СТАНЬ VIP

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:37

*
Դուքը՝ չարարած աշխարհի չար ոգին, չար ուժը, չար դեւը,
չարացած աշխարհի չարությունն է, որ ամեն վայրկյան խլրտում է մեր շուրջը, եւ մարդը նրան պահում է գոնե մի նիզակաչափ տարածության վրա՝ տագնապելով. թե ո՞րը կկատարի առաջին ցատկը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:37

Մենք անհայտ կորածներ ենք

Մեր կարոտը ժայռ է կապտաշրթունք,
Որի վրա կանաչ մամուռներ են աճում.-
Եվ մեր ոգին փխրուն ջրվեժների նման
Մաշում է այդ կարոտը, փաթաթվում է նրան,
Եվ նրա ոտքերի տակ շառաչում է այնպես,
Որ նրա ապառաժե ծանրությունն է ցնցում.

Նրա ոտքերի տակ
Նախ բացում է փոքրիկ մկրտության խորան,
Ապա խորանալով
Ինչպես վերքը խեղված ժամանակի,
Ժամանակի, սիրո, կարոտների համար
Կորստյան խոր, ցավոտ անդունդներ է բացում:
Եվ ատամներն այքան դառն են գալի իրար,
Եվ աչքերը այնքան անտերունչ են հածում,
Որ անլեզու մեղքն ու տխրությունը վարար
Փոքրիկ,
անթեւ,
անօգ թռչունների նման
Թպրտում են խոսքի անզորության ցանցում:

Այդ մենք չէ, որ կանգնում ենք անդունդների եզրին
Ու տխրության անձուկ վանդակներում փակվում.-
Այդ մենք չենք կանգնում անդունդների եզրին.-
Անդունդներն են գալիս ու մեր առջեւ կանգնում:
Ծույլ-ծույլ ուղեղները սառը թմբիրի մեջ
Իրենց պատմուճանների կոճակների հետ
Խաղալով, ինչպես ներքինի,
Ոսկեհուր ցոլքերի դեմ փակելով աչքերի թմրությունը մեռած,
Կարկտաբեր ամպի պես կաում են մեզ վրա
շրթունքները ուռած,
Եվ ուռած շրթունքներից անդունդներ են ծնում,
Ծնում են միլիոն տարվա մեռելների բանակ,
Ծնում են միլիոնավոր լխկած պառավներին՝
Նրանց երախների ձայնով անդնդակուլ.
Եվ մեր չգտնված ճամփեքին են ցանում:-
Մգլած ուղեղներից հանում են մգլաբույր անդունդները մեկ-մեկ,

Ամենուր կախում են մութի քղացքներից,
Ճակատ առ ճակատ բախվում ենք մենք.-
Եվ մեզ ստիպում են, որ աշխարհին նայենք
Իրենց բացած նեղլիկ միջանցքներից:

Իսկ մենք, որտեղից էլ նայենք,
Երեւում է նրանց զարհուրելի անմտությունը,
Որի մեջ լփլփում է երգը անդունդների
Եվ քայլ առ քայլ երկրագունդը կուլ է տալիս:

Նրանք, որ ամենուր երկրագնդի վրա
Ազնվագույն երգի ցեղերն է պատմական,
Որ հրի են տալիս երգի ապարանքներ
Եվ խուլ քրքջում են թույնով ներոնական.-
Նրանք իրենց համարում են երգի մայրապետներ,
Իսկ մեզ՝ կեղտոտ հատակ,
Եվ իրենց մտքի գարշահոտ փալասները քսում են մեր դեմքին,
Որ մենք փայլենք.-
Նրանք հավաքում են մեր մանուկ ժպիտները մեր դեմքերից,
Պահում են թթված տակառների ուռած կողերի մեջ,
Որ ամեն գիշեր իրենց ճարպակալած մարմինները օծեն,-
Նրանք մեր ստեղծմանը խցկում են իրենց մտքի դույլերի մեջ,
Կախում են քավության անդունդների ճռճռան ճախարակներից,
Որ պատմության համար
Իբրեւ թե մեր մեղսագործ հոգիները
Չարքերից սրբագործեն:
Նրանք ամեն վայրկյան
Փորձում են մերկացնել մեզ,
Երբ մենք մեր հոգու մոնումենտալ մերկությամբ
կանգնած ենք անպարտելի
Ապոլոնի նման,
Կուրացուցիչ Զեւսի,
Ադամի պես...
Մենք ամեն անգամ փոխում ենք մեր ոտքը
Եվ մեր մյուս ոտքը միշտ մնում է կախված անդունդների վրա.

