ԿՏՐՈՆՈՎ ՀԱՑԵՐԸ, ԱՄԱՌԱՅԻՆ ԱՂՋԻԿՆ ՈՒ ԵՍ
Մեր անկախացման հաջորդ ձմեռը կատաղած էր, ու սառած ժողովուրդը քաղաքը ծառազուրկ արեց, իսկ մենք` ընկերներով, նրանց նայելով հպարտ-հպարտ մտածեցինք. ՙՄեզ սովետական ծառեր պետք չեն, անկախ երկիր ենք, անկախ ծառեր կտնկենք՚…
Բայց ամռանը, երբ թութը հասավ, ու մենք տոպրակներով ու փայտերով զինված գնացինք գրոհի, տեսանք` ո՜չ սովետական թութ կա, ո՜չ էլ անկախ: Սակայն մենք թութ էինք ուզում ու մտանք Յոնջելախ. էնտեղ մի մեծ սովետական թթենի էր մնացել` ամեն տեսակ անկախությունից դուրս` հպարտ կանգնած: Հասած թթի հատիկների մոտիկությունից լոզերներս ծորացնելով, չէինք էլ հասցրել ծառին մոտենալ, երբ մեր առաջը կտրեցին տեղացի տղերքն, ու սկսվեց ծեծկռտուքը: Փախանք, բայց մենք թութ էինք ուզում ու հաջորդ օրը վերադարձանք ավելի մեծ խմբով, բայց էլի չհաջողվեց ծառը բարձրանալ: Մի քանի օրվա կռիվներից հետո միայն, երբ երկկողմանի կապտուկներն ու վնասվածքները հավասարվել էին, մեր թաղի մեծերը հանդիպեցին նրանց մեծերի հետ, ու հարցը լուծվեց. օրվա ցանկացած պահի հանգիստ կարող էինք ծառը բարձրանալ… Թթենու հաստ ու բարակ ճղներից կախված` վայելում էինք կապտուկների գնով ձեռք բերած հաճույքը, երբ խալաթավոր մի կին դուրս թռնելով մուտքից` պահանջեց անմիջապես իջնել ծառից: Անսպասելիությունից քարացանք, իսկ մեր Գևը նմանակելով իր գրականության ուսուցչուհուն ասաց. ՙԷս ծառն իմն է, էս թութն իմն է…՚, մեկ էլ շարունակությունը մոռանալով, շատ լուրջ ավելացրեց. ՙԳլազը կուրսի ա՚: Կինը դրանից ավելի բորբոքվեց ու սկսեց Գլազին էլ անիծել: Գլազը հեղինակություն էր մեզ համար ու նրա հասցեին ասված խոսքերից սարսափած` կապիկների պես սկսեցինք ներքև սողալ, բայց հենց այդ պահին մի տղամարդ խելագարին քարշ տալով ներս տարավ… Մենք ուրախ քրքջացինք` դա վերագրելով Գլազի հեղինակությանը:
Ներքևի ճյուղին կանգնած` շարունակում էինք թթերի վերջը տալ, երբ մեկը շալվարս ձգեց: Մի մեծ թութ պոկելով, նայեցի ներքև, պատրաստ թութը ճխլելու շալվարս քաշողի ճակատին… Բայց Նրան տեսնելով ձեռքս մնաց օդում… օրորվեցի… քիչ մնաց ընկնեի... Աղջիկը ասաց. ՙՉես հասկանո՞ւմ, որ ասում են…՚ Ուզում էի բան ասել, խոսքը փշի նման խրվեց կոկորդս, աչքերս փախցրի ու թռա ծառից: Վայրկյան անց ինձ տեսան ընկերներս ու գոռացին. ՙՈ՞ւր… էս աղջկանից վախեցա՞ր…՚: Նրանց ծաղրական ծիծաղի հետ գլխիս ու մեջքիս մի քանի թութ կպավ: Ձայները հետզհետե մարեցին… Մթության մեջ` սպիտակ էկրանին թրթռաց երկամյա անցյալի ժապավենը…
Թարմ հացի հաճելի բույրը տարածվել էր խանութով մեկ, երբ մտա ներս ու մի ծերուկից վերջը հարցնելով, կանգնեցի նրանից հետո` սառած ձեռքերս մտցնելով գրպաններս: Մեր տան վառարանի ծխով ապխտված վերարկուս ծխահանվում էր` ներծծվելով հացի հոտով, չկարողանալով զսպել սովածությունս` շուտ-շուտ քիթս կպցնում էի վերարկուիս, խորը շնչում անուշահոտը: Հերթական անգամ քիթս վերարկուիս մեջ` վերացած շնչում էի, երբ մի աղջիկ վերջ հարցրեց, անակնկալի եկած, թևքս արագ իջեցրի ու մնացի կարկամած, հետո. ՙԵս եմ՚, - բառը մի կերպ դուրս թռավ բերանիցս: Աղջիկը, որ հազիվ լիներ տասնյոթ տարեկան, ժպտաց ու կանգնեց ինձնից հետո: Կապույտ աչքերը ամառային երկինքը հիշեցրին, իսկ ոսկեգույն մանր գանգուրները գլխարկի տակից թափված` երեսին ու ուսերին, արևի շողերն էին, որին ամբողջ ընտանիքով սպասում էինք մութ երեկոներին` վառարանի շուրջ նստած:
Հերթը դանդաղ էր գնում, ու դա ինձ ուրախացնում էր: Անընդհատ թաքուն Նրան էի նայում ու վառվում ամառային գեղեցկությունից:
Հացի բույրն ու աղջկա գեղեցկությունը գլուխս պտտեցնում էին, շուրջս ոչինչ չէի զգում: Սթափեցրեց վաճառողուհին` հացի կտրոնը պահանջելով, մեխանիկորեն մեկնեցի կտրոնն ու գումարը և երեք տաք հաց վերցնելով` ևս մեկ անգամ նայեցի աղջկան ու դուրս եկա խանութից: Դրսում, քաշվելով պատի տակ, սրտատրոփ Նրան էի սպասում: Մի քանի վայրկյան անց դուրս եկավ ու ձյան վրա հետքեր թողնելով` քայլեց նույն ճանապարհով, ուր ես պետք է գնայի: Հինգ-վեց քայլ առաջ թողնելով` սկսեցի անհամարձակ հետևել: Քայլում էր ինչ-որ երգ երգելով, իսկ ես փորձում էի կրկնօրինակել նրան: Մեկ էլ ոգևորված երգելով ձայնս բարձրացավ ու սկսեցի երգել ամբողջ կոկորդով: Հանկարծ լռեց` զարմացած նայելով վրաս, արձանի պես մնացի տեղումս կանգնած` ոտքս օդի մեջ, բերանս բաց: Քմծիծաղ տվեց ու շարունակեց քայլել, ես` ետևից: Հասնելով մեր թաղի խաչմերուկին` թեքվեց աջ, իմ ճանապարհի հակառակ կողմը: Նայեցի նրան, սառչող հացերին, հիշեցի անհամբեր ինձ սպասող մերոնց ու քայլեցի նրա ետևից: Մտանք Յոնջելախի ծուռմռտիկ սառած փողոցները: Աղջիկը շարունակում էր երգել ու չէր կասկածում, որ հետևում եմ:
Անկանոն շարված առանձնատներից մեկի առաջ կլոր ու տարիքով կին էր անշարժացել, աղջկան տեսնելով կենդանացավ. ՙԻնչո՞ւ էսքան ուշացար՚: Կնոջ խոսքերը լսելուն պես` ինձ մի կողմ գցեցի ու թաքնվեցի պատի ետևում: Մի քանի վայրկյան անց, երբ համարձակություն ունեցա նայելու, ո՜չ աղջիկն էր այնտեղ, ո՜չ կինը: Դարպասը, որի մոտ քիչ առաջ կանգնած էր կինը, կապույտ-կապույտ էր, ինչպես Նրա աչքերը. երևի հայրը հատուկ էր այդ գույնով ներկել… Դարպասի անկյունում էլ գրած էր` N28:
Տուն մտնելով, հացերը տվեցի մորս ու ստեցի. ՙՀերթը էսօր շատ երկար էր՚: Խրախուսող համբույր ստանալով` գնացի վերարկուս հանելու: Մայրս ձայն տվեց. ՙԲա կտրոնը ո՞ւր ա՚: Գրպաններումս նայեցի չկար: Հիշեցի, որ վաճառողուհուց չեմ վերցրել: ՙՍիրահարվա՞ծ ես ինչ ա՚, - նախատեց մայրս: Կարմրեցի, փորձեցի արդարանալ, հետո արագ հագնվելով վազեցի խանութ: Այն արդեն դատարկվել էր, վաճառողուհուն ասացի, որ կտրոնը թողել եմ սեղանին, նայեց, չգտավ, մատը թափ տվեց վրաս ու իբր խրատում է. ՙՈւշադիր պետք է լինել՚: Բայց բերանի անկյունում մի տարօրինակ ժպիտ կար, ձեռքն էլ գրպանի մեջ խաղացրեց: Արցունքները կոպերիս ծանրացած` դուրս եկա խանութից, գիտակցելով, որ կես ամիս հաց չենք կարող առնել: Տանը ասացի, որ կտրոնը չեմ գտել ու այլևս չկարողանալով ինձ զսպել, լաց եղա: Տատս բարկանում էր մորս վրա, որ ինձ հացի էին ուղարկել: Եղբայրս կատակում էր. ՙԱվելի լավ, էլ հացի չես գնա՚: Քիչ անց արցունքներս սպառվեցին, նստեցի նախաճաշի, իսկ արդեն մի քանի ժամ անց մոռացել էի կտրոնի մասին, վառարանի մոտ պառկած մտածում էի Նրա մասին: Տաքությունը թմրեցրեց, երազ տեսա. ՙԱմառ էր. ամեն ինչ կանաչ էր ու կապույտ: Լսվում էր Նրա ձայնը` երգում էր: Ինձ ծածկող բարձր թփերն ու գլխիս կախված ծառի ճղները մի կողմ տանելով` քայլեցի ձայնի կողմը, ջրի ձայնը խառնվում էր երգին: Սիրտս արագ-արագ խփեց, անմշակ տախտակներից հավաքած բաղնիքից էր գալիս ձայնը: Անվստահ առաջ շարժվելով` ճեղքից նայեցի ներս: Շունչս բռնվեց… Աղջիկը աթոռին նստած երգում էր, տատս ոսկեգույն մազերն էր լվանում ու մեջքը տրորում: Նրա փթթող մարմինը փայլում էր արևի շողերի տակ: Շուրջս կապույտ էր, դեղին, կանաչ: Մարմինս դող էր ընկել, տեսածիցս խենթացած չզգացի էլ, թե ինչպես դուռը ճռռաց ու, կպնելով գլխիս, ընկա: Աղջիկը բարձր ծիծաղեց, սկսեցի փախչել, բայց անընդհատ ընկնում էի: Քայլ էր մնացել, որ հասներ ինձ, մարմնից ջուր էր ցողում վրաս: Տատս գոռում էր. ՙԱղջիկս, զգույշ, կտրոնը չկորցնի…՚ Վեր թռա, քրտինքի մեջ կորել էի, տատս փորձեց հանգստացնել. ՙԻ՞նչ եղավ, ի՞նչ եղավ՚: ՙԻնչ պիտի լինի, քեզ եմ տեսել երազիս՚: ՙՎա՞, դրա համա՞ր ես քրտնել…՚, - զարմացած ասաց նա, սրտի խորքում հրճվելով, որ թոռը երազում իրեն է տեսնում:
Հաջորդ երկու օրը խանութ չգնացի, մնացինք առանց հացի, բայց լավ էր, երրորդ օրը մայրս նոր կտրոն բերեց ու առավոտյան վազեցի խանութ:
Հերթի մեջ էի, երբ Նա եկավ ու կանգնեց ինձնից բավական հեռու: Ես անընդհատ ինձ համոզում էի, որ գնամ, կտրոնը վերցնեմ, իրենց հացն էլ առնեմ, բայց այդպես էլ չհամարձակվեցի մոտենալ: Ինձ վրա բարկացած` չսպասեցի նրան, միայն հեռվից երկար նայեցի ու գնացի տուն` հաստատ որոշելով վաղն իսկ սիրո խոստովանություն անել: Բայց միայն այդ մտքից շփոթվում էի, կարմրում ու գիտեի, որ ոչինչ չի ստացվի: Որոշեցի նամակ գրել: Թուղթ ու գրիչ վերցնելով, մի կրքոտ նամակ գրեցի ու ժամադրություն խնդրեցի: Բայց վերջում անունս չգրեցի: Ուղղակի ավելացրի. ՙՁեր սիրուց հալվող երիտասարդ տղամարդ՚: Տղամարդը հատուկ նշեցի, որովհետև լսել էի, որ այդ տարիքի աղջիկներին հատկապես դուր է գալիս, երբ իրենցով հետաքրքրվում են իրենցից մեծ երիտասարդները:
Հաջորդ առավոտ սրտի անկայուն աշխատանքով մտա հացի խանութ: Նա արդեն շարքի մեջ էր: Ստիպված էի սպասել, բայց այդպես էլ կարող էի հերթից ընկնել: Հացի բույրը մի կողմից էր կանչում, կապույտ աչքերը` մյուս: Վերջինը հաղթեց, ու դարակներից արագորեն պակասող հացերի վախն ու Նրա հետ խոսելու անհամարձակությունը սրտումս սպասեցի: Դրսում կանգնած շոգում էի այդ ցուրտ օրով: Վերջապես դուրս եկավ: Մի քանի քայլ նրա կողքով անցա ու, երբ մարդիկ պակասեցին մեր շուրջը, արագ մոտեցա, նամակը տվեցի ու մինչև կհասցներ վերցնել, որքան ոտքերումս ուժ կար, փախա: Մեկ էլ կանգնեցի այն մտքից, որ պետք է հաց առնեմ ու նորից նույն արագությամբ վազեցի խանութ: Մինչև հերթը հասավ ինձ, հացը վերջացավ:
Ամբողջ օրը տեղս չէի գտնում, սենյակում պտտվում էի անդադար: Մի անգամ նույնիսկ նրանց տան մոտ գնացի` մոլորված գառի պես պտտվելով դարպասի մոտ, բայց ոչ ոք չկար: Գոնե այն կնոջը տեսնեի: Տանն էլ լավ բան չէր սպասվում, բոլորը ինձ էին նայում զայրացած, կարծես ինչ-որ բան կասկածելով ու սպառնում հաց առնելու մենաշնորհից զրկել: Թվաց, թե օրը դարում անցավ:
Ահագին ժամանակ էր հերթում կանգնած էի, բայց Նա չկար, հերթս հասնում էր, երբ ներս մտավ ու դեմքին ուրախ ժպիտ` նայեց կենդանի գնացքին: Մարդկանց արանքից դուրս եկա ու կանգնեցի երևացող տեղում: Մեր աչքերը հանդիպեցին, ժպտաց ու մոտեցավ: Մեկ էլ գրպանից մի ծրար հանելով, մեկնեց ինձ, ոտքերս թուլացան, ականջներս խշշացին, ու թվում էր` բոլորը ինձ են նայում: Նամակը վերցրի, ու դեմքիս գունափոխումը նկատելով` ինքն էլ մի պահ շփոթվեց: Հետո մի կերպ ժպտացի ու էլ չիմացա թե ոնց գնեցի հացն ու եկա տուն:
Ծրարը շատ դանդաղ բացեցի ու, ձգելով պահը, կարդացի. ՙԱյսօր ժամը չորսին, դպրոցի բակում՚: Ամեն բանի կարող էի հավատալ, բայց հանդիպել դպրոցի բակում` երբեք: Դա մի տեղ էր, որտեղ հանդիպում էին մեր և կողքի թաղերի բոլոր սիրահարները: Դպրոցի բակում էին նրանք առաջին անգամ համբուրվում, աչքերը կիսափակ միմյանց սեր խոստովանում:
