СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 12 июл 2019, 12:09

ԽԱՎԱՐԸ ՑՐԵՆՔ
Վիճակախաղ է մեր կյանքը նորից,
Թվագնդերից կախված ինչ-որ կյանք,
Փանոսի նման, ծնվելու օրից,
Ամեն քայլի հետ՝ մի անկոչ փորձանք

Քայլում ենք դեպի մութ անհայտություն,
Ու, եթե կան էլ լուսավոր օրեր,
Անսովոր լույսից՝ աչքեր կկոցում,
Կարող ենք անգամ ծաղիկ տրորել:

Բարին հապճեպ է վերադառնում ետ
Ու չի հասցնում պատել աշխարհը,
Ամեն լավ նորից չքանում անհետ,
Մնում են անգութ խոչերն ու քարը…

Փնտրում, գտնում ենք փոքրիկ մի ճրագ,
Փորձում ենք նրա լույսը տարածել,
Ավաղ, ճրագն այդ չի դառնում կրակ,
Ճրագի դարը վաղուց է անցել,

Սաստումի մեգն է Մարդկանց մնացել:

Ս. Մալխասյան 25.09.1999
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 13 июл 2019, 16:29

էՍ ԵՄ

Ես այն եմ, ինչ կամ,
Տերն է իմ վկան.
Մեկից մի քիչ ցած, մեկից առավել,
Արտառոց չեմ ես, իմ լավ բարեկամ,
Ունեմ այն, ինչն ինձ Աստված է կամել.
Տեսքով ինչ-որ չափ տարբեր կապիկից,
Խելքո՞վ, ո՞վ գիտե, կա՞րճ է, թե՞ երկար…
Դեռ գործիք չկա
Մարդկային խելքը չափելու համար:
Համեմատում են ամենքն իրենցին
Ու եզրակացնում միշտ անվերապահ,
Որ իրենք մի քիչ խելոք են քեզնից...

Առաքինության չափը չափում են
Լոկ իրենց ինչքով և ունեցածով
Ու դրանով էլ իրենց խաբում են`
Հպարտանալով մտավոր բացով…

Դե, հաշվել գիտեմ, տառեր` անկասկած,
Մի քիչ աչք ունեմ ու մի քիչ ականջ,
Լեզուս փորձում է մեկ մեկ կատակել
Ու մարդկանց ցավը դույզն ինչ փարատել…
Բայց պապանձվում եմ,
Հիշելով այլոց և իմ հոգսերը,
Քանզի այս կյանքում
Չքվել են իսպառ բարին ու սերը…

Ես ունկ եմ դնում ուրիշի խոսքին`
Տրվելով նրանց տրտունջի հոսքին..
Ու կուլ եմ տալիս ցավը ուրիշի,
Իմը պահ տալով անամոք հուշին…

Խոսում են մարդիկ սրա-նրանից,
Ծանր հոգսերից անվերջ բողոքում,
Մեկը չի ուզում խոսել լավ բանից,
Ու չի գովերգում երբեք լավ մարդուն…

Բայց գովերգումը թեկուզ և օտար
Մարդու լավ գործի, նման է լույսի,
Եվ մեր ստնտուն օրերում մթար,
Երբ մարդիկ նույնիսկ հույս չունեն Հույսի...

Վերուստ եմ պատրաստ նկատել լավը,
Բարության գովքը անել ամենուր,
Ու հաղթահարել մեզ այրող ցավը,
Օգնելով այլոց բարությամբ մաքուր…

Մարդիկ սիրում են ականջը կախել,
Պատրաստ լսելու գովեստներ տարբեր,
Չունեցած խելքի, անմեղ բնության,
(Երբ հենց իրենք են սերմը բռնության)
Եվ իրենց բարի գործերի մասին,
Թեև դրանում երբևէ չկան:

Ես լեզու չունեմ, ինձ գովերգելու,
Իմ գործերն առաջ տանելու համար,
Նույնիսկ, երբ մարդիկ պատրաստ են լսել,
Եվ պահն է հարմար…
Ամոթ է ծանոթ ու անծանոթի
Լոկ իմ հոգսերով խեղդամահ անել,
Երբ հենց նա ինքն է գուցե անոթի
Կամ ուրիշն արդեն գլուխն է տարել…

Դժվարինն այն է որ այդ ամենը,
Վաղուց, վաղուց եմ հասկացել, գիտեմ,
Սակայն չեմ կարող ինքս ինձ փոխել,
Ինչպես չեն կարող փոթորկի պահին,
Փոխել մաքառող նավի կայմերը:

Իմ ուսուցիչը կրկնում էր հաճախ,
Որ “Կարմիր կովը կաշին չի փոխում”,
Ինչ արած, թող ես կարմիր կով մնամ,
Եվ ոչ քամելոեոն շատերի նման,
Որոնք անընդհատ գույներն են փոխում,
Պատեհ առիթով, երբ պահն է հարմար…

Այսինքն Կով եմ ծնվել երևի,
Թեև Վարազի առաքելությամբ
Ճամփան եմ հարթում գունափոխների,
Անշահախնդիր իմ մերկ գոյությամբ:

Պապիս խոսքերն են,-” Լավություն արա
Ու ջուրը գցի, մի տեղ դուրս կգա”
Բայց մինչև հիմա
Մեռա լավություն անելով մարդկանց,
Ու չեմ զգացել, որ ինչ-որ մեկը,
Երբևէ նման պատասխան տա ինձ,
Անհանգստանա մեկի դրությամբ,
Թե ինքը հատուկ նպատակ չունի,
Նետաձիգը չէ իր ընտրած նետի….

Միայն տանում են, տանում բոլորից,
Առանց խղճմտանք, առանց ամոթի…

Բայց փույթ չէ, քանզի
Մարդիկ նման են անբացատրելի
Մի առեղծվածի,
Ում դու լավություն երբեք չես արել,
Օգնում է նա քեզ և ընդառաջում,
Իսկ նա ում համար կյանքդ ես դրել,
Անհրաժեշտ պահին քեզ չի ճանաչում:

Ու հայտնի չէ դեռ,
Թե բարեկամին ծառայե՞լն է հեշտ,
Թե՞ դիմանալը չարի հարվածին:

Թեև այս բառը մարդուն չի սազում,
Ամոլ եզի պես իմ լուծն եմ քաշում…

Շատերին հաճախ թվում է ճիշտ չէ
Իմ ընտրած ուղին,
Իմ արահետը ճշտել են ուզում,
Խոսքով ուզում են, որ ես էլ հասնեմ
Իրենց դավանած ինչ-որ արդյունքի,
Բայց հաճախ, հաճախ,
Ճամփաս են փակում
Տանող բաձունքին….

Կով եմ, թե եզ եմ,
Ինչ- որ կամ՝ ԷՍ ԵՄ…

Ս. Մալխասյան 12.07.2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 15 июл 2019, 00:19

ԷԼԵԳԻԱ

Աստծո ամեն երեկո, մի խոր թախիծ է իջնում
Ու ամպում է, մշուշվում հոգուս ամեն գաղտնարան,
Ես, խելահեղ տենդի մեջ, վազում առանց ընդմիջում,
Կորած իմ Լույսն եմ փնտրում, մտամոլոր ու վարան:

Ընդելուզված տրտմության անագորույն թախիծով,
Խանդաղատանք ու մորմոք մաշկազերծում են հոգիս,
Ու թվում է դեռ կգա արդար վճիռը Աստծո,
Վերջ դնելու հոգնատանք մաքառումին մորմոքիս:

Պարիկ որպես նրբագեղ, նրբահանդարտ, նրբաբույր,
Մեղմաբարո ու տարտամ ու աչքերում աստղածիր,
Գալիս է նա տարաժամ, անվերջ ինչպես հայտնություն,
Ինձ է նայում ու անձայն,
- Ես կամ ինձ մի մոռացիր: Ինձ երբեք մի մոռացիր:

Ս.Մալխասյան 2003
Последний раз редактировалось Կարինե Կարինե 11 авг 2019, 15:17, всего редактировалось 1 раз.
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 16 июл 2019, 23:56

ԵՐԿՄՏԱՆՔ
Անսպասելի սերս քեզ հուզել,
Լրջմիտ խնդիր է դրել քո առաջ,
Չգիտես` մերժմա՞ն պատասխան գուժես,
Թե՞ թևատարած գաս ինձ ընդառաջ...

Հուզումնածինը այն է, սիրելիս,
Որ հիմա ունես երկու ընտրաճար`
Հոգնատանջ երկար սպասման բեռից,
Որոշես, ո՞րն է բարի, ո՞րը` չար...

Բայց անիմաստ է երկմտելը զուր,
Թող սրտիդ ձայնը հուշի քեզ բարին,
Ունկնդիր սիրո ձայնին սիրասուն`
Սիրտդ վստահիր Սիրո քանքարին...

Ս. Մալխասյան 17.07.2018
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 19 июл 2019, 11:58

ԱՆՐՋԱՆՔ

Այն երանավետ պահն եմ երազում,
Որ քո աչքերը ժպտան ինձ մեղմիվ,
Սերս քո սրտում ծիլ տա հարաճուն,
Եվ բույրը ըմպեմ շուրթերիդ մեղրի…

Քաղցր նազանքով գլուխդ թեքես
Ու փարվես կրծքիս այնպես քնքշորեն,
Որ ես հավատամ, եկել է ինձ տես
Սպասումներիս պարգևը Նորին...

Քեզ Ամուրի պես գրկիս մեջ առնեմ,
Հրկեզ համբույրներ դրոշմեմ շուրթիդ,
Քո մեջ կրքերի խարույկ բորբոքեմ
Ու շանթը դառնամ հոգուդ զարթոնքի…

Երազ է գուցե և անիրական…
Իսկ գուցե պահն այդ նվիրե՞ս սրտիս,
Եվ անուրջն իմ այս դառնա իրական՝
Հոգուս Արևը դառնաս, սիրելիս…

Ս.Մալխասյան 18.07.2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 21 июл 2019, 09:44

***
Թե սիրտս լքես, կմարի իմ մեջ
Կյանքիս շունչ տվող երազը վերջին,
Առանց քեզ հոգիս մերկ է, սնամեջ,
Եվ անտերունչ են կարոտներս ջինջ:

Վաղուց մտովի վայելում էի
Քո հմայքների դրախտը իմ լավ,
Եվ քո ժպիտի ամեն մի կաթիլ ,
Լցնում է հոգիս հույզով կենարար...

Քո սերն է դարձել նեկտարը կյանքիս,
Իմ անեղծ սիրո արարիչն ես դու,
Եվ ես քո սերը տենչում եմ այնպես,
Ինչպես բողբոջն է արևին տենչում...

Դու սեգ Պառնասն ես իմ երազների,
Սիրտս, Իկարն է` թևող արևին,
Մի փորձիր կարոտ թևերս այրել,
Սերս կհալի քո սիրտը քարե...

Ս. Մալխասյան 25.01.2013
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 23 июл 2019, 08:57

ԱՐԱՐՈՒՄ
Գեղանկարիչ՝
Գեորգի Թովմասյանին

Ներկապնակը դատարկ է կարծես`
Այստեղ ու այնտեղ գույներ են կուտակ,
Խառնվում իրար, դառնում են հանդես,
Դառնում հոգեձույլ պատկեր ու կրակ:

Աննկատելի շարժում դաստակի,
Փոքրիկ շտրիխներ`մտքին անհասու,
Ոգի է առնում ներկը շեշտակի
Եվ անհայտ լեզվով սրտիդ հետ խոսում:

Ցասկոտ պտույտներ պնակի վրա,
Հետո նրբանազ հպում կտավին…
Թվում է գույնը տեղին չէ բնավ`
Նախորդ գույների երթին կդավի…

Բայց…կախարդանքը ի կատար ածվեց,
Խելահեղվում են բծերն անորոշ,
Շուրջպար են բռնում նայադների պես
Ու թովչահառաչ դառնում պարզորոշ:

Վրձնի շարժումներ նրբին ու անձայն,
Կտավին թողած պարզունակ բծեր,
Որ ծով են դառնում, գետակ ու կածան,
Հոգի ջերմացնող լուսեղեն անծիր…

Նայում կտավին ու չես հասկանում,
Ճերմակն ինչպե՞ս է դառնում արեգակ,
Ինչպե՞ս են լույս ու շարժում ստանում,
Իրար հակամեկ գույները հստակ:

Մե'րթ խոհուն հայացք, մե'րթ հոգնած ժպիտ,
Վառման անուրջներ`աշնան հանդերձում…
Արևն ու Սերն են Վարպետի սրտի
Խենթ հոգու երգը ճերմակին վրձնում:

Ս.Մալխասյան 27.04.2005
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 24 июл 2019, 11:58

ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Եղել եմ ուրիշ երկինքների տակ,
Խմել եմ ջուրը այլոց ջրհորի,
Հող կար դեղնահունց, հող կար սպիտակ,
Բայց բույրը չկար մեր քարոտ հողի...

Տեսել եմ անթիվ ժպտացող աչեր՝
Ծովի լազուրի թովչանքով լեցուն,
Բայց հեռուներից ինձ տուն է կանչել,
Հայի աչքերի թովչաշող լեզուն...

Հեռու ափերում` խորհելով անվերջ,
Սիրտս ոչ մի պահ չի հանգստացել,
Ու երբ ինքս Ինձ չեմ հաղթել իմ մեջ,
Ամեն ինչ թողել ու տուն եմ դարձել...

Հայրենի կանչը, արյան կանչի պես,
Չի լքել հոգիս և ոչ մի պահի,
Ու չեմ հասկանում,
- Ի՞նչ թել է անտես,
Որ ինձ կապում է իմ խենթ աշխարհին…

Ս. Մալխասյան 21.09.2000
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 27 июл 2019, 00:12

***
Քարավանները ետ գային նորից,
Երկինքը լցվեր ճախրանքով հույսի…
Հոգնել եմ անհերկ հողի անդորրից.
Կարոտ եմ Հույսի՜...
Կարոտ եմ Լույսի՜…

Ս.Մալխասյան 2015
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 27 июл 2019, 00:12

ԽԵԼՔԻ ԳԱՆՔ
Բավական է փորձություններ գան-գնան,
Ազգակործան ճահճում մնանք մշտատև,
Մեզ թալանեն, ոտնահարեն անխնա,
Իսկ մենք միայն ատամ սրենք իրար դեմ....

Անարժանին հաճոյացել ենք անդուլ՝
Կոպեկներով ընտրե՛լ, դրել մեզ իշխան,
Հաջորդ օրն իսկ նա մեզ թողել է անտուն,
Ու կեղեքել՝ օրենքներով իր դաժան...

Բավ չէ՞, արդյոք, որ վերջապես գանք խելքի,
Ազգակործան արատնե՛րը կործանենք,
Տեղ տանք Խելքի՛ն, Գիտությա՛նը, Օրենքի՛ն,
Հայրենապաշտ Ազնի՛վ Մարդկանց մեծարենք:

Ս.Մալխասյան 26.07.2016
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot, Yandex Direct и гости: 1


⇑ Наверх
⇓ Вниз