ԻՆՉ ԼԱ՜Վ ԷՐ ՉԷ՞
(մանկությանս նկարի հետ` մենակ)
Օ՜… մանկության երկինք իմ
կապտա-ճերմակ
մանկության բակ –
ես պարան եմ ցատկում
տապի մեջ
ծնոտս վեր
նայելով ամպերին
աննպատակ
ու
թեև հաշվում եմ
բարձրաձայն
բայց դեռ չգիտեմ Քեզ
Հա՛յր
թեպետ զգում եմ`մորիցս զատ
(որ կախվում էր պատշգամբից
պարբերաբար)
մեկ ուրիշն էլ հսկում է ինձ
շատ ավելի բարձրից
անհնարին
գիտեի՛
կասկածո՞ւմ ես որ գիտեի
տես աչքերս այս նկարի մեջ
վեր շրջված օվալներով մարմարե
իսկ բիբերս չկան համարյա թե
ավելի կատարյալ բա՞ն –
մանկությանս օրվա մեջ
կապտա-ճերմակ
Դու քո՛ գործն ես անում – իսկ ես` իմը