ՌՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌՈՒԶԱՆՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Сообщение arevazag » 26 май 2010, 07:45

Հպարտության ժամը


Текст:
Առաջինը, որ դիմավորեց Մարոյին «Դուշանբե- Աստրախան» ընդհանուր վագոնի նեղլիկ միջանցքում, տղամարդկային անլվա մարմինների սրտխառնուք առաջացնող ծանր հոտն էր:
-Քեզ տեղն է,- շրջվելով նետեց ամուսինն ու իրերի պայուսակը առջևում պահած, նստարանների համարները հերթով կարդալով, շարժվեց դեպի միջանցքի խորքը: Մարոն լուռումունջ հետևեց ամուսնուն, նրան՝ յոթնամյա աղջիկը ՝զոլավոր խաղալիք - վագրը գրկին, իսկ ընտանեկան «շքերթը» եզրափակում էր որդին՝ տասնհինգ –տասնվեց տարեկան բարետես մի պատանի: Գտան իրենց համարները, ամուսինը ծանր պայուսակները տեղավորեց նստարանի տակ ու, հոգոց հանելով, նստեց մի երկու րոպեով: Կինն ու երեխաներն էլ նստեցին դիմացը:
- Ախր ինչու՞ քեզ լսեցի, հիմա ո՞նց եք գնալու այս գարշահոտի մեջ: Երեխաները մեղք չե՞ն...
- Ի՞նչ իմանայի, որ այս վիճակն է լինելու,- ժպտալով արդարացավ Մարոն: - Համ էլ, մահացու չի, պատերազմի տարիներին մարդիկ բեռնատար վագոններով են ուղևորվել, ռմբակոծությունների տակ: Իսկ մենք ի՞նչ է, զուտ մի քիչ «բուրավետ» շրջապատում մի գիշեր չե՞նք դիմանալու...
- Միևնույնն է, անուղղելի ես,- եզրափակեց տղամարդը, վեր կացավ, համբուրեց կնոջն ու երեխաներին և, «տեղ հասնելուն պես՝ կզանգեք» ասելով, դուրս եկավ վագոնից:
Մարոն միջահասակ, հաճելի դիմագծերով միջին տարիքի կին էր: Խնամքով հարդարած մազերի մեջ ուշադիր աչքը կնկատեր մի քանի սպիտակաթել, աչքատակերին սկսել էին ուրվագծվել հազիվ նկատելի կնճիռների սարդոստայնները: Նրա շարժումներում, ձայնի մեջ մի դշխոյական հանգստություն, սառնասրտություն կար, որ ստիպում էր օտարներին , երբեմն ծանոթներին էլ, հետը զրուցելիս պատկառելի հեռավորություն պահել: Ավելի շուտ, նա իր շուրջը գծում էր մի աներևույթ պատ, ու այդ պատը որևէ մեկը չէր համարձակվում անցնել, մինչև ինքը «ներս» չհրավիրեր:
-Կարինե'ս, անցիր, նստիր լուսամուտի կողքին, որ հիմա իրերը հանելուց իրար չխանգարենք:
Աղջնակը հնազազանդվեց մորը: Մարոն պայուսակից ջրի շիշն ու բաժակները հանեց, դրեց սեղանիկին, անձեռոցիկների տուփն էլ՝ դրանց կողքին, ու դեռ պայուսակն էր փորփրում, երբ գնացքը շարժվեց: Լուսամուտից ձեռքով արեց կառամատույցում կանգնած ամուսնուն:
Նա մի երկու շաբաթից պիտի տուն վերադառնար: Գործերը պիտի հանձներ ու վերադառնար, որովհետև Մարոն այդպես էր որոշել: Այն մի քանի օրը, որ ապրեցին իր հետ՝ ծառայողական բնակարանում, ու տեսան, ինչպիսի՞ գին է վճարվում իրենց համեմատաբար անփույթ կյանքի համար, երբ այլևս պետք չէր դրամապանակի յուրաքանչյուր կոպեկը հաշվել՝ ծախսելուց առաջ, երբ Մարոն տեսավ, որ դրա վճարը ամուսնու անքուն գիշերներն են, անկողնու մեջ շուռումուռ գալն ու խուլ տնքոցները, որոշեց. իրենց պետք չի նման թանկ «անփութությունը»: Ամուսինն էլ շատ չհակաճառեց: Մի տարվա ընթացքում, որ աշխատում էր ղազախական այդ կանաչազուրկ, կավոտ քաղաքում, գրեթե լիովին ուժասպառ էր եղել: Հոգեբանորեն: Ենթակաները տեղացիներ էին առանց բացառության, իրենց մասնագիտական պարտականություններին գլխովին անտեղյակ, իսկ պատվիրատուներին դա չի հետաքրքրում: Փողը տվել են, ժամկետները նշված են, հասցրու ո՞նց ուզում ես: Ջհանդամը թե աշխղեկդ եռանիշ թվերը իրար գումարել չի կարողանում, ու նրան ուրիշ մեկով չես կարող փոխարինել: Այդ «մեկը» չկա': Ու այդ պատճառով աշխատել էր բոլորի տեղակ ու բոլորի փոխարեն: Մինչև այն օրը, երբ Մարոն որոշեց հյուր գնալ ամուսնուն:
Գալիս է մի պահ, երբ կինը ահռելի, նույնիսկ մայրկան պատասխանատվություն է զգում ամուսնու հանդեպ: Անկախ նրանից՝ պահպանվե՞լ են նախնական սիրահարվածության նշույլները, թե՝ ոչ, ու երիտասարդության դրոշը՝ «սեքս-սեքս մինչև վերջ» դեռ ծածանվում է, թե՞ պարտված պետության անպետք խորհրդանիշի նման մի նկուղ է նետված: Երբեմն, տոն օրերին հանում են, փոշուց թափ տալիս, որ մի անգամ էլ գլխիկոր անցկացնեն գերագույն-գլխավոր հարամանատարության առջևից ու ելի ետ՝ նկուղը նետեն:
Կնոջ «մայրական» սերը այդ դրոշներով պայմանավորված չի: Չէ՞ որ մայրն էլ չի դադարում սիրել երեխային սոսկ այն պատճառով, որ, աստված չանի, նա վատ քայլ է արել, ծխում է, հարբեցող է, հիվանդ, կամ հայհոյել է իրեն:Ասենք, մայրը հոգու խորքում անընդհատ է սիրում զավակին՝ կբարձրաձայնի՞ այդ մասին, թե՝ ոչ:
Ու գալիս է ժամը, երբ կինը հասկանում է, որ ամուսնուն էլ սիրում է երեխաների նման և ներողամիտ է իր հանդեպ, պատասխանատու՝ կյանքի համար:
Ամուսնու հետ անցկացրած մի շաբաթը Մարոյին համոզել էին, որ ստորություն կլինի, եթե չարգելի ամուսնուն աշխատել տնից այդքան հեռու՝ կավի ու նավթի քամոտ քաղաքում:
Նավթը... դիվական հմայք ունի, ամենաթանկարժեք օծանելիքներից առավել սքանչելի բույր: Իրենց բախտավոր ամերիկաները թողած, ամերիկացիներն էլ եկել են, անապատի մեջտեղում, ամեն տեսակ քաղաքակրթությունից, օսկարներից ու հոլիվուդներից հեռու, բայց ամենակարևորը՝ նավթին մոտ իրենց փակ ավանն են սարքել: « Իսկ մեզ պետք չի» ,- հաստատ եզրակացրել էր Մարոն ու ամուսնուն էլ համոզել: Հիմա էլ ընդհանուր վագոնում են վերադառնում, որովհետև խնայել է հարկավոր. Դեռ պարզ չի՝ նոր աշխատանք կճարի՞ ամուսինը, կամ էլ ե՞րբ կճարի:

Բեղավոր ուղեկցորդը, սպիտակեղենի փաթեթները թևի տակ, մոտեցավ Մարոյին ու արտահայտված կովկասյան առոգանությամբ հարցրեց.
- Քանի՞ հոգով էիք, ա՜, երե՞ք, դե վերցրեք, եթե մի բան պետք լինի, ինձ իմաց կանեք:
Մարոն սկսեց փռել սպիտակեղենը, որդուն ասաց , որ վերի դարակից բարձերն ու ներքնակներն իջեցնի: Երբ երեքի տեղերն էլ պատրաստ էին, նստեց ու նոր սկսեց շուրջբոլորն ուսումնասիրել:
Վագոնը լեփ-լեցուն էր տաջիկ երիտասարդնեով, թեև միջանցքին զուգահեռ նստարանին ալեխառն մազերով հասուն տարիքի տղամարդ էր նստած: Մի պահ Մարոն նկատեց, թե ինչպես վագոնի այս ու այն կողմից իրեն են կառչել բազմաթիվ զննող հայացքներ, ակամայից շիկնեց: Քաշեց ծածկոցը, փռեց կաթնագույն ծնկներին: Հագինը անթև շրջազգեստ էր, շատ հարմար վագոնի տոթին դիմանալու, բայց փեշերը դավաճանում էին՝ ծնկները բացելով: Իսկ վեց- յոթ զույգ քննախույզ հայացք, որ կարգին հոգնել էին ճանապարհին իրար նայելու անելանելիությունից, հիմա աշխուժորեն ու անպատկառ ուղղված էին Մարոյին ու նրա ծնկներին: «Աստվա'ծ իմ...» նեղվում էր կինը, որովհետև կռահում էր, թե մտքներում այդ ջրակալած աչքերով տղամարդիկ ինչպես են մերկացնում իրեն: Իսկ ինքը պահվելու տեղ չուներ: Շրջվեց դեպի աղջիկը, ջուր լցրեց շշից, խմեցին ու կամաց զրուցում էին:
Գնացքի անիվների ռիթմիկ չխկչխկոցը, լուսամուտից այն կողմ թանձրացող մութը անհաղթահարելի նիրհ էին լցրել ուղևորների վրա, երբ սրան- նրան բոթելով, միջանցքում հայտնվեց մի մոլլա: Նա արագ- արագ ետ ու առաջ էր քայլում, կարծես ինչ որ բան որոնելիս լիներ: Իրենց լեզվով դիմեց տաջիկներին, որից Մարոն ոչ մի բան չհասկացավ: Տաջիկներն էլ չհասկացան երևի, որովհետև ոչ ոք չարձագանքեց: Մոլլան գնաց միջանցքի ծայրն ու վերադարձավ ուղեկցորդի հետ: Ուղեկցորդը մոտեցավ, դիմեց ալեխառն մազերով տղամարդուն, նա տեղից ելավ ու նստեց Մարոյի դիմացի նստարանի ծայրին, որտեղ աղջիկը պիտի պառկեր: Իսկ մոլլան շորերի չգիտես որ ծալքից մի կանաչ կարպետ հանեց, փռեց նստարանին, գլուխն ու ծնկները վրան դնելով, սկսեց երեկոյան նամազը:
-Տեսնես հիմա Աստրախանում էլ այսպիսի շո՞գ է,- տանելի ռուսերենով Մարոյին դիմեց տղամարդը:
- Չգիտեմ, մի տաս օր առաջ, երբ մենք այդտեղով անցնում էինք ,անձրև էր գալիս ու մարդիկ բաճկոններով էին շրջում:
- Գոնե հարմար եղանակ լինե՜ր,- թաքուն հույսով արտաբերեց ու շարունակեց,- անունս Աբայ է, լավ չի լինի, եթե անձրևները հաճախակի լինեն:
- Ինչու՞,- հետաքրքրվեց Մարոն,- աշխատելու՞ եք գնում երևի:
- Բա էլ ու՞ր պիտի գնանք, աշխատելու', սրանք բոլորն էլ համագյուղացիներս են: Դե ջահելների մի մասը Պիտեր պիտի հասնեն, իսկ մենք ,տասը հոգով, Աստրախանում, սոխի դաշտերում ենք աշխատելու: Ես դրանից ել եմ գոհ: Սեզոնին ամսական վեց- յոթ հազար փող ենք ստանում, էդպես է դուրս գալիս: Եթե չխաբեն ու տան: Աշնանը, սոխի բերքը հանձնելուց հետո, փողերն ստանում ենք, գնում մեր տները, մինչև հաջորդ գարուն...
-Ու դա հերիքու՞մ է, որ ընտանիքով յոլա գնաք:
-Դե տնեցիներս էլ պարապ չեն նստում,խաղողի այգի ունենք, մի քանի ոչխար: Չնայած այս ձմեռը շատ ցուրտ դուրս եկավ, վառելիքի ձեռքից խեղճացանք, գարունն ուշ բացվեց: Խաղողի վազերն ամբողջությամբ ցրտահարվեցին...
-Դժվար է...պատկերացնում եմ,- անկեղծ տխրությամբ արձագանքեց Մարոն:- Իսկ հացի խնդիրն ինչպե՞ս էիք լուծում:
-Օ՜, էդ ամենադժվարն է, ալյուրը քիչ էր, սառնամանիք էր, ճամփեքն էին փակ: Մի պարկ ալյուրը մոտ երկու հարյուր դոլար արժեր...
Մոլլան ավարտեց նամազը, չգիտես որտեղից ցելոֆոնե մի տոպրակ բերեց, միջից հանեց «բիգ լանչն» ու գնաց վագոնի սկզբի ինքնաեռից եռման ջուր լցնելու: Վայրկենապես տաք կերակուրի ախորժաբեր բուրմունքը ծավալվեց վագոնով մեկ: Մարոն նկատեց, թե ինչպես տասնյակ քաղցած հայացքներ դժկամությամբ «փախան» մոլլայից ու իր ճաշի ամանից:
Մոլլան, առանց որևէ մեկին ուշադրություն դարձնելու, մի քանի րոպեում չփչփացնելով խփշտեց կերակուրը, հետո գնաց, մի բաժակ էլ թեյ բերեց ու, պարկից հանած թխվածքաբլիթներով, պարպեց կարասանման փորը:
Մարոն դարձավ երեխաներին.
-Ուտել ուզու՞մ եք:
Երեխաները հրաժարվեցին, երեք ժամ չկար, ինչ ընթրել էին ու դուրս եկել:
Ճաշկերույթի ավարտին մոլլան մի բանան հանեց, կճպեց , պարբերաբար կրծելով, հավաքեց ճաշի պարագանաներն ու մնացորդները տոպրակի մեջ, Մարոյի զրուցակցին ասաց, որ կարող է վերադառնալ տեղն ու... չքացավ այնտեղ, որտեղից եկել էր:
Աբայը մի քիչ էլ պատմեց՝ Ռուսաստանի ո՞ր քաղաքներում է աշխատելիս եղել, ասաց՝ պսակելու աղջիկ ունի,նրա օժիտի համար լավ կլիներ, որ այս տարի մի քանի կոպեկ ավելի խնայեր... Հետո ծանրությամբ վեր կացավ, նստեց իր տեղը:
Կարինեն թնկթնկաց, թե՝ քունը տանում է, տղան էլ վաղուց տեղավորվել էր վերևում, Մարոն կես ժամի չափ լուսամուտի կողքով սուրացող լույսերը համրելուց հետո, որոշեց ինքն էլ պառկել:

Բարձրաձայն խոսակցությունից Մարոն բացեց աչքերն ու հայացքը գցեց լուսամուտին. «Այդպես էլ կա, լույսը բացվում է» : Վագոնում անսովոր իրարանցում էր. Միջահասակ, սպորտային հագուստով մեկը բոթում էր քնածներին ու պահանջում, որ իրեն տան անձնագրերը: «Հասկանալի է, մոտենում ենք սահմանին»,- ոչ առանց թեթևության մտածեց Մարոն: «Սահմանի վրա մի երկու ժամ, դրանից հետո՝ երեք ժամ էլ ու ...Աստրախանում կլինենք: Ճանապարհի մեծ մասն անցել ենք...»
