СТАНЬ VIP

ՍՈՆԱ ՎԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 11 апр 2011, 23:50

ՍՈՆԱ ՎԱՆ

Sona Van.jpg
Sona Van.jpg (8.59 кб) Просмотров: 760
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍՈՆԱ ՎԱՆ

Сообщение Harutin » 11 апр 2011, 23:51

ԾԱՂԻԿ ԵՎ ՏԻԵԶԵՐՔ


Մտորումներ դարի մեծագույն մտածողներից մեկի՝
Գրիգոր Գուրզադյանի հետ ունեցած հանդիպումից հետո


Բաժանումից առաջ, երբ հերթափոխվող բժշկի բնազդով մատիս ծայրով չափում էի պաստառներից նայող ծաղիկների ջերմաստիճանը, ինձ՝ միամիտիս, թվում էր, թե մեքենայի շարժիչը միանալուն պես պիտի պայթեմ օճառով լցված փուչիկի նման, ու մեքենան պիտի լցվի իմ գունավոր, տեղ-տեղ մտացածին զգացողությունների չափազանցված նկարագրություններով, ինչպես առաջին ժամադրությունից վերադարձած աղջնակ: Բայց այդպես չեղավ: Փոխարենը՝ դռների հետ միաժամանակ փակվեցին նաև կոպերս, ու թեպետ լռում էի կատարյալ լռության մի այնպիսի ցանկությամբ, որ ուղեկիցներս ակամա հետևեցին ինձ, բայց ներսում ես դեռ լսում էի այն վերջին նախադասությունը, որը, կարծես թե ավարտվել էր ոչ թե վերջակետով, այլ կախման կետով, ու փորձում էի կամքիս լարումով գտնել այն ճշգրիտ բառը, որով կարելի կլիներ կտրված տեղից շարունակել միտքը: Մի բառ, որը կավարտեր զգացողությունս՝ իր մեջ կրելով սկիզբը և վերջը միաժամանակ: Ու քանի որ պոետ եմ, փեշակիս բերումով շատ չուշացավ բառը՝ ներվաթել: Թատրոնի հուշարարի նման զգայությունս աննկատ ականջս գցեց այս բառը ու նույնքան աննկատ էլ անհետացավ: Իսկապես: Այնպիսի որոշակի զգացում ունեի, որ կարծես աջ ցուցամատով ակամա դիպել եմ տիեզերքի ու մոլորակի միջև անտեսանելիորեն ձգված, բայց ժամանակավորապես շոշափելի դարձած մի պիրկ ու լարված ներվաթելի, և սակայն սկսնակի բախտի բերումով ճշգրիտ է ստացվել հպումիս ձևը և ահա... նվագում է այս միլարանի մկանե երգեհոնը:
Ամեն վայրկ յան տիեզերքում մի նոր աստղ է ծնվում: Ամեն վայրկ յան երկրի վրա ծնվում է մի նոր մարդ: Ու թեպետ միևնույն է աստղի համար նրան հետապնդող աչքի գույնն ու իրեն անվանակոչող մարդու ճաշակը, բայց, այնուամենայնիվ, երկրի վրա ամեն օր մի մարդ հիվանդանում է աստղային հիվանդությամբ՝ փորձելով իմաստ ու նշանակություն տալ աստղային այնպիսի լրջախոհությամբ, որ կարծես արգելված է աստղին պարզապես լինել առանց լինելության որոշակի նպատակի կամ առաքելության: Պարզ, թվաբանական գործողությամբ կատարվող այս ծնունդների շղթան, սակայն, երբեմն ընդհատվում է ոչ թե որպես պարզ գումարելի, այլ որպես նոր նշան, որ կարող է կրիտիկական ձևով փոխել ընդհանուրի արժեքը, ճիշտ այնպես, ինչպես արևը աստղային համակարգում:
Ֆիզիկոս հայրս ամեն առավոտ մի բանաստեղծություն էր կարդում թեյի հետ, հետևում էր աշխարհի գրականությանը և լավ գրում էր: Մի անգամ, երբ նա մխրճվել էր Ավ. Իսահակյանի նոր հատորի մեջ, հարցրի, թե ինչու է նախընտրել չոր ու անդեմ մոլեկուլների աշխարհը, երբ կարելի էր գրել, ստեղծագործել: Հարցս մինչև վերջ լսելուց հետո, առանց հայացքը գրքից կտրելու նա պատասխանեց՝ «Նույն բանն է», ու ժամացույցին նայելով՝ դուրս եկավ տնից: Ուշանում էր նա, ու ինձ թվաց, թե դա պարզապես այն ամենակարճ նախադասությունն էր, որով կարելի էր հապճեպ ազատվել ինձնից այդ պահին: Իսկ այսօր Գառնո ձորում, այս քարե խխունջի մեջ ամփոփված, սեփական ձեռքով վրձնած բազմագույն ծաղիկների կենտրոնում կանգնած այս կես-տեսողությամբ ու կես-լսողությամբ մահկանացուի անքեն հայացքի տակ այդ բառերն ինձ վերադառնում են որպես աստվածաշնչյան փոքրիկ ու անքննելի ճշմարտություններ:
Պոետ և գիտնական: Օպտիկական ֆոկուսի ինչպիսիˉ ճկունություն է պահանջվում տիեզերքում՝ ծաղիկ և ծաղկի մեջ՝ տիեզերք տեսնելու համար: Մտքի և սիրո ինչպիսիˉ խտություն, կենտրոնացման ինչպիսիˉ չափ: Ու եթե միայն մեկ աչքը բավական է տիեզերքն ու ծաղիկը միաժամանակ նույն կոպի տակ կրելու համար, և կենտրոնացումը միայն կարող է փոխարինել բոլոր զգայարաններին, ապա որքան անտեղիորեն շռայլ է, չէ՞... Տերը: Ու բացակա աչքը մի պահ ընկալվեց որպես առավելություն, որպես աստվածային ճշգրիտ չափ, որով Բարձրյալը օրհնում է իր ընտրյալին: Քանզի կենտրոնացումը նաև նշանակում է եզակի կիզակետ, և կլուծվի, կնոսրանան կրկնակի զգայնությունը, գույնը, սերը, միտքը, նպատակը, ձայնն ու ցանկությունը, եթե այն ստիպված լինեն բաժանելու երկու աչքերի միջև: Օրվա այդ որոշակի ժամին, արևի կոնկրետ այդ լույսի տակ եզակի աչքի ոսպնյակի պես դեպի դուրս ուղղված սևեռուն հայացքով նա կողքից այնքան նման էր... մկանե տելեսկոպի: Պոետ և գիտնական: Երկու ձեռնոց՝ նետված դեպի միևնույն անսահման տիեզերքը: Հոգու ու նյութի անվերջանալի ձայնային ու դինամիկ քաոսը հաղթահարելու թույլատրելիության սահմաններն անցնելու միևնույն համարձակությունը: Ժամանակին, տարածությանն ու մենությանը հաղթելու գայթակղությամբ մտասևեռված միևնույն մոլին: Հոգու, մտքի և երևակայության երբեմ ն տձև ու խեղված
ներքին շարժումով սեփական ներդաշնակության առանցքը մի պահ զգալու, քաոսում ինչ-որ կայուն ձև գտնելու միևնույն մահացու տենդը:
Պոետ և գիտնական: Նույն մարմինը, նույն մտածողը և նույն միտքը: Նույն զգայական հյուլեն, նույն գործիքը, որ քմահաճորեն արտադրում է մերթ իրականություն, մերթ երազ: Տարբերությունը լոկ այն է, որ երազում միտքը ձերբազատված է ձախակողմյան քննադատության վախից, իմացության բեռից, և ամեն բան դառնում է կարելի ու թույլատրելի: Քանզի լինելը գիտենալուց վեր է: Հավատալը հոգու շնորհն է, իմացությունը՝մտքի, և գիտելիքը մշտապես համակցված է կասկածի տարրի հետ: Այդ է պատճառը, որ խեղճ գիտնականը երբեմն վատնվում է իր տեսիլքը փաստերով ապացուցելու ճանապարհին: Պոետի գործն այս առումով շատ ավելի հեշտ է: Հայտնության պահն այս դեպքում ապրված իրավիճակ է: Գտնված տողը հաճախ ինքնին հայտնության ուժ ունի, և անհեթեթ է թվում բացատրելը: Այդպես է ու վերջ: Ու մի՛ հավատա, եթե հասու չես նրա ճշմարտությանը, եթե երբևէ չես եղել նրա դիտակետում ու չես խեղել պարանոցդ միևնույն անկյան տակ:
Սեղանի վրա փոքրիկ նատյուրմորտների պես տիեզերական վայելչագեղությամբ շարված սկուտեղները, որ պատրաստված էին միայնակ հյուրընկալի աստղոտ ձեռքերով, սպասում էին մեզ: Երկրաչափական ճշգրտությամբ, ծանոթ համաստեղությունների պես կցված հոտ-համ-գույն հարաբերությամբ, ազնվորեն պարտադրված մի նոր տիեզերքի էր նման սեղանը: Երբևէ ականատեսը չէր եղել սիրո այսպիսի արդար ու համաչափ բաշխման` տիեզերքի, ծաղկի, գույների, բույրերի ու ձևերի միջև: Նա խոսում էր Գառնիում աճող բանջարեղենի յուրահատուկ համի մասին, արևածագերի ու մայրամուտների աննկարագրելի գույների մասին, գյուղում իլիկը ձեռքի մեջ պտտելով և իլիկի պտտման ռիթմով իրեն երգեցիկ ձայնով պատասխանող նախշուն կանանց ու սարերում ապրող հովիվների իմաստության մասին, նրանց տեսակի պահպանման կարևորության մասին, ջրի ու էլեկտրաէներգիայի հնարավոր նոր պաշարների ու մարդկային պարզ թամբալության պատճառով այսօր Հայաստանի ջրի թվացյալ պակասի մասին: Խոսում էր նաև համակարգի փլուզման փուլի երկարաձգման պատճառների ու դրանցից ազատվելու հնարավորությունների մասին, սոցիալական ապահովության ռացիոնալ, գործող համակարգի իր պատկերացման մասին, աստղերի ծաղկաթևության, ծաղկի տիեզերական կատարելության ու էլի շատ ու շատ բաների մասին: Մի բան ակնհայտ է, որ տիեզերք-մարդ նժարի վրա նա ապավինում էր ոչ թե մարդու դիմակայման, այլ նրա գերակայման համարձակությանը, նրա հոգևոր էվոլյուցիային, երկնքի ու երկրի մերձեցմանը: Թվում էր, թե աղետով կամ հրաշքով մի ճեղք էր բացվել տիեզերքի վրա ու հիմա չափազանց տրամաբանված, բայց պատահական թվացող շիթով անքեն հոսում էր երկնքի հեղուկ-գիտակցությունը` անտարբեր ընկալմանս չափին: Կյանքի ու մահվան հետ այնքան հաշտ, որ կարծես ինքն էր հորինել դրանք, ծաղիկն ու տիեզերքը նույն կոպի տակ, մյուս աչքի վրա իջած երկնագույն քողով նա խնամքով թաքցնում էր տիեզերքի առայժմ միայն իրեն վստահված գաղտնիքը: Ծանրացած լսողությամբ ու կիսված տեսողությամբ, բարձր աթոռի վրա նստած մանկան պես ոտքերն օդի մեջ տատանելով, անխնամ, ճշմարտաերանգ մազերով ու մագաղաթի պես զգոն մաշկով նա հիշեցնում էր մի ծանոթ դեմք… Ավետարանից:
Սուրճի հոտն սկսվեց խոհանոցից ու դանդաղ խառնվեց հանդիպակաց լեռնագագաթների ու պաստառներից նայող ծաղիկների երևակայական հոտի հետ: Երևի այս նոր բույրն էր պատճառը, որ համարյա միաժամանակ պատշգամբում սկսեց երգել մի ծիտ:
Թվում էր, թե նա առաջին անգամ էր երգում, քանզի անվստահ էին ձայնի ելևէջները, թեպետ այնքաˉն բացահայտ էր ունկնդիր ունենալու նրա թախանձը, որ ակամա դուրս եկա: Իրոք, ցածր է թռչնի դայլայլը, ու թեպետ վատ լսողության պատճառով նա, հավանաբար, չհասկացավ իմ անսպասելի շարժման պատճառը, բայց, այնուամենայնիվ, հետևեց, ու մենք միասին ունկնդրեցինք թռչնի դեբյուտը: Եթե նույնիսկ նա չլսեց երգի գողտրիկ մանրամասները, այս պահին ավելի քան վստահ եմ, որ կարեկցելու չափ հասկացավ թռչնի աղերսը` ելնելով նրա փետուրների գույնից: Այդ էր պատճառը, որ նա ժպտաց մի հին ու տաք բան հիշողի նման, և ինձ թվաց, թե մենք հիշեցինք միևնույն բանը, ու ակամա կրկնօրինակեցի նրա ժպիտը: Իսկ թռչունը, որ ակամա հաղթահարել էր առաջին խոստովանության դժվարությունը, թվացյալ համարձակությամբ սպասում էր ինչ-որ մեկին: Մի պահ թվաց, թե իմ ավելորդ լսողությունը պարզապես խանգարում էր ինձ նրա չափ հասկանալու թռչնին, ու կա լսողության մի չափ, որն աստվածային է, որ մաքրագրում է ձայնային քաոսը և թողնում է միայն այն չափը, որ աստվածահաճո է:
Իսկապես, ո՞րն է տեսնելու, լսելու, զգալու այն չափը, որ չի բարկացնում Աստծուն: Ինչպես հանճարեղ մի բանաստեղծ է ասել. «Ոˉվ բազմաբնույթ ու հակասական դու` չափ»:
Գուցե սա հայացքն ու լսողությունը դեպի ներս ուղղելու շնորհ է, որով նա մի օր ընտրողաբար վարվում է իր հլու ընտրյալներին: Քանզի միայն հլուն է կրում չափն աստվածային: Ուրեմն ո՞րն է մարդկային բոլոր ձայների միջից այն մեկը, որը ո՛չ բարձր է, ո՛չ ցածր: Չափը սրբազան, ազատ, զորեղ ու արարչագործ, որով ընկալվում է հորդումը բանական ձայնի, որով ազատ են ջուրը և բանականությունը, որով մեկնված ու դատապարտված են կապերը բոլոր: Երևի այս գիտակցությունից էր, որ այնքան էր նայում միակ անվարագույր աչքը, որովհետև չափի, իմաստության ու խոնարհումի այսպիսի հարաբերությամբ շաղախված հոգին պարզապես… դատապարտված է փրկության: Նա, որ թռչնի անակնկալ ճախրանքին երկնքում հետևող իր կենտրոնացած եզակի աչքով քիչ առաջ այնքան նման էր կենդանի տելեսկոպի, հանկարծ, առանց նախազգուշացման, փոխակերպվեց մկանե տապանի, բայց այնպիսի տապանի, որն ի զորու է կրելու ողջ մոլորակը դեպի փրկության եզերքները, առանց նավի ու առանց մկանի լարման: Բավականությամբ, կարեկցանքով, ցանկության ու կամքի գերբնական լարումով ու մի անասելի ճշգրտությամբ, որով ստույգ թիվը անսահմանորեն բաժանում է ջրերի վրա:
…Իսկ ճյուղի վրա թռչունն այլևս մենակ չէր: Մի գունավոր ծիտ երեք մատներով շոյում էր նրա բացակա կողը: Բայց որքան զգոն, արագ ու նաև սենտիմենտալ է Աստված… երբեմն: Մի պահ թվաց, թե հրամանի պես միանշանակ դեպի ծանոթ երկինքն ուղղված նրա պարտադրող հայացքն էր պատճառը այս աննկատ արագ արարչագործության: Ես ավելի քան վստահ էի արդեն, որ նրա բացակա աչքը ոչ թե զավեշտով խլվել, այլ կամովին զոհաբերվել էր երկնքի տեսողությանը: Ու երևի դա է պատճառը, որ թե՛ պոետը և թե՛ գիտնականը զգուշորեն, շատ զգուշորեն են փորձում բանակցել այդ հավասարապես պոտենցիալ աստծուն և պոտենցիալ անծանոթ հրեշին, սիրուն տիկնիկի պես լուռ, կույր ու համր ձևացող, սահմռկեցուցիչ ձայնաքաոսային պատին, որի դուռը թակել կարելի է, ինչպես նա ինքն ասաց, միայն հրթիռային պայթյունին հավասարազոր ձայնային հզոր դղիրդով: Այլապես ոչ ոք չի լսի: Եվ իսկապես: Հազար փառք այն շերտին, որն, ի սեր մարդու թմբկաթաղանթի, հրաժարվել է ձայնահաղորդ լինել:
Տիեզերքն իր մտածողության հավիտենականությամբ և մարդն իր հավիտենական մտածողությամբ: Մարդ: Զգայական հյուլե: Նաև անսահմանի չափման միավոր, առանց որի ընկալման, գիտակցության, գնահատանքի ու աստղապաշտության աննշանակալի կդառնար անսահմանը, զառանցանքի կվերափոխվեր հավերժությունը: Տիեզերք:
Անընդգրկելի և անընդմիջելի տարածք, ուր վերջնականորեն կորչում են մեր երազները: Հակառակ ափ, որտեղից այնքան ավելի կանաչ է թվում… մենությունը: Կրկեսային հնարքներով վարժված աստղեր, որոնց մարդը սովորեցրել է գուշակել իր ճակատագիրը: Վերջին կարմիր մայրամուտի վախից ու դրախտի միաժամանակյա հույսից շվարած ոստայն: Կորուստները, հուսախաբությունները, հրավառություններն ու խավարումները միաժամանակ կրող և այս ամենը ծիրանագույն ժպիտով արտացոլող էլաստիկ դիմակ: Իր ներսում անվերջ քանդվող-հավաքվող, բայց արտաքինից համասեռ ու խաղաղ թվացող ընդերք: Խելառ սիրո պահին բնազդով դեպի երկինք նետված և հագենալու համար անվերջ նոր ձևեր հորինող հնարամիտ աստղազարդ ձեռքեր: Ծիածանի գունավոր տառապանք:
Ա՛յ դու անուղղելի քմահաճ, անընդգրկելի զգայական, անկշռելի խոր ու այս ամենի ընթացքում հավերժորեն սեթևեթող… թիթիզ հայելի: Դու ձանձրալի ես… կրկնության պես:
Իսկ նա շարունակում էր խոսել` ուսերը համաչափ ցնցելով, սեփական իմացության ճնշման տակ եռման կետին հասած թեյնիկի բարբառով, որովհետև լցված նավը ժամանակ առ ժամանակ պետք է բեռնաթափվի, և այն, ինչը նա շտապում է թողնել այստեղ, միայն մեզ է հարկավոր, քանզի այնտեղ` վերևում, նա պարզապես դատապարտված է փրկության: Որովհետև այսպիսին է իր ժամանակի սահմանափակությունը գիտակցող, մոլորակի շարունակությունը գիտակցող, մոլորակի շարունակելիությանը մասնակցող հոգևոր դինամիկան:
Վայրենի նախամարդ: Նարեկացի: Քրիստոս: Հոգու և մտքի էվոլյուցիա: Հանճար: Բանականության և երևակայության դաշնություն: Հավասարապես զարգացած ուղեղի աջ և ձախ կիսագնդեր: Հավասարապես պոետ ու գիտնական: Ամբողջ դասական հարմոնիան մինչև իմպրեսիոնիստները հիմնված է Պյութագորասի ստեղծած ներդաշնակության համակարգի վրա: Գիտնական, որ մի օր որոշեց տրոհել լարը, ճիշտ այնպես, ինչպես հյուլեն է տրոհվում գիտնականի մտքում, կամ այնպես, ինչպես բառն է տրոհվում բանաստեղծի տողում, ու ստեղծվեց հնչյունային ավետարան` իր խստագույն օրենքներով:
