Ոչ Թախիծ էր կարծես....
Եվ ջերմության կանաչ մամուռների վրա
Գլգլում էր ջուրը՝
Քնի, երազի մեջ մեր ծիծաղի ձայնով:
Հնձանների խեղդող տաքությունն էր հոսում
Մամուռների վրա,
Եվ լեռներում ծնված մանուկների ձայնից
Թպրտում էր ջուրը
Մեր թափանցիկ խոհի, մեր մատների միջին:
Այդ որտե՞ղ էր եւ ե՞րբ...
Մոռացության այդ ո՞ր հորիզոնի վրա
Ճեղքված ծնծղաների տափակ շրթունքներով
Կապույտ երազները հողին տալու
հուղարկավոր եղանք:
Եվ կապույտ հող եղավ
Երկրագնդի վրա,
Կապույտ բլուրները-կապույտ առագաստներ,
Որոնց վրա մի-մի մարգարե էր նստած
Մեր ուղեղի կապույտ միրաժի մեջ:
Եվ երկինքը դարձավ
Լույսով ճեղքված
Մի ոսկեգույն ծնծղա,
Որ արնանամ երգեր գռմռալով
Ահազանգ էր երգում մեր արյան մեջ:
Իսկ մենք թախիծ էինք ըմպում անհագորեն:
Թույնը երազների կապույտ ճանապարհով
Տանում էր մեզ դեպի անդառնալի անցում.
Մարգարեներ՝ նստած կապույտ բլուրներին,
Իրենց խոհերն էին աչքի բոցի վրա խանձում:
Այդ որտե՞ղ էր եւ ե՞րբ...
Անվայրափակ ոգու ընդվզումը հանգավ
Մռայլ կեսգիշերին վառած մոմի հանգույն,
Եվ անըստգյուտ սիրո ու կարոտի
ծանր մեղանչումից
Աստվածների ձայնով
Մի այլանդակ մանուկ ծնվեց երկրի վրա՝
Մի կիսադեմ Հուդա:
Ու կես դեմքով մարդիկ եկան աշխարհ,
Կիսած շրթունքներով
Եվ աչքերով,
Հոգով,
Կեսը-խավարի մեջ:
Այդ կիսադեմ մարդիկ-կիսած վագրի նման-
Այդ կես դեմքի սառը, խեղդող մռայլությամբ
Նայեցին մեզ
Իրենց կենտ աչքերի
Պարիսպների տակից:
Մեր միամիտ ոգու
Աշտարակը փլվեց մեր ուսերի վրա,
Եվ մեր սիրտը դողաց մեր մարմնի մեջ
Այրված ոստանների ծխի նման:
Եվ մենք այդ կիսավեր կամարների տակին
Ծունկի եկանք հոգնա՜ծ, փլատակվա՜ծ:
Ոչ ավերակ էինք,
Ոչ շեն էինք,
Ոչ տուն.-
Ոչ ձմեռ էր կարծես,
Ոչ թախիծ էր կարծես,
Ոչ ամառ էր ու տապ,
Ոչ էլ աշուն...
Խավարի մեջ թողած ծխի նման
Մեր սիրտն անէացավ մեր մարմնի մեջ.-
Մեր աչքերի տակին՝ թարշամ մանուկների նման,
Ծերի տեսքով երկու
Սրտեր եկան աշխարհ,
Կապույտ առասպելի
Թույն-թախիծով լցված
Մեր շուրթերից սրտեր կախվեցին ցած,
Մեր ձեռքերի վրա սրտեր էին դարձյալ,
Չանցած ճամփաների փոշիների միջով
Մենք քարշ էինք տալիս միլիոնավոր սրտեր՝
Մեր մի սրտի, ավա՜ղ, աճյուններից հյուսած:
Եվ կես դեմքով մարդիկ
Քայլում էին իրենց կենտ ձեռքերին խաչե խայծեր բռնած,
Քայլում էին լույսի եւ խավարի
Սահմանների վրա՝
Հոգով պոռնըկորեն տրված մութին,
Գնում էին որպես առաջնորդող
Եվ քարշ էին տալիս իրենց ետքից
Խաչելության պատրաստ,
Խաչելությամբ ապրող
Ամենօրյա տարտամ ժողովրդին:
Հոգիների կանաչ արոտներում ընկած
Եվ հանձնառու թիկնոց հագած առաքյալի,
Իրենց կես լինդերով
Մսխում էին վերջին ծիլը վերընձյուղած:
Հոգիների կանաչ արոտների եղեգների վրա
Թքում էին երգերն իրենց այլասերված հոգու,
Նրանց մատնիչ շնչից եղեգները հույսի
Դառնում էին հազարամյա կանգնած աճյուն:
Այդ կես դեմքով մարդիկ,
Մեզ կիսավեր արած,
Կիսում էին ողջը՝
Ինչ եղել էր ու կար այս աշխարհի վրա:
Կիսած ճամփաների դիակների վրա
Երջանկության լեռներն էին կիսում՝
բոլոր սրտերի մեջ՝
Կիսում էին թախծի նարինջները կապույտ,
Կիսում էին խինդի արոտներից ելնող ամեն հնչյուն,
Եվ քայլ առ քայլ Սեւ-սեւ սեպերն էին մեխում
Հույսի աշտարակին,
Ինչպես փայտահատը փայտ կիսելիս
Իր սեպերն է տնկում ողնաշարին կաղնու:
Այն խուլ մռնչյունը,
Որ ելնում է կաղնու որովայնից,
Այն, որ ժայռաբնակ ճարճատյուն է կարծես
Ու մերկ,
Ու անկապանք,
Ու բնության ձայնի որսված ազատությամբ՝
Այդպես դղրդում էր Աշտարակը Հույսի:
Կիսված սիրո ճեղքված երկնքի տակ,
Կիսված սիրո այգիների վրա
Մեր հավատը, թռչունն ուղեմոլոր
Թպրտում էր վշտի թեւերի մեջ:
Ու կիսադեմ մարդիկ
Կիսեցին այդ թռչնին
Ու կիսեցին դարձյալ,
Ու կիսեցին էլի,
Ու կիսածը նորից կեսկիսելով
Մեր հավատի սյունը դարձրին փոշի
Իրենց կենտ աչքերի հորիզոնի վրա
Հիմա մենք նստել ենք կիսված հողին,
Կիսված երազները մեր ծնկներին առել,
Եվ լուռ օրորվում ենք՝
Կես շուրթերի երգին համահնչուն:
Մեր շուրթերը հիմա ծնծղաներ են երկու-
Մեր ձեռքերի նման,
Մեր կոպերը դարձյալ ծնծղաներ են հիմա՝
Մեր աչքերի անտակ անդունդների վրա.-
Եվ մենք՝ անապատի բարկ շուրթերին ընկած,
Ոչ ավեր ենք կարծես
Ու ոչ շեն ենք կարծես
Ու ոչ էլ տուն...
Ոչ թախիծ է կարծես,
Ու ոչ մահ է կարծես,
Ոչ ամառ է ու տապ,
Ոչ էլ աշուն...