СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 29 янв 2019, 16:12

ԹԵ ՉԵՍ ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Թե չես եղել Հայաստանում,
Հային թե չես հյուրընկալվել`
Ի՞նչ իմանաս քարե դարում
Հողն ինչպես է երկիր դառել...
Ի՞նչ իմանաս ի՞նչ են Եղեռն,
Կոտորածներ ու ավերում,
Ի՞նչ են բերում սրերը կեռ,
Երկրաշարժներն ի՞նչ են բերում:

Թե չես եղել Հայաստանում,
Ի՞նչ իմանաս ի՞նչ է մարդը,
Քեզ ո՞վ կասի ու՞ր է տանում
Պանդխտության որոգայթը:
Քեզ ո՞վ կասի, թե քրտինքով
Քարից ինչպես գինի քամել,
Ի՞նչ է պատմում երկինքը մով,
Նոյի զարմերն ու՞ր են հառնել:

Թե չես եղել Հայաստանում,
Հայոց հոգին ո՞նց կընկալես.
Լույս կա այստեղ ամեն քարում
Եվ խնդություն ամենատես:
Հայաստանում ջուրն էլ այլ է
Եվ ուրիշ են հողն ու քարը,
Հենց այստեղ են ծնունդ առել
Նոյի որդոց բառն ու բարը:

Ի՞նչ իմանաս ի՞նչ է լեզուն,
Որի սերմը Նոյն է գցել,
Մարդն Աստծո հետ ո՞նց է խոսում,
Ո՞նց է խոսքը վերքեր բուժել...
Թե չես եղել Հայաստանում,
Քեզ ծանոթ չէ հոգու երգը,
Որից լույս է մարդն ստանում,
Սպիացնում սրտի վերքը...

Չես իմանա մարդն ինչպես է
Ընդդիմանում տառապանքին,
Ո՞նց կարող ես հոգիդ կիզել
Ու նվիրվել Տիրոջ փառքին:
Քեզ ո՞վ կասի, թե երկնքից
Թարթող աստղերն ի՞նչ են ասում,
Ի՞նչ հրաշք է երկինքը ջինջ,
Երազանքներն ու՞ր են հասնում:

Թե չես եղել Հայաստանում,
Ի՞նչ իմանաս ի՞նչ է համը,
Հայոց հողն է լոկ խոստանում
Համեղ խաղողն ու ծիրանը:
Հայաստանյան արևը բարկ
Համ ու հոտ է տալիս մրգին,
Խաղողի մեջ դնում կրակ
Ու ծիրանում` բույրը անգին:

Այս հին հողում ամեն քայլի
Մի հին վանքի կհանդիպես,
Ուր պատգամ կա Վերին Կամքի,
Քրիստոնե հոգուն ի տես:
Թե դրախտի տեղն ես ուզում
Գտնել երկիր հսկա տանը`
Ուրեմն դու դեռ չես լսել,
Թե որտեղ է Հայաստանը:

Բաճկոն հագիր, ցուպ վերցրու,
Հին հոգսերդ թող քո տանը.
Երազներիդ նոր շունչ կտա
Երազ երկիր Հայաստանը:
20.10.2003
Последний раз редактировалось Կարինե Կարինե 01 фев 2019, 16:44, всего редактировалось 6 раз(а).

3 людям это нравится.
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան

Сообщение Կարինե Կարինե » 29 янв 2019, 16:15

ՀԱՐՑ
Ինձ ու՞ր չի նետել ճակատագիրը,
Բախտի ի՞նչ խաղեր չեղան իմ կյանքում...
Եզրագծված էր իմ ուղեծիրը
Փորձությունների անվերջ շարանում...

Բյուրավոր աստղեր հմայեցին ինձ,
Աչքեր բազմատես, աչքեր սիրասուն,
Բայց ինձ չմնաց նրանցից ոչինչ,
Երբ հայացքն էր քո հոգիս ակոսում:

Անմեղ անուրջի ծով էր անհատակ
Աստղոտ աչքերիդ թովչանքը շաղոտ,
Նրանց առկայծող հայացքը սևսաթ
Բերում էր հոգուս հրճվանք ու կարոտ…

Հեռու ես հիմա, հեռու՜ ինձանից
Ու չենք հանդիպել երկա՜ր ժամանակ:
Ե՞րբ կգաս կրկին քո հեռուներից՝
Երազիս թև տաս` սիրով քո համակ...

17.01.2019
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան

Сообщение Կարինե Կարինե » 29 янв 2019, 16:21

ԼՌՈՒԹՅՈՒՆ

Ամենազոր է միտքը մարդկային,
Բայց խորախորունկ մտքերը նրա
Ծնվում են միայն լռության պահին,
Երբ ճնշում չկա մտքերի վրա:

Մարդու ուղեղը գործում է լռին,
Սիրտը` բաբախում համր ու անձայն,
Անխոս է մարդը տրվում խոհերին
Եվ քնքշությունն է հորդում համրաձայն…

Որպեսզի խոհը չկորչի անհետք,
Այն պետք է պահել մտքի բևեռում,
Իսկ խորունկ մտքին լռություն է պետք,
Կենտրոնացում ու մտասևեռում:

Լռությունն ունի բազմազան հարցեր,
Եվ դրսեվորման բյուրավոր երանգ,
Կարող է անթիվ գաղտնիքներ բացել,
Լինել և' պայքար, և' լուռ համբերանք:
Լռության մեջ կա մի ամբողջ աշխարհ,
Լուռ ունկնդրումը մեծագույն ձիրք է,
Ամեն լռություն ունի իր ճամփան,
Իր պատմությունն ու իր ասելիքը:

Այն և’ կարծիք է, և’ հանդիմանանք,
Խոհերի հորձանք և հույզի հեղեղ,
Կարող է լինել և’ պատիժ, և’ կյանք,
Լինել մեղսավոր, լինել մեղսավեր,
Մեկ-մեկ համբերող ու մերթ բարձիթող,
Տիրություն անող և թողնող անտեր,
Բայց ամեն անգամ, ամեն առիթով,
Լռությունն, անշուշտ, ունի ինչ-որ դեր:

Կա լռություն, որ կարող է հարթել
Կրքի անհամբեր ըմբոստացումը,
Եվ կա, որ կարծես ական է պայթել
Ու զոհերով է լցրել ողջ տունը:
Լռություն, որ սուրբ խորհրդին գերի,
Հաճախ դիմավոր ու հաճախ անդեմ,
Փոխում է հունը հին երազների,
Կարող է հույս տալ և հույսեր բանտել:

Լռությունն անհայտ հին կտավի պես,
Ունի թաքնված անթիվ նրբերանգ,
Երգ է բազմաձայն ու բազմանվագ,
Զգացմունքների ակնակուռ հանդես,
Իմաստություն է, հոգու արձագանք
Եվ մեղմ ժպիտ է վաղորդյան ցողի,
Կամ խրախուսող ոճիր ու հանցանք,
Երբ լռություն է պատիժ տվողի:

Լռությունն ունի տարաբնույթ հենք,
Ու դրսեվորման բյուրավոր ձևեր,
Այն և սաղմոս է, և հոգեցունց երգ,
Եվ ապաշխարանք հոգու կարևեր…
Բազմալեզու է լռության երգը,
Հին Բաբելոնի աշտարակի պես,
Այժմ ունկնդրենք նրանց համերգը,
Մտնենք լռության դիմակահանդես…


ԼՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԵՍ

Հույզերի համերգ և հանդիսություն,
Երբ լեզուն անխոս` աչքերն են խոսուն,
Երբ լսելիքը արդեն անընկալ`
Աչքերն են դառնում ամենաընկալ:
Միտքը, Սողոմոն իմաստունի պես`
Ակնապիշ նայող հայացքով խոհի,
Ծածուկ իմաստն է ըմբոշխնում անտես
Միտքը բարձրաձայն արտահայտողի,
Դառնում խոհերի հլու տարեգիր
Եվ գիտե անգիր, թե ի՞նչ են ասում,
Ի՞նչ են բամբասում թաքուն մտքերը
Անարձանագիր…

Այն գորովանք է հաճախ ծնողի,
Կամ որդիական հոգու հեզություն,
Սիրո խոստում է, Սիրո արձագանք,
Թաքնված կարոտ կամ հանդիմանանք,
Հոգու խռովքը թաքցնող կապանք,
Մտքերի հորձանք,
Որ թափանցելով հոգին լռողի
Կարող է դառնալ և' թռիչք, և' կյանք,
Դառնալ հետևանք, լինել անցողիկ,
Արտասուքն ինչպես,
Ինչպես դուռը փակ…
Եվ կամ հնեցված գինին անապակ…


ԼՌՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԿԱՄ

Որ մարդու սիրտը անում արնաքամ,
Լեզուն կապում է, դարձընում կարկամ,
Երբ խմորվում են հույզերը անտես,
Խարույկը հոգու դարձնում աղեկեզ…
Երբ հոգում անմար կրակ է վառվում,
Հույզի խռովք է անդուլ ծավալվում,
Երբ սիրտը տեղից ելնել է ուզում,
Բայց դա ոչ մեկին արդեն չի հուզում…

։


ԼՌՈՒԹՅՈՒՆ ԱՆԿԱՄ

Որ դառնալու է մի օր առնական,
Որը դեռ վճիտ հայացք է միայն
Անբարբառ մանկան,
Զարմանքի լռին մի դրսեվորում,
Հիացած հայացք, անմեղ մի ժպիտ,
Որ իր երկնողի հոգին է նորում,
Երբ խանձարուրից նայելով անմիտ`
Աշխարհի բանն է անմեղ մտորում,
Անտեղյակ նրա բազում հոգսերին,
Որ կհասցնի մի օր ճաշակել
Զորավոր ձեռքով տիրավորների,
Երբ ըմպի անթիվ դառը բաժակներ
Միտքը ջլատող դառը խոհերի…

ԼՌՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՎԻ

Դա լռություն է ուժեղ անհատի,
Անհողդող նայող աչքերին մահվան,
Արժանապատիվ հոգու լռություն,
Որ սվինի պես սիրտն է մխրճվում
Ճիշտը հանիրավ դատապարտողի,
Արթնացած խղճի թելադրանքով,
Արգահատում է արարքն անիրավ,
Փախցնում քունը ու չի մոռացվում,
Հանգիստ չի թողնում, չի ներում բնավ
Անգամ ակամա մեղսավորներին`
Այրելով գործած մեղքերի համար…

ԼՌՈՒԹՅՈՒՆ ԽԱԲԿԱՆՔ

Երբ մարդու դեմքին չկա արձագանք
Ոչ լուռ կրքերի և ոչ ակնբախ
Դիմախաղերի,
Երբ խոր մտքերը հարթ պատի նման
Ուղեղ կոչվածից ետ են ցատկոտում`
Հետք չթողնելով գանգատուփի մեջ
Խոր լռակյացի,
Որը երևի ամեն ինչ ունի,
ուղեղից բացի:


ԼՌՈՒԹՅՈՒՆ ԱՏՅԱՆ

Երբ մեղսավորը մտնում է պատյան
Ու չի կամենում մեղքն ապաշխարել,
Իսկ մաշկազերծող պահը լռության
Ձգտում է հանցանքն ի դերև հանել:
Դա լուռ պայքար է երկու ես-երի`
Մտավոր խոհի ու անզորության,
Երբ և լռելն է գերադասելի
Եվ պաշարումը շեշտված լռությամբ…


ԼՌՈՒԹՅՈՒՆ ՀՈՒՅՍԻ

Երբ` աչքդ հառած երազած լույսին,
Տարանջատվում ես մի պահ աշխարհից,
Երբ դու գերին ես քո բաժին հույսի
Եվ սպասումդ թվում է տարի…
Երբ մտքերիդ ես տրվում սևեռուն,
Տրվում քո բաժին Բարու քանքարին,
Եվ հույսերով լի խինդերդ բեղուն
Սպասումներդ տանում են գալիք.
Ու կյանքիդ հաջորդ պահն են նորոգում
Քեզ հասանելիք…


ԼՌՈՒԹՅՈՒՆ ՊԱՏԳԱՄ

Դա լռությունն է հոգու մաքրման,
Ապրած օրերիդ վերարժեքումը,
Երբ հին հուշերդ վերև են հառնում
Փյունիկի նման …
Երբ վերապրումի երջանկասոսափ
Պահերն են անցած քեզ այցի գալիս,
Եվ ջերմություն են ներարկում հոգուդ`
Քեզ հիշեցնելով ապրածն անձկալի:


ԼՌՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԳՈՂ

Այն որ կարող է լինել մի մեծ խոհ,
Սակայն լռում է` դիմացինի մեջ
Տեսնելով ակունքն իմաստի գետի,
Որն անհրաժեշտ է ըմբոշխնել անդուլ,
Երբ ունկնդրելու առիթ է տրված
Եվ անչափ մոտ է քո արահետին:
Դա խորհրդավոր բանավեճ է մի,
Որը ծածուկ է գուցե բոլորից
Ու ներկաներից շատերին անհայտ,
Բայց այդ երկուսին լավ հասկանալի,
Դա մեծարումն է երկու վեհափառ
Ու իմաստակուռ հզոր անձերի,
Որ երկուսին է մեկտեղ ցանկալի…


ԼՌՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՂ

Դա կռապաշտի մոլուցքով լեցուն
Մի խորհրդավոր զգացմունք է լուռ,
Երբ լռությունը դառնում է նեցուկ
Ներքին խռովքի հորձանքին անլուր..
Երբ խոսելու տեղ աչքերիդ բոցով
Խոստովանանք ես հղում կարոտի
Եվ դու նման չես մի դատարկ խեցու,
Այլ ողջ էությամբ դարձել ես Հոգի…

Երբ քո լռությամբ արարն ես բացում
Երկու խենթացած հոգու համերգի,
Երկնում աննկատ մի իրարանցում,
Որ դեռ հասու չէ գուցե ամենքին,
Բայց քո ինքնության այն թանկ ավարն է,
Որ կյանք է, թռիչք ու Աստվածացում…


ԼՌՈՒԹՅՈՒՆ ԽՈՀԻ

Երբ առանց դողի`
Մեկուսանալով արար աշխարհից,
Հյուլեից մինչև անհունն ակոսում,
Պտուղն ես քաղում Տիրոջ քանքարի,
Երբ քո ականջին բոլորից թաքուն,
Իր գաղտնիքներն է Գոյը բամբասում`
Բացելով մտքի սեմը բարձրագույն:

Երբ, սողոսկելով մտքի անհունը,
Քննում, պարզում ես հին արարումը,
Որ հետո մի օր դու բարձրաձայնես,
Թե ինչն ինչու՞ է արարել Տերը,
Ի՞նչ են բարբառում անխոս աստղերը,
Ինչու՞ Նոյն իջավ
Արարատ լեռան բարձր կատարին,
Արարիչն ինչու՞ չի պատժում չարին,
Ինչու՞ են ցնցվում հողն ու լեռները,
Երբ աշխարհն այսքան ամուր ու կուռ է,

Ինչո՞ւ են մարդիկ դառնում տարագիր,
Երբ պաշարում են օրերն անհանգիստ...
Քրիստոսն ի՞նչ էր ցանում ամենուր,
Եվ ինչու՞, ինչու՞ սուգ կա ու մրմուռ..

Մարդկության համար ինչու՞ երկիրը
Դարձավ օթևան, ոչ այլ մոլորակ,
Ի՞նչ է կատարվում այս երկրի վրա,
Ո՞վ է հոգալու հոգսերը նրա…

Եվ դրա նման հարցեր անհամար,
Որոնց մտահեռ պատասխանները
Լռության մեջ են դառնում աներկբա,
Ուղեղի համար,
Զի աղմուկի մեջ,
Իմաստությունը անուժ է ու թույլ,
Առողջ մտքերը սաղրիկ են ու ծույլ,
Բանավեճի մեջ անխոհեմ կրքի
Չկա մտորում Առինքնող մտքի,
Կա լոկ անիմաստ, հաճախ անարժեք,
Սակայն աննկուն մի ոգևորում,
Որ մեզ անդունդ է անվերջ գլորում…


ԼՌՈՒԹՅՈՒՆ ԱՆՎԵՐՋ

Որ տիրոջ կամքով գալիս անընդմեջ,
Լռեցնում միտքը առանց հարցումի
Ու` հավերժի հետ կռվելով անվերջ,
Ճամփան է փակում հավերժացումի…


ԼՌՈՒԹՅՈՒՆ ԱԿԱՆ

Դա ընդվզումն է հոգու արնաքամ,
Ատամների տակ սեղմված բողոք,
Որը կարող է դառնալ և ական,
Երբ ցավը վերք է դառնում անամոք…
Ու բավական է փոքրիկ մի պատճառ,
Մի չնչին առիթ անտես ցնցումի,
Որ այդ ականը պայթի անպատճառ
Եվ ջնջի խավարն ստորացումի…

Դա լռություն է ընդդեմ Լռության,
Որն աչքը փակել, մտել է պատյան…
Լռություն, որի հովանու ներքո
Հավատի հիմքն է քանդվում անսքող,
Դա մարդկայինի վերելքն է կարկամ,,
Որ կուտակվելով փոխվում է ուժի,
Եվ մի օր պիտի դառնա Առնական
Ու հին բարքերի անկումը գուժի…

***
Վեհ չէ, իհարկե ամեն լռություն,
Համբերություն է, եթե այն անգամ,
Այն լուռ է հիմա, բայց չի հանդուրժի,
Որ ինչ-որ ուժեր առնելով մական,
Տափօղակ շինեն մարդուն բանական,
Ու նրան մաս- մաս նետեն ուրիշին…

ԼՌՈՒԹՅԱՆ ԼԵԶՈՒՆ

Լռության մեջ կա և' համբերություն,
Եվ' ատելություն, և' խոր պատկառանք,
Կա նենգ, կա բարի, կա բութ լռություն,
Նվիրում, կարոտ, սարսափ ու վարանք,
Լռությունը միշտ լեցուն է կրքով,
Երբ մտքի առաջ չկան պատնեշներ,
Այն զմռսված չէ խոսքի կնիքով
Ու հասկանում է մտքի անտեսն էլ:

Երբ չեն հասկանում լռության լեզուն,
Ու երբ ժխոր է գլխում մտքերի,
Կամ միանգամից բոլորն են խոսում,
Լռության լեզուն դառնում է թերի…


ԼՌՈՒԹՅՈՒՆ ՏԻՐՈՋ

Լռություն կամքի, լռություն սիրո,
Լռություն թախծի, որ չունի եզերք,
Լռություն բախտի, որ կամքն է Տիրոջ,
Եվ խաղաղության մեղմ ու անեզերք:
Խրոխտ ու դաժան արհամարհանքի,
Մտասևեռման խորունկ լռություն,
Լռություն պատիժ հայցող հանցանքի
Ու մտախավար խոր ատելության:

Անտիկ օրերի համր լռություն,
Որ աչքի համար անտես է ու սին,
Սակայն պատմում է, թե ոնց անարյուն
Տրոյա մտավ Ոդիսևսի ձին,
Ու թե ինչպես են բուրգեր կառուցել
Հին Եգիպտոսի փարավոնները,
Ո՞նց է քարի մեջ մարդը ագուցել
Անտիկ աշխարհի արարումները…

Լռություն անցած ժամանակների,
Անմարդաբնակ քարայրի անծայր,
Անտես ու հեռու մոլորակների,
Եվ աճող շիվի, որ դառնում է ծառ,
Հույսի, հավատի ու անմեղ սիրո,
Ու անեզրական սուրբ հավատամքի,
Օծված մկրտման անաղարտ Լույսով
Եվ արցունքներով ապաշխարանքի…

Համրախոս ծովի ու համր ձկան,
Ու խորհրդավոր մութ անձավների,
Եվ խոսքի, որում կա յոթ հարցական,
Որ դեռ կարոտ են պատասխանների…

Եվ կան երևի այլ լռություններ
Անհասանելի մահկանացուին,
Սակայն չլողանք տիրույթները հեռ,
Թողած լռության ծանոթ անցուղին:


Բ Ա Յ Ց

Թե լռությունը հավատն է բարու,
Հավատն էլ պիտի ունենա հարցեր,
Հավատով են սուրբ գործերն արարվում,
Բայց ոչ խարխլված, և ոչ անհասցե…

Սակայն, բախտ է որ, կա մի լռություն,
Որը կյանք արժե,
Արժե տիեզերք…
Դա լռությունն է ծնվող Հայտնության,
Երբ միտքը չունի սահման ու եզերք…

Լռին խորհումն է հայտնության հիմքը:

Լռության մեջ էր աշխարհն արարում
Ա Ր Ա Ր Ի Չ Ն`
Ի Ն Ք Ը ...

Սեյրան Ս. Մալխասյան
21.06.2000
Последний раз редактировалось Կարինե Կարինե 01 фев 2019, 17:27, всего редактировалось 6 раз(а).
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան

Сообщение Կարինե Կարինե » 29 янв 2019, 18:14

ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ԼԻՆԵՐ

Եթե այսպես լիներ, եթե այնպես լիներ,
Եթե սա չլիներ, չլիներ նա,
Եթե ամեն անտես հստակ ու պարզ լիներ,
Հողը պարարտ լիներ, փողն` անհմա.

Եթե հարցում լիներ, խորհրդածում լիներ
Իմաստունների հետ ծեր ու անչար,
Մի փակ դռան տեղում երեք բացում լիներ
Ու շտկվեր սխալը չարաչար,

Իմաստության առաջ դուռը միշտ բաց լիներ,
Հայը չապրեր առանց Արարատի,
Դաշտերը միշտ վարած, հողը սերմած լիներ,
Պաշտեին և մեծին և անհատին,

Եթե ամպի տեղակ Արևը լաց լիներ,
Սևանն անհարց լիներ ու բարձրաջուր,
Թե ուսումը ձրի, օրենքն անմաղձ լիներ,
Հայը սատար լիներ համերկրացուն,

Եթե նախնյաց Ոգու կարոտը հաց լիներ,
Ու ջահ լիներ պատգամը Մեծերի,
Եթե ամեն ասված մի քիչ արված լիներ,
Մտքի կարոտ լիներ, ոչ գանձերի,

Եթե ամեն ճամփա ուղիղ ու հարթ լիներ,
Միտքը խորունկ լիներ ու անաչառ,
Մի քանդածի տեղում թե երկուսը շինվեր,
Բարին հզոր լիներ, չարը` անճար,

Եթե կռվի տեղակ սոսկ բանավեճ լիներ,
Սերը սուտ չլիներ, հավատը` սին,
Եթե մեկը խելոք, մեկը չար չլիներ,
Օրենքը դաս լիներ մեկ երկուսին,

Եթե հոգսը գետակ, հույսը կամուրջ լիներ,
Սերը նեցուկ լիներ ամպշող հույսին,
Խիղճը անվերջ սթափ, միտքը միշտ լուրջ լիներ,
Հավատն անխոնջ լիներ, մրմունջը` սին,

Եթե գարին ընկույզ ու հույսը կույս լիներ,
Չարիքն անգործ, անհույս, անապաստան,
Ողբ ու լացի տեղում խինդի արցունք լիներ,
Արդարացի լիներ գործ ու փաստարկ,

Եթե ամեն հարցում նորաբացում լիներ,
Հոգադարձում լիներ ու արթնացում,
Ետընթացի տեղակ առաջանցում լիներ,
Ըմբոստացում լիներ ամեն հարցում,

Եթե ամեն քայլով ավելացում լիներ,
Ավերումի ուժը չեզոքացվեր,
Եթե անմիտ բիրտը անվեհացում լիներ,
Արարումի ձիրքը ընտելացվեր,

Եթե նախանձն անքեն, քենը անշունչ լիներ,
Բարությունը` կարող ու պատվական,
Եթե հաղթությունը անգոհացում լիներ,
Ուժը ճար չլիներ, փողը` մական,

Եթե շնորհ ու ձիրք աստվածացում լիներ,
Անկիրթ գոյությունը` աղերսական,
Եթե ամեն հարցով Նարեկացուն դիմվեր,
Արարատը լիներ մագնիսական,

Եթե օրենք ու դատ անթերացում լիներ,
Անմիտն ուժ չունենար ու զորություն,
Թե չարության դիմաց մի պատառ լաց լիներ,
Ապաշխարում լիներ ու թողություն.

Եթե ամեն հարկում գինի ու հաց լիներ,
Թե չլռեր հոգսը մարդկանց հոգում,
Եթե տոմսը ձրի ու ճամփան բաց լիներ,
Հավատն անդու’րժ լիներ ու աննկու’ն...

Եթե այսպես լիներ, եթե այնպես լիներ,
Եթե սա չլիներ, չլիներ նա,
Եթե վաղվա օրը Հասկանալի' լիներ`
Մարդը Հող չէ'ր լքի, ու չէ'ր գնա...

Ս.Մալխասյան 28.08.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան

Сообщение Կարինե Կարինե » 29 янв 2019, 18:17

ԵԹԵ

Եթե անեծք է դառնալու մի օր
Քեզ աշխարհ բերած երկիրն Ավետյաց,
Մարդը տանիք է փնտրելու մի նոր,
Որ փութով լքի հողն իր ամլացած,
Երբ հազար տարում շինածը մեկեն,
Մի ակնթարթում պիտի խարխլվի,
Ու ծնվեն միայն ճորտեր ու բեկեր,
Ու ճորտից նույնիսկ չոր հացը խլվի,
Եթե քաղցած է մեկը իմ մեղքով,
Երբ ես ճաքում եմ պարարտությունից,
Եվ ողջ երկիրը պատված է վերքով
Ու հալումաշ է լինում իմ թույնից...
Անիծի՛ր, Տեր իմ, Քո ստեղծածին...

Եթե մարմինը դառնալու է սին,
Անապատի պես` չոր ու անապակ,
Ու լոկ մտածի սնվելու մասին,
Ինչպես կարասը խոր ու անհատակ,
Եվ եթե սիրտը պիտի բաբախի
Միայն մարմինը սնելու համար,
Ու ստնտուն է դառնալու վախի,
Մի ողջ ժողովուրդ անտուն ու անվար...

Եթե ինձ պիտի հայհոյեն անվերջ
Ու արժանանամ արգահատանքի,
Եվ հոգի ու սիրտ չտեսնեն իմ մեջ,
Այլ լոկ մոլուցքը փողի ու փառքի...
Եթե իմ մեղքով բյուրավոր մարդիկ
Պիտի հայհոյեն իրենց հայրենին,
Ու հայ լինելը դառնա նախատինք,
Եվ կանայք պահեն ամուլ այրերին...

Անիծի՛ր, Տեր իմ քո՛ ստեղծածին...
Քո՛ ստեղծածին...

Ս.Մալխասյան 10.01.2001
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան

Сообщение Կարինե Կարինե » 29 янв 2019, 18:34

ՔՈ ԲՈՒՅՐԸ

Նորից իջավ երեկոն,
Մութը փեշն է փռում իր,
Շուրջս միայն բույրն է քո,
Հեռավո՜ր ու մտերի՜մ:

Զարմանում ես դու հիմա,
Ո՞նց եմ զգում բույրդ ես,
Երբ հեռու՜ ես անսահման,
Ու չեմ տեսել երբեք քեզ:

Բայց վերևում կա Աստված,
Բույրդ ինձ է փոխանցում,
Հայտնում խոսքերդ չասված,
Հոգուդ գաղտնիքը բացում.….

Նորից իջավ երեկոն,
Նորից աստղեր ցոլացին,
Նոր շունչ տվեց բույրը քո
Կարոտների՜ն իմ անծիր...
Последний раз редактировалось Կարինե Կարինե 30 янв 2019, 12:09, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան

Сообщение Կարինե Կարինե » 29 янв 2019, 18:49

ՈՒ Ն Ա Յ Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ամպեր ենք դարձել մենք ամպրոպածին
Ու թափառում ենք ողջ աշխարհով մեկ,
Մեր գեներում կա անհայտ մի բացիլ,
Որ միշտ մեր նավը թողնում է անղեկ:

Անվերջ դեգերման ճամփան բռնելով`
Մի օր չենք նստում կլոր սեղանի.
Անառակի դեմ դառնում ենք ներող,
Չգիտենք ո՞րն է մեր սպեղանին:

Մենք հազար տեսակ գեհենով անցանք,
Բազում թշնամու առճակատեցինք,
Սակայն դեռ չունենք Ընդհանուր բաղձանք,
Ապրել Միատեղ ու Բարեկեցիկ:

Մեր տառապանքը փորձ չունի, եթե
Օտարն է անդուլ մեզ դասեր տալիս,
Փորձությունները մնում են անհետք,
Երբ հինը չանցած` մի նորն է գալիս:

Մեր հանճարներին ոտքի տակ տալով`
Ուրիշի աղբն ենք բեմ հանում անվերջ,
Այլլոց բարքերը հար գովերգելով
Եվ թույն թափելով մեր աղբյուրի մեջ:

Ո՞րն է մեր ուղին և ու՞ր ենք գնում,
Երկրի տերերը նույնիսկ չգիտեն,
Ամենքս արքա մեր հավաբնում.
Առանձին ուժեղ և թույլ համատեղ:

Ի վիճակի չենք ընտրել լավերին,
Կանաչ է գորշի ճամփան ամեն տեղ.
Հեշտությամբ կուլ ենք գնում դավերին`
Պատրաստ մեր վաղը մեր ձեռքով խեղդել:

Է՜հ, ի՞նչ եմ ասում, գիտե՛նք բոլորս
Ու բազմափորձ ենք նման հարցերում,
Պտտվող քար ենք եղել մինչ օրս
Ստահակների ջրաղացներում:

Սովորեցնում են աջից ու ձախից,
Անվերջ "իմաստուն" խորհուրդներ տալիս,
Ու դրանով իսկ գալիս մեր հախից`
Հաճախ ժպտալով, երբ ազգն է լալիս...

Սակայն, երբ թերթենք գրերը մեր հին ,
Լսենք խորհուրդը հին պատգամների,
Ելք գտնենք գուցե ելնել գեհենից`
Պահելով մեր մեջ մեր լավն ու բարին:

Ինչու՞ դանակը հասնի ոսկորին,
Որ վերջին խելքին զոռ տանք նոր միայն,
Աստված մի կյանք է տվել բոլորիս,
Ձեռք-ձեռքի տալով` չենք մնա ունայն:

Ս.Մալխասյան, 16.12.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան

Сообщение Կարինե Կարինե » 29 янв 2019, 19:02

«ԿԱՐՈՏ»
Կարդում է Ջիվան Սարգսյանը

Вложения


AUD-00020190129-WA0000.mp3
(1.88 Мб) Скачиваний: 81
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 11:57

ԷԼԵԳԻԱ

Աստծո ամեն երեկո մի խոր թախիծ է իջնում
Ու ամպում է, մշուշվում հոգուս ամեն գաղտնարան,
Ես, խելախեղ տենդի մեջ, վազում առանց ընդմիջում,
Իմ կորած լույսն եմ փնտրում մտամոլոր ու վարան:

Ընդելուզված տրտմության անագորույն թախիծով,
Խանդաղատանք ու մորմոք մաշկազերծում են հոգիս,
Ու թվում է դեռ կգա արդար վճիռը Աստծո`
Վերջ դնելու հոգնատանջ մաքառումին մորմոքիս:

Պարիկ որպես նրբագեղ, նրբահանդարտ, նրբաբույր,
Մեղմաբարո ու տարտամ ու աչքերում աստղածիր`
Գալիս է նա տարաժամ, անվերջ ինչպես հայտնություն,
Ինձ է նայում... ու անձայն`
- Ես կամ, ինձ մի մոռացիր:
Ինձ երբե'ք մի մոռացիր:
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 30 янв 2019, 11:59

Ս Ե Ր

Ներիր ինձ անհայտ,
Ներիր ինձ աշուն,
Անտառ ու ձորակ, դալկացող գույներ,
Աղբյուր սառնորակ, գետակ կարկաչուն,
Հոգնած արևի մեղմիկ համբույրներ,
Ներեցեք դուք էլ,
Որ ձեր անհատույց գեղեցկությանը նայեցի անսեր,
Անտարբեր եղա ձեր գոյությանը,
Ինչպես գետակն է երգում ափերի ցավերից անգետ,
Ներիր բնություն,
Որ քո նորօրյա արարչությանը նվիրվեց հոգիս,
Քանզի աչքերս կուրացել էին
Այն հուր աչքերի հրեղեն բոցում,
Քո հար զորությամբ, որ սեր է կոչվում,
Էություն ու կյանք,
Որ մարդու մեջ է սողոսկում որպես հոգու հավատամք,
Ու չի թուլանում, չի անեանում,
Քանի ապրում ենք,
Քանի ողջ ենք, կանք:

21.12.1998 թ.

samvelsokratyan это нравится.
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Уважаемый посетитель
Уважаемый посетитель



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot, SemrushBot и гости: 2


⇑ Наверх
⇓ Вниз