Harutin » 06 апр 2011, 23:14
ՆՈՒՅՆԻՍԿ ՄԻ ԿԱԹԻԼ…
Գուցե
Երազում էի տեսել քեզ,
Այն եղեգնուտում,
Որի... ամեն հանգույցից մեղեդի էր ելնում
Զեփյուռի փափկությամբ՝
Իմ անունը կրկնելով,
Եվ բոլոր այն անձրևները,
Որ հորդում էին այն աչքերից՝
Լճակի ձկների թեփուկներին.
Ասես մեկ անգամ էլ
Մեր սերը գարուն էր ապրում
Այն երազում.
Եվ դա դու էիր, դու,
Որ դարձյալ ինձ կանչում էիր երգով,
Եվ հորդում էին քո ամբողջության մեջ
Ամպերն անջատված...
Ավա՜ղ
Այժմ կտրել են բոլոր եղեգների կոկորդը.
Եվ ամռան զառամյալ երկնքից
Չի կաթում նույնիսկ մի կաթիլ
Ձկների տենդահար թեփուկներին,
Եվ... իմ անունը
Ոչ մի մեղեդու հնչերանգում
Չի կրկնվում՝
Հանդարտության այս ճահճի մեջ...
Պարսկերենից թարգմանեց ԷԴՈՒԱՐԴ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