СТАНЬ VIP

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:47

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Razmik Davoyan.jpg
Razmik Davoyan.jpg (92.5 кб) Просмотров: 1487


Երեւանյան աշուն
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:48

ՆԱԽԵՐԳԱՆՔ

Աշնանային հովիդ ասեղը պաղ
կպավ այն թաղանթին մետաքսահյուս ու տաք,
որում-ինչպես որ օրերի պտուղը-
տեւական ու դանդաղ
հասունանում էր քո մասին երգը,
աշնանային իմ Երեւան,
հասունանում էր՝
իմ կրծքի մեջ դրված հենց այդ
անձեռակերտ թաղանթի տակ...

Ու քո աշնան հովի
ասեղը սուր ու պաղ
կպավ այդ թաղանթին-ոգուն այդ թռչնապահ-
եւ դուրս թռչելու այլեւս ճար չուներ
այն երգը, որ քնած
կախարդանք էր եւ կամ՝
դարերի մեջ հանգչող հեռու մի հնչյուն էր:

Հոգու իի՜նչ բրիչով
պետք էր նրան պեղել
եւ հասկանալ նրա չթարգմանվող լեզուն,
որ նա թափվեր վրադ
որպես խոր թաքցրած
գեղեցկության հեղեղ,
ճշմարտության հեղեղ,
լույսի, հույսի հեղեղ-մի բան, որ դրսում է,
բայց ապրում է... ներսում:
Այնտեղ, անքննելի խորքերում քո հոգու
դու պահում ես նրա կերպարը թանկագին՝
այն կտրիճի հզոր,
դղրդացող այն պատանու,
որ դարերի անմիտ փորձանքներին տոկում
եւ առջեւդ է կանգնում՝
անմահության շողուն
հանդերձները հագին:

Ես այդպես եմ տեսնում
քո պատկերն, իմ քաղաք,
տասնըերկուերորդ ծոռըդ
հայոց արքայական նկրտումի՝
դեմքիդ վրա ժպիտ,
սակայն հոգուդ վրա
չթափանցվող զրահ՝
ընդդեմ ներսդ խուժող խարդավանքի,
ստորության ամեն տեսակ սպրդումի:

Ես այդպես եմ տեսնում
քո պատկերն, իմ քաղաք,
շքեղափայլ, շողուն քաղաքների միջին,
նրանք՝ ոսկի հարճեր,
ծովափերին պառկած
օրորվում են խաղաղ
եւ ականջ են դնում
քո զորավոր ու զիլ պատանեկան կանչին:

Բայց ես չեմ հետեւի
քո ընթացքին այնպես,
ինչպես որսորդը քաջ, որ բազեն բաց թողնում
եւ սուր աչքը՝ վրան, եւ փափագով հրկեզ
հետեւում է նրան,
նրան՝ իր բազեին,
որ տեսնի եւ ցնծա,
թե ինչպես իր բազեն
բազմաբազում փառքի հաղթանակ է տոնում:

Տոնիր, ի՛մ թանկագին.-
հաղթանակիդ համար՝ իմ սիրտը քեզ ընծա:
Բայց ես այսօր լիքն եմ
քո մեղմ, տարաշխարհիկ աշնանային լույսով,
որ եւ տխրություն է,
եւ թախիծ է զուլալ,
եւ դրանից այնկողմ ուրախություն չկա.-
որ կարոտի նման
եւ կարող է սուրալ,
եւ կարող է սուլել,
եւ կարող է, նյութը կործանելով ագահ,
տխրությունից մարդկանց կաղապարներ
ձուլել,
որ կարող է զնգալ,
զգացմունքներ զորքել,
որ կարող է տնքալ,
եւ ժայռեղեն մարդիկ,
կամ Անգեղյա Տորքեր
դարձնել թավիշ արցունք,
ուրախություն դեղին...
...քո աշունն ինձ ահա
սրբում է եւ խանձում.-
ես՝ ուշացած սոխակ՝
քո լույս աշնան տեղին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:48

Ա.
ԵՐԵՎԱՆ, ես կենդանի եմ քո
աշնանային առավոտով՝
երբ զուլալ քո Լեռը Բիբլիական,
որպես բացվող օրվա հաջողության
անմերժելի նշան,
ճամփորդում է քո աշնանային
զուլալ օդով:

Ահա արդեն քանի՜ միլիոն տարի
նա ճամփորդում է, որ գա ու հասնի քեզ
քո այս առավոտին անմահական,
քո նրբակիրթ լույսին,
որ մարդկային հոգու ճահիճի մեջ անգամ
շողշողում է՝ որպես մի նորընծա լուսին.-
որպես երկնից իջած մի մանանա,
որպես անապաքեն ցավի ապաքինում.-
քանիի՜ միլիոն տարի
ահա գալիս է նա,
նա՝ քո բիբլիական ճամփորդը վեհաճակատ,
որ վերջապես հասնի
աշնան լույսիդ գինուն...
Գալիս ու կանգնում է... քո սահմանի վրա:

Եվ մի ակնթարթում
թախծանում է օդըդ նրա տեսքից.-
ճերմակ իր թախիծը
նա խառնում է քո շեկ բռնկումին,
երազային կապույտն իր լայնանիստ կրծքի
ֆոն է դարձնում քո լույս վարդագույնին,
եւ սահմանիդ վրա
այդպես տխուր կանգնած,
վայրկյանի հետ, ժամի,
օրվա, գիշերի հետ,
կամաց-կամաց,
լռին,
կամաց-կամաց,
նա մաշում է կարոտն իր ահագնած:

Նա կարոտն է մաշում,
իսկ Արաքսը ահա,
հայոց այդ դարավոր սուրը չժանգոտվող,
որ ճամփա է կտրում արդեն քանիի՜ դարեր,
արդեն քանիի՜ դարեր անհանգիստ ու անքուն
գալիս է, որ շողա զորեղ քո դաստակում,
(չմոռանանք՝ Մասիսն իր կարոտն է
մաշում).-
նա՝ քո այդ դարավոր
ճամփորդը խելապատառ,
իր մի շեղբով՝ Մասսի զայրույթն
ահագնակերպ,
մեկով ձեզ բաժանող սահմաններն է տաշում:

Դու՛:
Արաքսըդ: Եվ քո
Լյառն Արարատ:

Դու, Երեւան սիրո եւ կարոտի,
դու ամեն օր մի նոր գուրգուրանքով
նրանց շրթունքներին, նրանց ոտքերի տակ
լույսի մանանա ես ցանում առատ.-
ամեն առավոտյան աչքդ բաց ես անում՝
որպես լույսով օծված
սիրտդ քո անարատ.-
արեգակըդ՝ այդ քո ճամփորդը հավերժական,
որ քո գիրկն է գալիս ճանապարհով լազուր,
այնքան քնքշագորով ու վեհորեն այնքան,
ամեն առավոտյան
ելնում, կանգնում է քո
Գառնո լեռան ուսին,
նույնքան սքանչելի իր մատներով բազում
մութից, մառախուղից
նախ սրբում է ճակատն այդ քո Մասիս լեռան,
հետո սուրն է սրբում Արաքս գետիդ,
հետո համբույրներով ոսկեբերան
ոսկե մաղթանքներ է հղում օրվա երթիդ:

Ինչպես որ լեզուն է
տեր ու տիրականը բերանի մեջ,
եւ կամ՝ ինչպես աչքն է մարմնի վրա,
եւ կամ՝ ինչպես լուսին
աստղերի մեջ անթիվ,
այդպես քո Մասիսը՝
արթուն գիշեր ու տիվ,
թաքուն կախարդանքի գերող մի ցոլք վրան,
նայում է քեզ անվերջ, եւ աչքը չի թարթում,
որ չփախցնի հանկարծ գեթ մեկն այն մտքերից,
երազներից այն սուրբ,
մաքուր այն կրքերից,
որ իր մասին նա քո լույս դեմքին է կարդում:

Դու՛:
Քո գետը-Արա՛քս:
Եվ քո լյառը-Մասիս:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:48

Բ.
Քո երկնքում վաղուց
չեն ղողանջում զանգեր,
նրանց լեզվակները
համր են, թունապարուր,
եւ չեն քայլում մարդիկ
խոնարհաբար, անքեն
դեպի Աստծո տունը՝
սրտերն արած բարուր:

Նրանք ուրիշ մի տեղ,
ուրիշ մի հավատով,
որ լոկ իր սեփական
անձին հարմար լինի,
լվացվում են իրենց
կրքի մլար կաթով
եւ խմում են գոռոզ
ինքնամեծար գինի:

Սակայն որքան փխրուն
զգացմունքներ վճիտ
կայծկլտում են հանկարծ
հոգիներում նրանց՝
երբ նայում են խորքը
աշնան լուսե լճիդ,
որտեղ իրենց կյանքի
պատմությունն է գրած:
Եվ այդ խորհրդավոր
հոգեփոխման պահին
կրկին թեւ են առնում
հոգիները անքուն
եւ իջնում են այն լույս
սրբագործման գահին,
որտեղ քո աշունը
իր զանգերն է զարկում:

...Ահա գալիս է նա
քո խաշամի միջով
ցոլուն հմայքներով
իր գունագեղ քայլքի
եւ բռնում է փոքրիկ
ու նուրբ իր ականջով
անլիս արձագանքը
սրտիս թաքուն զարկի:
Նա գալիս է որպես
մի գունագեղ շարժում,
կաթնալույսի ծովով,
նարոտներով կապված,-
աշուն, բուժիչ աշուն,
Երեւանյան աշուն,
քեզնով կյանք են առնում
երազներս խաբված:

Կաթնալույսի ծովում,
նարոտներով անգին,
այդ գունագեղ նավը
ինձ իր գիրկն է առնում,
հազարամյա տաքուկ
քո աշունը հագին
օրորվում է թեթեւ
ու... համբառնում:

Համբառնում է նախշուն
գորգիդ վրա պառկած,
ինձ, իբրեւ ծառ աշնան,
սեղմած իր ոտքերում,
դա ոչ խենթություն է,
ոչ էլ աշնան արկած,
այդ քո սրբագործող
ցավն է իմ մեջ եռում:

Եվ այդ պահին արդեն,
աշնան գորգը էլ ի՞նչ,
ես դառնում եմ ոգի՝
հմայանքի վարժուն,
եւ մի տերեւն անգամ
բավական է, որ ես
ապրեմ նրա վրա՝
մինչեւ հաջորդ աշուն:

...Ահա, այն պատանին,
որ գնում է դանդաղ
եւ ցրիվ է տալիս
տերեւները դեղին,
եթե անգամ կյանքը
նրան տմարդորեն
տանջի՝ իբրեւ վանդալ,
նա չի դավաճանի
իր պատանու ցեղին:

Քանի որ լուռ այդպես,
եւ լույսն իր ճակատին,
քո իմաստն է տանում
կյանքի անապատին:
Քանի որ լուռ այդպես,
եւ լույսն իր ճակատին,
իր պատկերն է թողնում
նա քո աշնան պատին:

Ամեն անգամ դեղնող
տերեւներիդ վրա
նորոգվում է նրա
պատկերն աստվածային,
ամեն անգամ մեռնող
տերեւներիդ վրա
ունկնդիր եմ նրա
չթառամող ձայնին:

Ու վերքերիդ միջից՝
քաղաքակիրթ, խոկուն,
ամենօրյա հացիդ
անօրինակ վազքում,
կրկին տեր ես դառնում
քո մարդկային ոգուն,
երբ որ քո աշունն է
նորից հաղթանակում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:49

Գ.
Սա անիմաստ խա՞ղ է,
աբսու՞րդ, անմեկնելի
զգայությանց բախու՞մ՝
լցված աշնան օդի
ճոճքը լուսափափուկ,
երբ որ ծաղկի տեղակ բուրում է գույնն ինքը,
մահվան ձեռքերի մեջ
ժպտում է տաք, լուսեղ ու խուսափուկ...

Գորշ պարսպի վրա տերեւներն են գույն-գույն՝
աշնան վարագույրն է փակվում կարծես,
եւ մի զարմանալի վախ է պատում հոգուն,
թե՝ դրանից այնկողմ տխրություն է անծես.-
մինչդեռ, ախ, ի՜նչ զարմանք,
այն, ինչ տխրություն է՝
տխրություն չէ բնավ,
հոգու տոն է, սրտի ցնծում անպարագիր,
եւ դու վախենում ես՝ այդ պատն անցնել, գնալ,
եւ դեմ առնել ինչ-որ... մի անաշուն կյանքի:

Եվ առավել՝ հենց քո՝ Երեւանյան աշուն,
սքանչելի գոյից հանկարծ զրկված լինել,
բայց անցնում ես,
եւ ի՞նչ,
դեմըդ Աստվածն աշնան
ճարտար իր մատներով
կրկին գորգ է հինել:

Եվ գորգի տակ փափուկ ու մեղմախոս երգով
անցնում է քո գետը՝
քո Հրազդան ոգին,
նրա կիրճում աշունն՝ իբրեւ մեծ հանդեսից
մի կողմ նետված դեկոր,
շողշողում է փոքր-ինչ հեռվում սարսռացող
Արագածիդ գոգին:

Դու՛:
Քո Հրազդա՛նը:
Եվ քո լյառն Արագա՛ծ:

Նա, որ վաղուց ի վեր
խաղաղվել է արդեն,
ընդվզումի լավա
ու հուր էլ չի ժայթքում,
իր կրծքի մեջ հիմա
աղբյուրների եդեմ
եւ ջրերի զուլալ
զրույց ունի անքուն.-

Հովացնում է այրվող
սիրտը հին կրակից
արթուն այդ ջրերի
համբույրներով պաղուկ,
նա ամռանը սառցե
զրահն հանում հագից
եւ ձմռանը կրկին
ետ է հագնում, եղու՜կ:

Բայց քո աշնան ֆոնին՝
ոսկիներիդ վրա,
նա դառնում է ճերմակ
մի քառաթեւ թռչուն,
ալաբաստրե ճերմակ
թռիչքն ամենօրյա
սլացքի մեջ կապույտ
երկնքիդ է կպչում:

Եվ դու, քո լեգենդար
շոգից շնչակտուր,
սպասում ես նրա
զնգուն աղբյուրներին.-
կլանելով նրա
արցունքները մաքուր
եւ խեղդելով մի կերպ
շոգի նեռին,
քիմիական թույնով հիվանդ քո թոքերից
արտաթքում ես դու թույներ կուրացուցիչ.-
կուրանում է ձուկդ քո Հրազդան գետում,
եւ կույր փախչում է նա քո Հրազդան գետից,
որ կույր աչքով անգամ
չտեսնի քո որդոց վարքը ուծիչ:

Հրազդանը ծնող մայրը խելագարված
հեռու լեռների մեջ ափերին է զարկվում.-
այդ մայրն ինքը արդեն, խեղդված ու
խաթարված,
ինքն իր դիակները ափ նետելով անքուն,
իր աստղային գահից
այդ մի շիթը, այդ մի
ցայտքն իր վսեմ սրտի
ուղարկում է հովիտ եւ պապանձվում ահից,
որ նա էլ իր հերթին
կրկին դիակներ է ափ շպրտում՝
եւ ձկների՝ արծաթ,
եւ հույսերի՝ ոսկի,
եւ այն երազների, որոնց միջից
հեռանում է մեր վաղվա դեմքը տրտում:

Դու՛:
Քո Հրազդա՛նը:
Եվ քո լյառն Արագա՛ծ:

Բայց դու երկարում ես
քո վարդագույն թեւերն առ փեշերը նրա՝
աղերսելով շունչը իր կազդուրիչ հովի,
մեկ էլ տեսար՝ թեթեւ ճոճվեց ճակատիդ վրա
մութ-մթամած ամպը քո տքնավառ օրի:
Այո, հովի թեւին, վաստակածիդ նվեր,
նա աշունդ է ճամփում-պարգեւ չնաշխարհիկ-
եւ նա քո կիրճերից ձգվում մարմինդ ի վեր,
մաքրում է քեզ՝ իբրեւ չհատուցվող բարիք:

Աշու՛ն, բուժի՜չ աշուն,
Երեւանյա՜ն աշուն,
երբ որ գալիս ես դու,
(բայց այս իի՜նչ եմ ասում),
երբ որ շնորհվում ես՝ իբրեւ նվեր նախշուն,
երբ դու, իբրեւ կախարդական
մի կյանքի ջուր եւ կամ անբաղադիր հմայք
ճամփորդում ես մարդկանց երակներով.-
նրանք կամաց-կամաց,
նրանք կամաց-կամաց
դուրս են լողում իրենց պատյաններից,
բարեւում են իրար արդեն սրտով կարծես,
ոչ բառերով,
եւ ժպտում են իրար ոչ թե դեմքով միայն,
այլեւ հոգով, հոգու խոր ծալքերից,
եւ խոսում են ինչ-որ նոր բարբառով,
եւ խոսում են ինչ-որ ուրիշ հրայրքներից.-
- ընկերն ավելի է դառնում ընկեր,
որդին ավելի է դառնում որդի,
մեղմանում է սիրո հայացքը կեռ
եւ փափկում է սիրտը
նեղված ժողովրդի...
Մարդիկ, որ իրար հետ քայլում իրար կողքից,
սակայն հոգու խորքում
իրար խեղդում եւ կամ
կախաղան են հանում,
հանկարծ մելամաղձոտ քո ոգեղեն շողքից
բարության տաք, ջերմին մետաքսներ են
մանում...
Իբրեւ մղվում դեպի խորքը մենակության,
իբրեւ գնում դեպի առանձնություն լռին,
բայց խլվում են բերնից չարյաց անհագության
եւ ձուլվում են բարու հավերժական գրին:

Այնտեղ կանգնած է ՆԱ:
Այստեղ ԳԵՏՆ է հոսում:
Եվ ԴՈՒ՝ չնաշխարհիկ զգեստներդ հագած.-
Դու՛:
Քո Հրազդա՛նը:
Եվ քո լյառն Արագա՛ծ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:49

Դ.
Ես իի՜նչ զգացմունքով,
իի՜նչ մեղմությամբ սրտի
գրիչն ահա ձեռքս առա կրկին,
որ քո փառքը երգեմ եւ քո ժողովրդի,
եւ քո աշնան լույսով ու գույներով աշնան,
ինչպես ճառագայթով մութն են ցրիվ տալիս,
ցրեմ մռայլությունն իմ ամպամած երգի:

Սայլը դուրս բերեցի դեպի ճամփա,
հոգու տոնի համար
լրիվ կազմ ու պատրաստ,
սիրո չքնաղագույն զգեստներս հագա
եւ պահեցի սրինգն աշնան հովիդ դիմաց,
որ հովն աշնանային անցնի նրա միջով,
անցնի այնպես հնչուն,
այնպես կախարդական ելեւէջներ անի,
ինչպես որ իմ սրտի
միջով է կարկաչում:

Այդպես դուրս բերեցի սայլը դեպի ճամփա,
եւ հովը՝ մեղմ, բարի, մտավ սրինգի մեջ,
եւ պսակվեց կարծես սրտիս հովիտն ագահ
երազներով իմ հին եւ գույներով քո պերճ:

Սակայն ե՞րբ է եղել, որ դաշն իրար կամքի,
երկու լծկան գնան միեւնույն ճանապարհով:
լինեն աղոթողը միեւնույն հավատամքի,
հասցնեն նպատակին սայլը խեր ու բարով:

Լծկաններից մեկը,
որ երազն է իմ շեկ,
ուսը լծին տված,
դեպի հույսն է քաշում.-
այդտեղ ճչում եմ ես՝
-Հույսի ճտեր, խուժե՛ք,
դեպի Երեւանյան չքնաղագեղ աշուն.-

Եվ մյուսը սակայն՝ համառ ու տանջալի
ճանապարհից դուրս է ձգում սայլը կրկին
եւ հայացքով հոգնած, տխուր՝ իր արջառի,
ինձ տանում է դարձյալ պահի հոգսի գրկին:

Հոգսն իմ օրորոցն է եղել մանկությունից,
ես հոգսի հետ ընկեր-երկվորյակ եմ եղել,
նա երբեմն դուրս է եկել հունից
ու ծածկել է կյանքս ու հեղեղել:-

Բայց եւ մեկ օր պիտի թռչե՞լ հոգսի միջից,
ո՞ր մանուկն է մինչեւ իր օրերի վերջը
մնում օրորոցում.-
երկու թռչուն՝ մեկը
զարթնում, թեւ է առնում ուրախության ճիչից,
մյուսն իր ահարկու պտույտներով գլխիս
իմ հոգին է կտցում:

Եվ չեմ կարողանում ես քո հոգսի բեռը
նետել մի կողմ՝
իբրեւ որդի, զավակ,
իբրեւ տեր ու ծառա.-
անակնկալ ցավից վեր եմ ժայթքում որպես
մրրկածուփ մի հողմ
եւ ոռնում եմ խելքը քո ավարա՝
նրանց վրա, ովքեր
քո գլուխը դարման, թեփ են լցնում,
եւ աչքերդ են թույնով կուրացընում,
քո՝ պատանուդ սիրտը խեղդում թունաճարպով
եւ քեզ մի խոսք անգամ չեն հարցընում:
Ես գիտեմ, որ կանցնեն
եւ ժամանակ, եւ ցավ,
եւ դու կապրես կրկին
իմ երազին հարմար,
սակայն երգս մի պահ
տխրախոսուն դարձավ,
քանի սեւ լծկանն ու սեւ թռչունը համառ
ինձ քաշում են դեպի ակունքը քո ցավի,
եւ հայացքս թունոտ քո ամպերին հառում,
նմանվում եմ մի լուռ, տարօրինակ ծառի՝
որ եւ երջանիկ է լուսե ցնորքներով,
բայց եւ պտուղ տալու,
երջանկության պտուղ,
դանդաղում է սաստիկ եւ համառում:

Ահա, իմ սիրելի,
պա՞րզ է հիմա՝ ինչու՞
դու իմ հառաչներն ես լսում ավելի շատ.-
ես երբեմն որպես եղերական հնչյուն
դուրս եմ թռչում սրտից քո՝ վերքերից ուժատ.-
իսկ նրանք, որ իրենք մասնակից են դավին,
եւ որ խարդավանքով քո մարմինն են լլկում,
ողբերգու են կոչում Ռազմիկ Դավոյանին
եւ երգերիս վրա նույն մազութը թքում:

Բայց քանի որ եւ երգն է ադամանդ,
եւ դու ես ադամանդ՝ իբրեւ ոգի,
իբրեւ սրբագործված ծնունդ,
տասնըերկուերորդ ծոռըդ
հայոց արքայական նկրտումի,
ապա ձերն են բոլոր իմաստությունները
հնավանդ
եւ ծեսերը չքնաղ՝ հոգու տոնի:

Քո փայլի հետ պիտի
երգը փայլի,
քո քայլի հետ պիտի
երգը քայլի,
քանզի քո մեջ են արդ
եւ հրթիռից պոկվող զնգոցը աստղային,
եւ հեռավոր ճիչերն անմեռ Ավարայրի.-
ինչ որ կատարվում է,
մենք ասում ենք՝ գուցե դա՞ էր բարին,
մի պահ մոռանալով
իրոք մեզ պաշտպանող
խոսքն ու գործը բարի:

Ես՝ քո բարի գործի պաշտողն ամենաթունդ,
ես քո բարի գործի հիացողը անշեղ,
ականջալուր եղիր ընդվզումին որդուդ
եւ մի նետիր մի կողմ խոսքն իմ
որպես զառանցանքի տաշեղ.-

Ես խորհում եմ քո մե՜ծ,
անչափելի՜,
անտա՜կ,
մե՛ծ իմաստի մասին,
եւ աշխարհում որքան դեռ կան պսակ ու թագ,
որքան որ եղել են եւ կլինեն որքան՝
բնավ չեն հասնելու քո երազին...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:49

Ե.
Ահա աշնանացող հովը դեռ տաք,
շուլալվելով նրանց ծույլ երազին, ամեն աշխարհներից
քո լույս սրբարանը
ուխտի եկած հայոց ոտքերի տակ
տերեւներ է փռում-օ՛, գույնզգույն հուշեր-
անցնող-անցած-անցնող կյանքի մասին:

Ինչպես տերեւները՝ ոտքերի տակ,
այդպես նրանց մտքերի մեջ
հուշերն են խշխշում,
եւ նրանք, կուլ տալով իրենց արցունքը տաք,
մրմնջում են լռին՝
ՙԱշու՛ն, բուժի՜չ աշուն,
Երեւանյա՜ն աշուն...՚:-
Օ, հիրավի, նրանց սիրտը վերքապատար
ունի կարիքը քո բուժիչ բալասանի,
նրանք պատառ-պատառ,
պատառ-պատառ-պատառ,
ողջ աշխարհի վրա՝ եւ կիրճերով խորունկ,
եւ լեռ-բլուրներով կոտորակվող
արձագանքն են հայոց չխոնարհվող ձայնի:-
Օ, հիրավի, նրանց սիրտը վերքապատար
ունի կարիքը քո բուժիչ բալասանի:

Գեղեցկուհին գալիս՝
քեզնից աղաչում է գեղեցկություն,
զորավարը գալիս՝
սպասում է վեհիդ հրամանին,
նեղված հոգին գալիս՝
քո ոտքերի առջեւ
թոթափում է ամեն նեղ անձկություն,
երգիչները գալիս՝
ծունկ են իջնում վսեմ տաճարիդ մեջ,
որ հաղորդես ոգի իրենց բանին.-
քաջը գալիս՝ քեզնից
քաջություն է խնդրում,
եւ տկարը գալիս՝
նորոգվում է հոգով,
անիմաստը քո մեջ իր իմաստն է փնտրում,
պարտվածը ետ ճամփին
կարծես ետ է դառնում անպարտելի զորքով:
Հասուն այրը քեզ հետ մանկանում է կրկին,
եւ պատանին այրի խոհերով է օժտվում,
փիլիսոփան քո դեմ
ամոթով է նայում իր մտային բերքին,
անհաշտն անգամ քեզ հետ
բնավ չի էլ գժտվում:

...Ահա, նայիր նրանց-աշնան մրգերիդ մեջ
ծերերն են ման գալիս՝ իբրեւ հուշկապարիկ,
ոգիների նման՝ եւ անմեկին, եւ խեղճ,
առասպելներ լինեն կարծես թե թափառիկ:
Հասուն մրգերի մեջ, մրգերից էլ հասուն,
եւ տխրության որդը սրտերի մեջ պահած,
երբ չեն խոսում անգամ՝
կրկին թվում է, թե խոսում են ու խոսում
իրենց նախնիների բարբառը բարբառած:

Ես ասացի՝ ՙհասուն՚- մրգերի մեջ հասուն,
սակայն նրանք հաճախ
խակ-խակ չորացած պտուղներ են կարծես.-
պտուղն օտար հողում ե՞րբ է կարգին հասնում՝
որ սերմացու դառնա,
պիտի իր հայրենի հողով, օդով, ջրով,
պիտի իր հայրենի արեգակով թրծես,
որ թե գետին ընկնի՝
կրկին վեր բարձրանա:

...Խելամիտը գալիս՝
խելք է խնդրում քեզնից,
թուլամիտը գալիս՝
ելք է խնդրում քեզնից,
փառավորը գալիս՝
փառք է խնդրում քեզնից,
դարավորը գալիս՝
իր գոյության համար
վարկ է խնդրում քեզնից:-
Շինարարը գալիս՝
տուն է խնդրում,
գույնի տերը գալիս՝
գույն է խնդրում...
Եվ դու շռայլորեն տալիս ես ու տալիս,
քանի զավակներդ գալիս են ու գալիս:
Եվ պիտի տաս՝ որքան կամքն է հայոց ազգի,
որ չփչվի հունդը հայոց անմեռ հասկի:

Ես տեսել եմ նրանց
հեռու աշխարհների հրապուրիչ տոթում,
գայթակղիչ, հեշտին ալիքների վրա
օրորվելիս,
ես տեսել եմ նրանց այն ցուրտ եզերքներին՝
ճնճղուկների նման սառած օտար օդում,
եւ կամ՝ սոսկ գոյության կռվում հոլովվելիս.-
Եվ ամենուր՝ որպես գոյամարտը կյանքի,
ինչպես հսկայական նավը՝ իր խարիսխից,
այդպես անհայտության ամենակուլ ծովում
նրանք անունիցդ՝
այդ մի բառից կախված, ճոճվում էին...

...Լուսարարը գալիս՝
լույս է խնդրում քեզնից,
հուսավառը գալիս՝
հույս է խնդրում քեզնից,
կամքի տերը գալիս՝
կամք է խնդրում քեզնից,
կյանքի տերը գալիս՝
կյանք է խնդրում քեզնից.-
Եվ դու մեծանում ես, ելնում-մեծանում ես,
հավատամքիդ ծառը բազմախորհուրդ բոցում
ցույց է տալիս մարդկանց՝
որ դու ոչ թե միայն մեծ անուն ես,
այլեւ մտքի թուրմ ես
եւ ոգեղեն բոցյուն
բոլոր նրանց համար, ովքեր երազում են
թեկուզ մի ակնթարթ-հավերժության չափով-
կամ մի հավերժություն-նույնն է, թե՝
ակնթարթ-
իբրեւ քար՝ քո հողին
եւ կամ՝ իբրեւ աստըղ, շողալ քո տաք ծոցում:

Բայց եւ քո գոյության ամենօրյա վազքում
երբեմն անտեսելով հսկայական միտքը,
խոշոր այդ իմաստը քո կոչումի,
ոչ ոգեղեն-
ուրիշ-
որկորային քո ընթացքում
հաճախ մոռանում ես,
թե հայը ի՞նչ ունի,
կամ ի՞նչ ուներ
եւ կամ՝
նրան ի՞նչ է,
ի՞նչ է,
ի՞նչ է, ա՛խ, հարկավոր.-
ների՛ր, այս հարցերը մորուքավոր
չեն ծերանում եւ չեն ծերանալու...
...Ահա, վտակ-վտակ,
ահա, առու-առու,
ահա, կապույտի պես երազային
նրանք հոսում են քո
դեղին-դեղնածավալ աշնան միջով,
նրանք՝ որդիները քո տարագիր,
նրանք՝ հարցերը քո մշտաբնակ՝
նրանք վտակ-վտակ,
նրանք առու-առու
հոսում են քո ոսկի,
ոսկի-ոսկեվորած աշնան միջով.
չեն ծերանում եւ չեն ծերանալու:

...Եթե աղքատը գար,
եթե թույլը խնդրեր,
եթե անօգը քեզ
խնդրանքի ձեռք մեկներ,
եթե անապաստան, անտունը գար քեզ մոտ
եւ ապաստան փնտրեր,
եթե մոլորյալը խնդրեր ուղի ցույց տալ,
եւ սոսկ խռովյալը խնդրեր անդորրություն,
քո արածը կլիներ՝ պարտքի տակից դուրս գալ,
եւ վաստակիդ դիմաց
կստանայիր պարզուկ մի գոհություն:

Բայց դու մեծանում ես,
ելնում-մեծանում ես,
հավատամքիդ ծառը բազմախորհուրդ բոցում
եւ ճչում է մարդկանց,
որ դու ոչ միայն մեծ անուն ես,
այլ հավատի թուրմ ես
եւ ոգեղեն բոցյուն...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:50

Զ.
Թեեւ մարմինը կուշտ, հանդերձանքով պատած,
բնավ չի ենթարկվում
մայր բնության աղետ-շորշոփներին,
թեեւ աչքը մարդու՝ հացի համար հազար
վտանգներով ճղված ու կարկատված,
կրկին լույս է տալիս՝
ուզած եղանակի
հանդիպելով հողի խոպոպներին,
եւ հոգին էլ նույնպես եթե չի ավերված
մարդկանց չար բնույթից
ծնված չար հողմերով,
եթե չի բզկտված, անգթորեն գերված
կամ Պարիսով մանուկ
եւ կամ Նեռով,-
նա էլ մայր բնության ամեն եղանակի
լույս է տալիս՝ որպես լապտեր անմար.
գարնանը՝ ճոխ, զվարթ,
ամռանն՝ ամռան հանգի,
եւ թույլ, փոքր-ինչ պաղուկ՝ ձմռան համար:
Թեեւ գարնանը նա ծաղկում գարնան նման
եւ ամռանը կրկին
խտանում է ամռան տոթը որպես,
սակայն ինչպե՞ս,
ինչպե՞ս,
ի՞նչ հնարքով նրան
աշնան լուսաթավիշ, փխրուն, փիլիսոփա,
թախծապարուր հոգուն համեմատես...

Աշնան հովերն անտես ասպետների հանգույն,
գույն-գույն տերեւները որպես թիկնոց հագած,
արշավում են քո տաք փողոցներով անքուն,
որ քո բարձրակամար կամուրջների
ուսերին են պառկած.-

Օ, հիրավի՝ այդքան թեթեւոտն ու անհոգ,
նրանք ասպետներ են, հովիկներն այդ
խենթուկ,
ասպետիկներ՝ աշնան թիկնոցների տակին,
իրենց համբույրներով՝ հանկարծակի-
հանդուգն...

Համբուրում են դեմքդ եւ արշավում կրկին
նժույգների վրա թախծածիծաղ,
եւ մեկ սրտի նման՝ ափի վրա դրված,
բաբախում է աշնան փխրունաբախ հոգին,
մեկ էլ լույսը որպես՝
արշավում է թեթեւ,
դեղնաթիկնոց կապույտ քամուն հեծած:

Եվ նա մտնում է, տես, քո թաղերը հեռու,
հեռու՜, հեռու՜, ասես՝ մի Հայաստան անդին,
այդտեղ ապրողներին խնկի հոտ է բերում
եւ տեսիլքներ՝ բարձած ոսկե թամբին:

Ու երկնահուպ, անդեմ հրեշներից հեռու,
իրենց միհարկանի տների դեմ նստած,
մամիկները իրենց տաք հուշերն են էրնում՝
կորած երկրի համար
աչքի դուռը թակող
արցունքները զսպած:

Չէ՞ որ հենց նրանցից թալանեցին, տարան
եւ գարունը զմրուխտ, եւ ամառը ոսկի,
եւ քամեցին ոսկին անգամ նրանց արյան,
եւ քամեցին ոսկին անգամ նրանց բազկի:
Բայց աշունը՝ ինչու՞... եւ աչքերը հառած
դեպի ճամփորդներդ հավերժական,
նրանք խշխշում են՝ աշնան տերեւ դարձած,
այդ քո Արաքս գետի,
այդ քո Մասիս լեռան թռչունները որպես,
մեկի՝ ափին,
մյուսի՝
կրծքին թառած:

Գարնան ցանքսը՝ արյուն,
ամռան բերքը տարան,
բայց աշունը՝ ինչու՞... նա հոգի էր բուրում,
հոգին ի՞նչ են անում գիշակերներն արյան...

Եվ դու, իմ Երեւան,
ասես ոչ թե քաղաք,
այլ մի մոլորակ ես՝
երկրներով բազում.-
հուշաշխարհ է ամեն թաղդ թախծաշաղախ...
եւ նրանց մեջ ապրող ամեն մի մարդ
ասես լինի արնոտ մի հուշասյուն:

Ներիր այս բառերի համար, ներիր.-
գիտեմ, որ դու նրանց պարգեւել ես ուզում
երջանկություն վերին,
եւ խնդություն,
եւ փառք,
եւ կյանք հավերժական,
եւ հենց դրա համար դու նրանց տուն բերիր՝
իրենց ոստանների հուշաթեւին բարձած,
բերիր նրանց, դրիր քո Կիլիկիա թաղում,
քո Մարաշում, Մալաթիայում, երկրում քո
Սեբաստիա,
Անի տան մեջ, Վանում եւ Սասունում,
պարգեւեցիր նրանց
եւ պատվավոր ծնունդ,
եւ պատվավոր թաղում,
պարգեւեցիր նրանց գարուն,
ձմեռ,
ամառ,
եւ հատկապես՝ աշուն,
Երեւանյան փափուկ, բուժիչ աշուն...

Սակայն հովըդ ահա մտնում թաղերդ հեռու,
հեռու՜, հեռու՜, ասես՝ մի Հայաստան անդին,
այնտեղ ապրողներին խնկի հոտ է բերում
եւ տեսիլքներ՝ բարձած ոսկե թամբին:

Եվ դու, իմ Երեւա՛ն, ասես ոչ թե քաղաք,
այլ մի մոլորակ ես՝ երկրներով բազում,
կորած աշխարհներդ եւ ծովերդ խաղաղ,
կորած քաղաքներդ քո զիլ ձայնը լսում,
իրենց թափ են տալիս բեկորները անգամ,
թմրադեղի թույնից ազատվելով, ժպտում
եւ լսում են ձայնդ՝ որպես կոչ ու պատգամ.-
որպես կոչ ու պատգամ, դու նրանց մեջ ահա՝
քաղաքների, մարդկանց ու ծովերի,
բողբոջում ես, ծաղկում ու խլրտում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:50

Է.
Այն աշնանը, երբ ես
երազներով լցված, եկա քո մեջ ապրեմ,
դու ինձ թվում էիր որբի ապաստարան.-
Օ, ես այնքան էի սիրում քո աշունը,
որ երբ սառը մի օր վերջին տերեւները
հավաքեցին կապույտ փողոցներից,
ինձ թվաց, թե վերջին երազներս
նրանց խրձերի մեջ կապած տարան.-
Տարան, որ փաթաթեն ձմռան ծածկոցներով
եւ հրկիզեն հետո գարնան դռների դեմ,
եւ ինձ թվաց հանկարծ՝
այդքան երազ մեկից կորցընելով,
պիտի կյանքը, սերը եւ աշխարհը ատեմ:

Եվ ինձ թվաց՝ աչքը,
որ գոյություն ունի իբրեւ գեղեցկություն
թափանցումի մի դուռ սրբագործված,
այդուհետեւ կորած գեղեցկության առջեւ
պիտի փակվի հավետ լուռ ու խոցված:

Եվ էլ գույնը ի՞նչ է՝ պիտի չհասկանամ,
հոգու լույսին պիտի չհաղորդվեմ կրկին,
պիտի ոչ թե սիրտս աշխարհի դեմ բանամ,
այլ չբացեմ աչքս՝ չխոցվի իմ հոգին:

Բայց երբ քամին փչեց, եւ առաջին ձյունը
նստեց շորորալով
վարձու իմ սենյակի պատուհանի գոգին,
թեեւ ցուրտ էր, իրավ,
եւ ես լսում էի
իմ սեփական հոգու սրթսրթյունը,
թեեւ ասես ոչ թե
վարձու իմ սենյակի պատուհանի գոգին,
այլ իմ երազների
եւ իմ հոգու վրա նստեց բարակ ձյունը,
ու դեռ այդ բոլորը համարելով ոչինչ՝
ինչպես ծնունդիս հետ
հոգուս վրա նստած բարակ տխրությունը,-
բայց երբ աչքս սառավ բարակ ձնաքամուց,
ես շրջեցի նրան դեպի ներսը,
դեպի
այն խարույկը ամեն չարյաց կամուց...

Նա վառվռեց իմ մեջ աշնան գունախաղով՝
այնքան, մինչեւ հալվեց սառույցն իմ աչքերի,
մինչեւ բացվեց գարուն՝ հրաշք շող ու շաղով,
եւ ես դարձա մի նոր զառանցանքի գերի:
Այսինքն՝ այն,
որ դա,
այդ գարունը մանուկ
լույսաշխարհ էր եկել գալիք աշնան համար,
եկող աշնան համար
ցոլք էր դա խուսափուկ՝
կանաչ կտավ,
վրան՝
կապույտ երկնակամար.-

Օ, հրաշք էր՝ աշնան գալու համար
այդօրինակ չքնաղ մի սպասում.-
ծաղկում անասելի մինչ բոցավառ ամառ,
անկեղծ նվիրումներ եւ խոստումներ բազում.-
օ, հրաշք էր՝ աշնան գալու համար
այդօրինակ չքնաղ մի սպասում:

Երբ որ զմրուխտափայլ տերեւների վրա
մանուկ լույսը զվարթ խաղում էր ու ցոլում,
ասես տեսնում էի դալկանալը նրա
զմայլելի աշնան փխրունափայլ ծովում:

Եվ կանաչը իբրեւ կանաչափայլ շոգի,
տերեւների վրա շտապ թանձրանալով,
պիտի ցնդեր շուտով տաքության հետ օդի,
Երեւանյան շոգից իսպառ ձանձրանալով:

Ծիրանենիների բռնկումը ճերմակ
շուտով ճերմակ ամպի պիտի որ
փոխարկվեր.-
բոլոր գույներն ի մի՝ մի ամպեղեն վերմակ,
արեւի տակ պիտի գունազրկվեր, թախկվեր:

Ու զմրուխտը պիտի դառնար զմրուխտ շոգի,
վարդագույնը պիտի վարդագույն ամպ
դառնար,
եւ կարմիրը պիտի դառնար կարմիր հոգի,
հոսեր հորիզոնը եւ համբառնար...

Եթե կողքից նայես՝
դա նման էր մի պարզ ճամփորդության,
առանց երկար-բարակ գլուխկոտրուկների,
առանց փիլիսոփա ձեւանալու
եւ կամ պոետական ջրիկ շանորդության,
դա նման էր գույնի, ծաղկի, հոգու,
արյան, արեգակի
մի պարզ ճամփորդության.-
ճամփորդության՝ դեպի փխրունափայլ աշուն:

Ու ես հանգիստ արդեն,
հավատալով դրան,
ոսկորներս լցված
ձմռան ցուրտը դանդաղ փորձում էի մարսել,
իմ մեջ պաղ տխրության սառույցն էի մաշում,
եւ երբ այդ սառույցի
սիրո մերժման անհալ շերտին էի հասել,
ամառվա տապն արդեն գլորվում էր աշուն...

Իսկ ինձ համար թեկուզ այս օրերի հեռվից
կարծում եք, թե հե՞շտ է ՙսիրո մերժում՚ ասել,
ասել՝ ՙսիրո մերժում՚ մի պատանու համար,
որ հաճախ էր սիրո լեռնաշխարհի վրա
որպես արծիվ հզոր, որպես բազե՝
ելած թեկուզ մտքի երկնակամար...

Սերն ինձ քրքրում էր-
(դժվա՛ր է շատ,
դժվա՛ր...
անասելի դժվա՛ր...),
միտքս տանջանքն այնպես դառը գրգռում էր,
սիրտս ասես լիներ խարույկ թեժ-վառ...
Թեժ-վառ խարույկ, սակայն
սառույցներով փակած,
մի խելահեղ արծիվ՝
զսպաշապիկ հագած,
մի նորելուկ աստըղ՝
բայց վերից վար ճաքած.-
սիրտըս այդպես, սակայն
դեմքս դարձրի պատյան՝
ուրիշների սիրո
ճառագայթով լաքած:

Սպասեցի այնքան, մինչեւ եկավ աշուն:
Եվ սրբելով դեմքս ժպիտներից նախշուն,
եւ փարելով աշնան տարաշխարհիկ լույսին.
թեեւ մերժված՝ կրկին
ես սեր էի բաշխում
աղջիկներին մերժող,
մարդուն,
բույսին:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:50

Ը.
Դուք ձեռքներդ զգույշ քսեք մեր քարերին,
քարը հիշում է մեր ցավը.-
ամենից շատ՝ քարը,
հետո՝ լյառն Արարատ,
հետո՝ մեր արյունը քարերի մեջ հոսող.-

դուք ձեռքներդ զգույշ քսեք մեր քարերին,
նրանց պիրկ ջղերը կթառանչեն հանկարծ,
եւ կլսեք դուք մեր բախտի անկարելին,
հրաբուխն այն ողբի,
որ դեռ բաբախում է քարերի մեջ հանգած:

Դուք ձեռքներդ զգույշ քսեք մեր քարերին.-
հազարամյա ողբից ազատելով նրանց
եւ քերելով նրանց վշտի անքերելին,
եւ մեր սրտի վարդը ճակատներին դրած,
հանել, շարել ենք մեր բորբ պատերին.-
որ ձեզ ժպտա միայն վարդը մեր սրտերի՝
մեր ապրելու տաք ու բորբ դարերին,
ու թուլանա մի քիչ ներսը հերսոտ դարի.-
դուք ձեռքներդ զգույշ քսեք մեր քարերին:

Երբ որ տխրել եմ ես, կամ թիկունքս է այրվել
անմարելի վշտից մեր ազգային ցավի,
կամ մեջքս եմ դեմ տվել եւ կամ դիմահարվել
անօրինակ բուժիչ տաքությանն այս քարի:

Այս քաղաքում ապրած
բոլոր սերունդների
հոգուց մի մաս,
մի շունչ,
մի թանկագին մասունք
փոխարկվելով վարդի նուրբ թերթերի,
թրթռում է քարին՝
որպես պատգամը սուրբ:

Հիմա ես ձեզ իմ թանկ գաղտնիքը բաց անեմ՝
ես մտադիր եմ դեռ
երկար ապրել այստեղ,
ապրել երկա՜ր, երկա՜ր,
մինչեւ խորը աշուն,
մինչեւ տերեւները,
գույն-գույն տերեւները
ինձ հոգեդարձ անեն
դեպի իմ մանկության հովիտները նախշուն,
որտեղ կրկին-նորից ես բաց անեմ
ակունքներն այն զուլալ,
որոնք, ուր էլ գնամ, ինչ էլ որ ձեռք բերեմ,
ինչ պսակ էլ դնեմ իմ չարչարված գլխին,
մեկ է՝ ամենազոր իրենց գիրկն են քաշում:

Այս է ճանապարհը
իմ՝ դեպի ետդարձի՝
աշնան միջով-դեպի
մանկության տաք աշուն:

Դուք ձեռքներդ զգույշ քսեք մեր քարերին.-
ամեն անգամ հիշեք՝
առուծախի կոպիտ գործարքի մեջ
ձեր կոպտացած ձեռքը, քար չտաշած ձեռքը
այս քարերին տրված, քարերի մեջ դրված
հայոց հանճարների սիրտն է մաշում:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պոեմներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение

Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0

⇑ Наверх
⇓ Вниз