Մի Քանի «Երանի», Որոնք Ինքնաբուխ Կերպով Դուրս
Թռան Նյու Յորքի Մանհեթեն Թաղամասում
Երանի այն տներին,
որոնց տանիքներին դեռ չեն տնկել
հսկող աչքն այն կարմիր՝
իբրեւ արյունարբու ազդանշան,
որ մթի մեջ թռչող օդանավը՝
այդ թառանչող հսկա կույր թռչունը հանկարծ
չբախվի մութ բախտին
եւ ցրիվ գա՝ որպես հիշողություն հանգած...
Երանի այն տներին, որոնք դեռ կարող են
թռչունների նման
ծվարել ու ննջել ծառերի ստվերներում,
որոնք ոչ թե անմիտ
հպարտության ողորկ, փայլուն մոլուցք հագած,
մխրճվել են երկինք
եւ ահազդու վերից
ճոճվում են մելամաղձոտ մարմինների վրա՝
որ նստած են, պառկած,
արթուն են, կամ հարբած...
այլ երանի նրանց՝
այն տներին խոնարհ,
որոնց վրա երկինքն ինքն է իջնում փափուկ,
եւ քնքշորեն, մաքուր,
շոշափելի՝ որպես քողը սիրած կնոջ,
եւ նրա պես աննյութ ու խուսափուկ,
այնքան կախարդական մրմունջներ է լցնում
դռնից, պատուհանից,
աչքերից ներս,
որ թվում է՝ կյանքը
հենց դրախտն է, որ կա,
եւ մեզ արարողը,
երկար տարիների մոռացումից հետո,
անակնկալ հանկարծ հիշել է մեզ,
մեզ-
իր կորստական զավակներին, ավաղ,
որ դրախտից մի օր դուրս մղվեցինք դեպի
դժողքը քաղաքների
եւ լուռ կոտորվում ենք խոնարհ ու հեզ:
Եվ երանի նրանց՝
թռչուններին այն սուրբ,
որոնք գլխի ընկան եւ շուտ փախուստ տվին
այս մեծ հրեշներից՝ փայլուն ու երկնահուպ,
որ չփտի երկինքն հենց իրենց մեջ շնչող.-
ախ, երանի նրանց ոգուն չերկնչող
եւ սխրանքին անմիտ՝
քանզի նրանց միտքը
իրենց ստեղծողի մոտ է պահվում.-
իսկ մեր միտքը, որ մեզ
տրվեց անվերադարձ,
(թող ինձ ներեն մտքի ասպետները այսօր),
մթագնում է սաստիկ,
ամեն վայրկյան փտում, լլկվում, կաղապարվում:
Ուզում եմ ձեզ ասել,
թե երանի նրանց,
ովքեր ոչ թե պիտի մեր երկիրը լքեն,
եւ կամ պիտի սուրան,
յոթը երկինք ճեղքեն՝
ուռած երակներով եւ աչքերով ուռած,
այլ երանի նրանց,
ովքեր ուրի՜շ-ուրի՜շ-ուրի՜շ աշխարհների
անգո հմայքները պիտի կրկին հերքեն,
եւ եթե կան նրանք՝
այդ քաջ մունետիկներն անգո աշխարհների,
պիտի մղվեն երկիր,
եւ հիացքով անհուն,
խոնարհությամբ սրտի,
մեզնից փոխ առնելով չքնաղագույն բառեր՝
սիրո, երջանկության եւ աստղերի մասին,
մեր այս պայծառ երկրի հմայքները երգեն...
Բարի գալուստ նրանց,
թող գան՝ ինչպես կուզեն,
մենք տերեւներ կտանք թզենի սուրբ ծառի՝
եթե հագուստ չունեն-
մարդ են-
եթե մերկ են: