Vard » 10 апр 2010, 11:37
ՂՕՂԱՆՋ ՆՎԱՃՄԱՆ
Թզուկ ծառերը հեշտ են չորանում
Տաք ու պաղ քամուց,
Քերծւածքից անգամ,
Ճղակտրումից:
Վիթխարի մայրին կրկին նորանում,
Շիտակւում է շուտ՝
Մինչևիսկ անգութ ճղակտրումից
Խորունկ նոր վէրքին գտնում է նոր ճար՝
Ապաքինւելով բուժիչ այն խէժով,
Որ ուրիշ դէպքում կոչւում է... հանճար:
Եւ ահա նորից նրա թարմ վէրքի
Բերանն է գոցւում,
Ու բացւում նրա բերանփակ հոգին,
Ու բացւում այնպէ՛ս,
Որ բնաշխարհի զովի ու շոգի
Յարութիւն տւող շունչն է զգացւում
Պոլսոյ թաղերում հայրենապապակ:
Բացւում է նրա հոգին բերանփակ
Ադրիականի ու Մարմարայի հեռու ափերին,
Եւ ինքնամոռաց-ցնծուն ծափերի
Որոտից մի պահ
Ծովերն իսկ հպարտ
Ուռչում են թէպէտ, զարկւում ափերին.
Բայց... մի այնպիսի հարւածով զգոյշ.
Բայց այնպէ՛ս անձայն, համրացած այնպէ՛ս,
Ինչպէս... նկարին Այվազովսկու...
Մի հայ վարդապետ՝
Ո՛չ միայն անզէն,
Մինչևիսկ առանց խաչ ու արծաթի.
Եկել էր՝ նորից Պոլիսն առնելու.
Եւ անառ Պոլիսն իսկապէս առաւ,
Բայց ոչ թէ իբրև գէօռբագէօռ Ֆաթիհն՝
Ահեղ հորդայի սանձը ձեռներում,
Զէնքով ու զօրքով,
Բարբարոս ձեռքով
Կրակի մատնած հիւսիս ու հարաւ:
Նա անառ Պոլիսն իսկապէս առաւ,
Վերագրաւեց, միայն թէ... երգո՜վ.
Մի երգչախմբով ամենասասան.
Որ նա՝ գողթենցուց սերւած երգասան.
Խորին խորհրդով կոչել էր Գւսան.
Մի երգչախմբով, ուր ձուլւել էին
Շուրջ երեք հարիւր պարման ու կուսան.
Մի խումբ վիթխարի՝
Մասեաց մայիսեան եղեգնուտի պէս
Բազմասոսափուն.
Վանայ լճի պէս ծփան ու ծափուն,
Արաքսից առոյգ, Եփրատից հոսուն,
Բայց Արագածից շեշտւած ու հաւաք, -
Շուրջ 300
Հնազանդ, խոնարհ ու հլու զաւակ,
Հնազանդ, խոնարհ ու հլու մէկին,
Որ դաժան կեանքի ահեղ տաժանքով
Իր հայր դառնալու իրաւունքն անգին
Փոխել էր դրա լոկ երազանքով,
Եւ հիմա...
Յանկարծ շուրջ 300 սիրելի զաւակ՝
Հո՛ր շնչով շնչող,
Հո՛ր ձայնով հնչող.
Մի սի՛րտ, մի հոգի՛, մի կա՛մք, մի արի՛ւն:
Շուրջ 300...
Իսկ ինչո՞ւ երեք:
Հա՛յր սուրբ, վե՜ց էր պէտք,
Այո՜, Վարդապե՛տ,
Պէտք էր 600,
Որ... մեր վեցդարեայ ահեղ որբութեան ամէ՛ն մի տարուց
Վեց հարիւր տարի անվերջ շամփուրւած,
Փայփայանքից զուրկ ու չհամբուրւած
Մեր ժողովրդի մրմուռից գոչէր
Ամէ՛ն տարւայ դէմ մի՛ անմեղ բերան.
Եւ... ա՛յն քաղաքում, որ շէները մեր
Իր լեզւով ասած դարձրեց վերան՝
Ջարդելով սիւներ, ձեղուն ու գերան,
Եւ... այն քաղաքում, որ վեց դար արբեց
Մեր գինով, արեամբ և արտասուքով,
Մեր հագուստի հետ, մեր մաշկն էլ գոփեց,
Պղծեց ա՛յն, ինչ որ մենք էինք պաշտում՝
Մեր սուրբ սուփրայով կօշիկը սրբեց,
Ոտքերը լւաց մեր հացի տաշտում...
Շուրջ 300՝ պարման ու կուսան՝
Մի համահաւաք-բազմամի ուսան,
Որ առանց մի պուտ արիւն թափելու
Եւ առանց դաւի, առանց խաբելու,
Մի դաշնամուրով ու սրինգ փողով,
Վեց հարիւր շուրթով ու ձեռքով մի զոյգ,
Թէ յարուցելով լաց ու արտասուք՝
Ապա յուզելով, ո՛չ ահ ու դողով,
Թէ յարուցելով կանչ ու աղաղակ՝
Ապա ցնծութեամբ, ո՛չ թէ երկիւղով, –
Առա՛ւ-նւաճե՛ց-գերե՛ց մի քաղաք,
Որ մի քաղա՜ք չէր, ո՛չ էլ տէրութիւն,
Այլ միանգամից երկու մայրցամաք՝
Մի երկկողմանի եանոսեան դիմակ –
Կիսով ասիական ու եւրոպական
Մէկին՝ միջնաբերդ,
Իսկ միւսին՝ մատոյց,
Այստեղ՝ ապական,
Իսկ այնտեղ՝ այտոյց...
Եւ նա՛, որ երեկ տիրեց Եւրոպան
Ու հիմա դարձել Ասիան էր գերում,
Նա՛, որ ընկել էր մի յուռթի խոպան
Եւ իր քրտինքով ջրած հերկերում
Ե՛ւ խոփ էր ինքը, և՛ լուծ, և՛ ճոպան,
Սերմնացան այնպէս՝ ինչպէս որ տափան, –
Հիմա թերևըս նա զուր էր ուզում
Պոլսում բաց անել երաժշտանոց.
Չէ՞ որ նա ինքը մի մարդ էր թէպէտ,
Հազարի նման մի հայ վարդապետ,
Մի մարդ էր,
Սակայն կարծես մի մարդ էր բազմահատորեայ,
Մի մարդ էր,
Աակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա՝
Երգիչ, նւագող,
Խաղեր հաւաքող,
Որքան խմբավար՝
Նոյնքան ուսուցիչ,
Որքան հնագէտ՝
Մեռած խաղերի գաղտնիքը լուծող,
Նոյնքան պատմաբան՝
Դարաւոր երգի մայրուղին գծող.
Եւ մի երգահան, և մի տաղաստեղծ.
Որի քրտինքի ամէն մի կաթիլ
Դառնում էր նոր երգ ու մի եղանակ.
Ե՛ւ աստւածային մեր Պատարագի մի նոր հեղինակ,
Ե՛ւ զաւեշտական օպերետայի ուրախ խաղաստեղծ, , –
Մի մարդ,
Որ սակայն կարծես թէ մարդ էր բազմահատորեայ
Մի մարդ,
Որ սակայն ինքն էր մի ամբողջ կոնսերվատորիա...
Եւ ահա նրա կախարդ ձեռքի տակ
Ծերուկ խազերը դառնում են կարծես անլեզու մանուկ,
Որ կամաց-կամաց իր թոթովախօս լեզուն է բանում,
Թո՛ղ որ դեռևըս ինչ-որ տեղերում թլիկ է տալիս,
Բայց կանցնի և՛ս մէկ-երկու տարի. –՝
Էլ հա՜մրը որտեղ, էլ ի՞նչ փակբերան...
Մարմին է դառնում Անուշ օպերան,
Որ էլ հարց չտայ հեգնող Ֆիգարոն,
Թէ ո՞ւր են հապա Մոսին ու Սարօն...
Մարմին է առնում Անուշ օպերան.
Եւ ժողովրդի
Ընդերքից յուռթի
Միևնոյն տարում լոյս աշխարհ եկած
Նոյն ժողովրդի
Կարեվէր սրտի
Հոգսերից, ցաւից, յոյսերից երգած,
Նոյն հողը հերկած
Սերմնացան երկու
Մէկտեղ են բերում բերքը պանծալի՝
Սիրով գումարում հանճար-հանճարի...
Մինչ ինքը այստեղ՝
Արդեօք Բերայի Բանկալթի թաղո՞ւմ.
Արդեօք Իշխանաց կղզո՞ւմ ման գալիս,
Թէ՞ քաղաքամերձ չքնաղ Հայ գիւղում, –
Մինչ ինքը այստեղ՝
Իր միտքը լողում
Թողնում է Բերա–Բանկալթի–Պոլիս
Ու հասնում նորից
Ո՞ւր... Էջմիածի՛ն:
Ա՜խ, նրանք այնտեղ յաճախ, շա՜տ յաճախ
Խուց էին մտնում լոկ լուսաբացին,
Իսկ ամբողջ գիշե՜ր...
Եւ ամբողջ գիշեր
Ծերուկ մոկացին...
Ինչպէ՞ս չյիշել
Որքան էլ թւայ անցած ու հեռու:
Նա ճեմարանի պահակն էր ծերուկ
Անտուն ու անտեղ այդ Նախոյ քեռին:
Նրա մացառփուշ խառնակ յօնքերի
Տեղ-տեղ փլուզւած կամարի վրայ
Դարադարսւած էին կնճիռներ մռայլ՝
Ամէն մէկն ասես կամարին վայել
Մի-մի ձեղնափայտ, փոքր ու մեծ գերան,
Ու թէ ծռմռւած վերից ու տակից,
Ապա ճակատի պաղից ու տաքից:
Եւ ամէն անգամ, երբ Նախոյ քեռին
Իր իսկ մտքերի քամուց սարսւելով՝
Կամարն էր ցնցում քանդւած յօնքերի,
Գերաններն անվերջ վեր ու վար թռչում,
Հա՜ ճօճւում էին, բայց չէին փլչում...
Թաղել էր քեռին՝ ինչ ունէր կեանքում,
Թողել հայրենի Սասուն–Մոկս–Շատախ.
Եւ հիմա զրկւած տեղից ու տնից,
Մենակ չորգլուխ՝ պահակ էր վանքում:
Եւ ամէն գիշեր սոսինձ սաների
Կպչուն խնդրանքով և աղաչանքով
Խեղճ Նախոյ քեռին կամայ-ակամայ
Դառնում էր կրկին Սասուն–Մոկս–Շատախ՝
Միշտ սկսելով
– Է՜հ, լաօ՛, մատա՜ղ...
Ու նոյն աննվազ խոր հառաչանքով
Ամէն օր պատմում Սասնայ մի ծռից
Քուռկիկ Ջալալուց, կեծակէ թրից,
Ագռաւաքարից
Ու Ծովասարից:
Դիցաբանելով վիպում էր քեռին,
Բայց և վիպածին խորունկ հաւատում՝
Ապրում նրանց հետ, նրանց պէս դատում,
Նրանց աչքերով սիրում ու ատում:
Վիպում էր քեռին ու երգում տեղ-տեղ.
– Դառնամ զողորմին...
Ազգին ու տոհմին...
Ու նորից վիպում ու երգում հերթով
Իր ծերունական խզւած կոկորդով.
– Էնոր լէ ծծէ՜ր-լուսնակ էր ջուխտակ
Մեզի լոյս տալու...
Էնոր լէ ճակա՜տ՝ մէյդան էր, լաօ՛,
Քուռկիկ Ջալալու...
Եւ Նախոյ քեռու միամիտ մտքով
Ինչպէ՞ս անց կենար,
Թէ ինչքան գնար՝
Այնքան աւելի յաճախ կը յիշւէր
Այն խելօք սանից, որ յետոյ թէպէտ
Հագաւ սև սքեմ, դարձաւ վարդապետ,
Բայց ուշք ու միտքը տւեց երգերի:
Նախոյի մտքով ինչպէ՞ս անց կենար,
Թէ միշտ յիշւելիս՝ ինքը խեղճ քեռին
Կը կանգնէր կողքին ինչ-որ Վագների:
Այո՛, Վարդապետ, վիզը ծռելով
Այդ խեղճ ու կրակ անգրագէտ քեռին
Կողքից էր նայում գոռոզ Վագներին
Եւ պահանջո՞ւմ էր,
Թէ՞ աղաչում էր,
Որ դու քո զօրեղ Սասնայ ծռեր-ով
Խրատես նրա Նիբելունգներ-ին.
Ձեռքի դէմ՝ բազուկ,
Շուրթի դէմ՝ բերան,
Օպերայի դէմ՝
Քո նոր օպերան...
Քո ժողովուրդը՝ արեան ծովերում,
Նորոգւող վէրքի անլուր ցաւերում,
Իսկ նրա որդիք՝ պատմութեան մուժից
Գոռ գոչում էին իրենց յաղթ ուժից,
Կենաց ու մահու պայքարից արդար:
Այստեղ էր ահա որ Դաւթի կողքին
Գալիս էր կանգնում մի Կարմիր Վարդան
Ու հանում էր քեզ Պոլսոյ Բերայից
Դէպի Աւարայր ու Տղմուտ կանչում, –
Եւ քո ականջում
Խմբերգն էր հնչում
Այն հերոսական նոր օպերայից,
Որ այս անգամ էլ կոչւում էր Վարդան...