СТАНЬ VIP

ՓԻԹԵՐ ՍՈՒՐՅԱՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՓԻԹԵՐ ՍՈՒՐՅԱՆ

Сообщение Harutin » 27 окт 2010, 22:02

ՓԻԹԵՐ ՍՈՒՐՅԱՆ

Piter Suryan.jpg
Piter Suryan.jpg (10.3 кб) Просмотров: 750
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՓԻԹԵՐ ՍՈՒՐՅԱՆ

Сообщение Harutin » 27 окт 2010, 22:03

ԿԱԼՖԱՅԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ


Փիթեր Սուրյանն ԱՄՆ-ում հայտնի գրող, հրապարակախոս և անգլերեն լեզվի ու գրականության պրո‎ֆ‎եսոր է: Ծնվել է 1933-ին` Բոսթըն քաղաքում (Մասաչուսեթսի նահանգ, ԱՄՆ): Կրթություն ստանալով Ֆիլիպսի ակադեմիայում և Հարվարդի համալսարանում, բնակվել է Եվրոպայում, ուսանել է Վերսալի Հոխե լիցեյում և Սալամանկայի համալսարանում, երկու տարի ծառայել է Գերմանիայում տեղակայված ամերիկյան բանակում: Տիրապետում է ‎‎ նաև ֆրանսերենին, իսպաներենին ու գերմաներենին, կատարել է երկկողմ թարգմանություններ, նաև ստեղծագործել է ֆրանսերենով: Ներկայումս Նյու Յորքի նահանգի Անանդեյլ քաղաքի Բարդ քոլեջի անգլերենի պրոֆեսոր է:

Փ. Սուրյանը հեղինակ է երեք վեպերի և բազմաթիվ պատմվածքների, հրատարակել է նաև էսսեների ժողովածու: Նրա վեպերում, պատմվածքներում և էսսեներում արծարծվող հիմնական թեմաներն են անցյալ-ներկա, հայրեր-որդիներ, Հայաստան-Ամերիկա, արտոնյալներ և ոչ-արտոնյալներ փոխհարաբերությունները:


Հայ բազմամիլիոնատեր Պետրոս Կալ‎ֆայանը նախաճաշի էր դուրս եկել փարիզյան իր առերևույթ համեստ գրասենյակից: Նրա ծառան` փոքրամարմին, սմքած, կուզիկ Րի‎ֆատը, որ ցատկոտելով էր ուղեկցում նրան, որպեսզի հետ չընկներ, չզարմացավ, երբ Կալ‎ֆայանը չցանկացավ, որպեսզի կեսօրին լիմուզինը գար իր հետևից, քանզի գրեթե երեք ամիս էր անցել այն օրից, երբ Րի‎ֆատին խնդրել էին վռնդել իր տիրոջ վերջին սիրուհուն` սրճարանի երգչուհուն:

Կալ‎ֆայանը, որի գիտացական հանճարն ամբողջությամբ ներծծված էր գործարար խնդիրներով, Րի‎ֆատից վատ գիտեր, թե այդ պահին Կալֆայանն ինչ էր ուզում: Կուզիկը գիտեր, որովհետև դա նրա հիմնական պարտականությունների շրջանակի մեջ էր մտնում, որոնք էին` որսալ, օգնել ընտելացնելու և, ի վերջո, դեն նետելու Կալ‎ֆայանի խիստ անասնական, չնայած նուրբ գեղագիտական հակումների առարկաներին: Իսկ Կալ‎ֆայանը չգիտեր, որովհետև նրա ուղեղը, որ աշխատողներով գերհագեցած ընկերության գործնական ու ստեղծագործական կարողության առերևույթ համարժեքն էր, նախընտրում էր չիմանալ: Ուստի, Րի‎ֆատի ուղեղը, առաջնորդող ձկնիկի նման, ուշադիր հետևում էր` ճանապարհը ցույց տալով հայ կետաձկանը:

Եվ առաջ ընթանալով` Կալ‎ֆ‎այանը կլլման իր դանդաղալիք, անհնազանդ ծովերի միջով մշուշոտ զննում էր Փարիզի կանանց: Նրա տեսադաշտում հայտնվեց ցածրախավ մի տիկին, որ հասուն և խելացի տեսք ուներ, բայց անմիջապես էլ ետ քաշվեց, հետո` բարեկազմ, ջահել մի ուսանողուհի` փռչոտ տղայի թևն ընկած, ապա և` նրբագեղ մի շվեդուհի: Բայց Րի‎‎ֆատը գիտեր, որ իր գործը չէր սկսվելու, քանի դեռ այդ կերպարանքներից որևէ մեկը չէր հուզել, ապա և հաստատապես չէր գրավել Կալֆայանին:

Իր ապրած հիսուն տարիների ընթացքում Կալ‎ֆայանը մեկ անգամ էր շնորհ արել հարցազրույց տալ լրագրերից մեկին: Բայց իրականում դա հարցազրույց էլ չէր: Լոնդոնի “Times” հանդեսի լրագրողը հազիվ էր բերանը բացել, որպեսզի առաջին հարցը տար, երբ Կալ‎ֆայանն ասել էր: «Ես խաբեբա չեմ: Իսկական հանդուգն եմ: Սպասում եմ, սպասում եմ առանց խուճապի մատնվելու, մինչև վստահանում եմ: Ստերով ինձ չեմ հուսադրում: Այնքան էլ սնափառ չեմ: Սա է իմ խիզախությունը: Ձեզ բարի օր եմ մաղթում»: Ապա հեռացել էր սենյակից` գլխի թեթևակի շարժումով Րի‎ֆատին նշան անելով, որպեսզի քաղաքավարի դուրս հրավիրի անգլիացուն:

Ամառային այս կեսօրին նրանք անցնում էին “Printemps” առևտրի կենտրոնի հարևանությամբ գտնվող սանդվիչի վաճառասեղանի կողքով: Կալ‎ֆայանը կանգ առավ: Առևտրի կենտրոնի` ընդմիջման դուրս եկած կապույտ խալաթավոր երեք աղջիկներից մեկը ոտնամատների ծայրերին բարձրացած` ամուր սեղմվել-հենվել էր վաճառասեղանի քրոմե եզրին, նրա կուրծքն ընդգծվել-դուրս էր ցցվել, կապույտ զգեստը կիպ կպել էր մարմնին: Աղջիկը ծիծաղում էր սեղանի հետևում կանգնած անճոռնի, լմփոշ տղամարդու հետ, որը թթված դեմքով ու բարկացած գլուխն էր տմբտմբացնում: Քիչ անց թույլ մի ժպիտ թեթևակի կորացրեց նրա բերանի անկյունները: Մի պահ նա վերստին հավաքեց շուրթերը, բայց ի վերջո լիաթոք ծիծաղը խորտակեց նրա բնականից խոժոռ, գորշ դեմքը: Աղջիկն ուրախությունից ցատկեց, մերկ ձեռքերը երկարեց, գրկեց նրա գլուխը, ցած քաշեց և համբուրեց նրա մսեղ քիթը: Հետո բաց դռնով դուրս վազեց Կալ‎ֆայանի կողքով` ոտքով համարյա դիպչելով նրա ձեռնափայտին, բայց հաջողացրեց ընդամենը քսվելով անցնել, ապա մի ակնթարթ մուգ աչքերը Կալ‎ֆայանի կողմը շրջեց և արագ հեռացավ, որպեսզի անհետանար առևտրի ընդարձակ կենտրոնում: Մյուս երկու աղջիկները, որ մինչ այդ լուրջ էին, այժմ զվարթացած թափահարելով գլուխները` հետևեցին նրան:

Կալ‎ֆայանը ցած նայեց Րիֆատին, գլխով արեց նրան և հեռացավ` մենակ թողնելով Րիֆատին:

Հայը գնում էր “Plaza Athenee”-ում նախաճաշելու սըր Ջորջ Րեյների` Բրիտանական թանգարանի ‎գլխավոր ֆոնդապահի հետ, որ Փարիզ էր ժամանել կարճատև այցով: Երբ տեղ հասավ, Րեյներն ապերիտիվի[*] գավաթի և վաղուցվա հարցը կրկին առաջ քաշելու շուրջ էր մտմտում:

Անցած տասնհինգ տարիների ընթացքում Կալ‎ֆայանը նկարների և արվեստի այլ գործերի նշանակալի հավաքացու էր ձեռք բերել, որը փակված էր Նեյիում գտնվող և միմիայն այդ արժեքներն ապաստանելու նպատակով օգտագործվող շենքում: Շենքը հսկվում էր պահակախմբի կողմից, հագեցած էր հակակողոպտման ազդանշանային համակարգերով և շրջափակված էր բարձր պարսպապատով: Ռեմբրանդտ, Ռուբենս, Ֆրանս Հալս: Ֆրագոնարի նկարները թանձր, կենսուրախ մթության մեջ կախված էին լայն միջանցքների ու ընդարձակ սենյակների պատերից` լոկ Կալ‎ֆայանի մասնավոր հրճվանքին սպասելով: Միակ գործերը, որ երբևէ ենթակա էին վերահայտնվելու օտար աչքին ի տես, դույզն ինչ պակաս փառահեղներն էին, որ Կալ‎ֆայանի ճաշակի զարգացմանը համաչափ հանվել ու տեղափոխվել էին: Նույնիսկ Րեյներն ինքը երբևէ անձամբ չէր հրավիրվել հավաքածուն դիտելու: Գլուխգործոցները չքացել էին երկրի երեսից, բացառությամբ թերևս այն փոքրաթիվ մարդկանց հիշողությունից, ովքեր երազում էին համոզել Կալ‎ֆայանին, թե դրանք պետք է կիսեր ուրիշների հետ` ժամանակ առ ժամանակ հանրային ցուցադրության ներկայացնելով: Կալ‎ֆայանը, որ հանրության հետ առանձնապես սերտ հարաբերություններ չուներ, համառորեն մերժում էր:

Րեյները զգում էր, որ ինքն այն փոքրաթիվ մարդկանցից էր, ում թուրքական ջարդերը վերապրած այս որբը հարգում էր, նույնիսկ` համակրում, և այդ պատճառով խորապես շոյված էր, քանի որ բարեկամներ ընտրելը նշանակալից բան էր, և հակառակ Կալ‎ֆայանի տարօրինակություններին ու բացահայտ ժլատությանը, նման մարդկանց նա դեպի իրեն էր ձգում: Րեյները նաև զգում էր, այն էլ` բավական անհասկանալիորեն, որ Կալ‎ֆայանն ինչ-որ չափով պարկեշտ մարդ էր: Սակայն Րեյները չէր կարողանում արդարացում գտնել այն բանին, ինչը նրա կարծիքով սարսափելի հանցանք էր` գեղեցկությունն անհիմն կերպով թաքցնել աշխարհից: Սրանից բխող եզրակացությունը նույնչափ սարսափելի էր. իր ընկեր Կալ‎ֆայանը համոզված էր, որ իրավասու էր նման գեղեցկությանը միայնակ տիրել, լոկ այն պատճառով, որ այն փողով էր ձեռք բերել, և որ այդ գեղեցկությունը կարող էր միայն մեկ մարդու պատկանել: Հրեշավոր էր այդ գեղեցկությանն ագահությամբ նայող Կալ‎ֆայանի կերպարանքը` մենության մեջ, Նեյիի այդ դամբարանում, որտեղ ոչ մի շնչավոր էակ չկար:

Եվ այժմ, երբ Կալ‎ֆայանը ժպտալով, աշխույժ մոտեցավ սեղանին, Րեյները հաճույքով բարձրացրեց գլուխը:

Նախաճաշի ընթացքում գրեթե միայն արվեստի շուրջ էին զրուցում, և Րեյները ոգևորվելով` դարձյալ հիացավ Կալ‎ֆայանի դյուրազգաց, զուսպ ճաշակով:

Միայն սուրճը բերելուց հետո Րեյները հարցրեց, թե ե՞րբ էր Բրիտանական թանգարանին արտոնվելու Կալ‎ֆայանի հավաքածուի մի մասը փոխարինաբար ցուցադրել:

Կալ‎ֆայանը սառը, չնայած սիրալիր ժպիտով իր մեծ գլուխը տարուբերեց.

- Իմ նկարներն առանձնության կարիք ունեն: Նրանց վրա չի կարելի

աչք չռել բացբերան:

Րեյները զուսպ արհամարհանք արտահայտեց Կալ‎ֆայանի անհեթեթ պատասխանի նկատմամբ` քաջ գիտենալով, որ Կալֆայանը երբեք քեն չէր քշի արհամարհանքի ցուցադրման համար:



* * *

Նույն օրը, ժամը հինգից մի փոքր առաջ, Րի‎ֆատը մի երկտող և տասը հազար ‎ֆրանկանոց թղթադրամ դրեց ծրարի մեջ, լիզեց-փակեց այն և տարավ առևտրի կենտրոն, որտեղ սպասեց ծառայողական մուտքի մոտ, մինչև դուրս կգար մուգ աչքերով վաճառողուհին: Անձրև սկսեց մաղել: Րի‎ֆատը, որին ծանոթ մեջքացավը դեռևս առավոտյան էր իրեն զգացնել տվել, գիտեր, որ անձրև էր գալու: Եվ հիմա մի ցավագին, խոր շունչ քաշեց, կծկվեց և բացեց հովանոցը: Դարձյալ ուղղեց ‎ֆետրե սև բոլորագլխարկը և մանր, աչալուրջ աչքերը ընդամենը մեկ ակնթարթ կտրեց ելքի դռնից, որպեսզի ներքև նայեր և ստուգեր անթերի կարված կոստյումը:

Երեք վաճառողուհիները միասին դուրս եկան և սկսեցին աճապարել անձրևի տակ, որին համապատասխան չէին հագնված: Րի‎ֆատն արագաքայլ ուղեկցում էր նրանց:

- Ավտոբուսի կանգա՞ռ եք գնում:

- Ոնց-որ թե քո գործը չի, - կոպտորեն ասաց աղջիկներից մեկը:

Րի‎ֆատն իրեն վարժեցրել էր, որպեսզի նման դիտողություններին թեթև վերաբերվեր և ասաց.

- Խնդրում եմ, թույլ տվեք: - Նա դեպի վեր ձգվեց, որպեսզի որքան ինքը կարող էր և որքան հնարավոր էր` հովանոցը նրանց գլխավերևում պահեր:

- Ասածն ու արածը իր չափ ծիծաղելի են, չէ՞, Գեյբրիել, - ասաց մյուս աղջիկը` զվարթ հայացքով նայելով մուգ աչքերով աղջկան` Կալ‎ֆայանի հետաքրքրության առարկային:

Գեյբրիելը չարձագանքեց, մռայլ հայացքը ուղիղ դեպի Րի‎ֆատը շրջեց և նրան պատասխանեց հարավցու կոպիտ առոգանությամբ.

- Հա, սըր, գնում ենք:

- Գիտե՞ք, ես էլ եմ այդ կողմ գալիս, - ասաց Րի‎ֆատը, - և քանի որ հովանոց ունեմ…

Գեյբրիելը հովանոցի տակ մենակ չէր: Ջրի կաթիլներն առատորեն թափվում էին Րի‎ֆատի կոստյումի վրա, քանի որ այլևս ոչ թե մաղում էր, այլ հորդառատ անձրև էր տեղում: Մյուս երկու աղջիկները փռթկացրին.

- Գեյբրիել, էդ թրջված ընկերդ ո՞վ է:

- Ձեզ` երկուսիդ ի՞նչ պատահեց, - զարմանալի սուր ձայնով ասաց Գեյբրիելը: Հայացքով ընկերուհիներին էր չափում: - Ձեզ ի՞նչ պատահեց, - կրկնեց:

Ավտոբուսի կանգառը հասան: Սպասողների երկար հերթ էր գոյացել:

- Կներեք, բայց ես արդեն պետք է գնամ, - ասաց Րի‎ֆատը: Եվ ծրարը Գեյբրիելին մեկնեց: - Վերցրեք, խնդրեմ: Հուսով եմ, շատ չեք թրջվի:

Նա այնքան արագ անհետացավ փողոցի անկյունում, որքան արագ կարող էր անհետանալ առանց վազելու:

Այդ օրը ուշ գիշերին Րի‎ֆատը նստել էր իր հյուրասենյակում, հազվադեպ օգտագործվող բազկաթոռի մեջ, դեղնավուն լույսի տակ` չցանկանալով անկողին մտնել, կրկին ու կրկին տալով ու առնելով աղջկա վերաբերմունքն իր հանդեպ` մի քանի անգամ վերընթերցված, արդեն մաշված սիրային նամակի պես:



* * *

Հաջորդ օրը, ցերեկվա ժամը մեկից քիչ առաջ հեռախոսը զանգեց սեփական տներից մեկում, որոնք Պետրոս Կալ‎ֆայանը պահում էր Փարիզում: Վիթխարի գրասեղանի մոտ նստած քառասունն անց ամրակազմ տիկինն ընդմիջեց աշխատանքը և պատասխանեց հեռախոսազանգին.

- Ալլո~, - ասաց նա:

- Ալլո~: Իմ անունը Գեյբրիել Մոնո է: Ինձ ասել են…

- Այո, լսում եմ:

- Երեկ մի տղամարդ ինձ երկտող է հանձնել, որպեսզի աշխատանքի համար զանգահարեմ:

- Այո, աշխատատեղի:

- Օրիորդ Դյուսենն է լսում, - ժպտալով ասաց տիկինը: - Եթե ցանկանում եք, կարող եք հարցազրույցի համար այստեղ գալ, կամ ինքս կարող եմ ձեզ հանդիպել որևէ այլ վայրում:

- Ես աշխատում եմ և մինչև ժամը հինգը չեմ կարող դուրս գալ:

- Այդ դեպքում, եթե հարմար է, կարող եք այստեղ գալ, - դեռևս ժպտալով ասաց տիկինը:

- Շատ լավ:

Տիկինը Գեյբրիել Մոնոյին թելադրեց հասցեն, հեռախոսափողը վայր դրեց, դադարեց սիրալիր ժպտալ և կրկին գրասեղանի մոտ` իր աշխատանքին վերադարձավ:

Թինա Դյուսենը, որ բելգիուհի էր, Կալֆ‎այանի մոտ էր ծառայում վերջին տասնմեկ տարիներին, այն օրվանից, երբ Լոզանում դստեր հաճախած դպրոցն այցելելու ընթացքում Կալ‎ֆայանը աղջկանից հետաքրքրվել էր, թե դպրոցի մանկավարժներից ո՞ւմ էր հավանում: Կալֆայանը դստեր ամենասիրելի ուսուցչուհուն անմիջապես շահագրգռեց աշխատավարձի զգալի բարձրացումով և իր հետ Փարիզ բերեց, որտեղ ուսուցչուհին ապացուցեց, որ ընդունակ էր լուրջ ծառայություններ մատուցել մի քանի պաշտոններում:



* * *

Նույն օրը, վաղ երեկոյան Գեյբրիել Մոնոյին` մինչև պարանոցը կոճկած կանաչ զգեստը հագին, որ նրա սև մազերին ու գունատ մաշկին բոլորովին չէր սազում, օրիորդ Դյուսենի հյուրասրահն ուղեկցեցին:

Երկու կանանց թեյ մատուցվեց, և օրիորդ Դյուսենն ուշադիր հետևում էր Գեյբրիել Մոնոյի շարժուձևին, թե ինչպես էր նա վերցնում թեյն ու խմում: Եվ նկատեց, որ աղջիկն այդ ամենն արագ էր անում, ինչպես ինքը, և տպավորությունն այն էր, որ դա բոլորովին էլ սոսկական ընդօրինակում չէր: Օրիորդ Դյուսենի վերահսկողության տակ եղած կանայք երբեմն բավական հիմար էին: Այս մեկը լուրջ հրահանգավորման կարիք չէր ունենալու: Բայց սա նաև զգայուն էր, հավանաբար մյուս բոլորից ամենազգայունը, և նրա հետ անհրաժեշտ էր նրբորեն վարվել:

Նրանք մենակ էին մնացել:

- Եթե համաձայն եք աշխատանքային պայմաններին, ես լիազորված եմ վստահեցնելու, որ շատ լավ վարձատրվելու եք, - ասաց օրիորդ Դյուսենը:

- Դա լավ է:

- Կարո՞ղ եմ ձեզ անունով դիմել:

- Իհարկե:

- Գեյբրիել, ինչո՞ւ ես ուզում շատ փող վաստակել:

- Հրաշալի կլինի:

Օրիորդ Դյուսենը ժպտաց:

- Ինչո՞ւ եք այդպես ժպտում:

- Սպասում էի, որ պիտի ասեիր, թե ի՞նչ հիմար հարց է, քանի որ բոլորն են ուզում շատ փող վաստակել:

- Ա~:

- Համոզված եմ, որ հասկանում ես, ոչ ոք փողը հենց այնպես` ոչինչ չանելով, չի վաստակում:

- Հա:

- Հարավցի ես, չէ՞:

- Հա: Պոյի մոտերքից: Համարյա վեց ամիս կլինի, որ էստեղ եմ:

- Կարելի՞ է հարցնել, թե ինչո՞ւ ես ծննդավայրիցդ հեռացել:

Գեյբրիելը լայնադեմ ժպտաց:

- Շատ էլ պարզ է: Որովհետև միշտ ուզեցել եմ Փարիզ գալ: Աշխարհի

ամենահրաշալի վայրն է: Ուզում եմ ամբողջ կյանքում էստեղ ապրել: Տնից հեռանալը դժվար էր: Բայց ես դա արեցի: Խե~ղճ հայրս, նա փոստատար է, դա նրան դուր չեկավ: Երևի պատկերացնում եք: Ցավալի էր: Բայց ստիպված էի:

- Ասա ինձ, Գեյբրիել, կցանկանայի՞ր այս տանն ապրել:

Աղջիկը շուրջը նայեց:

- Դե, իհարկե: Աշխատանքն էստե՞ղ է լինելու:

- Եթե քեզ դուր է գալիս, կարող ես այստեղ ապրել: Սպասավորներ նույնպես կան: Այս թևում իմ հարկաբաժինն է, կողքից առանձին մուտք ունի: Դու տան հիմնական մասում կապրես:

- Չհասկացա:

- Հիմա ավելի հասկանալի ու մանրամասն կբացատրեմ: Իմ գործատուն ծայրաստիճան հարուստ մարդ է: Անցյալ օրը տեսել է քեզ և հիացել է: Նա ցանկանում է, որ դու այստեղ ապրես և թույլ տաս, որ ժամանակ առ ժամանակ, երբ ինքը կնախընտրի, քեզ իր հետ տեղ տանի: Նա գրավիչ տղամարդ է, կարող եմ ասել` համակրելի, և ոչ մի դեպքում կոպիտ կամ տհաճ չէ: Հնարավոր է, երբեմն կնախընտրի այստեղ` քեզ հետ մնալ:

- Ա~:

- Հիմա հասկացա՞ր:

- Ըհը~, - շշնջաց աղջիկը:

- Զարմացած ես երևում:

- Երբ ներս մտա, մտածում էի, որ սպասուհու աշխատանք էին առաջարկելու: Ու չէի կարողանում գլխի ընկնել, թե ինչու էին փողոցում ինձ ընտրել ու տասը հազար ‎‎ֆրանկ տվել, չնայած մարդիկ հաճախ են է‎դպիսի ծիծաղելի բաներ անում: Բայց մտքովս երբեք չէր անցնի…

- Այնպիսի բան չի կատարվել, որ քեզ պետք է զարմացներ: Սովորական դեպք է: Չե՞ս գիտակցում, որ գեղեցիկ, ջահել աղջիկ ես և չպետք է կորչես նրանց մեջ, ովքեր քո արժեքը չգիտեն: Երբ ճիշտ զգեստներ կհագնես և ճիշտ սանրվածք կունենաս, կտեսնես, թե որքան գեղեցիկ ես: Այդ մեկը կարող եմ խոստանալ:

- Տանն էլ էին ասում, որ գեղեցիկ եմ, - աղջիկը ծիծաղեց:

- Չեմ կասկածում:

Չնայած թվում էր, որ աղջիկը Փարիզից հենց այն էր ակնկալում, ինչ Կալ‎ֆայանի նման մարդն էր առաջարկում, օրիորդ Դյուսենը զարմացած էր համաձայնության գալու նրա զվարթ խանդավառության վրա: Թե առաջարկն իր մեջ ինչ էր ներառում, վստահորեն պարզաբանվել էր նրան, և այդուհանդերձ օրիորդ Դյուսենն աղջկա մեջ բնածին նրբամտություն էր նկատում, հետևաբար այնպիսի մտավախություն ուներ, թե աղջիկը լիովին չէր ըմբռնում, թե ինչ պայման էր ընդունում:

«Իսկական պարգև է», մտածեց օրիորդ Դյուսենը: Եթե իսկապես հենց այն էր, ինչ թվում էր` չհղկվածության ու նրբանկատության, սաստիկ գռեհկության ու զգացականության թանկագին միախառնում:

Աղջիկը գումարին առնչվող մանրամասներով չհետաքրքրվեց: Տարօրինակ էր, որ պնդեց, որպեսզի մենակ գնար իր փոքրիկ բնակարանը` իրերը բերելու, նաև պնդեց, որ սենյակը չհանձներ, սակայն համաձայնեց հենց նույն գիշեր վերադառնալ մետրոյով և սկսել այս տանն ապրել:

Օրիորդ Դյուսենը հուզված ետ ու առաջ էր անում իր հյուրասենյակում` խորհելով, որ ձեռքում նման նյութ ունենալով` գերազանցելու էր ինքն իրեն և պատկերացնում էր, թե որքան գոհ էր լինելու հայը: Մի քանի րոպեից ինքն իրեն հավաքեց, զանգահարեց Կալ‎ֆայանին, որպեսզի իր զուսպ հիացումն արտահայտեր նրա հաջողության ու ճաշակի կապակցությամբ և տեղեկացներ, որ նա կարող էր Գեյբրիելին այցելել դեռ երեք շաբաթը չբոլորած: Հեռախոսազանգին պատասխանելու Կալ‎ֆայանի ձայներանգից գլխի ընկավ, որ կինը նրա կողքին էր:

- Գեյբրիելը խելացի և բնականից նրբագեղ կին է: Դժվարություններ

կունենամ, բայց դրանք հաղթահարելի են:

- Քո հայեցողությանն եմ թողնում, - Կալ‎ֆայանը կարճ կապեց և կախեց լսափողը:

«Ինձ չի գնահատում», - հագուստը փոխելով և տնային թեթև զգեստն ու խալաթը հագնելով` մտածում էր օրիորդ Դյուսենը: Հետո նստեց գրասեղանի առաջ և սկսեց որոշ գրառումներ անել. զգեստներ` կապույտ երանգներ, կիսավարտիքներ` կանոնավոր տեսականի: Օրիորդ Դյուսենը մտադրվել էր այս աղջկա համար փղոսկրագույն սնդուսից խալաթ ընտրել, որի հետ նրբադիպակից կիսաշապիկը կսազեր: Գուցե գուլպայակապիչների մուգ կարմիր գոտի՞, նեյլոնե կարմիր-արծաթափայլ գուլպանե՞ր: Վերջին աղջկա` երգչուհու ժամանակ օրիորդ Դյուսենը զգում էր, որ այդ համակցությունն անչափ գրգռում էր Կալ‎ֆայանին: Կարելի էր կրկին փորձել: Օրիորդ Դյուսենը վաղ մտավ անկողին` մտածելով հարմար սանրվածքի մասին: «Կալ‎ֆայանին ցույց կտամ, թե ինչ նյութից եմ հունցած», - ասաց մտքում: Մինչ պառկած էր մթության մեջ, նրա ուղեղը հոյակապ համակցություններ էր արարում` զգեստներ, թիկնոցներ, ձեռքի պայուսակներ, օծանելիքներ, ձեռնոցներ, զարդեր, կանացի կոստյումներ: Ակնթարթորեն նա զարդարում էր այդ կատարյալ դեմքը ամենատարբեր ձևերով, մարմինը` նույնպես, ապա և երկար, լիքը ոտքերն ու թարմ կուրծքը, որ մինչ օրս անտեղի թաքցված էր անճոռնի, կոճակավոր կանաչ զգեստի տակ:



* * *

Մի երեկո, երեք շաբաթ անց Շառլը` Մաքսիմի ռեստորանի վայելչակազմ, շնորհալի, ամենաերիտասարդ անձնակազմի պատասխանատուն, որի ապշեցուցիչ վերելքը հասարակ մատուցողի աստիճանից ընդամենը կես տարում` ավելի տարիքով անձնակազմի պատասխանատուների անզոր նախանձն էր շարժել, անվրդով այցելուներին էր սպասարկում իրենց հաստատությունում: Շառլն իր բնույթով էր անվրդով, չնայած ընդհանրապես աչալուրջ էր: Շուտով մսյո Կալ‎ֆայանին էին սպասում, ենթադրվում էր` թատերական ներկայացմանը հաջորդող ընթրիքի համար, նաև` հյուրի ուղեկցությամբ, և Շառլը նախապատրաստել էր նրա սեղանը: Չնայած սեղանապետն անձամբ էր նրան սպասարկելու, Շառլը խորապես արժևորում էր Կալ‎ֆայանի նման մարդու հետ ցանկացած սերտ շփման միջոցով իր փորձառությունը լրացուցիչ հարստացնելու հնարավորությունը: Վերջին անգամ, երբ Կալ‎ֆայանը ճաշել էր Մաքսիմի մոտ, Շառլը ոչ միայն ուշադիր զննել էր բազմամիլիոնատիրոջը` առանց դույզն ինչ թերանալու իր պարտականությունների մեջ, այլև հաճախակի հնարամտորեն հաջողացրել էր կանգնել այնտեղ, որտեղից կկարողանար ականջ դնել Կալ‎ֆայանի սեղանի շուրջն ընթացող զրույցների պատառիկներին:

Երբեք չէիր համարձակվի կատակել Կալ‎ֆայանի հետ, կիսաթափանցիկ ակնարկներ անել կամ ինչ-որ կերպ վերևից նայել նրան: Շառլը քաջատեղյակ էր, որ նա անհապաղ և ծայրահեղ սառնությամբ կպատասխաներ ավագ մատուցողների համար սովորական դարձած նման ոտնձգություններին: Որոշ մեծահարուստ տղամարդիկ (և ոչ միայն միջին տարիքի կանայք, որոնց շրջանում այս երևույթն առավել տարածված էր) դրականորեն էին արձագանքում նվաստացման այդպիսի նուրբ, սիրալիր միջոցներին: Շառլի համար անսովոր էր, թեև` ակնհայտ, որ նրանք ոչ միայն ողջունում էին ավագ մատուցողների և անձնակազմի պատասխանատուների կողմից ցուցաբերվող նման անհարգալից վերաբերմունքը, այլև անառարկելիորեն փափագում էին արժանանալ դրան: Շառլը բավականաչափ անաչառ էր սեփական անձի նկատմամբ, որպեսզի իրեն թույլ չտար որոշակիորեն խորամուխ լինել նման վարքագծի պատճառների մեջ, բայց նա գիտակցում էր դիտելու և զննելու իր կարողությունը:

Նա հարգում էր Կալ‎ֆայանին: Կալֆայանը բարձր էր կանգնած նրանից, տարբեր շատ ու շատ մյուսներից, որոնց պատճառով ինքն արդեն այդքան հեռուն էր գնացել: Նրանց համար մշտապես հաճելի էր, երբ Մաքսիմի մոտ մտնելիս հանդիպում էին իրեն: Երբեմն դա նրան ստիպում էր զարմանալ, թե ինչ խղճուկ կյանքով էին նրանք ապրում: Շառլին հանդիպելիս Կալ‎‎ֆայանը երբեք հաճույքի կամ տհաճության զգացում չէր դրսևորում, քանի որ նրան միշտ որակյալ էին սպասարկում: Կալ‎ֆայանի աչքերը սառն էին, սև ու խելացի, և երբ նա ժպտում էր նուրբ զգուշավորությամբ, նրա աչքերը չէին փոխվում: Նրա դեմքը ծայրահեղ խնայողությամբ էր արձագանքում: Կալ‎ֆայանը, ամենայն հավանականությամբ, մինչև ուղն ու ծուծը հաստատուն էր, բայց Շառլը, որ հետևել էր նրա զրույցներին, նկատել էր, որ Կալֆայանը մեղմ չէր: Կալ‎ֆայանը զուսպ մարդ էր: Նա չէր ծիծաղում, ոչ էլ բարձրաձայն էր խոսում:

Վերջապես ներս մտավ բաց դեղնագույն, ուսաբաց զգեստով երիտասարդ մի կին, նրա ետևից գալիս էր Կալ‎ֆայանը` տակառաձև մարմինը երեկոյան կոստյումի մեջ առած, կարճ կտրած մոխրագույն մազերը հազիվ էին աղջկա կզակին հասնում: Հաճախորդները հայացքները կտրեցին իրենց ափսեներից և վեր նայեցին: Սեղանապետը նրանց Շառլի կողքով սահուն ուղեկցեց դեպի իրենց սեղանը. Մաքսիմի հաստատության գնդիկավոր մեխանիզմը սկսեց գործել Կալ‎ֆայանի համար: Շառլը գլխի շարժումով ողջունեց նրան, սակայն այնպես, որպեսզի սոսկ որպես աննկատ շարժում ընկալվեր: Սեղանապետն արագորեն ետ հրեց նրանց սեղանը: Նստեցին: Սեղանապետը ետ քաշվեց: Ներկայացավ հանդիսավոր, ինքնավստահ կարճահասակ գինու մատակարարը: Կալ‎ֆայանը պատվիրեց: Շամպայն, թառափ, ծովախեցգետին, իսկ որպես աղանդեր` սու‎ֆլե:

Կինը սկսեց խոսել: Շառլն ակնդետ նրան էր հետևում, հետո գլուխը մի կողմ էր թեքում, ապա կրկին նրան էր նայում: Ժպիտն էր: Վարակիչ ժպիտ էր: Կալ‎ֆայանի այստեղ բերած վերջին կինը` ավելի տարիքովը, նույնպես շատ էր խոսում: Շառլը հիշեց, որ Կալ‎ֆայանը նստել էր լուռ, գրեթե անշարժ, միայն հազվադեպ էր հանուն քաղաքավարության գլխով անում: Հիշեց, որ Կալ‎ֆայանի դեմքին նայելուց հետո ծիծաղեցին սեղանապետի հետ, բայց ոչ քծնելու համար:

Կալ‎ֆայանը զրուցում էր աղջկա հետ: Երկուսն էլ հավասար էին խոսում: Ազջկան նայելով` Կալ‎ֆայանը մի պահ չափից ավելի, գրեթե անդուր բացեց բերանը, որպեսզի թառափը ներս տաներ: Նա հաճախ էր ժպտում, և ժպտալիս աչքերը փոխվում էին, կարծես զարմանքի հրճվանքով էին լցված: Ինչի՞ մասին էին զրուցում: Այդ աղջիկն ինչե՞ր էր ասում նրան: Շառլը սեղանապետին բռնացրեց` աչքերը նրանց վրա հառած: Շառլի հայաացքը որսալով` սեղանապետը շրջվեց:

Արդեն ավարտում էին ծովախեցգետինը, երբ Շառլը հանդգնեց նրանց ավելի մոտ դիրքավորվել և մի քիչ ականջ դնել: Այժմ աղջիկը ձեռքերը դրել էր ափերն ի վեր և ասում էր.

- Միանգամից մեր հեծանիվները նստեցինք ու Պոյից դուրս թռանք:

- Չէ~, հա, - խեցգետնի մագիլի փոքրիկ ծայրը ծծելով` ասաց Կալ‎ֆայանը:

- Իսկականից:

- Կյանքումս հեծանիվ չեմ քշել, - ասաց Կալֆայանը:

- Ճի՞շտ:

- Իհարկե:

Հետո Շառլը ստիպված էր հեռանալ: Հաճախորդներից մեկը նրա ուշադրության կարիքն ուներ: Շառլը քթի տակ ինչ-որ բան մրթմրթաց և դանդաղ հեռացավ: Բայց նրա աչքերը Կալ‎ֆայանի սեղանից չէին կտրվում: Եվ մի պահ եղավ, երբ Կալ‎ֆայանը լրիվ անճանաչելի էր:

Դեմքը:

Այժմ գիշերային երկինքն էր իջել Կալ‎ֆայանի դեմքին: Աստղեր և մոլորակներ, կանացի մի կողմ նետված սպիտակեղենի, հայելիների, ճիչերի, մերկացված ու լլկված մարմինների խորապես կամակոր մի աստղաբույլ, կանացի սարսափած, մոլորված, թմրած աչքերի արտացոլանքն էր այս սև աչքերի մեջ: Շառլի աչքերի առաջ հմուտ, գաղտնի խաղերի անխոս մի տեսարան բացվեց, մի ողջ համաստեղություն, որ իր մեջ էր ներառել ուզածդ տղամարդու անասելի մութ, անանձնական երազանքները, երազանքներ, որոնցից վաղուց հրաժարվել էր հենց Շառլն ինքը:

Շառլը խոր շունչ քաշեց: Աղջիկը խրտնած` ձեռքը բերանին տարավ:

- Սիրելի աղջնակս, - վարանելով շշնջաց տղամարդը, նրա շուրթերը կարմիր էին ու թաց: - Այնպիսի տեսք ունես, կարծես ինչ-որ բան ես մոռացել:

- Դուք…դուք ծիծաղելի տեսք ունեիք, - ասաց աղջիկը, - դրանից զարմացա:

Տղամարդը չպատասխանեց: Նրա դեմքը կրկին նախկին Կալ‎ֆայանի կերպարանքն էր ձեռք բերել: Շառլն իր պարտականություններին վերադարձավ: Ժամանակ առ ժամանակ աչքը զույգի վրա էր գցում:

Հիմա Կալ‎ֆայանը բարձրացրել էր ձեռքն ու դրել էր աղջկա ձեռքի վրա, նրա կարճլիկ մատներն անշարժ հպվել էին աղջկա մատնահոդերին:

- Այո~: Դե, շուտով տուն ենք գնալու, - ասաց Կալֆայանը: - Տանը հարմարվե՞լ ես, ամեն բան քո ուզածո՞վ է:

Աղջիկը գլխով արեց: Նա թույլ ժպտում էր և արդեն պատրաստվում էր մի պատառ սու‎ֆլե անուշ անել, երբ դանդաղ վայր դրեց պատառաքաղը և գլուխն ուղիղ պահած` անբնական ժպիտով տղամարդու աչքերի մեջ նայեց:



Հանկարծ աղջիկը երեսը շուռ տվեց տղամարդուց: Գլուխը կախվեց: Նրա սև մազերի խուրձը կիսապտտած գլխով տիկնիկի մազափնջի նման ցցվեց Կալ‎ֆայանի հայացքի առաջ: Աղջկա մերկ, ճեփ-ճերմակ ուսերը ցնցվեցին, ապա` կրկին:

Աղջկա գլուխն իջել-հասել էր բաց դեղնագույն փեշին փռած ձեռնաշորին:

Շառլն առանց հապաղելու, պատրաստակամ դեպի նրանց սեղանը սլացավ: Փորձեց օգնել աղջկան: Տեսավ նրա մեծ, մուգ, ահաբեկված աչքերը: Կալ‎ֆայանը տեղից վեր կացավ, լուռ գլխով արեց Շառլին, վերջինս հետ քաշվեց: Կալ‎ֆայանն աղջկան օգնեց ոտքի կանգնել և Շառլի առաջնորդությամբ նրան մինչև զուգարան ուղեկցեց: Տեղից շարժվելով` աղջիկը Կալ‎ֆայանին նայեց: Նրա բարի հայացքը, կարծես, վստահություն ներշնչեց աղջկան: Երբ աղջիկն անհետացավ դռների հետևում, Կալ‎ֆայանը գլուխը կախեց:

Կալ‎ֆայանը երկար նայում էր փակ դռանը, նրա ուսերը ոչ բնորոշ ձևով, գրեթե աննշան կախվել էին: Շառլը հայացքը փախցրեց:

- Խե~ղճ գեղեցկուհիս, - շշնջաց Կալ‎ֆայանը: Ապա` ավելի բարձր ձայնով, - խե~ղճ աղջիկ:

Շառլը ենթադրեց, որ Կալ‎‎ֆայանն ինքն իր հետ էր խոսում, բայց երբ կրկին նրա կողմը շրջվեց, տեսավ, որ Կալֆայանը, փաստորեն, անձամբ իրեն էր դիմում:

- Հավանաբար, պետք է նրա թիկնո՞ցը բերենք, - հարցրեց Կալ‎ֆայանը:

- Այս րոպեիս, սըր, - ասաց Շառլն ու շտապով հեռացավ:

Երբ վերադարձավ, նրանք երկուսով կանգնած էին միջանցքում:

-Այնտեղ վերադառնալ չեմ կարող: Նե…ներեցեք, - փսփսում էր աղջիկը:

Շառլը` թիկնոցը ձեռքին կանգնած սպասելով, մինչև իր կարիքը կզգային, Կալ‎ֆայանի դեմքին ակնհայտ թեթևություն նկատեց:

- Սիրելի աղջնակս: Ներողություն չպետք է խնդրես: Քեզ ուղիղ նախկին սենյակդ կտանեմ: Վերջ, վերջ, - ասաց և իր կարճլիկ մատներով շոյեց նրա ուսը:

Հետո սև աչքերը վերջապես հանդարտվեցին, և Կալ‎ֆայանն ասաց.

- Ասա, թող մեքենան մոտեցնեն:



* * *

Այդ առավոտ սըր Ջորջ Րեյներին վաղ արթնացրեցին` ժամը երեքին: Նրա մահճակալի կողքը դրված հեռախոսն էր զանգում: «Ո՞ր սատանան է», - մտածեց նա և շրջվեց, որպեսզի ընկալուչը գտներ:

- Րեյները լսում է:

- Փարիզից են զանգում, սըր Ջորջ Րեյների հետ են ուզում խոսել:

- Այո, Րեյները լսում է…

- Ալլո~, Րեյնե՞ր:

- Րեյները լսում է:

- Լավ է: Կալ‎ֆայանն է խոսում: Քո առաջարկության մասին էի մտածում: Նկատի կունենամ: Շուտով իմ որոշման մասին կիմանաս:

- Հրաշալի~ է: Կալֆայա~ն:

- Այն օրը լավ նախաճաշ էր, այդ կարծիքին չե՞ս:

- Իհարկե, լավ էր:

- Դե լավ, ցտեսություն:

- Այո: Ճիշտ է: Ճիշտ է: Ցտեսություն:

Լսափողը ցած դնելով` Րեյներն առաջին անգամ գիտակցեց, որ երբևէ վայրկյան անգամ չէր ակնկալել, թե Կալ‎ֆայանը փոխարինաբար կառաջարկեր իր հավաքածուն: Այժմ, երբ Կալ‎ֆայանը Րեյներին հանել էր խոր քնից, որպեսզի հայտարարեր, թե ինքը նման քայլի մասին էր խորհում, Րեյները զարմացած էր և գրեթե համոզված, որ դրանից բացարձակապես ոչինչ դուրս չէր գալու:

Ի՞նչ հոգեվիճակ էր նրան այսպիսի անհետաձգելի, անցողիկ քմահաճույքի հասցրել: Տպավորությունն այնպիսին էր, կարծես մեր ընկերը վերցրել ու հանկարծ սարսափելի վախեցել էր, թե իր պարսպապատն էին քանդելու, կամ պահակախմբին էին գնդակահարելու, հակակողոպտման ազդանշանային համակարգերն էին խափանելու, կապկպելու էին իր մարդկանց ու բերաններն էին խցանելու, և քիչ էր մնացել, որ հանդուգն գողերը տանեին իր հավաքածուն, այդ պատճառով էլ ավելի ապահով կլիներ, եթե հավաքածուն միառժամանակ նեղուցի հակառակ կողմում` Բրիտանական թանգարանում պահվեր: Րեյները մտքում ծիծաղեց սեփական տարօրինակ մտքերի վրա:

Կալ‎ֆայանին ամենևին նման չէր գիշերվա կեսին որևէ մեկին զանգահարելը:


Թարգմանությունն անգլերենից` ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԻ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