Harutin » 20 апр 2011, 21:14
Գլուխ Առաջին
Ամեն առավոտ նա դուրս էր գալիս,
Ամեն իրիկուն նա տուն էր մտնում
Եվ աշխարհի մութ առեղծվածներին
Ոչ մի պատասխան ու ելք չէր գտնում:
Ամեն օր թանձր մառախուղի պես
Կարծրանում էր նա դռան սալքարին
Եվ իր հեռավոր հուշերի խորքից
Երկար նայում էր անտեր աշխարհին:
Եվ իրիկվա հետ մթնում էր կամաց,
Եվ իրիկվա հետ փափկանում էր լուռ,
Մառախուղի պես ձգվում էր տեղից
Եվ լցվում էր իր սենյակը անբույր:
Եվ մայրը այդպես ապրում տարիներ,
Եվ տարիներով ոչինչ չէր անում,
Փակվել էր կարծես, կորել էր կարծես
Հեռու հուշերի կապույտ զնդանում:
Կիրակիներին գնում ժամատուն,
Թեքվում էր որպես աղոթքի կամար,
Երկար ու երկար շուրթերն էր շարժում
Կորած որբերի փրկության համար:
Նրա աչքերում կար անուժ տագնապ,
Եվ տագնապի մեջ՝ աղոթող թախիծ,
Որ մնացել էր պատերազմներում
Անտեր աշխարհի կործանման վախից:
Նա Աստվածամոր մոր տարիքն ուներ
Եվ հնությունը հոլովվող բառիս,
Բայց Աստվածամոր պատկերի առջեւ
Դեռ սարսռում էր ու կուչ էր գալիս:
Եվ որքան էլ որ աշխարհը պայծառ
Եվ հոգին լիքն է կյանքով ու երգով,
Սակայն մարդն էլի ապրում է դարձյալ
Վերապրումների ակնկալիքով:
Պատահում է ՝ մի փառավոր վայրկյան
Լուսավորում է քո կյանքը անտուն,
Եվ ամբողջ կյանքում ձույլ շղթայի պես
Այդ պայծառ հուշը հոգիդ է բանտում:
Կարոտն՝ հեծյալը այդ պայծառ հուշի,
Մնացած կյանքդ փշրում է, ջարդում,
Եվ դու՝ անմոլոր աստղդ հավատի,
Դանդաղ հալվում ես ու չես հավատում:
Ու չես հավատում, որ ինչ-որ մի տեղ,
Իր ադամանդե խեցու մեջ փակված,
Այդ ակնթարթը էլ չես գտնելու
Քո օրերի մեջ պաղ ու անարգված:
Էլ չես գտնելու: Եվ կյա՜նքդ, կյա՜նքդ
Ծածկված է անհուն տրտմության խավով.
Դու զարդարված ես կարոտով քո մեծ
Եվ զարդարված ես կորստյան ցավով:
..Եվ մայրը այդպես ապրում տարիներ
Եվ տարիներով ոչինչ չէր անում,
Փակվել էր կարծես, կորել էր կարծես
Իր մութ հուշերի կապույտ զնդանում:
Մայրը ոչ մեկին էլ չէր հավատում,
Լոկ Աստըծո հետ խոսում էր երկար,-
Աստված փրկության հույս էր հաղորդել,
Դրանից հետո կորել էր, չկար:
Այսինքն՝ գոնե երեւար մեկ օր,
Աստղի պես այսպես ցոլանա՜ր, գնա՜ր,
Մայրն ինքը արդեն կզնգար, ինչպես
Սուրբ ճշմարտության յոթնաղի քնար:
Սակայն փրկության հույս էր հաղորդել
Եվ հետո այդպես կորել էր մեկից,
Հուսահատ մայրը բան չէր սպասում
Ոչ զավակներից, ոչ սուտ աշխարհքից:
Իր սաղմը առատ տվել աշխարհին,
Տասնըմեկ շողուն խաչեր էր ծնել,
Տասնըմեկ անգամ զարկվել էր գետնին
Եվ բոլորին էլ մեկ-մեկ կորցըրել:
Բայց Ավագ խաչի կորստյան համար
Նա օվկիանոսներով արցունք էր հեղել,-
Նա, որ անհայտ էր կորել աշխարհում,
Իր կորուստների Սկիզբն էր եղել:
Եղել էր սերն ու վիշտը առաջին,
Իր մեջքին՝ գոտի, իր գլխին՝ կամար,
Թե որ այդ մեկը մնար, չկորչեր,
Գուցե այլեւս կորուստ չունենար:
Սակայն կորուստը մնում է կորուստ,
Կորստից հետո հույսն էլ ի՞նչ կանի,-
Մի հույսի դիմաց շրջում է շուրջդ
Հազար տառապանք` հազարաչքանի:
