СТАНЬ VIP

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 22:50

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Sarmen Ghahramanyan.jpg
Sarmen Ghahramanyan.jpg (5.13 кб) Просмотров: 846
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՍԱՐՄԵՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Сообщение Harutin » 29 мар 2011, 22:52

Իմ զարմանքը


Սումգայիթյան, եւ ոչ միայն սումգայիթյան, ծնված ու չծնված, զոհված հայազգի մանուկների հիշատակին։


Մարդը ժամանակակից աշխարհում ոչինչ է, սոսկ հպարտ հնչմունք։ Իսկ այդ հպարտ հնչմունքը պետք է աշխարհիս հզորներին՝ միլիոնավոր պարզամիտ մարդկանց հիմարացնելու համար։ Այդ պատճառով էլ քաղաքականությունը բարբաջանք է ազատության մասին։ Արվեստը երկու երրորդով զվարճացնող աղբ է, անմիտ իմաստակում եւ սեքս։

Յուրի Բոնդարեւ

Մարդու իսկական ճակատագիրը գտնվում է այլ աշխարհում, արցունքների այս հանցավոր հովտից այն կողմ։

Քորլիս Լամոնթ

Ձեր աշխարհում ես դեռ ապրելու էի։ Խաբկանքներով տարվելու եւ իմ գոյության խաղը խաղալու էի։ Ձեր պաշտամունք-կուռքերին ձեր նման պաշտելու եւ անհրաժեշտ պահին ձեր նման քարկոծելու էի։ Ձեր ամենօրյա արածն իմ համար չեղավ։ Ու հիմա չկամ ես, մարդիկ, հիմա ես չկամ։

Այդ օրը։ Այդ սարսափելի եւ մղձավանջային օրը...

-Դավոոո՜։

Մայրս էր, որ գաղտագողի ինձ էր մոտեցել եւ դիտում էր իմ խաղը։ Իսկ ես, ինչպես միշտ, չարչարանքով ու դժվարությամբ կապանքներից ազատվել, տոտիկներս բարձրացրել-պինդ բռնել եմ եւ այդպես, առաստաղին հայտնված թեւերը բաց ու խուփ անող թիթեռն էի տնտղում. առաջին անգամ էի տեսնում, շատ հետաքրքիր էր։ Իսկ հիմա թիթեռների մասին շատ գիտեմ. այստեղ՝ անդրշիրիմյան աշխարհում, շատ կան եւ տարբեր են ու տարբեր էլ ապրել են՝ թիթեռ կա՝ մի օր է ապրել, կա՝ մի շաբաթ, մի ամիս... իսկ ես ընդամենը երեք ամիս ապրեցի։ Ճիշտն ասած, ես շատ եմ նեղանում, երբ մայրս Դավիթը կրճատում, «Դավո» է սարքում։ Բայց միշտ էլ այնպիսի ժամանակ է ասում, երբ իրեն անչափ կարոտում եմ ու ջղայնանալ չեմ կարող։ Հիմա էլ, արդեն երկար ժամանակ է, ինչ արթնացել եմ, բայց դե, չեմ լացում։ Ոչ թե նրա համար, որ մի քիչ համբերատար ու ծանրակշիռ մարդ եմ (նաեւ թմբլիկ-բոքոնիկ եմ. տարիքիս անհամապատասխան մեծ եմ երեւում), այլ որ մայրս մեղք է, շատ է չարչարվում։ Դե, ես էլ մեկ-մեկ գժություն եմ անում, գիշերները տեղի-անտեղի ղժժոցս դնում եմ ու այնպես էլ կոշտ ձայն ունեմ, դրա համար էլ աշխատում եմ ցերեկները մորս չչարչարել։

-Դավոոո՜։

Ես իմ մտորումները` կապված առաստաղից կախված, թեւերը բաց ու խուփ անող թիթեռի հետ, չէի ավարտել, երբ մայրս երկրորդեց կանչը։ Այդպիսի պահերին այնպիսի ոգեւորություն է իջնում վրաս, պառկած տեղս այնպես եմ թռչկոտում, ուրախ-ուրախ թփրտում, կապույտ ու մեծ-մեծ աչքերս այնպես են պսպղում, ասես այն համբերատար ու ծանրակշիռ մարդը չլինեմ։

Գիտեմ է, ախր։ Դեռ չէի հասցրել թաթիկներս մեկնել, երբ մայրս ինձ գիրկն առավ եւ լիքը, տռուզ կուրծքը դեմ տվեց ինձ։ Չգիտեմ` մորս բուրմունքը, թե՝ կենարար ու սննդատու, ինձ մեծ բավականություն պատճառող, նաեւ ծնողական դրվածքն ու սովորությունները, ժառանգական գեները մարդուն աստիճանական ներարկող մայրական կաթն էր, որ այդպիսի երանություն ու հանգստություն էր հաղորդում ինձ։ Եւ ինչքան հաճելի էր։ Ես, մորս լիքն ու տռուզ ստինքը բերանիս, ինձ հասանելիք մայրական կաթն էի երանորեն ծծում, մեկ-մեկ ուղեկցելով գլխիս կտրուկ եւ ուժեղ թափահարումներով, իսկ մայրս, ինձ գրկին, աչքերը կիսախուփ, մտքերն՝ այս աշխարհի ու մեր փրկությանը պահ տված, ինձ նման որդի ունենալու մտքից թալկացած ու երանության մեջ... Ապրում էինք։

Այդպես ինչքան անցավ` չգիտեմ, բայց մեկ էլ դռան շրխկոցը լսեցի։ «Հայրս է»։ Մտածեցի, բայց չբարձրաձենեցի` դե, չէի էլ կարող, քանի որ այն ժամանակ խոսել չգիտեի։ Ինքնամոռաց ես իմ «գործն» էի շարունակում, երբ խուլ թխկոց լսվեց, մայրս թույլ ու անզոր ճչաց, «ահ» արեց, ինձ ուժեղ, համարյա թե շնչահեղձ լինելու չափ սեղմեց իրեն եւ խոնարհվեց խանձարուրիս։ Կարելի է ասել` անզոր ընկավ վրաս, բայց այն ժամանակ ինձ թվաց, թե խոնարհվել է։ Ես... զբաղված էի։ Ես` կեղտոտ խաղերի մեջ կորած աշխարհի մանկամիտ մանչուկս, անհաղորդ ու անտարբեր նյութվող դավերին, «գործս» էի շարունակում։ Չգիտեմ՝ ժամանակն ինչքա՞ն երկարեց, բայց զգացի, որ մորս ստինքը սմքել ու կուչ է եկել, կաթն անսպասելի սպառվել է, եւ ես էլ... շնչահեղձ եմ լինում։

Մայրս սիրուն, երկար գիսակներ ուներ։ Ամեն անգամ, երբ հայելու դեմ կանգնած, երկար ու կանոնավոր սանրվում էր, ես, պլշուն աչքերս հառելով մորս, անքթիթ ու անթարթ` մազերն էի դիտում։ Կամ թե չէ, երբ գիշերները տեղի-անտեղի ղժժում էի, եւ մայրս կիսաքուն վեր էր կենում, գալիս ինձ հանգստացնելու եւ գլուխը դնելով խանձարուրիս` մեկ-մեկ քնով էր անցնում, ապա ես արագ-արագ, կտրուկ շարժումներ եմ անում (չլինի՞ արթնանա), թաթիկներս կապանքներից ազատում եւ տանում ու մտցնում մորս գիսակների մեջ։ Եւ դա այնքա՜ն լավ էր, այնպիսի՜ հանգստություն էր իջնում վրաս, որ ես կպարտավորվեի ամբողջ կյանքում լաց չլինել, միայն թե մայրս գլուխը դներ խանձարուրիս, եւ ես էլ ինքնամոռաց խաղայի նրա տաք, փափուկ գիսակների հետ։ Մորս գիսակները եկել, ծածկել էին ինձ, նա ամբողջ ծանրությամբ ճնշում էր, եւ ես շնչահեղձ էի լինում։ Այնպես մութ էր, այնպես վախենալի։ Դե, ես հիմա եմ խոսում, այն ժամանակ խոսել չգիտեի, որ ասեի.

- Մամ, մի քիչ բարձրացիր, խեղդվում եմ, ախր։

Նեղսրտելուց էր, թե ինչ. թաթիկներս տարա եւ մխրճեցի մորս գիսակները։ Տարա ու... սարսռացի, ասես լպրծուն ու հեղուկ նյութի մեջ էի կոխել։ Եւ նոր միայն զգացի, որ ախր, խանձարուրս, դեմքս, գլուխս, լրիվ թաթախված է այդ հեղուկով, շրթունքներիս էլ մի ձեւի դառնաղի, բայց շատ ծանոթ ու մի տեսակ տաք համ էր իջել։ Գիսակները երեսիցս դեն տվեցի, այնպես, որ լույս լինի եւ թաթիկներիս մտիկ տվեցի. նրանք ամբողջովին ծածկված էին բալի գույնով։ «Արյուն է»,- անցավ մտքովս եւ, եթե կարծում եք, թե ես չգիտեի ինչ բան է արյունը, ապա սխալվելուց բացի, նաեւ չեք ճանաչում մանուկներին։ Ինչպես արդեն ասել եմ, ես շատ առողջ ու փարթամ տեսք ունեի, եւ մայրս, երբ ինձ թիկն էր տալիս բարձին, եւ ես, մինչեւ անկողնուս հասնող բարձրությունից հպարտ, փափլիկ ու թմբլիկ թաթիկներս մի ձեւի կանթած (սովորություն էր), շուրջս էի տնտղում, ապա հայրս ուրախ ու մի տեսակ ոգեւորությամբ կսմթելով «էն տեղս», մորս էր դիմում.

-Մի տես, ինչ տղա ունենք, է՜, Դավիթ որ Դավիթ։

Երեւի այդ փարթամ լինելս էր, որ ծննդիս ժամանակ մայրս իմ երեսից անասելի տանջանք ու չարչարանք կրեց։ Դե, եթե ճիշտն ասեմ, ես էլ էի տանջվել. մարմինս այնպես նվվում էր, այնպես ջարդված ու հոգնած էի։ Բայց լացս, որ լույս աշխարհ ոտք դնելս էր ազդարարում, հեչ էլ այդ ցավով չէր պայմանավորված։ Իմ ցավը ուրիշ բան էր։ Այդ ... արյունը, որ այն ժամանակ էլ զգում էի շրթունքներիս։ Իմ ցավը՝ մորս ցավն էր։ Իմ ցավը այդ արյունն էր, որ մորս այդպես ցավ էր պատճառում։ Եւ այդ ժամանակ էր, որ դեռեւս աշխարհի լավն ու վատը չտարբերող, մթնդած ու անկատար ուղեղումս խրվեց ու մնաց այս միտքը. արյունը ցավ է, ցավը՝ արյունով պայմանավորված, որ արյունը, որտեղ էլ այն երեւաց, լավ բան խոստանալ չի կարող։ Ու լացս բողոք էր՝ ընդդեմ արյան։

...Արյունը տեսա, թե չէ` ինձ կորցրեցի, սկսեցի աղիողորմ, կոկորդ պատռող լաց դնել։ Իսկ մայրս լուռ ու անշարժ էր, ինձնից անկախ` թաթիկս տարել, քսում էի երեսին եւ զգացի, որ նա սառն է։ Արտասուքներս խեղդում էին, լացում էի եւ մտքումս էլ անդադար կրկնում. «Դե, աչքերդ բացիր, մամ, վախենում եմ, ախր»։

Հանկարծ միանգամից թեթեւացա (մորս դեն էին շպրտել ինձանից), եւ շնչելը հեշտ դարձավ։ Աչքերս բացեցի, որ տեսնեմ` ով է, բայց քանի որ ամբողջապես թաղված էի մորս արյան մեջ, ապա աչքերս արյունից կսկծացին եւ նորից փակեցի։ Այնպես արագ փակեցի, որ չհասցրեցի էլ տեսնել՝ ով է, միայն աչքիս ծայրին մի մազմզոտ ձեռք ընկավ։ «Հա՜յրս է»,- անցավ մտքովս եւ ես խաղաղվեցի ու նաեւ զգացի, օր օդում եմ։ «Հենց այդ է, հա՜յրս է»,- ավելի վստահ եղա ես, քանզի արդեն սովորություն էր դարձել` ամեն անգամ, երբ այդպես ուժեղ ու աղիողորմ լացում էի, հայրս ինձ բարձրացնում, մի քանի անգամ օդ էր թռցնում եւ՝ գրկում։ Դա ինձ սփոփում էր եւ անպայման ձենս կտրում էի։ Վախից էր, թե կասկածից, աչքերս բացեցի եւ տեսնեմ՝ ես ներքեւ եմ գահավիժում։ Սկզբում զարմանքս չէի կարողանում զսպել եւ անսահման էր՝ հայրս, այս անգամ ինձ օդ թռցնելուց, ինչո՞ւ չգրկեց։

Այսպես միամտորեն մտածում եւ ցած էի սահում, երբ՝ ով զարմանք ու զարհուրանք՝ հայրս, արյունլվա, անշարժ պառկած էր շենքի շքամուտքի առաջ, եւ մեկն էլ կքանստել ու, կոկորդին լերդացած արյան միջից ոսկե խաչն էր անշտապ ու համբերատար դուրս քաշում։ Հիմա եմ մտածում. խաչը հանում էր՝ կրելո՞ւ։ Դա բացառվում էր, քանզի ինչպես նոր եմ հասկանում, արյունը հորս պարանոցին լերդացել էր` այդ խաչին հավատ ընծայելու համար։ Ուրեմն` հանում էր ձուլելու եւ միայն ու միայն սովորությանն ու հավատ դառած ցանկասիրությանը հագուրդ տալու՝ թառելու էր դեղնած ու բորբոսնած դիմացի ժանիքներին, որպեսզի հերթական անգամ խրախճանքի ժամանակ անմեղ ու պարզ փայլի արեւելքի ...եւ արեւմուտքի շողերից։

Աչքերս չռած` այդ տեսարանն էի դիտում, երբ զգացի, որ գետնին եմ ծեփվել եւ մի բութ ցավ անտանելիորեն տարածվում է ծոծրակիցս մինչեւ կրունկներս, եւ քթիցս ու բերանիցս արյուն է հոսում։

...Մինչեւ հիմա էլ տեսնում եմ հորս խեղանդամված մարմինը, ջախջախված գլուխը, մորս արնաշաղախ շորերը։ Մինչեւ հիմա էլ տեսնում եմ` ինչպես են հորս ու մորս ոտքերից բռնած` քարշ տալիս բակի կենտրոնը, ինչպես են ինձ շպրտում կահ-կարասիով, հորս ու մորս, ուրիշների դիակներով, բենզախառն տախտակներով կույտի մեջ։ Եւ ես չեմ մոռանա բարձրահարկ շենքերի պատշգամբից ու պատուհանից կախված մարդկանց հետաքրքրասեր ու... անտարբեր հայացքները՝ ուղղված մեզ վրա։ Իսկ մենք՝ ես, հայրս, մայրս, ուրիշները, վառվում էինք։ Վառվում ու ածխանում էինք, փոշիանում ու կորչում էինք, հիմա մեր հետքն էլ չեք գտնի։

Վառվում ու թեթեւանում էի։ Թեթե՜վ-թեթե՜վ։ Եւ դա շոշափելի աստիճանի այնպես էր տեսանելի, որ հանկարծ զգացի` բարձրանում եմ վեր։ Ու հիմա ես ձեզ հետ չեմ, մարդիկ, հիմա ես շատ վերեւում եմ, եւ այստեղից ամեն ինչ շատ պարզ է երեւում։ Հիմա ես ընդհանուր ոչինչ չունեմ ձեր ու ձեր ստեղծած աշխարհի հետ։ Ձեր մշուշ ու մրուրի մեջ կորած աշխարհի, ձեր իրականը հերքող ու սեփական մտացածինը մատուցող, սուտ ու սխալ աշխարհի հետ։ Ձեր աշխարհի, որտեղ «ոմանք» «մնացածներին» ուզում են տեսնել միայն որպես անմիտների ու ռոբոտների, որտեղ արդարությունը միշտ էլ երկսայր սուր է եղել, որտեղ, մարդասիրության տակ, ձեր աշխարհին ընթացք տվողները մարդկությանը միայն հերձվածների են ցանկանում վերածել։

Չսիրեցի ձեր աշխարհը։ Ձեր լուռ ու մթին, ձեր դաժան ու անգութ, ձեր կուռ ու կուշտ, սոված ու թափառող աշխարհը, ձեր անտարբեր, առնող-ծախող, անողնաշար ու լպրծուն, զարդ ու զիբիլի մեջ կորած, հազար ու մի նյութված դավեր պարունակող փուչ աշխարհը։ Ձեր աշխարհը, որտեղ մեկն անարդարությունից եռում, եփ է գալիս, իսկ մյուսը՝ խանդավառված ծափ է զարկում, քանզի տոն տվողը թիկունքին սարի պես է, որտեղ մեկը համարձակորեն իր կծվահոտն է տարածում շրջապատին, իսկ մյուսը՝ սեփական մաքրությունից է նեղվում։

Ու հիմա զարմանում եմ։

Ձեր վրա։ Ձեր վրա, մարդիկ, որ ամենօրյա տաղտկալի գոյություններդ եք աշխատում պահել։ Որ ամեն անգամ պառկելիս հագուստներդ այդպես հոգատար ծալծլում (չլինի՞, թե ծալը կոտրվի) ու նոր եք կախում։ Ձեր վրա, որ չլինի՞` ճաշն անհամ է ստացվել։

Որ ամենօրյա ձեր արեւածաղիկն եք չրթում ու կողքի թքում, հավաքներում իրար կոկորդ եք կրծում, տրանսպորտի հետեւից եք հեւասպառ վազում։ Եւ ինչպե՞ս ու ինչո՞ւ չեք հոգնում։ Ես ձեր վրա եմ զարմանում, որ ճեփ-ճերմակ վերնաշապիկի օձիքը գրկող փողկապի հանգույցն անընդհատ կենտրոն բերելով` դատարկ-ինքնամեծար ու քմծիծաղ-ամբիոնին եք մոտենում` ձեր, սրտացավ, ու... ծակ, հերթական խոստումները կարդալու։ Ձեր վրա, երբ վերցնելուց ու հաղթելուց, այդքան կսկիծ ու արյուն տեսնելուց հետո, դեռ փորձում եք տալ-չտալու մասին մտորել։ Ձեր վրա, որ այդքա՜ն՝ զոհերի, լլկանքի, կորստի, վշտի ու ցավի գնով Հաղթանակը տարել, սակայն հեղհեղուկ ու փոփոխական, հեղափոխություններ ու հեղաշրջումներ փափագող ու հաստատուն ոչինչ չընդունող... մեր կերպարով, Հաղթանակը մեջտեղ դրել, ու երկատվածի ջղագարությամբ՝ փնովում ու կասկածում ենք անասելի զրկանքներով ձեռք բերված... մեր Հաղթանակը։ Ձեր վրա, երբ ինտրիգաններին՝ մտավորական... ենք փորձում կարծել, իսկ «մտավորականներն` իրենք» շանտաժների ու ինտրիգների մի նոր սարդոստայնով են ծածկվել։ Ու՝ «Հինգ դար առաջ ու հինգ դար հետո»։ Ու... Հինգ դար առաջ ու հինգ դար հետո... Ունեցած Ուժի ու Միասնականության մասին պարբերաբար հեծկլտալու ու պարբերաբար՝ «կորսված հողերի» լացն ու կականն... ենք դնելու լալահառաչ մեր կլկլոցներում։ Կորսված... մեր հիշողությամբ ու կրկնվող... մեր պատմությամբ՝ հինգ դար առաջ ու հինգ դար հետո։ Ու՝ «Սուրբն արդարին ա բռնում, որպեսզի մեղավորներս խելքի գանք»։ Ու սրբերը մեղավորներիս միջով ու մեր մանկամտության միջոցով ինքնամաքրվել են կամենում։ Ու՝ ամո՜թ է, բայց... բոլորիս՝ ցեխոտված են ուզում տեսնել այլեւս իրենց նման։ Այլեւս ցեխոտված են ուզում տեսնել... անմեղներիս։ Ու նո՜ր սրբեր են... մեջներս կանգնելու նորից, եւ կորսված հիշողությամբ-անմեղներիս առա՜ջ են մղելու նորից։ Նորանոր պայքարի կոչե՜ր են հղելու։ Սակայն մորս ու հորս շուրթերին էր Հարցը։ Հորս ու մորս շուրթերին էր Հարցը՝ Աստված պահե քո բալեն, ո՞նց էր համը իմ ձագի։ Ո՞նց էր համը իմ ձագի։ Եւ ուրիշի բերանը նորից լեզու դնելուց հետո, ձեր փափուկ ու սիրասուն բալիկներին նորից պահ տվեք տաքուկ անկյուններում։ Ձեր փափուկ ու սիրասուն բալիկներին՝ նորից պահ տված մայրերի փափուկ ու տաք փեշերի տակ, սրբերի մի նոր կերպարանքով, «հանուն մի նոր արդարության ու մի նոր արդարամտության»՝ հիմա էլ նորից «ուրիշ» մի-մայրերի «ուրիշ» մի-զավակներին առաջ մղեք։ «Ուրիշ» մի-մայրերի «ուրիշ» մի-զավակների արյունը լլկեք։ Ու... մեղավորներիս արյունը լլկեք Սրբի ու սրբերի ձեր կերպարանքով։

Ձեզ չկարողացա հասկանալ, մարդիկ, որ մեկմեկու հանդեպ ու՝ ընդհանրապես, այդքա՜ն անարդարություններն ու ցավերն անտրտունջ եւ անձայն, պարտավորության նման շալակներդ առած, չեղած ու չլինող սփոփանքից՝ վեր-վեր եք թռչում։ Սուտ խոստումներից ու զազիր պատումներից՝ վեր-վեր եք թռչում։ Վեր-վեր եք թռչում։ Ու նետված պատառն է հանգստացնում, ապտակի պես իջնող շառաչուն պատառն է հանգստացնում. մենք՝ լավ ապրենք, ու Ցավ տարածի՝ Ցավին անտարբեր, ու՝ թքած ունեցած։ Ու թքած ունեցած։ Ու թքած ունեցած։

Ու հիմա զարմանում եմ, եւ իմ զարմանքը...հորս վրա է։ Հորս, որ լուռ ու արյունլվա պառկել էր խաչը վզին (գուցե նրա զորությա՞նն էր ապավինել, այո՞, որ բռնելու ու ծակելու մի հարմարանք էլ չունի) եւ կողքին...մեկն էլ չկա, իրեն այդ վիճակին հասցնողներից գոնե մեկը՝ այդպես արյունլվա ու անշարժ պառկած։

Իմ զարմանքը... մորս վրա է, որ սեփական ձեռքերով, որպես հարազատի, չխեղդեց ինձ, այլ թողեց, որ կեղտոտ ու դաժան ձեռքերն ինձ դուրս շպրտեն, եւ դեռ լավ է` այդքան «հեշտ» պրծա, իսկ, եթե թլպատեին ու ենիչերու ծանր եւ դաժան շունչը վրաս փաթաթեի՞ն։

Իմ զարմանքը... իմ վրա է, որ դեռ ի վիճակի եմ զարմանալու, բայց եւ՝ զարմանում եմ անընդհատ։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0