ՂՕՂԱՆՋ ՆԱԽՃԻՐԻ
Ծնկածաղկի պէս
Մեզ էլ չաջողւեց ոչ միայն նորից
Շտկել վեցդարեայ ցօզունը մեր կոր
Այլ բարբարոսի նոյն դաժան ձեռքով
Ցօղունն այս անգամ արմատից հատւեց
Հակական հարցից Թուրքիան ազատւեց
Հայաստան երկրում հայ չթողնելու մի ահեղ ելքով,
Որ ոչ լսւած էր ոչ էլ տեսնւած
Մարդկային ցեղի երբևէ կրած անպատւութեան մէջ
Եւ մինչև անգամ իրենց թուրքերի
Արիւնով հունցւած սև պատմութեան մէջ:
Մի ո՜ղջ ժողուուրդ մէկ-մէկ թրատել,
Մի ամբո՜ղջ անտառ արմատից հատել...
Եւ կոյսեր որոնց ծոցի մէջ լուսէ
Լուսնի լուսն անդամ ծածուկ չէր հոսել,
Որ երկչոտ էին ինչպէս եղջերուն,
Որ աննիւթ էին ասես յօրինւած
Մի հովւերգկան վէպի էջերում.
Աղջիկներ,
Որոնք անպարկեշտ բառից ու շոյիչ խօսքից
Երկնքի նման բռնկւում էին շիկանքով ոսկի.
Ամօթխա՜ծ, մաքո՜ւր, լուսաւո՜ր կոյսեր,
Որ ֆրանսերէն անգիր գիտէին
Լամարթին, Վիյոն, Ալֆրէդ դը միւսէ
Եւ անգլերէն
Խենթ Օֆելիայի պէս այժմ ցնորւած՝
Խելագարւածի իրենց ճիչերում
Դարձեա՜լ մոռանալ չէին կարենում ա՛յն դժոխքը սև
Եւ բռնաբարող ա՛յն ասկեարներին,
Ա՛յն ենիչերուն,
Ա՛յն անասունին ասուն, բայց անբան,
Որի բութ գլխի կեղտոտ փռչերում
Եթէ խլւլում-շարժւում էր մի բան,
Ապա մարդկային միտքը չէր, օ՜, ո՛չ,
Այլ...միայն ոճիր:
Մարդի՛կ, որ չունեն մարդկային ոչինչ,
Մարդի՛կ որ մա՜րդ չեն,
Այլ աւելի շուտ մարդակերպ կապիկ.
Որ եօթ տարին մէկ չեն տեսնում նոյնիսկ օճառի երես,
Տասը տարին մէկ չեն փոխում շապիկ,
Եւ սուր բահ է պէտք,
Որ մարմինների սև տարթը քերես, –
Հիմա ամէնուր
Նորապսակի սուրբ առագաստ են պղծում անպատիժ,
Հայոց մայրերին անում անպատիւ...
Լլկւողները թող գոչեն «հրէ՜շ»,
Սակայն ո՞վ գոչի ու լուծի վրէ՛ժ,
Թէ տղամարդիկ՝
Հեռու և մօտիկ՝
Դարձել են արդէն լէշ ու փորոտիք...
Եւ մարդի՛կ,
Որոնց բիրտ պչեղների քրտնքահոտից
Անգամ յոպոպը իր շունչը կտար,
Ճխլտում էին նոյն այդ ոտներով
Մեր մանուկներին դեռ նորատոտիկ,
Մեր մանուկներին՝ լոյսի պէս արդար,
Առաւօտի պէս մաքուր ու գերող,
Գարնան պէս բուրող...
Եւ մարդիկ, որոնց աչքերը ճպռոտ
Յիշեցնում էին ոտաց ճանապարհ,
Եւ որոնց միտքը – դաւաճանաբար –
Չէր կտրում այնքա՜ն, մինչևիսկ այնքա՛ն,
Որ այդ ճպռումից կարող են փրկւել
Եթէ...լւացւեն օրը մէկ անգամ, –
Միևնոյն մարդիկ
Մեր սուրբ մայրերի հանճարներ ծնած սիրտն էին փրթում
Եւ չգոհացած սառն ու տաք զէնքից՝
Մօր աչքի առջև
Քարերով էին փշրում ու ջարդում
Գանգերը նրա՜նց,
Ովքեր ստեղծում
Ու բանաստեղծում,
Հրաշքներ էին Աստծոյ պէս կերտում
Եւ եթէ Աստծուց տարբերւում էին,
Ապա այնքանով,
Որ նա անգոյ էր, իրենք՝ իրական:
Եւ հիմա սակայն
Ձեռքն անասնական
Ջնջում էր և այդ տարբերութիւնը,
Ջնջում էր քարով,
Հայոց աշխարհի հայկական քարը
Ջարդում-փշրում էր հայոց քանքարը...
– Ո՛վ արդարութիւն,
Թող որ ես թքեմ ճակատին քո քար,
Գոչել էր մէկը քարերով ջարդւած այդ հանճարներից,
Գոչել ո՛չ հիմա,
Այնժամ էր գոչել,
Երբ խուժանն այս նոյն
Արիւնով հարբած գազանի նման
Դրդւելով միայն վայրենուն յայտնի իր պատճառներից,
Ո՜րերորդ անգամ մոխիր էր թողնում
Մեր արտ ու այգուց, մեր տաճարներից:
Եւ հիմա՛,
Հիմա՜,
Երբ կոտորա՛ծ չէր, երբ ջա՛րդ չէր,
Այլ մա՜հ
Մահ համատարա՛ծ և համազգայի՛ն,
Մահ ծերի՛,
Մանկա՛ն,
Խեղճի՛
Հսկայի՛,
Երբ մահւան մրրիկ,
Երբ մահւան բուք էր, –
Այլևս որտե՞ղ, որտե՞ղ էր թուքը,
Որ արդարութեան ճակատը փակէր:
Ս՜խ չորացել էր հայոց աշխարհի բերանն ու բուկը,
Էլ ինչպէ՞ս թքել,
Եւ այդ ո՞վ թքէր,
Թէ հայոց երկրում էլ մարդ չէր մնում,
Բովանդակ մի ազգ թէ կուլ էր գնում
Թուրք եաթաղանի պաղբոց պողպատին,
Հայոց հայալիք Տիգրիս-Եփրատին,
Սև արաբների շէկ անապատին՝
Օ՜րը ցերեկով,
Ո՛չ թէ աննկատ:
Եւ ունեցե՞լ էր արդարութինը երբևէ ճակատ,
Օ՜, ո՛չ, նա ունէր միմիայն քամա՛կ,
Քամա՛կ մի խելօք,
Որ շուռ էր տւել մի բնաջնջւող հինաւուրց ազգի՝
Նախապէս նրան զրկելով զարկող ու փրկող բազկից:
Ու թէ կար ճակատ,
Դա ռուս-տաճկական այն ճակատն էր լոկ,
Որ մօտենում էր՝
Ասես լսելով
Կտրւողների,
Կոտորւողների
Ահաւոր ճիչը,
Եւ – մէկ էլ յանկարծ – չգիտես ինչու
Բռնում էր ճամփան արագ նահանաջի՝
Թոյլ տալով իջնի
Եւ զարկը վերջին,
Կարծես եղածը դեռևս քիչ էր...
Եւ սակայն նրանց մեղքն ի՞նչ էր, ի՞նչ էր,
Անաստւա՛ծ Աստւած,
Ինչո՞ւ էր արւում այնքան անօրէն
Եւ ահեղ մի դատ:
– Կար երկաթուղի,
Որ պիտի անցնէր Բեռլինից – Բաղդադ,
Բայց ինչպէ՞ս անցնէր անապատներով այն օտարական,
Որտեղ կանաչը կայարանների դէմքը չի պատում,
Ու չկան շէներ, աւաններ ու տուն:
– Մեղքը հայինն էր, որ յօժարակամ
Չէր գնում ապրի շէկ անապատում,
Չէր լքում բնիկ հայրական տունը,
Իր բազմադարեան շէնն ու աւանը՝
Ամուր Կարինը, անառ Սասունը,
Իր ծոցւոր Մուշը, պտղած իր Վանը...
– Բովանդակ մի դար, դարուց աւելի՜,
Տենչանքն էր կիզում ռուսաց նաւերին.
Իրենց ձնառատ ու պաղ հիւսիսում
Երազում էին, կարօտով յիշում
Լուսեղ արևելք, արևոտ հարաւ,
Ու խենթ տռպանքի խօսք էին բանում
Այն Դարդանելին՝ պչրուհուն պառաւ
Որ չէր դիմանում
Առանց հոմանու,
Բայց սրանց ինչո՞ւ թողնում էր ծարաւ,
Նազը՝ նազ, սակայն...Յետո՞յ, ի՜նչ դառաւ, –
Եւ ահա ռուսներն է՛լ չեն դիմանում:
Մեղքը հայի՜նն էր.
Նա թուրքի աչքին այլ բան չէր թւում,
Քան յաջող քամի
Եւ մի առագաստ, որ ինքն է պարզւում
Մօսկովի կամին...
... Այս շարժիչների թանկ էժան դարում
Նաւթի փոխարէն, ի ցաւ խեղճ հայի
Դեռ անգլիաում ջուր չէին վառում:
Բոլոր ծովերը ՝ նոյն անգլիաին,
Մինչդեռ նաւթի ծովն, ա՛յ, Մուսուլումն է:
-Եւ մեղքը ո՞ւմն է, –
Իհա՛րկէ հայինն...
Արդէն օսմանեան կաւէ հսկայի
Ծեփն է ճաքճքւում
Ու մէջքը ճկւում՝
Բանականութեան տաքուկ շողերից.
Ռումին ու բուլգար, սլովակ ու սերբ
Պոկւել են նրա կաւէ կողերից:
Նոյն աններելի մտքին է հակւում,
Նոյն ախտով նաև հայն է վարակւում՝
Իր մասն է ուզում իր իսկ հողերից,
Գրոշ է ուզում իր այն փողերից,
Որ յափշտակել
Եւ ճչալ ուզող բերանն են յետոյ քացիով կապել:
Ու դժգո՞հ է նա,
Եւ ա՞յդ է ուզում անխօս ակնարկել:
Ուրեմն պարզ է. նա յանցագործ է,
Եւ պիտի ջնջւեն իր էգն ու որձը:
– Եղունգ են քերծում, պտղունց են մաշում,
Ժայռից վանք կերտում, քարից նուռ տաշում
Դարպասի աչքին յօնք-կամար քաշում,
Արձան են ձուլում, շինում ապարանք,
– Եւ մեղաւու են այստեղ էլ նրանք –
...Հաշիշ չեն ծԽում,
Խմում են գինի,
Ապրում անթառամ և առաքինի,
Չեն պահում հարեմ
Ոչ էլ ներքինի,
Եւ չունեն մոլլա,
Որ կապի չալմա.
Նրանց քեշիշը վեղարաւոր է
– Եւ մեղաւոր են –
– Ձեռքի հետքերը նրանց հայրերի
Կնիք են դրել այս նոյն վայրերին՝
Իբրև սեպագիր
Կամ շաղախ ու կիր,
Իբրև շիրմաքար
Կամ որմնանկար,
Իբրև մագաղաթ
Կամ լեռծակ-ջրանցք...
– Եւ ո՞ւմն է մեղքը, –
Իհա՛րկէ նրանց...
– Ինչպէ՞ս չկտրել այն կոկորդը չար,
Որ ցաւից յանկարծ կարող է ճչալ,
Կարող է հայցել փրկութիւն ու ճար...
– Պիտի ազատւել այն լիրբ աչքից էլ,
Որ երազանքից շողում է պայծառ
Եւ կամ մատնում է ապրած կսկիծը
Ու դրանով իսկ դառնում է պատճառ,
Որ օտարները – լացողին խղճան՝
Տեսնելով նրա աղի արցունքը –
– Ինչպէ՞ս չջարդել յանցաւոր ծունկը
Եւ այն մեղսակից յամառ արմունկը,
Որոնց հենւելով՝ մարդը արնաքամ
– Եւ գազանն անգամ –
Ուզում է դուրս գալ ժանտ գերութիւնից –
Ուրիշ աւելի յանցաւոր բան կա՞յ:
Դեհ եկ, մի ելնի համբերութիւնից,
Դեհ եկ թուրքօղլի ցաւից մի վնգայ...
– Կեանքում կան բաներ, որոնք չեն քերւում,
Ինչպէս չի քերւում արիւնը սրտից
Կամ գոյնը վարդից:
Կեանքում կան բաներ որոնք չեն ներւում
Ինչպէս դրացուն,
Այնպէս էլ համայն մի ժողովրդի,
Չի ներւում և այն
Ինչը կոչւում է առաւելութիւն...
– Եւ այդ ահռելի յանցանքի դիմաց
Դեռ պահանջում էք ներման վեհութի՞ւն
...Նրանք գիտէին սիրել ու ատել,
Գիտէին խորհել ու համեմատել,
Խոյս տալ ցաւերից, դաւերից ծպտեալ,
Ծարաւել լոյսին, արևին ժպտալ:
Թէ անսահման էր նրանց տանջանքը,
Անծայր էր նոյնքան և անրջանքը,
– Ահա և նրանց ծանր յանցանքը...
...Ունէին նաև մէկ ուրիշ յանցանք,
Որ ահաւոր էր:
Գիտե՞ս, թէ որը.
Երբ մարդ ոչ մի կերպ չի կարողանում
Ընդմիշտ մոռանալ մի հիմա՜ր անուն՝
Ի՛ր իսկ անունը և ազգանունը:
– Ի՜նչ յանդգնութին, դուք հասկանո՞ւմ էք...
Եւ նա ուզում է նոյնիսկ չդատւե՞լ.
Խուսափել արդար կարգ ու կանոնի՞ց,
Ուրեմն... պիտե ա՛յլ կերպ ազատւել
Այդ լիրբ անունից և ազգանունից:
Իսկ դա անունն էր մի ամբողջ երկրի,
Ո՜ղջ մի ազգ էր դա կրում ու պահում...
Եւ քաղաքակիրթ այն Եւրոպայում,
Ուր ով ծանօթ էր հայոց հին գրին,
Հայոց պատմութեանն ու պատմագրին,
Դառնում էր դօկտոր ու պրոֆեսոր՝
Դեռ օրը նոյնիսկ չդարձած կէսօր.
Եւ քաղաքակիրթ այն Եւրոպայում,
Ուր մարդկայնութեան փութանց նոպայում
Շատերի համար դարձել էր փեշակ
Մեզ երկի՜նք հանել՝
Հային անւանել
Ասիական մթնում գիտութեան մշակ,
Է՛լ ջահ, է՛լ կերոն, է՛լ միակ փարոս,
Իսկ թուրքին կոչել բերտ ու բարբարոս՝
Որ պէտք է նրա հողը հայրենի
Վաճառքի դնել
Կամ մէջ-մէջ անել,
Որպէսզի... հոզը չմնայ խոպան, –
Հիմա լուսաւոր այդ նոյն Եւրոպան
Առանց շիկնանքի այնտեղ էր հասել,
Որ ժառանգներին կարմիր սուլթանի
Դասեր էր տալիս՝
Եղեռնի դասեր,
Դասեր նախճիրի, բարբարոսութեա՜ն,
Իրեն պահելով...դերը բոզութեան:
Այդ նո՛յն Եւրոպան
Նման չէ՞ր հապա
Հարբած-արնախում այն թուրք զինւորին,
Որ ձանձրանալով զառերից նարդու
Կամ թուղթ խաղալուց,
Իր թուրը դրած հայ յղի կնոջ սորբխորան փորին՝
Գրազ էր գալիս, թէ ի՞նչ կբերի.
Աղջի՜կ, թէ տղայ, –
Եւ մանկաբարձի նշտարի տեղակ
Թուրն էր կատարում կեսարեան հատում...
Իսկ նա կին չէր, ո՛չ, այլ Մայր Հայաստան,
Որի սրբազան ու տաք արգանդում
Մի լոյս մանուկ էր սկսում խաղալ.
Մի վահագնակերպ-դաւթադէմ տղայ.
Որ յղացել էր փրկութեան լոյսից
Ու սնւել էր մեր անմոռուկ յոյսից՝
Այն ճանապարհին որ դարաւոր էր
Ծանր ու խորդուբորդ:
Բայց Եւրոպան էլ ունէր ճանապարհ
Եւ որպէս ճամփորդ.
Նա...կռւացըրեց իրար հետ շներ,
Որ իր ճամփորդի բանը յաջողի:
Իրօք. ի՜նչ էլ որ լինէր-չլինէր,
Բայց պակաս չկար շան պէս հաչողի:
Եւ այս շնային գզւռտուքի մէջ
Շան թաթերի տակ քիչ մնաց կորչէր
Մի ողջ ժողովուրդ
բնի՛կ,
Տեղական.
Մազ մնաց դառնար թղթէ տեղեկանք
Մի աղգ, որ կուռքիր շատ էր ճանաչել,
Բայց որի... նոյնիսկ տոտեմը շուն չէր,
Այլ եզը հերկող,
Այլ ջուրը երգող
Եւ ամպրոպածին փողը՝ եղեգան...
Ու երկրագնդի այն ծանօթ մասում,
Որին Հայաստան, Հայք էին դոչում
Փարաւոններից մինչ Պուանկարէն.
Հիմա Օսմանի թոռները բռի
Վիլհելմ կայսեր հետ ուզեցին քերել
Դարերով հնչող «Հայաստան» բառի
Բոլո՜ր տառերը,
Նրա ապագան,
Մշահոտ ներկան
Եւ մինչև անգամ անցած դարերը:
Եւ համարեա թէ իրօք քերեցին,
Իսկ Գլադստոն–Ջօրջ Լլօյդները
Չխանգարեցի՛ն...