ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Сообщение Harutin » 18 июн 2011, 21:21

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Oscar Wilde.jpg
Oscar Wilde.jpg (9.96 кб) Просмотров: 1821
Изображение

ghazaryan hasmik это нравится.
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Сообщение Harutin » 18 июн 2011, 21:21

ՎԱՐՊԵՏԸ


Մի երեկո նրա հոգում ցանկություն արթնացավ՝ կերպավորել Խինդը, որ տևում է մեկ ակնթարթ: Եվ նա գնաց աշխարհում բրոնզ փնտրելու: Քանզի միայն բրոնզի մասին կարող էր մտածել:
Բայց աշխարհի ամբողջ բրոնզն անհետացել էր, և ողջ աշխարհում ոչ մի տեղ բրոնզ չկար ձուլելու համար, բացի այն բրոնզից, որ կերպավորում էր Թախիծը, որ ձգվում է հավերժ: Եվ ինքն էր դա կերտել՝ իր իսկ ձեռքերով և տեղադրել նրա շիրմաթմբին, ում սիրել էր կյանքում: Հանգուցյալի գերեզմանին, ում բոլորից շատ էր սիրել, նա դրել էր իր կերտած այդ ստեղծագործությունը, որպեսզի այն ծառայի որպես անմեռ սիրո նշան և որպես խորհրդանիշ թախծի, որ ձգվում է հավերժ: Եվ ողջ աշխարհում չկար ուրիշ բրոնզ, բացի այդ ստեղծագործությունը կերպավորող բրոնզից:
Եվ նա վերցրեց անդրին, որն ինքն էր կերտել, և դրեց մեծ հալոցի մեջ և հանձնեց կրակին:
Եվ բրոնզից, որ կերպավորում էր Թախիծը, որ ձգվում է հավերժ, նա կերտեց մի ստեղծագործություն, որ կերպավորում էր Խինդը, որ տևում է մեկ ակնթարթ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Сообщение Harutin » 18 июн 2011, 21:21

ԲԱՐԻՔ ԳՈՐԾՈՂԸ


Գիշերաժամ էր, և միայնակ էր Նա:
Եվ հեռու-հեռվում տեսավ քաղաքը շրջանակող պարիսպները և քայլեց դեպի քաղաք:
Եվ երբ մոտ էր արդեն, քաղաքի ներսում լսեց ուրախ ոտնաձայն և ծիծաղ և վիների աղմկոտ նվագ: Եվ Նա թակեց դարպասը, և դռնապանները բացեցին այն:
Եվ Նա տեսավ մարմարակերտ մի պալատ՝ առջևում գեղեցիկ մարմարակերտ սյուներով: Սյուներից դրասանգներ էին կախված, իսկ ներս ու դրսից մայրու փայտից պատրաստած ջահեր էին դրված: Եվ Նա մտավ պալատ:
Եվ երբ անցնելով քաղկեդոնաքարե ու հասպիսե դահլիճներով՝ Նա հասավ խնջույքի երկար սրահին, տեսավ ծովագույն-ծիրանի մահճին ընկողմանած մի երիտասարդի, ում վարսերը վարդերով էին պսակված, իսկ շուրթերը գինուց կարմիր էին:
Եվ Նա ետևի կողմից մոտենալով, ձեռքը դրեց երիտասարդի ուսին և ասաց. «Ինչո՞ւ ես նման կյանքով ապրում»:
Եվ երիտասարդը շրջվեց և ճանաչեց Նրան: Եվ պատասխան տալով ասաց. «Բայց ես բորոտ էի մի ժամանակ, և դու բժշկեցիր ինձ: Ուրիշ էլ ի՞նչ կերպ պետք է ապրեի»:
Եվ Նա անցավ պալատի միջով և կրկին փողոց ելավ: Եվ փոքր-ինչ անց Նա տեսավ մի կնոջ, ում դեմքը ներկված էր և զգեստը գունագեղ և ոտքերին սադափե ոտնամաններ էին: Իսկ կնոջ ետևից, դանդաղընթաց, ինչպես որսորդը, քայլում էր մի երիտասարդ, որ երկգույն թիկնոց էր կրում: Եվ կնոջ դեմքն ասես կուռքի գեղեցիկ դեմք լիներ, իսկ երիտասարդի աչքերը փայլում էին տարփանքից:
Եվ Նա արագ հասավ նրանց և բռնեց երիտասարդի ձեռքը՝ ասելով. «Ինչո՞ւ ես նայում այդ կնոջն այդպիսի հայացքով»:
Եվ երիտասարդը շրջվեց և ճանաչեց Նրան: Եվ ասաց. «Բայց ես կույր էի մի ժամանակ, և դու իմ աչքերին լույս պարգևեցիր: Ուրիշ էլ ինչի՞ն պետք է նայեի»:
Եվ Նա առաջ նետվեց և դիպավ կնոջ գունագեղ զգեստին և ասաց նրան. «Մի՞թե չկա անցնելու մեկ այլ ճանապարհ՝ մեղքի ճանապարհից բացի»:
Եվ կինը շրջվեց և ճանաչեց Նրան: Եվ ծիծաղեց և ասաց. «Բայց դու ներեցիր իմ մեղքերը, իսկ այս ճանապարհը հաճելի ճանապարհ է»:
Եվ Նա դուրս ելավ քաղաքից:
Եվ երբ դուրս էր ելել քաղաքից, տեսավ ճամփեզրին նստած մի երիտասարդի, որ արտասվում էր:
Եվ քայլեց նրա կողմը և ձեռքով դիպավ նրա երկար գիսակներին և ասաց նրան. «Ինչո՞ւ ես լալիս»:
Եվ երիտասարդը վեր նայեց և ճանաչեց Նրան և պատասխանեց. «Բայց ես մեռած էի մի ժամանակ, և դու ինձ հարություն տվեցիր ի մեռելոց: Ուրիշ էլ ի՞նչ էր մնում ինձ, եթե ոչ լաց լինել»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Сообщение Harutin » 18 июн 2011, 21:22

ՀԵՏԵՎՈՐԴԸ


Երբ Նարցիսը մեռավ, նրան հաճույք պատճառող լճակը քաղցրահամ ջրի գավաթից վերածվեց աղի արցունքով լի գավաթի, և Օրեադներն արտասվելով եկան անտառի միջով, որպեսզի երգեն լճակի մոտ և սփոփեն նրան:
Եվ երբ տեսան, որ լճակը քաղցրահամ ջրի գավաթից վերածվել է աղի արցունքով լի գավաթի, արձակեցին իրենց կանաչ վարսերը և ձայնելով լճակին՝ ասացին. «Չենք զարմանում, որ այդպես սգում ես Նարցիսի մահը. այնքա՜ն գեղեցիկ էր նա»:
«Բայց մի՞թե Նարցիսը գեղեցիկ էր»,- հարցրեց լճակը:
«Ո՞վ կարող էր դա իմանալ ավելի լավ, քան դու»,- պատասխանեցին Օրեադները: «Մեր կողքով անցնում էր նա՝ առանց նկատելու, բայց քեզ փնտրում էր և պառկում էր քո ափերին և քեզ էր նայում հայացքը խոնարհած: Եվ քո ջրերի հայելու մեջ նա իր սեփական գեղեցկության անդրադարձն էր տեսնում»:
Եվ պատասխանեց լճակը. «Բայց ես սիրում էի Նարցիսին, որովհետև, երբ նա պառկում էր իմ ափերին և ինձ էր նայում հայացքը խոնարհած, նրա աչքերի հայելու մեջ ես տեսնում էի իմ սեփական գեղեցկության անդրադարձը»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Сообщение Harutin » 18 июн 2011, 21:22

ՈՒՍՈՒՑԻՉԸ


Երբ արդեն խավարն էր իջել երկրի վրա, Հովսեփ Արիմաթացին, սոճեփայտե ջահը վառած, բլրի բարձունքից իջնում էր հովիտ: Նա տուն էր գնում իր գործերը հոգալու:
Եվ Լքյալ Հովտի քարերին ծնկի իջած մի երիտասարդի տեսավ, որ մերկ էր ու լալիս էր: Մեղրագույն մազեր ուներ նա, և մարմինն ասես ճերմակ ծաղիկ լիներ: Բայց փշերով խոցել էր իր մարմինն ու վերքեր պատճառել, իսկ մազերին պսակի տեղ մոխիր էր լցրել:
Եվ նա, ով մեծ ունեցվածքի տեր էր, ասաց երիտասարդին, որ մերկ էր ու լալիս էր. «Չեմ զարմանում, որ քո վիշտն այդքան խորն է, քանզի անկասկած արդար մարդ էր Նա»:
Եվ երիտասարդը պատասխանեց. «Նրա համար չէ, որ արցունք եմ թափում, այլ ինձ համար: Ես նույնպես ջուրը գինի եմ դարձրել և նմանապես բժշկել եմ բորոտին և կույրին տեսողություն եմ պարգևել: Ես քայլել եմ ջրի վրայով և քարայրներում ու գերեզմանոցներում բնակվողների միջից դուրս եմ քշել դևերին: Կերակրել եմ քաղցածներին անապատում, ուր ուտելու ոչինչ չկար, և մեռյալներին կենդանացրել եմ ու հանել իրենց նեղ խցերից: Եվ իմ հրամանով, մարդկանց մեծ բազմության առջև, անպտուղ թզենին չորացավ: Ամեն բան, ինչ այդ մարդն է արել, արել եմ և ես: Եվ սակայն ինձ չեն խաչել»:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Сообщение Harutin » 18 июн 2011, 21:22

ԴԱՏԱՍՏԱՆԻ ՏՈՒՆԸ

Եվ լռություն էր տիրում Դատաստանի Տանը, և Մարդը մերկ կանգնեց Աստծո առջև:
Եվ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը:
Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և անողորմ ես եղել նրանց հանդեպ, ովքեր օգնության կարիք են ունեցել, և թշվառների հանդեպ քարսիրտ ես եղել ու դաժան: Աղքատները դիմում էին քեզ, և դու չէիր լսում, և քո ականջները փակ էին Իմ տառապյալների կանչերի հանդեպ: Յուրացնում էիր ծնողազուրկների ժառանգությունը և հարևանիդ խաղողի այգիները աղվեսներ էիր բաց թողնում: Խլում էիր երեխաների հացը և տալիս շներին: Եվ Իմ բորոտներին, որ ապրում էին ճահճուտներում խաղաղ ու հանգիստ և փառաբանում էին Ինձ, քշում էիր դեպի բանուկ ճանապարհները: Եվ Իմ երկրի վրա, որից դուրս եմ քեզ ստեղծել, դու անմեղ արյուն էիր հեղում»:
Եվ մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:
Եվ դարձյալ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը:
Եվ ասաց Աստված Մարդուն. «Չար է եղել կյանքը քո, և հետամուտ էիր Գեղեցկությանը, որ ես ցուցանել եմ, իսկ Բարին, որ ծածուկ եմ պահել, անտեսում էիր: Քո տան պատերին կուռքերի պատկերներ էին նկարված, և նողկանքների քո անկողնուց ելնում էիր սրինգների հնչյունի ներքո: Յոթ զոհասեղան ես կառուցել այն մեղքերի համար, որոնց դիմակայելով տառապել եմ ես: Եվ ուտում էիր այն, ինչ չպիտի ուտեիր, և քո զգեստի ծիրանին նախշազարդված էր ամոթի երեք նշաններով: Քո կուռքերը ոսկուց կամ արծաթից չէին, որ երկար են մնում, այլ մարմնեղեն էին և մահկանացու: Դու բուրավետ հեղուկով օծում էիր նրանց մազերը և նուռ էիր դնում նրանց ձեռքերի մեջ: Քրքումով էիր օծում նրանց ոտքերը և գորգեր էիր փռում նրանց առջև: Ծարիր էիր քսում նրանց կոպերին և նրանց մարմիններն օծում խեժ ու զմուռսով: Խոնարհվում էիր նրանց առջև ու երկրպագում, և քո կուռքերի գահերը դրված էին արևի դեմ: Դու ցուցանում էիր արևին քո ամոթը և լուսնին՝ քո խելագարությունը»:
Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:
Եվ մի երրորդ անգամ Աստված բացեց Մարդու Կյանքի Գիրքը: Եվ ասաց Աստված Մար­դուն. «Չար է եղել կյանքը քո, և չարով ես հատուցել բարուն և բարի գործերը՝ չա­րա­գոր­ծու­թյամբ: Խոցել ես քեզ կերակրող ձեռքերը և արհամարհել քեզ սնուցող ստինքները: Ով քեզ հա­մար ջուր էր բերում, ծարավ էր հեռանում քեզնից, և օրենքից դուրս գտնվող անձանց, ովքեր պատսպարում էին քեզ իրենց վրաններում, մատնում էիր՝ դեռ լույսը չբացված: Թշնամուդ, որ խնա­յում էր քեզ, որոգայթն էիր գցում, և քեզ հետ քայլող բարեկամիդ շահով վաճառում էիր: Ովքեր քեզ Սեր էին բերում, փոխարենը միշտ Կիրք էին ստանում քեզնից»:
Եվ Մարդը պատասխան տալով ասաց. «Իրոք այդպես էի անում»:
Եվ փակեց Աստված Մարդու Կյանքի Գիրքը և ասաց. «Անկասկած, Դժոխք եմ քեզ ուղարկելու: Հիրավի, Դժոխք եմ ուղարկելու քեզ»:
Եվ գոչեց Մարդը. «Չե՛ս կարող»:
Եվ ասաց Աստված Մարդուն. «Ինչո՞ւ չեմ կարող քեզ Դժոխք ուղարկել, և ի՞նչ պատճառով»:
«Որովհետև Դժոխքո՛ւմ եմ մշտապես ապրել»,- պատասխանեց Մարդը:
Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը:
Եվ տևական ժամանակ անց խոսեց Աստված և ասաց Մարդուն. «Քանի որ քեզ Դժոխք չեմ ուղարկելու, հարկավ Դրախտ պիտի ուղարկեմ: Հիրավի, Դրախտ եմ ուղարկելու քեզ»:
Եվ գոչեց Մարդը. «Չե՛ս կարող»:
Եվ ասաց Աստված Մարդուն. Ինչո՞ւ չեմ կարող քեզ Դրախտ ուղարկել, և ի՞նչ պատճառով»:
«Որովհետև երբեք և ոչ մի տեղ՝ ես չեմ կարողացել պատկերացնել դա»,- պատասխանեց Մարդը:
Եվ լռություն տիրեց Դատաստանի Տանը:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Сообщение hasmikhasmik » 19 окт 2011, 13:31

:18: :76:
Аватара пользователя
hasmikhasmik
Частый гость
Частый гость

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼԴ

Сообщение ghazaryan hasmik » 23 июн 2013, 21:53

Արձակ բանաստեղծություններում Օսկար Ուայլդը սարսռեցնող է։ Հետաքրքիր է՝ ո՞վ է թարգմանիչը։
Аватара пользователя
ghazaryan hasmik
Гость
Гость



Вернуться в Թարգմանություններ



Активность

Сейчас этот форум просматривают: CCBot и гости: 0