ՊԱՏՄՎԱԾՔ
Նախ… ավազե ժամացույցն էր: Ձայնը, ինչով շարժվում էին ավազահատիկները, անցյալից եկող հորանջի էր նման, որը ներկայի սեղմ ապակե գոտկատեղում վերածվում էր շվվոցի և ապա վերափոխվում հևոցի ու տարածվում ապագայի անհատակ խորխորատներում: Երբևէ այդքան աղմկոտ չէր եղել ժամանակը: Չգիտեմ, ե՞ս էի փոքրացել, թե՞ ժամացույցն էր ժամանակավորապես մեծացել. բայց այն հազիվ էր տեղավորվում ափերիս մեջ: Որոշակի անկյան տակ ապակու վրա ընկնող լույսը խոշորացույցի պես մեծացրել էր ավազահատիկները, որոնք որպես ժամանակը կրող դեղին հյուլեներ սահում ու գումարվում էին հատակի վրա:
Մանկությանս տանն եմ: Ժամացույցը, տրոփող թուլակազմ թռչունի պես ափերիս մեջ բռնած, զգուշորեն, ոտնաթաթերիս վրա քայլում եմ սենյակի երկայնքով: Սեփական ոտնաձայներս վախեցնում են ինձ, ու նախընտրում եմ կանգնել: Անակնկալ քամին շխկշխկոցով բացում-փակում է դռները: Ընթացքում տարօրինակ հերթականությամբ մի դռնից մտնում, մյուսով դուրս են գալիս փեշերը ծնկների մոտ ամուր բռնած վաղո՛ւց մեռած կնճռոտ պառավներ ու աչքով են անում ինձ: Ոմանց դեմքերը թվում են ծանոթ: Ոմանց հիշում եմ մորս պատմություններից: Ոմանց առաջին անգամ եմ տեսնում: Վերջին պառավը, ում անմիջապես ճանաչեցի, իմ երկարող մանկությունից հոգնած ու ծերացած տիկնիկն է, որն ինձ նախ չտեսնելու է տալիս, հոդախախտված ազդրը քարշ տալով արագորեն դուրս գալիս և շրխկոցով իր ետևից փակում է դուռը: Քիչ անց քամին հանդարտվում է, և ծանր, օսլայած վարագույրները կուսանոցային քույրերի պես իրար նայելով` ցուցադրաբար շտկում են իրենց փեշերը:
Սենյակի կենտրոնում հայտնված փայտե մեծ գրասեղանի ետևից ծա՛նր բարձրանում է հայրս, գիրքը սովորականի նման շրջում է ու քայլում դեպի ինձ, հատ-հատ ուղղելով պատերի վրա քամու պատճառով ծռմռված նկարները: Նա մոտենում, առանց խոսքի ձեռքիցս խնամքով վերցնում է ավազե ժամացույցը և դնում բուֆետի վրա` երկու կավե սրբերի արանքում: Հետո շրջվում է ու վերադառնում իր գրասեղանի մոտ: Իմ կանգնած տեղից այլևս չի երևում ժամացույցը: Ետ-ետ քայլելով` պարանոցս ձգում եմ որոշակի անկյան տակ ու կանգնում: Հիմա արդեն երևում է: Զարմանում եմ, որ ափերիս բացակայությունից չի խաթարվել ժամանակի ընթացքը, և որ ավազահատիկները, ինչպես ժամանակի շինանյութի հյուլեներ, շարունակում են գումարվել` կարծես թե ոչինչ չի պատահել:
Վիրավորանքս թաքցնելու համար մեջքիս վրա արագ հանգուցում եմ արդեն անիմաստ թվացող ափերս ու շարունակում նայել ժամացույցին:
Ուսերիս վրա շոշափելիորեն զգում եմ հորս խստությունը և առանց ապացույցի սպասելու կանգնածս կետում պարզապես անսպասելի, բայց վայելչորեն շրջվում եմ դեպի գրասեղանը, առանց պարանոցս շարժելու, կոպերիս տակից ճշտում եմ հորս հայացքի ջերմաստիճանը և, համոզվելով, որ նրան իրապես դուր չի գալիս կեցվածքս, նույն ոտքիս վրա պտտվում եմ ևս երեք անգամ և ետ-ետ սահելով դուրս գալիս սենյակից, իբրև ….. ոչ մի կապ չունեմ ժամացույցի հետ ու պարզապես այդպես էր պահանջում պարը:
Չգիտեմ, թե սա որքանով է համոզում հորս, բայց արդեն դռանը հենված անդրադառնում եմ, որ նախկինում երբևէ ինձ չէր հաջողվել այսպիսի երկարատև ու վայելուչ պտույտ կատարել մեկ ոտքի վրա, ինչպես փորձառու պարուհի:
Արթնանում եմ ծափահարություններից: Նախ ինձ թվում է, թե դրանց պատճառն իմ պրոֆեսիոնալ անկրկնելի պարային էտյուդն էր, և ուզում եմ վայելչորեն խոնարհվել… երկու անգամ: Հետո հասկանում եմ, որ ծափերի իրական տերը հոր ծնկերի վրա զգաստ կանգնած նույն երեխան է, որ թռիչքի սկզբից ի վեր իր անդուր նվոցով զզվեցրել էր բոլորին:
- Ապրես, բալի՛կ ջան, - անկաշկանդ ծափահարողներին միացա նաև ես, նախազգալով, որ երեխան արդեն իսկ փոշմանել է իր լացի կարճատև ընդմիջման համար: Չէի սխալվում: Երեխան մտածելուս հետ դանդաղ վեր քշտեց փափլիկ շուրթերի եզրերը, կնճռոտեց այտերն ու շարունակեց նվոցը` կտրված տեղից:
- Հանցագործություն է այս տարիքի երեխայի հետ ճամփորդելը, - ականջակալներն ուղղելով բողոքեց կողքիս նստած համառորեն ծափ չտվող մարդը, որն ամբողջ թռիչքի ընթացքում անվերջ թերթում-կարդում էր… ինչ պատահի: Նրա ճաղատ, փոքր-ինչ անոսկր թվացող, անփայլ ու անարյուն գլուխը անհամեմատ մեծ էր թվում նստատեղի մեջ համարյա կորած մարմնի ու թույլ, բարալիկ ծայրանդամների համեմատությամբ:
Ականջները հեռուստակայանին միացող ռետինե խողովակներով, ակնոցները ետևից իրար կապող լարով, շուրթերի արանքում խցանված թափանցիկ ձողիկով, որով նա աղմուկով վեր էր քաշում բաժակի պարունակության վերջին օդախառն կաթիլները, հարևանս նման էր վերակենդանացման պալատում անկողնու մեջ նստած ետքաղցկեղային հիվանդի: Երբ էկրանի վրա երևաց Բուշի թուլամիտ դեմքը, նա մանրամասն կուլ տվեց բերանի պարունակությունը, ապա երեխայի բարձրաձայն լացը հաղթահարելով` շրջվեց դեպի ինձ.
- Վեր-ջա-պես: Վերջապես կոնգրեսը համաձայնել է պատերազմին:- Ու ժպտաց ինքնագոհ, մի շուրթանի թվացող բարակ ժպիտով:
- Դուք կո՞ղմ եք, որ պատերազմ հայտարարվի Իրաքին,- չիմանալով, ինչպես արձագանքեմ նրա, իմ կարծիքով, անպատեհ հրճվանքին,- խոսեցի ես:
- Իհարկե`: Իսկ ո՞վ կողմ չէ: Ո՞ւմ է դուր գալիս երկրի տապալվող տնտեսությունը սեպտեմբերի 11-ից հետո: Գիտե՞ք, թե որքան դրամ կորցրին ներդրողները: Stoc-market-ին հետևո՞ւմ եք: Բացի այդ` աջակողմյան եմ, և, մենք բոլորս ենք կողմ պատերազմին:
- Իսկ անմեղ մարդիկ, երեխաները: Պատերազմը հո միայն առևտուր չէ՞…
- Մարդիկ թող խելոք պահեն իրենց: Թող անեն այն, ինչ իրենցից պահանջվում է: Իսկ չի՞ անհանգստացնում, որ Իրաքի պես մի հետամնաց երկիր ունենա զանգվածային բնաջնջման միջոցներ: Տգետ մարդու պես վտանգավոր է տգետ ժողովուրդը: Նրանց հետ հարկավոր է զգույշ լինել:
- Իսկ ի՞նչ է, առաջադեմ երկիրը չի՞ կարող անարդար ու դաժան լինել: Ապահո՞վ էին ճապոնացի երեխաներն ու ժողովուրդը, երբ այդ նույն զենքը առաջադեմ երկրի ձեռքում էր:
- Դա բոլորովին այլ խնդիր էր: Դուք երևի պատմությանը լավ ծանոթ չեք: Ես, այնուամենայնիվ, ծափահարում եմ Բուշին: Միայն պատերազմը մեզ կփրկի այսօր: Աստված վկա:
Կլոր լուսամուտին կից նստած իմ մյուս ուղեկիցը, որի մաքուր օսլայած օձիքից հասկանալի էր, որ կաթոլիկ քահանա է, ՙԱստված՚ բառի վրա նախ ուղղվեց, ապա մի թեթև առաջ թեքվեց ու սպասեց, կարծես թե մեկն իր անունն էր տվել: Հետո, քանի արթնացել էր, ձեռքի հետ սկսեց թերթել փոքրիկ, ճամփորդական ավետարանը:
- Դուք երևի զենքի արտադրությամ մեջ եք ներդրել, հա՞ … ձեր ամբողջ գումարը,- անդուր խոսակցությունը ակամա շարունակեցի ես:
- Ես այն զենք չէի անվանի: Ընդհակառակը, խաղաղություն է խոստանում իմ արտադրանքը:
- Ո՞ւմ:
- Մարդկությանը: Խոսքս մի նյութի մասին է, որը կչեզոքացնի պատերազմի պատճառները:
- Նկատի ունեք հարուստ կորպորացիաների նավթային ախորժակը:
- Ընդհակառակը: Ի նկատի ունեմ աղքատների և տգետ մոլեռանդների աշխարհը փոխելու ախորժակը, որոնք շոշափելի ոչինչ չունեն և ստիպված են կառչել խորհրդանիշներից: Ազգային սնապարծություն: Ավանդույթ: Ադաթ: Կրոն: Աստված:
Շեղաչ քահանան Աստված բառի վրա նորից անհանգիստ շարժվեց աթոռի մեջ, թեև այս անգամ արդեն չթեքվեց առաջ:
- Եվ ի՞նչ է անելու ձեր նյութը այդ խորհրդանիշների հետ:
- Ազդելու է մարդու գենետիկ հիշողության վրա և անտարբեր է դարձնելու նրան իր անցյալի, ծագման, ավանդույթի ու արմատի նկատմամբ,- ինքնավստահորեն շարունակեց նա` ընթացքում դեպի ինձ հրելով դեռևս սևագիր մի գրքույկ, որը վերնագրված էր` ՙՎերջին տարբերակ՚:
-Իսկ ո՞ւմ է պետք այդպիսի մարդը: Կլոր. կուշտ փորը և անիմաստ, թուլամիտ ժպիտը,- հեգնանքով ավելացրի ես:
- Վա՞տ է: Դրախտը հենց նույնը չի՞ խոստանում: Կրոնը չկարողացավ մատուցել իր խոստումը այն աշխարհում, գիտությունը նրան կօգնի այն իրականացնելու այստեղ` Երկրի վրա:
- Իսկ դուք կցանկանայի՞ք ապրել ձեր մտածած աշխարհում, ուր մարդը զուրկ կլինի իր հիշողությունից, արժեքներից, կրքերից ու աստվածատուր ընտրելու իրավունքից:
- Ո՜չ, ո՜չ: Դուք ինձ լավ չհասկացաք: Նրանք կունենա՜ն ընտրելու իրավունք, պարզապես նրանք կընտրեն միևնույն բանը, կմտածեն նույն ձևով: Կընտրեն նույն Աստծուն: Կաղոթեն նույն ձևով: Ճիշտ դրախտի նման:
- Դա միևնույնը չէ՞, թե ընտրության իրավունք չունենաս:
- Նյութը նախատեսված չէ բոլորի համար: Կլինեն նաև իսկական ընտրողները: Ընտրողների ընտրյալ շրջանակ: Նյութը ամբոխի համար է, տգետ, չտեղեկացված, չկարդացած զանգվածների համար:
- Դուք խոսում եք արհեստականորեն շերտավորված հասարակարգի մասին: Դա հակամարդկային չէ՞:
- Այսպես թե այնպես, հասարակությունը միշտ էլ շերտավորվում է: Իսկ ինչո՞ւ այդ շերտավորումը չկատարել գիտակցաբար` կանխելով տգետ ամբոխից սպասվող վտանգները:
- Բայց միևնույն է, ինձ դուր չի գալիս մարդկանց միանման մտածելու, նույն ձևով հավատալու գաղափարը:
- Իսկ ձեզ ի՞նչ է դուր գալիս: Որ ամեն տգետ ՙՆերկիր ինքդ՚ գրքի նման իր ուզած գույներով ներկի իր Աստծուն և զատկի նման կռվեցնի մյուսի Աստծո հե՞տ: Ձեզ դա՞ է դուր գալիս: Ձեզ դո՞ւր եկան խաղաքարտերի պես փլվող երկնաքերները: Դուք նույնպե՞ս հավատում եք, որ նրանք հիմա դրախտում են, բանալիները վզներից կախ տված այդ տգետ մոլեռանդները, որոնց պատճառով պարալիզվել է ամբողջ տնտեսությունը: ¥Նա անսպասելիորեն անցել էր դու-ի: Երևի այդպես է լինում, երբ խոսքը Աստծո սիրո մասին է:)
- Դա ուրիշ բան է: Այդ գալիս է սիրո պակասից: Դարի հիվանդությունն է սիրո պակասը:
- Սիրո պակասի՞ց: Եվ դո՞ւ էիր ասում, թե դեմ ես միանման մտածողությանը: Սերը չի պակասել: Այն այլանդակվել է, չափազանցվել: Տգետ մարդու սերը ևս վտանգավոր է: Ավելի վտանգավոր, քան ատելությունը, որովհետև անկանխատեսելի է դրանից բխող գործողությունը:
Սե՛ր…
Զրուցակիցս այնպիսի հեգնանքով արտասանեց սեր բառը, որ թվաց, թե իսկապես աշխարհի մեծագույն չարիքն է այն: Հետո ծայրեծայր արտասանեց մի գեղեցիկ հատված ՙՎենետիկի վաճառականից՚, ուր գովերգվում էր մարդկային խղճմտանքը, որպես թագավորին թագից էլ ավելի սազական հատկանիշ: Այնուհետև նա խոսքը շարունակեց մի այլ գրողի քառատողով, ուր գովերգվում էր սերը: Դժվար էր հավատալ, որ այդ տողերն արտասանողը քիչ առաջվա շերտավոր ՙդրախտի՚ հեղինակն է, աշխարհի ու մարդու նկատմամբ ծայրեծայր ատելությամբ լցված ու ՙՆոր Աստծո՚ մեծամոլությամբ տառապող միևնույն անսիրտ մեծագլուխը: Այնքա՛ն կուզեի սառեցնել նրա միտքը այդ վերջին տողերի վրա:
- Այս ամենը շատ լավ է հնչում գրքերում,- շարունակեց,- բայց կյանքը բոլորովին այլ բան է սովորեցնում: Աշխարհի գրադարանները լի են սիրո ավերածություններով: Ասա խնդրեմ, ինչո՞վ է կարևորվում այն զգացումը, որը բանականությունից զրկում, կուրացնում ու ստորացնում է մարդուն: Ինչպե՞ս հարգել այն մարդուն, որն իր վերջին թղթադրամը խցկում է մետաղաձողի շուրջը պտտվող պատահած պոռնիկի վարտիքի մեջ, պառկում է նրա հետ ու հետո շտապում տուն` լողանալու: Սե՛ր…
-Խոսքս այդպիսի սիրո մասին չէ,- ասելիքի դրամատիզմը շեշտելու մտադրությամբ առիթից օգտվեցի ես:- Խոսքս այն մասին է, որի ժամանակ քեզ թվում է, թե դու նոր ես ծնվում նրա կողոսկրից… արարման թատերական փորձի պես: Այնպիսի սիրո, որի ժամանակ սիրաբանությունը աղոթքի պես վերամբարձ է, մաքուր: Որից հետո չես ուզում… լողանալ…
- Ինձ համար սեքսը միզելու պես ցանկություն է,- արհեստական ատամնաշարը լեզվի ծայրով մաքրելով անտարբեր շարունակեց նա,- որքան կարողանում եմ հետաձգել, այնքան ավելի առողջ եմ զգում ինձ: Ժամանակի անիմաստ կորուստ է: Մեր ժամանակներում դրամն ու ժամանակը միայն մի բանի վրա կարելի է ծախսել: Գրքերի: Իմֆորմացիա: Ին-ֆոր-մա-ցի-ա: Սա է փրկվելու միակ ձևը: Կարդալ է պետք: Կար-դալ:
Ուղեկիցս այնքան իրազեկ էր քաղաքականությունից,կրոններից, գրականությունից ու փիլիսոփայությունից, որ կարող էր միաժամանակ երկու հակամետ ուսմունք կառուցել և երկուսն էլ հավասարապես արդարացնել: Կենտրոնացման պահին նրա անգույն այտերը թեթևակի շառագունում էին` դանդաղ լարվում ու կարմրում էր քթի արմատից դեպի չվերջացող փափուկ ճակատը ձգվող պարանի պես մի զարկերակ, որով համարյա լսելիորեն տեղափոխվում ու վերաբաշխվում էր ինֆորմացիան: Նա այնպես վարպետորեն էր տիրապետում իր իմացության գրքային պատառիկներին, ինչպես աճպարարն իր գունավոր թաշկինակներին: Ինքնավստահ և ստրկատիրաբար:
- Մոռացիր սկզբունքների մասին: Երկիրը սկզբունքների պատճառով չէ, որ արարվել է: Ինֆորմացիա և անալիզ: Պատճառ և հետևանք: Ամեն բան կարելի արդարացնել, եթե հարկ լինի: Ճշմարտության մի տեսակ կա միայն: Անհատական: Սիրո և գեղեցկության մասին էլ մի՜ անհանգստացիր: Այն, ինչ շահեկան ու օգտակար է, նաև գեղեցիկ է: Չէ՞: Եթե գիտությամբ զբաղված լինեիք երբևէ, կհասկանայիք ինձ:
- Ես 15 տարի աշխատել եմ գիտահետազոտական լաբորատորիայում: Փրկություն էինք ուզում գտնել AIDS-ով հիվանդների համար: Հասկանում եմ գիտական մտքի աշխատաձևը, բայց, միևնույն է, ինձ դուր չի գալիս մայթերի վրա շարժվող ցանի պես միատարր ամբոխը: Ձեր ասածը ավելի շատ ֆանտաստիկ է թվում, քան գիտական: Գուցե ֆիլմ նկարենք:
- Եթե երբևէ առիթ ունենաս այցելել իմ լաբորատորիան, կհամոզվես, որ այնտեղ ֆանտաստիկ ոչինչ չկա: Յոթգույնանի ճաշատեսակներից միայն կանաչ զանգված է շուրջը համախմբված, և սպիտակ, փափլիկ մկները քեզ կապացուցեն միանման լինելու և միանման ճաշակի գեղեցկությունը: Իսկ կուշտ կլոր փորիկները քարշ տալով` կժպտան մանր ատամներով ու խաղաղ կտեղավորվեն կողք-կողքի, քեզ կթվա, թե գտնվում ես մկների նոր կատարյալ հասարակարգում…
- Դրախտում,- ընդհատում եմ ես:
- Այդ էլ սխալ չէ… Այնպես որ , ֆանտաստիկ ոչինչ չկա: Ափսոսում եմ այն միլիոնավոր դոլարները, որ ձեր նման մարդիկ վատնում են AIDS-ի վրա: Ինչո՞վ է կարևոր իր և ուրիշների առնանդամի պաշտամունքով հիվանդ սեռաշփոթի փրկությունը: Պատկերացնո՞ւմ եք, եթե մի օր կլոնվի նրանց գենը և աշխարհը լցվի միասեռականներով… Ինչ է, վերջացե՞լ են աշխարհի վրա առավել կարևոր գործերը: Այդ դրամով կարելի էր նոր Աստված արարել:
- Քո ծրագիրց երևում է, որ դո՜ւ ես ուզում ստանձնել այդ նոր Աստծո դերը: Չե՞ս վախենում դեռ պաշտոնաթող չեղած Աստծո վերջին դատաստանից,- հեգնանքով փորձեցի խոսքս վերջացնել ես:
- Ես ամբողջ մի կյանք տքնել եմ գրադարաններում` փորձելով հասկանալ տիեզերական ուժի, երկնային միապետի, Աստծո, եթե ուզում ես այդպես անվանել, աշխատաձևն ու սպասելիքը: Թող վախենան նրանք, ովքեր Ավետարան են կարդացել միայն և այն էլ… հավանաբար կարգին չեն հասկացել,- ու հայացքով ակնարկեց կողքիս կիսախուփ աչքերով ննջող քահանային:- Տեսնո՞ւմ եք, թե ում է վստահված մարդկային հոգու փրկությունը: Ցավալի չէ՞:
Գիրքը սրբություն է,- ասում էր հայրս և ստիպում, որ լվացվենք կարդալուց առաջ: Նա ինձ կտրականապես արգելել էր Արամի հետ հանդիպել, քանի որ նա ՙկյանքում ոչ մի գիրք չէր կարդացել՚ և, հետևաբար, նրանից չէր կարող մարդ դուրս գալ: Երանի թե ողջ լիներ հայրս ու տեսներ, թե ինչպիսի մարդիկ են դուրս եկել շատ գիրք չկարդացողներից և բացի այդ… Արամը արդեն պատգամավոր է: Հայտնության պես հանկարծ զգացի, որ չեմ սիրում գիրք կարդացող մարդկանց… այսօրվանից: Հայտնությունս ընդհատեց երկարահասակ ուղեկցորդուհին, որն ինձ քնքշորեն առաջարկում էր գառ կամ խոզ: Ես փորձեցի հրաժարվել, որովետև սիրտս սկսել էր խառնել, բայց ՙաջակողմյան՚ ուղեկիցս ընդհատեց միտքս.
- Ոչ… ոչ… ոչ: Նա քիչ հետո կարող է փոխել միտքը: Խոզ… խնդրում եմ: Ինձ համար նույնպես խոզ բերեք: Լավ է եփած, չէ՞: Խմիչքն անվճար է, չէ՞: Վիսկի: Լավ, գարեջուր էլ բերեք:- Հետո դարձավ ինձ:- Եթե չուտես, ես տուն կտանեմ: Ես սիրում եմ օդանավի ուտելիքները: Բացի այդ` անվճար է: Ինչո՞ւ չօգտվել: Քիչ անց նրա անգույն, բարակ մատները շոշափուկների պես տարածվել էին սեղանիկի վրա խճճված տիկնիկային չափսերի ուտեստեղենի վրա և թվում էր, թե նա ոչ թե ուտում է, այլ մարմնի ամբողջ մակերեսով կլանում, ներծծում է անվճար կենսանյութը: Քահանան գառ էր պատվիրել… հասկանալի պատճառներով: Պլաստիկ դանակ-պատառաքաղների թուլակազմ, ռիթմիկ թկթկոցները հանկարծահաս համեմատական լռության ֆոնի վրա աղանդավոր, պաշտամունքային դզզոցի նման գլխապտույտի ու մեդիտացիայի միաժամանակյա զգացողություն էին առաջացրել, և պարտադրված տհաճությունից ժամանակավորապես փրկվելու համար բարիկադների պես վար իջեցրի կապերս, նախապես ձեռքս առնելով փսխելու համար նախատեսված տոպրակը:
Ես կանգնած էի կիսաբաց տան առաջ, և նա անմիջապես չնկատեց ինձ: Հատակի վրա ծնկաչոք կարծես ինչ-որ բան էր փնտրում: Լույսի այն տեսակն էր, որ փայլեցնում, փոքրացնում է գլուխը և ընդգծում, մեծացնում է ուսերը: Պարանոցը ամենևին չէր երևում և թվում էր, թե փոքրիկ հրագունդ հիշեցնող գլխի շարժումները զուտ պատահաբար են համընկնում վեր ու վար անող հսկա կրծքավանդակի շարժումներին: Վերջին մանրատախտակներն էին խփում արդեն: Հատակի վրա ռիթմիկ բարձրացող-իջնող նրա թիկնեղ մարմինը իմ կանգնած տեղից նման էր սիրո հավերժական շարժիչի: Երբ վերջապես նկատեց ինձ, երկու մատով զգուշորեն շուրթերի արանքից դուրս քաշեց երկար մեխը և արագ ոտքի կանգնեց: Հանկարծ զգացի, որ նրան առաջին անգամ եմ կանգնած տեսնում:
Ուսերը մի թեթև ետ գցած, մկանուտ սրունքները իրարից մի քիչ հեռու դրած Սամվելը թվում էր այնքան ամուր ու հաստատուն, որ ակամայից ուզեցի… հենվել նրա վրա:
- Կներես տեսքիս համար,- կարճ շալվարը ակնարկելով սկսեց նա,- չհասցրի փոխվել:Թույլ, կիսակոճկված, շերտլավոր վերնաշապիկը տեղ-տեղ քրտնել, կպել էր մաշկին: Հայացքս որսալով, նա ամթոխած կույսի պես սկսեց կոճկել այն:
- Շատ շոգ էր այսօր:
Վերին շրթունքը դեռ ամբողջովին չբացված տերևի պես կենտրոնում մի թեթև վեր էր շրջված, կարծես մի կերպ պահելու եզրագծին խիստ զուգահեռ շարված քրտինքի կաթիլները` վաղորդյան ցողի պես: Սենյակում կահույք չկար: Միակ աթոռը ծածկված էր Սամվելի մաքուր հագուստներով, որը նա չէր հասցրել փոխել: Ներկոտ, տեղ-տեղ քրքրված վարագույրի ճեղքերից անհամաչափ, կարծես սխալմամբ ներս ընկած արևի կցկտուր ճառագայթները անկանոն խճճվել էին նրա գլխավերևում` փշոտ լուսապսակի պես ու մնացել կախված: Լույսի չարաճճի շողերը շապիկի կարճ թևքերի տակ, գլխի վրա չգիտակցված փշե պսակով ու քմահաճորեն վեր շրջված շրթունքի մի անկյունում մարմրող թեք ժպիտով Սամվելը նման էր հեքիաթային ավազակի ու ինչ-որ անծանոթ սրբի զարմանահրաշ մի հիբրիդի, ու ծնկերս շվարել էին նրանից փախչելու և նրա առջև ծնկի գալու միաժամանակյա ցանկությունից: Անհետաձգելի ու թափանցիկ էր երևի ծնկներիս շփոթը, որովհետև Սամվելը առանց հապաղելու գետնին նետեց իր մաքուր հագուստները և մոտեցրեց միակ աթոռը` նստի՜ր:
Հետո գնաց խոհանոց: Ապակե դռան ետևից , խոհանոցի փոքրիկ տարածքում, Սամվելը նման էր սպորտային խանութի ցուցափեղկում կանգնած մանեկենի, որի իրական լինելը կարելի է ճշտել միայն նրա աչքերի մեջ երկա՛ր նայելով կամ … շոշափելով:
- Վաղը մեկնում ես, հա՞,- արդեն բաց արած գինու շիշն ու երկու բաժակ միաժամանակ ներս բերելով ու առանց աչքերիս մեջ նայելու` հարցրեց նա, - չկորես: Ձայն կհանես, եթե մի բանի պետք ունենաս: Ես միշտ պատրաստ եմ: Ամեն հարցով: Հետո ինձ պարզեց բաժակներից մեկը ու ծնկաչոք խոնարհվեց` բաժակն իմ բաժակին խփելու համար: Պարանոցի շղթայի վրա անկամ օրորվող արծաթե Քրիստոսը բաժակի հետ միաժամանակ դիպավ իմ բաժակին, ու զնգոցը, որ տարածվեց դատարկ սենյակում, մետաղի ու աղոթքի համաձուլվածքից պատրաստված ինչ-որ նոր երաժշտական գործիքի ձայն ուներ: Այնուհետև նա բաժակը դրեց հատակին ու մնաց ծնկների վրա:
Աստիճանաբար պակասող լույսը և կարմիր գինու մնացորդները ավելի էին ընդգծում նրա վերին շրթունքի եզրագիծը, վարդագույն, լարված, թափանցիկ ներվաթելի պես: Թվում էր, թե դրանով Սամվելը նաև տեսնում է, լսում… մտածում, ու ակամա ձգվեց ցուցամատս.
- Ինչ լավ է, որ թափանցիկ լաք ես օգտագործել: Այսպես ավելի լավ է երևում փայտի մարմինը,- ցուցամատիս անհանգստությունը ցրելու համար խոսեցի ես:
- Ոչ միայն մարմինը: Բնավորությունն էլ է երևում, - ավելացրեց նա ու ժպտաց միևնույն միակողմանի, թեք ժպիտով: Պարզ էր: Թեթևակի անկյան տակ փոքր-ինչ անճշտորեն իրար միացող առջևի երկու ատամներն էին պատճառը այս անդիմադրելի ժպիտի և մշտապես ինչ-որ բանով զբաղված թվացող վերին շրթունքի, որ հենց հիմա էլ երերում է անփորձ, առաջին անգամ թռիչքի պատրաստվող արագ թռչունի պես: Ցուցամատս դեռ ցավում էր նրա վերին շրթունքը թեթևակի սեղմելու ու արագ բաց թողնելու կոնկրետ, ճշգրիտ ցանկությունից, բայց փոխարենը կատվի պես ետ գցեցի գլուխս, իբր ամեն բան կագին է:
- Մի բան ասա, լսենք,- բաժակը նորից լցնելով շարունակեց Սամվելը:
- Դու ասա,- բռնվածի պես մատներս թաքցնելով պատասխանեցի ես:
- Ես ի՞նչ ասեմ: Դու ես աշխարհ տեսել: Դու ես կարդացել: Դու ես գրողը: Իմ միակ կարդացած գիրքը ՙԴոն Կիխոտն՚ է: Դրանից հետո է՜լ ժամանակ չեղավ: Մի բան կարդա քո գրածներից:
- Պոեզիայի հետ ո՞նց ես:
- Լավ չեմ հասկանում, բայց զգում եմ:
- Ի՞նչ ես զգում:
- Երաժշտությունը, որի պատճառով գրվել է տողը: Սրտով արված ամեն գործի մի երաժշտություն է նախորդում… չէ՞: Մի բան երգում է մեջդ, նախ: Դրանից հետո է, որ գրիչ ես վերցնում ձեռքդ կամ… վրձին:
- Նկարո՞ւմ ես:
- Մեկ-մեկ: Հայկական հիվանդություն է: Թե չէ շատ չոր է կյանքը: Գործ: Գործ: Հոգիս մեկ-մեկ նվաղում է: Ասում է` ես էլ կամ: Ինձ էլ լսիր: Ինձնո՜վ էլ զբաղվիր:
Սամվելի կարճ, հեռագրային նախադասությունները նման էին պարզ, անարատ, ավետարանական ճշմարտությունների, ու թվում էր, թե հետո եմ հասկանալու դրանց իմաստը: Լռությունը, որով պարբերաբար ընդհատվում էր նրա միտքը, թվում էր հավասարապես կարևոր, ինչպես երկու պատվիրանների միջև ընկած շնչառություն:
- Խոստացիր, որ չես կորի,- տեղից անսպասելի կանգնելով, ետ-ետ քայլելով,մի քիչ ներվային տոնով եզրափակեց Սամվելը:
Վերջալույսը խնայողաբար, բայց հավասարապես բաշխվել էր նրա ուսերի, բազուկների ու բաց սրունքների վրա: Գլխավերևում կես կախված փշե լուսապսակի մնացորդներով ու գոտկատեղից կախված կաշվե մեխապարկով, Սամվելը նման էր նոր տեսակի փրկիչի, որն իր մեխերը իր հետ է ման տալիս: Թվում էր, թե նա ձեռքի թեթև շարժումով կարող էր վերադարձնել սենյակի լույսը, եթե միայն ցանկանար: Բայց երևի ժամանակն էր արդեն ու դժվար էր դարձել խոսելը:
Դռան մոտ ես նրան ակամա ամուր գրկեցի, ու նա աշակերտի պես հետևեց ինձ: Երբևէ ավելի պաշտպանված չէի զգացել: Մաքուր, աշխատած մկանի այս քրտնահոտը անծանոթ էկզոտիկ մրգի և մեռոնի համաչափ խառնուրդ էր հիշեցնում, ու թվաց, թե թմրում է քիմքս: Կզակս փոքրիկ սեպի պես խրվել էր նրա կուրծքը, որ մանչուկի խոնավ ու գանգոտ գլխի էր նման: Ճակատիցս քիչ վեր զգում էի նրա կայուն, մեջտեղից երկատված հաստատուն կզակը, վաստակած թագի պես, որից վեր նրա արագ տրոփող քմահաճ վերին շրթունքն էր, ջահել, անկանխատեսելի, վտանգը չգիտակցող, դյուրահավատ ու անպաշտպան թռչնի նման: Մեր հասակների տարբերությունից էր, որ շուրթերս համտեսում էին նրա Քրիստոսի մետաղահամը: Գոտկիս շուրջը դանդաղ սեղմվում-ամրանում էր նրա բազուկների մկանե օղակը, լողացողի փրկօղակի պես, առանց որի թվում էր…կխեղդվեմ: Չպայմանավորված, բայց կենսական թվացող անշարժությունը համարյա շոշափելի էր դարձրել մարմնիս տարբեր բևեռներից դեպի միևնույն կետը շտապող լիցքակիր, տաք հյուլեների շարժումը: Ես փրկության հաբի պես անմնացորդ կուլ էի տալիս նրա արտաշնչած օդը, որ ցանկության դեղձահամ ուներ: Նույնացել էր մեր շնչառության ռիթմը ու թվում էր, թե իմն են, իմ նոր թևերն են ուսերիցս անկյունագծով վար իջնող և մեջքիս վրա խաչաձևված նրա թևերը: Թվում էր, թե մեր միաձուլված մարմինը մեզանից անկախ պատրաստվում է մի արտահերթ, չնախատեսված թռիչքի և մի անծանոթ գոյության ուշացած ուղևորի պես փորձում էր հաստատվել իմ ու նրա միջև: Այդ պահին ավելի քան համոզված էի, որ եթե մի քիչ էլ ձգվի հրճվանքս, կհանդիպեմ… Աստծուն ու թե այդ հանդիպման վախն էր, որ ակամա ետ հրեց մարմինս: Ի պատասխան Սամվելն անսպասելի թուլացրեց բազուկների շրջանակը ու մնաց կանգնած: Հենց այս հնարավորությանը երկար ժամանակ սպասողի պես ես բնազդով ետ տարա գլուխս ու դիտեցի, թե ինչպես հանկարծ ազատություն ստացած ցուցամատս զգուշորեն, մանրամասն սահեց նրա տրոփող, կենտրոնում քմահաճորեն մի փոքր վեր շրջված շրթունքի եզրագծով, ու ազատ անկման պես տապալվեց վար: Դրանից հետո Սամվելը կիսախուփ աչքերով, ինչպես անում են, որ լրիվ չարթնանալն, անխոս շրջվեց, դուրս եկավ ու իր ետևից փակեց դուռը: Նրա արարքի միակ տրամաբանական շարունակության պես ես մեջքով անմիջապես հենվեցի դռանը ու սկսեցի ինչ-որ հրաշքի սպասել:
Մեռնող լույսը իր վերջին ճիգերով լուսավորել էր թափանցիկ լաքի վրա տեղ-տեղ չորացած քրտինքի կաթիլները: Մարմինս ցանկության զղջանքով ու անորոշության կապարով լցված` կաշվե պարկ էր հիշեցնում և, թվում էր, թե ծանրությունիցս կտապալվեր դուռը, եթե հակառակ կողմից հակակշռված չլիներ… Հանդարտվել էր արդեն ցուցամատիս շնչառությունը, թեպետ ես այն շարունակում էի առանձին պահել: Հուսախաբ, ես նման էի այն հավատացյալին, որ երկնքից է եկել, բայց չէր հանդիպել… Աստծուն: Պատուհանի փայտե շուրթերի արանքից փչող արհեստական շնչառությամբ աննկատ տրոփում էր գետնի վրա դեռ անխնամ փռված Սամվելի մաքուր վերնաշապիկը: Չափից ավելի երկար թվացող նրա գորշ տաբատը ձևախեղված երեկոյան ստվերի էր նման և իր առարկայական շոշափելիությամբ մասամբ փարատում էր մենությունս: Այլապես դատարկ սենյակը հենց նոր թալանված գանգատուփ էր հիշեցնում, ու թվում էր, թե անհապաղ պետք է… զանգել:
Վարագույրի վրա գլխիվայր կախված մի հասուն ճանճ մանրակրկիտ զննում էր փայտի մարմինը: Նրա հայացքի հետագծի վերջում երևում էր վարագույրով անփույթ թաքցրած, պատին հենած մի փայտյա շրջանակ: Մեջքս դռնից մի կերպ պոկելով, ցուցամատս օդի մեջ, ես զգուշորեն շրջանցեցի Սամվելի մնացորդներն ու ծանրությունիցս ծունկի իջա վարագույրի առջև: Շրջանակի մեջ դեռևս խոնավ յուղաներկ նկար էր: Մի աղջիկ, կարճ մազերը մեջտեղից բացած, իր տան դռանը հենված ինչ-որ հրաշքի էր սպասում:
- Կարո՞ղ եմ օգտագործել սա` ավելորդ ուտելիքը տանելու համար,- փսխելու տոպրակը ձեռքիցս համարյա քաշելով` հարցրեց ուղեկիցս,- կներես, քնա՞ծ էիք:
- Չէ, քնած չէ,- տեսողությունս ֆոկուսի բերելով, բացահայտ դժգոհությամբ տոպրակը ձեռքիցս բաց թողեցի:
Քահանան հարևանիս նայելով` մի կերպ կուլ տվեց զոհախողովակի առաջ մոլորված գառան վերջին պատառը և գլխով հավանության նշան արեց: Իբր իսկապես համով էր գառը: Քիչ անց օդաչուն հայտարարեց օդային մրրիկ և բոլորին խնդրեց կապել ամրագոտիները: Երեխան հրեշտակի պես քնել էր հոր ծնկների վրա: Նրա խոր, համաչափ շնչառությունը բացառում էր որևէ մոտալուտ վտանգ, ու ես հանգիստ փակեցի աչքերս:
Երևանյան իմ նոր բնակարանի պատշգամբում եմ: Փոքրիկ կիսալուսնաձև հրապարակում, խորդուբորդ ցեմենտաշեն բեմի վրա, որ վաղուց լքված մի սրճարանի է պատկանել, շուրջպարի պես ձեռք-ձեռքի տված պտտվում են երեք երեխա: Հեռվից դժվար է գուշակել նրանց սեռը: Նրանք ոսկեգույն մազեր ունեն: Քիչ հեռու, բանուկ փողոցում ՙաշխատում՚ է նրանց մայրը: Ես նրան մի անգամ տեսել եմ մոտիկից: Նա կապույտ, բայց աներազ աչքեր ուներ, մաքուր, սիրաքաղց մաշկ ու երկա՛ր աղերսող ձեռքեր: Ես այդ օրը նրան խոստացա գնալուցս հետո պարբերաբար ինչ-որ օգնություն ուղարկել, բայց նա, առանց հայացքը մոտեցող մեքենաներից կտրելու, արագ վստահեցրեց, որ ինքը կայուն հասցե չունի և հապճեպ ցատկեց դեպի կարմիր լույսի տակ արգելակած նոր, կարմիր մերսեդեսը, չկորցնելու համար ղեկի ետևում փառահեղ տեղավորված կարմրաթուշ, ակնոցավոր երիտասարդի առավել իրական թվացող ողորմությունը: Որքան էլ որ արագ էր ոսկեհերը, տղան հասցրեց բարձրացնել մեքենայի անթափանց ապակին ու, մուրացիկի մատներին քսվելով, դանդաղ շարժվեց կանաչ լույսին ընդառաջ: Նույն փողոցում, հակառակ ուղղությամբ եկող մեքենաների արանքում ՙաշխատում՚ էր մի այլ մուրացիկ: Նա տարիքով շատ ավելի մեծ էր և երկարաճիտ, թաղիքե կաճյակներ էր հագել: Ես նրան այդպես էլ մոտիկից չտեսա: Դրա համար անհրաժեշտ էր կտրել… փողոցը: Նա հաճախ էր ընդհարվում ջահել կնոջ հետ, որը, բնականաբար, ավելի մեծ ուշադրության էր արժանանում: Նոր եմ անդրադառնում, որ նա վերջերս չէր երևում: Ի՞նչ պատահեց նրան: Չլինի վթարի է ենթարկվել: Կամ մահացե՞լ է: Տեսնես ո՞վ կար նրա կողքին այդ պահին: Որո՞նք էին նրա վերջին խոսքերը: Քաղցա՞ծ էր արդյոք: Տեսնես արտաքինից տարբերվո՞ւմ են սոված ու կուշտ մեռյալները: Տեսնես նրա մահը ուրախացրե՞ց ջահել մուրացկանին: Տեսնես ո՞րն էր նրա սիրած երգը: Ո՞ւմ էր աղոթում նա: Ո՞ւր է նրա հոգին հիմա: Ինչպիսի՞ն է, տեսնես, աղքատների դրախտը: Տեսնես նրա ափի վրա ի՞նչ էր գուշակել մի գնչու… մի օր: Իսկ ցեմենտապատ հարթակի վրա դեռ պտտվում էին երեք ոսկեմազ երեխա, աղքատ անսեռ հրեշտակների պես:
Օդանավը շարունակում էր տարուբերվել օրորոցի պես: Երեխան շարունակում էր քնել: Բռնազբոսիկ, պարտադրված լռություն էր տիրում, ինչպես լինում է մեծ խաչմերուկներում, մահալուր վթարից հետո: Շեղաչ քահանայի բնական դեղնությունը աստիճանաբար խտանում էր: Նա, առանց ձեռքը Ավետարանից կտրելու, ինչպես խեղդվողը` փրկօղակից, հաճախակի լուսամուտից դուրս էր նայում ու ճշտում ժամանակը ձեռքի ժամացույցի վրա, իր ուշացող սիրեցյալին սպասող ու արդեն անհանգստացող պատանու պես: Հայացքս նկատելով` քահանան թաքուն զայրույթով իջեցրեց վարագույրն ու շարունակեց… դեղնել:
- Մի կողքինիդ հարցրու, թե ինչո՞ւ է գույնը գցել Աստծո տան թաղերում,- առանց հեգնանքը թաքցնելու ականջիս թեթև հենվելով հարցրեց աջակողմյան ուղեկիցս:
Իսկապես, այնքան բացահայտ էր քահանայի հավատքի գունային մետամորֆոզը, որ թվաց, թե գուցե որոշակի բարձրության վրա փչանում է նաև հավատքի սարքը: Մտորմանս համընթաց նա համարյա աննկատելի վերցրեց ու գրպանի մեջ դրեց փոքրիկ Ավետարանը: Փոխարենը բազմապատկվում էր ՙաջակողմյան՚ հարևանիս անդորրն ու հեգնոտ ժպիտի շառավիղը.
- Վախենո՞ւմ ես:
- Մի քիչ: Կարծում ես կդադարի՞ այս մրրիկը:
- Չեմ կասկածում: Գիտեմ: Ուղիղ ութ րոպե հետո: Ուզում ես նայիր ժամացույցիդ: Ու ցուցամատով ինքնավստահ կտկտացրեց ՙվերջին տարբերակի՚ վրա: Հավատա՜ ինձ:
Քմահաճ երկնքում, արդեն 40 րոպե ի վեր տարուբերվող ինքնաթիռի մեջ, դեղնականաչ աստվածապաշտի ու անարյուն սատանայի արանքում այնքա՛ն էր հեշտացել հավատալը, որ ես պատրաստ էի հավատալ Աստծուց շատ ավելի փոքր մի ուրիշ բանի: Հաշվենկատ ուղեկցիս ճիշտ ժամանակին էր առաջարկել իր թեկնածությունը: Օդային հիվանդության պես հասունանում էր նոր հավատամքս, իսկ նոր ՙԱստվածը՚ իր ֆիզիկական մատչելիությամբ ավելի մխիթարական էր թվում, և ապահովության համար որոշեցի նրանից թաքցնել … զզվանքս.
- Ուղիղ ութ րոպե հետո՞…ասում ես: Վստա՞հ ես,- հանկարծահաս հավատամքով ճշտեցի և նույնիսկ մարմնովս մի թեթև հենվեցի նրա վրա:
Շարժվող կաթնատամի նման տհաճ ու զգալի էր դարձել հավատքիս խարխուլ, շարժվող ողնաշարը: Ինչ լավ է, որ թափանցիկ չէ հավատքի մեխանիզմը: Ուղեկցիս գիտաֆանտաստիկ թվացող տեսակետը դանդաղ արմատներ էր գցում մտքիս մեջ ու ավելի տրամաբանական չէր թվում… Հին կտակարանը: Գուցե այնքան էլ դիվային չէ ըստ տեղեկացվածության աստիճանի ստորաբաժանվող երկրային շերտավոր դրախտի տարբերակը և ո՞վ ասաց, որ ժամանակակից Աստվածը պետք է մարզիկի մարմին ունենա: Երկնային դրախտը յոթ հարկանի չէ՞: Գուցե հենց այսպիսին պիտի լինի մարդկության փրկությունը: Այնուամենայնիվ, կցանկանայի մի հրաշքով այս պահին մոռանալ կարդացածս բոլոր գրքերը: Բացի ՙԴոն Կիխոտից՚, ու քանի որ չէր հաջողվում սա, ցայտնոտի մեջ ընկածի պես թաքուն աղոթեցի, որ գոնե ուղիղ ութ րոպե չտևի մրրիկը: Փառք Աստծո. հինգ րոպե անց դադարեց մրրիկը, և ես անմիջապես ուղղեցի մարմինս: Ուղեկիցս այդ չզգաց, ինչպես երևի չէր զգացել նաև… հենվելս: Նա անսպասելի քնել էր, ջրի բաժակը ձեռքում: Վերջին ցնցումից ջուրը ծորացել ու հավաքվել էր նրա թուլակազմ ազդրերի արանքում: Սեփական ծանրությունից մի թեթև առաջ եկած զանգվածեղ, անմազ գլխով, անավարտ թվացող թույլ ծայրանդամներով ու թաց աճուկներով նա նման էր երազախաբ եղած… ձիու, ու ես մի քիչ էլ հեռացրի մարմինս: Վերջին հայտարարությունից հետո քահանայի մաշկի գույնը դանդա՛ղ ապաքինվում էր: Նա հասցրել էր գրպանից հանել և նորից սեղանիկի վրա դնել կարմիր փոքրիկ Ավետարանը և ներողամտորեն ցուցամատով շոյում էր նրա թավշե պատյանը, ինչպես պատանին` իր ուշացած սիրեցյալի քթիկը: Իմ զննող հայացքը նկատելով` նա նախ շտկեց ճերմակ օսլայած օձիքը, ապա դարձավ ինձ` վախեցաք, չէ՞: Աստված ուշանում է միայն: Բայց գալիս է: Փառք փրկարար Աստծուն:- Ու նորից շոյեց պատյանի թավիշը: Թվաց, թե քահանան ոչ թե ինձ, այլ ինքն իրեն էր փորձում համոզել Աստծո ուշացող, բայց, այնուամենայնիվ, փրկող բնավորության մեջ և կարիք ուներ իմ հավաստիացմանը: Ես կարեկցանքով համաձայնեցի նրա հետ, թեպետ արդեն 10 րոպե էր, ինչ ինձ չէր հետաքրքրում փրկությանս համար պատասխանատու Աստծո ճշգրիտ անունը: Կարևորն այն էր, որ թռիչքը մոտենում էր իր ավարտին, երեխան հոգնել ու դադարել էր լաց լինելուց և հույս կար, որ շուտով կազատվեմ աջակողմյան ինքնակոչ ՙաստծո՚ վաղուց արդեն սրտխառնոց պատճառող քրտնքահոտից:
Ծանրոցների ստացման սրահում եմ արդեն: Թվում է, թե ինձ խենթացնելու համար բոլորը որոշել են խոսել մի չեղած լեզվով և այն էլ` ցածր, անլսելի ձայնով: Բարձրախոսը անկիրք, չոր ձայնով ինչ-որ անկարևոր անուններ, թվեր ու բառակապակցություններ էր թափում իր մետաղյա շուրթերից: Անկարևոր, քանզի դրանից չէր փոխվում ոչ մարդկանց դեմքի արտահայտությունը և ոչ էլ նրանց շարժման ուղղությունը: Սրահի կենտրոնում ռետինե ժապավենի վրա անկանխատեսելի հերթականությամբ պտտվում էին տարագույն ճամպրուկները: Մեծ ապակեպատ սրահում ուս-ուսի քսվելով աննպատակ ետուառաջ անող տափակ ու բութ դեմքերով ուղևորները ակվարիումի ձանձրացած ձկների էին նման: Թվում էր, թե նույն անփորձ դիմահարդարն է աշխատել նրանց բոլորի դեմքերի վրա: Մեծ ապակիներից թեք, բայց շռայլորեն ներս թափանցած լույսի հեղեղի տակ լավ քիմիկոսն առանց դժվարության կկարողանար թվարկել քսուկների բաղադրամասերը և տեսնել կնճիռների ճշգրիտ խորությունը: Զզվում եմ այսքան առատ լույսից: Կրկնվող բութ դեմքերը, կրկնվող ճամպրուկները, բարձրախոսից արվող նույն անհեթեթ բառակապակցությունները, աղանդավոր բառի պես ախտահարել էին միտքս և տեսողությունս: Գունավոր ճամպրուկների հետ պտտվող ռետինե ժապավենը վերափոխվել, դարձել էր մանկությանս կարուսելը` իր բազմագույն մաշված ձիերով և կոնքերիս մեջ անզսպելի չարաճճի ցանկություն էր առաջացել ցատկել այն կապույտ շերտավոր ձիու վրա ու պտտվել այնքա՛ն, մինչև անծանոթ դեմքերի միջից երևա հորս ժպտացող դեմքը և ինքնագոհ թափ կտամ ձեռքս, քաջաբար մի ձեռքով ձի քշող աղջկա ինքնագոհությամբ:
Մինչև կկողմնորոշվեի, դատարկվել էր արդեն ժապավենն ու պտտվում էր իմ եզակի ճամպրուկի հետ, թալանված միձիանի կարուսելի պես: Իսկ սրահի անկյունում, երկար սեղանիկի վրա գրքերի հսկա կույտ էր: Կարծես մի գրքակեր հսկա փսխել էր սեղանի վրա ու փախել: Բայց ոչ: Չէր փախել: Ուշադիր նայելուց հետո կույտի ետևում երևաց ՙաջակողմյան՚ ուղեկցիս ծանր, ինֆորմացված գլուխը: Երբ մեր հայացքները հանդիպեցին, նա թեթևակի ժպտաց ու դնչով ակնարկեց սեղանի գրքերի քանակը: Այդպիսի ինքնագոհ ժպիտով սովորաբար սիրահարված տղան է ընկերոջը գաղտնի ցույց տալիս իր չքնաղ ընկերուհուն: Ես բնազդորեն կրկնօրինակեցի նրա ժպիտը և միաժամանակ նկատեցի օդանավակայանի գրախանութից գնած իմ գիրքը, որը չգիտեմ ինչպես հայտնվել էր նույն սեղանիկի վրա:
Մի պահ բնազդորեն ուզեցի մոտենալ և ցուցադրաբար վերցնել գիրքս: Բայց` ոչ: Թող կարդա: Այն երկու տարալեզու ու տարահավատք զբոսաշրջիկների չքնաղ սիրո պատմություն է, որի պատճառով այդ օտար քաղաքը դառնում է սիրո քաղաք և որտեղ վերջնականորեն հաստատվում են նրանք: Գուցե այս գիրքը նրան կօգնի հասկանալ իր շերտավոր դրախտի անհեթեթությունը: Ինչ հիմար բաներ եմ մտածում: Մինչև կկողնորոշվեի, նկատեցի իր մետաղյա սայլակը մեծ արագությամբ դեպի ինձ գլորող քահանային` փոքր-ինչ կազդուրված այտերով ու շեղաչի մշտապես խաբուսիկ ժպիտով: Թեթևակի ճամպրուկիս բախվելուց հետո նա մի ձեռքով դժվարությամբ արգելակեց սայլակը, իսկ մյուսով ինձ մեկնեց կարմիր փոքրիկ Ավետարանը:
- Ուզեցի սա ձեզ նվիրել:
Հետո բարձրացրեց, մազերիս մոտեցրեց այն և առաջին անգամ գույները տարբերող դալտոնիկի զարմացած ու միաժամանակ հրճվանքով լի հայացքով հայտնության պես հայտարարեց.
- Ճիշտ ձեր մազերի գույնն ունի թավշե պատյանը: Կարմրա-նարնջագույն: Ու նորից մանրամասն զննեց մազերիս գույնը, կարծես թե դրանից էր կախված նվիրատվության վերջնական որոշումը:
- Վերցրեք, սա ես ձեզ եմ նվիրում: Ես St. Mary եկեղեցու հովիվն եմ: VI և IX փողոցների անկյունում,- կոտրված անգլերենով ավելացրեց նա ու անսպասելիորեն լռեց: Ճերմակ, օսլայված օձիքը թեթև ծռմռվել էր, ավելի տեսանելի դարձնելով քահանայի պարանոցը, որպես նրա մարմնեղեն գոյության հավելյալ ապացույց: Ավետարանի թավշե պատյանի վրա դեռևս փայլում էին նրա կասկածամիտ մատնահետքերը: – VI և IX: Համաշխարհային բանկի մոտ: Ավելի շուտ` դիմաց,- ժամադրել չիմացողի շփոթով արագ արտաբերեց նա և ինչպես կիպ բարուրի մեջ երկար քնից կազդուրված մանուկն է արթնանալուց հետո ճիգով վեր սահեցնում ձեռքերը, այլևս անիմաստ թվացող կապանքներից ազատվելու բնազդով, քահանան առանց արմունկները կրծքից հեռացնելու երկու ձեռքերը բարձրացրեց բաճկոնի տակով ու կարճ, միանման շարժումներով արձակեց ճերմակ օձիքի եզակի կոճակը: Հետո խոր շունչ քաշեց և նայեց աչքերիս մեջ այնպես, ինչպես կնայեն այն մարդուն, ում հետ քիչ առաջ հաղթահարել ես միևնույն մահը: Ո՜չ, մի ուրիշ բան էլ կար նրա հայացքում: Շեղաչությունը չէր խանգարում, որ ես այնտեղ նկատեմ նրա հանկարծահաս որձությունը, որի անակնկալության պատճառով քահանան դեռ չէր գտել այն քողարկելու ձևը, և կամ հայացքի կուսության կորստի պահ էր անպայման, որովհետև աչքերում միաժամանակ վախ կար ու սպասումի հրճվանք: Հայացքս փախցնելով` ես Սուրբ Գիրքը տեղավորեցի ձեռքիս պայուսակի մեջ և քանի որ երբեք չեմ հիշում կրոնավորին բարևելու կամ հրաժեշտ տալու օրենքով նախատեսված բառերը, սովորականի պես երկարեցի ձեռքս ու սպասեցի: Ի պատասխան, նա փոքր-ինչ մոտեցավ, սեղմեց ձեռքս և արտաբերեց սովորականից երկար թվացող մի անուն, որը ես մոռացա… հաջորդ պահին:
Սևամորթ վարորդը, որն իր վրա էր վերցրել 50 դոլարով ինձ տուն հասցնելու պարտականությունը, թվում էր հոգնած: Շարժիչը միացնելուն պես նա առանց իմ ցանկությունը հարցնելու փոխեց ռադիոյի ալիքը: Անկարեկից մի ձայն հայտնում էր, որ քաղաքում դեռևս ազատ պտտվում է մարդասպանը, որ վերջին տասն օրերի ընթացքում վեց կին է բռնաբարել ու սպանել: Հայելու մեջ ճշտեցի գոյությունս: Ճանապարհի հոգնածությունը, տագնապն ու անորոշությունը հավասարապես ավերել էին մաշկս: Տեսնես ի՞նչ ճաշակ ունի մարդասպանը: Ձայնը խնդրում էր զգուշանալ ու զանգահարել անվճար հեռախոսահամարով` կասկածի դեպքում:
Ետևի նստարանից վարորդի դեմքը համարյա չէր երևում: Թվում էր, թե նրա սև, ջլուտ մատներն ու ամուր բազուկները էբոնիտե ղեկի օրգանական շարունակությունն են և ոչ մի կապ չունեն անթև երկնագույն շապիկով վարորդի հետ: Դեմքի երևացող ուրվագիծը հիմնականում տափակ էր, բացառությամբ շուրթերի պարարտ կույտի, որ ճողվածքի պես հավաքված էր հսկա կզակի վերևում: Պատուհանից այն կողմ ծանոթ զոհասեղանի պես ձգվում էր հարթ ու մաքուր մայրուղին: Փողոցի երկու կողմերում զուգահեռ կանգնած բանկային հսկա համալիրները նման էին երկնքից կախված լիքը, վանդակավոր գրպանների: Փայլուն, սև պայուսակով ու սև կոստյումով գործարարին համաքայլ հետապնդող ձեռնունայն մուրացիկը նման էր նրա աղճատված ստվերին: Զուգահեռ ընթացող թանկարժեք մեքենայի պատուհանից ուղիղ աչքերիս մեջ էր նայում մի հաղթանդամ մարդ, որի հայացքը միանշանակ ասում էր` նորի՞ց ես եկել… ախմախ: Ես ակամա ետ գնացի նստատեղիս մեջ այնպես, որ նա չկարողանա շարունակել միտքը: Չեմ սիրում, երբ վիճակս այդքան ակնհայտ է, նույնիսկ այդ հեռավորությանից: Անխնամ նստարանի վրա դրված պայուսակիս միջից սահել, դուրս էր եկել Ավետարանը: Թավշե կարմրա-նարնջագույն պատյանը իսկապես իմ մազերի գույնն ուներ: Աշնան վաղահաս երեկոն դանդաղ, բայց հետևողականորեն հաստատվում էր մայթերի վրա: Մեքենայի մեջ աստիճանաբար պակասող լույսի տակ սևամորթի շուրթերը կողքից արդեն նմանվել էին հողի վրա կուտակված հին ծառի հավելյալ արմատների: Այս նոր լույսի տակ թավշե պատյանի վրա դեռևս տպված կասկածամիտ մատնահետքերը մի տոն ավելի մուգ երանգ էին ստացել: Հայելիս պայուսակիս մեջ դնելուց առաջ ևս մեկ անգամ քննեցի դեմքս: Անկամության ամոթից թեթև կարմրել էր մաշկս ու խաբուսիկ առույգություն պարգևել դեմքիս:
- Այստեղից ա՞ջ, թե՞ ձախ,- անսպասելի արգելակեց ու հարցրեց վարորդը:
- Ձա՜խ,- առանց շուրջս նայելու բնազդորեն արձագանքեցի ես,- ձա՜խ: - Ու ցանկացա, որ պատահմամբ ճիշտ լինեմ: Վարորդը ճռռոցով թեքվեց ձախ ու բաց պայուսակիս պարունակությունը հայտնվեց նստարանի վրա:
Զգայական, հոգևոր ու ֆիզիկական հոգնածության պատճառով վարորդի շուրթերը, շրջապատի գծերը, գույներն ու ձայները լղոզվել, կորցրել էին իրենց հստակ սահմանները: Ոչինչ առանձնապես գեղեցիկ չէր թվում, և ոչ էլ ուրախալի, բացի նրանից, որ սևամորթը ժամում 60 մղոն արագությամբ ինձ հեռացնում էր ինքնակոչ ու հոտավետ ՙԱստծուց՚:
Շեղաչ քահանայի երկար անունից մնացած մի քանի անկապ վանկեր մտքիս մեջ վերամիավորման անհաջող փորձեր էին անում: Վարորդը նորից փոխեց ալիքը: Սկզբում վանկերը փորձեցին ըմբոստանալ անակնկալ երգի նոր ռիթմի հետ, հետո հոգնեցին ու սկսեցին շարժվել նույն ռիթմով ու այնպես հլու, որ թվաց, թե երգի վերջից էր կախված նրա անունն ու իմ կյանքի հետագա ընթացքը:
- Վիլ- Բուր- Դե- Հե- Դա,- ակամա լուծված երաժշտական խաչբառի պես երգեցիկ տոնով բարձրաձայն արտաբերեցի ես ու նորից կրկնեցի այլևս երբեք չմոռանալու համար: - Վիլ- Բուր- Դե- Հե- Դա: Երգին հաջորդեց մի ջահել կրոնավորի ձայն, որն ազդարարում էր աշխարհի մոտալուտ վերջը` գովազդելով դրախտում դեռևս թափուր նմացած մի քանի հողակտորներ:
- Աշխարհը փրկված է,- կարծես հենց նոր աճած մի հավելյալ սրտով վարորդի տագնապը զգալով բացականչեցի ես: Սևամորթը բնազդաբար շրջեց գլուխը, և ես վերջապես տեսա նրա դեմքի մնացած մասը, որ բարի անհամաչափությամբ տարածվել էր հիմնականի` շուրթերի շուրջը:
- Այո՜, փրկված է աշխարհը, - ի պատասխան նրա կլոր հարցական հայացքի` կրկնեցի ես,- ու չմոռանաս այդ մասին ասել նաև ընկերներիդ:
Քանի որ արդեն շրջվել էր, նա ակամա ժպտաց ճերմակ փղոսկրե կարկատան հիշեցնող հապճեպ ժպիտով ու արագ շրջվեց դեպի ղեկը, ու հայելու մեջ ուշացումով երկրորդեցի սևամորթի ժպիտը, խնամքով տեղավորեցի Ավետարանս ու հայելիս միևնույն գրպանիս մեջ և փակեցի պայուսակս:
Մեքենան անակնկալ լցվել էր Ավետարանից բարձրացող մազերիս ու քահանայի ապաքինվող մատների խնկաբույրով: Հետո դանդաղ իջեցրի պատուհանիս ապակին և թույլ տվեցի, որ խնկահոտին խառնված հայտնությունս դուրս գա ու ազատ լուծվի թանձրացող մթության մեջ: