ДЛЯ ПРАВИЛЬНОЙ РАБОТЫ САЙТА ОТКЛЮЧИТЕ БЛОКИРОВКУ РЕКЛАМЫ

ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Сообщение:#1  Сообщение Harutin » 15 апр 2011, 20:37

ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Romik Sardaryan 1.jpg
Romik Sardaryan 1.jpg (10.31 кб) Просмотров: 682

Romik Sardaryan.jpg
Romik Sardaryan.jpg (11.66 кб) Просмотров: 682
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали

ՌՈՄԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ

Сообщение:#2  Сообщение Harutin » 15 апр 2011, 20:39

ԴԱՐԱՎԵՐՋԻ-ԴԱՐԱՍԿԶԲԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ


Մենք ապրում ենք անտիհերոսի ժամանակաշրջան: Հերոսները զոհվեցին պատերազմում կամ խաղաղության մեջ: Վերջին հանգամանքը ծանրացավ հաղթանակած ազգի ուսերին, նրանց ուսերին, ովքեր մինչ այդ էլ շատ-շատ էին կորցրել (հիմա հույսով ու հավատով համախմբվել էին իրենց առաջնորդների շուրջ, որոնցից, ավաղ, դաժանորեն պիտի հիասթափվեին): Երկիրը լցվեց աղքատությամբ, կուսակցություններով ու թերթերով:
Բոլո՛րը քաղաքագետներ դարձան:
Սկսվեց հայհոյակռվի մի երկար, մղձավանջային շրջան, հայհոյակռիվ, որը հրապարակախոսություն հորջորջվելու հավակնությունն ուներ:
Ու… գնա՜ց դատարկ գնացքը նաիրյան երկրով…
Իմ այս գրվածքը նաիրյան մեծ երկրով ետուառաջ անող այդ գնացքի միակ ուղևորի (չասենք վագոնավարի)` անտիհերոսի օրագրից մի հատված է զետեղում իր էջերում:
Հրապարակախոսությո՞ւն է սա, արդյոք…
Բանաստեղծի ժամանակը սկսվում է վերջին բանաստեղծությունից: Բանաստեղծի խորհուրդը կա ուրեմն: Ես դա հասկանում եմ այսպես` ճանաչիր ազգդ, ժողովուրդդ, ցեղդ, կրոնդ- ճանաչի՛ր ինքդ քեզ- ի վերջո, ըմբռնի՜ր տեսակդ:
Եղիր կամուրջ` սրտի ու խելքի:
Ասված է, որ Տեր Աստված նախ առնում է մարդուս խելքը և հետո միայն զրկում կայք ու կարողությունից: Այսպե՛ս եղավ մեր այս 10-15 խաղաղ տարիներին- առնվեց մեր հավաքական խելքը:
Երկփեղկվեց մտավորականությունը,- վարկաբեկվեց, ինչպես ստալինյան կամ մյուս տարիներին,- մի մասը դասալիք եղավ, մի մասը տեսակաթափ եղավ, մի մասին իշխանության կեղծ ու սնոտի ներուժ ներշնչվեց:
Երկփեղկվեց ժողովո՜ւրդը- զուր չէ, որ «գաղթականի» պիտակ ենք կպցրել ինքներս մեզ: Ասենք, ուրիշներն է՛լ քոռ չեն, էնպես:
Լիցքաթափվեց ընտանիքը: Տղամարդը անզորության մատնվեց կենցաղում: Հոգու բարձրագույն գիտությունը` ընկերությունը, անգիտության մատնվեց կամ անգիտացավ:
Փորձե՞նք պատասխանել «ի՞նչ կարելի է անե» հարցին: Փորձենք, ուրեմն, պատասխանել նաև ո՛չ պակաս կարևոր` «Ի՞նչը հնարավոր չի անել» հարցին կամ առավել պարզ` «Ի՞նչն է կամ ո՞վ է խանգարում հաղթանակած ժողովրդի առաջընթացին- դա հոգեբանական իրողությո՞ւն է, թե ծրագրային գործոն»:
Պատասխանը մեկն է- Հառաչա՛նք վաստակեցինք:
Սակայն, իրո՞ք, մեկն է:
Հայնեն ասում էր.- «Մենք` բանաստեղծներս, մեր սեփական դժոխքն ունենք` Դանթեի դժոխքը, չե՞ք սարսափում, չէ որ դա ձեր տեղն է»…
Չե՛ն սարսափում: Հայնե և, մանավանդ, Դանթե, չեն կարդում:
Խոնարհվում են մեր հին ու նոր ֆիդայիների գերեզմանների առջև, և սակայն, մոռացած անձնական ծառայությունները, դռները փակում են փողոցն ընկած նախկին գործընկերների կանանց ու երեխաների առջև:
Չարենց է՛լ չեն կարդում:
Չարենցն ասաց. .»Ո՜Վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Գիտե՞ք, եթե ժամանակին իմանային (ովքե՞ր), որ Չարենցն իր նշանավոր ակրոստիքոսում օգտագործել է Մեծն Հրայր Դժոխքի ճառերի բնաբանը, մենք Չարենց վաղուց ի վեր չէինք ունենա:
Մտավորականությունը միշտ էլ ընդդիմություն է եղել ուզածդ ընդդիմության և ուզածդ իշխանության համար:
Ասացի, որ մտավորականությունը երկփեղկվեց: Ավելացնեմ. ոչ լավ կամ վատ իմաստներով: Անհատը երկփեղկվեց ինքն իր ներսում- Մեկ անհատի մեջ գործել սկսեցին սատանան ու հրեշտակը, զինվորն ու դասալիքը, հայրենասերն ու հայրենա---ը, հայ հրեան ու հայ հայը, հայը և ոչ հայը: Փա՞ռք Աստծո, որ թուրքերը կան: Հայերի մի կարող մասը հա՛յ է մնում, եթե կա թուրքը:
Ոսոխը շեղում է մեր ուշադրությունը նրանցից, որոնց շնորհիվ մեր ժողովուրդը հառաչում է:
Իսկ մեր հասանելիք ժամանակը- սո՜ւղ է:
Մենք թևաբախո՛ւմ ենք վաղուց ընկղմված ջրերի և մեզնից հեռացած մեր եդեմական երկնքի արանքում:

Մեր Արարատը տեսի՜լք է,
Մեր մեծ գետը
խույս է տվել ու
շրջանցում է
երկիրը – մեր եռագույն:

Եվ քանի որ այլոց մտքերը մերը դառնալ չեն կարող- ուրեմն պիտի մի պահ մեծ ժամանակում ընկալենք, որ մտքերի նմանությունը պատրանք է ընդամենը, որովհետև մենք ամեն ինչ տեսանում ենք միմիայն մեր հոգու աչքերով:
Աչքը` աչք, լինի ներսից կամ դրսից: Բոլոր դեպքերում, մեր մտորումների այս նաիրյան դատարկ գնացքի հիմնական ենթակայանում, ինչպես և խոստացել էինք, ներկայացնում ենք մի հատված անտիհերոսի օրագրից, թեպետ խորապես համոզված ենք, որ այս մեջբերումը ոչ մի պատասխան չի ենթադրում Մեծն «Երկիր Նաիրիի» հանրահայտ հարցադրումներին:

ԱՆՏԻՀԵՐՈՍԻ ՕՐԱԳՐԻՑ

- Արձակագի՞ր ես:
- Չե՛մ կարողանում տեղադրվել Աստծո ընձեռած շրջանակի մեջ:
- Աստված շրջանակե՞լ է, ո՞ւմ…
- Չգիտեմ: Պոետական տեսիլքը որևէ շրջանակից դուրս է: Աստվա՞ծ- նրա պատկերը անշրջանակ է:
- Աստված շրջանակո՛վ չի զբաղվել: Բայց կա՛ մի շրջան, սահմանված կամ նախասահմանված:
- Խոսքը մեր տեղապտույտին է վերաբերում:
- Պարզ է. շունը պտտվում է իր պոչի շո՞ւրջ:
- Աստված անխոս է: Իր արարչագործությունը շարունակական է: Ամեն ազգի պոետ, Իր կամոք, մասնակից է երկրային պտույտի պարզաբանմանը: Բայց ինքն ապրում է ապագայի մեջ:Արձակագիրն ապրում է անցյալի մեջ:
- Արձակ գրել չե՞ս կարողանում:
- Ես ապրել եմ մի քանի սերնդի հետ: Մարդիկ` գնացածները, իմ մտապատկերում կատարյալ են: Նրանք ինձ համար չեն գեղարվեստականացվում, կերպարների չեն վերածվում: Հե՛տս են:
- Իսկ ներկա՞ն, ներկա՛ն…
- Ներկա գոյություն չունի: Ներկան սլաք է անցյալի-ապագայի միջև: Իր վկայողները երկուսն են` հիշողության ծանրացած պտուղը և գալիքի աննշմարելի հունդը: Երկուսն էլ աներևութական են:
- Հասարակությունը ներկան չի՞ կամ իր արտացոլումը:
- Հասարակությունը երկրային ժամանակով է չափվում: Ենթարկվում է կանգառի օրենքին:
- Էլ ի՞նչ չափումներ պիտի կիրառել:
- Ա՛զգ… Ազգը ենթարկվում է գերերկրային չափումների նախասահմանվածությանը: Ազգի սիրտը բաբախում է հզոր անհատի զարկերակին համաչափ: Այդպես ԱՆՀԱՏԸ մտնում է ազգի արյան հիշողության մեջ: Այդպես ազգը մնում է անհատի արյան հիշողության մեջ: Արյունը տեսակ է պահպանում:
- Ազգը կարող է ծերանալ:
- Սուտ է: Հավատը, Սերը և Հույսը մերթընդմերթ նիրհում են գերհզոր պոռթկումների արանքում ընկած դադարների ժամանակ: Հավատը վերակենդանացնում, թարմացնում է ազգի արյունը:
- Իսկ անհատի՞ արյունը:
- Անհատը համաձուլվածքն է ազգի, հասարակության, արյան:
- Ազգ-հասարակություն-արյո՞ւն…
- Ըստ էության, չկա՛ հասարակություն: Կա՛ ազգ և հասարակարգ:
- Եվ անհա՞տ…
- Անհատը հասարակարգի թշնամին է և ազգից չընդունված մեկը:
- Ե՞րբ է ազգը ընդունում անհատին:
- Մեզանում դա պատահել է: Ողջերից` ում գիտեի` նաև Հովհաննես Շիրազ, Պարույր Սևակ, Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, ուրիշներ: Սովետները մտավորական «վերնախավ» և վերնախավի դեմոկրատիա կառուցեցին:
- Բոլորը իրե՞նցն էին:
- Շիրազը, ասենք, պաշտոն ու կաբինետ չունեցավ:
- Շատ ազգեր կործանվել են:
- Ազգերը կործանվում են Աստծո՛ նախասահմանումով: Իրենք տեղյակ չեն, ինչպես որ մենք տեղյակ չենք տիեզերական չափումներից:
- Դառնանք հասարակությանը, ո՛չ հասարակարգին:
- Դրանք երբեմն միասնանում են ինչպես էգ և որձ, բայց ո՛չ որպես այր ու կին:
- Դառնանք երկուսին է՛լ. հայտնի է, որ հասարակաձևի դեմ կամ հետ` ընդվզումի մեջ պարտվում է անհատը:
- Պահպանվում է Անունը, ինչպես գիտենք:
- Որովհետև Անհատը բնակվում է Ազգի, Ցեղի արյա՞ն մեջ, նրա անհամաչափ հոսանքին տրված:
- Կարող է նաև ընթանալ իր Ցեղի արյանն- ընդհակառակ:
- Ինքնասպանությո՞ւն…
- Ինքնասպանությունը հետևանք է: Ինքնասպանությունը, սակայն,անհատի գործն է: Նրա զարկերակի հաճախականությունը չի՛ համընկնումիր թմրած ժամանակի մահաբեր բաբախներին:
Եվ, սակայն, Մեծ ինքնասպանը հաղորդ է արարչագործության շարունակականությանը, ուստիև կարող է կամ «իրավասու» է միջամտել Արարչի գործերին: Երբեմն այդ միջամտությունը անհարկի կարող է թվալ:
- Ինքնասպանությունը թուլության ակտ է:
- Ինքնասպանությունը, նաև, կյանքի դրամայի այն ակտն է, որը բացահայտում է Անհատի` իր հասարակարգի դեմ չծառանալու գերագույն ճիգը: Ինքնասպանությունը, մեր ժամանակներում, կարող է մեծամասամբ հոգևոր կաթվածի կերպ ունենալ:
- Հնարավո՞ր է խուսափել:
- Սովորաբար` ո՛չ: Եվ, այնուամենայնիվ, Անհատի ինքնասպանության մղումից ձերբազատվելու պահը պիտի որ մկրտության նման լինի: Թերևս, նա պիտի տեսանի իր ազգի նորոգման պահը:
- Խորհենք իրակա՛ն մահվան մասին:
- Անհատը ապրում է մահվան հարևանությամբ, և որքան մեծ է անհատը, այնքան էլ մեծ է նրա առջև բացված հավերժական անդունդի արտացոլանքը իր հոգում:
- Ի՞նչ զգացում է առաջացնում քո մահը քո՛ մեջ:
- Ինձ հուսահատեցնում է մարդկա՛նց մահը: Ինձ մխիթարում է, որ ես մահկանացու եմ և նույնպես պիտի մահվան արժանանամ, ինչ-որ ժամանակ նրանց հանդիպելու հավատով:
Ինձ խենթացրել է նրանց մահը, ովքեր զոհվել են թուրքերի դեմ մարտերում:
Ինձ թվում է հիմա, որ նրանք ամենքն էլ Բայրոն են:
- Իսկ դո՞ւ…
- Հայտնի է, որ մարդու հոգին սավառնում է իր սեփական տան, ծննդավայրի, հայրենիքի երկնքում: Ես կմեռնեմ, երբ հոգիս հաճի հայտնվել այնտեղ:
- Մտածողի ո՞ր տեսակն ես գերադասում:
- Պաշտում եմ բոլոր մտավորականներին: Նրանք մարգարեներ են, ինչպես և ասված է` «ո՛չ իրենց երկրում»:
- Վստահում ես սրտի՞ն, թե՞ ուղեղին:
- Վկայակոչեմ կատարյալ պատասխան. «(Ըստ Մաթեոսի) Չէ՞ք իմանում, թէ ամէն ինչ, որ բերան է մտնում, որովայն է գնում եւ դուրս է ելնում: Իսկ ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում…»:
Իսկ Մարկոս Ավետարանիչը վկայում է. «Ամէնքդ ինձ լսէցէք և իմացէք. չկայ որեւէ բան, որ մարդու մէջ դրսից մտնելով կարողանա նրան պղծէլ. այլ այն, ինչ ելնում է նրանից, ա՛յն է, որ պղծում է մարդուն: Ով որ ականջնէր ունի լսէլու, թող լսի»:
- Աստվածատո՞ւր ժողովուրդ ենք,-ինչպես ասացիր:
- Հա՛յ ենք:
- Ազատամարտի՞կ ես:
- Մարտի՞կ, երևի…
- Տխո՛ւր զրույց էր:
- Տխուր եմ:
- Ջրհո՞ս ես, որ Ջրհեղեղն ես հիշում:
- Տղաս, երբ փոքր էր, ուզեց սահել Մասիսի ձյուների վրա:
- Իսկ դո՞ւ:
- Ես-չկամ:

***

Վերապրումը- մեկ վաղանցիկ կյանքի ժամանակի հաղթահարման միջոցն է, երբ ժամանակը միտում ունի սահմանափակվել ինքն իրենով և դառնալ երկրորդական: Վերապրել է պետք Ամբողջը` մանրամասները` մինչև առկա պահը: Եվ առկա՛խ պահը:
Ոչինչ մի՛ մոռացիր- անգամ երեկվա քամու ձայնը: Նա եկել է հեռուներից և ավելի հի՛ն է, քան վաղվա օրը: Հիշի՛ր երեկվա քամու ձայնը, և այսօրվա դժբախտությունների մեջ, երբ հառաչում են երկու սիրտ` քո՛ սիրտը և սիրտը ժողովրդի, երջանկահիշատակ պահերդ չեն խոցոտի սիրտդ: Կշարունակես ապրել, քանզի կըմբռնես դարերով գիտակցված մի բան- որ մահը կյանքի մասն է, իսկ անմահությունը` ժամանակի սպասավորը:
Հիշի՛ր երեկվա քամու ձայնը- ու կդառնաս ու կփառաբանես Աստծուն, որ մահկանացու ես, և ուրեմնպիտի մահանաս ու միանաս նրանց, ովքեր երկնքում են` լինեն դժոխքում թե դրախտում: Մե՛կ է:
Դե, ոչի՜նչ, որ մեր գենը հայ ոսկեդարի հիշողություն է կրում: Հավատքը կթարմացնի՜ մեր հին արյունը, և մենք (հույսներս` Հայտնության Գրքի վրա) նոր ոսկեդա՜ր դեռ պիտի ապրենք…
Բանաստեղծն ասում է. «Իշխանավորները անիշխան են դառնում- և ժողովուրդը հառաչում է»…
… Հառաչո՜ւմ են… հառաչում են սիրտը ժողովրդի և սիրտը բանաստեղծի՛…
Ամեն մի պոետ իր ժամանակի Ճշմարտությունից սեփական ողջակիզման խարույկն է սարքում, և անմիջապես էլ տարվում է դրա բոցերի լափլիզումների հրաշքներով: Եվ, որ ամենից վտանգավորն է, փորձում է մանկան նման խաղալ հրեղեն վիշապի հետ, ձեռքը տանելով իրեն բնազդով հայտնի օձի վզին: Ասեմ, միշտ չի՜, որ հաղթողի անունը Հերակլե՜ս է:
Բա՜յց - կրկին խոստովանենք, որ Արարատը վեհաշո՜ւք է: Վեհ-ա-շո՜ւք:
Չե՛մ ուզում մեծերի պես նայել նրան ու անցնել:
Թո՛ղ ինքը անցնի:
Կամ թող ժայթքի՜…
Թող էլի՛ վեհ լինի:
Թեպետ աշխարհը ուրիշ տեսիլքներ ունի:
Ասենք` Արարատը` մեջքով:
Մեջքով չե՛ն կռվում:
Թող էլի՛ վեհաշուք լինի, բայց ո՛չ բանաստեղծական:
Թող ժայթքի՛:
Էլի՛ բանաստեղծություն է: Հայի՛:
Արտավազդին մենք շղթայել ենք, իրեն պահպանող շներին էլ հետը: Արտավազդը մերժել էր մեր ապաշնորհ շնորհները:
Շղթայում են միայն գուշակներին:
Ինձ վիրավորեցի՜ն. – թուրքը, ռուսը, հայը, ֆրանսիացին, մեծը, փոքրը, ընկերը, անընկերը, մուրացիկը, տվողը, խոնարհվողը, իջնողը, բարձրացողը, կատարյալը, անկատարը, կատարելին, նեղաչքը, կապուտաչյան, Պլուտարքոսը, իմ հայելին- ե՛ս, ե՛ս, ե՛ս:
Ասվա՛ծ է, նրանք, ովքեր իմացել են կենդանիների ու բնության լեզուն, սովորել են նրանցից նաև բառը` դատաստան:
Բա՛վ է: Ես լսում եմ Աստծո լռությունը: Նա մեզ հետ խոսում է Ջրհոսի՛ լեզվով: Մենք հիմա խեցի՜ ենք:
Մեզ մի՜ լսեք, ինչպես և չեք լսել ջրհեղեղից ի վեր, երբ Նոյը Նաիրի երկիրն աչք ածեց Արարատի գագաթից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team
Информация: Показать детали



Вернуться в Հոդվածներ



Активность

Сейчас этот форум просматривают: нет зарегистрированных пользователей и гости: 1

⇑ Наверх
⇓ Вниз