СТАНЬ VIP

ՊԱՏՐԻԿ ԱՐՏԵՄԻ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՊԱՏՐԻԿ ԱՐՏԵՄԻ

Сообщение Harutin » 31 окт 2010, 22:13

ՊԱՏՐԻԿ ԱՐՏԵՄԻ
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՊԱՏՐԻԿ ԱՐՏԵՄԻ

Сообщение Harutin » 31 окт 2010, 22:14

ԹՌՉՆԱՇՈՒԿԱ


Հավայան արշիպելագի մարջանահուլունքի ամենագեղեցիկ կղզին` Օահուն` իր Հոնոլուլու մայրաքաղաքով նման է հսկայական տոնավաճառի: Ամենուր` բարձրաբերձ հյուրանոցներ, անծայր և անվերջ խանութներ, մանրավաճառի կրպակներ, սրճարաններ, ժողովրդական պարարվեստի բեմահարթակներ: Եթե գրպանումդ դեռ փող կա, այստեղ ծախսելը պրոբլեմ չէ. հավայան բնիկները վաճառում են կղզու հազարամյա ավանդույթները պատկերող քարե արձանիկներ, փայտի հմուտ փորագրություններ, գեղեցիկ մարգարտահուլունքներ, թալիսմաններ և հազար ու մի պսպղուն բաներ:

Ադամանդե գլուխ կոչվող լեռան դիմաց, ծովափի ոսկեզօծ ավազուտներից ոչ հեռու, «Հիլթոն» հյուրանոցի, ABC խանութի և Հավայան պատկերասրահների հարևանությամբ, ուր քոշաքարերից սարքած «կղզիներից» փոքրիկ ջրվեժներ են իջնում, իսկ լճակներում գույնզգույն ձկնապարսեր են լողում, թռչնաշուկան է: Հավքը երկնքից չես կարող բերել շուկա. պետք է ինչ-որ բան անել-ահա և վանդակի հայտնագործությունը: Հավայացիները բազմահարկ և բազմագույն վանդակների մեջ ցուցադրում են իրենց արևադարձային երկրի թռչնաշխարհը: Ինչպիսի՜ հեքիաթային գույներ` երգող վանդակներում: Ոսկեկանաչ, ոսկեդեղին և ոսկեկապույտ դեղձանիկներ, մալախիտի, ծիրանի, մանուշակի, շագանակի և ծովազվարթի գույներով պճնված կակադուներ: Ոսկեփետուր, ոսկեթավիշ փեղույրներով դրախտահավեր` կողերին ու թևերին մետաքսե գեղեցիկ ոլորքներ: Ճիվի» ճիտի» ճավի» ճիվի» ճիտի» ճավ» ճավ, – ճռվողում են դրախտահավերը և անտարբեր նայում այցելուներին: Իսկ ազատության մեջ ուրի՜շ մի հեքիաթ է դրախտավերի կյանքը. արուն կուսական անտառի կապտամշուշ խորքերում սարքում է իր տուն-պալատը, պատերը ներսից ծածկում բուսախեժերով, իսկ մուտքի մոտ կուտակում կամելիայի ու լիանայի սպիտակ և վարդագույն ծաղկաթերթիկներ` տունը լցնելով անմահական բույրերով: Գործն արված է. արուն թռնելով թփից – թուփ, ծառից – ծառ, շրջելով ամբողջ անտառը, գտնում է իր ընկերուհուն և մինչև լուսաբաց սեր դայլայլում` ավելի կատարյալ, քան աշխարհի վրա ապրած ամենահմուտ սրնգահարները:

Մարին ամբողջ գիշեր լուռ լսում է իր Ռոմեոյին, որ տեսնի` դա հավերժակա՞ն սեր է, թե ինչ-որ խաբուսիկ հրապուրանք: Մարին իր հրաշագեղ սիրերգն սկսում է միայն լուսաբացին` թևերի քնքո՜ւշ մի հպումով իջնելով արուի կողքին: Իսկ երջանիկ Մայր անտառն իր նրբահյուս շշուկներով օրհներգում է թևավորների սերը:

Իսկ այստեղ` թռչնաշուկայում, երգը և սերը վանդակի մեջ»Եթե արուն չի շրջել ամբողջ անտառը և չի ընտրել իր միակ սերը բազմաթիվ ուրիշ դրախտահավերի մեջ» Սե՞ր առանց բուսախեժերի արբեցնող բուրմունքի ու ծաղկաթերթերի քնքո՜ւյշ բույրերի՞, սեր, երբ մետաղահամ վանդակն է իրենց կապում միմյանց, հիմա մարին ի՞նչ իմանա` կա՞ այդտեղ հավերժի նշույլ, թե՞ եղած-չեղածը անցողիկ բան է: Մարին ի՞նչ անի` առանց երկինքը տեսնելու, առանց անտառի շշուկները լսելու ինչպե՞ս սկսի իր աստվածային սիրերգը, թե՞» մի փոքրիկ, մի հպանցիկ ճիվի-ճիտի-ճավի-ճավն էլ բավական է: Թռչնաշուկայի հեռավոր մի անկյունում մի հավայացի ցուցադրում էր արտասովոր մեծության երկու թութակ»ազատության մեջ» մարդաբոյ, արհեստական ծառի վրա: Այցելուները, նախապատվությունը տալով անվանդակ թռչուններին, շտապում էին այնտեղ: Թութակները զարմանալի գեղեցիկ էին. արուն` ամբողջովին կարմիր, մարին`ամբողջովին եդեմային կապույտ:

– Ալո՛հա՜, – յուրաքանչյուր մոտեցողին հավայերեն ողջունում էր խստաբարրո տղամարդուն նմանակող արուն:

– How are you?, – արդեն անգլերեն եկվորի որպիսությունն էր հարցնում մարին` սևեռուն նայելով նրա աչքերի մեջ` կարծես սպասելով պատասխանի:

Եթե այցելուն ինչ-որ բանի էր ասում կամ` կատակում, մարին հմտորեն ընդօրինակում էր նրան:

– Երկլեզու թութակներ են, խոսում են անգլերեն և հավայերեն, – ժամանակ առ ժամանակ տեղեկացնում էր տերը:

– Ալո՛հա՜»

– How are you»?Երկու թութակների թատրոնը կանչում էր նորանոր մարդկանց, և մարին հիանալի կատարում էր բուֆոնի իր դերը: Ի վերջո հոգնելով իր թատերախաղից, մարին շրջվում է արուին, կարծես հասկացնելով, որ հյուրերը գալիս են ու գնում, ի վերջո արուն է իր համար անփոխարինելի:

– How are you, Կեչա, – հարցնում է մարին` այս անգամ սևեռուն նայելով արուի աչքերի մեջ:

– Սուս, Զեա, – ասում է արուն և գլուխը թեքում մի կողմ, այսինքն` հանգիստ թող ինձ:

– Ա՜խ, այդպես, – զայրանում է մարին և, մալախիտի գույնի կեռ կտուցը, հպվելու չափ մոտեցնելով արուին, տևական վանկարկում»Կեշ-շա,Կես-սա, Կեշ-շա, Կեկ-կա», – լավ իմանալով, որ դա հունից հանում է արուին:

Կեչան թափահարում է կեռ, խոշոր կտուցը և, կարմիր փետուրները փռռացնելով, ցուցադրաբար շրջվում եդեմային կապույտ գեղեցկուհուց: Ի՞նչ իմանաս, գուցե՞ դա էլ է մտնում դերասան թութակների խաղացանկի մեջ: Չնայած արհեստական ծառին փակցված ցուցանակն զգուշացնում է` «ձեռք չտալ, կտուցով կարող են հարվածել», այդուհանդերձ ոմանք չկարողանալով զսպել գայթակղությունը, զգուշությամբ շոյում են թութակների վառ կարմիր և կապտաթույր փետուրները:

– Չեք վախենո՞ւմ, որ թռչեն-հեռանան, – հարցրի հավայացուն:

– Չեն կարող, – քթի տակ ժպտաց նա:

– Ինչո՞ւ:

– Թևերի մի մասը կտրել եմ, մարմինը չեն կարողանում պահել օդում: Մեկ-երկու փորձել են թռչել, բայց ընկել են ցած:

Տոնովաճառային տրամադրությունս փչացավ, ահա թե ինչ` վանդակը փոխարինվել է ավելի չարամիտ հնարքով: Այդ սքանչելի թութակներն այլևս չկան երկնքի համար: Դաժանության մկրատը փռթել է նրանց բաժին երկինքը: Ահա մեր դավանած աշխարհի վարքը. կտրում են թռչելու համար ծնվածների թևերը և թևեր տալիս նրանց, ովքեր թեև սողուն չեն, բայց ծնվել են սողալու համար:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պատմվածքներ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0