СТАНЬ VIP

Վաղինակ Ազնավուրյան Միշայի (Շառլ Ազնավուր)

Այս բաժնում ներկայացված են հայտնի մարդկանց կենսագրական նյութերը
В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Վաղինակ Ազնավուրյան Միշայի (Շառլ Ազնավուր)

Сообщение Karen » 20 янв 2014, 20:27

(74.36 кб) Просмотров: 1370
(52.31 кб) Просмотров: 1370

Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրն իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի 2 շքանշանով:
2009 թ-ին Ազնավուրը ճանաչվել է XX դարի լավագույն երգիչ:

Շառլ Ազնավուրի (իսկական անուն-ազգանունը՝ Վաղինակ Ազնավուրյան) հայրը՝ Միշան, ծնվել է Վրաստանի Ախալցխա, մայրը՝ Թուրքիայի Իզմիր քաղաքներում: Շառլի ընտանիքն ամուր կապված էր ազգային սովորույթներին, մայրենի լեզվին, եկեղեցուն: Ծնողները մասնակցում էին հայերի կազմակերպած թատերական ներկայացումներին, որոնց ներկա էր լինում նաև Շառլը: Մանկուց նա մեծ հետաքրքրություն ուներ արվեստի հանդեպ: Հաճախում էր թատերական դպրոց: Ծնողներին օգնելու համար պատանի Շառլը ելույթներ էր ունենում փոքր ներկայացումներում, երգում եկեղեցում:

Ավելի ուշ սկսել է երգեր գրել ժամանակի ճանաչված երգիչների համար: 1946 թ-ին ծանոթացել է հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ, և միասին շրջագայել են համերգներով: Սկզբնական շրջանում երգել է Պիեռ Ռոշի հետ: Համընդհանուր ճանաչման է հասել 1959 թ-ին՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, համերգներով հանդես է եկել նաև Երևանում: Ազնավուրը գրել է 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել», «Երկու կիթառ», «Սիրուց հետո», «Ջահելություն» և այլն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Նա իր երգերի լավագույն կատարողն է: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Դստեր՝ Սեդայի հետ կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը: Գրել է նաև օպերետային երաժշտություն: Ազնավուրը նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը՝ պատը» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: Ուշագրավ է նրա դերակատարումը Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմում, որը նվիրված է Մեծ եղեռնին:

1988 թ-ի Սպիտակի երկրաշարժից հետո նա բազմիցս այցելել է Հայաստան, եղել աղետի գոտում: Փարիզում ստեղծել է երկրաշարժից տուժածների օգնության «Ազնավուրը Հայաստանին» հիմնադրամը, որի ներկայացուցչությունը բացել է Երևանում: Երգիչ և կոմպոզիտոր Ժորժ Կառվարենցի հետ գրել է «Քեզ համար, Հայաստան» երգը, թողարկել տեսահոլովակ` Ֆրանսիայի 90 երգչի ու դերասանի մասնակցությամբ: Կուբայում Չ. Վալդեսի հետ թողարկել է ալբոմ (2007 թ., շնորհանդեսը՝ Մոսկվայում):
1995 թ-ից ՀՀ նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպանն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում: 2009 թ-ին նշանակվել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Շվեյցարիայում: Պարգևատրվել է ԼՂՀ «Գրիգոր Լուսավորիչ» և Թեքեյան մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով:

Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975 թ.), «Անցած օրեր» (2004 թ.) հուշագրությունները:
Ազնավուրի անունով կոչվել են հրապարակ Երևանում, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը, իսկ 2000 թ-ին Գյումրիում՝ նրա անվան հրապարակում, կանգնեցվել է հուշարձանը: Ազնավուրի մոմե արձանը 2004 թ-ին դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009 թ-ին Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը:

Թվում էր` ամեն ինչ գիտենք աշխարհահռչակ երգչի կյանքի մասին: Մինչդեռ Հայաստանի ազգային արխիվում պահպանվող համապատասխան փաստաթղթերը նոր լույս են սփռում Ազնավուրների ընտանիքում 1946 թ. տեղի ունեցած մի կարեւոր իրադարձության մասին, որի վերաբերյալ ոչ մի ակնարկ անգամ չկա Շառլի կենսագիրների մոտ: Գուցե աշխարհահռչակ երգիչն ու նրա քույր Աիդան չեն ուզեցել բացել այդ «գաղտնիքը»` անհարկի շահարկումներից զերծ մնալու մտահոգությամբ:

Ով գիտե: Այսուհանդերձ, շնորհիվ երիտասարդ արխիվագետ Արմեն Բադալյանի պրպտումների, «Ազգ»-ը վերջինիս տրամադրած փաստաթղթերի հիման վրա բացահայտում է այդ «գաղտնիքը», քանզի կարծում ենք, որ յուրաքանչյուր մեծ արվեստագետի կյանքի ու կենսագրության մանրամասները կարեւոր եւ արժանի են ուսումնասիրության: Մանավանդ այս պարագայում, երբ խոսքը վերաբերում է համաշխարհային տարողությամբ մի երգչի ու նրա ընտանիքի պատմությանը, դեպի մայր հայրենիք, դեպի Հայաստան նրա կողմնորոշմանը, որն արդյունք է ընտանեկան մթնոլորտի, որտեղ հասակ է առել մեծ արվեստագետը: Դրանով է պայմանավորված նաեւ, ինչպես փաստերն են ցույց տալիս, նրա խորազգաց հայրենասիրությունը, խորարմատ ազգասիրությունը, որի առավել ցայտուն դրսեւորումները երեւացին հատկապես աղետալի երկրաշարժից հետո եւ մինչեւ այսօր:

Այո, 1946 թ.-ին Շառլ Ազնավուրն ու իր ընտանիքը՝ հայրը, մայրը եւ քույրը ցանկանում էին հայրենադարձվել Խորհրդային Հայաստան: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, 1945 թ. նոյեմբերի 21-ին, երբ ԽՍՀՄ ժողկոմխորհը որոշում ընդունեց «Արտասահմանյան հայերի Խորհրդային Հայաստան վերադառնալու կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին», աշխարհասփյուռ հայությունը, բացի ՀՅԴաշնակցության արմատական անդամներից, ուզեց բռնել տունդարձի ճանապարհը, դրանց թվում՝ շատ-շատերը ֆրանսահայ համայնքից, որոնց թվում՝ Շառլի ընտանիքը: 1946 թ. մայիսի 30-ին նա եւ ընտանիքի մյուս անդամները դիմել են Փարիզում գտնվող Ներգաղթ կոմիտե եւ շուրջ մեկ շաբաթ հետո, հունիսի 5-ին, ինչպես երեւում է փաստաթղթերից, պաշտոնապես դիմում ներկայացրել որպես «ԽՍՀՄ քաղաքացի» Խորհրդային Հայաստան մեկնելու թույլտվության համար:

Թե ինչու չի իրականացել Ազնավուրյան ընտանիքի հայրենադարձությունը, առայժմ մենք որեւէ բացատրություն չունենք: Սակայն պետք չէ մոռանալ, որ հայրենադարձվել ցանկացողների եւ դիմորդների թիվը եղել է քառապատիկ ավելի, քան հայրենադարձվածներինը, որոնց թիվը շուրջ 90 հազար է: Գուցե Ազնավուրների ընտանիքին էլ, ինչպես տասնյակ հազարավորներին, հերթը չի հասել՝ 1948 թ.-ին ներգաղթն ընդհատվեց անակնկալորեն, երբ շատերն էին արդեն տուն-տեղ վաճառել: Ստալինին այլեւս պետք չէին ներգաղթող հայեր…

Համենայն դեպս, Շառլի պարագայում ազատ ենք ենթադրություններ անել՝ ներգաղթելու դեպքում նա կդառնա՞ր աշխարհահռչակ երգիչ: Հազիվ թե: Նրա տաղանդն անշուշտ ինչ-որ տեղ դրսեւորվելու ելք չէ՞ր գտնի: Հավանաբար: Բայց որտեղ՝ դժվար է ասել: Մեծ շանսոնիեն եւ ընտանիքը չէի՞ն հայտնվի Ալթայի երկրամասում կամ Սիբիրի սառնաշունչ տափաստաններում, ինչպես հազարավոր ուրիշ հայրենադարձներ: Շատ հավանական է: Նրանք չէի՞ն համալրի խորհրդային երկրից, ազատությունների կորստից դժգոհների շարքերը: Անկասկած:

Բոլոր դեպքերում փաստը մնում է՝ Ազնավուրները ցանկանում էին գալ Հայաստան, ծառայել հայոց թատրոնին, երգարվեստին: Եվ սա եւս ապացույց-վկայություն է այս ընտանիքի հայրենանվիրվածության մասին:

Կից սյունակներում ներկայացնում ենք ընտանիքի 4 անդամների՝ հոր, մոր, դստեր եւ որդու ռուսերեն լեզվով լրացված փաստաթղթերի լուսապատճենները, առավել՝ Քնար եւ Աիդա Ազնավուրյանների հայերեն ձեռագիր դիմումները Ներգաղթ կոմիտեին՝ վերծանված մեր կողմից: Դժբախտաբար Մամիկոնի եւ Շառլի ձեռագիր դիմումները, եթե կան այդպիսիք, արխիվագետ Ա. Բադալյանին չի հաջողվել հայտնաբերել պետարխիվում:

