ՈԼՈՐԱՀՅՈՒՍ ՀԵՂԵՂԱՅԻՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ֆրանսահայ գրող, գրական-մշակութային գործիչ Կարո Փոլատյանը շուրջ քառասուն տարի հարցազրույցներ է վարել համաշխարհային և հայ մշակույթի, գրականության, կրոնական և քաղաքական մեծանուն դեմքերի հետ՝ հրատարակելով առանձին ժողովածուներում: 1952-1979 թթ. ժամանակաընթացքում տպագրվել են «Զրույց» ընդհանուր խորագրով հինգ ժողովածուներ: Ստորև ներկայացնում ենք Կարո Փոլատյանի զրույցը՝ ֆրանսիացի մեծ բանաստեղծ, հոբելյան մրցանակի դափնեկիր Սեն Ժոն Պերսի հետ:
...Սեն Ժոն Պերսին նվիրված հոդվածս գրեթե ավարտել էի, երբ մի առավոտ հեռաձայնեց պարոն Պալարր: Իրենից մի քանի օր առաջ էի որոշ ժամանակով վերցրել Սեն Ժոն Պերսի շքեղատիպ գրքերը: Խոստացել էի հնարավորինս շուտ վերադարձնել, քանի որ բոլոր գրքերն էլ ընծայագրված էին պարոն Պալարին:
- Արդեն ավարտել եմ, վաղը կբերեմ Ձեր գրքերը, պարոն Պալար,- սկսեցի միանգամից գրքերից, և չգիտես թե ինչու:
- Շտապելու հարկ չկա, մի՛ մտահոգվիր, հեռաձայնել եմ, որ տեղեկացնեմ. Սեն Ժոն Պերսն այստեղ է...
- Ինչպե՞ս,- ձայնս զարմանքի երանգ էր պարունակում:
- Այո, երեք օր է, ինչ կոխկրտում է իր նախնիների հողը՝ տասնութ տարվա բացակայությունից հետո:
- Ինչ հրաշալի դիպված, չե՛մ կարող հանդիպել իրեն, այստե՞ղ է, Մարսելում...
- Ոչ, ծովափնյա մի մենաստանում, վաղը պետք է գնամ իրեն տեսնելու, բավական հեռու է, գրեթե գաղտնի մի վայր...
- Շատ կուզենայի ընկերանալ Ձեզ,- չկարողացա չարտաբերել:
Ահա այսպես էր, որ թախտ ունեցա անձամբ ճանաչելու և ժամեր շարունակ զրուցելու «Անաբասիսի» հեղինակի հետ:
Մարսելի և Նիսի միջև, Միջերկրականի կապույտ ջրերում առաջացած Ժիենի սրածայր թերակղզին մեր վերջին կանգառն էր, այստեղ էր գտնվում արևադարձային բուսականության մեջ կորսված մի ընդարձակ կալվածք, ավելի բարձրադիր՝ վեր էր խոյանում ծովի և երկնքի միջից դուրս խուժող դղյակը. Սեն Ժոն Պերսի դղյակը:
Հանկարծ նկատեցի, որ բարձրահասակ, սև-սև մազերով, գլխաբաց մի մարդ էր ընդառաջ գալիս մեզ, անուշ ժպիտը շուրթերին, կշռութավոր, հանդարտընթաց քայլերով, գեղեցիկ-խրոխտ հասակը՝ ուղիղ սյունի պես տիրապետող:
Սեն Ժոն Պերսն է:
Անկարելի է երևակայել, որ մեր դիմաց կանգնածը առողջ ծովահենի կեցվածքով յոթանասունն անց մարդ է:
Բարձրանում ենք առաջին հարկ:
Սկսում է խոսել: Շուրջ մեկ ժամ խոսում է միայն երաժշտությունից: Լյուքը երբեմն-երբեմն կցկտուր բաներ է ասում, տարերքի մեջ Սեն Ժոն Պերսը խոսում է մեկ օր առաջ մեկնարկած Էքսի փառատոնից, կարծիքներ հայտնում Մոցարտի, Վագների, Բեթհովհնի մասին:
- Երաժշտությունը,– բացականչում է ներշնչված,- ամեն ինչ է՝ բանաստեղծի կազմավորմանը նպաստող: Ես շատ առումներով պարտական եմ Դեբյուսիին: Արդեն սկսել էի գրել, տարեկիցներիս հետ խեղդվում էինք Վագների տիրապետության տակ: Դեբյուսին էր, որ մեզ ազատագրեց:
Երաժշտությունից սահուն անցում՝ գիտությանը: Պատմում է Էյնշտեյնի և այլ մեծանուն գիտնականների հետ իր հանդիպումներից:
- Հապա իմ զրույցը,- շշնջում եմ պարոն Պալարի ականջին:
Միանգամից հասկանում է, ինքնավստահ ժպիտով հորդորում, որ մտահոգվելու հարկ չկա:
- Մեր հայ բարեկամը...
- Այո, մեր հայ բարեկամը,- ընդմիջում է Պերսը պրն Պալարի խոսքը,- մեր հայ բարեկամը անհամբեր է՝ զրույցը սկսելու: Պատրաստ եմ: Բայց սկըզբնապես ես եմ ուզում Ձեզ հարցնել... քանի որ երեքդ միասին եք: Գրիգոր Նարեկացու մասին է խոսքս: Գիտեք, որ ես նրան համարում եմ անհավատալիորեն վիթխարի բանաստեղծ: Իմ պատկերացմամբ նա այդպիսին է, արդյոք իրավ է նրա ապրումը, զարդարանք-պաճուճանքներ անձնավորող բանաստեղծ չէ՞...
- Ի՞նչ տպավորություններ ունեցաք Նարեկացուց, արդյոք կե՞ղծ են նրա բառերը...
- Ո՛չ, ոչ, երբեք...
Ու դարձյալ կրկնում է իր օգտագործած ածականը...
- Այնքան վիթխարի, որ անհավատալի թվաց, կարծեցի, որ թարգմանչի շնորհիվ ինչ-որ բաներ է ներմուծվել...
- Թարգմանիչն, իհարկե, իր բաժինն ունի...
- Թարգմանությունն, իհարկե, հրաշալի է արված, խոսք չկա, բայց Լյուք Անդրե Մարսելի վերլուծումները նույնպես հրաշալի էին,– ասում է Պերսը: Եվ միանգամից կտրուկ շրջվում դեպի Լյուքը.
- Երջանիկ պիտի զգայի, եթե մեկը անդրադառնար իմ ստեղծագործությանը ճիշտ այդօրինակ խոր թափանցումով այդ բացառիկ գեղեցկորեն հնչող արձակով:
- Համակարծիք եմ Ձեր հիացմանը, մեր բարեկամն արժանի է այս բացառիկ գնահատանքին...
Սեն Ժոն Պերսը ավելի հարմար դիրքով է փորձում տեղավորվել աթոռին ու ձեռքերը երկարելով իմ ուղղությամբ՝ ասում է.
- Հիմա կարող ենք հանգիստ զրուցել, չմոռանամ շեշտել, որ ես հիացած եմ նաև հայ նոր բանաստեղծներով. Վարուժանը ինչ մեծ բանաստեղծ է՝ հատկապես իրապաշտ հատվածները՝ սիրերգության, գլուխգործոցներ են... Լավ ներեցեք միջամտությանս համար, ուրեմն...
- Առաջին հարցումս... նախ ուզում եմ հայտնել, որ հիացած եմ Ձեր ստեղծագործություններով: Եկել եմ իբրև հիացող և... ներեցեք անհամեստությանս համար, իբրև հասկացող, այդ վերջին բառն ինձ չի վերաբերում, այլ՝ հայ ժողովրդին... ես բանաստեղծություն սիրող ժողովրդի զավակ եմ: Ու մեծ հրճվանք է մեզ համար ըմբոշխնել Ձեր և ողջ ֆրանսիական հրաշալի բանաստեղծությունը: Ճանաչում ենք այն՝ գրեթե արբեցնող սիրով կգնահատենք. ինչ շքեղություն, ինչ այլազանություն... Ամեն անգամ, ասում ենք Ռասինից հետո դժվար թե ավելի կատարյալը գրվի՛ այնուհետև Հյուգոն, նրան հաջորդում է Բոդլերը, Վեռլենը, Ռեմբոն, Մալարմեն: Երբ ըմբոշխնելու պես կարդացի վալերի, խորհեցի, որ սրանից հետո անկարելի է այս մտածումով և ավելի լավ գրել: Ու մի քանի տարի առաջ ծանոթացա Ձեր ստեղծագործությանը...
- Քանի որ արդեն խոսքն ինձ է վերաբերում, սպասեք,- ընդմիջեց Պերսը:
Այնուհետև չթողեց, որ խոսքս ավարտեմ և շարունակեց.
- Վստահ եմ, որ պիտի հարցնեք,- ինչպես շատերը՝ միշտ և ամենուր,- թե ինչու են բանաստեղծություններս լեցուն տարօրինակ բառերով: Արդյոք ուզում եմ ինքնատի՞պ երևալ, և ի վերջո՝ բառարաններում եմ պեղում այդ սակավ գործածական բառերը, ինչը ոմանց նաև իմաստակություն է թվում...
- Ոչ. այդպիսի հարցեր ինչպե՞ս պետք է համարձակվեի,– կամա լռում եմ,- Ձեզ առաջին անգամ ընթերցելով թերևս մարդ խորհի, թե բառերի ընտրությամբ Դուք արդյոք... փնտրտուքի մեջ չե՞ք: Համենայն դեպս. Ձեր լեզուն կեղծ ու բռնազբոսիկ չէ ամենևին: Երբ ընտելանում ենք Ձեր ոճին, ակնհայտ է դառնում, որ Ձեր բնական լեզուն է, Ձեր մտածումներին գործողության մղողը, և հավատարիմ գործիքի պես է Ձեզ ծառայում: Բանաստեղծի համար հնարավոր է արդյոք լեզուն նպատակ դառնա, պաշտամունքի առարկա, մանավանդ որոշ պարագաների առկայությամբ, օրինակ՝ վտարանդիության մեջ...
- Եթե խոսքը վերաբերում է Ձեր ժողովրդին, թերևս հնարավոր է, ես լիուլի ըմբռնում եմ Ձեզ: Բայց երբ այն վերաբերում է ինձ, պետք չէ ամենևին չափազանցնել դրա կարևորությունը: Ահա լեզվի մասին իմ կարծիքը, լեզուն, որ գործածում է բանաստեղծը, պետք է համապատասխանի իր մշակած նյութին, այս է կարևորը: Այդ պատճառով քիչ առաջ հետաքրքրվեցի Նարեկացիով: Այդ դարձդարձիկ, իրենք իրենցով ոլորահյուս հեղեղային նախադասությունները պատշաճում են բուն բովանդակությանը: Լեզուն, զգացումները, գաղափարները, եթե միաձույլ են, ապա ուրեմն հստակ տեսանելի է մեծ բանաստեղծությունը: Երբ ասում ենք՝ լեզու, անշուշտ, պետք է բառերի շարքերից բացի հասկանանք ներքին կշռույթ, շունչ, շարժում, եղանակ, լռություն: Այո, լեզուն նաև լռություններ ունի... Միայն մեծերն են ունակ գործածելու այս հրաշալի զենքը՝ լռությունը...
- Ձեր ստեղծագործությունն ունի՞ այդ հատկությունները, ի՞նչ եք նկատի առնում այդ վերջին բառով, ուզում ենք բացատրել ավելի հստակորեն...
- Հակիրճ, սեղմ ոճ. մտածումն են արտահայտում, բայց առանց ընդարձակելու, ընդլայնելու. իմ բանաստեղծությունների մեջ ընդլայնում չկա: Զորօրինակ, վիպապաշտները (ռոմանտիկները) ամեն մտածում և զգացում ընդլայնում-երկարաձգում էին ետին մանրամասնություններով, ավելորդ ճիգ, շատախոսություն, բանաստեղծությունը վերածում էին ճառարտսաթյան: Ժամանակակից բանաստեղծությունը հաճախ անտրամաբանական է թվում, որովհետև այդ բոլոր ընդլայնումները զեղչված են. մեկ գաղափարից անցումը մյուսին, սա է կարևորը: Լռությունները անհրաժեշտ են, ինչպես ասացի քիչ առաջ: Ուրիշ խնդիրներ էլ կան. կան բանաստեղծական և անբանաստեղծական բառեր: Լեզուներ կան, որ բանաստեղծական են, լեզուներ էլ հակաբանաստեղծական: Հունարենը հրաշալի է, լատիներենը՝ չոր ու կարծր: Ֆրանսերենը գեղեցիկ է, անգլերենը՝ ոչ: Անգլերենում ամեն առարկա իր անունով պետք է կոչես, ճշգրիտ լեզու է, վճռական լեզու: Այնքան հստակ ու ներդաշնակ են բառերը, որ զոհ են դառնում այդ դրությանը, նույնիսկ ամենից տաղանդավորները, օրինակ՝ էլիոթը: Առարկայական է անգլերենը լատիներենի հանգույն, հունարենն ու ֆրանսերենը՝ վերացական: Լեզուներն էլ մետաղների նման են. երկաթից կարելի՞ է զարդ պատրաստել: Ինձ թվում է, որ հայերենը նույնպես վերացական լեզու է, ուստի՝ բանաստեղծական: Այսինքն, ամեն բառ, բացի իր իմաստից, ունի ենթաիմաստներ:
- Այո, ճիշտ է Ձեր նկատառումը, մանավանդ մեր հին լեզվի՝ գրաբարի առումով: Անցյալ օրը հայերեն էի թարգմանում Ձեր բանաստեղծություններից և հանկարծ մտածեցի, ինչ հրաշալի կլիներ, որ դրանք ներկայացվեր Նարեկացու լեզվով: Բայց այդպիսի խնդրի մասին դժվար է խոսելը, ոչ թարգմանիչ կա, ոչ էլ մանավանդ ընթերցող...
Ուրիշ մի հարց է ինձ շատ հետաքրքրում, իբրև «Աքսորի» հեղինակ, քանի որ մենք՝ հայերս, տարիներ շարունակ ապրում ենք աքսորի, պանդխտության մեջ, Դուք արդյոք դրամայի չե՞ք վերածել աքսորը: Մենք որքան էլ զորենք, չենք կարող ազատվել մեզ պատուհասած դառնությունից, մեր ցավից: Տառապում ենք, ու մեր տառապանքը ազգային է:
- Հասկանում եմ Ձեզ, տվայտանքն ավելորդ է. պետք է կարողանաք աքսորը - տարագրությունը վերապրել, դա ինձ շատ հարազատ երևույթ է: Պետք չէ պատմեք աքսորի մասին: Անտեսեք Ձեր հուշերը, տառապանքները: Բանաստեղծն իր անձնական ցավերը չպետք է նկարագրի, այդ դեպքում թե ինքն է արժևորվում և թե իր ապրած տարագրությունը: Ուրիշ ի՞նչ հարցեր ունեք...
- Ի՞նչ դեր է վերապահված բանաստեղծին, ի՞նչ պատգամներ ունի, ովքե՞ր են պատգամներ պարզաբանողները...
- Պատգամները տիեզերքում են, բանաստեղծն է, որ դրանք մարդկանց է հասցնում՝ բանաձևելով պարզաբանելով...
- Գիտնականն ու բանաստեղծն արդյոք նույն ուղղությամբ են աշխատում, ի վերջո, ի՞նչ է նրանց արածը, արդյո՞ք նրանք հակասության մեջ են:
- Ո՛չ, յուրաքանչյուրն աշխատում է իր բնագավառում՝ նույն նպատակին հասնելու համար, ճանաչել տիեզերքը, ճանաչել օրենքները, որոնք կառավարում են տիեզերքը և որի (տիեզերքի) մասն ենք կազմում մենք: Էյնշտեյնը նրանցից մեկն էր, ես հիացած եմ նրանով: Անձնապես ճանաչել եմ՝ մեր դարի մեծագույն մարդկանցից էր: Մահից առաջ նրա արտասանած խոսքերն ամենագեղեցիկն ու ամենատպավորիչն են, որ երբևէ լսել եմ... Իր աշակերտները, որոնք մասնակցություն ունեցան ատոմի գյուտի ստեղծմանը, ամեն օր իրեն ներկայացնելով՝ ասում էին. «վարպետ, Ձեր այսինչ վարկածը բացարձակ չէ՝ փորձում ենք մեր լաբորատորիաներում և տարբեր արդյունքներ ենք ստանում, ի՞նչ անենք»:
Էյնշտեյնը նրանց ասում է. Չեմ կարող ըմբռնել՝ անիշխանությունը տիեզերքի մեջ հնարավոր չէ, որ տիեզերքը ենթարկվի դիպվածների, մենք ենք, որ սխալվում ենք փորձերի ժամանակ:
Եվ վերջին նախադասությունը, մահվանից առաջ ասված, ուզում եմ վերստին հիշել. «Աստված զառ չի նետում»:
- Ի՞նչ է Ձեր ըմբռնումը մարդկության մասին, արդյոք դա համարում եք անձնական փիլիսոփայություն...
- Հնդկական փիփստիայությունն ինձ ամենահարազատն է. հավատում եմ: Մարդկությունը որոշակի օրենքով է շարժվում, շարունակ փոխվում է, հոգեփոխվում, սերունդները հաջորդում են իրար, ձգտելով երջանկության, համայնական սիրո: Աստվածներ չենք մենք, անմտություն է Նիցշեի գերմարդը:
- Կյանքի այդ լավատես փիլիսոփայությունը ակնհայտ է Տեր, հատկապես ծովին նվիրված հրաշալի «Ցուցանիշներ» ստեղծագործության մեջ:
Մի քանի վայրկյան ընդհատում ենք մեր խոսակցաթյունը, Սեն Ժոն Պերսը մեզ հրավիրում է բարձրանալ տանիք՝ եզակի գեղեցկությամբ տեսարան...
- Ամեն առավոտ այստեղից նետվում եմ ծովը, լողում եմ ժամերով,- մենք զարմացած ենք իր խոսքից:
- Գիտե՞ք, այս կալվածքն ինձ նվիրել են ամերիկացի իմ բարեկամները:
Լյուք Անդրե Մարսելը զարմացած հարցնում է՝ նվե՞ր...
- Այո, իմ ամենասիրած վայրն է, այստեղ եմ հանդիպել Պոլ Վալերիին և ուրիշների... Ծովն այստեղ հրաշալի է, ավելի այն կողմ աղի բլուրներ են: Աղն այնքան եմ սիրում...
Սեն Ժոն Պերսը ոգեկոչելով հիշատակներ, հուզվում է, խոսում, մանավանդ Վալերիի մասին: Մարսելը հանկարծ հարցնում է.
- Չե՞ք առարկի, որ Ձեր վերջին ստեղծագործության մասին երաժշտություն գրեմ: Ամիսներ շարունակ մտածում եմ...
- Ո՛չ, ինչու պետք է առարկեմ, բայց սկզբնապես ասեմ, որ երաժիշտներն ինձ այնքան էլ չեն գոհացրել... Քիչ մնաց մոռանայի... Միակը, որ հավանում եմ. գրել է շատ տաղանդավոր հայ երաժիշտ Ալան Հովհաննեսը, այսինքն՝ համահունչ «Անաբասիսին»:
- Իսկապե՞ս,- հետաքրքրվում եմ ես:
- Այո, շատ խորունկ ստեղծագործություն է, մի օր կլսեք: Դուք իմ ճանաչած երրորդ հայն եք, մինչև Ձեզ հանդիպելը ճանաչել եմ Գալուստ Գյուլբենկյանին և Ալան Հովհաննեսին:
- Ուրեմն ամեն տեսակի հայ մարդու ճանաչել եք՝ հարուստի, տաղանդավորի, աղքատի...
Ծովային օդով հարբած՝ իջնում ենք ներքև:
Մոտենալով Սեն Ժոն Պերսին, ասում եմ. «Ուզում եք որևէ բան գրել այս թղթի վրա»:
Նա գրում է. «Ստեղծագործել՝ ավելի գեղեցիկ կյանքով ապրելու համար»:
Վերցնում եմ ձեռագիրը և հուզված մրմնջում.
- Այո, հենց սա էի ցանկանում, ինձ լավ հասկացաք... մեր բանաստեղծներին ուղղված ինչ հուզիչ պատգամ...
Արևմտահայերենից արևելահայերենի փոխադրեց ԱՐԹՈհՐ ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆԸