ՇՆՈՐՀԻԿ ՇԱՀԻՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՇՆՈՐՀԻԿ ՇԱՀԻՆՅԱՆ

Сообщение Harutin » 07 окт 2010, 20:15

ՇՆՈՐՀԻԿ ՇԱՀԻՆՅԱՆ

Shnorhik Shahinyan.jpg
Shnorhik Shahinyan.jpg (6.21 кб) Просмотров: 362
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՇՆՈՐՀԻԿ ՇԱՀԻՆՅԱՆ

Сообщение Harutin » 07 окт 2010, 20:16

ՊԱՏՄՎԱԾՔ ՄՇԵՑԻ ԱԲԳԱՐԻ ԵՎ ՆՐԱ ՏԱՍՆԵՐԿՈՒ ԿԱՆԱՆՑ ՄԱՍԻՆ


Մշեցի Աբգարի տասներկուերորդ կնիկը` աջամ Արաքսին, գլխին փորձանք դարձավ:
Մոտենում էր հերթական տոնը` Մայիսի մեկը, և հերթական կնոջը տոնի հետ հերանց տուն անդարձ ուղարկելու Աբգարի բոլոր փորձերն ապարդյուն էին անցնում:
-Գընըմ չեմ, Աբգար ջան, լվացք տի անեմ:
Յոթհարկանի հայհոյանքներն ու պատերին զարնված-փշրված աման-չամանը չէր վախեցնում աջամ Արաքսուն:
…Ախր ո՞նց եղավ, որ էս մեկի հարցում խաբվեց: Պայմանը կապել էր Մայիսի մեկից մինչև Մայիսի մեկ:
Նախշուն բոխչեն թևատակին, լիքը դոշերն առաջն արած, ուղիղ մազաբաժնով ծամերը կողքից ծուփ-ծուփ հյուսած, բրախ տված` Արաքսին` ջրալի խնձորի շրխկան ծիծաղով, Աբգարի կողքի հետ ընկած եկավ: Բոխչեն քանդեց թախտի վրա, լուսամուտի գոգին հենած հայելու ջարդած կտորի մեջ նայեց աչքունքին ու ձեռքերը կողքին կանթած, լիքը դոշերը Աբգարի քթի տակ ցնցելով` ասաց.
-Ըհը, տեղ հասանք, ցավդ տանեմ, դարդ մի անիլ:
Այդ օրվանից Աբգարի ծեր ու չորացած ոսկորները ամեն կիրակի Արաքսին տաք ու փափուկ մատներով լվանում էր, տրորում ու թառամած, կախ ընկած մաշկը ճմռում, ճմռթում, հետո չոր ու խշխշան, մաքուր չամաշուրի մեջ լցնելով, դոշին սեղմած` տանում անկողին: Տաք տաշտից մինչև փափուկ անկողին դրախտի ճամփա էր Աբգարի համար:
Անուշ քնի ու երազների սահմաններում էլ Արաքսին չքանում էր, թռչում հրեշտակի պես: Մինչև լուսաբաց Աբգարը, քիթը բարձի մեջ խրած, դեռ դրախտի ճամփին էր: Լուսաբացից հետո Արաքսին սեղան էր գցում.
-Քե մատաղ, վեր կաց, հաց կեր:
Ինչ էր եղել, լավ էր, շատ լավ, թեև օրը մի քանի անգամ, էնպես, հանաքի համար, թախտի ծերին թառած Արաքսու փափուկ տեղերը ճմռթելով` շուլալում էր.
-Ես քու հոր հոգու ծիծեռնակը…
-Իմ հոր հոգու ծիծեռնակը քու հոր կշտին ա, Աբգար ջան:
Արաքսին, մարմնի լիքը կեսը վեր թռցնելով, սեղանին լցրած մաքրած լոբին գոգն էր ածում ու փախչում: Այ թե կատաղում էր Աբգարը: Բայց դե անցածը, լավ թե վատ, անցած էր, պայմանն էլ` պայման:
-Ես քու հոգու վարդիթերը…
-Գընըմ չեմ, լվացք տի անեմ:
Ու Աբգարի տասներկուերորդ կնիկ Արաքսին մնաց:
Առաջինը` Մարիամը, բարի էր ու հեզ: Աբգարի չարության ու չորության կողքին` մի բուրավետ մանուշակ: Սուսիկ-փուսիկ երկու աղջիկ ծնեց ու մեծացրեց: Հղիությունը տանում էր գոգնոցի տակ թաքցրած, խոսելիս էլ ափով բերանը փակում էր ու աչքերը վար գցում, ասես` Աբգարի դառնության համար ինքն էր մեղավոր:
Սուսիկ-փուսիկ էլ հանգեց-գնաց:
Պահարանի մեջ` ծալ-ծալ դարսած ճերմակեղենի արանքում, խնձորի կտրտած շերտեր էր պահում, ու Աբգարը մի ողջ տարի չամաշուրը փոխելիս ձեռն ընկած խնձորի կտորից հոտոտում էր, ախ քաշում ու էլի ետ դնում իր տեղը:
Երկրորդ կինը` Վարդուշը, ինքն իր ոտով եկավ. Կիրովականա մոտակա գյուղերից էր` Մեղրուտից: Կաթ էր բերել ծախելու:
Դուռը կիսաբաց էր, բայց Վարդուշը` գյուղացու ամոթխածությամբ, մատների ծայրերով դուռը թակեց: Թախտին ննջող Աբգարին սկզբում թվաց, թե ինչ-որ բան տեղից ընկավ. նստեց, բայց նույն պահին էլ տեսավ կլոր-լուսնյակ երեսներին կարմիրը խալ ընկած, կաթի ամանը ձեռքից կախ, խոնարհ կանգնած Վարդուշին:
Թվաց, թե Վարդուշը մատների ծայրերով իր սրտի դռներն էր թակել: Ներս կանչեց, հարցուփորձ արեց, աղջիկներն էլ եկան, մոտ-մոտ արին, ձեռք տվին ծաղկավոր շորի երկար փեշերին: Վարդուշը երեխաների համար կաթ լցրեց, բրդեց, իր ձեռքով կերցրեց ու մնաց:

-Աբգարի հետ շուն չապրի,- Սոնեն թաց թրջոց էր դնում Վարդուշի անտեղի ծեծված, ջարդված մարմնին, մի քանի օրով տանում իր մոտ, սիրտը շահում: Բայց վերջիվերջո չարը հաղթեց, ու Վարդուշը, իր կաթի աման-չամանը բերնեբերան լցնելով Կիրովականա շուկայի բարիքներով, Աբգարի առած-կապած բոխչեն թևատակին, արտասվելով ետ գնաց Մեղրուտ:
Այդ օրվանից Աբգարի համար նոր կին առնել, բեռով-բարձով ճամփու դնելը դարձավ տոն, որ միշտ իր հետ էր:
Ոչ մի կին դժգոհ չէր հեռանում, բոլորին էլ բաժին կար: Միայն վատն այն էր, որ որքան Աբգարը ծերանում էր, այնքան ջահել կանայք էին հանդիպում, ու ետ գնալու դիմադրությունն է՜լ ավելի էր զորանում:
Պատահում էր, որ նախկին կինը տանը, Աբգարը նոր կին առած տուն էր գալիս: Հիշողությունը սկսել էր դավաճանել, և տանը վեճ ու կռիվն անպակաս էր: Նոր ու թարմ, միացյալ ուժերով տանից վտարում էին հնին:
Երկրորդ հարկում ապրող ազգական Սոնեն, Աբգարի տանից հերթական ղալմաղալը լսելով, ձեռնափայտը խախուտ աստիճաններին մեկիկ-մեկիկ կտկտացնելով, վայր էր իջնում.
-Բոյդի բրոժ, անլվա կտավ, Աբգար, էլի կնիկ է բերե:
Սակայն Սոնեի անեծքը թռչում էր Աբգարի բեղի ծայրով, ու նա նոր բերած կնոջ հետ առոք-փառոք սեղան նստած` քրքջում էր.
-Մամիկ, կյանք կարճ է. ճնճղու խմուկ մե կում ջրի պես:
Տասնմեկերորդը Կյո-ն էր: Սա էլ պստիկ-մստիկ, կրակի կտոր: Ծաղկանոցում էր աշխատում: Տուն գալուն պես շուրջբոլորը ծաղկապատեց, քիչ մնաց Աբգարի շեշխանա բեղերն էլ քանդեր, տեղը ծաղկի սածիլ տնկեր: Անունը Աբգարը չէր հիշում: Ամեն նախադասության սկզբում կինը դիմում էր.
-Կյո, Աբգար, գլուխդ ցխեմ, էն ծաղիկներին ջուր ածա:
Սրա տոնը շուտ եկավ, Մարտի ութին իր իսկ աճեցրած ծաղիկներից մի փունջ գրկած, աչքերն արցունքոտ, բոխչեն թևատակին` գնաց:
Աբգարը քանդեց, արմատահան արեց ծաղիկ ու թուփ, հողոտ-մողոտ գրկեց, տարավ լցրեց ցանակպատի տակ ու շորերը թափ տալով` ետ եկավ:
Ցանկապատի տակ մնացած ծաղկաթումբը ասես Կյոյի շիրիմը լիներ:
Իսկ Արաքսին ուրիշ էր: Եկավ թե չէ, աղջիկներին տնից դուրս արեց.
-Հասած աղջկերք եք, ընչի՞ մարդու չեք գնըմ:
Բազմաթիվ անգամ իր մարդու գնալու փաստը ասեղի պես խրում էր դեռահաս աղջիկների աչքը, մինչև որ Կալիպսեն` ավագը, սիրահարվեց: Ծառայությունը Հայաստանում ավարտած ուզբեկ Ազիզի հետ մեկնեց նրա հայրենիքը: Մեկ տարին անց ետ եկավ` երեխան գրկին: Ազիզը, քափ ու քրտինք մտած, բոխչաներն ու տոպրակներն էր իջեցնում մեքենայից, երբ Սոնեն, աստիճանների գլխին թառած, ձեռքով աչքերին հով բռնած, հարցրեց.
-Աղջի, իդը վի՞ր համբալն է:
Կալիպսեն երեխան գրկին առաջ եկավ.
-Իմ մարդն է, մամիկ:
-Էդ քու լամուկ տար ժամ կնքե, նոր իդը նարդվններ վեր էլի,-գոգնոցի գրպանից կոլոլած թղթադրամները ներքև շպրտեց,-ու մարդուդ անունն լե դարձու Արշակ:
Արշակ դարձած Ազիզը կանաչ-կարմիր նարոտը վզին, նստել է Սոնեի դռան ետևում: Սոնեն վերևում նստելու իրավունք դեռ չի տվել.
-Խաչ հանել բդի սորվի:
Արաքսին չընդունեց ոչ մայրացած Կալիպսեին և ոչ էլ Արշակ-Ազիզին: Դրան ի պատասխան Կալիպսեն պարտքի տակ չմնաց: Կիրովականի զբոսայգու մութ անկյուններից մեկում հայտնաբերեց Արաքսուն` լիքը դոշերը մի լոլոզի քիթմռութին սեղմած, լղոզած:
Առավոտյան Արաքսու ճամպրուկների թաքուն բովանդակությունը թաղին ի ցույց դնելով` Կալիպսեն դուրս էր շպրտում: Հանկարծ շեմին հայտնվեց լոլոզը և ճամպրուկների վրայից լոք-լոք անելով` ներս մտավ:
Արաքսին ներսում չէր. Կալիպսեի հզոր բազուկներից խուսափելով` նա փակվել էր գետնափոր հավաբնում:
Լոլոզը ներս մտավ ու իսկույն ճանկեց թախտին կուչ եկած Աբգարի օձիքը.
-Արա, էդ ու՞մ սիրածին ես դուս անըմ, ես քու…
Մնացածը շատ արագ կատարվեց:
Խառնիխուռն իրերի արանքում քլթքլթացող Կալիպսեն մի ոստյունով հասավ լոլոզին, ծալեց մեջտեղից ու ծալած զանգվածը գրկած` տարավ հավաբուն:
Արաքսին ցնծության ու ցավի ճիչերով դիմավորեց լոլոզին, որ ճաղապատ դռնակից ներս գլորվելով` ուղղվեց, հարթվեց ու վեր կացավ:
Զույգը մինչև իրիկուն անհույս քաշքշում էր դռնակը, ավերում հավաբունը: Արաքսին ճաղերի արանքից չանչ էր անում Աբգարի տան կողմը, բայց ճաղերը խանգարում էին:
Երեկոյան միլիցիայի մեքենայով լոլոզին ու Արաքսուն տարան քաղմաս:
Պարզվեց, որ լոլոզի ուժգին թափահարումից Աբգարի տասներկու կողերն էլ ջարդվել էին:
Քառասուն օր էծի փոստի մեջ փաթաթված Աբգարը տնքում էր ու Սոնեի անեծքների տարափի տակ ապաքինվում.
-Մամիկ, կյանք կարճ է, ճնճղու խմուկ մե կում ջրի պես: Իդը ամիս տոն չկա՞:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0