Վ. Ս. ՆԵՅՓՈԼ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վ. Ս. ՆԵՅՓՈԼ

Сообщение Harutin » 10 апр 2011, 22:16

Վ. Ս. ՆԵՅՓՈԼ

V. S. Neypol.jpg
V. S. Neypol.jpg (10.98 кб) Просмотров: 284


Անգլիացի խոշորագույն գրող, ծնվել է 1932 թվականին Չագուանասում (Տրինիդադ), 1950-ից բնակվում է Անգլիայում: Հոգեբանական ներթափանցումներով առանձնացող նրա ստեղծագործություններին բնորոշ է օտարացման ու տարագրության խորազնին ուսումնասիրությունը:
«Ազատության մեջ» վեպի համար 1971-ին ստացել է Booker-ի մրցանակը: 2001 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վ. Ս. ՆԵՅՓՈԼ

Сообщение Harutin » 10 апр 2011, 22:19

ԳՐՈՂ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Իսկապես, չգիտեմ, ինչպե՞ս գրող դարձա: Կարող եմ գործունեությանս վերաբերյալ տարեթվեր կամ որոշակի փաստեր բերել: Սակայն բուն գործընթացը խորհրդավոր կմնա: Օրինակ, անհասկանալի է, որ սկզբում գրող դառնալու պատվախնդրությունն էր լինելու, մյուսներից տարբերվելու, փառքի արժանանալու ձգտումը, և այդ պատվախնդրությունը ծնունդ էր առնելու շատ ավելի վաղ, քան կմտածեի ինչ-որ բան գրելու մասին:
Հիշում եմ, 1950-ին Օքսֆորդում, ուսում նական առաջին կիսամյակում հաճախ էի զբոսնում, մտաբերում եմ ճանապարհները, աշնանային տերևները, կողքովս սլացող մարդատարներն ու բեռնատարները, որ ավլում-օդ էին բարձրացնում տերևները, իսկ ես մտածում էի` ինչի՞ մասին գրեմ: Քրտնաջան աշխատանքով էի վաստակել կրթաթոշակս և մեկնել Օքսֆորդ, որպեսզի գրող դառնայի: Բայց այդժամ, երբ արդեն Օքսֆորդում էի, չգիտեի` ինչի՞ մասին գրել: Եվ իրոք, ենթադրում եմ, որ եթե կարիքը կամ որևէ այլ բան, նույնիսկ` խուճապը, ինձ չստիպեր, այդպես էլ չէի գրի: Անչափ սփոփիչ ու գայթակղիչ էր պատվախնդրությունը մի կողմ թողնել, ճիշտ այնպես, ինչպես ասում են, երանելի է եղել քունը Նապոլեոնի` Մոսկվայից նահանջող զինվորների համար:
Արհեստական էր թվում, որ պետք է նստեի ու գրեի:
Նույն զգացում ն ուղեկցում է ինձ նաև այժմ, այն օրերից ի վեր: Բոլոր հետագա տարիներին, երբ սկսում եմ գիրք գրել, մտածում եմ երևակայության մասին: Գոյություն չունի ճշգրիտ որևէ թեմա կամ պատմություն, որ մշտապես ինձ հետ լինի: Մտքումս շատ բաներ կան: Գրքերիս մեծ մասն արհեստական, մտացածին, երկչոտ սկիզբ է ունենում, մինչև, ի վերջո, որևէ իրական ազդակ, որ անվերջ եփվել է ներսումս, ամբողջովին տիրում է ինձ, և անմիջապես մի կողմ եմ նետում տարիների աշխատանքս: Ցարդ անըմբռնելի է, որ հորինվածքի համար անհրաժեշտ է դիպչել-խառնել այն ամենը, ինչ թաքնված է հոգուդ խորքում, սրտիդ, հիշողությանդ մեջ:
Գրական բոլոր ձևերն արհեստական ու հարափոփոխ են, որպեսզի ի վիճակի լինեն հարմարվել մշակութային նոր դրսևորումներին ու տրամադրություններին: Այսպես, օրինակ, ժամանակին գրական լուրջ հակումներ ունեցողն անպայման պետք է մտածեր թատրոնի համար գրելու մասին, ինչ-որ կերպ աներ այն, ինչը ինքս անկարող եմ իրականացնել` նյութը դասդասել-վերածել տեսարանների ու գործողությունների, և շարադրել ոչ թե տպագիր էջը նկատի ունենալով, այլ՝ դերասաններին հրապուրելու համար «դերեր» գրել, և ինչպես ինձ պատմել է թատերգակներից մեկը, պատկերացնել, որ նստած ես դահլիճի առաջին կարգում (որպեսզի թատերգությունը շարադրելը դյուրին լինի):
Մեկ այլ ժամանակաշրջանում, երբ ռադիոն ու ձայնագրությունը գոյություն չունեին, և իշխում էր տպագիր խոսքը, նա, ով երազում էր գրել, որևէ պատմողական գործ պետք է հորիներ, որը մի քանի ամիս շարունակաբար տպագրվեր կամ միանգամից երեք հատոր լցներ: Սակայն սույն հեղինակը նախ պարտավոր էր ուժերը փորձել չափածոյում, կամ չափածո թատերգություն գրեր` հանգով կամ անհանգ, և կամ` չափածո էպոս:
Գրական բոլոր ձևերը, որքան էլ այսօր արհեստական թվան, երևան են եկել որպես բնական և նույնքան ճշմարտացի` դրանք կիրառողների համար, որքան բնական է տիպական վեպն այսօր: Չնայած արհեստական է նաև վիպական այս ձևն իր պարզեցումներով ու խեղաթյուրում ներով, արհեստածին տեսարաններով, նաև կենսափորձի գաղափարով` որպես ճգնաժամ, որ պետք է հաղթահարվի, քանի դեռ կյանքը չի վերադարձել իր տափակ ընթացքին: Ես կոշտ ու կոպիտ եմ նկարագրում արհեստականության այն զգացումը, որ ուղեկցում էր ինձ ամենասկզբում, երբ նոր էի փորձում գրել և խորհում էի, թե սեփական փորձիս ո՞ր հատվածը կհամապատասխաներ այդ ձևին, փաստորեն գաղտագողի և նենգաբար հաշվարկելով, թե ինչպե՞ս կարող էի հարմարեցնել կամ կեղծել կենսափորձս, որպեսզի այն համահունչ լիներ մեծն ձևին:
Գրական ձևերն անհրաժեշտ են, փորձը պետք է փոխանցվի այս կամ այն կերպ համաձայնեցված և դյուրըմբռնելի եղանակով: Սակայն որոշ ձևեր, ինչպես, օրինակ, հագուստի նորաձևությունը, ժամանակ առ ժամանակ կարող են արտասովոր կամ չափազանցված լինել: Այդ դեպքում այս ձևերը, որ բավական հեռու են փորձը բյուրեղացնելուց կամ ավելի ընդգծելուց, կարող են հենց իրենք կեղծել կամ որպես ավելորդ բեռ նկատվել: Թրոլոփը, որ իրադրություն է արարում, Թրոլոփը, որ հասարակության դիտորդն է և հսկայական գիտելիքներ ունի ինչպես հասարակության, այնպես էլ աշխատանքային աշխարհի վերաբերյալ, շատ ավելի հարուստ գիտելիքներ, քան Դիկենսը, իսկապես հմայիչ է: Սակայն ես խնդիր ունեմ Թրոլոփի հետ, նրա, ով ստեղծելով իրադրությունը, միաժամանակ ձեռնարկում է ավերել իր շարադրանքը, որի հասարակական կամ փիլիսոփայական էությանը ես արդեն պետք է ծանոթ լինեի առաջին իսկ էջից: Նույնն է, երբ ընթերցում ես Թեքերեյին, զգում ես, թե ինչպես է շարադրանքի և սյուժեի անհրաժեշտությունը բեռի նման ծանրանում հեղինակի ուսերին:
Գրական հաճույքների և շարադրանքի մասին մեր պատկերացում ները, փաստորեն, փոխվել են վերջին հարյուր և ավելի տարիների ընթացքում: Անցյալ դարի բոլոր գրվածքները, կինոն և հեռուստատեսությունը մեզ ավելի արագաշարժ են դարձրել: Եվ 19-րդ դարի անգլիացի գրողները, որ այժմ ինձ ամենամեծ «վիպական» հաճույքն են պատճառում, պատուհան են բացում դեպի մարդկային կյանքն ու ոգևորիչ անդրադարձները: Դրանք այն հեղինակներն են, որոնց իրենց իսկ ժամանակներում ընդհանրապես գրող չէին համարի:
Խոսում եմ այնպիսի գրողների մասին, ինչպես Ռիչարդ Ջեֆերիսը, որի ակնարկները գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց մասին այնքան հարուստ գիտելիքներ և կենսափորձ են պարունակում, որ հաճախ ամբողջական կյանքեր են ներառում:
