Harutin » 20 апр 2011, 21:26
Մենք խոսում ենք կյանքի հրաշքների մասին
Մենք կյանքից հոգնել էինք,
Սակայն հավաքվելիս
Խոսում էինք կյանքի հրաշքների մասին:
Ամայության վրա
Փռված գիշերների
Անթեւ երազներով,
Մինչեւ դատարկության գագաթները ելած,
Եվ այս կյանքի ամենախոր անդունդների միջից
Խոսում էինք կյանքի հրաշքների մասին:
Մենք իրար աչքերի բիբերի բացվածքի մեջ,
Ձեռքի համանվագ երաժշտությամբ,
Սրտի կապտակարմիր մշուշներում
Եվ կարծր շուրթերի մեջ
Առօրյա կյանքն ենք դիտում՝
«Երկիրը ամեն օր ծնվում է.
Երկիրը մեծանում է,
Բազմանում է խոհերի նման...»-
Եվ մարդկային մեղքը
Զնգզնգում է մութի սաթե ականջներում:
Մեր մեղքերի առջեւ
Մենք խոնարհ ենք, ինչպես մի սեւամած գիշեր
Արեգակի առաջ...
Օ, խղճալի գիշեր,
Քո սեւությամբ այնքան չթանձրացար,
Որ գեթ մի շող ճերմակ լույս արձակեցիր,
Մի շող ճերմակ լույսով
կարող էին լցնել միլիոնավոր աչքեր,
Միլիոնավոր հոգիների
Վանդակապատ տրտմությունը կծակեիր,
Միլիոնավոր խոհերի մեջ
Կկանգնեիր հզոր միջնասյան պես
Եվ տիեզերքը կառանցքեիր:
Իսկ հիմա-
համբուրելով խավարիդ թաց շուրթերը,
Ես գգվում եմ քեզ.-
Այդ քո անհուն, անվերջ դատարկությամբ
Դու չես կարող լցնել մի աչք անգամ,
Մի հոգու բիբ.-
Սովորական երգի վերջին տողը լինել,
Սովորական աստծո ապաստարան,
Սովորական կրքի համար՝ եղեռնական,
Սովորական պոռնիկների համար՝ ձայն առնական,
Սովորական կանանց համար՝ կանացիություն ավանդական,
Սովորական կյանքի համար
Դու չես կարող լինել
Իմ տխուր կամ ուրախ վերջաբանը՝ իր ապագան,
Այնքան որ քիչ ես, սովորական:
Մենք կյանքից ձանձրացել ենք.
Բայց խոսում ենք կյանքի հրաշքների մասին:
Հարազատներս, ահա, շարված են իմ կողքին,
Նրանք հավերժության լողորդներ են մի-մի,
Նրանց դեմքերի մեջ կա հալվող մի կարծրություն,
Որ ես իմ աչքերով տեսնում եմ, թե ինչպես
Իրենն է դարձընում,
Ներլուծում է, տանում,
Կպցնում է իրեն ժամանակը հիմի:
Ժամանակը նրանց բերում է իմ առջեւ,
Նրանց հայտնությունը անակնկալ
Ցողցողում է բույրեր շրթունքներիս դողդոջ.-
Հարազատնե՜ր, տխու՜ր հարազատներ,
Ու՞ր եք կորչում այդպես, ու՞ր եք ցնդում ողջ-ողջ...
Ուր եք գնում... ահա՝
Նրանք հավքերի պես թռչում են իմ ձեռքից.-
Նրանց լուռ աչքերից,
Ինչպես կարոտների աննյութ, անծայր ժապավեններ,
Այս աշխարհի բոլոր փողոցները
Դուրս են քաշում
Ու փռում եմ նորից երկրագնդի վրա
Եվ փոշոտ հետքերս թողնելով քայլում եմ
Հալված սեւ աչքերի ասֆալտի վրայով.-
Նրանց աչքերից ես քաղաքներ եմ հանում՝
Փառաբանված
Ու մեծ.
Ու անցյալի պատմությունով հարուստ,
Ու այսօրվա կյանքով ռոմանտիկ,
Ինչպես ճերմակ պատի վրա
Հազարաոտք մի սարդ,
Ինչպես խավարի մեջ շարժվող սպիտակ ձեռք,
Կամ ինչպես ես՝
Արարատի գլխին,
Նախնադարում,
Մի նավակով,
Մենակ,
Ջրհեղեղից փրկված:
Նրանց աչքերից ես քաղաքներ եմ հանում,
Եվ տեղը մնում է
Հին քաղաքի գիշերային կապույտ լռությունը
Եվ լռության մեջ՝
Ինչպես վանականի խցում,
Իր երգերը կարդացող պոետի ձայն,
Մնում է մոռացված սաղարկ փողոցների
Սալիկներին լուծված տրտմությունը,
Մնում է չծնված ակնակիր մառախուղը՝
Մոռացությամբ ապրող ծովերի մեջ թաղված,
Մնում են անձրեւի սեւ թիկնոցները
Սպիտակ պատերին՝ կախիչներից կախված...
Մնում է.-
Մի մերկ աշխարհ, Երկիր՝
Սարքած զգացմունքից,
Եվ դեմքերի վրա՝
Լույսով շրջանակված երկու մթություններ՝
Կարոտներից շաղված:
Անձրեւի թիկնոցները հագնում են մեզ.
Նրանց համար դեռ կա
Մի հարազատ անձրեւ,
Եվ հարազատ, քան թե
Այս պատերը ճերմակ,
Կախիչները խոնարհ
Եվ մենք:
Եվ մենք մեր ուսերին
Գլուխների տեղակ շանթարգելներ առած,
Դուրս ենք գալիս՝ բոլոր
Անկապ փողոցները կապկպելու իրար,
Որ ստանանք մի մեծ, ամբողջական աշխարհ՝
Թարթիչների վրա նստած սֆինքսներով,
Թափանցիկ կոպերի ստվերներում պառկած
Կանանց մարմինների պատարագով,
Ձեռքերի մեջ սեղմած ռիթմերի
Անսանձելի կյանքով,
Մեր կողերում,
Մեր աչքերում ապրող
Միլիոնավոր անմեղ մանուկների
Լույսից չվախեցող
Բացված աչիկներով
Բացված շրթունքներով..
Մենք խոսում ենք
Կյանքի
Հրաշքների մասին:
