Եղջերուն
(Ծխածս ծխախոտներից մեկին)
Դու ծխացիր ու մոխրացար իմ հոգսերով,
Ինչպես դժվար ժամանակի մի լավ ընկեր,
Սակայն զուտ մարդկային մի քմայքով
Քեզ նետեցի` ինչպես մաշված, անպետք մի իր։
Մի զարմանա քո մարդ ընկերոջ վարքով.
Քե~զ նմաններին ենք մենք դավաճանել...
Երբ քո հաջորդն էլ գա` մանկան նման անթով,
Կմոխրանա ու դեն կնետվի նա էլ։
Անեղջյուր, բուրդը լրիվ թափված ու այդ պատճառով լրիվ սպիտակ մարմնով եղջերուն, ցրտից դողալով, մեծ քաղաքի նորակառույց թաղամասին շատ մոտ կեր էր փնտրում։ Գիշերները, թաղամասին մոտիկ իր փոքրիկ ժայռախոռոչում պառկած, նա հաճախ էր լսում մոտակա սարերից եկող գայլերի ոռնոցը։
Կար ժամանակ, որ նա հզոր եղջերու էր` ուժեղ, ծառանման եղջյուրներով ու պինդ կճղակներով։ Չկային այս նորակառույցները, ու գայլասարերի ու քաղաքի միջեւ ընկած հարթավայրը բավականին մեծ էր, լճակ էլ կար, կերը նույնիսկ ձմռանը բավականացնում էր բոլորին։ Քանի-քանի նրբագեղ եղջերուհիների էր տիրել, ինչքան բազմաքանակ սերունդ ունեցել։ Ու երբ նրա առաջնորդությամբ` հոտը մոտենում էր ընդհուպ սարերին, նույնիսկ այդ ժամանակ գայլերի ոհմակը չէր համարձակվում հարձակվել։ Նրանք շատ ու շատ անգամ էին համտեսել նրա եղջյուրների ու կճղակների հատու հարվածները, եւ մի գայլ չէ, որ մնացել էր մարտի դաշտում` պատռված կրծքով։
Հետո քաղաքը ընդլայնվեց, հարթավայրից մնաց մի նեղ շերտ, լճակը համարյա ամբողջովին չորացավ, եւ կերը սկսեց չբավականացնել նույնիսկ ամռանը։ Նրանք մնացին 3 կրակների արանքում` մարդիկ, գայլերը, սովը։ Հոտի մի մասին ոչնչացրին մարդիկ, մի մասը հեռացավ` փնտրելով նոր տեղեր, մի մասին կերան գայլերը, եւ ի վերջո` նա մնաց մենակ։
Դանդաղ շարժվում էր հարթավայրից մնացած նեղ շերտով, մի քիչ խոտ պռճկում, բայց ավելի հաճախ կանգնում, անշարժ հայացքը հեռուները կամ էլ մայրամուտին հառած, տրվում հիշողություններին։ Նրան պատեց միայնության թախիծը, հետո մի որոշ ժամանակ անց ինչ-որ հիվանդություն սկսեց ներսից կրծել։ Շնչում էր խզզոցով, հաճախ շնչարգելություն ունենում։ Շուտով բուրդը թափվեց, եղջյուրներն ընկան ու վերածվեց նա մշտական թերսնումից ուռած փորով, շատ բարակ վզով ու ոտքերով, դանդաղ թափառող սպիտակ ուրվականի։
Եւ այժմ, լսելով գայլերի ոռնոցը, չգիտեր` ումից շատ վախենալ` նրանցի՞ց, թե՞ մարդկանցից։ Թե գայլերը եւ թե մարդիկ նույնքան անհագորեն ագահ էին եւ անիմաստորեն դաժան։ Բայց քանի որ կեր չկար հարթավայրի նեղ շերտում, այս ուշ աշնանը գիշերները թափառում էր կիսակառույց, անմարդ նորակառույցներում, ընդհուպ մոտենում էր բնակեցված նորակառույցներին եւ աշխատելով մարդկանցից աննկատ մնալ` սնվում էր այստեղ-այնտեղ շպրտված հացի կտորտանքով, նեխած մրգերով ու բանջարեղենով։ Հետո մի թաքուն, քամուց պաշտպանված տեղ էր գտնում ու փորձում ննջել` ձմեռնամուտի արեւի ժլատ շողերի տակ տաքանալով։
Նա փորձել էր քնել (որպեսզի գայլերից ապահով լինի) կիսակառույց նորակառույցներում, բայց այնտեղ մշտապես վզզացող միջանցիկ քամիները ստիպել էին վերադառնալ իր ժայռի խոռոչը։
Մի առավոտ էլ ոտքի բարձրացավ շատ դժվար։
Հազիվ հասավ նորակառույցներին ու ամբողջ օրը, հաճախ պառկելով (արեւկող տեղերում)-ելնելով, շատ քիչ կեր հայթայթեց։
Երբ երեկոյանում էր, այլեւս չկարողանալով ոտքի ելնել` շարժվում էր սողեսող։ Գիտակցության եւ կամքի վերջին նշույլներն ասում էին, որ եթե չգտնի մի տաք տեղ, այսօր չի լուսացնի։ Պատահաբար նորակառույցների վերջում դեմ առավ մի բաց դռան, որտեղից թեթեւ տաքություն էր փչում։ Ոչ ոք չէր երեւում, եւ նա, սողալով, շեմից ներս գլորվեց։ Աջից` բաց դռնից, նա ավելի շատ տաքություն զգաց ու սողալով հայտնվեց մի մեծ շինությունում։ Գետինը հաճելիորեն փափուկ էր, ու տաք պատերի երկայնքով մեծ ծաղկամաններով ծաղիկներ էին շարված։ Նա սողաց դեպի պատը եւ բնազդով թաքնվեց պատի եւ ծաղկամանների միջեւ եղած նեղ տարածությունում։ Մի երկու անգամ տերեւներ պոկեց։ Օ, ինչքան հյութալի ու համով էր կանաչը։
Բայց նա հոգնած էր ու նոր միայն զգաց, թե որքան սառած է ինքը։
«Հետո,- որոշեց։- Մի քիչ տաքանամ, հանգստանամ ու հետո մի կուշտ կուտեմ։ Ապա կմտածեմ` ուր գնալ եւ ինչպես ձմեռել»։
Նա համոզված էր, քանի որ դեռ ծեր չէր, եթե լինի քնելու տաք տեղ, առատ կեր, նրա վրա նորից բուրդ ու գլխին` նոր եղջյուրներ կաճեն։ Եւ երկար ժամանակից ի վեր առաջին անգամ նա քնեց տաք, հանգիստ ու ապահով։
Նա չգիտեր, որ այդ նորակառույցը «Հույս, Սեր, Կյանք» կազմակերպության հավաքատեղին է, եւ որ պահակը դուռը բաց էր թողել` օդափոխելու համար, որովհետեւ վաղը այդ զարդարուն դահլիճում տեղի էր ունենալու այդ կազմակերպության համաժողովը` նվիրված նորամուտին։
Եւ նա քնած էր հոգնած, խորը, բայց անդորր քնով։ Ու չհասկացավ` քնի մեջ, թե արթմնի` լսեց չափազանց բարձր, ականջ կտրատող մի գոռոց։
- Սա ինչ անպետքություն է, դուրս նետեք,- կազմակերպության ղեկավարն էր, այդ գեղեցիկ կինը։
Բարձրացրեց քնատ աչքերով գլուխը։
Լուսացել էր։
Եւ միայն այդ ժամանակ, երբ հավաքարարուհին ու պահակը մոտեցան նրան, հասկացավ, որ դա իրեն էր վերաբերում։
Այդ 2-ը բռնեցին նրա առջեւի ու ետեւի ոտքերից, բարձրացրին ու տարան` գլուխը հատակին քարշ տալով։
Չնայած քնել էր եւ ուժեր էին հայտնվել, բայց ոչ մի ցանկություն չուներ դիմադրելու, հակադրվելու։
«Դե, ինչ որ տեղ ցած կդնեն,- մտածեց,- հետո վեր կկենամ ու կգնամ»։
Երբ դուրս էին գալիս, գլուխը ցավոտ հարվածեց շեմին, հետո պատահող խճաքարերը նույնպես ցավ էին պատճառում։ Հասան ոչ հեռու գտնվող շինանյութերի մնացորդի խորը փոսին։ Մի քանի թափահարում` ու նետեցին։
Չհասցրեց հասկանալ, չհասցրեց վախենալ։
Մի երկու վայրկյանից լսեց իր մարմնի խուլ դրխկոցը քարերին։
Զգաց տանջալի, սուր ցավ, սարսափ ու խավարեց։ Այն 2-ը շուռ եկան, գնացին` մի վերջին շուք տալու դահլիճին «Հույս, Հավատ, Սեր» կազմակերպության համաժողովից առաջ։