Անսպասելիորեն տեսավ, որ երեկվա զրուցակիցն այդպես էլ նստած էր անցկացրել գիշերը, գլուխը միջնորմի երկաթներին հենած՝ նիրհում էր: «Այ քեզ բան,- զարմացավ կինը,- այս խեղճ մարդն ինչու՞ չի պառկել, չէ՞ որ տեղն իրենն է, ինքն էլ բոլորի նման տոմսի համար վճարել է, ինչու՞ է իրեն տանջել...»: Հետո, զննելով ննջող տղամարդուն, Մարոն նկատեց, որ նրա ոտքերին ձմեռային երկարաճիտ կոշիկներ էին: Մայիսի կեսին ձմեռային կոշիկներ: « Երևի գուլպա չկա ոտքերին, այդ պատճառով էլ ամաչել է հանել կոշիկներն ու պառկել»,- եզրակացրեց Մարոն ու ավելի խղճաց կիսաքուն Աբային:
Պարզվեց՝ անձնագրերը հավաքողը «խմբի» բրիգադիրն է: Փաստաթղթերի հետ կապված հարցերը լուծելուց հետո նույն աղմուկով, ինչպես որ հավաքել էր, բաժանեց անձնագրերն ու հայտնեց, թե արդեն սահմանին են ու հիմա սահմանապահներն ու մաքսավորները խուզարկելու են վագոնը:
Երեխաներն արթնացել էին, աղջիկը, աչքերը բացելուն պես, նստեց տեղում ու ջուր խնդրեց: Մայրը ջուր տվեց աղջկան, որդին էլ վերից պարզեց ձեռքն ու վերցրեց իր բաժակը: Մարոն երեխաներին ասաց.
-Երբ ստուգումները վերջանան, կնախաճաշենք:
Վագոնն սկսեցին չափչփել կապույտ ու դարչնագույն համազգեստավոր տղամարդիկ, մի քանիսի կողքից ատրճանակ էր կախված: Փոքր , շագանակագույն շուն էլ, երկարուկ դունչը բարձր բռնած, վազվզում էր վագոնի միջանցքում , հոտոտում ամեն ծակուծուկը:
Կապույտ համազգեստավորներից մեկը Մարոյից պահանջեց փաստաթղթերը , թերթեց ու, նկարները ուղևորների դեմքերին համեմատելով , ետ վերադարձրեց: «Հաջողություն եմ մաղթում» ժպտաց , անցավ հաջորդին:
Դարչնագույն հագածներն իրերն էին ստուգում, ուղևորներին ստիպում էին բացել ճամփորդական պայուսակներն ու մանրակրկիտ զննում դրանք: Մարոն էլ բացեց իրենցը, հսկիչը մոտեցավ , երկու ձեռքով սկսեց հանել խնամքով դասավորած հագուստներն ու սպիտակեղենը:
-Երևի կներես ինձ, որ քրքրում եմ շորերդ,- ժպտալով ասաց սահմանապահը Կարինեին,-գործիս անունը սա է . Պիտի թույլ չտամ, որ այս գնացքով ամեն տեսակ թույն, թմրանյութ բերեն Ռուսաստան:
Փոքրիկը շփոթված նայեց մորն ու ոչինչ չպատասխանեց:
Մարոյենց պայուսակը զննելուց հետո՝ սահմանապահը դարձավ Աբային, կարգադրեց բացել հնամաշ ճամպրուկը: Գույնզգույն լաթեր կային, Մարոն չհասկացավ դրանց իմաստը: Հագուստի նման չէին: Հսկիչն սկսեց ձեռքով այս ու այն կողմ տալ լաթերը, երբ հանկարծ ճամպրուկից մի ափաչափ, կլորիկ բաղարջ ընավ ու գլորվեց Մարոյի ոտքերի մոտ: Մարոն արագ խլեց այն կեղտոտ հատակից, պարզեց Աբային, միայն նկատեց հացի վրայի բորբոսի կանաչ լաքաները: Տղամարդը շնորհակալությամբ վերցրեց բոքոնը, խնամքով փաթաթեց լաթերից մեկի մեջ ու նորից դրեց ճամպրուկը:
Հսկիչներն արդեն անցել էին իրենց նստարանների մոտից: Փղձուկը խեղդում էր Մարոյի կոկորդը: Աբայի երեկվա պատմածները, գիշերվա նստած քնելն ու ուտելու համար արդեն ոչ պիտանի, բայց մասունքի նման պահվող հացը, կարծես աղաղակելով, մեղադրում էին իրեն: Մարոն ինքն էր իրեն մեղադրում: Մեկ էլ այսպիսի զգացողություն եղել էր շատ վաղուց, երբ հայրենի գյուղ էր գնացել անչափ գեղեցիկ ու թանկարժեք շրջազգեստով: Մի անգամ փողոց դուրս եկավ , զգաց իրեն ուղղված, արևների տակ թրծվող նախկին հարևանուհիների խեղճացած հայացքներն ու ինքն իրեն ատեց՝ արարքի համար: Հիմա էլ էր մեղադրում իրեն՝ իր կուշտ կյանքի ու այս անծանոթ մարդու բորբոսնած բաղարջի պատճառով:
-Մայրիկ, ուտել եմ ուզում,- աղջիկն էր, - թեյ էլ պիտի խմեմ, երեկվանից հաց չեմ կերել:
- Անուշս, թող գնացքը շարժվի, որ կարողանանք լվացվել:
-Ինչու՞, հիմա եմ ուզում, արի հենց հիմա էլ գնանք լվացվելու:
-Հիմա չենք կարող, որովհետև երբ գնացքը կանգնած է, զուգարանների ու լվացարանների դռները փակում են: Կարգն է այդպիսին:
Մարոյի որդին, որ ամբողջ ճանապարհին գրեթե ոչինչ չէր խոսել,նայելով մորն ու քրոջը, կամացուկ հարցրեց.
-Դուք ի՞նչ է, պատրաստվում եք նախաճաշե՞լ...
-Այո, ես երեկվանից թեյ չեմ խմել, թեյ եմ ուզում...,- ոտքերը թափահարելով առույգ պատասխանեց աղջնակը:
-Մի երեք ժամ էլ համբերիր, քեզ ոչինչ չի պատահի,- սաստեց նրան եղբայրը:- Մայրիկ, ասա թող համբերի, ո՞նց պիտի հաց ուտի այսքան մարդու մեջ, երբ նրանցից ոչ մեկը հաց չի կերել:
Մարոն մտովի համաձայն էր որդու ասածներին, բայց առարկեց.
-Քույրդ փոքր է, տղա'ս, իրեն կարելի է:
Գնացքի շչակը հատու սուլոցով կտրեց օդն ու հազարանիվ թրթուրը պոկվեց տեղից:
Մարոն ու աղջիկը լվացվելուց հետո թեյ բերեցին: Նախշուն ամանի մեջ հավի եփած միս էր, տապակած ձկան կտորներ: Մարոն դրեց երկու կտոր աղջկա ափսեն ու, թեյը խառնելով, նորից դարձավ որդուն:
-Տղաս, իջիր վերևից, դու էլ մի կտոր բան կեր...
- Դա անկարելի է,- չոր պատասխանեց որդին:
-Ինչու՞,- Մարոն իրենն էր պնդում,- երեկ այս մարդկանց հոգևոր առաջնորդը՝ մոլլան, ճաշն ուտելիս կողքերը չնայեց: Իսկ դու պիտի քաղցած մնա՞ս...
- Ինձ չի հետաքրքրում, թե մոլլան իրեն ինչպե՞ս պահեց, ես ի'մ սկզբունքներն ունեմ:
Մարոն այլևս չշարունակեց, ինքն էլ վերցրեց մսի մի փոքր, շատ փոքր կտոր, արագ ծամելով կուլ տվեց , մի երկու կում էլ խմեց թեյից, կարծես գողություն անելիս լիներ: Վերցրեց մսի կտորներով լի ամանն ու պարզեց Աբային:
-Վերցրեք,- խնդրեց Մարոն, սակայն տղամարդը հաստատակամ տարուբերեց գլուխն ու շնորհակալություն հայտնելով, հրաժարվեց:
Հավաքեց ուտելիքները, սկսեց աղջկա հետ խաչբառ լրացնել, բայց որդու արարքը խորապես հուզել էր նրան: Մարոն երջանիկ էր: Անցած երկարուձիգ տարիներին, երբ ամենօրյա խստակյաց վարքով սովորեցնում էր երեխաներին ու նրանց հոգին էլ հանում էր իր պահանջներով, հենց ա'յս օրվան էր նրանց պատրաստում: Չարչարանքը իզուր չի անցել: Որդին հաճախ էր ընդվզում՝ ասելով. «Մայրիկ, չեմ հասկանում, ի՞նչ ես ուզում մեզնից քո պահանջկոտ բնավորությամբ»: Յուրաքանչյուր անգամ պատասխանն անփոփոխ էր. «Մարդու կերպարանքով աշխարհ գալը դեռ ոչինչ չի նշանակում: Ուզում եմ , որ ՄԱՐԴ դառնաք, իսկ դրան հասնելու ճամփան դժվար է...Այդ պատճառով ամեն րոպե ո'չ ինձ, ո'չ էլ ձեզ չեմ խնայելու...»:
Հիմա Մարոյի սիրտը անհուն բերկրությամբ ու հպարտությամբ էր լցվում, նա ակամայից սկսեց ժպտալ, աղջկա հետ ծիծաղում էր մանկական ամսագրի պարզունակ նկարների վրա, բայց այդ խինդը իրականում հաղթանակի հրճվանքն էր. Որդու արարքը:
Աստրախանում նորից անձրև էր: Կես օրվա ծանոթները հրժեշտ տվին միմյանց, Մարոն ի սրտե ցանկացավ , որ այս տարի Աբային չխաբեն, որ նա կարենա մի քիչ ավելի խնայել աղջկա օժիտի համար, որ ձմեռը հաց ունենա...Բայց այդ ամենն արդեն կարևոր չէին: Մարոն երջանիկ էր իր հաղթանակով, երջանիկ էր, որ տասնհինգ տարեկան որդին անթույլատրելի համարեց օտար քաղցածների առաջ հաց ուտելը... Ուրիշ էլ ի՞նչ կարող է երազել մայրը, քան այն, երբ տեսնում է, որ Մարդ դաստիարակելու համար ջանքերն իզուր չեն անցել:
Կառամատույցում ցուրտ քամի էր, անձրև, բայց նույնիսկ եղանակը չէր կարող դույզն ինչ փչացնել Մարոյի տրամադրությունը, որը կյանքումը չճաշակած, մի նոր տեսակի հպարտության ու երջանկության խառնուրդն էր:
Аватара пользователя
arevazag (Автор темы)
Почетный гость
Почетный гость


Вернуться в Պատմվածքներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0