Պարույր Սևակը (Պարույր Ռաֆայելի Ղազարյան) (1924-1971թթ)՝ հայ մեծանուն բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, ծնվել է 1924թ. հունվարի 26-ին (որոշ տվյալներով 24-ին)* Վեդու շրջանի Չանախչի գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ, գյուղ Զանգակատուն), գյուղացու ընտանիքում:
Նախնիները 1828-1829թթ գաղթել էին Պարսկաստանի Սալմաստ գավառի Հավթվան գյուղից: Հայրը՝ Ռաֆայել Ղազարի Սողոմոնյանը (1892-1975թթ), մայրը՝ Անահիտ Գասպարի Սողոմոնյանը (1897-1982թթ), զբաղմունքով հողագործներ ու անասնապահներ էին: Նրանց ամուսնության տասնչորսերորդ տարում ծնվել է երկրորդ տղան (առաջինը մահացել էր)՝ ապագա մեծ բանաստեղծը:
1929-1940թթ գյուղի լրիվ միջնակարգ դպրոցում գերազանց առաջադիմությամբ ստացել է սկզբնական և միջնակարգ կրթություն:
1936-1952թթ եղել է ՀամԼԿԵՄ անդամ:
1940թ. ընդունվել և 1945թ. «Գերազանց» դիպլոմով ավարտել է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական բաժանմունքի հայոց լեզվի և գրականության բաժինը:
1942թ. «Սովետական գրականություն» ամսագրի N 7-ում տպագրվել է Պարույր Սևակի «Անխորագիր» բանաստեղծությունը, որը հանդիսանում է բանաստեղծի առաջին տպագիր գործը:
1945թ. ընդունվել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ Հայ հին և միջնադարյան գրականության մասնագիտությամբ (1945-1948թթ, ասպիրանտ): Գիտական ղեկավարն էր անվանի ակադեմիկոս Կ. Մելիք-Օհանջանյանը:
1945-1946թթ աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում՝ որպես բաժնի վարիչ:
1946-1949թթ աշխատել է Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում՝ որպես մամուլի բաժնի խորհրդատու, ավագ ռեֆերենտ:
1949-1951թթ աշխատել է «Գրական թերթի» խմբագրությունում՝ որպես պոեզիայի բաժնի վարիչ:
1948թ. հրատարակվել է Պարույր Սևակի առաջին գիրքը՝ «Անմահները հրամայում են» վերնագրով:
1949թ.-ից Հայաստանի Գրողների միության անդամ էր:
1951-1956թթ սովորել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում՝ գերազանցությամբ ավարտելով պոեզիայի բաժինը:
1953թ. լույս է տեսել «Անհաշտ մտերմություն» պոեմը, որը նախ հրատարակվել է Մոսկվայում, ապա՝ նոր Երևանում:
1954թ. լույս է տեսել բանաստեղծի երկրորդ՝ «Սիրո ճանապարհ» բանաստեղծությունների ժողովածուն:
1955-1959թթ դասախոսել է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտում (1957-1959թթ աշխատել է՝ որպես ավագ դասախոս):
1957թ. լույս է տեսել «Նորից քեզ հետ» բանաստեղծությունների ժողովածուն:
1959թ. լույս է տեսել «Անլռելի Զանգակատուն» պոեմը:
1963թ.-ից ավագ գիտաշխատող էր ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:
1963թ. հրատարակվել է «Մարդը ափի մեջ» ժողովածուն:
1966թ. նոյեմբերին Հայաստանի գրողների միության 5-րդ համագումարում ընտրվել է ՀԽՍՀ Գրողների միության վարչության քարտուղար (1966-1971թթ) և հանդիսացել է ՀԽՍՀ Գրողների միության նախագահության, ինչպես նաև ՍՍՀՄ Գրողների վարչության անդամ:
1966-1969թթ եղել է Երևանի Քաղաքային խորհրդի դեպուտատ:
1966թ. լույս է տեսել «Անլռելի Զանգակատուն» պոեմը՝ վերամշակված, Գրիգոր Խանջյանի նկարազարդումներով:
1967թ. «Անլռելի Զանգակատուն» պոեմի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի:
1967թ. հունվարի 27-ին Գրականության ինստիտուտի գիտխորհրդում պաշտպանության է ներկայացրել «Սայաթ-Նովա» մենագրությունը, 1967թ. հուլիսին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա, բայց Գիտական կոչումներ շնորհող Գիտական խորհրդի 24 անդամներից ներկա 19-ի միաձայն քվեարկությամբ նրան շնորհվել է Բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (ատենախոսությունը բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովը հաստատել է բավականին ուշացումով՝ 1970թ. փետրվարի 13-ին):
1968թ. ընտրվել է ՍՍՀՄ 7-րդ գումարման (1968-1970թթ) Գերագույն սովետի դեպուտատ:
1969թ. հրատարակվել է «Սայաթ-Նովա» մենագրությունը:
1969թ. հրատարակվել է «Եղիցի լույս» ժողովածուն, որը վաճառքի է հանվել հետմահու՝ 1971թ.:
Հայաստանի ԳԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի Գիտական խորհրդի անդամ էր:
Տիրապետել է հինգ լեզուների՝ հայերեն, ռուսերեն (ազատ), ադրբեջաներեն, թուրքերեն (խոսակցական), անգլերեն (բառարանով):
Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել աշխարհի բազմաթիվ լեզուներով (ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, վրացերեն, ադրբեջաներեն, չեխերեն, հունգարերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլն): Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ., «Հայֆիլմ»), «Սայաթ-Նովա» (1965թ., «Հայֆիլմ») փաստագրական կինոնկարները:
1946թ. ամուսնացել է Մայա Ավագյանի հետ: Ունեցել են մեկ զավակ՝ Հրաչիկ Ղազարյան (1948-2006թթ) (ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը ինժեների մասնագիտությամբ, ունի երկու զավակ՝ Աննա և Ռուբեն): Մայա Ավագյանը մահացել է 2006թ.:
Մոսկվայում ուսանելու տարիներին ամուսնացել է երկրորդ անգամ վրացուհի Նելլի Մենաղարաշվիլիի հետ: Ունեցել են երկու որդի: 1958թ. ծնվել է Արմեն Ղազարյանը (ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, մասնագիտությամբ գրականագետ է, պաշտպանել է թեկնածուական թեզ, ամուսնացած է, ունի երկու որդի՝ Սևակ և Արտակ): 1964թ. ծնվել է Կորյուն Ղազարյանը (ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը, մասնագիտությամբ վիրաբույժ է, ամուսնացած է, ունի երեք զավակ, ներկայումս ընտանիքով բնակվում է ԱՄՆ-ում):
Մահացել է 1971թ. հունիսի 17-ին, հայրենի գյուղից Երևան վերադառնալու ճանապարհին՝ իր վարած ավտոմեքենայի վթարից: Պարույր Սևակի հետ ողբերգական ավտովթարի զոհ է դարձել նաև կինը՝ Նելլի Մենաղարաշվիլին:
Թաղված է հայրենի գյուղի սեփական այգում:
* Բանաստեղծի կենդանության օրոք իբրև նրա ծննդյան օր միշտ նշվել է հունվարի 26-ը: Բայց անընդհատ խոսվել ու ասվել է, որ նա ծնվել է հունվարի 24-ին, իսկ հունվարի 26-ը եղել է Պարույր Սևակի ծննդյան գրանցման օրը: Բանաստեղծի բոլոր փաստաթղթերում, ինչպես զանազան կարգի նշումներում, իբրև ծննդյան օր նշված է 1924թ. հունվարի 26-ը: Բայց «Սայաթ-Նովան և միջնադարյան տաղերգությունը» անավարտ ուսումնասիրության ձեռագրում, որ բանաստեղծի ամենավերջին ձեռագրերից է, 1971թ. հունվարի 24-ի նշումի կողքին Պարույր Սևակը ավելացրել է՝ «ծննդյանս օրը»: Ճիշտը, ամենայն հավանականությամբ, հունվարի 24-ն է:
Ինքնակենսագրություն
Ես՝ Պարույր Ռաֆայելի Սեվակս (Ղազարյան), ծնվել եմ 1924 թվականի հունվարի 26-ին, Հայկական ՍՍՀ Արարատի շրջանի Սովետաշեն գյուղում, գյուղացու ընտանիքում:
Սկզբնական և միջնակարգ կրթությունս ստացել եմ 1929-1939 թվականներին, տեղի լրիվ միջնակարգ դպրոցում:
1936 թվականին ընդունվել եմ ՀամԼԿԵՄ շարքերը:
1940 թվականին ընդունվել եմ Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական բաժանմունքի Հայոց լեզվի ու Գրականության բաժինը, որ ավարտել եմ 1945 թվականին, «Գերազանց» դիպլոմով:
Համալսարանն ավարտելուց հետո ընդունվել եմ Հայկ. ՍՍՀ ԳԱ Գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ Հայ հին և միջնադարյան Գրականություն մասնագիտությամբ:
Ասպիրանտուրայում ուսանելու տարիներին միաժամանակ աշխատել եմ նախ իբրև «Ավանգարդ» թերթի բաժնի վարիչ, ապա Արտասահմանի հետ մշակութային կապի հայկական ընկերության մամուլի բաժնում, իբրև ավագ ռեֆերենտ, որտեղից տեղափոխվել եմ «Գրական թերթ»-ի խմբագրություն՝ իբրև պոեզիայի բաժնի վարիչ (1945-1951թ.թ):
1951 թվականից ուսանել եմ Մոսկվայի Մ. Գորկու անվան Գրականության ինստիտուտում, որի լրիվ դասընթացն ավարտել եմ «Գերազանց» դիպլոմով, 1956 թվականին: Այս ինստիտուտն ավարտելուց հետո երկու տարի աշխատել եմ նույն այդ ինստիտուտում, իբրև ավագ դասախոս (1957-1959թթ):
1963 թվականի հունվարից մինչև այսօր աշխատում եմ Հայաստանի ԳԱ Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտում, իբրև ավագ գիտաշխատող, որտեղ 1967 թվականի հուլիսին պաշտպանել եմ թեկնածուական դիսերտացիա «Սայաթ-Նովա» թեմայով, բայց Գիտական կոչումներ շնորհող Գիտական խորհրդի միաձայն որոշմամբ ինձ շնորհվել է Բանասիրական գիտությունների գիտական աստիճան:
1966 թվականի նոյեմբերից և մինչև այսօր միաժամանակ աշխատում եմ նաև իբրև Հայաստանի Գրողների միության քարտուղար և հանդիսանում եմ նրա նախագահություն, ինչպես նաև ՍՍՀՄ Գրողների վարչության անդամ:
Գրական և Գրականագիտական աշխատանքով զբաղվում եմ 1941 թվականից սկսած: Մինչև հիմա տպագրել եմ բանաստեղծությունների և պոեմների 8 ժողովածու հայերեն, 5 ժողովածու ռուսերեն, ինչպես նաև «Սայաթ-Նովա» մենագրությունը:
1966-1969 թվականներին եղել եմ Երևանի Քաղաքային խորհրդի դեպուտատ, իսկ 1968-1970 թվականներին՝ ՍՍՀՄ Գերագույն խորհրդի դեպուտատ:
Հայաստանի ԳԱ Մ. Աբեղյանի Գրականության ինստիտուտի Գիտական խորհրդի անդամ եմ:
Հայաստանի Պետական մրցանակաբաշխության դափնեկիր եմ:
Ամուսնացած եմ, ունեմ երեք տղա:
ՊՍեվակ (Ղազարյան)
11.II.1971
Երևան
Երևան
Անձնական թերթիկ
Գրական անունը
Արվեստաբանության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Զարյանը հայտնի է ոչ միայն Ադամյանի, Սիրանույշի, Աբովյանի և մեր մշակույթի այլ նշանավոր երախտավորների կյանքին նվիրված մեծարժեք ուսումնասիրություններով, ոչ միայն շեքսպիրյան գրադարանի հիմնադրումով ու հարստացմամբ, բազմաբեղուն գիտամանկավարժական և հասարակական գորուծնեությամբ, ոչ միայն «գրական տաղանդներ հայտնաբերելով» (Պ. Սևակ), այլև՝ խորհրդահայ նշանավոր մի քանի գրողների գրական կեղծանունների «կնքահայր» լինելով (Կարլեն Մուրադյան՝ Գևորգ Էմին, Պարույր Ղազարյան՝ Պարույր Սևակ և այլն): Հիշեցնելով իր այդ «երախտիքը» մեր գրողների կյանքում՝ խնդրեցինք մեծ բանաստեղծի «կնքահորը» հիշելու բանաստեղծական անվան մկրտման պատմությունը:
-Պատերազմի տարիներին խմբագրում էի «Սովետական գրականություն» ամսագիրը: Բանաստեղծների ծաղկեփունջը չկար: Եվ բանաստեղծական այդ ամլության մեջ ինձ համար հայտնություն էին դեռ պատանի Պարույր Ղազարյանի բանաստեղծությունները (բանաստեղծությունները, ոչ անուն-ազգանունը): Կարդալուց հետո մտածեցի ոչ միայն անմիջապես տպագրելու, այլ նաև գեղջուկ այդ բանաստեղծին մի իսկական բանաստեղծական անուն շնորհելու մասին: Եվ սկսեցի ասել՝ Պարույր Սևակ, Պարույր Սևակ: Չէ՛, շատ լավ է հնչում: Այդպես էլ 42 թվականին 7-րդ համարում տպագրեցի նրանից մեկ բանաստեղծություն («Անխորագիր»), իսկ հաջորդ համարում՝ երեք բանաստեղծություն` «Փնտրումներ», «Զղջում», «Պատերազմի դաշտում զոհվածներին»: Եվ այսպես նա դարձավ Պարույր Սևակ: (Այդուհետ Պարույր Սևակը այլևս չտպագրվեց մինչև 1948թ., իսկ Ռուբեն Զարյանը Պարույր Սևակի բանաստեղծությունների տպագրության համար հեռացվեց աշխատանքից:)
-Իսկ ինչո՞ւ Սևակ: Չէ՞ որ Ռուբեն Սևակը նույնպես հայտնի անուն է:
-Իսահակյանից մի պատմություն էի լսել, երբ Սիամանթոյին, Վարուժանին, Սևակին, մեր մյուս մտավորականներին տանում էին դեպի իրենց կյանքի վախճանը, շեյխի աղջիկը հիվանդանում է: Սևակը, որ մասնագիտությամբ բժիշկ էր, բուժում է շեյխի աղջկան: Շեյխը կյանք է շնորհում Սևակին: Բայց վերջինս մերժում է: «Իմ կյանքը այնտեղ է,- ասում է բանաստեղծը,- ընկերներիս հետ»:
Եվ ես ցանկացա, որ սպանված բանաստեղծը իր ազգանունով ապրի այս նոր բանաստեղծի մեջ:
Եվ բանաստեղծ Պարույր Ղազարյանը ասպետությամբ կրեց իր ՍԵՎԱԿ ազգանունը:
«Ավանգարդ»
6.II.1974թ.
Մտքեր
Խոստանում եմ ոմանց նման իզուր տեղը չխոստանալ
Շատ անգամ նույնիսկ ատելությունը
Շուռ տված սիրո պատկեր է կրում:
Երազել է տալիս մութը,
Իսկ երազել մենք չենք ուզում:
Տաքն ինչ իմանա, թե պաղը ինչ է,
Վերքը կիմանա, թե աղը ինչ է,
Նա ով շատերին կսկիծ է տվել,
Ինչպես իմանա, թե ցավը ինչ է:
Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
Ուրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:
Ես զբաղված եմ քո պակասները լրացընելով,
Արբունքահասիդ նորի՛ց ու նորի՜ց վերածընելով:
Դո՛ւ՝
երկու տա՜ռ,
Ու ես գարնան հողի նման
Քո կենսատու ջերմությանն եմ ընտելանում...
Հղումներ ՝
Կայք,նվիրված Պարույր Սեւակին
Պարույր Սեւակի բանաստեղծությունները
Արվեստ և գրականություն