ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ

Сообщение Harutin » 11 апр 2011, 23:33

ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ

Charl Bodler.jpg
Charl Bodler.jpg (6.29 кб) Просмотров: 1706
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ

Сообщение Harutin » 11 апр 2011, 23:35

ՉԱՓԱԶԱՆՑ ՈՒՐԱԽ ԿՆՈՋԸ

Գլուխը քո, շարժումն ու տեսքը չքնաղ
Մի գեղեցիկ բնանկար են կարծես,
Եվ ժպիտն է խաղում դեմքիդ գեղատես,
Ինչպես պայծառ երկնքի մեջ հովը պաղ:

Երբ հպվում ես դու անցորդին վշտալից,
Շլացնում ես առողջությամբ քո շենշող,
Որը որպես ճառագայթող լույսի շող
Ժայթքում է քո թևերից և ուսերից:

Զգեստներիդ զրնգուն ու վետվետուն
Երանգները հեգ հոգու մեջ պոետի
Մի վառվռուն ծաղիկների բալետի
Խայտաբղետ մտապատկերն են նետում:

Այդ խելահեղ հանդերձանքները հրկեզ
Խորհրդանիշն են քո հախուռն էության.
Խենթուհի’, որ մատնել ես ինձ խենթության,
Որքան ատում, այնքան սիրում եմ ես քեզ:

Մի ժամանակ, գեղատեսիլ մի այգում,
Ուր իմ հոգնած տաղտուկն էի քարշ տալիս,
Զգացի ես, հեգնանքի պես ծաղրալի,
Թե ինչպես էր արևը կուրծքս ճեղքում.

Ե՛վ գարունը, և՛ սիզախոտը այնքան
Անարգեցին ու ստորացրին իմ հոգին,
Որ մի փոքրիկ ծաղկի վրա տենդագին
Հանդգնությունը պատժեցի Բնության:

Կուզեմ այդպես ես գիշերով մի խավար,
Երբ հեշտանքը իր թևերը տարածի,
Սողալ դեպի ճոխ գանձերը քո անձի,
Վախկոտի պես սողալ անձայն, տենչավառ՝

Պատժելու քո խենթ մարմինը հեշտօրոր,
Խեղելու քո ստինքները խնայված
Եվ գալարուն փորիդ վրա, հմայված,
Բացելու լայն ու արյունոտ վերք մի խոր

Եվ, օˉ քաղցր գլխապտույտ իմ անվերջ,
Փորիդ վրա բացված այդ նոր շուրթերով՝
Շատ ավելի շողարձակ ու հոգեթով,
Ներարկելու, քո’ւյր իմ, իմ մաղձը քո մեջ:

Ֆրանսերենից թարգմանեց ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ

Сообщение Harutin » 11 апр 2011, 23:36

ՎԱՄՊԻՐԻ ԱՅԼԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ

Այն ժամանակ ելակե իր շուրթերով հրակեզ,
Գալարվելով ածուխի վրա նետված օձի պես
Եվ կրծքերը ծեփելով սեղմիրանի երկաթին,
Այս մշկահոտ բառերը հեղեց կինը դեռատի.
«Ունեմ խոնավ շրթունքներ և գիտեմ ես, թե ինչպես
Հնոտի խիղճը թաղել մահճակալի մեջ անտես:
Արտասուքն եմ չորացնում իմ կրծքերին հաղթական
Եվ ծերերին պարգևում անհոգ ծիծաղը մանկան:
Նրանց համար, ովքեր ինձ տեսնում են մերկ, անսքող,
Դառնում եմ աստղ ու լուսին, երկինք, արև լուսաշող:
Ես, թանկագի՛ն իմ գիտուն, այնքան վարժ եմ հեշտանքին,
Երբ փաթաթվում եմ մարդուն ու սեղմում եմ իմ կրծքին,
Կամ էլ երբ թույլ եմ տալիս իմ քրտնաթոր ու անփույթ
Պարանոցը կրծոտել, և’ քնքուշ, և’ մկանուտ,
Որ խռովքից տրորված այս անկողնում ինձ համար
Կուզենային մեղանչել հրեշտակները տկար»:
Երբ նա ծծեց, վերջացրեց իմ ոսկրածուծը ամբողջ,
Եվ երբ որ ես թալկորեն թեքվեցի կողմն այդ կնոջ,
Որ սիրավառ համբուրեմ, տեսա միայն լպրծուն,
Թաց կողերով մի տկճոր, որ թարախով էր լեցուն:
Ես փակեցի աչքերս սարսափի մեջ անհատակ
Եվ երբ դրանք բացեցի արեգակի լույսի տակ,
Իմ կողքին այդ զորավոր խրտվիլակի փոխարեն,
Որը թվում էր այնքան տաք արյուն էր ամբարել,
Դողում էին տարորեն չոր բեկորներ կմախքի,
Կամ էլ որպես մետաղե ձողին հենած հողմացույց,
Որը ճոճում է քամին գիշերներին ցրտաշունչ:

Ֆրանսերենից թարգմանեց ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ

Сообщение Harutin » 11 апр 2011, 23:37

ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻՆ

Հարպագոնը, որ մեռնող հոր մահճի մոտ էր նստել,
Խորհեց արդեն ճերմակող շուրթերի դեմ հայրական.
«Ցախանոցում, կարծում եմ, հին տախտակներ ու փայտեր
Կգտնվեն բավական»:

Սելիմենն է մրմնջում. «Շատ բարի սիրտ ունեմ ես,
Ուստի այսքան չքնաղ է ստեղծել ինձ տեր Աստված»:
–Նրա սիˉրտը, կաˉրծր սիրտ, ծխոտ ապուխտը որպես
Անշեջ հրում տապակված:

Իրեն ջահի տեղ դրած մի խմբագիր ծխամած
Ասում է այն թշվառին, որին խեղդել է մթնում.
«Գեղեցիկը ստեղծողին և Ուղղորդին քո երգած,
Ասա’, որտե՞ղ ես գտնում»:

Գիտեմ ես մի հեշտասեր էակի, որ մշտապես
Հորանջում է ու լալիս և տրտնջում թախծալից,
Կրկնելով թալկորեն. «Այո’, կուզեմ լինել ես
Առաքինիˉ մի ժամից»:

«Օˉ, անիծյալ,- ասում է ժամացույցը իր հերթին,
Հասոˉւն է նա: Մարմինը զուր կոչեցի ես ծփուն:
Ադամորդին կույր է, խուլ, նման է փուխր պատին,
Որը միջատն է կրծում»:

Հետո եկավ Նա, որին բոլորն էին բացասել,
Եվ որը մեզ բոլորիս ասաց, շենշող ու հպարտ,
«Մասնատուփիս մեջ, կարծեմ, դուք հաղորդվել եք այս սև
Պատարագին իմ զվարթ:

Ամեն մեկդ ձեր սրտում մի տաճար եք կերտել ինձ.
Համբուրել եք ձեր մտքում դուք իմ հետույքը կեղտոտ:
Սատանային ճանաչե’ք իր հաղթական ծիծաղից,
Աշխարհի պես գարշահոտ:

Կարծում էիք, ուրեմն, թե կարո՞ղ եք քամահրել,
Տիրոջը ձեր և խաբել, արարածնե’ր երեսպաշտ,
Եվ ստանալ ինձանից միանգամից զույգ նվեր՝
Հարստություն և Դրախտ:

Հարկ է, որ որսը մատնի ծեր որսորդին պարտության,
Որն սպասում է զոհին, դարանակալ, դժնետես:
Ես պատրաստ եմ տանել ձեզ, ոˉվ իմ տխուր խնդության
Ուղեկիցնե’ր, տանել ձեզ

Հոծ թանձրության միջով այս կարծր հողի ու ժայռի,
Միջով ձեր գորշ ու տարտամ մոխրակույտի թանձրության
Ինձ նման վեհ մի պալատ՝ ամբող ջական մի քարից,
Որը փխրուն չէ սակայն,

Կառուցված է քանզի նա Մեղքից համայն աշխարհի
Եվ իմ փառքն է պարփակում և տառապանքը համակ»:
–Այդ ժամանակ երկնային ոլորտներից վիթխարի
Շեփորում էր մի Հրեշտակ

Հաղթանակը նրանց, ում սիրտն է ասում. «Հավիտյան
Օրհնյաˉլ լինի մտրակդ և տառապանքը, օˉ Տեր:
Իմ հոգին քո ձեռքերում խաղալիք չէ անպիտան,
Եվ զգոն ես դու հավերժ»:

Շեփորի ձայնը այնքան հրապուրիչ է այդ պերճ
Այգեկութի վեհաշուք մայրամուտին շող շողուն,
Որ իբրև մի զմայլանք թափանցում է նրանց մեջ,
Ում երգոˉւմ է, տարփողոˉւմ:

Ֆրանսերենից թարգմանեց ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՇԱՌԼ ԲՈԴԼԵՐ

Сообщение Harutin » 11 апр 2011, 23:38

ՇԱՏՐՎԱՆԸ

Հոգնել են չքնաղ աչքերը քո,
Իմ խեˉղճ սիրուհի, մնա’ այդպես՝
Կոպերդ փակած, անփույթ դիրքով,
Որտեղ հաճույքը զավթել է քեզ:
Եվ շատրվանը, որ մեր բակում
Շաղակրատում է գիշեր-ցերեկ,
Այն զմայլանքն է մեղմ պարփակում,
Որտեղ սուզեց ինձ սերը երեկ:

Փունջը գեղատես
Եվ հազարավարդ,
Որ ներկել է վես
Դիցուհին զվարթ,
Արտասուքի պես
Թափվում է հանդարտ:

Այդպես քո հոգին հեշտանքների
Այրող շանթերը հրկիզելով,
Թռչում է արագ, նետվում արի
Դեպի հմայված երկինքը մով,
Հետո մարում է, հեղվում վհատ
Ալիքի նման մի գլխիկոր,
Որ ցած է իջնում թույլ, աննկատ
Մինչև իմ սրտի հատակը խոր:

Փունջը գեղատես
Եվ հազարավարդ,
Որ ներկել է վես
Դիցուհին զվարթ,
Արտասուքի պես
Թափվում է հանդարտ:

Օˉ դու չքնաղ ես գիշերն այնքան:
Իˉնչ քաղցր է՝ հակված կրծքին քո նուրբ
Լսել տրտունջը հավերժական,
Որ հեծեծում է ավազանում:
Լուսի’ն, ջո’ւր հնչեղ, օրհնյալ գիշե’ր,
Դողացող ծառե’ր պաղ սարսուռով,
Մաքուր ու անբիծ թախիծը ձեր
Հայելին է իմ անհուն սիրո:

Փունջը գեղատես
Եվ հազարավարդ,
Որ ներկել է վես
Դիցուհին զվարթ,
Արտասուքի պես
Թափվում է հանդարտ:

Ֆրանսերենից թարգմանեց ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0