգիպտոս, ի՞նչ պետական շահ, ի՞նչ պատմական հետք՝ սուտուփուչ բաներ, կարևորը շունչը փչելու կերպն է, մահը ի վերջո սիրո տարբերակ է, մահը ևս մոդա է դամբարան, մոխիր, ջրասույզ ընթացք, ուղղահայաց թե հորիզոնական, չորս տախտակ կամ գիշանգղների լուկուլոսյան խրախճանք, սրանց նախորդած աˉխուվաˉխերի ուլունքաշարեր, կտրած երակների աշխարհաչափ կծիկներ, արյունով գրած արցունքով ընթերցված նամակների աշտարակներ։ Սովորաբար կամ, եթե շատ ես ուզում, պատմականորեն սերը սկիզբ է առնում գետի այս ափին, հետո այն ափը հասնելու համար մտնում է ջուրը, ավաˉղ՝ սառը ջրի ապտակներից սթափվում է, հասնում այն ափը և այդտեղ էլ մեռնում՝ ազատ ընտրելով սիրո տարբերակի իրեն հոգեհարազատ տարբերակը։ Պատմությունից ընդհանրապես անբաժան են գետն ու երկու ափերը։ Ուրիշ պատմություն չկա։ Եթե քո քաղաքում գետ կա, պատմական հերոս դառնալու անզուսպ ցանկություն ունեցող մեկին համոզիր, եթե պետք է՝ պարտադրիր, էս ափից գետը ճեղքելով էն ափը հասնի…
Հասավ թե չէ՝ Պատմիչի թիկնոցը կընկնի ուսերիդ…
2.
Պարզ տեսնում եմ Կլեոպատրայի առաջ չխոնարհվող մեր Արտավազդի կերպարը, նրան ոտքից գլուխ չափող թագուհու՝ քար ճաքեցնող հայացքը՝ ոտքերից դանդաղ մինչև գլուխը, գլխից դանդաղ մինչև ոտքերը, նորից մինչև գլուխ, ու ականջիս հասնում է շշուկով ասված կամ մտածված ու չարտաբերված բառաշարի զնգոցը. «Հանդերձանքը շողարձակում է…»։ Արտավազդն էլ հեղինակում է ենթադրվող պատմական ներքին երկխոսության իր հատվածը. «Թագուհու զգեստի դարսերը իրար մեջ են շարունակվում»։ Պատմության գետի մեջ իրականացած այս փառահեղ հանդիպման ընթացքում էլ հալվում (հաստատ հալվել է) ընդունենք՝ բևեկնախեժ է դառնում մեր Արտավազդը։ Իսկ պատմության իմաստ-գաղտնիք-խորհուրդը թագուհու զգեստածալերի մեջ ու տակ որոնիր…
Իսկ ընդհանրապես պատմական գեշ խասիաթ ունենք. Արան Շամիրամին է մերժում (300 կին ու հարճ ուներ, թե էդ մեկն ո՞ւմ էր խանգարելու՝ վեց հազար տարի չեմ հասկանում), Արտավազդը արհամարհում է Կլեոպատրային։ Կասկածելի վա՞րք համարենք, թե՞ էդ կնանիք արդեն մոդայից դուրս էին։
Պարզելու բան է…
3.
Սանսկրիտից մինչև Հրանտ Մաթևոսյան Գիրը չի փրկում, արհամարհվում է, չի ընթերցվում։
Գիրը տարբերակում է մնայուն Հետքն ու քամուց հեշտությամբ ցրիվ եկող հետքը, որովհետև Գիրը չի կարող մոդայիկ լինել, Գիրը երերուն տարածության հետ գործ չունի՝ Ժամանակի տևականությունն ապահովողն է Ինքը։ Եվ որպեսզի Մարդկանց Երկիրը չփրկվի, ու մարդիկ էլ չհասկանան հանկարծ, որ տարածությունն ինքնին արժեքավոր բան չէ, զուկակներն ու գռեհները, թոնրատներն ու գանգատուփերը միտում նավոր լցնում են մոդայիկ գրություններով, որոնք իբր անկողմնակալ տարեգրությունն են իրականում չեղած-չլինող պատմության։ Այդ «անաչառ» հորինվածքներում քարոզվում-եկողներին պարտադրվում է մի բան՝ Կեցվածք-Մոդա։ Երբ սա անկատար է դառնում, օգնության է հասնում Նկարը։ 70 հովիտները հավելեց մեր (թե՞ իր) պատմական ունեցվածքին, և անմիջապես հառնում է Նկարը։ Թատերգու Արտավազդը գլուխը կախ, այսինքն՝ անկեցվածք, ջանում էր Գիր արարել. նկարը չկա ու չկա։ Եթե իր գրելիքի արարների արանքում վեր կենար, իբր ջղային, իբր խրոխտ գնար ու մի 10 հեկտար անջրդի տարածք սեփականեր, մի գրագրի էլ պատվիրեր, որ դա անվանի «70 տանձատափ»՝ Կեցվածքը տեսանելի կլիներ, նկարը՝ ավարտուն, մի կին-թագուհի հաստատ կհալվեր, ասենք, աջ ուսը աննշան վեր պահելու նրա սովորությունից, վերջ՝ պատմության մի էջ էլ կգրվեր, մի ուշիմ աշակերտ էլ ուրվագծային քարտեզի իր բաժին սահմանները գունաթաթախ բամբակով ներկելու առաջադրանք կստանար…
Իմ տեսած բազմաթիվ հիմար նկարներից ամենաանհեթեթը Թումանյանի Վերնատունը պատկերողն է. Թումանյանը, Տերյանը, Շանթը, մնացյալք Գրի մարդ էին, մոդան իրենցը չէր, ինչո՞ւ են Ժամանակից հանել, անկապ կեցվածք պարտադրել ու հանձնել մեռած տարածությանը՝ անհասկանալի է։
Ապրելու Ժամանակը կողպում ենք դադար նշանակող նկարների մեջ, մեզնից հետո ևս նկար ենք։ Ապրելիս՝ անշարժ-իբր կենդանի, մեռնելուց հետո՝ նույնը։ Մարդը նկար է՝ ուրիշ ոչինչ… Բայց Թումանյանը նկար չէ՝ Գիր է, Մեսրոպ Մաշտոցի դիմանկարը Այբուբենն է, Գրիգոր Նարեկացուն նկարել պետք չէ՝ իր Լեզվակերպի տևականությունը կա ու կա։ Լուսավոր Մարդկանց կենսագրությունը թվերի փառահանդես ու նկարների հավաքածու չէ. Հայացք է, Չասված Բառ, Ասված Բառաշարի մեջ լինող Լռություն, լիքը-լիքը Հոգի, Միայնակին պաշարած՝ ցավ պատճառող ամայություն։ Լուսավոր Մարդկանց նկարը Երկինքն է, որում առկայծող, պսպղացող Լուսապուտերը ժամանակ առ ժամանակ վարհոսում են ասեղնագործ ներքնակի մի անկյունից, իջնելով մարդկանց երկիր՝ գաղափար ու կենսակերպ, Գիր ու Ելնելիք Ուղի դառնում, բայց, դժբախտաբար, այդ պահերին տարածության մի կողմում ՝ պատմական հերոսը 70 հովիտներով է զբաղված, մյուս կողմում ՝ ուշքից գնում են գլխանոցի մեջ խրված (թե՞ պատահաբար հայտնված) տաշեղի թեքությունից…
Կեցվածք ու մոդա պաշտող
«պատմական» մարդկանց նկարն էլ,
հավաքական նկարը Հողն է…
4.
Եգիպտական դամբարան, մոնղոլական թամբ, արաբական թուր, թուրքական ապարոշ, զուտ անգլիական սպանություն, խիստ հայկական հայրենասիրություն, Սևր… Պատմության այս զարդատուփի մեջ կարող ես նաև բռնոթի պահել ու նեղն ընկնելու պահերին փռշտալ՝ իբր լուրջ դիվանագետ ես։ Եթե կողքի սենյակից ևս փռշտոց լսվի միաժամանակ, ուրեմն՝ նույն խնդրով վառված բայց տարբեր աստիճանի այրվածքներ ցուցադրող երկու պատվիրախմբերին Զարդատուփից միայն քթախոտն է բաժին ընկնելու։ Սա էլ է պատմություն՝ իր գաղտնիք-խորհրդով, գաղտնի իմաստով, պատմական գյուտով. գիշերվա սաբրը խեր չէ, մոդայիկը էլի մեկ զոհն է…
Պատմությունը մեծ բլեֆ է, բլեֆը մոդայի հիմքն է։ Պատմություն չի եղել երբեք, բլեֆն ու մոդան միշտ լինելու են, Պատմական Մկրատը Յուդաշկինի ձեռքին է լինելու։ Մի ժամանակ պարսկամետ էիր՝ դավաճանի տարբերանշանը քոնն էր։ Նույնն ես, չես փոխվել, պարսկամետ ես, գետը կա, էս ու էն ափերը կան, հարբած փղերը էլի կան, հնում ներկած ուրվագծային քարտեզով այսօր կարող ես դրական գնահատական ստանալ։
Պարսկամետ՝ դավաճանություն, պարսկամետ՝ հայրենասիրություն. մոդայի խնդիր է, ուրիշ բան մտքովդ չանցնի հանկարծ։ Զարդատուփից այս անգամ մի ուրիշ մոդայիկ բան բաժին կհանեն քեզ, ամենայն հավանականությամբ՝ պարսկական փոխան։
5.
Երկնքից մինչև մարդկանց երկիր տարածությունը չի ընկալվելու, չի պարզաբանվելու։ Մնալու է չտարբերակված։ Ելնի մեր դեմ՝ շվարելու ենք, մե՛նք ցցվենք իր արահետներում՝ ապշելու է Ինքը։
Աշխարհի ու մեր միջև տարածությունը պատմությամբ պիտի չափվեր, հասկանալի լիներ, հուսավառվեր։ Պատմությունը չկա, տարածությունը հեռացել է՝ աշխարհի ու մեր միջև անդունդ է։
Մեր միջև տարածությունը պիտի կերպավորվեր Գրքի մեջ։ Գիրքը ամեն լինողի ճակատագիրն է, չլինելուց հետո պահպանվել-շարունակվելու Սափորը։ Բառ-Լռության, Գիր-Լռության մեջ ծավալվող Տարածությունը անսահման է, նրա ծածուկ սկիզբը մեր Սիրտն է, ծածուկ ավարտը՝ Երկնքի Սիրտը։ Օրինակներից մեկը Մարինա Ցվետաևայի ու Բորիս Պաստեռնակի միջև եղածն է…
Եվ ընդհանրապես՝ արձակված Գիրը նետի պես է. սկիզբ ունի, վերջն անտեսանելի է, եթե, իհարկե, սպանելու համար չէ նախատեսված։ Վերջին դեպքում է հնարավոր Գրի ու պատմության հանդիպումը, մի պայմանով՝ եթե պատմությունն այլևս բլեֆ, մոդա ու զարդատուփ չէ։ Առայսօր չկա նման պատմություն։
Դժբախտաբար…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз