СТАНЬ VIP

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 07 май 2019, 10:38

ԱՅԴ ՕՐԸ ԿԳԱ ’

Հոգնել եմ անդուլ ոտնաձայներից`
Խաբկանք ու ստի`
Ապրող մեր կյանքի հորձանուտների Ամեն անկյունում,
Չարի անխորտակ խարդավանքից եմ հոգնել անթաքույց,
Որ մեզ ուղղակի դժոխք է տանում:

Հոգնել եմ նորի
Գենետիկական անճարությունից
Ու նոր փաստարկի Անազնվացեղ ազնվացումից,
Անմեղսահարույց անմեղ նվիրման
Կործանման ահից,
Մեր կործանարար Անտարբերության Անխոնջ վերելքից
Եվ անճարության անբոց թոնրից եմ Հոգնել ես վաղուց...

Չեմ ուզում լինել վկան հնաոճ լուռ ստորացման,
Ջուր ավելացնել առվին այլաբավ ջրաղացների,
Լինել լռելայն համակարծիքը Անպատիժ ուծման
Կամ պատվանդանը
Հավերժահառաչ Համլետյան հարցի:

Հոգնել եմ անխորք` անվերջ սատարվող,
Խոհի անխոհեմ վայրիվերումից,
Անդուլ, անվախճան Սայթաքումներից խելահասների,
Մեր, անմտածին, հեզ համբերության
Տողադարձումից
Եվ դեղնակտուց դեռահասների Զազրապաշտումից...

Հայոց քարաստան կղզու այրերի
Ոճրաբարտավան անբերրությունն է Հոգնեցրել արդեն,
Եվ խորշոմածածկ արտասվագութը Անցած Եդեմի,
Որ հիմարախիտ սպասումներ է ծնում հարատև:

Հոգնել եմ մտքի ամորձատումից` Նենգ ու տմարդի,
Եվ անձնվիրության մոռացումից եմ հոգնել վերջապես,
Մեր հորիզոնում դեռ չերևացող
Հեռու ու անտես արևի դալուկ փայլից անխանդաղ,
Երկնի լազուրում թևածող անմեղ
Հրեղեն հավքի Հեքիաթից ոսկե:
Մեր երազանքի կապույտ թռչունի`
Հազարամյակներ երկնքում թևող,
Բայց երբեք, երբեք Հայք հողին չիջած
Անհուր Հեքիաթի դավից եմ հոգնել…

Հայոց մեր Նավի ղեկին ուզում եմ տեսնել Անհատի,
Որ այս քարքարոտ երկրին Տեր կանգնի որպես զավակի,
Ծնողի գորով- խանդաղատանքով
Սիրի Հայրենիքն իր պապենական
Եվ հզոր նախնյաց անվերջ երազած
Եդեմ դրախտը առաջնորդի մեզ`
Մեծ Վստահության լիահույս լույսով.
Նվիրյալներին սատար կանգնի միշտ,
Եվ պատին գամի դավաճանների ոհմակներն ընդմիշտ,

Հանճարին թև տա, տաղանդին` բազուկ,
Շնորհաշատին` հանի պատվանդան,
Ապաշնորհին իրեն արժանի տեղը ցուցանի,
Աշխարհի առաջ ծածանի վառքը մեր իմաստնության։
Արժանապատիվ ապրելու կամքը
Դարձնի սրբասուրբ աղոթամատյան
Եվ մեր Ինքնության Հիմնի վերածած,
Հայկ նահապետի Պատիվն ու Խիղճը,
Մեր Արդարամիտ պատվախնդրության`
Արժանապատիվ վեհ առագաստով,
Նոր ու նորօրյա նվաճումների լույսով ողողված,
Հինգհազարամյա անխոնջ ձիրքը մեր,
Մեր Գիրն ու Բառը, Արվեստն ու Միտքը
Համայն մարդկության
Փառքի կենսալույս սեղանին հանի:

Սրտիս անարար սպասումներից հոգնել,
Սակայն դեռ`
Հին երազանքիս հնազանդ գերի,
Սպասում եմ դեռ, որ վերջիվերջո
Մեր բազմաշնորհ ամբողջ Հայության Անվերջ երազած Տերն այդ կլինի,
Եվ Օրն այդ, կգա’. ..

Այդ Օրը ,Կգա’:

Սեյրան Մալխասյան 2002

Օրն այդ եկել է, Իմ Հայ Ժողովուրդ`
Քո իմաստությամբ և հոգուդ կանչով։
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 13 май 2019, 12:04

ԵԼԻՐ ՔՆԻՑ ՆՈՅ

“Ելեք, ում կյանքը անիծել է,
Ով ճորտ է, մերկ է և ստրուկ…”
Մարսելյեզ

Ելիր քնից Նոյ…
Հեղեղ է նորից:
Սակայն այս անգամ, Սոդոմ-Գոմորը
Ավերակվել է ոչ Աստծո ձեռքով,
Այլ Ադամորդու…
Թեև կարծում եմ Ադամն ու Եվան
Միտք իսկ չունեին ծնունդ տալ նման
Հայրենակործան նյութապաշտներին
Աստծո ստեղծած Եդեմի տեղում:

Ելիր քնից Նոյ
Հեղեղ է նորից
Անօրինության հայատյաց հեղեղ:
Արհավիրքներով հարուստ այս երկրում,
Որ Հայաստան է կոչվել շատ դարեր
Եվ Արմենիա է դարձել
Մեզ ատող օտարի կողմից:

Ելիր քնից Նոյ:
Նոր տապան է պետք
Մի բուռ կիսաքաղց այս ժողովրդին.
Մարդատյացներից փրկելու համար:
Ել Նոյ Նահապետ
Եվ փրկիր նրան
Անարդարության բիլ ճիրաներից,
Նենգ ու դժնդակ Ճակատագրի
Այս խավարամած մթին անդունդից,
Ուր Միտքն ու Խիղճը տրվեց ոտնատակ…
Նենգ ու հայատյաց "հայերի" կողմից։

Ելիր քնից Նոյ ու մի զարմանա,
Որ քարուքանդը քո ծաղկած հողի
Առանց երկմտանք ու առանց դողի,
Չէ, չես հավատա, կայծակի նման
Իրագործեցին ընտրյալները մառ,
Հողը թողնելով առանց հերկողի,
Սրի քաշելով այգի ու անտառ`
Գերազանցելով դեռ հնուց հայտնի,
Նենգ ու մեղսագործ ամեն հին գողի…

Ել Նոյ Նահապետ,
Ու մի նոր տապան կառուցիր նորեն
Եվ այս գաղջ օդում շնչասպառ մարդկանց,
Ի մի ժողովիր ու պատմիր նրանց,
Որ Արարատ կա Արաքսի ափին,
Որի լանջերին հրոսակներ են
Ջարդվել գլխովի
Որ այս երկիրը միշտ կանգուն լինի,

Որ Մամիկոնյան Վարդան է եղել,
Հզոր Դավիթ Բեկ, Անդրանիկ, Նժդեհ,
Եվ հազարավոր ազնիվ ծնունդներ,
Որ արյան գնով երկիր են պահել,

Որ մեր նորանկախ ազգի քաջերը,
Իրենց սուրբ արյամբ և ոգու ուժով,
Տիգրան Արքայից քսանմեկ դար անց
Հայաստան - Արցախ միացրին անդարձ:

Ել Նոյ Նահապետ,
Իմաստուն մտքի մի փշուր նետիր
Երկրին տիրացած երեսպաշտներին,
Պատմիր բոլորին, որ Ջրհեղեղը
Եկավ մաքրելու աշխարհն անիրավ,
Որ դու ծաղկեցրիր տիղմոտ փեշերը
Արարատ լեռան,
Հայք ստեղծեցիր ու ավանդեցիր
Նահապետին Հայկ,
Որ հզորացնի և ուժ տա նրան,
Որ դարեր հետո ծնված զարմերդ
Դրախտում ապրեն, այլ ոչ դժոխքում `
Երկրի տերերի մեղքով ստեղծած
Որ ոչ թե օտար զավթիչն ստեղծեց,
Այլ նենգ տերերը մեր հայոց երկրի։

Ելիր քնից Նոյ ու Խիղճ տուր մի քիչ,
Մի քիչ Մարդկություն,
Մեր երկրի ղեկին բազմած այրերին…
Որ չմոռանան Մորն ու Մայրենին,
Չընկնեն ոտքերը անարգ այլերի
Ու չնեղացնեն ազնիվ այրերին...

Ելիր քնից Նոյ,
Անօրինության քողը դեն նետիր,
Պատռիր թալանի երախն անիրավ,
Ստեղծիր Արդար մի Նոր Հայաստան,
Դարձրու Մարդկային, Խղճի Անդաստան,
Որ Արդար Հայը հեռանալու տեղ,
Արար աշխարհից դառնա մեր Ոստան
Եվ Հպարտությամբ Հնչեն ամեն օր,
Երկու Սուրբ բառեր`
ՀԱՅ և ՀԱՅԱՍՏԱՆ։

Ելիր քնից Նոյ...
Եվ ապացուցիր, որ արյան գնով
Սահմաններ պահող նահատակները,
Զուր չեն մաքառել, իզուր չմեռան,
Աննկուն Ոգով ու հերոսությամբ
Իզուր չեն պահում և ընդարձակում
Նորաստեղծ Հայքի
Սահմանները սուրբ,
Եվ Բիբլիական Արարատ Լեռան
Երկու շուրջբոլոր,
Հայի շուրթերից Հնչեն ամեն Օր
"Քո ցավը տանեմ"
"Ապրես"
"Բարի Օր..."

Ելիր քնից Նոյ,
Ես հավատում եմ,
Դժնդակ պահին Իմաստնանալու,
Հայրենիք ու Ազգ իրար կապելու,
Եվ մոխիրներից Նորեն Հառնելու`
Դարերով փորձված Քո Զորությանը:
ԵԼԻ'Ր ՔՆԻՑ ՆՈՅ

Ս.Մալխասյան 12.05.2016
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 17 май 2019, 10:01

ՄԱՐԴԿԱՅԻՆ ԲԱԼԱՍՏ

Ածականակերպ գոյականակերտ,
Անըմբռնելի չարանենգ չարիք,
Հայեցողական գորշ նյութ բնակերտ,
Արգասաբերրի հրաբուխ չարի,
Ընդդիմանման աղերսաբողոք`
Լպրծուն սաղրիկ և ստորաքարշ,
Ուղիղ, թե ահյակ տրտմաշուք մորմոք,
Բանականի հետ օտար ու անհաշտ...
Օ, անմտածիր գոռոզամիտներ`
Պարապ քարշ եկող նենգի շվաքում,
Արարման պահին Տերն իսկ չգիտեր,
Որ դուք կաք արդեն Նրա շալակին...

Ս.Մալխասյան 2001
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 18 май 2019, 09:11

ՕՄԱՐ ԽԱՅԱՄ
***
Հայտնի է թեկուզ, հիշեցնեմ նորից,
Բարեկամիդ և թշնամուդ առաջ,
Տիրակալն ես դու չասված խոսքերիդ
Եվ գերին` խոսքի քո արտաբերած:

***
Այսօր դու անվախ կորցրու նրան,
Ով երեկ անփույթ կորցրել է քեզ...
Որքան կամուրջներ այրես անվարան`
Այնքան Ապագադ պայծառ կտեսնես:

***
Հոգով որքան ցածր են ոմանք,
Այնքան բարձր են քիթը ցցում,
Եվ այնտեղ են քթով ձգվում,
Ուր չեն հասել հոգով ունայն...

Թարգմանությունները` Ս.Մալխասյանի
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 20 май 2019, 09:32

Կոնստանտին Սիմոնով
ՍՊԱՍԻՐ ԻՆՁ

Սպասիր ինձ և ես կգամ,
Բայց շատ սպասիր,
Երբ անձրևն է դեղին անգամ,
Թախծոտ ու անսիրտ:
Սպասիր, երբ ձյուն է մաղում,
Երբ շոգ է ու տապ,
Երբ ուրիշին են մոռանում
Շուտ ու հապշտապ:

Սպասիր, երբ հեռուներից
Նամակներ չկան,
Երբ հոգնել են սպասումից
Մոտիկ, բարեկամ...
Սպասիր ինձ և ես կգամ,
Չափսոսաս բարին,
Նրանց, ում ասել է "չկամ"
Իր գցած գարին:

Թող հասկանան ուստր ու մայր,
Որ չկամ արդեն,
Ընկերներս թող որ գան,
Գլուխը կախեն,
Դատարկեն դառը գինին
Ողորմաթասի...
Սպասի'ր, բաժակդ դիր,
Հիշի'ր իմ մասին:

Սպասիր ինձ և ես կգամ
Մահին դեմ այդ սին,
- Բախտն է բերել,- թող անկամ
Չսպասողն ասի,
Չհասկանան թող նրանք,
Որ արհավիրքից
Քո սպասումն է միայն
Պահպանել միշտ ինձ:
Ո՞նց փրկվեցի, կիմանանք
Միայն ես ու դու,
Պարզապես ինձ շատ էր թանկ
Սպասումը քո...


Թարգմանությունը՝ Ս.Մալխասյանի
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 23 май 2019, 20:23

ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆ
Հորիզոնի հեռվում լույսի դալուկ մի շող`
Խաթարելով մեգը, աչքերիս մեջ բեկվում,
Գիտակցությանս մեջ բոց է դառնում բոսոր`
Ծնելով մեկ հավատ, մեկ անորոշ երկյուղ…

Անեզրագիծ մի հույս անվերջ հառնում իմ դեմ,
Թախանձում է նորեն վերադառնալ անցյալ,
Ապա ցայգալույսի մեգ է դառնում անդեմ,
Տեսիլի պես չքվում, անէանում դարձյալ…

Երերալով ճոճքում անցյալ ու գալիքի`
Անգույն ներկայից ենք խուսանավել փորձում,
Միտքը տկար է դեռ, հույսը` առանց հիմքի,
Կասկածանքի սարդն է դեռ ոստայնն իր գործում…

Սեյրան Մալխասյան 21.02.2017
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 26 май 2019, 08:24

ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
Շատերին է թվում, որ սխալ եմ ապրել,
Որ ինձ շատ էր տրված ու ես քչին հասա,
Զուսպ ու ազնիվ էի, փողն էլ ինձ չի հաղթել,
Եվ չեմ փորձել անգամ փառքի կանչին անսալ։

Բայց հպարտ եմ հիմա,
Որ զարթոնքն այս տեսա,
Տեսա ջահել ոգու ձերբազատումն ահից,
Հազարամյա Դավթի վերածնումն էր սա,
Որ երկիրս փրկեց անփառունակ գահից։

Ս. Մալխասյան 25.05.2018
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 27 май 2019, 08:47

ՀԱՆԵԼՈՒԿ
Քո աչքերի մեջ ինձ չեմ գտնում,
Կարծես մեղք ես գործել կամ մի հանցանք:
Հանդիպելիս հոգիդ պահ է մտնում
Եվ ոչ հույս է տալիս, ոչ արձագանք:

Մենք մեզ կորցրել ենք կյանքի թոնում,
Նստել ու չենք ուզում իջնել Թախտից:
Չեմ հասկանում, ի՞նչ եմ ե'ս որոնում,
Կամ դու', ի՞նչ սպասում ունես բախտից...

Ս. Մալխասյան 27.05.2016
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 28 май 2019, 02:06

Վալերի Բրյուսով

ՀԱՅԵՐԻՆ
Այո, դուք կանգնած եք միջնաբեմում
Երկու տարակարծիք աշխարհների,
Բայց ձեր ոգուն անվերջ ուժ է բերում
Ձեր դարավոր նախնյաց պատգամը հին:

Ալեկոծումն ու հողմն աշխարհների,
Թեկուզ թևի ծայրով, կառչել են ձեզ.
Կրեսոսի ահեղ արշավների
Եվ Մակեդոնացու որոտը մեծ…

Խոնարհել եք` թողած շփոթի մեջ,
Փառքը կայսերական դրոշների,
Եվ Հուստինիանոսի զորքերի հետ
Ձեր Այրուձին նետել ընդդեմ նեռի:

Քիչ չեն խոնարհել ձեզ հողմերը նենգ,
Ինչպես փոթորիկը մանուշակին,
Չինգիզ Խանի օրոք, Լենկ Թեմուրի,
Լուսնի փառքի մռայլ խրախճանքի…

Սակայն, արի զինվոր, հարվածի տակ
Ձեր ոգին չի զիջել ճակատագրին,
Եվ զուր չէ, որ երկու հսկա բանակ
Կռվում են դեռ, թե ով ձեզ կտիրի:

Դժվար էիք հղկվում, ոնց ադամանդ`
Պահպանելով ձեր մեջ շողերը նուրբ,
Հանց գույներով հարուստ Շիրազի վարդ,
Հանց Հոմերյան փառքի ճաճանչը լուրթ:

Եվ ապրեց երկիրը ձեր Նաիրյան
Գահանկումների մեջ ու դավերի,
Բայց ձեր Միտքն ու գիրը ապրեցին, կան,
Ինչպես նրանց պաշտպան վանքերը հին։

Սուրբ կարոտով` հոգին ձեր ավերված,
Այնտեղ Միտքն է պահել չարից հեռու`
Գրված Քրիստոսից մինչ Արամազդ,
Գրված երկրագնդի չորս ծագերում։

Եվ ձեր ստեղծագործ ու բորբ ոգին`
Վառված ճաճանչներից հելենական,
Անհնազանդ մթար ժամանակին`
Լույսին է միշտ կառչել Սուրբ Արարման։

Եվ հիմա, մեզ հասած նոր օրերում,
Ամբոխի մեջ մթար շատ ցեղերի,
Անտիկ սարսուռն է ձեր դեմքից բուրում,
Մեզ անծանոթ ու խորթ հին դարերի…

Անցյալ դասերը ձեր լրջախոհ են
Եվ հավերժ է նրանց Լուսե սահքը.
Դուք իրավունք ունեք, հպարտորե'ն,
Կրել բազմադարյան ձեր պսակը։

Ձեր ժառանգությունը լուրջ է, հզոր։
Մենք այն ըմբոշխնում ենք ու զարմանում,
Թե անցյալը ո՞նց է իր հին զարկով
Կոչնակն ալեկոծում նոր օրերի…

Հավատ ունեմ` ազգդ Մեծ Տիգրանի
Հաղթահարելու է ողջ հողմերը նոր,
Եվ ձեր փառքը պիտի հավերժ ճախրի
Սխրանքների իր նոր ուղեծիրով,

Որ մի օր կենսախինդ ձեր քնարը,
Արարչագործ հոգու իր սուրբ երգով,
Երկու օտար ու խորթ աշխարհները
Կշաղկապի, ինչպես երկինք ու ծով։
1916

Թարգմանեց` Սեյրան Մալխասյանը
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник

Սեյրան Մալխասյան / Seyran Malkhasyan

Сообщение Կարինե Կարինե » 31 май 2019, 09:12

ՈՒ Ն Ա Յ Ն ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Ամպեր ենք դարձել մենք ամպրոպածին
Ու թափառում ենք ողջ աշխարհով մեկ,
Մեր գեներում կա անհայտ մի բացիլ,
Որ միշտ մեր նավը թողնում է անղեկ:

Անվերջ դեգերման ճամփան բռնելով`
Մի օր չենք նստում կլոր սեղանի.
Անառակի դեմ դառնում ենք ներող,
Չգիտենք որն է մեր սպեղանին:

Մենք հազար տեսակ գեհենով անցանք,
Բազում թշնամու առճակատեցինք,
Սակայն դեռ չունենք ընդհանուր բաղձանք,
Ապրել միատեղ ու բարեկեցիկ:

Մեր տառապանքը փորձ չունի, եթե
Օտարն է անդուլ մեզ դասեր տալիս,
Փորձությունները մնում են անհետք,
Երբ հինը չանցած, մի նորն է գալիս:

Մեր հանճարներին ոտքի տակ տալով`
Ուրիշի աղբն ենք բեմ հանում անվերջ,
Այլլոց բարքերը հար գովերգելով
Եվ թույն թափելով ինքներս մեր մեջ:

Ո՛րն է մեր ուղին և ու՛ր ենք գնում,
Երկրի տերերը նույնիսկ չգիտեն,
Ամենքս արքա մեր հավաբնում.
Առանձին ուժեղ և թույլ համատեղ:

Ի վիճակի չենք ընտրել լավերին,
Գորշի ճամփան է գեթ կանաչ այստեղ.
Հեշտությամբ կուլ ենք գնում դավերին`
Պատրաստ մեր վաղը մեր ձեռքով խեղդել:

Էհ, ինչ եմ ասում, գիտենք բոլորս
Ու բազմափորձ ենք նման հարցերում,
Պտտվող քար ենք եղել մինչ օրս
Ստահակների ջրաղացներում:

Սովորեցնում են աջից ու ձախից,
Անվերջ "իմաստուն" խորհուրդներ տալիս,
Ու դրանով իսկ գալիս մեր հախից`
Հաճախ ժպտալով, երբ ազգն է լալիս:

Սակայն, երբ թերթենք գրերը մեր հին,
Լսենք խորհուրդը հին պատգամների,
Ելք գտնենք գուցե ելնել գեհենից`
Պահելով մեր մեջ մեր լավն ու բարին:

Ինչու դանակը հասնի ոսկորին,
Որ վերջին խելքին զոռ տանք նոր միայն,
Աստված մի կյանք է տվել բոլորիս,
Ձեռք-ձեռքի տալով` չենք մնա ունայն:

Ս.Մալխասյան 16.12.2003
Аватара пользователя
Կարինե Կարինե (Автор темы)
Участник
Участник



Вернуться в Բանաստեղծություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 6


⇑ Наверх
⇓ Вниз