ՌՈԼԱՆ ԲԱՐԹ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌՈԼԱՆ ԲԱՐԹ

Сообщение Harutin » 11 апр 2011, 23:59

ՌՈԼԱՆ ԲԱՐԹ

(44.15 кб) Просмотров: 422
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌՈԼԱՆ ԲԱՐԹ

Сообщение Harutin » 12 апр 2011, 00:00

ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՀԸ


Իր «Սարակինոս» նորավեպում, խոսելով կնոջ կերպափոխված ներքինու մասին, Բալզակը գրում է հետևյալ արտահայտությունը. «Դա մի կին էր՝ հանկարծական երկյուղներով, անբացատրելի քմայքներով, բնազդական տագնապներով, չպատճառաբանվող հանդգնությամբ, կրքոտությամբ ու զգացմունքների հրապուրիչ նրբագեղությամբ»: Ո՞վ է խոսում այդպես: Նորավեպի հերո՞սը՝ հակված անտեսելու կնոջ ներքո քողարկված ներքինուն: Սեփական կենսափորձի հիման վրա կնոջ մասին փիլիսոփայող Բալզակ անհա՞տը: Կամ կանացիության մասին «գրական» գաղափարներ դավանող Բալզակ գրո՞ղը: Համապարփակ իմաստությո՞ւնը: Թե՞ ռոմանտիկական հոգեբանությունը:
Իմանալ այդ՝ երբեք վիճակված չէ, զի գրությունն ամենայն ձայնի, ամենայն սկզբնաղբյուրի քայքայում ն է: Գրությունն այն չեզոքությունն է, հյուսվածքն ու շեղումը, ուր հոսում է մեր անձը, այն սևուսպիտակը, ուր անհետանում է ամենայն ինքնություն՝ ներառյալ նույն այն մարմինը, որը գրում է:
Հավանաբար այն միշտ է այդպես եղել. եթե միայն փաստի մասին պատմում են լոկ պատմելու համար, այլ՝ ոչ իրականության վրա ներազդելու, այն է՝ ի վերջո ամենայն գործառույթից դուրս, բացի ինքնին խորհրդանշական վարժությունից: Այդ շղթայազերծումն արդ յունահանվում է, ձայնը կորցնում է իր ակունքը, հեղինակը գտնում է իր իսկ մահը, և սկսվում է գրությունը: Մինչդեռ այս երևույթի զգացումը հարափոփոխ է. ազգագրական հասարակություններում պատմությունը երբեք չի հանձնարարվում պատահական մեկին, այլ [միայն] միջնորդին, շամանին կամ ասացողին, որոնց, ծայրահեղ դեպքում, «արդ յունքով» կարող ենք հիանալ (այն է՝ պատմողական կոդերի վարպետությամբ), բայց երբեք «հանճարով»: Հեղինակը արդիական կերպար է, անշուշտ, մեր հասարակության արդ յունք այնքանով, որ ծագելով Միջնադարից՝ անգլիական էմպիրիզմի, ֆրանսիական ռացիոնալիզմի և Ռեֆորմացիայի անհատական հավատի հետ համատեղ, այն բացահայտում է անհատականության հեղինակությունը կամ, ավելի վերամբարձորեն ասած, «մարդկային անհատականությանը»: Հայսմ ՝ տրամաբանական է, որ, որպես գրականություն, կապիտալիստական գաղափարաբանության մեջ ներամփոփված և կայացած պոզիտիվիզմ ն է հենց առավել կարևորություն շնորհել հեղինակի «անհատականությանը»: Հեղինակը դեռ իշխում է գրականության պատմության դասագրքերում, գրողների կենսագրություններում, ամսագրային հարցազրույցներում և հենց գրականագետների գիտակցության մեջ` իրենց անձնական օրագրությունների, անհատականության և ստեղծագործությունների շնորհիվ միավորելու մտահոգությամբ: Գրականության այն կերպը, որ կարող է գտնվել մշակույթի լինելության մեջ, տիրաբար սևեռված է հեղինակի, նրա անհատականության, նրա պատմության, նրա հակում ների ու կրքերի վրա: Քննադատությունը, մեծ մասամբ, դեռ այնպիսին է, որպեսզի ասի, թե Բոդլերի ստեղծագործությունը Բոդլեր մարդու անհաջողության մեջ է, Վան Գոգի ստեղծագործությունը՝ նրա խելագարության, Չայկովսկու ստեղծագործությունը՝ նրա արատավորության. ստեղծագործության մեկնաբանությունը մշտապես փնտրում են այն արարողի դիրքից, կարծես թե այլաբանության ավել կամ պակաս դյուրընկալելի հնարանքի միջոցով, ի վերջո, միշտ միևնույն մարդու` Հեղինակի ձայնն է, որ մղում է «խոստովանության»:
Թեկուզ Հեղինակի տիրապետությունը դեռևս շատ ազդեցիկ է (նոր քննադատությունը հաճախ հենց ամրապնդել է նրան), ինքնին հայտնի է և այն, որ որոշ գրողներ վաղուց ի վեր արդեն փորձել են այն սասանել: Ֆրանսիայում Մալարմեն, անկասկած, առաջինը լիարժեքորեն տեսավ ու կանխատեսեց անհրաժեշտությունը՝ փոխարինելու լեզուն նրանով, ով ցայժմ համարվում էր տիրակալը. նրա համար (ինչպես և մեր) հենց լեզուն է խոսում, ոչ թե հեղինակը: Գրելն իրականանում է նախնական դիմազրկության միջոցով, որը, սակայն, չի կարելի շփոթել վիպասան-ռեալիստի կռտված օբյեկտիվության հետ. հասնել անդ, ուր միայն լեզուն է գործում, «խաղում», ոչ թե «ես»ը: Մալարմեի ողջ պոետիկան այն է, որ հեղինակը փոխարինվի գրությամբ (այն է՝ իր տարածքն ապահովել, ինչպես կտեսնենք, ընթերցողի մեջ): Վալերին, բոլորովին խճողված Եսի հոգեբանության մեջ, բավականին մեղմացրել է մալարմեյան տեսությունը, բայց դասականության ճաշակով փոխադրվելով ճարտասանության դասընթացների մեջ, նա չի դադարում Հեղինակին կասկածանքի և ծաղրանքի ենթարկելուց, լեզվաբանական բնույթն ու նրա իբրև «պատահական» գործունեությունները շեշտադրելուց և իր բոլոր արձակ գրքերում հանդես է գալիս հօգուտ գրականության գլխավորապես բանավոր հատկության, որի դիմաց ամենայն միջնորդություն գրողիներաշխարհից՝ սնոտիպաշտություն է: Նույն ինքը՝ Պրուստը, չնայած դրա ակնհայտ հոգեբանական բնույթին` այսպես կոչված վերլուծությանը, բացահայտորեն ծայրահեղ հափշտակությամբ ջանում է անողոքաբար խառնաշփոթել, հարաբերությունները պատմողի և նրա հերոսների միջև. պատմիչներից ընտրելով ոչ նրան, ով տեսել է կամ զգացել, ոչ էլ նրան, ով գրում է, այլ՝ նրան, ով պատրաստվում է գրել (վեպի երիտասարդը, բայց, իրականում քանի՞ տարեկան է և ո՞վ է նա,– ուզում է գրել, բայց չի կարող սկսել, և վեպն ավարտվում է այնժամ, երբ ի վերջո հնարավոր է դառնում գրությունը): Պրուստը, հարդյունս արմատական հեղաշրջման, հիմ նեց արդի գրության դարաշրջանը, որպեսզի դրա փոխարեն իր կյանքը զետեղի իր վեպում, ինչպես ասում են հաճախ, այն վերածեց անգամ ստեղծագործության՝ ըստ իր գրքի օրինակի, հարդյունս որի, ինչպես ակնհայտ է, ոչ թե Շառլն է նմանակում Մոնտեսքյոյին, այլ Մոնտեսքյոն՝ իր անեկդոտային, պատմական իսկությամբ` հանդիսանալով Շառլից ածանցված լոկ երկրորդային պատառիկ: Վերջապես, Սյուրռեալիզմը` արդիության նախապատմության մեջ մ նալու համար, չէր կարող, իհարկե, լեզվին հատկացնել ինքնուրույն տարածք այնքանով, որքանով լեզուն համակարգ է, և այս շարժումը ոչ այլ ինչ էր, քան ծածկագրերի ռոմանտիկորեն, ուղղակի կործանումը. այդուհանդերձ, դա պատրանք է, զի ծածկագիրը չի կարող ոչնչացվել, այն միայն կարելի է «օգտագործել»: Բայց Սյուրռեալիզմը մշտապես հավաստելով իմաստային ակնկալիքների հանկարծակի հիասթափություն (սյուրռեալիստական հռչակավոր «ցատկը»), հանձնարարելով ձեռքին՝ որքան կարող է արագ գրել այն, ինչը գլուխն արհամարհում է (ինքնաշարժ գրություն), փոքր-ինչ ընդունելով գրության սկզբունքն ու փորձը, նպաստեց Հեղինակի կերպարի ապասրբականացմանը: Վերջապես, ինքնին գրականության ներսում (թեպետ այս տարբերակումներն արդեն անիրական են), լեզվաբանությունը հեղինակի կործանման համար տվեց վերլուծական կարևոր գործիք, ցուցանելով, որ շարադրանքը, որպես այդպիսին, դատարկ գործընթաց է, որը գործում է ինքնին` առանց զրուցակիցների անհատականության հավելման: Լեզվաբանորեն հեղինակը ոչ այլ ոք է, քան նա, ով գրում է, այնպես, ինչպես «ես»-ը ոչ այլ ոք է, քան նա, ով ասում է «ես». լեզուն ճանաչում է «ենթական», այլ ոչ թե «անհատականությունը», և այդ ենթական ինքնին իրեն որոշարկող շարադրանքից դուրս ոչինչ է, ի վիճակի է իր մեջ «պարփակելու» ողջ լեզուն, այն է՝ որն իրեն սպառում է:
Հեղինակի բացառումը (հետևելով Բրեխտին, այստեղ կարող ենք խոսել իսկական «օտարման» մասին, Հեղինակը նվազում է այնպես, ինչպես գրական բեմի ամենախորքի պատկերիկը) ոչ միայն պատմական փաստ է կամ գրության գործողություն. այն հիմնովին վերափոխում է ողջ արդի տեքստը (կամ, որ նույնն է, տեքստն այսուհետ ստեղծվում և կարդացվում է այնպես, որ հեղինակը նրա բոլոր մակարդակներում բացակայում է): Ժամանակը, նախևառաջ, այլևս նույնը չէ: Հեղինակը, համաձայն իր գրքի, եթե հավատանք նրան, մշտապես մտածվում է անցյալում. հեղինակը և գիրքը դասվում են միևնույն կարգին՝ բաշխված մինչև-ի և հետո-ի միջև. Հեղինակն [իր մեջ] սնում է գիրքը, այն է՝ գոյություն ունի նրանից առաջ, մտածում, տառապում, ապրում է նրա համար. նա իր ստեղծագործությանը վերաբերվում է այնպես, ինչպես հայրն իր երեխային: Ընդհակառակը, արդի մատենագիրը ծնվում է իր տեքստի հետ միաժամանակ. նա ոչ մի կերպ չի կարող գոյություն ունենալ իր գրությունից առաջ կամ դուրս, նա ամենևին էլ այն ենթական չէ, որի ստորոգյալը նրա գիրքը լիներ. չկա այլ մի ժամանակ, քան շարադրանքի ժամանակը և ամենայն տեքստ գրվում է այստեղ և այժմ: Բանն այն է, որ (կամ ի հետևանս սրա) գրելն այլևս չի կարող նշանակել գրառման, արձանագրման, վերարտադրման, «նկարագրության» գործողություն (ինչպես Դասականներն էին ասում), այլ այն, որը լեզվաբանները՝ հետևելով օքսֆորդ յան փիլիսոփաներին, անվանում են պերֆորմատիվ, հազվագ յուտ բայական ձև (բացառությամբ ներկա ժամանակի առաջին դեմքի), որտեղ շարադրանքն այլ բովանդակություն չունի (այլ շարադրանքից), քան արտաբերվող գործողությունն է, մոտավորապես՝ Ես ազդարարում եմ որպես արքաները կամ Ես երգում եմ որպես հնամենի պոետները: Արդի ստեղծագործողը հուղարկավորելով Հեղինակին, այդպիսով, ըստ իր նախորդների հուզիչ տեսքի, այլևս չի կարող հավատալ, որ նրա ձեռքը չափազանց դանդաղընթաց է նրա մտքի կամ կրքի համար և, ի հետևանս, հորինելով անհրաժեշտության օրենքը, նա պետք է ամրապնդի այդ ուշացումը և անվերջ «մշակի» իր ձևը. Նրա համար, ընդհակառակը, ցանկացած ձայնից պոկված ձեռքը կրում է զուտ նոթագրական ժեստ (և ոչ արտահայտություն), ուրվագծում է ծագում չունեցող դաշտը, –կամ որը, ծայրահեղ դեպքում, ունի այլ ծագում, քան ինքնին լեզուն է, այն է՝ անընդհատ վերանայում է ամենայն ծագման պատճառը:
Մենք այժմ գիտենք, որ տեքստը կառուցված չէ միակ, այսպես ասած, աստվածաբանական իմաստից ձերբազատված բառերի շարանից (Հեղինակ աստծո «ուղերձից»), այլ՝ բազմաչափ տարածությունից, ուր զուգորդվում և վիճարկվում են խայտաբղետ գրություններ, որոնցից ոչ մեկը բնօրինակը չէ: Տեքստը մեջբերումների հյուսվածք է՝ մշակութային հազարավոր ակունքներից բխած: Բուվարի և Պեկուշեի նման, միևնույն ժամանակ վսեմ և զավեշտական այդ հավերժ ընդօրինակողները, և որի խորին ծիծաղելիությունը ցույց է տալիս գրության իսկությունը. գրողը միայն կարող է նմանակել մշտապես նախընթաց ժեստը, բայց երբե’ք բնօրինակը: Նրա միակ իշխանությունը գրությունները խառնակելն է, մեկը մյուսին հակադրելը, բայց երբեք չապավինելով նրանցից որևէ մեկին: Եթե նա ուզենար արտահայտվել` ծայրահեղ դեպքում պետք է իմանար, որ ներքին «խոսքը», որը նա հավակնում էր «թարգմանել», ոչ այլ ինչ է, քան արդեն կազմված բառարան, որի բառերը կարող են մեկնաբանվել միայն այլ բառերի միջոցով և այսպես անվերջ: Օրինակելի է երիտասարդ Թոմաս դե Քվինսի հետ պատահած դեպքը, ով հունարենին տիրապետում էր այնքան, որ «մեռած այդ լեզվով խիստ արդի գաղափարները և պատկերները թարգմանելու համար,- ասում է Բոդլերը,- իր համար ստեղծել էր հար օգտագործելի և բավականին բարդ ու ընդարձակ մի բառարան, այնպիսին, որն արդ յունք էր միայն գրական թեմաներով ամենօրյա ջանասիրության» («Արվեստական Դրախտ»): Փոխարինելով Հեղինակին՝ գրականագետն իր մեջ այլևս կրքեր, տրամադրություններ, զգացմունքներ, տպավորություններ չունի, այլ միայն այդ ընդարձակ բառարանը, որից նա քաղում է գրությունը, որը չէր ճանաչում ոչ մի ընդհատում. կյանքը միայն ընդօրինակում է գիրքը, և այդ գիրքն, ինքնին, նշանների հյուսվածք է` մոռացված, անսահմանորեն ուշացած ընդօրինակություն:
Բոլորովին անիմաստ է դառնում տեքստը «վերծանելու» հավակնությունը, երբ Հեղինակը բացառվում է: Հեղինակին ներմուծել տեքստ՝ նշանակում է տեքստին պարտադրել կասեցման կտրուք, օժտել այն վերջնական իմաստով, փակել գրությունը: Այս հղացքը լիովին համապատասխանում է քննադատությանը, որն այդժամ կարևոր խնդիր է համարում Հեղինակի (կամ նրա գոյառումների՝ հասարակության, պատմության, հոգու, ազատության) բացահայտումը ստեղծագործության մեջ. երբ Հեղինակը գտնված է, տեքստը «բացատրված»՝ հաղթանակը քննադատինն է: Այդու՝ զարմանալի չէ, որ պատմականորեն Հեղինակի տիրապետությունը տիրապետությունն էր և Քննադատի, ինչպես և այն, որ այժմ Հեղինակի հետ միաժամանակ երերում է և քննադատությունը (թեկուզ նորը): Բազմաչափ գրության մեջ, իրոք, ամեն ինչ պետք է բացատրվի, այլ ոչ վերծանվի. կառուցվածքին կարելի է հետևել, «հյուսել» (ինչպես գուլպայի սկիզբ առնող հանգույցը) ողջ կրկնություններում և ողջ մակարդակներում` չհասնելով հիմքին: Գրության տարածությունը անցում է, այլ ոչ թափանցում. գրությունն անընդհատ իմաստ է արարում, բայց որ այն միշտ գոլորշիանա. այն ձեռնամուխ է լինում իմաստի հետևողական ազատագրմանը: Հայսմ ՝ գրականությունը (հետայսու կարելի էր ասել գրություն), հրաժարվելով տեքստից (և ողջ աշխարհից՝ իբրև տեքստի) «գաղտնիք», այն է՝ վերջնական իմաստը վերագրելուց, ազատագրում է գործողությունը, որը կարելի է հակաաստվածաբանական, ըստ էության, հեղափոխական անվանել, զի մերժում է կանգնեցնել իմաստը, որն, ի վերջո, նշանակում է մերժել Աստծուն և նրա գոյառումները՝ բանակնությունը, գիտությունը, օրենքը:
Վերադառնանք Բալզակի արտահայտությանը: Ոչ ոք (այն է՝ ոչ մի «անհատ») այդ չի ասում. նրա սկզբնաղբյուրը, նրա ձայնն իրականում գրության մեջ չէ, այլ՝ ընթերցանության: Փորձենք այս հասկանալ հավաստի մի ուրիշ օրինակով: Վերջերս կատարված հետազոտությունները (Ժ. Պ. Վերնան) բացահայտեցին հունական ողբերգության հիմ նական երկիմաստությունը. տեքստն անդ հյուսված է երկիմաստ բառերից, որոնք յուրաքանչ յուր գործող անձ յուրովի է հասկանում (այս մշտնջենական թյուրիմացության մեջ է և իրական «ողբերգությունը»), ընդ որում, կա և մեկը, ով լսում է բոլոր բառերն իրենց երկիմաստությամբ, և անգամ անձանց համրությունը, ովքեր խոսում են նրա ներկայությամբ. այդ «ոմնը» իրական ընթերցողն է (կամ, այս դեպքում, լսողը): Այդու՝ քողազերծվում է գրության ողջ էությունը. տեքստը կազմված է զանազան մշակույթներից ծագած տարասեռ գրություններից, և որոնք միմյանց հետ փոխհարաբերվում են երկիմաստության, պարոդիայի և հակադրության միջոցով: Բայց կա մի տեղ, ուր այդ բազմաձայնությունն ամբողջանում է, և այդ տեղը հեղինակը չէ, ինչպես ասում էին ցայժմ, այլ՝ ընթերցողը: Ընթերցողն այն տարածությունն է, ուր գրառվում են բոլոր մեջբերում ներն անխտիր, որոնցից կազմված է գրությունը: Տեքստի ամբողջականությունն իր բնօրինակի մեջ չէ, այլ՝ իր ուղղվածության, բայց այդ ուղղվածությունն այլևս չի կարող լինել անհատական: Ընթերցողը պատմություն, կենսագրություն, հոգեբանություն չունեցող մեկն է. նա լոկ ինչ-որ մեկն է, ով միևնույն դաշտում ի մի է բերում բոլոր հետքերը, որոնցից կազմված է գրությունը: Հայսմ՝ ծիծաղելի է նոր գրությունը հումանիզմի անունից դատապարտելու մտադրությունը, որը երեսպաշտորեն իրեն ներկայացնում է ընթերցողի իրավունքների պաշտպան: Ընթերցողը՝ դասական քննադատությունը, նրանով երբեք չի զբաղվել: Նրա համար գրականության մեջ չկա ուրիշ մեկը, քան գրողն է: Այսու՝ մենք դադարում ենք ամեն տեսակի հակաարտահայտությունների զոհը լինելուց, որոնց միջոցով արժանապատիվ հասարակությունը ազնիվ զայրույթով հանդես է գալիս հօգուտ նրա, ում իրապես նա հեռացնում, արհամարհում, ճնշում կամ ոչնչացնում է. մենք գիտենք, որ գրության մեջ իր գալիքը վերականգնելու համար, պետք է քանդել առասպելը: Ընթերցողի ծնունդը պետք է փոխհատուցվի Հեղինակի մահվամբ:

1968 թ.
Ֆրանսերենից թարգմանեց ԹՈՆԴՐԱԿԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0