СТАНЬ VIP

ՓԻԹԸՐ ՆԱՋԱՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՓԻԹԸՐ ՆԱՋԱՐՅԱՆ

Сообщение Harutin » 10 окт 2010, 08:15

ՓԻԹԸՐ ՆԱՋԱՐՅԱՆ

Pitr Najaryan.jpg
Pitr Najaryan.jpg (6.88 кб) Просмотров: 646
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՓԻԹԸՐ ՆԱՋԱՐՅԱՆ

Сообщение Harutin » 10 окт 2010, 08:16

PUER ETERNIS (թարգմ. Ա. Արսենյանի)


Շարունակում ենք խաղը։ Աղոթում ենք, որ ոտքներս դիմանան։ Թե չէ, այն տղային կնմանվենք, որ միայնակ է խաղահրապարակում՝ հոգում երկինքն ու դարպասի տեսիլքը։
Նրա տենչերից ձմեռային ամպերը ցրվում են, ոտքերն ընդարմացել են սառած մայթին, ձեռքերն այտուցվել ու շառագունել են։ Թեթև քայլիր, քաղցրիկ մանչուկ, հյուսիր քայլերդ սառն օդի մեջ և դուրս լողա անկելությունրց։
Մարզվում է, մարզվում շարունակ։ Երազում է ամուր ոտքեր, երազում է ցատկել և աղերսում է. «Խնդրում եմ, թույլ տուր, որ ես էլ անեմ»։ Ո´չ հանուն փառքի, և կամ՝ հարստության, ո´չ էլ՝ ի սեր աղջկա, այլ իր համար՝ խորասուզված փառահեղության տեսիլքի մեջ։ Նրա տենչերն անսահման են, պետք է կատարյալ լինի բոլոր առումներով։ Ամպերը սպասում են, որ ձգվի-հասնի իրենց որոտին, Նա շրջվում է. ցատկում և գալարվում է մթնշաղի մեջ։
Վարում է գնդակը մութ փողոցներով, հարվածում է միայնակ քաղաք-շակայում։ Ֆըս, ֆըս։ Երբեք չի վրիպում։ Տուն է վերադառնում ուժասպառ, գնդակը կողքին, մի կաթսա ճաշի չափ քաղցած, որ մեծանա ու հսկա դառնա։ Հմայված նայում է մարզական էջին, սիրած հերոսների նկարները պոկում-փակցնում է ննջասենյակի պատին։ Եվ պատռում է գիշերը, որ մոտիկից տեսնի, զննի նրանց։ Մարզազգեստով աստվածներ են, երկրպագում է նրանց։ Ժամանակը կգա, ինքն էլ մարզազգեստ կունենա, և անունը տպված կլինի մեջքին։ Գեղեցիկ աղջիկներն իր անունը կվանկարկեն, և ինքն իր տեղը կգրավի մեծ խաղահրապարակում։
Կատարվեց. լուսնափայլը ձնածածկ կածանին և մարզադահլիճի պայծառ ցոլանքը։ Հողի բույրը հանդերձարանում, և սեռականքը հարմարավետ տեղավորված է կալանդի մեջ։ Կախարդական հատակի ճռռոցը և գնդակների թփթփոցը նախավարժանքի սրահում։ Սիրտը տեղից դուրս է թռչում։
Այժմ կշողան բազուկները, դեմքը կկարմրատակի ու կդողա։ Ճոճվում է։ Թափահարում է թևերը։ Կկարողանա՞ անել։ Կկարողանա՞ երանությամբ ճախրել վայրի օրհներգի միջով։ Խնդրում եմ, աղոթում է, խնդրում եմ, թույլ տուր, որ ես էլ անեմ։ Եվ գեղեցկանալ եղնիկի պես, և գայլի, և նույնիսկ՝ արծվի, անմեղ գազանի, որին երկրպագում է հոգում, հավերժ որսորդ ու որս, իրար կիպ կպած՝ սրբազան պարը պարելիս։ Խնդրում եմ։
Սակայն ոչ պայքարը և ոչ տենչանքը, ոչ էլ նույնիսկ ամպերը օգնել չեն կարող, և ոչ մի տղա չի կարող խուսափել անխուսափելի վերելքից։ Քանզի ինքն այնքան խելամիտ չէ որքան կցանկանար, և ինչ-որ մեկը միշտ էլ իրենից խելացի է:
Սովորում է ուտել, որպեսզի կարողանա հաղթել։ Պարտությանը դիմանալ անկարող է: Շրջվեց և հարվածեց լավագույն ընկերոջը։
Ամբոխն անողոք է, և թույլ է տալիս, որ տեսիլքը կորչի։
Վայր է ընկնում։
Տղամարդանում է։
Տարիները սկսեցին նահանջի երկարատև ուղևորությունը։
Աչքերում բնավորված սպիի տակ մշտապես բնակվում է այն հրեշտակի պատկերը, որ տարիներ առաջ կիրակի առավոտները վազում էր ու խնդրում, որ իրեն էլ «խաղացնեն», երազում էր լավ մարզիկ դառնալ, և այդ սպասման մեջ՝ աղի ոլորաբլիթի ու սոդայի հրճվանքը։
Հիմա արդեն քառասունն անց ենք։
Գալիս ենք խաղահրապարակ՝ անհաջող ամուսնացած կամ կքած դրամական խնդիրների բեռից, մեր ընկերոջ ինքնասպանությունից կամ սափրվելիս հայելու առաջ ունեցած ցավալի անհաջողությունից հետո։
Երբ մարզադահլիճ ենք մտնում ու հանվում, ամբոխը չկա։ Սևագործ, հացթուխ, իրավաբան, ուսուցիչ, գրող, նկարիչ, կահույքագործ, շինարար, առևտրական, բժիշկ։ Ծխողներ, գարեջրամոլներ։ Անհամար գեղուհիներ և կատարյալ աշխատանք տենչացողներ։ Մեզանից երկու անգամ ջահել երկրպագուներ։
Ուզում ենք ետ գա այն տղան, որ հիմա ճաղատ է ու փնչում և հևում է խաղահրապարակում, ագահաբար ցանկանում է մի հարված հասցնել։ Մեր ծնկները հավերժորեն չեն դիմանալու, սակայն շարունակում ենք վարել գնդակը։ Ոչ՝ հանուն փառքի և կամ հարստության, այլ բաժանելու այն, ինչ մեզ ողջ է պահում։
Այժմ մեկմեկու կարիքն ունենք, որ սատարենք իրար։
Այժմ ներում ենք հայցում` զայրույթի պոռթկումների համար։
Եվ մեղանչում ենք իրար հասցրած վերքերը հիշելով։
Սիրելի կանայք, հնազանդ ենք ձեր բարեհաճությանը և ներբողում ենք մեզ շնորհած շունչը։
Արդ մեզ մոտեցրու իրար և ուղարկիր այն տղայի տեսիլքի մոտ, որ թափառում էր տարօրինակ հարևանությամբ՝ փնտրելով դարպասը:

ԱՂՋԻԿԸ - 3
Ձմեռն անցավ, և գարունը հորդաց քաղաքից դուրս ուղևորություններով, ժայռոտ լեռներին թիկնած եկեղեցիների սպասավորների ուրվականներով, լցվեց Կոլորադոն հիշեցնող կիրճերը և Թահոյի ու Լուիզի կերպարով Սևանա լիճը։
-Արի,– Մկրտիչն ասաց ամերիկացի հորեղբորորդուն, ում շաբաթվա վերջին այնտեղ էր հրավիրել,– արի լեռը բարձրանանք։
Լեռան դուրեկան գոլը ձգվում էր անվերջանալի ծաղիկների միջով, գագաթից երևում էր լիճը, որ հովհարի պես բացվել-փռվել էր՝ մինչև կմիաձուլվեր հորիզոնին, չորս կողմից առնված լեռների մեջ, որոնց խոտածածկույթը ձմեռվա խոնավությունից հյութեղ կանաչավուն էր։ Ներքևի հովտում տեսավ խոտաբույսեր հավաքող աղջիկների լուսաշող պատկերը։ Հավերժություն էր։ Փոքրիկ մարմինները նման էին ծաղիկների, տոպրակները լցնում էին աղցանի և ապուրի համեմունքներով՝ թթվաշ, քաղցր և հաճելի կծու։
Սակայն բարձունքը և աչք շոյող տեսարանները տրտմություն բերեցին։
-Կարոտելու եմ քեզ,– ասաց Մկրտիչը,– ինչու չես մնում։ Ամերիկայում ոնց որ օտար լինես։
-Մնալ չեմ կարող, Մկրտիչ, ուր էլ գնամ օտար եմ։
-Ինչո՞ւ։
-Չգիտեմ։
-Գուշակում եմ, թե ինչու ես օտար։
-Ինչո՞ւ եմ օտար։
-Որովհետև մենակ ես, կին և երեխաներ չունես։
-Կին և երեխաներ չունեմ, որովհետև օտար եմ, օտար չլինեի՝ կունենայի։
-Երբեմն ինձ էլ է թվում թե օտար եմ:
-Ինչի՞ց է, եղբայր։
-Մտածում եմ՝ ո՞րն է իմաստը։ Քափ-քրտինք կտրած աշխատում ես, երեխաներ ես մեծացնում։ Հետո։
-Հետո նայում ես, թե ինչպես են երեխաներդ երեխա մեծացնում:
-Այդքա՞նը։
-Չգիտեմ, այդ էլ չունեմ:
-Այստեղ կմնաս։ Այս լեռան մոտ կգանք և կզրուցենք։
-Սիրելի Մկրտիչ։ Մանկությունդ հիշիր։ Երբ հասակ էիր առնում օտար էիր։
-էհ։ Շատ աղքատ էինք, բայց միշտ միասին էինք։ Պատմե՞լ եմ, որ քիչ էր մնում խեղդվեի։
-Պատմիր՝ լսեմ։
Երևանում ապրիլի կեսերն էին, օտարը հանրակացարանի սենյակից տեսավ գառնուկին, որն աղեկտուր մկկում և ձգում էր վզին փաթաթած պարանը։ Քիչ անց հյուղակից դուրս եկավ հայրը, կտրեց գառնուկի վիզը, և երբ սկահակը արյունով լցվեց, մատն ընկղմեց ալ կարմրի մեջ և որդու ճակատին խաչ նկարեց։
Եղեռնի ապրիլն էր, ազգը հավաքվել էր հիշելու, ինչպես հրեաներն են հիշում իրենց աղետը, որն այնպես ամուր է միավորել նրանց, երբեմն թվում է, եթե այդքան չկոտորեին, Իսրայելը գոյություն չէր ունենա, իսկ Հիտլերը հայրն է նոր ազգի։
Ապրիլն էր՝ բրնձով լցոնած խաղողի նորաբաց տերևների ու գառնուկի տժտժացող բուրավետ խորովածի։
Գետափնյա զբոսանքի և լեռնագոգին խարույկ վառելու ապրիլն էր, բայց նա, ում հորեղբայրների պարանոցները կտրել էին գառնուկի վզի նման, սպասում էր մինչև մայրամուտ, մինչև ամբոխը հեռանար։
Նման էր Դեթրոյթի Բել կղզու և Թեմզայի, Տիբրի, Տիգրիսի ու Գանգեսի ափերի զբոսանքներին, ինքը խոսում էր ամայության հետ, որն աղջկա տեսքով էր՝ դեմքն անվերջ թաքցրած։ Հիմա, վերջապես, դիպել էր աղջկա սրունքին։
Հասավ կամրջին, որ գերմանացի ռազմագերիներն էին օգնել կառուցել՝ մեջքած բերելով կամարի քարերը։ Մաքառել էին մինչև պատերազմի ավարտը, գիշերները խաչեր ու խաղալիքներ էին սարքել փոքրիկ հայ մանուկների համար, որոնք դրա դիմաց ուտելիք էին բերում։ Պատմություն, որ ոչ մի գրքում չի արձանագրվել։
Կամուրջը տանում էր դեպի ծառերը, լեռը բարձրացավ, որ գերիների պատմությունն էր ու խաչը, որ հայրն էր դաջել որդու ճակատին, իր նպատակակետն էր՝ գլխատված հորեղբայրների և անապատում անէացածների կրակատեղին:
Բարձրացավ դեպի ծառերը, որ մղձավանջն էին նացիստների և թուրքերի` երկուսն էլ արյունարբու։ Ինքը նացիստ էր ու թուրք, մագլցում էր սեփական ատելության հանգույցները՝ աչքերը վրեժից կուրացած և կոկորդը սեղմած ճիչից, որն անկարող էր դուրս ժայթքել։
Ժամանակն էր, որ ճչար ու պոռթկար, անարգել էին կյանքը, թուրքը հորեղբորն էր սպանում, նացիստը հրշեջ սանդուղքն էր բարձրանում: Ընկղմվում էր սեփական ցասումի խորքերը, թոքերը կծկվում էին ցավից, ցասումն արմատակալում էր ցավի մեջ, ցավը` ցասումի, մինչ ամեն շունչ առնելիս թուլանում էին հանգույցները՝ ինչպես ծերունի վանականը վիրապում և թին գերեզմանաթմբի մոտ, հիշողությունը հողափոր մեքենայի նման բզզում էր մեռյալների կողքին։ Հեռացեք, աղաչում էր մանչուկը խավարի մեջ, խնդրում եմ, հեռացեք։
Ձայնը վերածվեց սեփական զայրույթի, լռությունն անդրադարձրեց ճիչը։ Դու, դու, դու և դու, բղավեց։ Միակ ունկնդիրը ծառերն էին։ Վնասեցիր ինձ, վիրավորեցիր, անարգեցիր... Մենակ թող ինձ, գոռում էր սեփական ատելության վրա, խնդրում եմ, մենակ թող ինձ։
Մագլցում էր լեռն ի վեր, շնչառությունը շարունակում էր անդադրում վանականի ու քարերին զարկվող թիակի նման փորել քայլ առ քայլ բոցավառվող ատելությանը, ճիչը խեղդվում էր ներսում։ Դիմացիր ցավին, ասաց ծերունի վանականը։ Անկարող եմ, լալիս էր մանչուկը, անկարող եմ։
Ինքը կարող էր, ամեն քայլի հետ շունչը փորփրում էր համառորեն՝ մինչև քանդվեցին բոլոր հանգույցները, և ճիչը պայթեց աղետի սունկի նման, լուսանկարները ցիրուցան եղան քանդված պատերի տակ, սիրելիները փոշիացան։