Աիտա Ազնաւուրեան

Աիտա Ազնաւուրեան, (Փարիզում ճանչցուած Aida Aznavour անունով: Ծնուել եմ 1923 Յունուար 19-ին Սալօնիկ եւ բերուել Փարիզ 1923 Հոկտեմբեր 10ին: Դուստրն եմ դերասան եւ դերասանուհի տէր եւ տիկին Մամիկոն Ազնաւուրեանի: Ինչպէս շառավիղը իմ ընտանիքին,եղած եմ երգչուհի դերասանուհի: Տասը տարեկանիս արդէն նետուած ըլլալով դերասանական ասպարէզը, կրթութիւնս առած եմ գեղարուեստական վարժարանում: Հետեւած եմ դաշնակի (7 տարեկանիս), հետեւած նաեւ տիկսիօնի: 13 տարի շարունակ խաղացած եմ ֆրանսական թատրոններում: Մանուկների թատրոնից մինչեւ չափահասները եւ երգած Փարիզի միւզիքոլներում, ռատիօներում եւ տիսքերում: Վերջին ժամանակներումն ալ մասնակցել եմ մի շարք հայկական տրամաթիկ թատերախաղերում: Եղել եմ Ֆրանսայի ամենամեծ նահանգներում մասնակի հրաւէրներով, նաեւ օտար երկրների մայրաքաղաքներում: Ներկայումս էլ ամենամեծ փափաքս է գնալ հայրենիքում եւ ծառայել իմ ժողովրդին տեղւոյն վրայ կատարելագործուելով:

Դերասանուհի ԱԻՏԱ ԱԶԱՆԱՒՈՒՐ

1. Խոսքի վարպետություն, ֆր.
2. Ընդգծումները իրն են:

Քնար Ազնաւուրեան

Քնար Ազնաւուրեան. Ծնած եմ 1902 նոյեմբեր 16-ին Իզմիթ քաղաքը (Փոքր Ասիա): Զավակն եմ Կարապետ եւ Զարուհի Պաղտասարեանների((նահատակուած 1915-ին աքսորում): Տեղահանութենէն մի ամիս առաջ գնացել եմ Կ. Պօլիս. միջնակարգ կրթութիւն ստացել եմ Բերայի Էսայեան վարժարանում: 1922 Յունուար 22-ին ամուսնանալով դերասան Մամիկոն Ազնաւուրեանի հետ, նոյն տարւայ յունիս ամսին դերասանական խմբի հետ անցել եմ Իզմիր, որտեղից քեմալական կռիւների ժամանակ անցել ենք Սալօնիկ, այնտեղից էլ 1923-ի վերջերը Փարիզ: Սոյն վերոյիշեալ թուականէն մինչեւ օրս ծառայել եմ հայ բեմին ինչպէս տրամաթիք դերասանուհի, զբաղուել եմ միաժամանակ կարուձեւով (ձեռագործ եւ կանացի հագուստներ): Ամբողջ օքիւբասիօնի [1] շրջանին աշխատել եմ ռէզիստանսում [2]: Մեզ մօտ պահել ենք ընկ. Մելինէ Մանուշեան [3], ընկ Տիրան Ոսկերիչեան [4] եւ շատ ուրիշներ, ինչպէս նաեւ կարմիր բանակայիններ: Մեծ կապ եմ հաստատել գերի ընկած կարմիր բանակայինների հետ, որոնցմէ շատերին գերմանական հագուստից մերկացնելու, ինքնութեան թուղթեր ճարելու կամ Մաքի ուղարկելու պարտականութիւնը ինձ էր յանձնուեր:

Ամուսինս մատնուելէն յետոյ (1944 յունիս 20էն սկսեալ) հակառակ կեսթափոյի կրկնակի այցելութիւններուն, ունեցած գաղտնի կապս Մելինէ Մանուշեանի եւ ուրիշների հետ միշտ պահել եմ, եւ գնացել նրանց կողմից տրուած ժամադրութիւններին հրահանգներ ստանալու եւ կարեւոր լուրեր տալու համար եւ սա տեւել է մինչեւ ազատագրում:

Նշանադրուել եմ ֆրանսական կառավարութեան եւ վկայուել F.T.R-ի կողմից:

ՔՆԱՐ ԱԶՆԱՒՈՒՐԵԱՆ

1. Ֆր. գրավում, խոսքը վերաբերում է Ֆրանսիայի գրավմանը գերմանացիների կողմից:։
2.Դիմադրություն, գերմանական զավթիչների դեմ ֆրանսիական դիմադրական շարժում:
3. Բանաստեղծ, դիմադրական շարժման Փարիզի շրջանի գլխավոր կազմակերպիչներից Միսաք Մանուշյանի (նահատակվել է 1943 թ.) այրին եւ զինակիցը:։
4. Հայտնի կոմունիստ, դիմադրական շարժման ղեկավարներից:
5. Ուզում է ասել՝ մեդալ է ստացել ֆրանսիական կառավարությունից:

(48.69 кб) Просмотров: 1370


Նկար 1. Ազնավուրյան Շառլ Մամիկոնի: Ծնված 22 մարտի 1924 թ. Փարիզում: Ամուսնացած: Ներկայիս քաղաքացիությունը՝ սովետական, անձնագրի համարը՝ 06980/06989: Կրթությունը՝ միջնակարգ: Ազգությամբ՝ հայ: Աշխատում է թատրոնում, երաժշտության ուսուցիչ, բանաստեղծությունների հեղինակ: ԽՍՀՄ-ում կեցության ժամկետը՝ մշտական: Ուղեւորության նպատակը՝ Սովետական Հայաստանում մշտական բնակության: Հասցեն՝ Փարիզ 9-րդ շրջան, Նավարեն փողոց 22:

Նկար 2. Ազնավուրյան Մամիկոն Միսաքի: Ծնված 26 մայիսի 1897 թ., Ախալցխայում: Ամուսնացած: Ներկայիս քաղաքացիությունը՝ սովետական, անձնագրի համարը՝ 06973/069840: Ազգությունը` հայ: Կրթությունը՝ միջնակարգ: Մասնագիտությունը եւ զբաղմունքը՝ արտիստ եւ ռեստորանատեր, իր մասնագիտությամբ չի աշխատում: Անձնագիր չունի: Մեկնում է ընդմիշտ, Խորհրդային Հայաստանում մշտապես ապրելու: Նախապես եղել է Բաքվում եւ Թիֆլիսում, աշխատել է որպես պատվիրատու (անընթեռնելի է): ԽՍՀՄ-ը թողել է 1920 թ.-ին, մենշեւիկների կառավարության օրոք, Բաթումիից: 1932 թ.-ից անդամ է ֆրանսիական կոմկուսի: ԽՍՀՄ-ում ունի քույրեր՝ Երամյան Աստղիկ եւ Ազնավուրյան Արուսյակ, ապրում են Բաքվում եւ Լենինականում, պետական թատրոնների արտիստներ են: Հասցեն՝ Փարիզ 9-րդ շրջան, Նավարեն փողոց, 22:

Նկար 3. Ազնավուրյան (Բաղդասարյան) Քնար Կարապետի: Ծնված 10 նոյեմբերի 1902 թ.-ին Իզմիթում (Թուրքիա): Ամուսնացած: Ներկայիս քաղաքացիությունը՝ սովետական, անձնագրի համարը՝ 06987/06986: Ազգությունը՝ հայ, կրթությունը՝ միջնակարգ: Մասնագիտությունը եւ զբաղմունքը՝ թատրոնի դերասանուհի եւ դերձակուհի: Խ. Միության այցի եւ այնտեղ մնալու ժամկետը՝ իշխանությունների հայեցողությամբ: Ուղեւորության նպատակը՝ Հայկական ԽՍՀ-ում մշտական բնակության: Ֆրանսիական կոմկուսի անդամ 1936 թ.-ից: ԽՍՀՄ-ում ունի զարմուհի՝ Երեւանում: Թույլատրություն ունի Հայկական ԽՍՀ մեկնելու: Հասցե՝ Փարիզ 9-րդ շրջան, Նավարեն փողոց, 22:

Նկար 4. Ազնավուրյան Աիդա Մամիկոնի: Ծնված 13 հունվարի 1923 թ.-ին, Սալոնիկ, Հունաստան: ԽՍՀՄ քաղաքացի, սովետական անձնագրի համարը՝ 06979/06988: Ազգությունը՝ հայ: Կրթությունը՝ միջնակարգ: Զբաղմունքը՝ թատրոնի դերասանուհի: Ուղեւորության թվականը եւ ԽՍՀՄ-ում կեցության ժամկետը՝ իշխանությունների հայեցողությամբ: Ուղեւորության նպատակը եւ ԽՍՀՄ-ում բնակության վայրը՝ մշտական բնակության, Հայկական ԽՍՀ-ում: Հասցեն՝ Փարիզ, 9-րդ շրջան, Նավարեն 22:

«Իմ ճանապարհը հեշտ ու հանգիստ չի եղել: Շատ դառնություններ եմ ճաշակել այդ ճանապարհին՝ երեսիս փակված դռներ, հեգնանքով լի ժպիտներ, չարախոսություններ...»:
Շառլ Ազնավուր

«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»,– Շառլ դը Գոլ:
Аватара пользователя
Karen (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель


Вернуться в Կենսագրություններ