Եվ դեռ չենք կործանվում.
Քանզի մեր մի ձեռքը սիրո հավատարմությամբ
Ձուլել էինք արեւի ճառագայթին,
Իսկ մյուս ձեռքով շոյում ենք
քրտնած ճակատների հոգսը հավերժական.-
Մեր մի աչքը ուղիղ նայում է ձեզ.
Մյուս աչքով հողից
Բույլ-բույլ ծաղիկները քաշում ենք դուրս:
Իսկ դուք մեր հոգու ծաղիկների վրա
Տրորում եք մեր աչքի մեղեդին ծաղկալույս,
Մեր հայացքի բույրը դարձնում եք մշուշ
Եվ ձեր հորինած մշուշների, մառախուղների մեջ
Փնտրում եք մեզ.-
Մեզ՝ անհայտ կորածներիս (ի՜նչ հոգատար ձեռքեր )՝
Որ իբր վերացական մոլորության բավիղներում անլույս
Մեր ուղեղը դարձրել ենք արեւի փոշի,
Մեր երգերը դարձրել ենք անկապ մտքերի բնակարան,
Մոլորվել ենք այսպես,
Ու չենք կարողանում գտնել մի ճանապարհ,
Որ ելնենք դուրս:
Մեր մի աչքը նայում է ձեզ ուղիղ ձեր դիմացից,
Մյուս աչքով մենք ձեզ ետեւից ենք նայում.-
Եվ միշտ մեր մի աչքը ծիծաղում է անձայն.-
Մեր ծիծաղող աչքը մեր կյանքն է.
Մեր կենսունակ ոգին, մեր մշտագո ձայնը.-
Մեր երգի շարունակությունն սկզբնական,
Մեր հավատի հավերժորեն շարժվող թեւն անխափան,
Մեր սրտի երբեմն չարախինդ ընդվզումը ծիծաղելի,
Մեր անցյալը, մեր ներկան...
Օ՜, Տեր Աստված, մի՜թե
Նաեւ մեր ապագան...

Մեր ծիծաղող աչքը՝
Իմաստուն, անհիշաչար, անռովկան:
Թմրության ոխակալ մենամարտում
Մեզ համարում են կույրե՜ր, խելագարնե՜ր,
Կաղե՜ր.-
Եվ մենք մաս-մաս, մաս-մաս փոշի կդառնայինք,
Եթե մենք մաս-մաս, մաս-մաս փոշի կդառնայինք,
Եթե մեր մի աչքը
Չդառնար զոհ մյուս աչքի համար
Եվ այս մյուսը հավերժորեն չծիծաղեր,

Տվե՜ք ինձ իմ աչքերը
Որ ես կարողանամ
Հարազատի անբռնադատ մոտիկությամբ
Եվ իմ արյան մաքուր արցունքներով
Ողբալ կորուստներս,
Հարազատի անկողմնակալ հոգով
Մտնել մեղքերիս մեջ,
Եվ այդ ճշմարիտ ինքնագտնումի ճանապարհով գնալ
այնքան,
Մինչեւ կարողանամ գտնել
Բոլոր չիրագործված հեքիաթներս,
Բարձրանալ անմատչելի երազներիս գույն-գույն օղակներով,
Կարողանամ գտնել անվախճան որոնումս,
Ասել է թե՝ սերս.-
Իմ հայացքի տամուկ խորության մեջ
Ծանր ու թեթեւ անեմ ծանրությունը մեղքիս.
Տեսնեմ, թե որտե՞ղ եմ ծիծաղել ես,
Տեր Աստված, ծիծաղե՞լ եմ միթե,
Եվ մարդկության լուսավոր աշտարակների սրբության առջեւ
Այդ որտե՞ղ է, որ դարձել է մեղկ
Ու մեղանչել է հոգիս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:38

*
Ուզում եմ հավատալ, որ ինչ-որ տեղ դուք կաք դեռ,
Իմ արյան անքավելի մեղսագործներ,
Դուք իմ զմրուխտի վրա
Թեեւ չեք կաթեցնում հասունության նարինջ
Մի բուռ լաթի նման քամում եք իմ հոգին
Եվ «թույն է»՝ բղավում եք շողշողուն արցունքներիս.
Չեք պարուրում ականջներս ծիածանի երաժշտությամբ,
Չեք հագեցնում միտքս անհունությամբ խոսքի,
Չեք զղջում, պարսավում եք,
Չեք հոգում, այլ ցավում եք կարեկցությամբ իզուր,
Չեք օրորում, թեեւ իմ տառապյալ սիրտը երանությամբ ոսկի,
Այլ պատռում եք հոգիս
Ձեր բութ ծիծաղների հետեւանքով սայրսուր,
Թեեւ դուք ինձ համար չկաք ինչ-որ մի ցանկալի պահի,
Ինչպես անմահական պտուղ,
Որին երազում են եւ ապրելիս, եւ մեռնելիս,
Այլ կաք՝ հավերժ ներկա՝
Սիրտ, միտք հոգի մաշելու չափ,
Ձեր գոյության մասին ի՞նչ եք խորհում արդյոք,
Արդյոք ի՞նչ եք խորհում իմ գոյության մասին:

Տվե՜ք ինձ իմ աչքերը,
Եվ ես հայացքների անդորր ցնցուղներով
Կլվանամ հոգիները աղտից աշխարհային՝
Նրանք մանուկների նման կլինեն պարզ,
Կծլվլան առավոտյան թռչնակների
Ձայնով աստվածային...
Մթության մեջ ողորկ լույսեր կգտնեմ ես,
Եվ երկնային պարգեւ կդառնա մեզ համար-

Մութը հանգստավետ անկողին կդարձնեմ ձեզ,
Այլ ոչ եղծումների ու պղծության կամար:

Տվե՜ք ինձ իմ աչքերը,
Քանզի հավատում եմ, որ ինչ-որ տեղ դուք կաք:

Ես ձեզ լռությունը կդարձնեմ մոտիկ,
Կբերեմ մոտ հեռուն,
Եվ դուք կշոշափեք այն կուրծքը փակ,
Որտեղ թռիչքների զորությունն է եռում:
Ես ձեր հոգնած սիրտը կլվանամ սիրով,
Ես ձեր մութ աչքերը կլվանամ սիրով,
Ես ձեր հոգիները անմահությամբ կօծեմ,
Տվե՜ք ինձ իմ աչքերը.-
Դեմքիս վրա խամրող մեղքի զույգ դռները
Թողեք, որ ես գոցեմ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:38

Մեկը տխուր է, երկուսը տխուր են...

Մեկը տխուր է,
Երկուսը տխուր են,
Երեքը տխուր են,
Հարյուրը, միլիոնները,
Բոլորը տխուր են:
Մոտենում ես հանկարծ միլիոններից մեկին,
Եվ անփույթ ծիծաղների ծաղկեփունջը ձեռքիդ,
Հանում ես ծաղիկները մեկ-մեկ
Եվ թույլ գնդակների անզորությամբ
Շարում ես աչքերին, ձեռքերին, շուրթերին ու կրծքին,
Շարում-ծիծաղում ես՝
Հավատալով մարդու ամենազոր խելքին:
Եվ դու, որ քո առջեւ
Տեսել ես աշտարակված մտքեր,
Լսել ես անդունդներից ելնող
Ոգելից ամենալիր
խոսքեր,
Քո խոսքի հնչյուններն այլեւս
Չեն դառնում արթնության ղողանջ,
Չեն դառնում թեւեր զորավիգ,
Որ հոգնած մարմինդ օրորեն
Սեփական թախծի մեջ թերեւս.-
Թերեւս մատները շոյեն քեզ
Շուրթերի մելանխոլիկ քնքշությամբ.-
Չէ՞ որ երբ աշունդ մոտ է՝
Հնչյուններդ նետում ես
Աշնան տերեւների անփութությամբ,
Բայց աշնան տերեւների գույների հարստությամբ:

Նետում-ծիծաղում ես կրկին՝
Հավատալով մարդու ամենազոր խելքին:

Եվ մարդիկ, որ ունեն խելագարներ,
Իմաստուններ մտքի,
Իմաստուններ հոգու,
Որ ունե շղթաներ,
Շղթայակապ երգեր,
Նահատակներ ունեն
Մարմնավոր մեղկ կրքի,
Որոնք, այդ «հրեշտակները»
Իրենց կիրթ հոգիները
Խարսխում են մաքրության անբռնելի գաղափարին,
Եվ մարդիկ, որ ունեն առաջնորդներ հոտի,
Եվ ոչինչ չունենալու համար՝
Ունեն ծաղրածուներ,
Որ ունեն դահիճներ-տափարակներ վշտի,
Երջանկության անվերջ փոքրացող ածուներ,
Որ ունեն խրտվիլակներ-տիպար կատարյալի,
Ունեն պահապաններ-փարատիչներ մեղքի,
Եվ ծածկված հոգի-անցուղիներ ելքի,
Քառակուսի գանգեր-կաղապարներ երգի,
Մտքի՜,
Երգի՜,
Խոսքի՜,
Սրբազնագույն կրքի՜,
Սրբազնագույն կրքի՜,
Մաքուր արվեստների եւ անմաքուր հանգի,
Սեռամոլոր սիրո եւ խակ ակնածանքի,
Դեռ չաղարտված հոգու եւ աղարտյալ վարքի,
Սահման դյուցազնության եւ անսահման խելքի,
Ունեն կաղապարներ վերջին մեղանչումի եւ կտտանքի,
Եվ աստվածներ ... ավաղ... եւ աստվածներ չունեն,
Նախ լռում են մի պահ,
Ապա դուրս են քաշում քրքրված հոգիներից
Արհամարհանքի շղթաները փայլուն,
Որոնցից դառնությունն է կաթում հավերժական մեղքի:-
Քաշում-փաթաթում են քո մարմնի շուրջ
Ծիծաղների թունոտ դամբաններում փակված
Դառնությունը կյանքի:

Իսկ դու ասել էիր, թե մի թախծեք,
Մի տխրեք, ամեն ինչ լավ կլինի:
Մի ծառ ծաղկում է,
Երկրորդը ծաղկում է,
Երրորդը ծաղկում է,
Հարյուրը, միլիոնները,
Բոլորը ծաղկում են:-

Ամբոխը միջատների նման ցրվում է ծառերի մեջ,
Եվ բոլոր ծառերի տակ
Ժպիտների կանաչ ծաղկոցներ են փռվում,
Բույրերով, արցունքներով շաղախվում են հանկարծ
Հոգիները ստերջ,
Եվ ամուլ աչքերի բորբոսը ճեղքելով,
Քանդելով միայնության հանգույցները քարե,
Ծառերի ամատներին ժպիտներ են խրվում.
Եվ հանկարծ ներկան կշտացած աչքերով նայում է՝
Սակայն ոչ անցյալին,
Ոչ էլ ապագային.-
Ծաղրածուն ոստոստում է,
Արքան ծիծաղում է,
Ծաղրածուն թքում է իր արքայի ոսկեբանված գահին,
Արքան ծիծաղում է բարձր ավելի.-

Մի ծառ չորանում է,
Երկրորդը չորանում է,
Երրորդը չորանում է,
Հարյուրը, միլիոնները,
Բոլորը չորանում են..

Ամայի անտառները դառնում են կախաղաններ
Անեղծելի, մաքուր, սպիտակ փաթիլներին:
Մարդկային նոսրացած ամբոխը
Ճոճվում է կախաղանների պես.-
Կախաղաններն իրար գլուխ են խոնարհում,
Եվ ոգեղեն փայլը Սոկրատեսի,
Ապոլոնի հանճարի զրնգացող մերկությունը,
Նարեկացու մեղքը ամենազոր,
Տոլստոյի ոգեպատիր անսահմանությունը
Դագաղի մեջ դրած՝
Տանում են տափաստանյան մի հին ու քրքրված սայլով:
Մարդկային նոսրացած ամբոխը
Ճոճվում է կախաղանների պես՝
Սմքած, դժգունացած, մեռած բույր ու թույրի
անհուսատու փայլով:

Վաղեմի նժույգները քայլում են հենակների վրա,
Նրանց քառատրոփը
Հեռացող ժամանակի սաթե ականջներում
Տկտկոց է դառնում,
Կախաղաններն ընկնում են
Ու... նորերն են հառնում:
Քուռակները քիչ-քիչ ավանակի
Կերպարանք են առնում,
Կախաղաններն իրար գլուխ են խոնարհում,

Կախաղանները մարդկանց շարում են իրար կողքի,
Եվ ձեռքերին պահած դրոշակներ ցավի,
Արնաքամ մարմինները առաջ են խթանում.
Առա՜ջ, առա՜ջ, առա՜ջ:- Դեպի ու՞ր են տանում,
Ո՞ւր են տանում, ասե՜ք:

Կախաղաններն իրար գլուխ են խոնարհում.-
Փտած ոսկորներով զարնըվում են իրար
Եվ ոսկրային-դեղին քրքիջներ են հանում:

Զանգակների ձայնը՝ շոյող, անբռնելի, կանչում է քեզ,
Եվ դու մոլորվում ես կախաղանների անտառի մեջ՝
«Ո՞վ ես դու,
Որտեղի՞ց ես եկել
Եվ ո՞ւր պիտի քայլես...»

Ականջներիդ մանուկ սրսփումի վրա
Մի բու կռնչում է,
Մի վագր մռնչում է,
Մի նժույգ տկտկում է հենակների վրա.-
Մեկը տխուր է,
Երկուսը տխուր են,
Երեքը, միլիոնները,
Բոլորը տխուր են:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:38

*
Ասում են հայտնվել է մարդկության վերջին մարգարեն,
Եվ հասակը կարճ է,
Աչքերը գեղեցիկ են Սիոնի որդիների աչքերի պես,
Եվ նրանց դեմքերի պես դեմքը հոգնատանջ է,
Ձեռքերը գեղեցիկ են հողի նման,
Որի ճաքճաքներից ծաղիկներ են ծնվում.-
Եվ հասակը կարճ է...

Աշխարհը բարձրանում է իր թաթերի վրա,
Պարանոցը երկարում է առաջ,
Որ տեսնի վերջին մարգարեին...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:39

Մենախոսություն

Եթե մարգարեներ կան դեռ այս աշխարհում,
Եթե եղել են մարգարեներ՝ կիզիչ իմատությամբ,
Եթե եղել են մտքի հնձանները քամած
Երգեցիկ ճշմարտության այրեր՝ խոնա՜րհ, խոհու՜ն,
Եթե եղել են ու կան դեռ,
Արդյոք ինչի՞ է հասցրել մեզ
Նրանց տառապանքը անհուն,
Նրանց մտքի ճիգը՝ ազնիվ ու ծանրաբեռ,
Նրանց երազների ճախրանքը՝ մաքուր եւ անանուն.-
Այդ ամենը արդյոք ինչի՞ է հասցրել մեզ,
Եվ մեր վաղը արդյոք դեպի ու՞ր է տանում:
Մի՞թե նրանք մերկ ու անապաստան
Չնստեցին իրենց քանդված, խարխուլ տակառներում,
Մի՞թե որպես ծաղիկ, որպես
Բնության ձայնը մերկ
Չբուսնեցին նրանք հողե ծաղկամանում,
Եվ բիրտ քամիների երթերի տակ հանգան.-
Նրանց կողքով անցավ կյանքի ընթացքն անկանգ՝
Իմաստության համար հավերժորեն պարտված,
Սակայն արշավանքով զորեղ ու հաղթական:
Նրանք լույսը իրենց տկլոր մարմիններին
Որպես զգեստ հագան,
Եվ ձեռքերին բռնած փոքրիկ լապտերիկներ՝
Մարդ փնտրեցին այս գորշ
Ամբոխի մեջ անծայր,
Եվ Ի՞նչ թողեցին մեզ, բացի
Չքնաղ մի լեգենդից,
Միֆից, առասպելից՝ զարմանալի պայծառ:
Ախր ի՞նչ թողեցին մեզ,
Նրանք ի՞նչ թողեցին մեզ
Եվ ի՞նչ կարող էին թողնել,
Երբ մսեղեն զորքը
Պաշարում էր նրանց
իմաստությունն անեզր,
Պաշարում էր նրանց միտքը,
Որպեսզի այն օրհներ
Գահերի ցնծությունն ու արյան խրախճանքը անսեռ:
Այդ մսեղեն զորքը ասպատակում,
Գրոհում էր տաճարներ ու բերդեր,
Տափաստաննե՜ր, լեռնե՜ր,
Օվկիաններ ու գետեր,
Գրոհում էր այն ամենը, որ կար,
Որ ապրում էր արյան մեջ մեր հին,
Որ պահանջում էր կորով ու քանքար
Եվ մեզ, օրորելով,
Ապրեցնում էր դարձյալ անդունդների զեհին:
Նրանց ոգին՝ որպես փառքը իրենց ժամանակի,
Խաղում էր նիզակների սայրին,
Փայլում էր, շողում, շողշողում,
Երգում էր արեւող օրհներգը իրենց տան,
Թեեւ նիզակները
Իրենց ճառագայթը բորբոք
Այլ տեղ էին ուղղում
Եվ նրանք էին որոշում ընթացքը պատմության:

Իսկ հետո մարգարեներ՝ զորքով, զորագնդով,
Մարգարեներ եւ ի՜նչ մարգարեներ,
Նրանք քառատում էին ամբոխը
Զարմանալի խանդով,
Բաժան-բաժան անում ու բզկտում ավերջ,
Նրանք իրենց բարբաջանքը աննյութ
Մաղում էին տարտամ հոգիների վրա՝
Որպես սուրբ միջնորդներ
Անհուն ժողովրդի,
Նաեւ
Բազմապատիկ անհուն Աստծո մեջ:
Նրանք ժողովրդին բաժանեցին անմիտ բաժակների՝

Անհավատներ,
Հետո՝
Հավատավոր բանակ.-
Եվ մարգարեն մի՞թե պիտի խելագարվի այնքան,
Որ բարբաջի՝ «Նրանք
Փափագում են, որ դուք անհավատներ դառնաք:
Անհավատներ դառնաք, ինչպես
Անհավատ են իրենք
Եվ հավասար դառնաք...
Ուրեմն՝ բարեկամներ դուք չեք լինի, քանի
Դեռ չեն գաղթել նրանք ճանապարհով Աստծո:
Ու թե մերժեն հանկարծ՝
Դուք բռնեցեք նրանց,
Սպանեցեք նրանց,
Ուր էլ գտնեք նրանց...»:

Իսկ մեզ ի՞նչ է թողել
Նրա «իմաստությունն անքննելի»,
Նրա ջանքը, տագնապը, եռանդը,
Նրա միտքը, որ այսօր էլ էլի
Դեռ բորբոք է պահում իր նախնական խանդը:-
Նա մեզ ի՞նչ է թողել,
Ի՞նչ է թողել նա մեզ.
Մեզ թողել է զոհե՜ր, կրկին զոհե՜ր, զոհե՜ր,
Զոհված երազների հիշատակներ անմար,
Քանզի այս աշխարհում միշտ եղել են ու կան
Միլիոնավոր սրտեր,
Որոնք պատրաստ են, ախ, որ թիրախներ դառնան
Մի մոռացված կամ նոր գաղափարի համար:

Մի՞թե նա թողեց մեզ գոնե մի ձեռք,
Մի քնքշություն անհուն,
Որ համբույրի նման իջներ մեր վերքերի վրա,
Մի աչք, որ շոյեր մեզ
Եվ տար համբերություն մի մեծ,
Ինչպես այն տառապյալ Որդին,
Որ հավաքեց բույրերն ամեն ծաղիկներից,
Որ բնության մաքուր արցունքի մեջ շաղվեց,
Դրեց մեր վերքերին,
Որ քարի հետ քաղվեց,
Որ հողի հետ մաղվեց,
Որ աշխարհի վշտից քամվեց, անվերջ քամվեց,
Մաքրեց հոգիները թույնից, դավից, քենից,
Էհ, այդքան թույն ու դավ ինչպե՞ս եւ ի՞նչ պիտի աներ:
Նիզակը որոշում էր ընթացքը պատմության,
Իսկ նա մնացել էր անորդի ու անհեր:

Նա որբ է մնացել,
Կամ գուցե նա չկար,
Կամ գուցե չէր եղել, զառանցանք էր, չկար...
Ինչպես որ չկա այլեւս
Աշխարհը հին,
Սակայն այցելում է մեզ մեկ-մեկ
Վհատության, ցավի կամ հաղթության պահին:

Նա չէր եղել, չկար.-
Իսկ մեզ հարկավոր էր, որ ամրանա ոգին,
Որ մաքրվի մարդը թույնից, դավից, քենից,
Որ սարսափի առջեւ նա չմնա տկար,
Վախով քուն չմտնի ու չարթնանա քնից:

Իսկ ի՞նչ թողեց նա մեզ.-
Երկար դարերի մեջ
Կարծես ցնդեց, անցավ հեքիաթը բարության,
Եվ մնաց մեզ սարսափ մի անանուն,
Մի վախ
Անտանելի,
Մի զարհուրանք անհուն,
Դատաստանի տագնապ, որ մեզ
Անդամալույծ անում
Եվ մեր հոգիներից անվերջ ու անդադար
Քավության թե ցավի արցունքներ էր քամում:

Իսկ մեզ հարկավոր էր, որ ինչ-որ տեղ մարդը
Մարդավայել մի մեծ կռվից հետո
Վերջացներ պայքարն ինքը իր մեջ.
Կռիվն ընդդեմ չարի, գարշության դեմ քծու:
Ընսսեմ ավերակող ու ճարակող հրի,
Եվ կռիվ տար ոչ թե ընդդե՜մ, ընդդե՞մ, ընդդե՜մ,
Այլ լոկ
Հանու՜ն,
Հանու՜ն,
Հանու՜ն ուրիշների:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:39

Հավատի մագաղաթե լեռներ

Այդ որտեղի՞ց ծնվեց ճանապարհի միտքը
Մարդու մշուշաբույր, մերկ գանգի մեջ:

Այդ ո՞վ էր, որ ուներ թախծապարուր հոգի,
Անօթեւան, անբուն թռչունի պես
Խեղճ գլուխը դրեց իր թեւի տակ
Ու ճանապարհ ելավ,
Ու ճանապարհ գնաց՝
Իր աչքերը թացշե ափերի մեջ դրած,
Իր ոտքերի աներեւույթ սյուները թողնելով
Օդի թախծանվագ ճեղքվածքներում:
Այդ ո՞վ էր, որ գնաց՝
Ավանդելով թափառումի
Անհանգրվան ոգին:

Եվ մենք՝
Սեւ գիշերվա սեւ կոնքերին նստած,
Նրա եղջյուրների
Երկնաթռիչ, ծեղ-ծեղ պատուհանից
Լուսաստղ էինք ուտում,
Ուտում էինք խոսքեր,
Ու խոսքերի պատրանք մի սպիտակ,
Ու խոսքերի զնգոց կապտակարմիր,
Ու խոսքերի դեղին
Արյունն էինք ըմպում
Վաղնջական տենդով.-
Խմում էինք անապատի ավազների անհագ,
Շոգ ծարավով,
Եվ մեր մարմինների
Մոխիրները հալված
Կպչում էին իրար լեզվով պապակ
Ու անարյուն խանդով:

Եվ խոսքերի փերթ-փերթ ստերն էին
Մեր սնունդը միակ:

Մեր ճանապարհին
Աննվազելի ոգեւորությամբ
Ծամում էինք մենք
Հավատի մագաղաթե լեռներ.-
Աչքերի մենաստանները դարձնում էինք
Հանգստավետ հանգրվաններ կորած հոգիների,
Ստինքների ճերմակ տաճարները
Դարձնում էինք նվագարան
Եվ մատների դողդոջ հպումներով
Երգում էինք միայն ծննդոցի
Ու Հարության երգեր:

Մեր մատների հոգնած շրթունքներով
Բիրտ ժայռերի վրա
Գգվում էինք լուսնի դեմքն սպիտակ,
Ճեղքում էինք նրա չվերծանվող հեռուն,
Հետո մաս-մաս,
Մաս-մաս
Թաղում էինք ճամփի քարերի տակ:

Ժայռերի կրծքի վրայով
Հոսում էր երկինքը,
Եվ նրա կապույտ թարթիչներից
Սաղմոսներ էին թափվում անդունդների մեջ,
Երգի ծաղկաթերթերը չէին դժգունում
Կապ-տաթարթիչ երկնքի սեւ շուրթերի տակ:

Մոռացության անմեկնելի ու բյուրհանգույց
Ոլորանի վրա,
Պատարագի կանգնած ստվերների կողքով,
Խուլ զնգալով, ինչպես ձորը ընկնող լուսին,
Քարավանն էր անցնում Հույսի ու Հավատի:
Օ՜, այդ ճանաօարհը,
Օ՜, այդ երգը՝ գրված դաժան ձեռքով՝
Մեր տրտմության համար ու մեր բախտի,
Որի կրծքի վրա
Անջնջելի հետքեր թողեցինք մենք
Հոգով,
Մեր աչքերով,
Մեր շուրթերով,
Ձայնով,
Հառաչանքով հոգնած մեր ծնկների,
Սյունքների դողով,
Մեր մոլորյալ բախտի
Տարօրինակ աղով
Եվ ապրելու տենդով ամենազօր:

Օ, այդ ճանապարհը...
Որ անշուրթ էր, անաչք,
Սակայն փրկում էր մեզ՝
Դարսում իրար վրա
Իր կոկորդի փոշոտ խոռոչներում:

Իսկ երբ ծիծաղում էր,
Մեր վրայից փոշին բարձրանալով
Մշուշում էր կորած մեր ետդարձի ճամփան:
Իսկ մենք կարող էինք վերադառնալ՝
Թեկուզ փակ աչքերով, թեկուզ դյուրապատիր:
Չէ՞ որ մեր աչքերը թողել էինք մեր ետեւում:

Հազարավոր մղոն հեռվում թողած
Մեր աչքերի
Թափանցիկ ու տաք արցունքն էր, որ
Գլորվում էր մեր այտերի մաշված ժայռերի միջով:

Տիեզերքի բոլոր անկյուններում
Կա մի արցունք
Եվ անպայման անդունդների վրա կախված:

Եվ մենք
Մեր արցունքը գրկած գնում էինք առաջ,
Երբ նա, համբարձվելով, դարձավ մի զանգ,
Կախվեց երկնի կրծքից,
Ապա մեծանալով՝
Երգե՜ց,
Երգե՜ց,
Երգե՜ց
Ահագնացող մի երգ մեր փակ ականջներում:
Մոլեգնությամբ երգեց,
Տառապանքով,
Խոհուն մի տրտմությամբ.
Եվ աշխարհը իր փակ ականջներով
Դեռ լսում է երգն այդ ամենօրյա
Եվ ասում է՝ երկնում
կա մի երկինք:
Ու զնգում է զանգը
Մի մոլեռանդ կրքով
Ու հարատեւ սիրով Այն Ամենի,
Ինչը զարդարում է երկնի մերկությունը:

Եվ աշխարհը իր փակ ականջներով
Դեռ լսում է երգն այդ
Եվ ասում է՝
Թե երկինքը մերկ է,
Թե երկնքում կորած աստղեր կան լոկ,
Թե երկնքում Աստված
Բացակա՜ է:
Չկա՜:

Ու զնգում է զանգը՝
Երկրի վրա թղված աստվածների համար,
Մարդու եւ լեռների կախարդանքի համար,
Կյանքի՜ համար, մարդու՜, կյանքի՜ համար:

Եվ աշխարհը իր փակ ականջներով
Դեռ լսում է երգն այդ՝ ծունկի իջած,
Եվ երկնքի հանդեպ իր մերկ ստինքներով
Դեմքը դեպի արեւ-աղոթարանն արած՝
Շշնջում է ՝ «Երկրում
Աստվածներ կան թաղված,
Եվ հոգիներ չկան առանց մեղքի:

Ամենակալ երկինք,
Մեր ժպիտը ծովից հանած քարի նման
Չորանում է քո բորբ ճշմարտության առջեւ...
Վերընձյուղած սիրով մեր շուրթերը բացվում
Քո անունն են տալիս մեր փակ աչքերի մեջ»:-
Ու զնգում է դարձյալ
Այդ արցունքե զանգը
Պատարագվող անդուռ մի վեհությամբ՝
Հանդիսավո՜ր,
Հանդա՜րտ,
Վերածնվա՜ծ...
Եվ մենք մեր հին ցեղի հանդիսավոր երթով,
Մեր հին ցեղի հանդիսավոր գավազանը գրկած
Մեր նոր պճնանքներից ազատվում ենք հերթով,
Մեր ճակատից աղի քրտինք քամում
Ու գնում ենք՝ մեր ձիգ մարմինները բրգած:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:39

*
Մեր անդուլ, անհանգրվան երթի ճանապարհին ընկնողների վրա դնում ենք մեր լեռնաշխարհի երբեմն թեթեւ, երբեմն ծանր քարերից, որ տիեզերքում իր պտույտը շարունակի Հիշատակների երկիրը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:40

Շնորհակալ եմ քեզ, երկինք...

Օ, լռության կարկաչ,
Քո միալար հոսքով
Դու քշեցիր-տարար այն ամենը, որ մենք
Անհետացող կյանքի փոշի աճյուններին
Կամ կաթեցրինք խոսքով,
Կամ անխոսք դրոշմեցինք՝ «մեղա՜, մեղա՜, մեղա՜»...

Հիմա այս վայրկյանին
Եթե իմ մեղապարտ հոգով լցված իմ աչքերը հանկարծ
Բարձրացնում եմ երկինք
Կամ խոնարհում եմ ցած,
Այսպես՝ երբ խոնարհվում կամ համբարձվում եմ վեր,
Իմ դեմ ծանրանում է վսեմաշուք պատկերն այն մեծ մարգարեի,
Որ կնքված էր աջով արարչագործ ոգու
Եվ աղաղակով մրմնջում էր ՝ «մեղա՜»՝
Այս է հաստատուն խարիսխը քավության՝ շշնջալով:

Ուրեմն՝ ձեզ մեղա՝ ամուլ արգանդներիդ,
Որոնք չէին կարող Քրիստոսներ ծնել,
Ծնել մարգարեներ,
Եվ աստվածներ ծնել,
Աստվածային ախորժելի, բուրյան, սուրբ մաքրությամբ
Անաստվածներ ծնել,
Որոնք անաստված են միայն նրա համար,
Որ ծնվել են աստված.

Օ՜, մեղա՜ ձեզ, մեղա՜,
Ձեր ձայնարկու անգոյության վշտի բազմագույն գորգերին

Անշշուկ հպում են թաթերն իմ ոտքերի
Եվ զնգացող իմ տխուր մատներով
Շոշափում եմ ճոճքերը թափուր,
Մի կաթիլ անաղարտ աղերսանք
Դնում են ամեն մի ճոճքի մեջ,
Թե, օրհնյալ, մեղքերով բեռնաբարձ,
Աչքերով աղեխարշ
Ես ինչպե՞ս լցնեմ այս սրբության անոթները դատարկ:
Այդ ես եմ մեղապարտն այն նսեմ,
Որ սիրո ճառագայթն արգանդներից ներս ներարկելու փոխան
Մահու ճառագայթ եմ մեխել
Չծնված Քրիստոսի ճակտին.

Այդ ես էի, որ գլխաբաց,
Բազկացրիվ,
Մեջտեղ մտա, որպես
Մկրտության սեղան,
Սակայն մկրտվողներն ինձնից փախան, փախան,
Անդառնալի փախան...
Օ, մեղա՜ձեզ,
Ամուլ արգանդներիդ մեղա՜,
Քանզի ես կուզեի ձեր անապատ կրծքի կանաչ անկյուններում
Մանուկ հրեշտակների պարսեր խաղան,
Ես կուզեի, որ դուք լուսավորված լինեք
Մանուկ ձայնիկների թրթռուն գունախաղով,
Եվ պճնվեք նրանց անպաճույճ պճնանքների
Պերճանքներով վճիտ,
Եվ մաքրվեք նրանց մանուկ սրսփումի դողո՜վ, շաղո՜վ, շողո՜վ:
Սակայն, մեղա դարձյալ,
Ողջ աշխարհը լցվեց անթիվ կույր ու կաղով,
Որոնք ներքինացրին առնությունը խղճիդ:

Չծնվեցին նրանք, որ բույր էին համակ,
Եվ ամփոփված էին արարողի վսեմ պատկերի մեջ:
Նրանք անէության փափուկ ոլորտներում մնացին լուռ,
Որպես ծլվլոցներ անձայն,
Նրանք օդում, որպես չբռնըվող հիացք, թափառում են անվերջ:

Նրանք անցա՜ն, անցա՜ն,
Նրանց օրոցքներից էությունը հանվեց,
Քրիստոսների բույներ-օրոցքները թափուր
Մի անլեզու ճիչով անէացան:

Իմ տխրության գորշ-գորշ հովիտների վրա
Խաղում է ձյունը մեղմ,
Եվ ես հիացմունքով կրկնում եմ դարձյալ՝
«Շնորհակալ եմ քեզ, Աստված,
Որ այսքան մաքուր մի բան կա դեռ երկնքում»:

Հայացքս շպրտում եմ մառախուղի վրա,
Ճոճքի պես օրորվում է մեգը ամենօրյա,
Եվ սիրտս ճզմելով քամում է մեկն իր ձեռքում:

Ես հովտի մեջ բուսած մաքուր շուշան էի,
Մաքուր հովիտ էի, կապույտ սարեր,
Սակայն ի՞նչ պատահեց, որ արշալույս չեղա.
Ի՞նչ պատահեց.- խաբվեց երկինքը շափյուղա.-
Օ, մեղա՜ քեզ, երկինք, մեղա՜, մեղա՜...

Ես մոռացել եմ քեզ:
Ինձնից ծածկել եմ քո դեմքը՝ հավերժական մաքուր,
Քո հարաշարժ հանդարտությունը հանել եմ իմ միջից...
Քո մաքրության դեմքին փորձարկել եմ մեկ-մեկ
Բոլոր ձանձրույթները ֆիզիկական,
Քո չպղծված կրծքին, եղծված իմ շուրթերով,

Որպես ժառանգություն,
Դրոշմել եմ համբույրն իմ քիմիական,
Եվ ինձ՝ մեղապարտիս,
Հռչակելով որպես քո եզակի արքան,
Քո տերն ամենազար.-
Մոռացության, վշտի, կարեկցանքի, ցավի,
Անհուսության, մեղքի,
Այլասերված երգի,
Այլանդակված կրքի զսպանակին հեծած,
Թռչկոտում եմ փողոցների ծուռտիկ անհուսության ոլորքներով.-
Շենքերի արարքներից նայում եմ հեռախույս քո պատկերին,
Եվ իմ պարզ աչքերի անգիտակից մեղքում
Փլվում ես դու փոքր-ինչ համբառնալով,
Եվ ոչ այնպես, ինչպես աշտարակն է փլվում:

Օ,մեղա՜ քեզ, երկինք, մեղա՜ ամեն ինչից,
Մեզնից ծածկել ենք քո դեմքը՝ հավերժական մաքուր,
Քո հարաշարժ հանդարտությունը հանել ենք մեր միջից:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Ռեքվիեմ

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:40

*
Երկինքը մաքուր է, սպիտակ անսահման,
Անսահման ձյուների անեզրական մի դաշտ,
Եվ կարմիր թավիշ հագած մանկան նման
Խաղում է արեւը ձյուների մեջ.-
Խաղում, գլորվում է մանուկ մի հեթանոս,
Մանուկ մի ձյունապաշտ, կրակապաշտ...
Եվ այսպես երկնքով մկրտվում իմ հոգին,
Եվ դեմքս դեպի վեր եմ շուռ տալիս ես կրկին,
Եվ նորից ես նույնն եմ մրմնջում իմ մտքում.
«Շնորհակալ եմ քեզ, Աստված,
Որ այսքան մաքուր մի բան կա դեռ երկնքում»:

Սպիտակ ձյուների մեջ այս բորբ մանուկը թող
Հավերժորեն խաղա,
Իսկ ես պիտի կրկնեմ՝
Արեգա՜կ, քեզ մեղա՜,
Մենք մոռացել ենք քո վեհությունը միստիկ,
Եվ քեզ քո երկնային անձեռնահաս վերից
Քարշ ենք տվել ճղճիմ լակոտի պես
Դեպի մեր պոետական շաղակրատանքի
Լաբիրինթը ճղճիմ.-
Եվ մեր բորբոսաբույր մտքերի մեջ հիմա շղթայակապ ես դու,

Քո շողերի թվով շղթաներով,
Քանզի քո ամեն մի շողից
Հազարավոր երգերի դիակներ են կախված,
Քանզի քո սրտի մեջ հիմա ողբի՜
Ցավի՜
Ճիչի՜,
Աղերսանքի՜
Հազար միլիարդավոր աճյուններ են թաղված.
Քանզի քո արյունը մեր դառն, անըմպելի
Արցունքով է շաղված.
Ես վերստին կրկնեմ՝
Արեգակ, մեղա,
Քանզի ոչ դու կարգին մի արեգակ եղար,
Ոչ էլ ես մի կարգին արեւապաշտ եղա...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պոեմներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 2

⇑ Наверх
⇓ Вниз