СТАНЬ VIP

Ռուզաննա Պետրոսյան

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ռուզաննա Պետրոսյան

Сообщение arevazag » 26 май 2010, 07:32

Ինքնակիզումի անլույս գիշերում նստած ես մենակ:
Ծիածանագույն հույսերդ՝ հիվանդ թռչունների պես,
Երկնի լազուրում աղեղներ գծած՝ ետ վերադարձան
Անտերուչ թողած հոգուդ վանդակը՝ գլխիկոր ու հեզ:

Փողոցով անցնող անծանոթ զույգը, կամ հեռախոսի
Ձայնը հեռավոր, սրտիդ վրայով հուշ են գլորում.
Թեկուզ փակվել եմ խխունջի նման, քեզնից մեկուսի,
Գիտե'մ, անգի'նս, որ ամեն պահի... ինձ ես որոնում:
Аватара пользователя
arevazag (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Ռուզաննա Պետրոսյան

Сообщение arevazag » 01 июн 2010, 21:17

Մի մեղմիկ երեկո, երբ լույսերը նիրհեն,
Ստվերները ծույլիկ պահմտոցի խաղան,
Անփութորեն հանկարծ ինձ էլ չնկատեն,
Լուսնի գծած հետքով՝ կացարանդ կգամ:

Կարոտներիս անհուն օվկիանները թաղած՝
Առօրյայի ճահճի անմատչելի խորքում,
Կգամ՝ անգո, թեթևաքայլ, երազիցդ հառնած
Մանկան, կամ սեթևեթ կնոջ կերպարանքով:

Երբ մութի մեջ՝ անխոս նստած իրար դիմաց,
Ափդ քնքուշ, լուսնի լույսից դեմքիս քսի,
Ամեն շղարշ ու քող նետած իմ աչքերից՝
Քո հայացքին... տառապանքս պիտի հոսի:

2010
Аватара пользователя
arevazag (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Ռուզաննա Պետրոսյան

Сообщение arevazag » 28 июн 2010, 21:10

Չարենցական

....Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Եվ ինձ տալով միայն-մահու՜ կսկիծ:-
Ե.Չարենց«Նավզիկե»


Կարոտներում իմ նուրբ ու հույսերում բոսոր,
Ամեն երեր քայլում, թպրտոցում սրտի,
Թրթռացող շուրթիս, անգամ գլխացավում՝
Իմ ուզածը դու ես, որպես անհաս ոգի:

Գահավիժած անդունդները հսկա,
Քո դեմ բացված՝ որպես անմեղ ընծա,
Իմ ծերացող մարմնին հայացք նետած՝
Անտարբեր ես , ինչպես քարե արձան:

Ծովի փրփուր ալիք՝ քո ոտքերի ներքո,
Փշուր-փշուր եղած՝ առանց դարձի հույսի,
Կկորչեմ քո անհաղորդ հոգու անապատում՝
Անվերադարձ մարած հետքը սիրո լույսի:

Վեհությունից քո սեգ ու քո ներսից բխող
Բարությունը անհատ, որ ցրվում ես շռայլ,
Ծանոթներիդ անթիվ, մանուկներին բոլոր,
Օտարներին անգամ բաշխում ես դու բուռ-բուռ՝

Ինչու՞ իմ դեմ դու ժլատ ես այդքան,
Որ փակվում ես իսկույն քո անթափանց խեցում,
Ու բառերդ հատ-հատ՝ հազիվ շուրթից պոկված,
Այն էլ շուրթից պոկված ու ո'չ սրտից:

Տարիների հեռվից և օրերում դատարկ,
Քո անունը միայն կյանքիս իմաստ դարձրած,
Անպատասխան սիրո դառնություն եմ խմում,
Վայելքների՝ չապրած, անցած ջահելության:

Երբ թվացել է,թե պիտի բուժվեմ հանկարծ,
Ու պիտ ճախրեմ , ինչպես անպարագիծ հոգի՝
Արքայաբար, արծվի նման թևատարած,
Քեզնից հեռու՝ ազատությամբ մի վայրենի-

Յուրաքանչյուր անգամ, առանց մի մեծ ջանքի,
Գայթակղության անսուտ թույնով գերել ես ինձ՝
Խոստանալով սիրո անհատնելի հմայք,
Պարգևելով միայն մահվան կսկիծ...
Аватара пользователя
arevazag (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Ռուզաննա Պետրոսյան

Сообщение arevazag » 28 июл 2010, 21:06

Մեր ամառն անցավ: Ու լույսի հետքին
Ամսաթվեր են շրջանի մեջ լուռ:
Իսկ ես ունկնդիր օրերի հևքին
Փորձում եմ վանել տագնապ ու սարսուռ:

Բաժանումները թունոտ են, տխուր,
Բայց իմ մեջ թաքուն հույս է ճառագում
Ամռան արևի մի փոքրիկ կտոր,
Որ քո հայացքի կնիքն է կրում:

1990
Аватара пользователя
arevazag (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Ռուզաննա Պետրոսյան

Сообщение arevazag » 06 окт 2010, 11:30

Հին արգելքներիս անվերջ շարանին փութաջանորեն ամեն օր մի նոր
Ինքնաձաղկումի, անձնասպանության ու մոռացության հատիկ եմ դնում:

Բայց ըմբոստ սիրտս մեղքի խնձորի բաժինն է ուզում իրեն հասնելիք,
Ձայնս չի խզվի, ձեռքս չի դողա գայթակղության ա'յս անդունդի կողքին:

Հոժար լռությամբ հեզորեն տրված փաղաքշանքներիդ մեղմիկ շիթերին,
Դեռ չեմ հասկանում՝ իմ արգելոցում դիպուկ խփված ո՞րս, թե՞ որսորդ էի:

Թակարդս ընկած քնքուշ գազանիկ, գլուխդ կրծքիս դու հանգիստ ննջիր,
Օձն ինձ հուշել է՝ քեզ հետ պիտ փորձեմ ազատ ճախրանքի հաճույքը վերջին:
Аватара пользователя
arevazag (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Ռուզաննա Պետրոսյան

Сообщение arevazag » 13 окт 2010, 12:01

Մի խաղաղ պահի բաժակս գինու
Օտար սեղանին լքված կթախծի,
Ստվերի նման անգո, անաղմուկ,
Կբռնեմ ճամփան իմ վերադարձի:

Ինչ որ եղել է, արդեն չի հուզում.
Նամակներս ողջ կրակին տվի,
Քանց խոր աշնանը խաշամն են այրում:
Նորերն էլ արդեն հաստատ չե'մ գրի:

Ցանկություններիս վաղանց սերուցքում
Երբեմն թաքուն որոնում եմ, թե
Ունայնության ցուրտ հայացքի ներքո
Արևի տակ դեռ ի՞նչ երազ ունեմ-

Վոլգայի ափին, բլրակի վրա
Տնիցս հեռու մի համեստ շիրիմ,
Որ չարաճճի քամին սվսվան
Գլխիս ավետյաց սաղմոսներ երգի:

Ու երբ հող դառնամ, գետը սրբազան
Իմաստուն հևքով լուրթ երակների,
Ինձնից գեթ մի բուռ՝ ալիքում պահած,
Իմ հայրենական ափը հասցնի:

2010
Аватара пользователя
arevazag (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Ռուզաննա Պետրոսյան

Сообщение arevazag » 27 окт 2010, 19:51

Պոե'տ,
Օգնի'ր հաղթելու անքնությունը,
Հեռացրու գավաթն այս լեցուն,
Քչացրու բաժինն ինձ հասնելիք թույնի:
Ինչպես թանկ գինուն միշտ խառնված է
Դառնության մի փունջ,
Այդպես էլ սիրուս բոլոր ափերում
Լեղու երակ կա:
Օգնի՜ր ինձ՝
Բեռը դեգերումներիս
Ու անթաղ դիակներն երզանքներիս
Կամացուկ թաղել:

Իմ խե'ղճ բարեկամ,
Ո՞ր մեղքիդ համար
Պիտ խելագարիս զառանցանքներին
Ունկնդիր լինես:
Թե՞ միայն նրա
Որ սիրու՞մ եմ քեզ...
Սպասի'ր մի պահ.
Լռում եմ հանգած խարույկի նման:
Ես դեռ կարող եմ
Քո վիշտը կիսել,
Պատմի'ր ինձ , հոգի'ս,
Վառ թռիչքներիդ ու անկումներիդ
Ոդիսականը:
Ես ընդունակ եմ
Տխրություններիդ բեռը մեջքիս կրելու,
Ես դեռ տեղ ունեմ,
Որ ցավդ տանեմ:

2000
Аватара пользователя
arevazag (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Ռուզաննա Պետրոսյան

Сообщение arevazag » 08 янв 2011, 00:37

Կգամ հանկարծ: Մի բուռ տաքուկ կարոտով
Հայացքիդ մեջ հույսի խարույկ կվառեմ,
Սրտիդ խորունկ անդունդներում անվրդով
Ոսկի ժպիտ, առատվան շաղ կփռեմ:

Մենակ թե դու՝ խենթիս առաջ կասկածով
Աչքդ թեքած, հոգուդ դուռը չփակե՜ս,
Ձեռքդ պարզես գորովանքով անխռով,
Թևերի'դ մեջ տխրությունս փարատես:

2010

Vard это нравится.
Аватара пользователя
arevazag (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Ռուզաննա Պետրոսյան

Сообщение arevazag » 26 апр 2011, 20:21

Զրուցի՛ր ինձ հետ
Անթարգմանելի հույզերի փնջով,
Կամ անհուսության
Քո ցուրտ ափերից:
Հեղձուկը՝ հիմա կոկորդս խրված,
Արդեն քանի՜ օր դռնապահ շան պես
Արգելում է, որ տկար ուղեղս
Ուրիշ միտք ծնի սրանից բացի.

Բոլոր սերերն էլ հանգչում են վերջում:

Ցավը, որ այսպես սեղմում է կուրծքս
Երկար չի՜ տևի.
Մի քանի ամի՜ս... կամ գուցե՝ տարի:
Մի ուրիշ ալիք այս տառապանքի հետքը կլվա,
Մի ուրիշ խոսքից
Շառաչուն սիրտս ափերից կելնի
Ու կուլ կտա ինձ՝
Արդեն քանի հետ խեղդված- փրկվածիս:

Անհնար է, որ
Իմ բարկ տրոփի լիցքերը անթիվ
Չհասնեն սրտիդ.
Չէ՞ որ ոչ մի բան
Անհետ չի կորչում:
Ինձ սիրտդ պետք չի՛.
Միայն մի՛ լռիր,
Միայն մի՜ լռիր:

Հպարտությունը մահացու մեղք է.

Տե՛ս, նույնիսկ իմ մեջ
Փշրել եմ բոլոր ապառաժները:
Մեղրամոմ եմ ես՝ հնազանդ ,անկամ,
Ու սպունգի պես պիտի ներծծեմ
Բոլոր խոսքերդ՝ թեկուզ և թունոտ,
Մռայլ, հեգնալից.
Միայն մի՛ լռիր,
Միայն մի՜ լռիր:

Ինչպես որ խոփն է առուներ գցում
Ձնհալից հետո գարնան դաշտի մեջ,
Այդպես էլ հիմա քո լռությունն է
Ակոսներ քաշում իմ սրտի վրա:

Բայց թե հողի մեջ սերմ են գցելու,
Որ արևի տակ ընձյուղ պիտի տա
Ու բերքով լցվի,
Սրտիս ակոսում արդեն ո՛չ մի հունտ,
Ո՛չ մի մանուշակ արդեն չի՜ բացվի:

Գոնե ասա ինձ, թե քո լռության
Գութանի ցավը,
Քո՛ տված ցավը
Ե՞րբ պիտի անցնի...

2001

Vard это нравится.
Аватара пользователя
arevazag (Автор темы)
Почетный гость
Почетный гость

Ռուզաննա Պետրոսյան

Сообщение arevazag » 26 апр 2011, 20:23

Գոնե...

Քո անփույթ, անհոգ, լուսե ծիծաղի
Խենթ ալիքները հոգիս լվացին,
Այնպե՜ս պայծառ էր մի պահ իմ ուղին,
Օրերիս հունձքը՝ այնքա՜ն բերկրալից:

Բախտը որոշեց ինձ երես չտալ,
Ծայրը չկտրել հեգ փնտրտուքի,
Ու սոսկ թոթափեց խոհերը մռայլ
Ելքեր որոնող խարխափուն մտքիս:

Անհնարության սուր շեղբի վրա
Արյունոտեցի ոտքերս բոբիկ,
Քավարան դարձավ բռնածս ճամփան,
Հրաշքդ՝ թակարդ դարձավ խաբուսիկ:

Հույսիս կանթեղը հատել է իսպառ
Հերթական անքուն, դժնի գիշերում.
Օգնեի՜ր գոնե, որ քեզ մոռանամ,
Տեսնում ես՝ մենակ չե՛մ կարողանում:

Vard это нравится.
Аватара пользователя
arevazag (Автор темы)
Почетный гость
Почетный гость



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • Նանոր Պետրոսյան
    1, 2, 3Вложения Harutin » 10 июл 2011, 13:30
    20 Комментарии
    1999 Просмотры
    Последнее сообщение Արեգակ Перейти к последнему сообщению
    22 дек 2012, 20:21

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0

⇑ Наверх
⇓ Вниз