Harutin » 15 апр 2011, 20:45
ԲԱՐՈԿԿՈ ՈՃԻ ՄԻ ՇԱՏՐՎԱՆ ՇԱՌԱ ԱՌԱՆՁՆԱՏԱՆ ՈՐՄԻ ՄԵՋ
Նվիրում եմ Դորին և Աջային
Թագի տակ բրոնզե,
Որ մեծ է նույնիսկ գլխին քարյա հրեշտակապետի,
Ում ոտքերը սկսում է մի օձ ուտել,
Քաղցրահամ ջուրը փրփրում և հյուսում է մազեր
Վերձիգ մամուռների կողքին, երկրորդ
Խեցու պռնկին իջնում թել-թել, ցածի
Երրորդ հսկա թասում լցվում, ապա ցնծուն
Շիթերով ի վար թափվում շուրթով ժանեկավոր
Եվ ծեծկռտուք է սարքում կամ վրան
Կապում ամռան` ֆավների ու նրանց սագերի համար,
Եվ երջանիկ` ջրի տրոհումով, համր
Անկմամբ, վերելքով համառ, անվարան,
Կաթիլների քաղցր կարկաչում
Աստվածիկ մի պարթևակազմ թեթև պարզում է թասն իր ձեռքի՝
Թավարծի իր շեքի եռքից.
Անմեղ-վավաշոտ իր ֆավնիկները իրար են կանչում
Այդ խաղաժամին, և ֆավնուհին
ճկվում է առաջ, փո՜քր-ինչ, դեպ ջրալույսերի
Պտտանցքերն ու իր մարմնի լիքը մսերի
Աշխարհիկ փայլում, ժպիտն իր թավ ու հին
Հառում ջրավազանի եռտերև
Ավազոտ հատակին, ուր շուքերը վետ-վետ
Երերում-չքվում են իրար հետ.
Անմիտ խաղ` աչքի ցանցաթաղանթի, իսկ ակներև
Անհեթեթ` մեր ուղեղի համար,-
Անեզրությո՜ւն է վայելքի: Բայց դե ամենն այս
Պոռթկո՜ւմ է, խլիրտ- և՛ պարզ,
Ե՛վ նախաստեղծ ջրվեժ: Չէ՞ որ մենք անհամար
Մտքեր ենք խճողում
Բյուրեղից էլ մաքուր մի այլ շատրվանի դեմ, որ Մադեռնան
Կերտեց սբ. Պետրոսի առջև, դեռ այն
Գլխաշիթն ընդվզում է վեր, մինչ թվում է, թե դողում
Նվաղեց ակտը կատարելիս, մինչև որ
Փոփոխվում է շիթի ցանկությունը,
Եվ պատրաստ է պայթելու ծանրությունը
Գլխի` պա՜րզ, բա՜րձր, ալիքվող օդով վար`
Լցնելո՛ւ ցոլքերով, ապա պրկելով
Շղարշի շրջագիծը, որ մոծակների պարսի կայծերում
Գեղալուսակիր կրկնակի՞ն իր ցրի
Եվ քարերի վրա հրճվի՞ ինքն իրեն ծափ զարկելով:
Եթե սա այն է, ինչը մարդկությունն է հենց
Կամ պիտ ներկայանա, եթե ջրային թրերն այս անուշ
Մեզ ցուցանում են arete-ի մի լավ նմուշ,
Ապա ի՞նչ են անում թրջված ֆավներն իրենց
Պսպղուն - ջրաշեն տներում:
Նրանք վայելում են տենչանքները լի
Այն ամենի, որն ի վերուստ տրված է` հաճելի`
Արևն ավազանի խորքում, ջերմ ցայտքերը ջրի
Եվ ավազանը` փայլամթամած:
Նրանք մերժում են մեր ձանձրույթն առ կյանքը,
Կոտորակումն անկանգ:
Սուրբ Ֆրանցիսկ Ասիզացին, ով հանգչի ողորմած
Ձյուների ներքո, դարպասների դիմաց,
Ինքը` ցրտահար, օրհնելով երկինքները վերին, այս ամենի մեջ
Կտեսներ ոչ թե զուտ ունայնություն, այլ երանությունը պերճ`
Այդ երկինքը` երկի՜րը հանդուրժող ծաղկանց,
Որը և՛ մերձ է, և՛ հեռու, հանց խոտը,
Ուր շողերն արևի դառնում են կույրերին բիբեր,
Իսկ ձեռք ու աչք` արժանի՜ են ջրի,- երկի՜ր անրջաբեր,
Ուր ձգտում են սովյալները բոլոր և ուր լցվում է հաճույքի օդը:
Թարգմանեց Շանթ Մկրտչյանը