Կամ` Ուիլ յամ Հեզլիթը: Կամ էլ` Չարլզ Լամբը` վճռական և կոպիտ, թախծոտ և ոչ նուրբ, առասպելի վշվշացող ակնարկագիր: Ուիլյամ Քոբեթը` լրագրող և պամֆլետիստ, որ պարզապես ապրում էր գյուղով և իր գլխապտույտ արձակի մեջ ու վայրի նախապաշարումներով չափազանց հստակ պատկերում է ճանապարհները, դաշտերը, մարդկանց, պանդոկներն ու սննդամթերքը: Բոլոր այս գրողների շնորհը պետք է, որ ամլացված կամ աղճատված լիներ վիպական այն ձևի պատճառով, որ գոյություն ուներ նրանց օրերում: Սակայն նրանք, որ այդքան վիպական են իրենց առաջարկած հաճույքների մեջ, գտել են սեփական ձևը: Յուրաքանչյուր լուրջ գրող պետք է ինքնատիպ լինի, նա չի կարող գոհանալ կամ բավարարվել և անել կամ առաջարկել այն, ինչի տարատեսակն արդեն իսկ իրագործվել է: Եվ ամեն մի լուրջ գրող, ի վերջո, գիտակցում է ձևի խնդիրը, քանզի նա տեղյակ է` որքան էլ սովորած ու քաջալերված լինի այն գրողների ստեղծագործություններով, որոնց ընթերցել կամ ընթերցում է, տվյալ ձևը համապատասխանում է հենց այդ գրողի կենսափորձին և ուղղակիորեն չի կարող հարմարվել իր փորձին:
Ֆիլիպ Լարքինը, որ ինքնատիպ է և անչափ խոշոր, ուշ շրջանում, հատկապես վերջին գործերում, կարծում է, որ ձևն ու բովանդակությունն անբաժանելի են: Ասում է, որ դանդաղ է աշխատում: «Պետք է գտնես` ի՞նչ ես ասելու, նաև` ինչպե՞ս ես ասելու, իսկ դա ժամանակ է պահանջում»: Չափազանց պարզ է հնչում, սակայն բարդ բան նկատի ունի: Գրականությունը նման չէ երաժշտությանը, ջահելների համար չէ, գրելիս հրաշք տեղի չի ունենում: Ընթերցողին փոխանցելու նպատակով գրողի փնտրած գիտելիքը կամ փորձը հասարակական կամ զգացական է, ժամանակ է պահանջում, կարող է մարդու կյանքի մեծ մասը խլել, նա պետք է վերլուծի, վերամշակի փորձը, գիտակցի, թե ինչ բովով է անցել, նաև` մեծ զգուշություն ու նրբազգացություն է պահանջվում, որպեսզի սխալ ձևի պատճառով չկորչի և չխեղաթյուրվի փորձի բնույթն ու էությունը:
Այլ մարդկանց ձևերը ծառայում են այդ մարդկանց խոհերին: Ինձ մշտապես գրավել է ձևի խնդիրը, նույնիսկ` բառապաշարը, քանի որ բավական արագ գիտակցել եմ, որ իմ իմացած և ընթերցած գրականության, որը նաև ծնունդ է տվել պատվախնդրությանս, ուրեմն, այդ գրականության և իմ նախադրյալների միջև ինչ-որ տարանջատում, տարաձայնություն գոյություն ունի: Եվ արագորեն պարզել եմ, որ ձևերը սոսկ նմանակելու խնդիր չկա:
Վաղ շրջանի գրքերից մեկում Ջեյմս Ջոյսը նշում է իր կամ իր հերոսի դժվարություններից մեկը` անգլերեն լեզուն: «Լեզուն, որով խոսում ենք, նախ նրանն է, հետո` իմը: Ի~նչ տարբեր են տուն, Քրիստոս, գարեջուր, տեր բառերն իմ և նրա շուրթերին: Ես անկարող եմ դրանք արտասանել կամ գրել առանց հոգեկան տագնապի… Հոգիս ալեկոծվում է նրա լեզվի ստվերում»:
Ջեյմս Ջոյսն անաղարտ ձևի փորձարար է, ձև` տարանջատված բովանդակությունից: Լեզվի հարցում Ջեյմս Ջոյսի խնդիրը ես չեմ ունեցել: Անգլերենի հետ ընդհանրապես դժվարություն չի եղել` սովորական լեզու է: Ինձ մտահոգողը բառապաշարն է, միևնույն բառի տարբեր իմաստներն ու զուգորդությունները: Պարտեզ, տուն, պլանտացիա, պարտիզպան, կալվածք. սրանք բոլորն Անգլիայում այլ իմաստ ունեն և բոլորովին այլ բան են նշանակում նրա համար, ով բնակվում է Տրինիդադի գյուղատնտեսական գաղութում, գաղութ, որ բնակեցվել է պլանտատորական գյուղատնտեսություն հիմնելու նպատակով: Ինչպե՞ս կարող էի ազնիվ կամ անկեղծ գրել, երբ օգտագործածս բառերը, որ ինձ համար մասնավոր նշանակություն ունեին, դրսի ընթերցողի մեջ ավելի հին գրականության հետ զուգորդություններ էին առաջացնելու: Զգացի, որ տեսածս ճշմարտացիորեն ներկայացնելու համար պետք է որոշեի. գրո՞ղ եմ, թե՞ վերապատմող: Պետք է վերամեկնաբանեի, թարգմանեի իրողությունները: Գործունեությանս ընթացքում փորձել եմ տարբեր ձևերով իրականացնել դա: Եվ երկու տարվա աշխատանքից հետո հենց նոր եմ գիրքս ավարտել, որում, վերջապես, ինչպես ինձ է թվում, հաջողվել է համադրել վերամեկնաբանումն ու պատմումը:
Նպատակս եղել է ճշմարտությունը, առանձնահատուկ փորձի ճշմարտացիությունը, ներառյալ` գրող անձի հստակությունը:
Գիրքն ավարտելուց հետո հասկացա, որ ստեղծագործական գործընթացը խորհրդավոր մնաց, ինչպես և առաջ էր: Ֆրանսիացի քննադատ Սենտ Բյովը կարծում էր, որ գրողի անձնական կյանքի մանրամասները շատ բան են պարզաբանում գրողի մասին: Սենտ Բյովի այս մեթոդն անխնա ջախջախել է Պրուստն իր տարօրինակ գրքում, որ տարօրինակ, ինքնատիպ և գեղեցիկ է իր ձևով, մասամբ ինքնակենսագրական է, մասամբ` գրականագիտական, մասամբ էլ` գեղարվեստական և կոչվում է «Սենտ Բյովի դեմ», որտեղ քննադատի և նրա մեթոդի քննադատությունը, մերժելով գրողի սերը նամակների հանդեպ, մերժում է նաև գրվածքի ինքնակենսագրական և ստեղծագործական տարրերը: «Սույն մեթոդը,- գրում է Պրուստը` խոսելով Սենտ Բյովի մեթոդի մասին,- անտեսում է այն, ինչ մեզ սովորեցնում է ինքնաճանաչողության ամենաստորին մակարդակը, որ գիրքն արդյունք է մեկ այլ անձի, տարբեր այն անձից, որին ներկայացնում ենք մեր սովորույթներում, հասարակական կյանքում, մեր մոլորություններում»: Քիչ անց Պրուստը պարզաբանում է. «Եզրակացությունն այն է, որ գրողի` որպես հեղինակի, ներաշխարհում գոյություն ունի ավելի մակերեսայինն ու փուչը, իսկ առավել խորն ու հայեցողականը անձնական կյանքում է… Իրականում, դա մարդու ներքին կյանքի արտազատում ն է` գրառված առանձնության մեջ, միայն մեկ հոգու համար, որ մարդը փոխանցում է հանրությանը: Իսկ այն, ինչը նա տրամադրում է անձնական կյանքում, զրույցի ընթացքում, որքան էլ զտված լինի, արդ յունք է մակերեսային ինքնաարտահայտման, ոչ թե` ներքին ինքնության, որը մարդը կարող է վերագտնել միայն մի կողմ թողնելով աշխարհը և իր անձը, որ հաճախակի է այդ աշխարհն այցելում»:
Հետաքրքրական է, չնայած իրականում զարմանալի չէ, որ գրողի ստեղծագործական գործընթացի մասին նույն միտքն է արտահայտել մեկ այլ, բոլորովին տարբեր գրող` Սոմերսեթ Մոեմը: «Բլիթ և գարեջուր»-ում, Թոմաս Հարդիի գրական դիմանկարում, մի հրաշալի հարվածով (որ նրան բավական նախատինք բերեց) նա ցույց է տվել, որ ուեսեքսցի անհույս վիպասանն արտասովոր կերպով սովորական է անձնական կյանքում և հենց այդ պատճառով էլ խորհրդավոր է: «Տպավորություն ստացա,- ամփոփում է Մոեմը,- որ իրական մարդը, ով մինչև իր մահը անհայտ ու միայնակ էր, պարզապես ուրվական էր, որ լուռ ճամփա էր անցել և տեսանելի չէր իր գրքերի հեղինակի ու այն մարդու արանքում, ով հենց իր կյանքն էր ապրել, և հեգնական անաչառությամբ ժպտացի այդ երկու խամաճիկներին»:

Անգլերենից թարգմանեց ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

Վ. Ս. ՆԵՅՓՈԼ

Сообщение Harutin » 10 апр 2011, 22:21

Վ.Ս.ՆԵՅՓՈԼԻ ԵԼՈՒՅԹԸ ՆՈԲԵԼՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՃԱՇԿԵՐՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿ
(10-ը դեկտեմբերի, 2001 թ., Ստոկհոլմ)


Ձերդ գերազանցություններ, ձերդ թագավորական մեծություններ, մեծարգո մրցանակակիրներ, տիկնայք և պարոնայք, Նոբելյան մրցանակի արժանացածների հետ կատարվող աննախադեպ երևույթներից է, որ նրանք զանգվածային տեղեկատվության միջոցների ուշադրությանն են արժանանում: Բազմաթիվ հարցազրույցներ: Այնքան շատ, որ արդեն զգում եմ` կորցրել եմ անմիջականորեն մտածելու ունակությունս: Հարցերի պահանջ եմ զգում: Ուստի, որոշեցի, որ երկու րոպեանոց ելույթս սկսելու եմ հնաոճ կատակերգակի հանգույն:
Մարդ, ով աշխատանքի գնալիս արկածների է հանդիպում:
Ուրեմն, այսպես: Պատմեմ, թե ինչ պատահեց Ստոկհոլմի ճանապարհին: Ձեռքիս ժամացույցի շղթան կտրվեց: Մի քանի սյուրռեալ պահ զգացի, որ անթարթ նայում էի ինքնաթիռի հատակին ընկած ժամացույցիս: Բոլորովին էլ փոխաբերություն չէ: Ահա, խնդրեմ, ժամացույցս, առանց շղթայի: Այս ամենն ի՞նչ է նշանակում: Ո՞րն է դրա սարսափելի խորհուրդը: Փաստ, որ Նոբելյան ամբողջ շաբաթը մնալու եմ առանց ժամացույցի:
Մեծն Կեսարը, ոտք դնելով եգիպտական ափին, դեմքն ամուր սեղմեց խոնավ հողին: Պատկերացնո՞ւմ եք նրան ուղեկցող սպաների ապրած սարսափը, քանի դեռ ահազդու և ճարտարամիտ այրը չէր գոչել. «Աֆրիկա, ես տիրեցի քեզ»: Մի քանի հարյուրամյակ անց Հուլիանոս կայսրը, զինվորների հետ մարզվելիս, կորցրեց վահանի հյուսկեն մասը և ստիպված էր ձեռքում պահել միայն կոթը կամ բռնակը: Որքան էին ահաբեկվել նրան շրջապատողները, մինչև կայսրը կբղավեր. «Բռնել եմ այն, ինչ ունեմ»:
Չտիրապետելով այս հզոր այրերի հնարամտությանը, ի վիճակի չէի բառեր գտնել` չար նախանշանը վերածելու բարու: Մինչև այս երեկո, երբ հասկացա, որ ժամանակն ինձ համար կանգ էր առնելու Նոբելյան այս ամբողջ շաբաթվա ընթացքում և երբ վերսկսեր իր վազքը, բոլորովին նոր էր լինելու: Այժմ անշղթա ժամացույցս, որ կրկին բարի է, առանց սպառնալիքի հուշում է, որ ժամանակս ավարտվում է: Երկու րոպեն սպառվեց:

Անգլերենից թարգմանեց ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0