Տաղաչափությանը, որ հարմոնիայի նման ճշգրիտ գիտություն է, տիրապետում էին Նարեկացին, Չարենցը: Իմ իմացած դրախտներից ամենասիրելիի` Սվեդենբորգյան դրախտի հեղինակը նախ քահանա էր, որ հետագայում մխրճվեց գիտության մեջ և դարձավ թագավորի զինվորական ինժեները: Ու քանի ողջ է մենության հրեշն ու մահվան ուրվականը, հոգևորականները կշարունակեն մշակել դրախտի տարատեսակներ, գիտնականները կշարունակեն ճշտել դժոխքի և դրախտի ջերմաստիճանը, իսկ պոետները կշարունակեն կահավորել դրանք իրենց երևակայության անփաստարկելի հայտնություններով: Սուտ է: Հայտնությունները չեն ուշանում: Պարզապես յուղոտ նյութը մի քիչ պղտորել է մեր սրբատեսությունը: Պարզապես սրվել է մեր ընտրովի խավարասիրությունը, փարթամացել են մեր հոգու ծուլությունն ու քնկոտությունը: Այնքան ավելի հեշտ է ապրել ժառանգած ստով, ժառանգած կոշիկներով, ժառանգած ճշմարտություններով, կուշտ փորով ու հրեշտակի անիմաստ ժպիտով: Օրեր են, էլի, կմթնեն, անց կկենան:
Բայց ուզենք թե ոչ… նրանք գալիս են: Գալիս են առանց նախազգուշացման, առանց հրաշագործի կեցվածք ընդունելու, ծառայի պես հլու, ճիշտ այնպես, ինչպես առաջին բառն է գալիս բանաստեղծության մեջ, ու հենց այդպես էլ հեռանում են: Ու հաճախ նրանց թողած ոտնահետքերի անսովոր չափերից է, որ մենք ճանաչում ենք նրանց, քանզի ինչպես մեր օրերի մի հայ պոետ է ասել. «Երկիրը փոքր է հայացքիս համար, և ոտնահետքս մեծ է նրանից…» (Վահան Վարդանյան): Ուշուշ, բայց առանց ուշացման նրանք գալիս են խանգարելու ծույլերի քնկոտությունը, ապաքինելու խավարասիրությունը, ճշտելու աստվածային չափը, լարելու ժամանակի ստեղնաշարը, ու մենք է, որ ուշացումով ենք տեսնում նրանց: Նրանք գալիս են ի վերուստ ճշգրտորեն սահմանված հաճախականությամբ և, ինչպես նույն պոետն է ասել` «Հավերժության կապույտ քողի պատմուճանով, խաչելության ցավն առած իրենց կրծքին… տկար մարմնի հոգնությունը հաղթահարած իրենց հոգով»: Սիրում եմ, երբ անաղարտ ճշմարտություն գտնելու համար ամեն անգամ ստիպված չեմ լինում բացելու միևնույն Ավետարանը: Ու նաև ուրախ եմ մեր օրերի պոետի այսպիսի գիտակցության ու այսպիսի տեսողության համար, քանզի ազնվատոհմ ու անկաշառ լուսատուների այսպիսի տեսողությանն է վստահված ի վերուստ հանճարի հայտնագործման ու խնամքի մենաշնորհը: Որ չլինի վատ բան, որչսպառվի հանճարի լույսը, ուժն ու ժամանակը միայն սեփական տեսակի գոյությունն արդարացնելու, իր հայտնությունը բացատրելու վրա: Որ նա իր հետ չտանի ավելին, քան թողնելու է: Որ չճզմվի նա իր ակամա խաչի ծանրության տակ: Որ չորբանա մոլորակը: Որ չնեղանա Աստված, երբ տեսնի միջակության հրեշի ձեռքերում իր շնչառությունը վերականգնել փորձող, մի տեսակ ինքն իր լույսից ամաչող հանճարին: Իր լույսի կրողին: Ու եթե կա իրոք ահեղ դատաստանի օր, ապա ամենամեծ պատժին արժանանալու են այն լուսավոր գլուխները, ում կամավոր կուրությունից վիրավորվել կամ ինքն իր մեջ է հավաքել լույսը: Քանզի լույսն ունի այսպիսի բնավորություն: Քանզի հեռացող