ՇԱՐԼՈԹ ԱՐՄՍԹՐՈՆԳ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՇԱՐԼՈԹ ԱՐՄՍԹՐՈՆԳ

Сообщение Harutin » 10 апр 2011, 22:02

ՇԱՐԼՈԹ ԱՐՄՍԹՐՈՆԳ

Charlotte Armstrong.jpg
Charlotte Armstrong.jpg (7.07 кб) Просмотров: 342


Ծնվել է 1905 թ. ԱՄՆում: 1969-ին հետմահու արժանացել է Էդգար Պոյի անվան մրցանակին: Գրել է վեպեր, պիեսներ, պատմվածքներ: Կենդանության օրոք տպագրվել է միայն ընթացիկ մամուլում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՇԱՐԼՈԹ ԱՐՄՍԹՐՈՆԳ

Сообщение Harutin » 10 апр 2011, 22:04

ՍԵՎ ԹԵԼԸ


Ջեյնը վճարեց նպարեղենի համար ու նայեց խանութի ժամացույցին:
Լավ, այս գործն էլ արեց: Թղթե տոպրակը հենեց ձախ ոտքին ու բարյացակամ ժպտաց օգնություն առաջարկող տղային:
-Այնքան էլ ծանր չէ,- ասաց:
Դուրս եկավ փողոց, որն արևով էր ողողված: Մտովի կրկին ստուգեց գնումների ցուցակը՝ հո կարևոր բան չի՞ մոռացել…Ջեյնի աջ ցուցամատին սև թել էր կապած: Առավոտյան նախաճաշի ժամանակ թելը կապել էր Մայքը: Եվ այդ սև թելը պիտի հիշեցներ, որ տան պղպեղն արդեն չորս օր է վերջացել է: Ջեյնը պղպեղ չէր սիրում: Մայքն ասում էր, որ հենց միայն դա բացատրում է ամեն ինչ: Իհարկե, Ջեյնն արդարանում էր, թե ինքը միշտ պղպեղը նշում է ցուցակում, բայց ամեն անգամ, խանութ գնալիս, մոռանում է ցուցակը: Եվ, ուրեմն, Մայքը նրա ցուցամատին սև թել էր կապել, իսկ իրենց դուստր Սալլիին բացատրել էր, որ հին միջոցներն ամենաճիշտն են, հատկապես՝ մայրիկի նման հնաոճ անձանց համար: Դուստր Սալլին էլ մտածել էր, թե հայրիկը լարում է մտցնումիրենց միջև:
Ինքն իրեն ժպտալով, Ջեյնը պատկերացրեց, որ թելը, անհրաժեշտ հանդիսավորությամբ, մատից կհանի ճաշի ժամանակ: Եվ, այո, նա պղպեղ գնեց:
Ջեյնը լավ տնտեսուհի էր: Իհարկե, երբեմն մոռանում էր որոշ բաներ, բայց այդ ով է, որ ինչ-որ բան չի մոռանում: Նա սիգաճեմ քայլքով շրջանցեց փողոցի անկյունն ու քայլեց դեպի մեքենաների կանգառը: Մեքենան տեղում էր: Լավ չէ, որ անընդհատ ստիպված ես հիշել, թե ուր ես թողել մեքենադ: Տարօրինակ բան է հիշողությունը,- մտածում էր Ջեյնը,- երևի դա բնազդային երևույթ է: Նա կտրեց անցավ ընդարձակ կանգառը, որ սովորականի պես լցված էր մեքենաներով:
Մարդիկ ելումուտ էին անում մեքենաների արանքով: Իր մեքենայի մոտ Ջեյնը նկատեց ինչ-որ մարդու, որը կարծես թաքնվել էր: Ջեյնը մոտեցավ մեքենային և իր սովորական, պարզ տոնով ասաց. «Ներեցեք»:
Տղամարդը, ոտքերը քստքստացնելով, մի կողմ քաշվեց: Հետո կտրուկ շրջվեց ու կնոջ ականջին ֆշշաց. «Չգոռաս, թե չէ սա կմտցնեմ փորդ»:
Մարդը նիհար էր, կարմրած աչքերով, ձեռքին՝ մի սարսափելի դանակ:
- Նստիր մեքենադ, մեմ, ինքդ էլ կվարես: Արա, ինչ ասում եմ:
Ոչ ոք չէր նկատում կատարվածը: Քիչ այն կողմ կապույտ զգեստով մի կին նստում էր իր մեքենան:
Ջեյնը չգոռաց, միայն հարցրեց. «Ին՞չ եք ուզում, որ ես անեմ»:
-Կանես, ինչ որ ասեմ: Դե քշիր, ես պիտի ծլկեմ էստեղից, քշիր…
Ջեյնը միշտ պարզ հիշում էր այն ամենը, ինչը կարևոր է, ասես զանգերի ղողանջ էր լսում նման պահերին:
Նա պայուսակը հենեց մեքենային ու ոտքով պահեց այն, ապա աջ ձեռքը մտցրեց պայուսակի մեջ, սկսեց փորփրել:
Տղամարդը խղճուկ տեսք ուներ, նա ավելի վախեցած էր թվում, քան կինը: Բայց ամեն դեպքում նա վտանգավոր էր:
-Բանալիներն եմ փնտրում,- բացատրեց Ջեյնը,- Չփնտրե՞մ:
-Շտապիր:
Դանակի սայրը գրեթե կպչում էր Ջեյնի ստամոքսին: Ջեյնը նկատեց, որ դա տղամարդուն բոլորովին չի հուզում: Եվ վերջապես կյա՞նքն էր կարևոր, թե՞ մեքենան…
-Ես ձեզ կտամ բանալիները: Դուք մեքենան եք ուզում, այդպես չէ՞: Ուրեմն՝ վերցրեք…
-Չէ, չէ, նստիր ղեկին: Ես քեզ բաց չեմ թողնի՝ ոստիկան կկանչես…
-Իհարկե, կկանչեմ,- ասաց Ջեյնը:
Նա լայն բացած աչքերը հառել էր մարդուն: Մի պահ զգաց մետաղի սառնությունն ու ողջ մարմնով դող զգաց: Նույն պահին ցնցող միտք անցավ գլխով:
Ջեյնն արագ դուրս քաշեց ձեռքը պայուսակից, պղպեղը շպրտեց մարդու աչքերին և անմիջապես իրեն նետեց գետնին:
Տղամարդը բղավեց, փորձեց մի կողմ նետվել, սայթաքեց ու ընկավ, նա անընդհատ գոռում էր: Ջեյնն անցավ նրա կողքով ու վազեց, արդեն ազատ էր, էլ վտանգ չկար:
«Ի՞նչ է եղել, այդ մարդը նոպա՞ ունի: Շտապօգնություն կանչենք»:
-Նա դանակ ունի: Ոստիկանություն կանչեք…
Արդեն մարդիկ էին հավաքվում, ասես գետնի տակից էին ծլում, անձրևաորդերի նման: Բայց ոչ ոք չէր մոտենում ցավից ոռնացող մարդուն: Դեմքներին մի տեսակ շփոթմունք էր, զզվանք, նաև անտարբերություն: Կապույտ զգեստով կինը մոլեգնորեն փորձում էր շարժիչը գործի գցել: Տղամարդն արդեն ոտքի էր ելել, հարբածի պես ճոճվելով ճամփա էր փնտրում, որ դուրս պրծնի:
Մարդկանցից ոչ մեկը չէր շարժվում: Ջեյնը հասել էր նպարեղենի խանութ ու զանգահարում էր, երբ տղամարդը, օրորվելով ու դանակը թափահարելով, փռվեց կապույտ զգեստով կնոջ մեքենայի առաջ: Կինը խուճապի մատնվեց ու ավելի հուսահատ փորձեր արեց շարժիչն աշխատեցնելու:
Ոստիկանները եկան: Մարդիկ շրջապատեցին Ջեյնին. «Իˉնչ համարձակն եք», «Դուք շատ խելացի եք», «Իˉնչ ճարպիկ եք»:
-Բայց ես չէի կարող նրա հետ փախչել,- ասաց Ջեյնը:
-Նա կարող էր վնասել ձեզ, կարող էր սպանել:
-Ես չէի կարող թույլ տալ, որ նա ինձ մորթեր: Ես երբեք այդպիսի բան թույլ չէի տա:
-Ես այնպես վախեցա,-ասում էր մեկը,- ո՞նց էիք գլխի ընկել ու պղպեղ գնել:
-Լսեք, ես ժամանակ չունեմ,- համբերությունից դուրս եկավ Ջեյնը:
Նրան մոտեցավ ոստիկանը.
-Դուք շատ ճիշտ եք վարվել, տիկի՛ն,- ասաց նա:
-Ես ուզում եմ տուն գնալ,- ասաց Ջեյնը,- քանի՞սն է ժամը:
-Երեքն անց քսանհինգ, տիկին:
-Ես պետք է գնամ: Շուտով աղջիկս դպրոցից տուն կգա: Լավ չէ, երբ երեխաները տուն են գալիս, իսկ մայրը տանը չէ:
-Բայց…
-Ցուցմունքի համար կարող եք գալ մեր տուն,- ասաց Ջեյնը,- ես ձեզ ամեն ինչ կպատմեմ:
-Եղավ, տիկին,- ասաց ոստիկանն ու բացեց ճանապարհը՝ ձեռքը թեթևակի դիպցնելով գլխարկին:
Ջեյնը նայեց ցուցամատի սև թելին ու գործի գցեց մեքենան:

Անգլերենից թարգմանեց ԱՆԱՀԻՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0