СТАНЬ VIP

ՌՈւԶԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌՈւԶԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 07 апр 2011, 23:51

ՌՈւԶԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Ruzan Zakharyan.jpg
Ruzan Zakharyan.jpg (3.93 кб) Просмотров: 507
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈւԶԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 07 апр 2011, 23:52

ԵՐԿՐԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ ԿԵՐՏՈՂ ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐԸ


Ապրվածն է դառնում հուշ։
Խ. Լ. ԲՈՐԽԵՍ


Ապրվածը դառնում ֆիլմ:
Ստեղծած գործերը կինոլեզվով իրականացրած լուրջ ուսումնասիրություններ.
Խաղարկայինի ու վավերագրականի ժանրային սահմանը խախտող (իսկ գուցե միացնող) ֆիլմեր. «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Քամին ունայնության», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը»...
Աշխարհի բոլոր մայրցամաքներում կազմակերպվող տարբեր փառատոներին մասնակից ու մրցանակների արժանացած (պարզ թվարկումն անգամ էջեր պահանջող ցուցակ է ենթադրում) ֆիլմեր...
Մարդկային գոյի, անցման վիճակի՝ ծննդյան ու մահվան, երկրի «անհարթ իրականության», երկրի մայրաքաղաքի հինավուրց թաղամասի, երկրում ապրողների, նաև նրանից երես թեքածների, նույն ցեղին, նույն ազգին պատկանողների իրար հանդեպ ունեցած անհանդուրժողականության կամ, որ ավելի ճիշտ է, միմյանց սիրել–չսիրելու հարցեր քննող կինոպատումներ.
Հեղինակը Հարություն Խաչատրյանն է։
Նյութը, որը նրան գրավում է, թեման, որը նա քննության առարկա է դարձնում, վերլուծությունների ենթակա մի քանի հանգույցներով է ներկայացվում։ Խորքային շերտեր կրող նրա ֆիլմերը ժամանցի համար նախատեսված հեշտ դիտվող նկարներ չեն։ –Չկա մի կինոնկար, որը դիտելով, չմտածես՝ ես էլ կարող եմ այսպես նկարել, բայց դուք այնպիսի բարդ թեմաներ եք վերհանում, որոնք կինոյի տրված հնարավորություններով դժվար է արտահայտել,– վենետիկյան փառատոնում տրված գնահատական, որը մեկն է բազմաթիվ մրցանակներով ուղեկցվող նրա կինոգործերի գրավոր ու բանավոր խոսքային արժևորումներից։
Այսպես է՝ թեմատիկ ընտրությամբ ու ասելիքի խորությամբ, Հ. Խաչատրյանի կուռ կառուցվածք ունեցող ֆիլմերը, մասնագետների վկայությամբ, կինոարվեստի սահմանները նորոգող և ընդլայնող, մարդուն սեփական դիրքորոշման մղող ուղերձներ են։ Կինոերկեր, որոնք պատմում են.
Նրա մասին, ով լքելով ներկա վայրը՝ ապաստան է փնտրում ուրիշ մի տեղ, և նոր եզերքում տառապանքից չազատվելով, փորձում է վերստին կյանքի կոչել «պատկերի մեջ՝ անսահմանության և հարաբերականի անհնարին, կորուսյալ միության մեջ» «(Իվ Բոնֆուա) ու վերագտնել կորցրածը։ Հայի գաղթական լինելը, հաց վաստակելու համար օտար ափեր մեկնելը։ (Ուրիշ երկրում ապաստանած հայի ու այդ երկրի բնակիչների հետ հարաբերություններ հաստատելու նրա ջանքերն ու մարդկային վարքի դրսևորումը։ Նրա մասին, ով հերթական արհավիրքից, մահվան հետապնդումից ազատվելով, Ավետյաց երկրում է հաստատվում: Եվ բնության դեմ մաքառելով, քարը շուռ տալով հող է մշակում: Ծառ տնկելով, ժառանգ ունենալով է բաժանում սահմանը տեսանելիի։ Թեև իրական հորիզոնների գծագրությամբ, մարդկային կենսագրության վերականգնված էջերը ներկայացնող ռեժիսորը, վաղաժամ ուրախության ծնծղաներ չի հնչեցնում Ֆիլմի վերջում անցյալի ու ապագայի բախվող իրականության միջև ընկած ստվերի մի շեղբ կա, ուրվագծվող մի տագնապ կա, որը արվեստագետի տագնապն է իր հերոսների, իր երկրի, ուրեմն և համայն աշխարհում ապրող մարդկության ապագայի համար։
Վերջին մեկուկես տասնամյակում երկրում կատարված պատմական իրադարձություններին հաջորդած մեր ՆԵՐԿԱՅԻ մասին է նաև արվեստագետի մեկ ուրիշ՝ «Վավերագրողը» կինոնկարը։ Մի քիչ առաջ անցնելով հիշեցնեմ, որ այս ֆիլմը հաղթական երթով է մասնակցել միջազգային բազմաթիվ փառատոներին և արժանացել բարձր գնահատականների՝ Հայաստանի պետական մրցանակի, Կառլովո Վարիի միջազգային կինոփառատոնի հատուկ մրցանակին, «Արսենալ» կինոֆորումի «լավագույն ռեժիսոր» մրցանակին։ Մի գործ է, որն ընդգրկվել է Դուբլինի ռեժիսորական դասընթացների ուսումնական ծրագրում։
«Վավերագրողը» կինոպատում է մեր մասին, մեր վերջին տարիների անհեշտ ընթացքը նկարահանող արվեստագետի մասին։ Ինքն իրեն ոչ այնքան բարենպաստ լույսի տակ ներկայացնող հեղինակը այն համոզմունքն ունի, որ վավերագրողը այնքան էլ դրական կերպար չէ, քանի որ խառնվում է Աստծո գործերի մեջ՝ դռան ճեղքից նայում ու տեսնամ է, թե ինչպես է մարդն իր կյանքն ապրում։ Եվ տեսածը չի վերապատմում, այլ առանց գունափոխումների ճիշտ նույն պատկերով դրոշմում է կինոժապավենի վրա։
Կարևորն այն է, թե ռեժիսորն ինչ դիտանկյունով ու ինչ հայացքով է (զզվանքո՞վ, արհամարհանքո՞վ, թե՞ սիրելով, հասկանալով է) նայում ու ներկայացնում իր տեսածը։ Եվ հույզերի ու ապրումների խտացված արտացոլանքը ոչ միայն պետք է զգացվի, այլև փոխանցվի հանդիսատեսին՝ հեռու և մոտիկ, օտար և հարազատ...
Ֆիլմի նկարահանման աշխատանքներն ավարտելու օրերին արտահայտած Հարությունի այս ցանկությունը վստահաբար իրականացվել է, քանի որ կինոնկարը դիտած օտարազգի մասնագետները ռեժիսորի գործը բացառիկ համարելով, գրավոր խոսքով են հավաստել որ «կինոնկարը անտարբեր չի թողնում դիտողին։ Շատերը ֆիլմի ցուցադրությունից այնքան ցնցված են դուրս գալիս, որ գերադասում են լուռ մնալ»։ Ի հավելումն ասվածի, նշել են նաև, որ «նկարի ներազդեցությունն այնքան մեծ է, որ ավարտելուց հետո անգամ, թվում է, թե դեռ այն շարունակվում է»։
Այս ֆիլմը նկարահանվել է այն բոլոր տարիներին, որոնք Հայաստանի համար կոչվեցին շրջադարձային։ Շրջափակում, երկրաշարժ, պատերազմ, մութ ու ցուրտ, գործազրկություն, արտագաղթ տեսած Հայաստան երկիրը, այդ երկրի բանտը, հոգեբուժարանը, մանկատունը... Անկման տարիների անողոք պատկերը՝ սև ու սպիտակ ժապավենի վրա.
Ռեժիսորի վերջին գործը՝ «Պոետի վերադարձը», նրա մասին է, ով ժողովրդական իմաստնությունը կրող պոետ է, փիլիսոփա, գուսան։ Իր հայրենակցին՝ Ջիվանուն նվիրված ֆիլմը բնավ կենսագրական էջեր թերթատող գործ չէ, այլ միֆական հյուսվածք՝ ժամանակի սպառնալիքի, մնայունի ու անցողիկի մասին։ Չափազանց հին ու չափազանց նոր հարցադրումներով, որոնց պատասխանը նա փորձում է գտնել ճանապարհորդելով... Զիվանու հետ։
Ռեժիսորը, ասես առանց միջամտության, պարզապես հետևում է, թե ինչպես է Երևանում կերտած Զիվանու արձանը, մայրաքաղաքից Զավախք ընկած ճանապարհը հատելով, տարվում նրա ծննդավայրը։ Եվ այս ճանապարհը սոսկ տարածություն չէ։ Այն չափորոշման ուրիշ միավորով է որոշարկում, թե տասնամյակների սրբած ժամանակի մեջ որքանով է պահպանվել ու արդիական ինչ հնչողաթյուն ունեն գուսանի երգերը։ Չէ՞ որ Ջիվանին ստեղծագործել է այնպիսի մի շրջանում, երբ հայոց մշակութային սանդղակը շատ բարձր էր ու վերին տեղերը գրավողներն էին Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը, Կոմիտասը... Ջիվանին էլ իր տեղն ուներ, և այդ տեղը կայուն է մնացել։ Ֆիլմը փաստում է, որ ժողովուրդն իր սրտի հոսքում պահել է նրա պարզ, բայց սրտաբուխ մեղեդային երգերը։ Զիվանու երգերը համահոս են կյանքին։ Այդ իսկ պատճառով դրանք լսելու և հևչեցնելու պահանջը միշտ ունեցել և հիմա էլ ունի ժողովուրդը։ Եվ հենց նրա ստեղծագործական ներկապնակը օգտագործելով, ֆիլմի ռեժիսորը զուգահեռաբար մեկ այլ թեմա է վերհանում և դիտարկում ճանապարհը, որով տարվում է Ջիվանու արձանը, անցնում է հայոց քաղաքների, գյուղերի ու ավանների միջով... և տեղ չի հասնում։ Եվ սա միջոց դարձնելով, ռեժիսորը ֆիլմի հենքին ներհյուսում ու պատմում է այդ վայրերում ապրող մարդկանց հոգսաշատ կյանքի մասին։ Այսինքն, արվեստագետը անցյալի ու ներկայի զուգահեռով ոչ միայն մտորում է մնայուն ու անցողիկ արժեքների մասին, այլև կերտում Հայոց երկրի «դիմապատկերը», հայության հավաքական կերպարը։
Ինչպես նախորդ, այնպես էլ այս ֆիլմում ռեժիսորը բառային ձևակերպումների ենթակա մտքեր շատ քիչ է օգտագործել։ Մի բան, որ կարող է խոսքի հանդեպ ունեցած հարգանքի նշան դիտվել։
Ինչպես նախորդ, այնպես էլ «Պոետի վերադարձը» կինոերկում Հարություն Խաչատրյանի սուր հայացքը տեսանելիից բացի նկատում է անորսալին ու շարունակում ժամանակի տարածությանն ու սոցիումին հակառակ շերտեր պեղել։
Հ.Գ. Երևանյան ցուցադրությունից առաջ Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» կինոնկարի համաշխարհային պրեմիերան կայացեք է Ռոտերդամի 36-րդ միջազգային փառատոնում։ Միաժամանակ այն ներկայացվել էր Գյոթեբուրգի և Թեհրանի կինոփառատոներում։ Ֆիլմը բացառիկ ընդունելության է արժանացել։
Ռոտերդամի փառատոնում լավագույնը ճանաչված Երեք ֆիլմերից մեկի «Պոետի վերադարձի» մրցութային ծրագրի հոսքից առանձնացնելը և ռեժիսորի ստեդծագործական նոր նվաճումը հաստատվել է նաև այն փաստով, որ Հարություն Խաչատրյանը 2006-ին կայանալիք միջազգային մի շարք (Իտալիա, Ֆրանսիա, Իսրայել, Ավստրիա, Չեխիա, Թուրքիա, ԱՍՆ, Արգենտինա, Լատվիա և այլն) կինոֆորումներում և փառատոներում նոր կինոերկը ներկայացնելու, ինչպես նաև դասախոսություններով հանդես գալու հրավեր է ստացել։ Ավելին Հոլանդիայի և ճապոնիայի կինոկենտրոնները հայազգի չորս կինոգործիչների Ա. Փարաջանովի, Ա Փելեշյանի, Ա. էգոյանի և Հ. Խաչատրյանի ֆիլմերի հետահայաց ցուցադրման ծրագիր են կազմել։
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈւԶԱՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Сообщение:#3  Сообщение Harutin » 11 апр 2011, 23:31

ԹՈՂ ԿՐԿՆԱՊԱՏԿՎԻ ԱՅՆ, ԻՆՉԸ ԳԵՂԵՑԻԿ Է



Հույներն ունեն մի լավ աղոթք. «Այն, ինչ գեղեցիկ է, թող կրկնապատկվիˉ և թող եռապատկվիˉ»: Արվեստի հրաշքը ուրիշ է,– ասաց քանդակագործը։ Ասվածը տվյալ ենթատեքստում ոչ թե քանդակային արվեստին, այլ երաժշտությանն էր վերաբերում։ Հիշեցի, որ նա երևանյան արվեստանոցում էլ էր սիրում երաժշտության ուղեկցությամբ աշխատել։ Նույն պահին մտածեցի, որ կյանքը բնավ նման չէ գեղարվեստական մի նախագծի և ամեն մարդ նախախնամությանը ենթարկվելով է առաջ գնում իրեն տրված ճանապարհով։ Երևի թե հենց նախախնամության տնօրինությամբ է Ռազմիկ Ղազարյանի կյանքը, հետևաբար և ստեղծագործական կենսագրությունը, երեք՝ (Հայաստան-Եմեն-ԱՄՆ) փուլի բաժանվել։ Չնայած ինքը առանց բաժանարար նշանը պահպանելու է խոսում անցյալի ու ներկայի, արդեն արված ու անելիք, նաև ընթացիկ աշխատանքների մասին։ Իր ստեղծածն էլ է ֆիզիկական մի տարածքում տեսնում։ Չնայած նրա հեղինակած գործերն աշխարհագրական տարբեր վայրերում (Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Եմեն, ԱՄՆ) են գտնվում։ Միայն թե Երևանում ավելի շատ է ապրել, քան դրսում:
Եմեն գործնական հրավերով էր մեկնել։ Երևանում երկու՝ Գեղարվեստաթատերական և Պոլիտեխնիկական ինստիտուտներում քանդակային արվեստ ու նկարչություն ուսուցանող արվեստագետ-մանկավարժը չորս տարի աշխատել էր Եմենի նորաբաց Գեղարվեստի ակադեմիայում։ Եվ այդ ընթացքում ուսանողներին թե՛ քանդակային արվեստի գաղտնիքներին հասու դարձնելով, թե՛ դասավանդելու փորձը փոխանցելով այդ երկրի համար ապագա մասնագետների ու մանկավարժների առաջին խումբն էր պատրաստել։ Տուն վերադարձավ 1988 թվականին. երկիրը մեծ փոփոխությունների շեմին էր։ Երկրում հիմնավոր ու շրջադարձային իրադարձություններն սկսվել ու շարունակվում էին ծավալվել անկանխատեսելի սրընթացությամբ՝ պատերազմի ու երկրաշարժի բերած ողբերգական կորուստներով։ Ծննդավայր վերադառնալուց հետո իր առաջին գործը նվիրվում է Երկրաշարժի զոհերի հիշատակին։ Յոթ ու կես մետրանոց՝ «Համբարձում ՝ հրեշտակների ուղեկցությամբ» մոնումենտալ հուշարձանը տեղադրվում է Սպիտակի շրջանի Արևշող գյուղում։ Հետո ծամածռված օրերի մղձավանջի շարունակություն դարձած մութ ու ցուրտ շրջանում աշխատելը գրեթե անհնար է դառնում։ Հետո դրսից եկած հրավեր, որը նոր գործ անելու հնարավորություն էր նշանակում։ Դեռևս 1983 թ. ստեղծած նրա քանդակներից մեկը՝ «Ազատության շեփորներ» վերնագրով (այն տեղադրված էր Համագումարների պալատ՝ ներկայիս Ամերիկյան համալսարան տանող ճանապարհը հատող բարձունքին), արգենտինացի մեր հայրենակիցները տեսել ու հավանել էին։ 90-ականների կեսերին Ռ. Ղազարյանը հրավիրվում է Արգենտինա՝ այդ երկրի մայրաքաղաքի «Կաժե Արմենիա» կոչվող փողոցում հիշյալ գործի մոնումենտալ տարբերակը իրականացնելու համար։ Սակայն Արգենտինա տանող ճանապարհը խոտորվում է, և նա հայտնվում է Ամերիկայում, Կալիֆոռնիա նահանգում»…
Առաջին ստեղծագործական հաջողությունը գոնե իր համար անսպասելի էր. Լահոյա
Վիլեջում (Կալիֆոռնիա) միջազգային ցուցահանդես պետք է բացվեր։ Այդ մասին պատահաբար էր իմացել։ Հետո ծանոթներից մեկը լրացուցիչ տեղեկություններ տալով նաև հուշել էր որևէ գործ ներկայացնել այդ ցուցահանդեսում։ Հեղինակավոր ցուցահանդես էր, աշխարհի գրեթե բոլոր երկրների արվեստագետների մասնակցությամբ։ Սկզբում մերժել էր։ Բայց մի քանի օր անց, երկմտանքի ծուղակից ազատվելով, նորավարտ գործերից մեկը՝ «Հաղթանակի թռիչքը» վերնագրով, այդուհանդերձ ներկայացրել էր կազմակերպիչներին։ Մի քանի օր անց, սրահ մտնելով, ժապավենի պես մի բան է տեսել՝ դրված իր հեղինակած գործի վրա» Պարզվել է, որ այդ նշանով են առանձնացվում այն ստեղծագործությունները,որոնք առաջին մրցանակի են արժանանում։ 1996 թվականն էր. ԱՄՆ տեղափոխվելուց երկու
տարի էր անցել» Մինչ այդ ու հետո ունեցած դժվարություններին հպանցիկ է անդրադառնում։ Լավատես է։ Եվ գուցե այդ լավատեսությունն է օգնել, որ հանձին մտերիմ ընկերոջ գտել էր նաև իր արվեստը գնահատող հովանավորին՝ «հրաշալի մարդ և նույնքան հրաշալի բժիշկ Ավետիս Դավթյանին»։ Արվեստ սիրող մի մարդ, ով հատկապես Հայաստանից մեկնած արվեստագետների մեկենասը դառնալով, կարծես առաջնորդվում է մի նշանաբանով: Այն ամերիկացի ժամանակակից գրող Կուրտ Վոնեգուտի ձևակերպմամբ այսպես է հնչում. «Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք միմյանց անցնելու այս ամենի միջով, ինչ էլ որ այն լինի»։ Նրան՝ Ավետիս Դավթյանին պատկանող շինության առաջին հարկում է գտնվում Ռ. Ղազարյանի արվեստանոցը։
Ստեղծագործությունների մի մասը Լոս Անջելեսի նորաբաց ցուցասրահներից նոր էր
«տուն դարձել»։ Եվ ժանրային տարբեր (ֆորմալիստական, ռեալիստական, պոպարտ և այլն) ուղղություններով աշխատող արվեստագետի բրոնզաձույլ, քարակերտ արձանները՝ ընդարձակ արվեստանոցի խառնափնթոր միջավայրում, կավից նոր «թխված», դեռևս ընթացքի մեջ գտնվող մանրակերտ և մոնումենտալ գործերի հարևանությամբ, նույնքան հետաքրքրությամբ են դիտվում, որքան և ցուցադրության տոնական մթնոլորտում։ Այս հարկի տակ են ձև ու կերպար ստանում արվեստագետի հոգու և մտքի պոռթկում ները։ Այս հարկի տակ է Ռազմիկ Ղազարյանը վերջին տարիներին կերտել արձանները խոշորագույն այն անհատների, որոնց անունները համաշխարհային արվեստի պատմության էջերում ոսկե տառերով են գրված՝ Միքելանջելո, Դալի, Պիկասո, Քոչար և այլք։ Ժամանակների մեջ Գեղարվեստի սահմանները լայնացնող ու նոր հուներ նախանշած մեծերի մասին քանդակային արվեստի «շարադրանքով» պատմելու մտահղացում վաղուց է ունեցել՝ կյանքի խճճված համապատկերում նրանց ներկայությունը զգալու ներքին պահանջի թելադրանքով։ Լռության սահմանագիծը այսօրինակ երկխոսությամբ խախտելու, ժամանակները շաղկապելու, նաեւ երախտագիտություն ու ափսոսանք արտահայտելու միջոց. «Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ամեն ինչ շոուի է վերածվել։ Դրա շնորհիվ է, որ այսօր արվեստի այս կամ այն բնագավառում ստեղծագործող մարդիկ, նույնիսկ նրանք, որոնց արածը օրվա քննությանը չեն դիմանում, լայն ճանաչում են ստանում։ Իսկ ահա նրանք, ովքեր նախորդ դարերում ապրելով, իսկապես հրաշք գործեր են ստեղծել, բացառիկ մնայուն արժեքներ են թողել, մասսայական ճանաչման չեն արժանացել։ Մինչդեռ նրանք առանձնահատուկ են եղել նաև իրենց արտաքին կերտվածքով ու նկարագրով»։
Խոնարհումի արժանի մեծերի շարքում կա մեկը, որի հողմահալած կյանքի փորձությունը, թողած ժառանգությունը քանդակագործը մաքրագործված լուսե ճառագայթներ է համարում մեր գոյության ճանապարհին. «Ամենաշատը սիրում եմ Կոմիտասի կերպարը և շատ եմ ուզում նրա արձանը կերտել։ Հայոց քնարի առաջին լարն է Կոմիտասը։ Երբ հայրենիքից հեռու ես, Կոմիտասի մաքրամաքուր երգերն ավելի հարազատ են դառնում, կարոտն ասես ասեղի սույր ծայրի պես ծակում է հոգիդ։ Խորքով ու լայնքով ես զգում երկիրդ։ Գուցե ճիշտ է, որ լեռան վրա գտնվողը նրա մեծությունն ու վեհությունը այնպես չի տեսնում, ինչպես հեռվում կանգնածը։ Հեռվից խորքային ուրիշ շերտեր ես հայտնաբերում, ու զգացողություններդ ավելի են խտանում»։
Դժվար չէ կռահել, թե արվեստագետն իր այս զգացողություններն արտահայտելու համար սեփական զինանոցից ինչպիսի արտահայտչամիջոցներ պետք է ընտրեր։ Եվ այն, որ նրա հեղինակած Կոմիտասի արձանը հավանության է արժանացել, Հոլիվուդի քաղաքապետարանն առաջարկել է այն տեղադրել քաղաքի՝ «Litle Armenia» կոչվող փողոցում, արդեն իսկ խոսուն փաստ է։
Այս տարի, Ռ. Ղազարյանն իր քանդակները կներկայացնի Նյու Յորքի Արտ-էքսպո ամենամյա մեծ ցուցահանդեսում։ Ամերիկյան իրականության մեջ այստեղ ներկայանալը դժվարին, աշխատատար նաև նյութական միջոցներ պահանջող նախաձեռնություն է։ Բայց դա է արվեստի համաշխարհային ասպարեզ տանող լավագույն ուղիներից մեկը։ Եվ այդ ճանապարհը հաղթահարելով է հնարավոր հայտ ներկայացնել ու պատկանելություն ցուցանող քո մեծ կամ փոքր տեղն ունենալ։ Անշուշտ, եթե գործել ես՝ հավատալով մեծերից մեկի այն խոսքին, թե. «Քանդակագործությունը, ճիշտ այնպես, ինչպես պատմությունը, մարդկային բարեգործությունների ու նրանց թուլությունների առավել մշտակայուն պահոցն է»։
Հարցը տրվեց ամենավերջում, երբ ամերիկ յան մի քանի պատկերասրահներում ներկայացված նրա գործերն էի տեսել, երբ Կալիֆոռնիայի Արվեստի խոշորագույն՝ «Պասիֆիկ» կենտրոնում կազմակերպված հավաքական ցուցահանդեսում (որին, ի դեպ, նաև հայ ազգի հինգ արվեստագետ էր մասնակցում) լինելուց բացի, հատկապես նրա ստեղծագործությունները մասնագիտական վերլուծության ենթարկող հրապարակում ներն էի կարդացել՝ տեղի ու մոսկով յան պարբերականների էջերում։ Ռազմիկ Ղազարյանին ուղղված հարցը մոտավորապես այս էր. «Ի՞նչպիսի ընթացք կունենար ստեղծագործական քո ճանապարհը, եթե հայրենիքում մնայիր»…
«Դժվար է ասել։ Բայց, կարծում եմ, արվեստագետը պետք է շատ շրջագայի ու շատ բան տեսնի։ Արվեստագետին պարփակված կ յանքը հակացուցված է։ Գործեր կան, որոնց բնօրինակը պիտի տեսնել, պետք է պատկերասրահներ, թանգարաններ գնալ անցյալ ու ժամանակակից արժեքները ճանաչելու, արդի հոսանքներին, արվեստի նորություններին ծանոթանալու համար։ Բացի այդ՝ անծանոթ, նորահայտ ու նորամշակ նյութերով աշխատելու, ստեղծագործական լաբորատորիադ հարստացնելու հնարավորություն է տրվում։ Ասեմ, սակայն, որ այստեղ, ինչպես մեր երկրում, ինչպես եվրոպական երկրներում անկաշառ գնահատման եղանակներ չկան, չափանիշներն ու պահանջներն են ուրիշ։ Առհասարակ, Ամերիկան կամ ամերիկացին արվեստի հանդեպ առանձնապես մի վերաբերմունք չունի։ Չափման բոլորովին տարբեր միավորներ են գործում։ Ստեղծագործական ներուժի համեմատությամբ էլ մենք ակնհայտորեն շահեկան վիճակում ենք։ Այսօր Հայաստանում տարբեր սերունդների, մեկը մյուսից հետաքրքիր արվեստագետներ են ստեղծագործում։ Պարզապես մեր երկիրը փոքր է։ Աշխարհագրական դիրքի, հարևանների խնդիրը կա։ Շփման, դուրս ու ներսում ցուցադրվելու և այս կարգի մի շարք հարցեր կան։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես հայտնվեցի Ամերիկայում իրադարձությունների բերումով։ Չեմ ասում հայրենիքը թողեցի։ Հայրենիքը չեն լքում։ Գնում են։ Գնում են ետ վերադառնալու հույսով ու չբեկվող հավատով։ Ամերիկան իմ երկիրը չէ։ Չնայած այս երկրից դժգոհելու պատճառ չունեմ։ Այստեղի ժողովուրդը միավորում է աշխարհի տարբեր ազգերի ներկայացուցիչների, որոնք եկել ու հրաշալի մի աշխարհամաս են կառուցել։ Բայց վերջին տարիների եկվորների, հատկապես արվեստագետների համար դժվար է։ Դժվար է, որովհետև ազգային որոշակի խմբավորում ներ կան, որոնք արվեստի շուկայի տերն ու տնօրենն են։ Եվ եթե նրանց կառույցների ներսում չես, եթե հայկական ազգանուն կրող արվեստագետ ես, ապա հանդիպում ես պատնեշի, որը հաղթահարելու համար մեծ ջանքեր պետք է գործադրես։ Իհարկե, պատահում է, որ մարդիկ ինչ-որ բանի հասնելու համար փոխում են ազգանունները և իսկապես էլ որոշ հաջողություններ ունենում են։ Սա ո՛չ խրախուսելի, ո՛չ էլ դատապարտելի քայլ է։ Արվեստագետի համար, ամենակարևորը աշխատելու հնարավորություն ունենալն է։ Ես դա ունեմ։ Գոհ եմ, որ ազգ անունս չեմ փոխել։ Իսկ ճանաչումը կամ փառքը հարաբերական հասկացություն է, որին մարդը կարող է հասնել, եթե շատ է ուզում, եթե հիմ նական ձգտումը, առաջնային նպատակը դա է համարում»։
Ռազմիկ Ղազարյանի համար ամենակարևորը սեփական կարողությունները տարբեր ժանրերի մեջ ազատ ու ինքնիշխան դրսևորելն է։ Իսկ տարածությունը, որտեղ հայտնվել է, ինչպես ինքն է վստահեցնում, ժամանակավոր հանգրվան է թե՛ նրա, թե՛ նրա ստեղծագործությունների համար։ Եթե նրա խոստումը խոսքից գործի չվերածվի, եթե նրա ու նրա պես օտար եզերքներում ստեղծագործող մեր արվեստագետների տունդարձը ժամանակին ուղղված, ժամանակի ճշգրտման ենթակա բաց հարց էլ մնա, ապա դա մեծ առումով խզում կամ օտարում չի նշանակում։ Հիշենք հին հույների աղոթքը…
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