հանճարը հաճախ իր հետ տանում է ինչ-որ փրկության կոդ-բանալի: Կպատժվի նա, քանզի հանճարը չունի ազդեցություն ու պետություն և պահպանվում է անձամբ… Աստծո կողմից: Պատժաչափի այս բնազդային ընկալումով էր երևի, որ խոնարհվել է աշխարհակալ Նապոլեոնի գլուխը, երբ նա հանդիպել է Գյոթեին: Ահա մարդը` ներքին դողով մատնանշել է նա ու հրամայել անձեռնմխելի դարձնել նրա անձն ու ունեցվածքը: Սա այն դողն է, որով հոգու արիստոկրատը խոնարհվում է իր տեսակի արարչական կատարելության առջև:
Փաˉռք այսպիսի մտածողություն ունեցող զորավարին, մարդուն, պետությանը: Փաˉռք դրախտի ապագա բնակչին: Բայց այս ամենին, այնուամենայնիվ, դիմակայող հանճարների շնորհիվ կյանքը Երկրի վրա ավելի տանելի է դարձել, և ոչ ոք առանձնապես չի շտապում դեպի երկինք:
Երկար է հանճարի շունչը, ու բնականորեն երկար, շատ երկար է տևում երբեմն նրա արձագանքի բյուրեղացումը ժամանակի ու տարածության մեջ: Հազար տարի էր հարկավոր Նարեկացու շնչի ընկալման ու արձագանքի համար ու դեռ… շարունակվում է: Երկու հազար տարի է, որ լռվել ենք Քրիստոսի մի բուռ պատվիրանների վրա ու դեռ շարունակում ենք շոշափել օդը: Բայց վհատելու չէ: Վհատելու չէ, քանի դեռ տրոփում է մեր արյան մեջ այն ազնվատոհմ գենը, որ մեզ հասցրել է մինչև այստեղ: Քանի դեռ իր մենության պահերի մեջ դեռ ինքն իրեն չափում-կշռում… տրտմում է մարդը: Քանի դեռ կարողանում է նայել հայելու մեջ ու թաքուն… ամաչել: Ի վերջո, հո իզուր չենք անցել այս ամբողջ ճանապարհը՝ վայրենուց մինչև Նարեկացի:
Հանկարծահաս կարևորության զգացումով սեղանից ելնում ու անկանոն ետ ու առաջ եմ տալիս հատակի վրա պատերին հենված անշրջանակ ծաղիկները: Դրանցից մի քանիսը անկ յուններում են, դեմքով շրջված դեպի պատը, ինչպես պատժված դպրոցականներ: Ես նրանց զգուշորեն շրջում եմ դեպի լույսը, մատով սրբում նրանց փոշին:
Նրանք աննկատ կենդանանում են և ժպտում նորածնի իմաստուն ու անքննելի ժպիտով: Սիրո այս ո՞ր չափն է, որ կարող է հավասարապես բաշխվել տիեզերքի ու ծաղկի միջև ու չպակասել ու անվերջ մ նալ նույնը, ինչպես խմորը հլու-հլու մորս փայտե տաշտի մեջ: Այո՛, հլու, քանզի ճիշտ է, որ միայն հլուն է կրում չափն աստվածային, քանզի հենց ինքն է աստվածային չափը:
Իսկ հեռվից հովը սարերից վերադարձող հովվի պես քշում-բերում էր գանգուր բույրերի ծանոթ հոտ: Առաջին անգամ ժամադրության գնացող տարեց կույսի պես չափից ավելի էր օծվել ամառվա թառամող օրը: Վերևում միաչքանի տիեզերքն էր` գիշերվա ու ցերեկվա սահմանագծում մարմրող միակ աստղով, իսկ առջևում` նույն հեռավորությունից լռող միաչքանի հորիզոնը: Իր քարե խխունջին հենված` հեռվում դանդաղ սպառվում էր մի անաղարտ լուսատու` օրվա մեջ ծուլորեն ծածանվող ափով:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Էսսեներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0


⇑ Наверх
⇓ Вниз