Այլևս ոչ ոք չկար, միայն զեփյուռն էր ծառերի մեջ և նոր մայրամուտի մեղմ զովությունը, հորիզոնը դանդաղ կապտին էր տալիս։ Ինքդ էլ վերացար, զայրույթդ էլ, մնացին զեփյուռը և մկաններդ, որ ձգվում-գրկում են մոտակա ծառը։ Ավելին, քան ծառը... Թույլ տուր բռնվեմ քեզանից, թույլ տուր դիպչեմ քեզ, թույլ տուր դեմքդ տեսնեմ։
Վերքն ինքը հայտնվեց, այժմ վշտի էր վերածվել և խաչված ես-ի նման թաղվել էր էության ամենախորքում, վիշտ և ավելի մեծ վիշտ, անգղներ, որ հոշոտում էին սեփական աղիները, վիշտն իր ցասումի, որ քրքրում էր թոքերը՝ ավերված տաճարի նման, և ջարդում մկանները, դարձնում հաշմանդամ հայր, որը դպրոցից վերադարձող որդուն է սպասում։
Այժմ ինքը սեփական հայրն է, որի սրունքին մի անգամ հարվածեց մանկան կատաղությամբ՝ օգտվելով հոր անզորությունից, վերքն է, որ այժմ ցնցում է իր պորտը և թույլ է տալիս, որ լաց լինի։
Լալիս էր, դարերի լացն էր, վերքն ու բալասանը նույնն էին, պորտը ցնցվում էր ի նշան քավության, ամուր գրկել էր ծառը, եթե բաց թողներ՝ ամրությունը կխորտակեր չգոյության մեջ։
Ձեռքերը չէր թուլացնում, սեղմվում էր ծառին` մինչև լացը թույլ տվեց, որ կառչեր իր նավաբեկյալ կյանքի չոր ափից։
Բացեց աչքերը, սպասում էր ամայության, սակայն տարօրինակ և հարազատ անտառ տեսավ, ամենուր թարմության էր ու մաքրություն, կրկին մանուկ էր, հանդարտություն էր ու անդորր՝ ինչպես սերը, որ տենչացել էր ամբողջ կյանքում, և ծառը, որ վեր էր խոյանում որպես միակ վկա։ Շոշափեց ծառի կեղևը՝ իր հոգին էր, ճյուղավորվել էր, ինչպես իր շունչը, որ ընկղմվել էր ներումի մեջ։ Ոչ ցավ, ոչ ցասում, լոկ շունչն էր հոսում, և ինքը հոսանքն էր, և հոսանքն ինքն էր։
Հետո սպասում էր հոսանքին՝ անհետացավ, ինքը շարունակեց լեռը բարձրանալ՝ մինչև կհիշեր, որ ծառին հրաժեշտ չի տվել։ Շրջվեց, բոլորը միանման էին, չգտավ նրան, որին գրկել էր։
Երբ հուշակոթողին հասավ, իր նման մի քանի ուշացած այցելուներ տեսավ, հետները պտտվեց կրակի շուրջը, որ վառվում էր նրանց համար, ովքեր զոհվել էին Մեծ Ատելության պատճառով։ Հսկա կրակ էր, տարին բոլոր՝ անշեջ, ամեն ապրիլին մարդիկ գալիս և հիշատակի ծաղիկներ էին շաղ տալիս։ Ինքը ծաղիկ չէր բերել, հայացքը հառեց կրակի լեզվակներին, կարծես հորեղբայրներն ու մորաքույրներն էին, որոնց երբեք չէր տեսել։
Հոգնել էր, հոգնել էր ամենից, կարոտի ծաղիկներից ու լուսանկարներից, և թե ով ում հետ է ամուսնացել, և ում են ամուսնացրել նրանց զավակները, իսկ ուրվականներն ուղեկցում էին նրան՝ վայրէջքի պահից մինչև հանրակացարան ու Ամերիկա։ Վերջալույսի մեջ լուսինը նման էր փոքրիկ աղջկա, որ դարձել էր Պերսեփոնե։
Երազում գրկել էր նրան, սակայն վերքն աղջկան կլլել-տարել էր մեռյալների գիրկը, և աղջիկն իշխում էր այնտեղ որպես հուսահատություն՝ մինչև կրկին հառնեց բոցերի միջից։ Ինչ չքնաղ է, բայց ինքը կմահանա, չի տեսնի աղջկա դեմքը։

Անգլերենից թարգմանեց ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՓԻԹԸՐ ՆԱՋԱՐՅԱՆ

Сообщение Harutin » 10 окт 2010, 08:18

ՀՆԴԿԱՍՏԱՆ (թարգմ. Ա. Արսենյանը)




Ամերիկահայ արձակագիր և նկարիչ: Բնակվում է Բերքլիում:
1995 թ. արժանացել է «Անահիտ» գրական մրցանակին:
Հեղինակ է մի քանի վեպերի և պատմվածքների ժողովածուների:



Երբ դեռ շատ փոքր էր, աղջիկը երազում էր ամռանը մորաքրոջ տղայի թռչնաֆերմայում լոլիկ հավաքել ճանապարհի հակառակ կողմում բնակվող գաղթականների հետ և տեսնել, թե ինչպես են նրանք դոմինո խաղում կրնկի վրա բաց դռներով իրենց հյուղակում: Նրանց կյանքը հավանաբար ծանր էր, ինչպես դենիմի* և չթի մասին հեքիաթները` ճգնաժամի տարիներին, ընդ որում, ծանր կյանքը իմաստալից արտահայտություն էր, ինչպես, ասենք, իմաստնությունը կամ հերոսը, որ հավասարապես վերաբերում էր թափառաշրջիկներին ու հոտի անդամներին, որ ապրում էին խարույկների շուրջը և անվերջ կարտոֆիլ էին ուտում: Հետո հասակ առավ և աշխատանք ունեցավ Հարլեմում: Հաճախ էր իրեն դժբախտ զգում, սակայն ծանր կյանքը տարբերվում էր դժբախտությունից, և ուզած պահին կարող էր փախչել Հարլեմից մետրոյով կամ ավտոբուսով: Հնդկաստանում փախչելն անհնար էր:
Այստեղ է եկել, որպեսզի մահանա: Ժամանել է` ցանկանալով թափանցել խավարի մեջ, որ այնքան նման է մանկության կիսանկուղի աղբամանին, որից մշտապես սարսափել է, և հիմա երազում է, որ այն Պերսեփոնեի նման կլլի իրեն երկրի ընդերքում` մոխրի դույլը դռան հարևանությամբ: «Բարի գալուստ, - հրավիրում է վագրը ավիաուղիների գովազդից, - Հնդկաստանը ձեզ է սպասում», իսկ տոմս վերցրել է միայն մեկ ուղղությամբ, կարծես այլևս չի վերադառնալու:
Ճամփորդությունը շուտով կավարտվի, իսկ քարտեզի վրա յոդով ու քրքումով ներկված Ենթամայրցամաքը նման է սրտի, և իր ուղին երակաթելի պես ձգվում է տաճարներից դեպի քարանձավները: Բունգալոյի զուգարանում ջուրը կաթկթում է զիստերից, արդեն լվացել է սրբանը և մատները ցայել է փոքրիկ դույլի մեջ: Փորլուծն անցել է, կղանքը պնդացել է աղիներում, և ջրի մեջ միայն հատուկենտ բծեր են նշմարվում: Գոայի գյուղերից մեկում հորձանուտի մեջ հայտնվեցին, իսկ բակում խոզը փորձում էր հոշոտել: Ամենուր մաքուր զուգարան էր փնտրում, այդպես էլ չսովորեց բաց օդում «դատարկվել», ինչպես այն հաճելի տիկինը, որ սարին վեր էր քաշում և պպզում էր ուղիղ դաշտի մեջտեղում, մինչ վաղորդյան արեգակի երկարուկ շողերը խաղում էին նրա այտերին և փայլում արտաթորանքի վրա:
Հնդկաստան էր եկել մահանալու, տեսել էր, թե ինչպես պետք է պպզել սովորական մահկանացուի նման և այլևս երբեք նստուկի կարիք չունենալ: Հնդկաստան էր եկել, որպեսզի փախչեր կյանքից, և դա ստիպում էր, որ դիպչեր սեփական կղկղանքին և մատներով սրբեր հետանցքը: Երբ նստած էր բանյանի*** ծառի տակ, թութակը դուրս թռավ ճյուղերի միջից, իսկ բորոտը ողորմություն էր խնդրում գետնատարած արմատների ստվերում: Սկսեց ուրվանկարել նրանց, և երեխաների մի նոր խումբ մոտեցավ բախշիշ ստանալու:
«Բախշիշ, բախշիշ», աղաղակում են` ձեռքերը պարզած, որպեսզի մեկ պայսայի, գոնե մեկ ռուպիի արժանանան, որ ավելի շատ է, քան վաստակում է դոբին, որ ամբողջ օրը լվացքը քարին է շպպացնում: Մետաղադրամ նետեց նրանց ափերի մեջ, և նրանք անմիջապես անհետացան ծերացած եզի թիկունքում, որ բանանի կլեպ էր որոճում աղմկոտ երթևեկության ուղիղ մեջտեղում, մի աղջիկ էլ անիծ էր հանում մոր մազերի միջից, մյուսը թրիքի բլիթներ էր թխում պատին, որ արագ չորանան, իսկ ոտաբոբիկ տղան գոմեշին էր արածացնում:
Նկատելով թղթապանակը` տղան մոտենում է դանդաղաքայլ, զգույշ կատվի ձագի նման, աչքերը փոշոտ են, հիասքանչ, պաշտելի աչքեր և ցնցոտիներ, որոնցով Ամերիկայում նույնիսկ հատակը չեն լվանա:
- Մոտ արի, - ասում է աղջիկը, - մի՛ քաշվիր:
Աղջի՞կ է, չնայած` ի՞նչ տարբերություն, մատիտն այնպես է բռնել, կարծես ձու լինի կամ լորտու օձ:
- Այ, այսպես, ձեռքդ թույլ պահիր, ես քեզ կօգնեմ, - ասում է:
Ձեռքը կոպտացած, բայց դեռևս նուրբ է: Մյուս ձեռքով գրկել է նրա ուսն ու փորձում է որքան հնարավոր է վայելել նրա քաղցրությունը, սակայն երբ նկարելն ավարտում են, տղան արագ հետ է քաշվում: Լայ Թայի ոլորազարդ նկարն են պատճենում:
- Սուրբ կով, - քթի տակ մրթմրթում է իր գավառաբարբառով և շտապում է նկարը ցույց տալ քրոջը, որ աթար է թխում պատին:
Քիչ անց մեկ ուրիշ ցնցոտիավոր ջահել կին է թագուհու նման անցնում կողքով` ուտելիքով լի զամբյուղը գլխին, կեղտոտ ոտնամատներին` հսկայական օղեր, երեխաներից մեկը կողքից կպած կուրծքն է ծծում, մյուսները հետ են մնացել, և մայրը բղավում է, որ արագացնեն քայլերը: Ո՞ւր են գնում գիշերվա խավարի մեջ, երկնագույն բնապատկերը լուսապսակվում է դռնաբաց վրանների լապտերներով, ընտանիքները կուչ են եկել շալերի մեջ` որպես Ծննդյան մսուրի առաջ:
Հաջորդ օրը Բենարեսում Ծննդյան ճրագալույց է և սուրբ ջրի թաթախման երեկոն: Ափի երկայնքով քայլելիս գայթում է թրիքի շեղջի վրա և տեսնում է, թե ինչպես է հեռավոր արևմուտքցին սուզվում ջրի մեջ:
- Խմի՛ր, - հորդորում է արևմուտքցին, - ամեն ինչ բուժում է:
Հսկայատարած Գանգեսը, ուր մեռյալներին ձիթում և այրում են, բոլորին` բացառությամբ մանուկների ու անձեռնմխելիների, սրբերի ու կովերի, չդիակիզվածներին նետում են գետի ուղիղ մեջտեղը, որտեղ, ըստ ավանդության, փոքրիկ շնաձկները մաքրագործում են նրանց: Աղբակոլոլ ավերակի քարե աստիճաններին հիվանդ, մազաթափ, մերկացած որովայնով և մեծ, կարմիր ամորձիներով ծերացած կապիկը նստել, իր մայրամուտին է սպասում, մանրիկ աչքերը սառել-մնացել են կենդանական անմեղության խորքերում:
Քայլում է հոսանքն ի վեր, անցնում է վտիտ սադհուի**** և կլորադեմ վաճառականի կողքով, որ ամորձիներն են օճառում փաթաթաշորի ու կիսավարտիքի տակ, արևալույսը բոսոր ու ոսկեգույն է, կարծես փորձում է քողազերծել Հնդկաստանի հզորության գաղտնիքը, կովի գլուխը լողում է դարչնագույն կոհակների վրա, մուրացիկներից մեկը մակույկով զբոսաշրջիկ է տեղափոխում մյուս ափը, փոքրիկ տղան գոմեշին ճիպոտահարելով տանում է լողացնելու, և հսկա կենդանին խոնարհել է պոզերը` իբրև հաղթանդամ սամուրայի, իրականում` փոքրամարմին կայսեր առաջ, ջահել կինը պալատական պարուհու նման մազերն է լվանում-սանրում, ապա չորացնում է քամհարելով, մինչ ջուրը խլում-բերում է նարգիզի ծաղկեպսակները ափին դրված դիակի վրայից, և դրա անկյանք ձեռքերը այրվում են դիակիզման խարույկի մեջ: Ծիծառները սուզվում և անէանում են շիկափայլ մթնշաղի մեջ, լիալուսինը մագլցում է մայրամուտի երկինքն ի վեր, մեկը հեռվում ֆլեյտա է նվագում, հնչյունները փարվում են հանգչող կապիկին և լողացող կնոջը, և տղային ու գոմեշին, և վաճառականին ու սադհուին, և այրվող դիակին, երաժշտությունը վետվետում է լուսաշող ալիքների վրա, կարծես ուղեկցելով նրանց լեռնային ձյուներից ծնունդ առնելու ամենաառաջին պահից մինչև մահ զմրուխտ գետաբերանում:
Գիշերը տուն-լաստանավի վրա աղաղակում են` Boum Shankar! Siva Shankar! Եվ հաշիշի ամպը բարձրանում է նրանց գլխավերևում` ի նշան Մեծն Տիրոջ երկրպագության: Ջոնին է` Ֆլորիդայից, որ մաքսանենգ ճանապարհով հաշիշը բերել է Մանիլայից, որպեսզի կարողանա երկար մնալ այստեղ, և Գետան` Ճապոնիայից, որ տասնհինգ տարեկանից ճանապարհորդում է, Անիտան` Գերմանիայից, որ գուրուի մոտ է ուղևորվում, և Թոբին` Ավստրալիայից, որ ամառային արձակուրդն է անցկացնում այստեղ: Նրանց անձնագրերը զարդարում են իրենց տերերի պարանոցները կարապի կամ մանրածածանի նման, և նրանց ուղիները միահյուսված են հանրակացարաններից մինչև հյուղակները, կամ պարզապես ծածկոց են` շպրտված ավազին, և նրանց քարտեզներին բոլոր գծերը հպարտ արկածների հետագծերի են նման:
Իջնում են ներքնահարկը և իրար են փոխանցում ծխախոտը` որպես խաղաղության ծխամորճ, որ կիսում են բնիկների հետ, որոնք ինչ-որ գործիքներ են բերել: Բնիկներից մեկը, կարծես, քահանա է և շրջանի հենց կենտրոնում, մոմերի հարևանությամբ տեղավորում է shivalingam-ի սեռականքի քանդակները: Հետո լսվում է երաժշտությունն ու hari-rama-ի օրհներգը, սկզբում` մեղմ ու դանդաղ, հետո ավելի բարձր ու արագ, այնպիսի ռիթմով, որ վեր է հառնում Գինզբերգի և Օռլավսկու հիշողությունից` ի նշան բողոքի ընդդեմ պատերազմի:
Rama hari, Krishna hari, hari Rama…
Կրկին ու կրկին, ավելի բարձր ու ավելի արագ, և դողացող մոմերի ստվերները պարում են պատերին, վերջին վանկերը գվվում են լռության մեջ: Հետո Ջոնին զանգակիր քահանայի կողմն է շրջվում և խնդրում է. «Թույլ տուր` ես բռնեմ»: Քահանան կողքանց գլխով է անում` հնդկական «այոն» է, այդ պահին ներս է մտնում սադհուն` ձեռքին եռաժանին, ինքը` գունատ, միայն կիսավարտիքով և ուլունքաշարով, դեմքին խրուկաներկ է լղոզած, մարմինը ճերմակել է մոխրից:
Սադհուն ծեր հարբեցողի նման տեղավորվում է Ջոնիի կողքը` ոտքերը տակը խաչած, Ջոնին քնքշորեն տարուբերում է զանգերը և ամերիկյան հնամենի երգ է մրմնջում: «Ղողանջեք, զանգերն» է, և նրա ձայնը արձագանքվում է, երբ փակում է աչքերն ու երգում է դանդաղ, նրա հաշիշային առոգանությունը կրակարանի հարևանությամբ տարին մեկ անգամ հայտնվող գուլպայաաշխարհի նախնադարյան ռիթմերն է հիշեցնում:
- Ղողանջե՛ք, զանգեր, ղողանջե՛ք, զանգեր, ղողանջե՛ք…
Ճանապարհ դեպի մանկության երեկոները, երբ ձյան միջով տուն էր վերադառնում` գաղտագողի զննելով ոտնահետքերը, կարծես ուրվականն անհետանալու էր` նախքան ինքը կհասցներ տեսնել նրան:
- Ի՜նչ ուրախ է սահել…
Երգում է մինչև վերջ, ապա նորից է սկսում առաջին տնից, կարծես ամերիկյան hari-rama լինի, սադհուն օրորում է գլուխը և ջանում է լավագույնս արտաբերել արևմտյան այս նոր աղոթքի տարօրինակ հնչյունները, և գնալով ձայնն ավելի ու ավելի է բարձրանում.
- Միաձի բաց սահնակով, հե՜յ…
Բոլորը ճոճվում-ցատկոտում են իրենց սանձազերծ շնչառության սանձերի հետևում` ընկերուհուն կարոտող չլուսավորված Ջոնին և գերեզմանում քնած պարոն Անանունը, Ամերիկան և զայրույթն, ի վերջո, միավորվել են:
- On Nama Siva Om, - ծորացնում է սադհուն, և աղջիկն ուզում է մոտենալ նրան,
իմանալ գաղտնիքը, ճանաչել նրան, արդյոք չի՞ երազում տուն և ընտանիք ունենալ, չի՞ վախենում, որ առողջությունը չի ապահովագրել: Ապրում է այնպես, ինչպես այն ժամանակ, երբ դեռ նոր էր աշխարհ եկել` առանց հետադարձ հասցեի:
Թմբիրի մեջ և քաղցած` աղջիկը Ջոնիի և Գետայի հետ թափառում է հին աշխարհի քաղաքում, կարծես աստվածահայտնության Բեթղեհեմում լինի, անսպասելի կովերը հայտնվում են ստվերներից` ինչպես տեսիլքները նախապատմական ժամանակներում և նոր քարե դարի արահետների լաբիրինթոսում, որ հենց գաղտնարաններն են ժամանակի:
Ուզում են խմորեղեն ուտել, կանգ են առնում գունագեղ խանութի առաջ, որի ետնամասից երաժշտություն է լսվում, հետո` ուրիշ խանութի մոտ, որպեսզի մածուն ըմբոշխնեն կավե ամաններով, որ հետո նետելու են փողոցով հոսող առվի մեջ, հողը` հողին, ապա աղջիկն իր գրիչը նույնպես առուն է նետում և հաջորդ պահին որսում է այն տիղմի միջից և ձեռքերը չի լվանում: Լվացվելուց և ջրի մեջ յոդ կաթեցնելուց հոգնել է: Գետաքարով սալարկված կածանի լուսարձակող փայլի մեջ նկատում է ջրափոսի վրա կռացած այծին և մի տղամարդու, որ գլուխը թաղել է դույլի մեջ` ինչպես կյանքն է անհագուրդ մխրճվում հնամենի փեթակի մեղվասաղմերի բավիղները, կենդանական կյանք և մածնակյանք, սնվելու անվերջանալի իրողություն, Ջոնին խոսում է մսագործի աշխատանքի բարդություններից, Գետան` Ռաջգիրի մենաստանից, որտեղ մտասևեռվելու է մեկ շաբաթով` անհաց ու անջուր:
- Հետո կգա՞ս, - հարցնում է Գետան:
- Կանցնեմ, - պատասխանում է աղջիկը:
Իր ձևով է պաս պահելու: Պատճառը հաշիշի ծխամո՞րճն է, որ երբեք բերանը չի առել, թե՞ առուն կամ ձեռքերը չլվանալը: Մեծն Սիվայի` սադհուի ընծայի շնորհիվ է: Հյուրանոցի տերը բազմիցս է տեսել:
- Մի՛ անհանգստացիր, - ասել է` հայացքն անորոշ, դեմքը մոլուցքից մթագնած, -
բզեզի տեսակ է: Որտեղի՞ց ես: Դեթրոյտում եղե՞լ ես, մորաքրոջս տղան այնտեղ է բնակվում:
Աղջկա ձեռքի շարժումը ստիպել է հեռանալ:
- Մի՛ վախեցիր, - ասել է հեռանալիս, - բզեզի տեսակ է:
Չի վախենում, ընդամենը մոլուցք է և մոլուցքի մեջ ընկղմվելու ցանկություն: Ոչ վախ, ոչ էլ կարոտ, ապագա կամ կյանք, երևակայությունը լքել է նրան գիշերօթևանում, և նա անտարբեր է մկների ու դրսում, պատի տակ միզող տղամարդու հանդեպ: Այլևս ոչ մի ճամփորդություն կամ վճիռ, միայն սպասելու է, որպեսզի որձկա և դուրս թափի սեփական կյանքի մաղձը, կարծես որովայնում ծպտված բզեզն իր հոգու համար մակույկ է փսխել, ճմրթված անկողինն օրորվում է գետի վերևում և ստիպում է դողալ, չարքերի ամբոխը հառնում է մոմի բոցերի մեջ` որպես եղեռնի, ժանտախտի ու մեռնող սարդակապկի և մխացող դիակի հետահայաց պատկեր, ընտանեկան ալբոմի պատառիկները պտտվում-սողում են դեպի զուգարանը` չդիակիզված, անտերունչ միջնահոսքի նման: Ինքը, ի վերջո, նրանցից մեկն է, նրանց պապակ շուրթերն ու դատարկ աչքերն իր հայելին են մոլուցքի շողացող Ատլանտիդայում, նախնադարյան տաճարների գոհարազարդ գմբեթները ծվատվում, մորթված ձկների ցոլացող թեփուկների և պատմության ժանտահոտի են վերածվում, աչքերն ավելի խորն են սուզվում կապույտ ախտի մեջ, մինչ բոլորն արթուն են, բացի տղայից, որ Օրփեոսի կերպարով երգում է բակում հինդիով, իր ձեռքը ձգվում-դիպչում է Ստորգետնյա Տիրոջն ու նրա գահին: Իր ուղևորությունն ավարտվել է, և հանկարծ ալեձև մարջանի արծաթյա մանրաթելի նման լուսավոր մի կետ է հայտնվում, լուսաշող թելիկներ` նման կյանքի թելերին, որ աղջիկը շերեփահանում է հատակից և ափի վրա քանդում-արձակում է իրարից: Մահն է, վերջապես ստիպված չէ այլևս ապրել:
Հետո այցելում է բժիշկը, բարետես մի երիտասարդ, որին հյուրանոցի տերն է կանչել` վախենալով, թե խոլերա է:
- Այս հաբերն ու էլեկտրալուծույթը կընդունեք, - ասում է բարետես բժիշկը, -
ջրազրկված եք:
Կիտրոնի համ ունի, էլի է ուզում: Ավելի շատ ջուր, ավելի շատ կյանք, դուռը բաց է, արևը ներս է հորդում, բակում ձայների բազմություն է, մեկը պատշգամբից բղավելով` տղայից հարցնում է կրիկետի խաղի հաշիվը:
- Է՜յ, ձայնը բարձրացրու, - գոռում է, - Անգլիան հաղթո՞ւմ է:
- Անգլիան պարտվում է, - պատասխանում է տղան:
Աղջիկն ուզում է լողանալ և տղային խնդրում է ջուր տաքացնել:
- Իսկ դու ո՞ւմ համար ես ցավում, - հարցնում է տղան:
Աղջիկը բովահաց ու թերխաշ ձու է ուզում և թանկարժեք, ոչ թունդ թեյ, որ Դարջիլինգում է գնել, նաև հարավի` Նագփուրի թանկանոց նարինջները: Ուզում է մաքրամաքուր կուրտահ ու տնազգեստ հագնել, զբոսնել դրսում և Հնդկաստանի մնացած մասը վայելել:
Երեկոյան կրկին շուկա է իջնում, որ արևելքի վաղնջական հրուշակեղենի խանութ է հիշեցնում, Ասիայի հինգ դոլար տասը սենթանոց փայփլուն հնոտիքն ու շլացուցիչ գործվածքեղենի կարժերը, մի տղա քամիչով շաքարեղեգ է ճզմում, վրանների վերևում, մթնշաղի մեջ փայլկտում է Արուսյակը, շուրջբոլորը հինդիի ու հեծանիվների աղմուկ-աղաղակն է: Այլ հնչյուններ էլ կան` սուլոց ու չխկչխկոց:
Գնալով ձայնը մոտենում է, տրոփող ռիթմը վրահաս երթի նման ահագնանում է: Շքերթ է: Որտե՞ղ: Այնտեղ: Հիմա այստեղ է, և ձայնն ավելի բարձր է, քան Սոուսան` մարզադաշտում, երբ անսպասելի հայտնվում է վարագույրի հետևից նախնադարյան միմի թատերախմբի նման` ատավիստական եղջյուրափողերով ու թմբուկներով, հարսանեկան թափոր` մռայլ փեսացուն զարդարված ձիու վրա, շրջապատված խեղկատակների զվարճախոս ամբոխով, վաճառականները բրինձ են շաղում նրա վրա` մինչ նա զարդարուն տիկնիկի նման բազմել է նարգիզի ծաղկեպսակին ու Կրիշնայի թագին, խոժոռ, միաժամանակ թե՛ արքան և թե՛ ստրուկը ցատկոտող բոռերի, որ առաջնորդելու են նրան հարսնացուի մոտ, դեպի սուրբ կրակը, հարսնացուն էլ, իր հերթին, շրջապատված է հարսնաքույրերով, կարծես սերմնահեղուկի սպասող ձվաբջիջ լինի, որ բազմանալու է, ավելի շատ մարդուկներ է արարելու, որոնք երգելու, քաղցելու, աղոթելու և մուրալու են, երբ ծնծղաների զնգոցն ու խեցիների մեղեդին բրնձի մի նոր տեղատարափ ազդարարեն: Ավելի շատ բորոտներ և մանուկներ: Ավելի շատ սադհուներ ու գերեզմանաթմբեր: Chin-chin, chini-chini, պարելով առաջանում են դեպի լուսաբացն ու քողազերծումը, մթությունը պատռվում-բացվում է, որպեսզի ապրի և երգի նրանց պահանջմունքի նախանյութի հեղեղին ընդառաջ:
Աղջիկը տենչում է ընկերակցել նրանց, տուն վերադառնալ նրանց հետ, սակայն նրանք շարունակում են իրենց երթը, և ծերացած ձին ծանրաքայլ հեռանում է, բոռերի պարսը հալչում-անհետանում է սուլոցների ու չխկչխկոցների դիմինուենդոյում, chin-chin-ը սուզվում է հեծանվազանգերի ղողանջի մեջ, և այս տոնախմբության պահին մի ծերունի նստել է մեղրախորիսխով ու ձիթարմավով լեցուն փոքրիկ մսուրքի մեջ:
Ծերունին հետ է նայում հնամենի կրիայի նման` ճաղատ գլուխն ու խոշոր աչքերը թաքցրած էլեկտրական դատարկ լամպի տակ, կարծես գիշերվա մարմնավորումը լինի: Արդյո՞ք այն սևամորթ տիկինը չէ, տարիներ առաջ` Հարլեմում, կամ Նիսարգադատտան` մեղրախորիսխ պատրաստողը, որ վերջերս է հոգին ավանդել Բոմբեյում, կամ Ուիլյամ Բլեյքը` հոգեփոխված, կամ էլ տնային կրիան` լողատաշտում, մի զույգ աչք` դատարկության մեջ, ինչպես դեմքը` հայելու մեջ` անհաջող ինքնասպանությունից հետո:
Աղջիկն ամենուր տեսել է նրան, հնդկաստանցի ծերուկն է, միշտ իր կողքին է, կարծես տուրիստական գրասենյակն է իր համար ուղեկցորդ նշանակել, որ ներթափանցի և իրազեկի: Ծեր կոշկակարն է, իր Birkenstock-ներն է կարել Ավրանգաբադի ճամփեզրին և ծերունի արհեստավորը, որ Կալկաթայում ռիկշա էր քաշում, Էլորայի քարանձավների ծերունազարդ սպասավորն է, երբ Բուդդան նստած էր ներսում` որպես գզրոց իր մտքում եղած նստվածքի, նա հենց Բուդդան է, որ տեսնելով իր վերջնական անէացումը` ասաց ընկերներին. «Գունագեղ և հարուստ, բազմազան ու փառահեղ է Հնդկաստանը, և սիրելի ու հմայիչ է կյանքը նրա ժողովրդի»:
- Ողջույն, - ասում է աղջիկը, ի պատասխան` նա գլխով է անում, կարծես ողջույնի և հրաժեշտի սովորական շարժման հանգույն, ասելով` օրերից մի օր կտեսնվենք Օուքլենդի գետտոյում:
Աղջիկը շարունակում է առաջանալ, աչքերը, կինոխցիկի նման, որսում են ամբողջ համայնապատկերը` շուկան թողնելով հետևում, խցիկը շրջվում է դեպի խաղաղ փողոցը, սակայն նույն ֆիլմն է և նույն բեմադրիչը` Աստված` Լուսինը վարսերի մեջ: Անցնելով երկար, աղյուսե պատի երկայնքով` աղջիկը կանգ է առնում լրագրի ու լաթի վրա դրված քաթանե կապոցների առաջ, դրանք անսպասելի շարժվում են, քանզի ոչ թե կապոցներ են, այլ ընտանիք, որ խմբվել է մայթեզրին` վերմակների կապերը գրկած:
«Կներեք», - ասում է աղջիկը: «Ամեն ինչ կարգին է», - քչփչում են նրանք, մայթը բոլորինն է, արի, ընկերակցիր մեզ աստղերի ներքո, որ անտարբեր են շահույթի հանդեպ, պառկիր մեր կողքը և վայելիր լուսինը, քանզի այս գիշերը դրախտ է:
Նրանց ձայները տարրալուծվում են զեփյուռի մեջ, խաղաղ փողոցը դեպի զբոսայգին է առաջնորդում, chay garam chay-ի երկարաշունչ հրեշտակային օրհներգն է տարածվում հրապարակում թեյ վաճառող տղայի կողմից, գեր մայրն ու վտիտ հայրը ճեմում են բանան ուտող երկու զավակների հետ, երիտասարդը, ձեռքերը մեջքին խաչած, շաղակրատում է ջահել մի կնոջ հետ, որ հռհռում է` ձեռքի ափը բերանին սեղմած: Երիտասարդը փորձում է համբուրել նրան, որ հետո տիրի, բայց կինը սիրավեպ և ջերմություն է տենչում, ուզում է զգալ նրան իր ընդերքում, նրանց կիրքն անվերջ է, քանզի հորդում-հասնում է բորոտին, որ համառորեն մուրում է բոգեյնվիլեայի***** ստվերում, նրա ծայրատ մարմինը, կարծես, նորածին մանուկ լինի տիեզերքում, որտեղ ոչ ոք չի ցանկանում մահանալ, բոլորը կիպ կպած են իրար տիեզերական մարմնային քաղաքականության մեջ, ամեն աստղը մի կայնք է, և ամեն կյանքը` կենդանիների ու ձկների առանձին կայքէջ, մեկ` շնաձուկ, մեկ էլ` կով, ապա և` գեղուհի, որ գլխին դրած թրիք է տանում` որպես հսկա մի ապարոշ:
Հետո կնոջ հայացքը հառնում է որպես Հայիթի, մարմինը կծկվում է ինչպես Սոմալին ու Պերուն: Տեսեք, կարծես ասում է նա, սա էլ է Հնդկաստանը: Թրիքի զամբյուղը ձեր գլխին դրեք և մի՛ քծնեք ինքներդ ձեզ ցնորքներով, բոլորն էլ լավ կյանք են երազում, և այն սկսվում է մարմնից, հրճվեք մեր հասարակ մարմիններով և քաղցեք մեզ հետ միասին:
Մեկնելու այլ վայր չկա, միայն` Ամերիկա: Աղջիկն ինչպե՞ս կարող է այն երկիրը վերադառնալ, ուր գոմեշ և շուրջբոլորը թափթփված թրիք չկա: Չնայած, այժմ նա պատրաստ է նույնիսկ Ամերիկային դիմակայել: Վերջապես կավարտի Penguin-ի մաշված կազմով «Կարամազով եղբայրները», որ հետը մայրցամաքից-մայրցամաք է տարել, Դմիտրին Ամերիկա կգնա և ինքնասպան չի լինի Իվանի նման: Ինքը, նույնպես, անձնասպան չի լինի և չի անարգի նրանց, ովքեր ուզում են ապրել, ծեր արհեստավորներին, որ ոտնաթաթերն են տաքացնում խղճուկ կրակի վրա, կամ պառավներին, որ զամբյուղներով ջիքամա են վաճառում, ոչ էլ, նույնիսկ, մոծակներին, որ իր կզակն են խայթում, երբ դուրս է նայում գնացքի պատուհանից:
Կուլ է տալիս նրանց դեմքերը, ասես հագեցնելու է ամերիկյան իր մեծագույն քաղցը, որ դեռ առջևում է, դեմքերը նման են այն ճնճղուկներին, որ փորձում են բույն հյուսել իր սենյակում, կարծես տարբերություն չկա ներսի ու դրսի տարածքների միջև, կուլ է տալիս բոլոր ցածրաստիճան ծառայողներին, որ նախաճաշի ժամին իրեն առաջնորդում են դեպի փայտյա անտաշ սեղանները ավտոտնակի հետևում, որ ճկվել են բակլայախյուսով և կծու սոուսով լեցուն արույրե անոթների ծանրությունից, և երազում է նույն ագահությամբ կլլել բոլոր այդ շուրթերը ճիշտ այնպես, ինչպես իրենք են տանը թխված չափատիներով****** շերեփում սոուսը անագե փոքրիկ պնակներից:
Տղամարդկանցից մեկը չափատի է առաջարկում, անմիջապես կուլ է տալիս այն, կարծես հյուրասիրողի կյանքը, նրա կնոջ մատներն ու փոքրիկ տնակն է համտեսում, որ ճնճղուկների նման հյուսել են աղքատիկ աշխատավարձով, հետո ինքը նույնպես ողողում է բերանը ջրաբաքի մոտ և ատամներն է մաքրում namaste-ի մեջ:
Վրա է հասնում վերջին գիշերը Հնդկաստանում, և երբ թռիչքը հետաձգվում է, քնում է հատակին` սեղմվելով ընտանիքների արանքում, ասես տախտակամածի վրա լինի, թաշկինակն աչքերին, ուսը` հարմարավետ տեղավորած կյանքի որովայնում, իսկ տիեզերքը շարունակում է ընդարձակվել: Նոր կյանքը նմանապես պտղավորվում է նրա ընդերքում, կարծես Հնդկաստանի ոգին բեղմնավորում է իրեն այն մեկի փոխարեն, որին կորցրել է, սկսում է սաղմնավորվել աննշան մի շերեփուկ. որովայնը հսկա տիեզերք է նրա համար:
Իր ներսում կրելու է Հնդկաստանն ավելի մտերմիկ, քան կարողացել է ճանաչել մինչ այժմ, և շուրջ մեկ տարուց` այսօրվանից սկսած, այն լույս աշխարհ կգա գաղտնի գործակալի նման գերհագեցումից ու սքանչելի հաճույքներից: Եվ համերգ կլինի ճամբարի կողքի եկեղեցում, և Վիլայաթ խանը եկեղեցաբեմի մոտ ֆալլուսի նման կհարվածի սիտարին, ապա «Ղողանջեք, զանգերը» ծորացնելով կտարուբերի գլուխը, հուշերի գետը դուրս կհորդա նրա
խմբավարական փայտիկից` որպես դեպի բառերն առաջնորդող բառ` Հնդկաստան, հնդիկ, սինդհու, գետ, կվերադառնա երաժշտության ուղեկցությամբ ու կտատանի օդը, և հանդիսատեսը, կախարդական որդի նման կծկվելով ու փայլելով, կհառաչի. «Ա՜հ, Հնդկաստան»:
Իսկ հետո, հաջորդ առավոտ, ամերիկյան իր զուգարանակոնքում որդը կլողա իր կեղտին համընթաց, շուրջ վեց մատնաչափ երկարությամբ, և Հնդկաստանը, կարծես, կշշնջա. «Ահա, խնդրեմ, կլոր ճիճու, որ հիշես ինձ, սա իմ երաժշտության հակառակ կողմն է, ինչպես անցքը լարերի տակ, ահա և իմ շակտին` մի ձեռքում դանակ, մյուսում` սադհուի գլուխը»:
Հետազոտության արդյունքը կլինի` Ascaris Lunibricodes, բժիշկը կծանոթանա, որպեսզի դեղատոմս գրի: Vermox, երեք օր, երկուական հաբ: Մի տրցակ դոլար բժշկին, դեղագործին` ավելի շատ, որ բավարար կլիներ հնդկական մի ամբողջ գյուղ կերակրելու համար: Սակայն պիտակի վրա նախազգուշացում կա. «Այս հաբերը չեն կարող ընդունել հղի կանայք կամ նրանք, ովքեր ենթադրվում է, թե հղի են»: Ինքը հղիացած չի լինի, գուցե իր կղկղանքը պսակած ճիճվի մա՞յրը լինի:
Հնդկաստանից մեկնեց արշալույսին` դեպի ինքնաթիռը տանող և ծնուղի հիշեցնող թունելով, կոկիկ բեղով երիտասարդ տոմսավաճառը վերջին անգամ հրաժեշտ է տալիս` at-cha: Հաջորդ պահին անամպ, սուտակագույն երկնքում վեր է հառնում թռիչքների կառավարման աշտարակը, վերգետնյա ծառայողներից մեկը քորում է աճուկն ու հայացքը դեպի արևմուտք հառում, ինքնաթիռը ուղղում է ղեկը և սպասում է, որ նախ British Airways-ը օդ բարձրանա, ապա կրծքի շուրջը կապած փրկագոտին ցուցադրելով մոտենա ջահել տիրուհին և հայտնի թռիչքուղին, իսկ արևը վեր է բարձրանում, մինչդեռ Հնդկաստանը խամրում է արձանացած Բուդդայի ու Սիվասի նման: Ոչինչ հավերժ չէ, նույնիսկ` թշվառությունը, վաղորդյան լույսը ստիպում է վերհիշել Խաջուրահոյի բլուրները, ուր այցելել էր մի առավոտ, իսկ այնտեղ ձկնկուլն էր, թիրախ-եղնիկը շրջում էր լճափին, կանաչ պապայաները նման էին հսկայական ամորձիների, մուգ դեղին աղյուսները թեք ստվեր էին գցել արևածագի նիզակ-ճառագայթներին համընթաց, ամեն աղյուսի վրա քանդակ էր` վերջավորությունները թափահարող թութակ և ծերունի, որ նարգիզ էր առաջարկում ֆալլուսին ու բունոցին. «Զուգավորվեք, - երգում էր նա, - մագլցեք միմյանց հետույքներն ի վեր և ավելի շատ արարեք մեզ նմաններին, ավելի շատ կյանք, որ ընկերանան աղտակեր վարազին ու ծեր գոմեշին, որ պտտում է ջրանիվը կճուճազարդ»:
Ինքնաթիռը բարձրանում է կնճռոտ բլուրների և երականման գետի վերևով, անցնում է ծովածոցում կայանած նավերի, անապատի ոսկորների, Հռոմի ավերակների և Շվեյցարիայի դրամատների վրայով, Հյուսիս-Ատլանտյան օվկիանոսում գետանցի քարերի նման դեպի ռումբերի կայսրությունն են լողում սառցալեռները, իսկ ծերունին դեռևս երգում է. «Փառաբանում եմ զույգ նռները կրծքիդ, հրճվում եմ գոտկատեղիդ փղերով և ցնծում եմ արծաթի մեջ աչքերիդ»:

Անգլերենից թարգմանեց ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԸ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0