Ժամը երեքի մոտ սկսեցի պատրաստվել: Լավ էր տատս քնած էր: Հագա կոստյումս, մազերս թրջեցի, սղալեցի գլխիս, վզնոցս մեծավարի գցեցի վերարկուիս տակից, օձիքս բարձրացրի ու կանգնեցի հայելու առաջ: Լավ էր, բայց էն չէր, երևում էր, որ ինը տարեկան եմ: Անձայն մտա բաղնիք ու եղբորս ածելին վերցնելով` անվարժ ու շտապ-շտապ քսեցի քթիս տակի աղվամազերին, հետո օծանելիքի շիշը դատարկեցի վրաս ու քիչ մնաց կծու հոտից տատս զարթներ: Բայց լցվեցի ինքնավստահությամբ ու տատիս ասելով գնում եմ խաղալու` դուրս եկա տնից:
Քանի մոտենում էի դպրոցին, այնքան ավելի էի ինքնավստահությունս կորցնում: Հանկարծ հեռվից տեսա Նրան, ինձնից շուտ էր եկել, ավելի թուլացա, բայց քաջությանս վերջին փշրանքները հավաքելով` քայլեցի ընդառաջ: Ինձ տեսնելով` ժպտաց, ամաչելով բարևեցի: Հետո նայեց ժամացույցին ու հարցրեց. ՙՈ՞ւր ա նա՚: Չհասկացա ում նկատի ունի, հարցրի` ո՞վ: ՙՈ՞նց թե ով, ով նամակ էր գրել՚:
Ձմեռային ծանր ամպերը ճզմեցին ինձ: Ուժերս լքեցին ու չկարողացա ասել, որ նամակ գրողը ես եմ, միայն ուսերով թոթվեցի ու ասացի` չգիտեմ: Մնում էր միայն ամոթից փախնել, բայց նաև գլխումս խփում էր. ՙՉնեղացնել ու չտխրեցնել՚: Մի կերպ մի բան մտածեցի, ասացի` հիմա կգա ու վազեցի: Մեկ էլ հետեիցս կանչեց, մոտեցա: Պայուսակի մեջ ինչ-որ բան փնտրեց, գտավ. կարմիր խնձոր էր, մեկնեց ինձ: Խնձորը վերցնելիս մատերիս ծայրով կպա ձեռքին, մատներին, ավելի վատացա ու փախա: Ոտքս կպավ սառած քարին, ընկա, խնձորս գլորվեց ձների մեջ: Արագ վերցրի ու շնչակտուր հասա մեր բակ: Թաղի մեծ տղաներից մեկը շանն էր ման տալիս, մոտեցա, արագ-արագ ասացի, որ իրեն մի գեղեցիկ աղջիկ է սպասում, իբր ինքը նամակ է գրել նրան ու մի կերպ համոզելով ուղեկցեցի դպրոցի բակ` հեռվից նայելով նրանց: Տղան մոտեցավ, Նա նեղացած բարևեց, մի քանի վայրկյան կանգնեցին դեմ-դիմաց, հետո սկսեցին քայլել ու զրուցել: Փռչոտ շունը ուրախ թռչկոտում էր նրանց շուրջը, քսվում Նրան, ընկնում ոտքերը, միայն մի ցանկություն ունեի շանը սատկացնել… Այլևս չդիմացա, գնացի տուն ու փռվեցի բազմոցին: Գլուխս ուժեղ ցավում էր, սրտխառնոց էի զգում: Տատս մի երկու անգամ ասաց. ՙԳնա հանվի՚, բայց տեսնելով, որ բանի տեղ չեմ դնում, ինքը մոտեցավ ու տեսքս տեսնելով` վախեցած ձեռքը դրեց ճակատիս: Ամոթից երեսս շուռ տվի:
Ջերմաչափը ցույց տվեց քառասուն աստիճան: Մայրս արդեն տանն էր, շորերս արագ հանեցին ու սկսեցին օղի-քացախով շփումներ անել: Բայց վիճակս չէր թեթևանում: Կարմիր խնձորը ամուր սեղմած ձեռքիս մեջ զառանցում էի: Տատս խփում էր ծնկներին ու անվերջ կրկնում. ՙԷրեխեն գնում ա ձեռքներիցս…՚ :