СТАНЬ VIP

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ - ԱՆԼՌԵԼԻ ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Պարույր Սևակ - Անլռելի Զանգակատուն

Сообщение Vard » 10 апр 2010, 11:48

ՂՕՂԱՆՋ ԹԱՂՄԱՆ ԵՒ ՅԱՐՈՒԹԵԱՆ

Թաղման թափորն անվերջ ձգւեց
Աբովեանից մինչ Պանթէոն,
Որտեղ արդէն, ամենից վաղ,
Հրազդանն էր նրան կոծում՝
Եղերական եղանակով:
Եւ մարդկային ծովի վրայ յանկարծ ճօճւեց
Պսակներով առագաստւած մի սուրբ նաւակ...

Դարձել էին յուղարկաւոր
Բազմահազար Երևանցիք,
Եւ... ոչ միայն վերջին ու նոր մեր ոստանի
Բնակիչներն արտասւաթոր,
Եւ ոչ միայն մի ժողովուրդ,
Որ ապրում էր իր պետութեան սահմաններում,
Եւ ո՛չ միայն մի ժողովուրդ,
Որ փռւած էր ողջ աշխարհի լայնքի վրայ,
Այլև... բոլոր մեր զոհե՜րը միլիոնաւոր,
Մեր բիւրաւոր մեռելն՜րը,
Որ մինչևիսկ չարժանացան... թաղման ծէսի, –
Բոլո՛ր նրանք, որոնց բախտից ահազարհուր
Կորաւ և սա՜,
Սա՝ զոհը մեր ամենամե՛ծ...

Հայաստանեան լեռներն էին յուղարկաւոր
Եւ գերեվար լեռները մեր՝ Կարսից-Զէյթուն...

Բուրվառում էր հայրենաշունչ բուրիչ քամին...

Զանգակաձայն իր դուստրերից
Նա՛, որ ունէր Հայկից առած անուշ անուն,
Շիրիմ կոչւած այն փոսի մօտ,
Որ յիրաւի պիտի կոչւեր նոր Խոր Վիրապ,
Անմարդկային լռութեան մէջ սկիզբ տւեց
Պահիպատշաճ Չինար ես-ին.
– Կեռանա՜լ մի...
Ու կեռացան-խոնարհւեցին բիւր գլուխներ...
Արցունք կաթեց պսակներին,
Լսւեց փղձուկ համատարած՝
Իբրև երգի մի իւրատիպ նւագակցում...
Եւ չէր ճարւի բոլորի մէջ մի անձ գոնե,
Որ ակամայ և մեկուսի չմտածեր.
– «Չի կեռանայ».
Վկան, նաև առհաւատչեան՝
Արարատն էր՝ երկնաձիգը,
Արագածն էր՝
Իր չորս անկոր կատարներով,
Ինչպէս նաև այս երգը նոյն,
Որ հայցում էր
– ... Հեռանա՜լ մի:

Հեռանում էր:
Բայց հեռանում
Ահաւասիկ այս իրիկւայ արևի պէս.
Որ բնաւ էլ մայր չի մտնում,
Այլ իր լոյսով ողողելու
Ուրիշ ու նոր կողմեր գտնում:

Հեռանում էր:
Բայց հեռանում, որ մօտիկից հեռանալով՝
Հեռուներում լայն ծաւալւի ու տարածւի,
Որ կիսատը նոր լրացւի
Եւ տարածւած ու լրացւած՝
Երբևիցէ չմոռացւի:

Եւ իզուր էր երգը խընդրում.
Մոռանալ մի...

... Երբ սկսեց աճիւնն իջնել
Շիրիմ կոչւած այն փոսի մէջ,
Որ յիրաւի պիտի կոչւէր նոր Խոր Վիրապ,
Նոյն այդ պահին հայ երկնքից
Յանկարծակի անձրև՜ տեղաց.
Զարմանալի զուգատիպո՜ւմ.
Թէ՞ իսկապէս երկինքն անգամ
Ողբում էր քեզ՝
Խաղա՜ղ-տրտո՜ւմ-հանգստարա՜ր իր անձրևով...

...Երբ սկսեց աճիւնն իջնել
Շիրիմ կոչւած այն փոսի մէջ,
Որ յիրաւի պիտի կոչւէր նոր Խոր Վիրապ,
Այդ վայրկեանին ո՞վ չլսեց,
Որ բովանդակ աշխարհով մէկ
Փռւած բոլոր եկեղեցիք հայահաւատ
Իրենց բոլոր զանգակներով ու զանգերով
Դէպի երկինք ղողանջեցին.
– Դռներըդ բա՜ց...
Եւ հայկական տաճարների բիւր բեմերից
Կոմիտասեան Պատարագ-ով
Ժամերգեցին քե՜զ, Կոմիտա՛ս:
- Երբեմն էի լուս, և այժըմ
Խաւար եմ և ստւեր մահու...

Ո՛չ, այս անգամ սխալւեցի՜ր, պատարագի՛չ,
Նա լոյս էր վառ ու լոյս է արդ,
Ու կմնայ միշտ լոյս զւարթ,
Լոյս՝ աչքերում հայ մանուկի,
Լոյս՝ մտքի մէջ հայ պարմանու,
Հայ հարսների պտղած ծոցում,
Հայ թոռնօրօր նանիների
Ինքնամոռաց ժպիտի մէջ,
Հայ այրերի ու հայ կանանց
Ջերմ սրտերում սիրատրոփ:

Քեզ, Վարդապե՛տ,
Անփոս հողին ի պահ տալիս
Իզո՜ւր էին պատարագում թաղման երգով,
– Ի վերինըն Երուսաղեմ...

Ո՛չ թէ թաղման երգն էր պատշաճ,
Այլ յարութեան վառ մեղեդի՜ն.
– Փառք ի բարձո՜ւնս...
Օրհնեա՛լ ես դու...

Օրհնեա՜լ ես դու,
Եւ չես թաղւում ու հող դառնում,
Այլ թաղւելիս յարութի՜ւն ես կրկին առնում...

– Օրհնեա՛լ ես դու.
Գա՜ռն աստուծոյ...

Ա՜խ, գա՛ռն արդար, որ զոհ գնաց
Եւ անդանա՜կ զոհւեց չարին՝
Արհաւիրքի այն սև տարին,
Երբ հայ երկրում հայ չմնաց...

– Ելն ի բարձունս...
Բաշխեալ պարգևս... որդւոց մարդկան...

Պարգև բաշխեց
Որդիներին իր տարաբախտ ժողովրդի
Եւ... մարդկութեա՜ն:

Պարգև բաշխեց
Աստծո՛յ նման՝ շռայլօրէ՜ն,
Եւ բաշխելով՝ հարստացա՛ւ...
– Գովե՛մք զքեզ,
Բարեբանե՜մք...

Բայց դրւատման ի՞նչ խօսքերով
Բարեբանենք և քեզ գովենք,
Թէ աղքատ է յանկարծ թւում
Բառարանը մեր հայկազեան...
Ի՞նչ խօսքերով բարեբանենք
Քե՜զ Վարդապե՛տ...

Դո՜ւ՝ Վարդապ՞տ...
Դու ամենայն Հայոց երգի Վեհափառն ես,
Դու՝ մեր երգի Մեսրոպ Մաշտոց,
Գիրն ու տառն ես Հայոց երգի:
Հայոց երգի
Անծիր հերկի
Ե՛ւ ակօսն ու խորունկ առն ես,
Ե՛ւ մատընտիր սերմը նրա,
Ե՛ւ խոստումը գալիք բերքի...

Եւ ծիրանի մեր այն ծառն ես,
Որ ինչքան էլ ճղակոտոր՝
Շտկըւել է ու բար տւել,
Ու... մեր դարդը իրար տւել...

Եւ հայրենի այն ծիծառը,
Որ յաւիտեան բոյն է դրել
Մեր հոգու մէջ,
Մեր կիսաւեր ու դեռ կանգուն տաճարների
Ու մեր երկնի գմբէթի տակ...

Դու՝ մեր տաւիղ,
Եւ քո լարը
Մինչ անգամ և հատւելիս
Հայերէն է նորից ճնգում:

Դու՝ մեր սրտի ձայնալարը,
Մինչև անգամ վհատւելիս
Հայերէն ես դարձեալ տնքում...

Դու ես քարը
Եւ սրբատաշ մեր պատշարը.
Հացը օրւայ
Եւ նեղ ժամի մեր պաշարը.
Մեր փակ հոգին, բաց աշխարհը,
Սրբագործւած մեր նշխարը.
Եւ մեր ճարը՝
Օտարամուտ ախտի դիմաց.
Խնկածաւալ մեր տաճարը՝
Օտարահոտ աղտի դիմաց.
Վերադարձի մեր պատճառը՝
Մեր հարկադիր գաղթի դիմաց.
Համահաւաք մեր հանճարը՝
Ազգասփիւռ բախտի դիմաց...

Դու մեր հաստատ Մասիս սարը՝
Վստահելի թիկունքն ես մեր,
Մեր երգերի Ծովասարը
Ու բիւրակեան ակունքն ես մեր,
Մեր արնոտւած հաւքի լեզուն,
Մեր կարոտած ֆիդան եարը,
Մեր լեփլեցուն հոգիների ձայնատարը,
Մեր երգերի խա՛ղը-նոտա՛ն-ձայնատա՛ռը
Ձայնասփի՜ւռը կենդանի
Ու ձայների թանգարա՛նը, –
Մեր հայկական երգարա՜նը...

Արտը մեզնից՝ դու ես մաճկալ,
Յարդը մեզնից՝ ցորենը դու,
Հարթը մեզնից՝ կատար դո սէգ.
Լուրթը մեզնից՝ երկինքը դու,
Շուրթը մեզնից՝ դու համբոյրը,
Ցուրտը մեզնից՝ իսկ դու՝ կրակ,
Իսկ դու՝ օջախ,
Իսկ դու՝ թոնիր...

Եւ մեզանից արդ ընդունիր
Երախտիքի այս խաչբո՜ւռը,
Այս խաչբուռը՝ քո՛ իսկ հերկի:

Ընդունիր դո՜ւ, դո՛ւ՝ մեր երգի
Մշտահնչուն նւագարան.
Ընդունիր դո՛ւ՝ մեր ցաքուցիր
Մասունքների հաւաքարա՜ր.
Դու՝ խազերի մեր քերական,
Դու՝ հոգևոր մեր շարական.
Դու՝ սրբազան մի աւազան,
Որ մեր հոգին ախտահանեց.
Դու՝ բիբլիական մի գաւազան,
Որ ուր դիպաւ՝ աղբիւր հանեց.
Դու մեր կարօտ ու մեր մորմոք,
Մեր տաղի քուրմ,
Մեր խաղի մոգ,
Մեր մշտահունչ ու մշտարթուն,
Անլռելի զանգակատուն...
Аватара пользователя
Vard (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Պոեմներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение